Հյուսելով հաղթանակներ

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։

Հուզված սպասումով, թեժ պայքարով ու բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով պատվո դափնիների արժանացած հայ մարզիկներն անգամ ամենադժվար ու հիասթափություններով լի պահերին կարողացել են փոքր-ինչ շեղել, ուրախացնել ու հույս ներշնչել հայ հասարակությանը։ 

Այդպես էր 1992-ին, երբ Բարսելոնայում անցկացվող Օլիմպիական 25-րդ խաղերին պատերազմող Հայաստանից մասնակցող ըմբիշ Մնացական Իսկանդարյանը, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանն արժանացան չեմպիոնի տիտղոսի։ Այդպես էր 2016-ին, երբ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո օգոստոսին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ Օլիմպիական խաղերում ըմբիշ Արթուր Ալեքսանյանը վաստակեց չեմպիոնի կոչում ու 20 տարվա դադարից հետո Հայաստանին կրկին պարգևեց օլիմպիական չեմպիոն։ Ալեքսանյանն իր հաղթանակը նվիրել էր սահմանին կանգնած զինվորին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին, որոնցից Ռոբերտ Աբաջյանի պատկերով շապիկ էր կրում այդ օրերին։ 2020-ի Արցախյան պատերազմից հետո՝ դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը, թերևս, ամենաբարդն էր հայ մարզիկների համար, որտեղ նրանք կրկին գրանցեցին հաղթանակներ ու այդքան կորուստներից հետո ուրախության պահեր պարգևեցին հայրենակիցներին։

Հայ մարզիկների սպորտային առաջին հաջողությունների մասին ներկայացրել են դեռևս հայ մատենագիրները, ըստ որոնց՝ առաջին հայն օլիմպիական մրցումներում իր ուժերը չափել է դեռևս 281 թվականին, երբ 265-րդ Օլիմպիական խաղերին մասնակցող Արշակունիների արքայատոհմից Տրդատը, որը 287-ից պետք է հայոց արքա օծվեր, հաղթելով ըմբշամարտի մրցումներում դարձել է չեմպիոն։ Իսկ 385-ին կայացած 291-րդ խաղերում բռնցքամարտից օլիմպիական ոսկուն տիրացել է Վարազդատ Արշակունի թագավորը։

Հայկական սպորտի նորագույն ժամանակի զարգացումը սկսվել է 1920-ականներից, իսկ արդեն 1946-ից հայ մարզիկները հնարավորություն ստանալով մասնակցել միջազգային մրցումների՝ պարբերական հաջողություններ են գրանցում։ 1952-ին, երբ Խորհրդային Միությունն առաջին անգամ մասնակցում էր Հելսինկիում անցկացվող Օլիմպիական խաղերին, սպորտային մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը, վաստակելով Օլիմպիական խաղերի բարձրագույն տիտղոսը, դարձավ հայ մարզիկների ժամանակակից Օլիմպիական խաղերի չեմպիոնության ելակետը, որից հետո Հայաստանն ունեցավ ևս 13 չեմպիոն (4-ն ըմբշամարտից, 3-ական ծանրամարտից, 2-ը սպորտային մարմնամարզությունից և 1-ական հրաձգությունից, բռնցքամարտից, ժամանակակից հնգամարտից ու աթլետիկա սկավառականետումից)։

Շահինյանը, արդեն 1954-ին, բացեց նաև աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալու հայաստանյան մարզիկների պատմությունը, որն առայժմ ամփոփվում է 50 անուններով (13-ն ըմբշամարտից, 10-ը սամբոյից, 8-ը ծանրամարտից, 6-ը շախմատից, 3-ական սպորտային մարմնամարզությունից և հրաձգությունից, 2-ական բռնցքամարտից ու սուսերամարտից, 1-ական ժամանակակից հնգամարտից, ուշուից, հեծանվասպորտից): 

Եվրոպայի չեմպիոնության մեկնարկը տրվել էր ավելի վաղ՝ 1947-ին, երբ ծանրորդ Իվան Ազդարովը, որը 1944-ից 5 անգամ դառնալով ԽՍՀՄ առաջնությունների մրցանակակիր, 1947-ին Հելսինկիում անցկացված Եվրոպայի առաջնությանը նվաճեց նաև այս մրցման բարձրագույն տիտղոսը։ Այսօր արդեն Եվրոպայի առաջնություններում Հայաստանն ունի 102 չեմպիոն։ Այստեղ ևս առաջամարտիկ մարզիկների գերակշռող մասը՝ 24-ը, ըմբիշներն են։

Այսօր Հայաստանը, ըստ համաշխարհային սպորտի Worldsportranking ամենամյա վարկանիշային աղյուսակի, աշխարհի 206 պետություններից 106-րդ տեղն է զբաղեցնում։

Ու չնայած նախորդ դարում հայաստանյան տիտղոսակիր մարզիկների ոլորտները բազմազան էին, սակայն վերջին տասնամյակներին դրանք մնացել են հիմնականում ըմբշամարտի, ծանրամարտի, սամբոյի տիրույթում։ 

 

Դոմինոյի սկզբունքը

Մարտարվեստի հնագույն տեսակներից, Հայաստանում հենակետային մարզաձևերից համարվող ըմբշամարտը հայերի շրջանում տարածված կոխ մարզաձևն է հիշեցնում, որի մրցույթները, սովորաբար, ուղեկցվում էին հայկական ժողովրդական երգերով, իսկ մինչև մարտի սկիզբը բոլորը պարում էին հայկական ժողովրդական պարեր։

Հակառակորդին հավասարակշռությունից դուրս բերելու և գորգին սեղմելու նպատակ ունեցող այս գոտեմարտի համար այսօր արդեն առանձնացվում են երկու՝ հունահռոմեական և ազատ ոճի տեսակներ։ Ի տարբերություն ազատ ոճի, հունահռոմեական կամ դասական ըմբշամարտում պայքարն իրականացվում է տարբեր հնարքների օգնությամբ, որոնք կիրառվում են միայն գոտկատեղից բարձր, արգելված են տեխնիկական գործողությունները ոտքերով։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ասում է, որ այսօր Հայաստանում ավելի քան 9000 մարզիկ է զբաղվում այս մարզաձևով, որոնցից կանայք՝ հատուկենտ են։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում, ավանդաբար, ըմբշամարտով հետաքրքրվողներն ամենամեծ թիվն են կազմում։ 

«Թեև ըմբշամարտը բարդ սպորտաձև է, սակայն դրա մարզումները սկսելը հեշտ է, շատ պահանջներ չունի. լող չէ, ֆուտբոլ չէ, թենիս չէ, որ պայմանները չբավարարեն,- ասում է Բաղդադյանը՝ նշելով, որ ըմբշամարտը տարածված է ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում։ Բաղդադյանն ասում է, որ 1995, 1997 ու 1998 թվականների աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գևորգյանը Արտաշատից է, նրա հաղթանակներից հետո այս քաղաքում մարզաձևով զբաղվել ցանկացողների թիվն ավելացել է, նույնը Գյումրիում է եղել, երբ տեղացի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը 2010-ից մեկը մյուսի հետևից հռչակվեց տարբեր առաջնությունների՝ ընդհուպ մինչև օլիմպիական չեմպիոն,- Լինում է, երբ զանգում են երեխաներին ընդունելու համար ու անգամ չեն իմանում՝ ազատ, թե հունահռոմեական ոճն են նախընտրում, ասում են՝ Արթուրի սպորտն ենք ուզում»։ 

2021-ի աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի փոխչեմպիոն, 2020-ի Աշխարհի անհատական գավաթի արծաթե դափնեկիր Մալխաս Ամոյանի մարզական ուղին ևս սկսվել է ըմբիշ հորեղբայրների՝ 2006 և 2011 թվականների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացած Ռոման Ամոյանի ու մարզիչ Ազատ Ամոյանի հետքերով։ 

«Հենց նրանց հետևելով ես էլ սիրեցի այս մարզաձևը և արդեն 6 տարեկանից սկսեցի հաճախել մարզումներին ու առ այսօր իմ առօրյան մարզումներով է անցնում,- ասում է 24-ամյա մարզիկը՝ հավելելով, որ սպորտում ունեցած հաջողությունները շատ հաճախ են վարակիչ դառնում ու այլոց էլ ոգևորում,- Այսօր մեր կողքին ունենք օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, պատկերացնո՞ւմ եք ինչքան երեխաներ՝ նայելով նրան, կոգևորվեն ու կցանկանան զբաղվել ըմբշամարտով։ Նման հաղթանակներն են նաև նպաստում սպորտի զարգացմանը»։

Ամոյանն ասում է, որ թեև ըմբշամարտը համարվում է բարդ մարզաձևերից մեկը, լինում են թե՛ պարտություններ, որոնք շատ ծանր ես տանում, թե՛ վնասվածքներ, սակայն այդ դժվարություններն իրեն էլ ավելի ուժեղ են դարձրել ու առաջ են մղել.

«Շատ մեծ պատիվ է ամեն անգամ Հայաստանի դրոշը բարձրացնելը, իհարկե, ամեն հաղթանակից հետո պատասխանատվությունս ավելի է մեծանում։ Հաղթանակի պահին ոչ միշտ ես հասկանում, թե ինչ կատարվեց, միայն հայրենիք վերադառնալով ու հասարակության վերաբերմունքը տեսնելով ես ընկալում արածիդ կարևորությունը և ուրախությունդ կրկնապատկվում է»։

Ու անգամ ամենադժվար ժամանակահատվածում՝ 2020-ի Արցախյան պատերազմից հետո էլ կորուստների հետևանքով ծանր հոգեբանական վիճակում գտնվող մարզիկին կրկին սպորտն է օգնել հաղթահարել ապրումներն ու իր հաղթանակով ոգևորել նաև հայրենակիցներին։

«2020-ին՝ պատերազմից շուրջ մեկ ամիս անց, մասնակցելով աշխարհի գավաթի առաջնությանը, երկրորդ տեղը գրավեցի, ինչը շատ բարդ տրվեց։ Մարզումներն անցկացվում էին պատերազմին զուգահեռ ու շատ դժվար էր կենտրոնանալը, լինում էր, որ պարզապես չէինք կարողանում մարզվել»,- ասում է Ամոյանը։

Նույն առաջնության փոխչեմպիոն Արսեն Հարությունյանը ևս հիշում է, որ ամենաբարդը հենց այդ մրցումներն էին։ Նա մասնակցել էր պատերազմին, հետ վերադարձել ու իր և մարզիչի ջանքերի շնորհիվ ընդամենը մի քանի մարզումներով վերականգնվել ու գնացել էր կարևոր մրցաշարին։

«Երբ հայկական սպորտում ունենում ենք հաջողություններ, դրանք վարակիչ են լինում նաև մյուսների համար, շատերն են ոգևորվում ու իրենց երեխաներին բերում սպորտով զբաղվելու,- ասում է այսօր արդեն Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի եռակի չեմպիոն Հարությունյանը՝ նշելով, որ ինքն էլ իր ներկայությամբ է փորձում ոգևորել մարզիկների կրտսեր սերնդին,- Միշտ հիշում եմ, որ դիտում էի Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերն ու շատ ոգեշնչվում դրանցից։ Հիմա շատ երեխաների հետ եմ շփվում, ու ինձ համար առաջին խնդիրներից մեկն է իմ ներկայությամբ երեխաներին վարակել սպորտով զբաղվելու ցանկությամբ ու փորձում եմ օգնել՝ իրենց երազանքներին հասնելու ճանապարհին»։

Արարատի մարզի Մասիս քաղաքում բնակվող 23-ամյա մարզիկը 11 տարեկանից ուսանում է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, որտեղ հիմա էլ հաճախ է լինում ու իր ներկայությամբ ուրախացնում այստեղ կրթություն ստացող սաներին, որոնք ամեն անգամ Հարությունյանին տեսնելիս իրար են շշնջում՝ «չեմպիոնն է»։

«Հաղթանակի հասնելու համար պետք է կարողանալ համբերատար, աշխատասեր լինել, տուրք չտալ զգացմունքներին, ամեն բան լինում է իր ժամանակին, պարզապես պետք է չթերանալ։ Հենց փոքրուց է պետք գծել ուղին ու հստակ իմանալ, թե ինչ ես ուզում սպորտից»,- ասում է Հարությունյանը։

 

Տեսլականը

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզիչ, «Սուրբ Տրդատ Մեծ» ըմբշամարտի ակումբի համահիմնադիր Վարդան Հարոյանն այս մարզաձևն ընտրել է մարզիչ հորեղբորից ոգեշնչված։ 8 տարեկանից՝ 1992-ից, սկսել է մարզվել։

«Երկիրը պատերազմի մեջ էր, լույս չկար, ոչ մի պայման չկար։ Ձմռանը պարապում էինք կոտրված պատուհաններով դահլիճներում, որտեղ սառույցներ էին կախված, լոգանք էինք ընդունում սառը ջրով, չորս հատ շալվար էինք հագնում, որ մի քիչ տաքանայինք։ Որակյալ ըմբիշ լինելու հնարավորությունները շատ սուղ էին, առաջնությունների գնալու ֆինանս չէր լինում շատ հաճախ»,- հիշում է Հարոյանը՝ միաժամանակ հպարտանալով, որ անգամ նման պայմաններում կարողանում էին չեմպիոններ կոփվել։

Մինչդեռ ներկայումս, մարզիչը ցավով խոստովանում է, որ սպորտի հանդեպ երեխաների հետաքրքրվածությունն այնքան էլ մեծ չէ ու տարեց տարի պակասում է, ինչը լուրջ մարտահրավեր է համարում։ Այս խնդիրը նաև հաշվի առնելով է 2018-ին համահիմնադրել ըմբշամարտի ակումբ՝ ընտրելով Շենգավիթ համայնքը, որտեղ այս մարզաձևն ուսուցանող հաստատություն չի եղել։ Ամբողջությամբ անվճար գործող այս դպրոցում 7 տարեկանից երեխաներին ծանոթացնում են մարզաձևին, անում են ամեն բան, որ երեխան սիրի մարզադահլիճը, մարզիչներին, թիմը, որտեղ հայտնվել է, և կամաց-կամաց փորձում են երեխաներին հասցնել մարզական բարձր արդյունքների։

«Երբ սկսում է ամրանալ մարզիչ-երեխա կապը, առաջանում է մարզիչի հանձնարարությունը կատարելու պարտավորվածությունը, սկսվում է սպորտային կյանքը, որտեղ արդյունքի հասնելու համար հարկավոր է նվիրվածություն ու անդադար, անխափան աշխատանք»,- ասում է Հարոյանը՝ նշելով, որ այսօր արդեն իրենց դպրոցի մարզիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի, եղել են բազմաթիվ երկրներում, ինքնուրույնություն, մեծ փորձ ու նոր ընկերներ ձեռք բերել երկրի սահմաններից դուրս։

Հարոյանը հույս է հայտնում, որ վերջին տարիներին միջազգային մրցումներում հայ ըմբշիների գրանցած հաջողությունները շարունակելու են նաև իրենց ակումբի սաները։

Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը վստահեցնում է, որ ըմբշամարտի ապագան ապահովված է ինչպես արդեն այսօր հաջողություններ գրանցած, փորձառու մարզիկների շնորհիվ, այնպես էլ երիտասարդ՝ խոստումնալից հետնորդների։

Այնուամենայնիվ, Բաղդադյանը չի մոռանում նաև ոլորտում առկա խնդիրների մասին՝ նշելով, որ թեև մարզադպրոցների առումով Երևանը բավական հագեցած է, սակայն մարզերում խնդիրը դեռ առկա է, ու եթե գոնե երկու-երեք գյուղերը մեկ մարզադահլիճով հնարավոր լիներ ապահովել, ապա սա ևս մեծ արդյունքների կբերեր։ 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալների համաձայն՝ 2019-ի վերջի դրությամբ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, համայնքների, մարզպետարանների և 4 մարզական հասարակական կազմակերպությունների ենթակայությամբ գործել է 174 մանկապատանեկան մարզադպրոց, որից 60-ը Երևանում, 32-ը Շիրակի, 19-ը Լոռու, 13-ը Կոտայքի, 10-ը Սյունիքի, 9-ը Արմավիրի, 9-ը Գեղարքունիքի, 8-ը Արարատի, 6-ը Արագածոտնի, 5-ը Տավուշի, 3-ը Վայոց Ձորի մարզերում։ Այս դպրոցներում ուսանում է 40․640 մարդ, որոնցից 22․614-ը մարզերում, 18.026-ը Երևանում։

«Էդքան պարտություններից, հիասթափություններից հետո մեր մարզիկների հաղթանակներն են, որ բարձրացնում են մեր հասարակության տրամադրությունը, ոգին, բայց սպորտն այսօր գրեթե չի քարոզվում, սպորտը կարծես միայն ֆուտբոլը լինի, մեր լեգենդները, մեր պատանիների պատմությունները մնում են ստվերում,- նեղսրտում է Բաղդադյանը՝ վերհիշելով ծանր 90-ականները, երբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, մարդիկ շատ ավելի էին զբաղվում սպորտով,- Ազգաբնակչությունն ընդհանուր թուլացել է, փողոցներում ֆուտբոլ, պաղկվոցի խաղացող երեխաներ գրեթե չեք տեսնի, բոլորը հեռախոսներով, նոր տեխնոլոգիաներով են տարված, խաղը չկա, վազելը, ընկնելը չկա, խաղահրապարակ չկա, իսկ առաջ փողոցն էր, դրսերում էինք, շատ էինք խաղում ու դա յուրովի նպաստում էր սպորտի զարգացմանը։ Իսկ հիմա գոնե դպրոցներում ֆիզկուլտուրային պետք է մեծ ուշադրություն դարձնեն»։

Դեռ 2020-ի փետրվարի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե մշակելով Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարությունը, առանձնահատուկ տեղ է տրվել սպորտին․

«Արձանագրելով մեր ազգային և պետական նպատակը՝ մինչև 2050-ը ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ: Իհարկե, շատերին այս նշաձողը թվում է չափազանց բարձր, բայց դա մեզ ոչ թե հուսահատեցնում է, այլ ընդհակառակը, ոգևորում է, որովհետև չեմպիոն լինելու համար կա մի շատ կարևոր նախապայման՝  տրամադրված լինել անել ոչ թե այն, ինչ հնարավոր է, այլ տրամադրված լինել անել այն, ինչ անհնար է»:

Իհարկե, հեշտ չէ սպորտային կյանքի ճանապարհը, շատերը չեն դիմանում ռիթմին, բազմաթիվ վնասվածքներին ու առողջական խնդիրներին, ոմանք որոշում են քաղաքականութամբ զբաղվել, ոմանց տարիներ անց պարզապես մոռանում են, բայց, միևնույնն է, նրանց նվաճումները մնում են երկրի մարզական հաջողություններն ամրագրած ծանրոցում։

Leave A Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Սպորտ

Հայաստանի սպորտային պատմությունը սկսվում է դեռևս մեր թվարկության առաջին դարերից, երբ հայ արքաներն իրենց ուժերը չափում և տիտղոսներ էին վաստակում օլիմպիական բարձրունքում։ 1940-ականների կեսերից ևս, երբ Խորհրդային Միությունը սկսեց մասնակցել միջազգային մրցաշարերի, հայ մարզիկներն աչքի ընկան իրենց հաջողություններով։
Անկախության դժվար ճանապարհին, չնայած բազմաթիվ փորձություններին, հայ մարզիկներին հաջողվեց պահպանել որոշ սպորտաձևերում առաջատար լինելու կարողությունը՝ ծանրամարտում, բռնցքամարտում, ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտերում ու մի քանի այլ ոլորտներում։
EVN Report ամսագրի «Սպորտ» համարն անդրադառնում է Հայաստանի սպորտային պատմության մեջ առանցքային հաջողություններ արձանագրող ոլորտներին ու դերակատարներին։
Approaching the Barbell

Մոտենալով ծանրաձողին

Չնայած ոլորտում առկա խնդիրներին, ծանրամարտը Հայաստանում շարունակում է մնալ հենակետային մարզաձևերից, իսկ հայ ծանրորդները, հաղթահարելով առկա խոչընդոտները, պարբերաբար գրանցում են հաջողություններ։

Read more