EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Հնս 6, 2023

Մանկական մահացության նվազող, բայց մտահոգիչ ցուցանիշները

Հասմիկ Բալեյան


Your browser does not support the
audio element.

Հոդվածը կարող եք լսել ձայնագիր

«Երեխուն միանգամից կորցրինք, չհասկացանք ոնց եղավ, հիվանդանոցից մի շաբաթ էր, ինչ դուրս էր գրվել, ու սենց բան»,- քրոջ 2 ամյա դստեր մահվան մասին է պատմում Նունեն։ Հուզմունքը շատ է, խոսում է կցկտուր, փորձում է մեղավորներ չփնտրել, բայց չի հասկանում նաև, թե ինչպես եղավ, որ վերջին օրերին երեխան առույգ էր, սնվում էր, խաղում, գունատ չէր, սակայն վիճակը կտրուկ վատացավ ու անգամ հիվանդանոց չհասցրին տեղափոխել։

«Դրանից մի շաբաթ առաջ մի քանի օր բուժվել էր հիվանդանոցում, դուրս էին գրել, բայց հազը չէր անցնում։ Քույրս բժշկին ասել էր հազի համար, բժիշկն ասել էր, եթե չի ջերմում, խնդիր չի»,- ասում է կինը՝ հավելելով, թե դիահերձումից պարզվել էր, որ թոքաբորբի հետևանքով 2 թոքերն էլ վնասված են եղել։ 

Ընտանիքի անպատասխան մնացած հարցերը շատ են, ու թեև դեռևս ուժ չեն գտնում իրավիճակն ամբողջական հասկանալու համար, սակայն կարծում են պետք է պարզեն ճշմարտությունը, պատժեն պատասխանատուներին, որ մյուսներն էլ չտուժեն։

«Եթե երեխան այդքան վատ էր, ինչո՞ւ էին դուրս գրել հիվանդանոցից, կամ դուրս գրելուց ռենտգեն չէի՞ն կարող անել, կամ ինչի՞ հազի համար քրոջս նորմալ բան չեն ասել, չգիտեմ»,- ասում է կինը։

Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և կյանքի որակի հիմնական բնութագրիչներից համարվող երեխաների (0-4 տարեկան) մահացության ցուցանիշը Հայաստանում թեև վերջին տասը տարիների ընթացքում նվազել է, սակայն դեռևս ընդհանուր մահերի շուրջ 1 տոկոսն է կազմում։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2011 թվականին ծնվել է 43.340 մարդ, մահացել՝ 27.963-ը, որից 594-ը (ընդհանուր մահերի 2,12 տոկոս)՝ 0-4 տարեկան, նրանցից էլ 507-ը՝ 0-1 տարեկան։ Արդեն տասը տարի անց՝ 2021-ին, ծնվել է 36.623 մարդ, մահացել՝ 34.388, որից 296-ը (ընդհանուր մահերի 0,8 տոկոս)՝ 0-4 տարեկան, նրանցից էլ 253-ը՝ 0-1 տարեկան։ 

Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների համաձայն՝ 2022-ին ծնվել է 36.353 մարդ, մահացել՝ 26.805, որից 274-ը (ընդհանուր մահերի 1,02 տոկոս) 0-4 տարեկան, նրանցից էլ 243-ը՝ 0-1 տարեկան։ 

Հատկանշական է, որ բոլոր թվականներին ավելի շատ տղա երեխաներն են մահացել։

Ինչպես երևում է վիճակագրական տվյալներից, մանկահասակների մահերի մեծ մասը բաժին է ընկնում մինչև 1 տարեկան երեխաներին։ Մանկաբույժ Գայանե Սահակովան ևս ասում է, որ մահացության վտանգն առավել մեծ է նորածնային շրջանում և մինչև 28 օրական երեխաների դեպքում։

Մանկական մահացության կանխարգելմամբ, ըստ մանկաբույժի, հարկավոր է զբաղվել հենց հղիության վարումից․ Սահակովան կարծում է, որ մայրերը պետք է հղիության մասին տեղեկանալուց հետո սահմանված հաճախությամբ այցելեն բժշկի, պետք է կանոնավոր բժշկական հսկողություն լինի հղիի նկատմամբ, իրականացվեն համապատասխան հետազոտություններ։

«Այսինքն՝ հղին միայն իր լավ ինքնազգացողությամբ չպետք է առաջնորդվի։ Եթե անգամ նրա ինքնազգացողությունը նորմալ է, հարկավոր է ճիշտ ժամանակին հաճախի բժշկի, քանի որ կան որոշակի հիվանդություններ, որոնք հնարավոր է կանխարգելել կամ վաղ բացահայտել, եթե ճիշտ ժամանակին, նորմալ հետազոտություններ են անցկացվում և հղիությունը հսկվում է գինեկոլոգի կողմից հղիության ողջ ընթացքում»,- ասում է Սահակովան։

 

Պետությունը

Մանկահասակների մահացության պատճառները տարբեր են․ ըստ վիճակագրական ծառայության՝ Հայաստանում երեխաները հիմնականում մահանում են շուրջծնական (պերինատալ) շրջանում առաջացած առանձին վիճակներից, բնածին անկանոնություններից և ձևախախտումային խանգարումներից, շնչառական օրգանների հիվանդություններից։

Բնածին, ժառանգական հիվանդությունները վաղ ախտորոշելու, ժամանակին բուժելու կամ ախտաբանական վիճակը շտկելու նպատակով Հայաստանում 2005-ից իրականացվում է նորածնային սքրինինգային հետազոտության 6 ծրագիր՝ բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության, անհասության ռետինոպաթիայի սքրինինգ, սրտի բնածին արատների սքրինինգ, կոնքազդրային հոդի դիսպլազիայի սքրինինգ: 

«2023-ին պլանավորվում է ներդնել նոր՝ ադրենոգենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգային ծրագիրը, որի նպատակն է մինչ կլինիկական ախտանիշների դրսևորման շրջանը ադրենոգենիտալ համախտանիշով երեխաների հայտնաբերումը և բուժման ժամանակին կազմակերպումը, ինչը կնպաստի այդ ախտորոշմամբ երեխաների մահացության ռիսկերի նվազեցմանը»,- ասում է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ առողջապահության նախարարությունը մշակում է երեխաների շրջանում առավել հաճախ հանդիպող անհետաձգելի վիճակների վարման գործելակարգեր, ալգորիթմեր, ուղեցույցեր:

Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ մարզերը ևս նրանց ուշադրության կենտրոնում են՝ նշելով, որ մարզերում բնակվող` վերակենդանացման և ինտենսիվ բուժման կարիք ունեցող երեխաներին երրորդ մակարդակի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժումը հասանելի դարձնելու նպատակով իրականացվում է մանկական արագ արձագանքման արտագնա ծառայություն` ցամաքային երթևեկության կամ ավիացիայի միջոցով: 

«Մարզային հիվանդանոցային ծառայությունների (ներառյալ մանկական և նորածինների վերակենդանացման ծառայությունները) արդիականացման ծրագրերն ունեն շարունակական բնույթ և ներկայում նույնպես իրականացվում են»,- ասում է Հակոբյանը՝ վստահեցնելով նաև, որ, առհասարակ, մանկական մահացության դեմ պայքարելու համար մասնագետները պարբերաբար վերազինվում են նոր գիտելիքներով, շարունակաբար իրականացվում են մասնագետների վերապատրաստումներ, որոնց մասնակցում են մարզերի ու Երևանի բժշկական կազմակերպությունների մասնագետները:

Բացի այդ, նորածինների հեմոռագիկ հիվանդության կանխարգելման և մահացության ռիսկերի նվազեցման նպատակով բոլոր նորածինները կյանքի առաջին ժամերի ընթացքում ստանում են վիտամին Կ: Ապնոէի կանխարգելման և բուժման ելքերը բարելավելու նպատակով ներկրվել կոֆեինի ցիտրատ, որը տրամադրվում է 30 շաբաթականից ցածր ծնված բոլոր նորածիններին։

Մանկաբույժ Գայանե Սահակովան կարևորում է նաև մինչև 2 ամսական երեխաների խնամքը, ծնողների կապը մանկաբույժի հետ, երեխայի աճի պարբերական վերահսկողությունը։ Մանկաբույժը շեշտում է՝ հարկավոր է ուշադրություն դարձնել երեխայի շնչելու հաճախականությանը, մաշկի գույնին, նյարդային համակարգին, ակտիվությանը, մարմնի ջերմաստիճանին, քնին։

«Պետք է հետևել՝ փորլուծություն կա կամ չկա, երեխան ուտո՞ւմ է ինչպես նախկինում, թե՞ սկսել է նկատելիորեն քիչ ուտել։ Սրանք այն հիմնական երևույթներն են, որոնք ծնողները պետք է ուշադրության կենտրոնում պահեն։ Անհրաժեշտության դեպքում հարկավոր է անմիջապես դիմել մանկաբույժին,- ասում է Սահակովան՝ հորդորելով ծնողներին՝ հետևել մանկաբույժի խորհուրդներին, ինքնուրույն բուժման մեթոդներ չմշակել կամ չորոնել համացանցում,- Եթե նախկինում կար «հարևանային» բժշկություն, ապա հիմա կա «համացանցային» բժշկություն։ Հարկավոր է զերծ մնալ նման երևույթներից և միշտ կապ պահպանել բժշկի հետ»։

Ըստ Սահակովայի՝ մանկական մահացությունների մեջ քիչ չեն նաև հանկարծամահության դեպքերը, լինում են նաև դեպքեր, երբ առողջ երեխան մահանում է անզգուշության հետևանքով, ինչից խուսափելու համար մասնագետը հորդորում է երեխայի օրորոցում բարձեր, փափուկ խաղալիքներ կամ հավելյալ այլ իրեր չդնել՝ երեխային զերծ պահելով խեղդվելու հավանականությունից։ Իսկ արդեն չոչ անող երեխաների շուրջբոլորը չպետք է լինեն վտանգավոր նյութեր կամ առարկաներ։

 

Աշխարհը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2021-ին հրապարակած զեկույցում նշվում է՝ աշխարհը շարունակում է զգալիորեն շեղվել նորածինների և մինչև 5 տարեկան երեխաների կանխարգելելի մահերին վերջ դնելու կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհից։ 

Ըստ զեկույցի՝ կայուն զարգացման նպատակներով նախատեսված է մինչև 2030 թվականը վերջ դնել նորածինների և մինչև 5 տարեկան երեխաների կանխարգելելի մահերին՝ նպատակ ունենալով 1000 կենդանի ծնված երեխայի հաշվով նորածնային մահացության 12 կամ ավելի փոքր մահացության ցուցանիշ գրանցել, իսկ մինչև հինգ տարեկանների շրջանում՝ 1000 կենդանի ծնվածի հաշվով մահացության 25 կամ ավելի փոքր ցուցանիշ: Զեկույցում նշվում է, որ միայն 2020-ին 5 տարին չլրացած ավելի քան 5 միլիոն երեխա է մահացել։ 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը նշում է՝ աշխարհում մինչև 5 տարեկան երեխաների մահացության համաշխարհային ցուցանիշը նվազել է 59 տոկոսով՝ 1990-ին 1000 կենդանի ծնված երեխայի հաշվով մահացության 93 դեպքից 2021-ին հասել է 38-ի։ 

«Չնայած այս զգալի առաջընթացին՝ երեխաների կյանքի պահպանման ցուցանիշների բարելավումը շարունակում է մտահոգիչ լինել, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ դրանց մի մասը կարելի է կանխարգելել»,- ասում է Սարգսյանը։

Հայաստանի կառավարության հետ ևս համագործակցող ՅՈՒՆԻՍԵՖ-ը նույնպես իր աջակցությունն է բերում մանկական մահերի կանխարգելման գործում։ Ըստ Սարգսյանի՝ ջանքերն այս ուղղությամբ ներառում են համապարփակ ռազմավարություններ և միջամտություններ երեք հիմնական մակարդակում՝ երեխայի առողջության քաղաքականության մշակում, նորածիններին և երեխաներին ուղղված առողջապահական ծառայությունների որակի բարելավում, ինչպես նաև համայնքների հզորացում և կրթություն՝ ապահովելու, որ ծնողներն ու խնամակալներն ունենան անհրաժեշտ հմտություններ երեխայի խնամքն արդյունավետ իրականացնելու համար և կարողանան ճանաչել հիվանդությունների այն ախտանշանները, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բուժօգնության:

«Վերջին տարիներին դիտվող մանկական մահացության նվազեցմանն ուղղված ջանքերում իրենց դերն են ունեցել պատվաստումների ազգային օրացույցում ներդրված հնգավալենտ, վեցավալենտ, քառավալենտ, եռավալենտ, ռոտավիրուսային և պնևմակոկային պատվաստումները: Հայաստանում առկա պատվաստանյութերը ձեռք են բերվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով»,- հավելում է  առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը։

Մանկաբույժ Գայանե Սահակովայի համոզմամբ՝ մանկական մահացության ցուցանիշների նվազումը համալիր պայքարի արդյունք է՝ բժիշկների աշխատանքը ծնողների հետ, բժշկական ծառայությունների մատուցման որակը, բուժաշխատողների՝ պարբերաբար վերապատրաստումներ անցնելը, սքրինինգային ծրագրերի ընդլայնումը, հիվանդանոցները ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցնելը և այլն։

Սահակովան ասում է՝ շատ լուրջ խնդիր կա ծնողավարության հետ կապված։ Մանկաբույժը վստահեցնում է՝ միշտ լրացնելու, աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն կա․

«Մանկական մահացության նվազումն ուղիղ համեմատական է տվյալ երկրի զարգացմանը։ Որքան երկիրը զարգանում է, բնականաբար, դրան զուգընթաց՝ զարգանում են կրթությունը, գիտությունը, ժամանակակից տեխնոլոգիաներ են ներմուծվում, ֆինանսներ են տրամադրվում բժիշկներին վերապատրաստելու համար և այսպես շարունակ։ Եթե պետությունը նորմալ զարգանա, հավատացե՛ք՝ մանկական մահացության ցուցանիշներն էլ ավելի կնվազեն»։

Մարդ և հասարակություն

Դու ես քո գլխի տերը․ միայնակ հիվանդները Հայաստանում

Դու ես քո գլխի տերը․ միայնակ հիվանդները Հայաստանում

Սոնա Մարտիրոսյան
Մյս 5, 2023

Միայնակ կամ խնամող չունեցող հիվանդները Հայաստանում դժվար կացության առաջ են կանգնում, սակայն խնդիրների լուծումը, կարծես, հապաղում է։

Read more
Why Is the City Making Noise?

Ինչո՞ւ է աղմկում քաղաքը

Գոհար Աբրահամյան
Ապր 4, 2023

Ապրել Երևանում, սովորաբար, նշանակում է ապրել անընդհատ աղմուկի հետ՝ մեքենաների, սրճարանների և փաբերի, ժամանցի վայրերի, հրավառությունների աղմուկներ, որոնք ազդում են բնակիչների առողջության և բարեկեցության վրա: Ի՞նչ կարելի է կամ պետք է անել:

Read more
Դաշտանադադար. խոսելն «ամոթ» չէ

Դաշտանադադար. խոսելն «ամոթ» չէ

Գոհար Աբրահամյան
Փտր 7, 2023

Կնոջ կյանքի ֆիզիոլոգիական, թերևս, անխուսափելի փուլերից մեկն է դաշտանադադարը, որի մասին հայաստանյան հասարակությունը դեռևս այդքան էլ պատրաստակամ չէ խոսել, դիմել օգնության ու մեղմել այս փուլի երբեմն բավական բարդ ընթացքը:

Read more

Բուլլինգը դպրոցում. հարաբերությունների արանքում

Սոնա Մարտիրոսյան
Հնվ 17, 2023

Հայաստանում դպրոցական բուլլինգը շարունակում է անտեսված խնդիր մնալ։ Վիճակագրություն այն մասին, թե քանի երեխա է յուրաքանչյուր տարի բռնության կամ հետապնդման ենթարկվում ուսումնական հաստատություններում, չկա, սակայն դա չի նշանակում, թե խնդիր էլ չկա։

Read more
Those Who Speak Up: Combating Domestic Violence

Ընտանեկան բռնություն․ դեռ օրակարգում

Սուսինա Խաչատրյան
Հնվ 11, 2023

Ընտանեկան բռնության, անդառնալի կորուստների ու իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերի հայաստանյան պատկերը։

Read more

Երբ ախտորոշվել է վարակ․ խտրականություն ամենուր

Հասմիկ Բալեյան
Նյմ 29, 2022

Հայաստանում վարակիչ հիվանդություններ ունեցողները ինչպես բժշկական օգնություն ստանալիս, այնպես էլ սոցիալական միջավայրում դեռևս հանդիպում են խտրական վերաբերմունքի։

Read more
Unwanted: Why Is Abortion Still the Main Form of Family Planning in Armenia?

Անցանկալիները․ ինչո՞ւ է Հայաստանում աբորտը մնում ընտանիքի պլանավորման հիմնական ձևը

Սոնա Մարտիրոսյան
Նյմ 14, 2022

Հղիության արհեստական ընդհատման հարցը շարունակում է արդիական մնալ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հոդվածը ներկայացնում է հայաստանյան պատկերն ու ընդհատումից բխող խնդիրները։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ