
Հոդվածը կարող եք լսել Ձայնագիր
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի աղջիկների կրտսեր խմբի սենյակում, նույն մահճակալում, երկու փոքրիկ է պառկած։ Միայն երբեմն վեր են բարձրացնում անփութորեն սափրած փոքրիկ գլուխներն ու վախվորած նայում շուրջբոլորը։ Նախորդ օրը՝ երեկոյան, երբ հայտնվեցին հաստատությունում, նրանց անգամ չհարցրեցին իրենց անունները․ գլուխները սափրեցին՝ ինչպես պատահի և միայն լոգանքի ժամանակ պարզեցին՝ երկուսն էլ տղա են։ Բայց տղաների խմբում այլևս ազատ մահճակալ չկար, այդ պատճառով էլ տեղավորվեցին աղջիկների հետ՝ նույն սենյակում։
«Ընդհանուր» կենցաղին երեխաները ստիպված կլինեն սովորել․ այստեղ 14 հոգու համար ընդամենը 6 բաժակ կա, իսկ սանհանգույցների դռները չեն կողպվում։
Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը համարվում է միջանկյալ օղակ, ճգնաժամային կենտրոն ու նախատեսված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար, ովքեր հաստատությունում մնում են ընդամենը մի քանի ամիս, որից հետո կա՛մ վերադառնում են ընտանիք, կամ տեղափոխվում այլ հաստատություն։ «Զատիկում» ապրող երեխաներն առնչվել են ֆիզիկական, հոգեբանական ու սեռական բռնության, ունեցել են ինքնավնասման ու ինքնասպանության մտքեր, տագնապ ու անպաշտպան լինելու գիտակցում։
Սրանք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խմբի բացահայտումներն են, որոնք ամրագրվել են հրատապ զեկույցում՝ 2023-ի մարտի 29-ին հաստատություն նրանց չհայտարարված այցի հիման վրա։
Խնամքի հաստատությունների դիտորդական խմբի անդամներն իրենց փորձով գիտեն՝ դրանցում լավ կյանքի ականատես դժվար թե դառնան, բայց, միևնույն է, խոստովանում են՝ այն, ինչ տեսան Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում, ամենածանրն էր։
«Օրը 24 ժամ կռիվ են անում տղաներն ու աղջիկները։ Ստեղի մասնագետները հազիվ գան կոֆե խմեն, հետ գնան։ Ոչ մեկի հետ չենք ուզում խոսել։ Ստեղ սաղ երեխեքն էլ գիտեն, եթե խնդիր են ունենում, իրենց ոչ ոք չի օգնում։ Ստեղ էն իրավիճակի են հասցնում երեխեքին, որ ուզում են ինքնասպան լինեն, իրենց վնասեն։ Եթե չեն ուզում ինքնասպան լինել, հաստատությունից փախնում են՝ ընկնում քաղմաս»,- ըստ զեկույցի՝ պատմել է խնամյալներից մեկը։
Այն մասին, թե ինչ է կատարվում հաստատության կապույտ ճաղերից այն կողմ, պատմել են թե՛ երեխաները, թե՛ կենտրոնի աշխատակիցները, յուրաքանչյուրը՝ իր մեկնությամբ։ Երեխաներից ոմանք խոստովանել են, որ վախենում են խոսել իրավիճակի մասին, սակայն երեխաների ապրումներն արձանագրված են նրանցից շատերի դաստակներին առկա երկար ու անգույն սպիերի վրա։
«Եթե երեխաներին չվախեցնեն, ամեն մի երեխա՝ նույնիսկ ամենափոքրը, էնքան բան կարող է պատմել»,- դիտորդական խմբի հրատապ զեկույցի համաձայն՝ ասել է երեխաներից մեկը։
Իսկ, օրինակ, դաստակին քերծվածքներ անելը, փոքր վնասվածքների դեպքում վիրակապելը, աշխատակիցները դիտարկել են «ուշադրություն գրավելու միջոց»։ Իսկ երեխաները շարունակում են «քերծել» դեռ չսպիացած, բարակ դաստակները։
«Կապտացնելով» բռնության սահմանները
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ, դիտորդական խմբի անդամ Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ խումբն արձանագրել է, որ երեխաներին շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերից պաշտպանելու ուղղությամբ ճգնաժամային կենտրոնում ձեռնարկված քայլերը համակարգված և բավարար չեն։ Այցի ընթացքում դիտորդները տեղեկություններ են ստացել ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության վերաբերյալ։
Կենտրոնի աղջիկները պատմել են ազատված պահակի կողմից ծեծի ենթարկվելու մասին։ Հովսեփյանը մտահոգիչ է համարում նաև այս դեպքը, երբ պահակին աշխատանքից ազատելու մասին տնօրենի որոշման մեջ որպես հիմնավորում նշվում է «երեխաների հետ վատ պահելը», մինչդեռ, ըստ Հովսեփյանի, հնարավոր վատ վերաբերմունքի համար աշխատանքից ազատումը բավարար միջոց չէ իրավական տեսանկյունից, և անհրաժեշտ է գնահատել՝ արդյոք տնօրենի կողմից ձեռնարկվե՞լ են այլ միջոցներ, այդ թվում՝ ոստիկանություն հաղորդում ներկայացնելը։
Որոշ աղջիկներ նշել են, որ կենտրոնում իրենց ապահով չեն զգում, բռնության են ենթարկվել կամ ենթարկվում նաև որոշ դայակների, բուժքրոջ, ինչպես նաև տղաների կողմից։ Որոշ տղաներ, ովքեր առանձնահատուկ իշխանություն ունեն մյուսների վրա, ըստ զրույցների, ֆիզիկական և հոգեբանական բռնություն են գործադրում ոչ միայն աղջիկների, այլև տղաների, և հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: Տղաների խմբում դիտորդները նկատել են կապտուկներով, վնասվածքներով և կոտրվածքով երեխաների։
«Տղաներից մեկը պատմել է նաև, որ ավելի մեծ տարիքի մի տղա սեռական բռնության է ենթարկել իրենից փոքր, մտավոր խնդիր ունեցող երեխայի, ինչին ինքը, իբր, ականատես չի եղել, պարզապես իրեն պատմել են»,- ասում է Հովսեփյանը:
Դիտորդների հետ անձնական զրույցներում տղաներն ասել են, որ որևէ մեկի հետ չեն կարող կիսվել բռնության դեպքերի մասին, քանի որ կնշանակի «գործ տվող են»։ Այդ պատճառով էլ «մնացել ենք միայն մեր հույսին»։
Այն, ինչ ստանում են աղջիկները
Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ կենտրոնում խախտվում է խնամք ստացող դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման իրավունքը։
«Մտահոգիչ է նաև աղջիկների շրջանում հիգիենայի միջոցների սղությունը, ինչի մասին երեխաները բարձրաձայնել էին: Դաշտանի օրերին նրանց օրական ընդամենը մեկ միջադիր էր տրամադրվել և մեկ սափրիչ, որից միաժամանակ բոլորը պետք է օգտվեին, ինչն անընդունելի է և չի բխում երեխաների առողջության իրավունքից»,– ասում է Հովսեփյանը։
Դեռահասներն իրազեկ չեն սեռական հասունացման, սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերին, չունեն բավարար գիտելիքներ սեռավարակների կանխարգելման միջոցների մասին։ Նրանք չեն ստանում մեկուսի և բարյացակամ խորհրդատվություն սեռական հասունացման, սեռական առողջության հարցերի վերաբերյալ։
Երեխաների հետ զրուցելու փոխարեն՝ աշխատողների մի մասն ուղղակի կրկնել են, թե երեխաներն իրենցից ամեն բան ավելի լավ գիտեն ու ամեն բանից տեղյակ են՝ նկատի ունենալով կենտրոնում հայտնված անչափահաս հղի աղջկան, որը, ըստ աշխատակիցների, «շատ վատ օրինակ է մյուսների համար»։ Թե երբ և ինչ պայմաններում է դեռահաս աղջիկը «վատ օրինակ» դարձել, տեղյակ չեն ո՛չ աշխատակիցները, ո՛չ կենտրոնի տնօրինությունը, միայն նշել են, թե հղիացել է փախուստի ժամանակ (տանից կամ հատուկ կրթահամալիրից)՝ հավելելով, թե աղջիկը մտավոր հետամնաց է, սեքս ծառայություններ է տրամադրում։
Միակ բանը, որ հաստատ է աշխատակիցների համար՝ իրենց կենտրոնում աղջկա գտնվելու անկարելիությունն է։
Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ դեռահաս աղջկա հղիության պահպանման կամ հղիության հնարավոր ընդհատման մասին հարցին ի պատասխան տնօրենը և աշխատողները նշել են, թե «նախարարությունից ասում են՝ պետք ա բերի, իրավունք չկա ընդհատելու»։
«Երեխայի մայրը տեղյակ չէ աղջկա հղի լինելու մասին։ Անհրաժեշտ է բազմակողմանի ուսումնասիրել, թե ում կողմից, ինչ եզրակացությունների հիման վրա են կայացվել դեռահասի վերարտադրողական առողջության մասին որոշումները։ Տվյալներ են ստացվել նաև, որ աղջիկը սկզբնական փուլում չի ցանկացել պահպանել հղիությունը»,- ասում է Հովսեփյանը՝ հավելելով, որ երեխաների հարաբերություններն աղջկա հետ բավականին լարված են, նա ծանր հոգեվիճակում է, ենթարկվում է ծաղրի ու վիրավորանքի։
Հաստատությունում արձագանքում են՝ «սրանց հետ ապարդյուն է, սրանց վերջը Գավառն է»՝ նկատի ունենալով, որ կենտրոնից հետո երեխաներն ընտանիք վերադառնալու փոխարեն կտեղափոխվեն Գավառի մանկատուն։ Իսկ Գավառի մանկատանը, ըստ ներքին գործերի նախարարության ոստիկանության տվյալների՝ 18-ամյա սանը շուրջ 6 ամիս սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել 15-ամյա աղջիկներից մեկի նկատմամբ։
Պատկերն ամբողջությամբ
Դիտորդների այցից հետո Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում տեղի ունեցող սարսափելի իրողություններին անդրադարձավ նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ ըստ էության հաստատելով խմբի կողմից արձանագրված խախտումները։
Սա հասարակական կազմակերպությունների և ՄԻՊ գրասենյակի կողմից խնամքի հաստատություններում, որտեղ հիմնական շահառուները հաշմանդամություն ունեցող անձինք են, մարդու իրավունքների խախտումների արձանագրման առաջին դեպքը չէր․ հավանաբար՝ ոչ էլ վերջինը։
Միայն 2023-ին դիտորդներն արձանագրել են մի շարք խնդրահարույց դեպքեր նաև Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում։
Հայաստանի ամենամեծ խնամքի հաստատությունում՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամյալների խոշտանգման, շահագործման և կոռուպցիայի դեպքերը հայտնվեցին նաև իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ոստիկանները պարզել էին, որ հիվանդներից մեկը հաստատության տնօրենի խոզանոցում մաքրման աշխատանքներ է կատարել, մյուս հիվանդներն աշխատանքներ են կատարել տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկել է խոշտանգման և հանձնարարել, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը:
Դիտորդները փաստում են՝ ի թիվս այլ խնդիրների, խնամքի հաստատություններում ավելացել է նաև ինքնավնասման և ինքնասպանությունների թիվը։ Միայն Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում վերջին մեկ տարվա ընթացքում ինքնասպանության 3 դեպք է գրանցվել։
Պետությունը, որ պարտավոր է
Հայաստանը, վավերացնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, պարտավորվել է երաշխավորել հաստատություններում գտնվող անձանց խոշտանգումներից, դաժան, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքից, պատժից ու շահագործումից զերծ լինելու իրավունքը։
«Կոնվենցիայի այս դրույթները պետք է լինեն ելակետային՝ բոլոր այստեսակ քննարկումների համար։ Մարդու մեկուսացումը, իր տարրական իրավունքներից զրկումը չի նպաստում նրան, որ անձի վիճակը բարելավվի։ Միայն հակառակը»,- ասում է Մուշեղ Հովսեփյանը՝ նշելով, թե հիմնական խնդիրն այն է, որ ոչ միայն առաջընթաց չկա՝ հաստատություններում նման դեպքերը նվազեցնելու ուղղությամբ, այլև՝ որոշակի հետընթաց է նկատվում,- Խոսքը ոչ միայն բռնության դեպքերի մասին է, այլև պետության կողմից քաղաքականությունների մշակման և կիրառման»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանը փաստում է՝ հատկապես փակ հաստատություններում բռնության և մարդու իրավունքների խախտման վտանգները չափազանց բարձր են, քանի որ դեպքերի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալը գրեթե անհնար է։
«2007-ից մենք մշտադիտարկումներ ենք իրականացնում խնամքի հաստատություններում և անընդհատ բարձրաձայնում ենք խնամյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի և բռնության մասին։ Որոշ դեպքերում մենք ինքներս ենք բռնության ականատես եղել։ Նման դեպքերի կանխարգելման և բացառման ուղղությամբ մեր հիմնական առաջարկը մշտապես եղել է ապաինստիտուցիոնալացումը։ Հաստատությունը՝ անկախ պայմաններից կամ աշխատակազմի արհեստավարժությունից, այն տեղը չէ, որտեղ մարդը կարող է իր կյանքի վերաբերյալ տարրական որոշումներ կայացնել»,- ասում է Թեմուրյանը։
Ըստ նրա՝ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության լիակատար ապահովումը գործնականում անհնար է։ Պետության խնդիրը պետք է լինի համակարգային բարեփոխումների գնալը։
Իսկ պետությունն ամրացնում է․․․ հաստատությունները
Դեռ 2017-ին Human Rights Watch կազմակերպությունը «Հայաստանը պետք է երեխաներին վեր դասի մանկատներից» վերտառությամբ զեկույցում նշել էր ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային լուծումներ գտնելու անհրաժեշտության մասին։
Այդ նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական օժանդակությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է կառավարությանը մի ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ավելի քան 4 տարվա ընթացքում ողջ երկրի տարածքում 50 տոկոսով նվազեցնել երեխաների թիվը հաստատություններում և 22 հաստատություն, այդ թվում մանկատներ, հատուկ դպրոցներ և գիշերօթիկ դպրոցներ, վերափոխել համայնքահեն ծառայությունների կենտրոնների։
Երեխայի իրավունքների պաշտպանության կառավարության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրով կառավարությունն ավելի հեռու էր գնում՝ նշելով, որ «հաստատություններում գտնվող երեխաների ավելի քան 70 տոկոսը կտեղափոխվեն ընտանիքներ» մինչև ծրագրի ավարտը՝ 2021-ին։
Սակայն 2022-ի դրությամբ, պետական հաստատություններում բնակվող շուրջ 700 երեխաներից խնամատար 68 ընտանիքներում խնամք է ստանում ընդամենը 107 երեխա։
Տետեք նաեւ
Պատվաստվելու անձնական որոշո՞ւմ, թե՞ հանրային պատասխանատվություն
Մասնագետներն ահազանգում են, որ ցանկացած կառավարելի վարակ կարող է կրկին գլուխ բարձրացնել, եթե չապահովվի պատվաստումների ժամանակին իրականացումը և բարձր ընդգրկվածությունը։ Ի՞նչ պատվաստումներ են ընդգրկված հայաստանյան ազգային օրացույցում, ինչպե՞ս է երկիրն իրականացնում պատվաստումային գործընթացն ու դիմագրավում հակապատվաստումային արշավների ազդեցությանը։
Read moreՄանկական մահացության նվազող, բայց մտահոգիչ ցուցանիշները
Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և կյանքի որակի հիմնական բնութագրիչներից համարվող 0-4 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը Հայաստանում թեև վերջին տասը տարիների ընթացքում նվազել է, սակայն դեռևս ընդհանուր մահերի շուրջ 1 տոկոսն է կազմում։
Read moreԴու ես քո գլխի տերը․ միայնակ հիվանդները Հայաստանում
Միայնակ կամ խնամող չունեցող հիվանդները Հայաստանում դժվար կացության առաջ են կանգնում, սակայն խնդիրների լուծումը, կարծես, հապաղում է։
Read moreԲուլլինգը դպրոցում. հարաբերությունների արանքում
Հայաստանում դպրոցական բուլլինգը շարունակում է անտեսված խնդիր մնալ։ Վիճակագրություն այն մասին, թե քանի երեխա է յուրաքանչյուր տարի բռնության կամ հետապնդման ենթարկվում ուսումնական հաստատություններում, չկա, սակայն դա չի նշանակում, թե խնդիր էլ չկա։
Read moreԸնտանեկան բռնություն․ դեռ օրակարգում
Ընտանեկան բռնության, անդառնալի կորուստների ու իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերի հայաստանյան պատկերը։
Read moreԵրբ ախտորոշվել է վարակ․ խտրականություն ամենուր
Հայաստանում վարակիչ հիվանդություններ ունեցողները ինչպես բժշկական օգնություն ստանալիս, այնպես էլ սոցիալական միջավայրում դեռևս հանդիպում են խտրական վերաբերմունքի։
Read moreԱնցանկալիները․ ինչո՞ւ է Հայաստանում աբորտը մնում ընտանիքի պլանավորման հիմնական ձևը
Հղիության արհեստական ընդհատման հարցը շարունակում է արդիական մնալ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հոդվածը ներկայացնում է հայաստանյան պատկերն ու ընդհատումից բխող խնդիրները։
Read more«Ցավդ տանեմ…»․ համապարփակ պալիատիվ խնամք
Երբ բժշկությունն արդեն անզոր է, և օրգանիզմը չի արձագանքում բուժմանը, օգնության է հասնում պալիատիվ խնամքի կենտրոնը: Հոդվածն անդրադառնում է, թե ինչպես է Հայաստանում գործում այս ծառայությունը, ինչ խնդիրների է բախվում ու ինչ տեսլական ունի։
Read more