
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ:
«Գյուղատնտեսություն… անասնապահություն… վարուցանք…»,- իրար հետ մրցելով ու իրար հերթ չտալով սեղանների շուրջ հավաքվածները, լարելով հիշողությունը, փորձում են «գյուղ» բառին առնչվող խոսքեր ասել՝ բառախաղին լավագույն մասնակցության համար։ Երևանի կենտրոնում գտնվող ընդարձակ սրահի մի անկյունում շաբաթական մեկ օր, երկու ժամով հյուրընկալվում են 60-ից բարձր տարիքի ավելի քան 20 քաղաքացիներ՝ թերապևտիկ խաղերի, ուղեղի և ձեռքերի վարժությունների, առողջ ապրելակերպի մասին կարճ դասընթացների, նոր սոցիալական կապերի ձևավորման շուրջ։
2022-ից իրականացվող «Հիշողության սրճարան» կոչվող նախագիծը «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերից է (իրագործվում են «Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի աջակցությամբ), իրականացվում է Երևանում և Գյումրիում՝ նպաստելով տարեցների սոցիալականացման պահպանմանը, առողջ ծերացման ապահովմանը։ Կազմակերպության հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Օֆելյա Կամավոսյանն ասում է, որ երբ նոր էին մեկնարկում աշխատանքը, գործընկերները թերահավատ էին, թե հետաքրքրվողներ և այցելողներ կլինեն։
«Դժվարն առաջին այցն է, հետո արդեն իրենք են խնդրում գալ,- ասում է Կամավոսյանը՝ նշելով, որ մեկնարկից կարճ ժամանակ անց արդեն ծրագրին մասնակցելու հերթեր են գոյացել,- Այն, որ իրենք հագնվում ու տնից դուրս են գալիս, մի քանի ժամով շփման վայր են ունենում, արդեն իսկ շատերի համար մեծ բան է»։
85-ամյա Վարդուհի Չարվուշյանին ծրագրի մասին հայտնել է դուստրը, միայնակ ապրող կնոջ համար այս հանդիպումները դարձել են շատ կարևոր։
«Ես չեմ սիրում մենություն, ցանկանում եմ ընդամենը շփվել մարդկանց հետ, ինչն ինձ համար ամենակարևորն է։ Մեզ հետ պարապողները լավ մասնագետներ են, հաճելի է նրանց լսելն ու, իհարկե, շատ բան եմ սովորում»,- ասում է շուրջ 40 տարվա մանկավարժ, 20 տարուց ավելի գործազուրկ Չարվուշյանը։
47 տարի մանկապարտեզում դաշնակահար աշխատած 70-ամյա Լաուրա Ղազարյանի համար էլ կենտրոնը դարձել է շփման, ինչպես նաև մասնագիտական կարողությունների դրսևորման լավագույն վայրը. հանդիպումները երբեմն ուղեկցվում են նաև Ղազարյանի դաշնամուրային հնչյուններով։ 2020-ին կորոնավիրուսով հիվանդանալուց հետո երեխաները թույլ չեն տվել շարունակել աշխատել, ինչին, գրեթե ամբողջ կյանքում աշխատած կինը, դժվարությամբ է համակերպվել։
«Արդեն մեկ տարուց ավելի հաճախում եմ այս հանդիպումներին ու անհամբեր սպասում եմ շաբաթվա այս մի օրվան։ Այստեղ շփվում ենք, խաղեր խաղում, մտքի, ձեռքի վարժություններ անում, ես էլ ուրախացնում եմ իմ նվագով ու ինքս էլ եմ ուրախանում, որ շարունակում եմ նվագել»,- ասում է Ղազարյանը։
Երկար տարիներ աշխատելուց հետո կենսաթոշակային տարիքի ավելի հանգիստ վիճակը, քիչ զբաղվածությունն ու սակավ պարտականությունները կարող են հանգեցնել ընկճվածության, մինչդեռ նման հանդիպումներն ու դրանց ընթացքում կիրառվող մոտեցումներով փորձում են նրանց գործունյա պահել։
«Գալիս է մի շրջան, երբ տարեցներն իրենց միայնակ են զգում, փորձում ենք արժևորել իրենց դերը։ Խոսում ենք դեպրեսիաների, սթրեսների մասին, փորձում ենք հայտնաբերել դրանց առաջացման պատճառները, կանխարգելել դրանք, ինչպես նաև տալ ապրելու շարժառիթ,- ասում է նախագծի սոցիալական աշխատող Մարիամ Բադալյանը՝ նշելով, որ տարեցները հասարակության զգալի մասն են կազմում, ուստի առողջ ծերացումը կարևոր է առողջ հասարակություն ունենալու համար,- Այս ամենը ոչ միայն իրենց համար ենք անում, այլ անում ենք նաև մեզ համար, մենք էլ ենք մեծանալու, որ գոնե մենք լինենք առողջ տարեց»։
Հասարակության զգալի մասը
Հայաստանի Հանրապետության «Սոցիալական աջակցության մասին» օրենքը տարեց է համարում 65 տարեկանը լրացած անձանց։ 2022-ին անցկացված մարդահամարի արդյունքների համաձայն՝ Հայաստանում առկա 2.689.438 բնակիչներից 460.165-ը 65-ից ավելի են (65-69 տարեկան են 175.286-ը, 70-74՝ 129.318-ը, 75-79՝ 61.567-ը, 80-84՝ 61.398-ը, 85 և ավելի է 32.596-ը)։ Այսինքն երկրի տարեց բնակչությունը կազմում է 12 տոկոսից ավելին։
Միավորված ազգերի կազմակերպության չափորոշիչների համաձայն՝ 7 տոկոսից բարձր տարեցների թիվ ունեցող երկիրը համարվում է ծերացող: Առհասարակ, ըստ ՄԱԿ-ի՝ բնակչության ծերացումն անդառնալի միտումներից է, ուստի 2021-2030 թվականները հռչակվել է առողջ ծերացման տասնամյակ և ռազմավարական նպատակն ապահովելու համար առանձնացվում է 4 կարևոր ուղղություն՝ բարենպաստ միջավայր տարեց անձանց համար, պայքար տարիքի հիմքով խտրականության դեմ, համալիր, երկարատև խնամք։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ևս ամրագրում է՝ յուրաքանչյուր ոք ունի ծերության սոցիալական ապահովության իրավունք, յուրաքանչյուր տարեց մարդ ունի արժանապատիվ գոյության իրավունք:
2021-ին էլ Հայաստանի կառավարության որոշմամբ հաստատվեց 2021-2023-ին իրագործման «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը», որտեղ նշվում է, թե Հայաստանն իր հիմնական ռեսուրսներն ուղղում էր տարեցների առաջնային՝ սոցիալական ու նյութական կարիքների բավարարմանը՝ ապահովելով կենսաթոշակով, պետական և ոչ պետական կազմակերպությունների կողմից, հիմնականում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին տրամադրելով շուրջօրյա կամ ցերեկային կամ տնային խնամքի ծառայություններ, հատուկ դեպքերում ապահովելով նաև ժամանակավոր կացարանով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2024-ին շուրջօրյա խնամքի համար հատկացվել է ավելի քան 3,3 միլիարդ դրամ՝ 1335 շահառուի համար, այդ թվում՝ դրամաշնորհ ստացող հասարակական կազմակերպությունների համար՝ 321 միլիոն դրամ՝ 210 շահառուի համար։ Տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրելու նպատակով պետության կողմից հատկացվել է շուրջ 250 միլիոն դրամ՝ 1300 շահառուի հաշվարկով։ Դրանում 50 շահառուի մատուցվելու է խնամք միայն կացարանի ապահովման ծառայությամբ՝ պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով՝ 22 միլիոն դրամի շրջանակում, իսկ մնացած գումարը բաշխվել է հասարակական կազմակերպությունների միջև՝ մրցութային դրամաշնորհի միջոցով։ Բացառապես մրցութային դրամաշնորհով են աշխատում նաև այն հասարակական կազմակերպությունները, որոնք մատուցում են տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կամ սոցիալապես անապահով անձանց սննդի կազմակերպման ծառայություններ։ Այդ նպատակով առանձնացվել է 170 միլիոն դրամ՝ 1300 շահառուի համար։
Մինչդեռ տարեցների սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մշակութային, կրթական, իրավական և մի շարք այլ պահանջմունքները գրեթե արձագանք չեն ստանում, հապաղում է նաև ծերաբանության և ծերաբուժության ծառայությունների ներդրման գործնական քայլերի իրականացումը։ Այս բացերը հաշվի առնելով, ընդունված ծրագրով տարեցների պահանջմունքների շրջանակը որոշվել է դիտարկել ավելի «բազմաշերտ և բազմազան»։
«Այս գործընթացում տարեցների համար պետք է ներդրվի և զարգացվի համայնքահեն ծառայությունների լայն շրջանակ, ինչը հնարավորություն կտա ապահովել տարեցների ինքնաիրացումը, մասնակցությունը տարբեր ոլորտներում և մակարդակներում, ներառումը հանրային կյանքին, սոցիալական, ֆիզիկական, մտավոր կարողությունների շարունակական զարգացումը և այլն»,- ասվում է ծրագրի հիմնավորման մեջ՝ շեշտելով, որ երկու հիմնական ուղղություններն են՝ խնամքի կազմակերպումը համայնքահեն ծառայությունների միջոցով և ակտիվ ու առողջ ծերացման խրախուսումը։
Թե որքանով և երբ իրականություն կդառնա այս ծրագիրը, դեռևս շոշափելի չէ, սակայն դրանում ամրագրված դրույթները, թերևս, թույլ են տալիս ենթադրել, որ պետության հայացքը ֆինանսական, սոցիալական խնդիրներ ունեցող տարեցներից զատ կուղղվի նաև մյուսներին։
Առողջապահության նախարարությունը հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ մշակել է դեմենցիայի՝ ծերունական թուլամտության կանխարգելման ազգային պլան ու գործողությունների ծրագիր, որի ներդրմամբ դեմենցիա ունեցողների ընտանիքի անդամներն ու խնամողները կկարողանան վերապատրաստվել, կհամակարգվեն առողջապահական ծառայությունները տարբեր մակարդակներում՝ ապահովելով շահառուների ավելի որակյալ բուժումն ու խնամքը։
Առողջապահության նախարարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանն ասում է, որ, համագործակցելով տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, իրականացնում են բազմաթիվ ծրագրեր՝ փորձելով տարեցների համար բարեկեցության և որակյալ կյանքի նոր հնարավորություններ ստեղծել։ 2023-ին փորձարարական ծրագիր են իրականացրել՝ 60 դպրոցներում անցկացնելով «Ֆիզիկական ակտիվության խմբակ ավագ սերնդի համար» խորագրով նախաձեռնությունը, որի հիման վրա 2024-ի ապրիլից արդեն Երևանի տասը դպրոցներում ամբողջ տարվա ընթացքում, շաբաթական երկու անգամ անվճար կգործեն ֆիզիկական ակտիվության խմբակները, իսկ չորս դպրոցներում կգործեն հիշողության խթանման խմբակները։
Ավագ սերնդի կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակներում ֆիզիկական ու մտավոր վարժանքների հետ առողջ սննդակարգի, ճիշտ շնչառության, տարածված հիվանդությունների կանխարգելման ու վարման մասին քննարկումներ են տարվում, որոնց վերջնանպատակը, ի վերջո, առողջապահական ոլորտում դրական փոփոխություններ արձանագրելն է։
«Կան կազմակերպություններ, որոնք աջակցություն են տրամադրում սոցիալական անապահովության կարգավիճակ ունեցողներին, մինչդեռ մենք մեր խմբակներում փորձում ենք թիրախավորել բոլորին, որպեսզի մյուսներն էլ տեղ ունենան գնալու»,- ասում է Գալստյանը՝ արդեն իսկ արձանագրելով, թե ծրագիրը հանրության կողմից սիրվել է, և հույս է հայտնում, որ այս տարվա հաջողված փորձի հիման վրա կարող են ընդլայնել գործունեությունը, հասնել նաև մարզեր, իսկ արդեն 3-5 տարի հետո մշակութային լուրջ փոփոխություններ ունենալ։
Ըստ Գալստյանի՝ այցելուների երկու ծայրահեղություն ունեն․
«Ոմանք գալիս են, ու պարզվում է, որ ընտանիքն է ստիպում գալ, որովհետև հասկանում են այս միջոցառումների իմաստը, ուզում են, որ իրենց տարեցը ուրախ, առողջ լինի, մինչդեռ ունենք մյուս ծայրահեղությունը, երբ ընտանիքի անդամներն արգելում են՝ նշելով, թե իրենց խայտառակ է անում։ Ստացվում է, որ կա հնարավորությունը, սակայն մշակույթը սահմանափակում է, սա է մեր մարտահրավերը»։
Գալստյանն ասում է, որ դպրոցների հետ համագործակցումը պատահաբար չէ, հաշվի են առել նաև հասարակության կարծրատիպերը, բացի այդ, այսպիսով կխթանվի նաև միջսերնդային կապը։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասում է, որ ծրագիրը դանդաղ են իրականացնում, որպեսզի մշակութային փոփոխությունը հասցնեն զուգահեռ անել և ռեսուրսների վատնում չունենան։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հոգեբան Լիլիթ Ֆրանգյանը նշում է, որ Հայաստանում կարծես նոր են սկսում տարեցների հիմնահարցերին՝ հիշողության կորուստ, դեպրեսիվություն, պարկինսոնիզմ և այլն, ուշադրություն դարձնել։ Ու եթե նախկինում տարեց ունեցողները նրանց վարքագծային փոփոխությունները պարզապես կապում էին տարիքի հետ, հիմա փորձում են հասկանալ դրանց պատճառները, նախապես գտնել խնդիրների առաջացման հնարավորություններն ու կանխել բացասական հետևանքները։ Կազմակերպության հոգեբանի աշխատանքը ներառում է նաև այցելություններ շահառուներին և աշխատանք հենց իրենց բնակավայրում։
«Շատերի համար նորարարություն ու բացահայտում է մասնագիտական տնայցերի մոտեցումը, սակայն դրանք շատ կարևոր են, օգնում են կապի մեջ լինել տարեցների, իրենց ընտանիքների հետ, բացատրել, թե իրենց ընտանիքի տարեց անդամն ինչ խնդիրներ կարող է ունենալ, ինչպես հաղթահարել դրանք,- ասում է հոգեբանը՝ նշելով, որ մի քանի այցերի աշխատանքից հետո մարդիկ կարողանում են ավելի հեշտությամբ շփվել, ամեն այցից նոր կարողություններ են բացահայտվում,- Հանձնարարություններ են տրվում, հաջորդ այցի ժամանակ ստուգում եմ, դա կարող է պարզապես նկարելու առաջադրանք լինի, մաթեմատիկական որևէ աշխատանք, մատների վարժություններ ենք սովորում, որոնք հաջորդ այցի ժամանակ ավելի արագ ու ճկուն պետք է անել: Մենք արթուն ենք պահում ուղեղի համապատասխան կենտրոնները, որոնք իրենց օգնում են կենցաղում շատ հարցեր ինքնուրույն լուծելուն»։
Ունենալ նպատակ
Ըստ Ֆրանգյանի՝ կարևոր է, որ տարեցն իրեն միշտ «պետքական» զգա.
«Եթե մարդը տեսնում է, որ իր համար ամեն բան ավարտված է ու այլևս ոչնչով չի կարողանում օգնել իր հարազատներին, իր «առաքելությունը» կատարված է, կորցնում է ապրելու ցանկությունը, մինչդեռ միշտ պետք է ցույց տանք, որ պետք են նրանք մեզ, կարևոր են մեզ համար»։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահաքյանն ասում է, որ առողջ ծերացման միանշանակ բանաձև գոյություն չունի, քանի որ բոլորը տարբեր են, յուրաքանչյուրի ուղեղը, հանգամանքներն ու կյանքը տարբեր են: Սակայն, հաջող ծերացման հիմնական բաղադրիչներից մեկը նպատակ ու կյանքի իմաստ ունենալն է։
«Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում տարեցները չեն արժևորվում ինչպես հարկն է, ինչը բերում է մեկուսացման, շարժունակության անկման, բայց, իրականում, նրանք մեծ ռեսուրս են,- ասում է Մահաքյանը՝ նշելով, որ սոցիալականացումը, ներգրավվածությունը, ֆիզիկական վարժությունները կարևոր ու դրական ազդեցություն են ունենում տարեցների վրա,- երբ նրանք առավոտյան արթնանում են, պետք է իմանան, թե ինչ են անելու օրվա ընթացքում, դա նշանակում է, որ նրանք պետք է նպատակ ունենան, պետք է իմանան, որ կարևոր անելիքներ ունեն»։
Մահաքյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին առողջապահության նախարարությունն ահռելի աշխատանք է կատարում՝ տարբեր նախաձեռնություններով նպաստելով առողջ ծերացմանը, ինչը հույս է տալիս, որ տարիներ անց Հայաստանում կփոխվի ծերացման պատկերը, մարդկային արժեքի ու ներուժի նկատմամբ վերաբերմունքը։
Մարդ և հասարակություն
Դու ես քո գլխի տերը․ միայնակ հիվանդները Հայաստանում
Միայնակ կամ խնամող չունեցող հիվանդները Հայաստանում դժվար կացության առաջ են կանգնում, սակայն խնդիրների լուծումը, կարծես, հապաղում է։
Read moreԴաշտանադադար. խոսելն «ամոթ» չէ
Կնոջ կյանքի ֆիզիոլոգիական, թերևս, անխուսափելի փուլերից մեկն է դաշտանադադարը, որի մասին հայաստանյան հասարակությունը դեռևս այդքան էլ պատրաստակամ չէ խոսել, դիմել օգնության ու մեղմել այս փուլի երբեմն բավական բարդ ընթացքը:
Read moreԱնցանկալիները․ ինչո՞ւ է Հայաստանում աբորտը մնում ընտանիքի պլանավորման հիմնական ձևը
Հղիության արհեստական ընդհատման հարցը շարունակում է արդիական մնալ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հոդվածը ներկայացնում է հայաստանյան պատկերն ու ընդհատումից բխող խնդիրները։
Read more«Ցավդ տանեմ…»․ համապարփակ պալիատիվ խնամք
Երբ բժշկությունն արդեն անզոր է, և օրգանիզմը չի արձագանքում բուժմանը, օգնության է հասնում պալիատիվ խնամքի կենտրոնը: Հոդվածն անդրադառնում է, թե ինչպես է Հայաստանում գործում այս ծառայությունը, ինչ խնդիրների է բախվում ու ինչ տեսլական ունի։
Read moreՀետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են
Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Read moreՀայաստանը` ժողովրդագրական ճգնաժամում
Ժողովրդագրական վերջին տվյալները գուժում են Հայաստանում ճգնաժամային իրավիճակի մասին։ Ծերացման բարձր ցուցանիշ ունեցող երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով իրականացվում են ծրագրեր, սակայն արդյոք դրանք արդյունավետ են։
Read moreՄեդիա փառատոն
EVN մեդիա փառատոնը «Միրզոյան գրադարան հիմնադրամ»-ի հետ համատեղ, կմիավորի լուսանկարիչներին, խմբագիրներին, պատկերասրահներին և տարբեր մեդիա կազմակերպություններին՝ որպես 2024-ի մեդիա փառատոնի պորտֆոլիոների խորհրդատվության ծրագրի մի մաս:
Անհատական խորհրդատվությունները կօգնեն լուսանկարիչներին արտահայտել իրենց տեսողական ու հաղորդակցման լեզուն։ Խորհրդատվության ներկայացված աշխատանքը, որպես ժամանակավոր ցուցահանդեսի մաս, օրվա ընթացքում հասանելի կլինի նաև հանրային դիտման համար՝ կապելով տաղանդը հնարավորության հետ:
Գրանցվեք այստեղ