
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Պատմամշակութային հուշարձանների հաշվառման, անխաթար պահպանման, վերականգնման ու հանրահռչակման քաղաքականություն է ստանձնել Հայաստանի կառավարությունը՝ հնագիտական ժառանգությունը դիտարկելով որպես տնտեսական հենք երկրի կայուն զարգացման տիրույթում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) տրամադրած տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի դրությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված է 24.252 հուշարձան՝ խմբավորված շուրջ 7300 տարածքային պահպանական միավորներում: Շուրջ 800 պատմամշակութային տարածք էլ ստացել է պատմության և մշակույթի նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Սրանք նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված վայրեր են, որոնք ևս պետք է պահպանվեն, մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը:
Ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում կան ճանաչված ու սիրված պատմամշակութային վայրեր, որոնք ոչ միայն տեղացիների, այլ նաև զբոսաշրջիկների մշտական այցերի թիրախում են։ Գառնու հեթանոսական տաճար ու Գեղարդավանք, Սևանավանք ու Հայրավանք, Հաղարծինի վանական համալիր ու Գոշավանք, Խոր Վիրապ, Ամբերդ ամրոց, Զվարթնոց ու Մայր տաճար, Արենիի քարանձավ ու Նորավանք, Հաղպատի ու Սանահինի վանական համալիրներ, Յոթ վերք ու Հառիճավանք, Տաթևի վանական համալիր և այլն։ Ըստ զբոսաշրջային խոշոր կազմակերպությունների, հիմնականում, հենց այս հուշարձաններով են իրենց դիմողներն ամենից շատը հետաքրքրվում, այցելում ու իրենց ներդրումն ունենում ընդհանուր վիճակագրության մեջ։ Իսկ վիճակագրական կոմիտեի զեկույցների համաձայն՝ վերջին երեք տարիներին Հայաստանի համախառն ներքին արդյունքի շուրջ երեք տոկոսը բաժին է ընկել «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» խմբին, սակայն, չի առանձնացվում այս երեք ոլորտներից յուրաքանչյուրի ներդրումը։ 2014-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արված հետազոտությունն ավելի շատ փակագծեր է բացում. նշվում է, որ մշակույթը նշանակալի մասնաբաժին ունի ազգային տնտեսության մեջ, համախառն ներքին արդյունքի 3,33 տոկոսն է կազմում, որից էլ երեք տոկոսը գոյանում է «մշակութային ու բնական ժառանգությունից»։ Իսկ մշակութային զբոսաշջությունն աշխարհում ամենատարածված ձևերից է, ըստ Հայաստանի «Զբոսաշրջության զարգացման ռազմավարության»՝ զբոսաշրջության հիմքն է ու երկիր այցելելու առաջնային պատճառը։ Ինչպես սփյուռքահայ, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների 49 տոկոսը, ըստ ռազմավարության տվյալների, նախընտրում է հենց մշակութային զբոսաշրջությունը։ Մշակութային ժառանգության երթուղիներն ամենատարածվածն են եղել նաև 2015-ին Համաշխարհային բանկի կողմից իրականացված զեկույցի համաձայն։
Զբոսաշրջային երթուղիների ընդլայնմանը, զբոսաշրջային թեժ շրջանի երկարաձգմանը, այցելությունների աճին և լրացուցիչ ֆինանսական հոսքերի ավելացմանն ուղղված քայլեր են նախատեսված նաև «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 ռազմավարությամբ»։ Ծրագրվում է մինչև 2027-ն իրականացնել 30 հուշարձանի վերականգնում, դժվարամատչելի վայրերում տեղակայված 50 հուշարձանի հանրահռչակում և այլն։ Արդեն իսկ հայտնի երթուղիներից զատ, որոնք հիմնականում քրիստոնեական կոթողներ են, կառավարությունն ընդունված ռազմավարությամբ գերակա ուղղություն սահմանելով՝ որոշել է սլաքներն ուղղել նաև քաղաքացիական, պետական նշանակության ճարտարապետական հուշարձանների, այդ թվում՝ ամրոցների և բերդերի պահպանությանն ու հանրահռչակմանը։
Սակայն զբոսաշրջային նոր երթուղիների գծումը, բացի հանրահռչակման բարդությունից, բախվում է նաև ենթակառուցվածքային խնդիրների։ Շատ հուշարձաններ, լինելով վտանգված, ունեն վերականգնման կարիք, ինչը ոչ միայն ֆինանսական մեծածավալ ներդրումներ է պահանջում, այլ նաև մասնագիտական կարողություն ու պետական աջակցություն։
Հուշարձանների պահպանության, վերականգման ու եկամտաբերության խնդիրները նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում են։ Օգոստոսի 29-ին կառավարությունը որոշեց մի շարք հուշարձանների տարածքներում ստեղծել արգելոցներ՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, տարածքների բարեկարգման, լուսավորության ապահովման, տոմսային համակարգի ներդրման, կրթական, գիտատեղեկատվական ու մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ արգելոցների ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո հենց տոմսերի վաճառքից ստացված եկամուտներից էլ իրականացվելու են դրանց հետագա պահպանությունն ու զարգացումը: Քննարկման ժամանակ Փաշինյանն էլ ասաց, որ պատմամշակութային հուշարձանների մի հսկայական մասն արդեն տասնյակ տարիներ, որոշները՝ նաև դարեր, ավերման գործընթացի մեջ են, ու խնդիր ունեն այդ պատմամշակութային հուշարձաններն առնվազն պահպանել և վերականգնել:
«Մյուս կողմից հարց է ծագում՝ եթե դրանք պետական արժեք են, ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը: Մտածողության հայեցակարգային հարց է: Մեր պատմական և պետական արժեքները պե՞տք է եկամուտ բերեն պետությանն առնվազն այնտեղ, որտեղ կարող են դա անել, թե՞ չպետք է բերեն: Իմ գնահատականն է, և պետական ընկալումը պետք է լինի, որ, այո՛, պետք է բերեն եկամուտ»,- ասել էր Փաշինյանը:
Բարդ գործ
Հայաստանում 600-ից ավելի վտանգված հուշարձան կա, ահազանգում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հնավայրերի ու դամբարանադաշտերի դեպքում հրատապ պեղումներ պետք է իրականացվեն՝ փրկելու մնացած՝ չվնասված արժեքները, հնագիտական շերտերն ու առարկաները:
Ճարտարապետ, քաղաքային պլանավորող, Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը, սակայն, նշում է, որ երբեմն ավելի լավ է առհասարակ հուշարձանին ձեռք չտալ, քան սխալ վերականգնել։ Ըստ ճարտարապետի՝ պետությունը դեռևս չի կարողանում այնպիսի կառուցակարգեր մշակել, որով հնարավոր կլինի ապահովել հուշարձանի վերականգնման օրինաչափ ընթացքն ու իրապես որակյալ արդյունք ստանալ։ Իսկ ոլորտի մասին օրենսդրությունն ընդունումից ի վեր, այսինքն շուրջ 25 տարի, չի բարեփոխվել։ Միևնույն ժամանակ, Պետրոսյանը նշում է, թե միակ արժեքավոր փոփոխությունը եղել է 2017-ին, երբ հուշարձանների վերականգնումը վստահվել է միայն առանձնացված ու արտոնագիր ստացած վերականգնող ճարտարապետներին։
Հուշարձանները նորոգվում են պետական բյուջեի միջոցների հաշվին և պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ըստ Պետրոսյանի, սակայն, պետության ֆինանսավորման դեպքում դրանք կատարվում են, ինչպես օրինակ, դպրոցների վերանորոգման տրամաբանությամբ․ ով ամենամատչելի գինն է առաջարկում՝ գործը նրան է վստահվում։ Բացի այդ, հուշարձանի վերականգնման աշխատանքների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս ու միշտ չէ, որ հնարավոր է լինում բացառապես նախապես ծրագրածով առաջ ընթանալ, մինչդեռ պետական գնումների համակարգն այդպիսի ճկունություն դրսևորելու հնարավորություն չի տալիս։
«Օրենսդրությունն այս ազատությունը պիտի տա վերականգնող ճարտարապետին և վերականգնող շինարարին, որպեսզի լավ արդյունք լինի։ Այս առումով, երբ բարերարների ֆինանսական աջակցությամբ է վերականգնումն արվում, գոնե մի խնդիր է լուծվում՝ պետական գնումների խրթին գործընթացից ազատվում են ճարտարապետն ու շինարարը»,- ասում է Պետրոսյանը՝ նշելով նաև, թե մասնագիտական մակարդակով չի որոշվում՝ որ հուշարձանը պիտի վերականգնվի, և, առհասարակ, հուշարձանները չեն արժևորվում, այլ երբեմն ուշադրության են արժանանում, երբ սիրված են լինում երկրի առաջին դեմքերի կողմից։
Ճարտարապետը խնդրահարույց է համարում նաև այն, որ պետությունը յուրաքանչյուր տարի մեկ-երկու հուշարձանի նորոգման ու վերականգնման վրա կենտրոնանալու և որակյալ արդյունք ապահովելու փոխարեն, բազմաթիվ հուշարձաններ է ներառում, փոքր գումարներ հատկացնում և, սովորաբար, դրանցից որևէ մեկի դեպքում պատշաճ աշխատանք չի տարվում։ Որպես հաջողված վերականգնման աշխատանքեր՝ Պետրոսյանը հիշում է Արուճի սուրբ Գրիգոր տաճարի, Դաշտադեմի ամրոցի օրինակները։ Սակայն անհաջող վերականգնումները, ըստ մասնագետի, գերակշռում են, ինչպես օրինակ՝ Գառնիի կամուրջը։
Թեև, միգուցե զավեշտալի է, սակայն Պետրոսյանը նշում է, որ երբեմն հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար շատ գումար հատկացնելով՝ կարող են դրանք ավելի շատ փչացնել. «Օրինակ՝ Սանահինի դեպքում քիչ գումար է տրամադրվել, քիչ ներգործություն է եղել, բարեբախտաբար, հուշարձանը չեն փչացրել։ Դրան նայողները նույնիսկ չեն նկատում, որ այն վերականգնվել է»։
Պետրոսյանն առանձնացնում է նաև մեկ այլ խնդիր, երբ վերականգնման աշխատանքները պարզապես չեն ավարտվում, ինչպես օրինակ՝ Քոբայրի վանական համալիրը, որը տարիներ շարունակ վերականգնում են, բայց այդպես էլ ավարտական փուլին չեն հասնում։
Փաստագրում
ԿԳՄՍՆ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2010-ին ամրակայվել, նորոգվել կամ վերականգնվել է 13 հուշարձան, ծախսվել է 182.662.200 դրամ, 2011-ին՝ 8 հուշարձան՝ 163.625.600 դրամով, 2012-ին 16 հուշարձան՝ 170.231.100 դրամով, 2013-ին 15 հուշարձան՝ 190.385.644 դրամով, 2014-ին 11 հուշարձան՝ 161.769.820 դրամով, 2015-ին 17 հուշարձան՝ 243.017,000 դրամով, 2016-ին 17 հուշարձան՝ 259.203.210 դրամով, 2017-ին 14 հուշարձան՝ 192.075.550 դրամով, 2018-ին 11 հուշարձան՝ 116.527.800 դրամով։
2018-ից հետո՝ 2019, 2020 թվականներին նկատելիորեն նվազել է այս ոլորտին հատկացվող գումարի չափը։ Սակայն 2021-ին մեծ չափի գումարներ են հատկացվել։
2019-ին ամրակայվել, նորոգվել կամ վերականգնվել է 5 հուշարձան, որի համար ծախսվել է 52.875.300 դրամ, 2020-ին՝ 4 հուշարձան, ծախսվել է 46.926.600 դրամ, 2021-ին՝ 3 հուշարձան, ծախսվել է 254.418.700 դրամ, 2022-ին՝ 6 հուշարձան, ծախսվել է 134.599.470 դրամ, 2023-ին՝ 6 հուշարձան, ծախսվել է 288.718.000 դրամ։

Կառավարման խնդիրներ
Հուշարձանների վերականգնմանը պետական բյուջեից հատկացվող միջոցները 2022-ին կազմել են շուրջ 400 մլն դրամ, 2023-ին՝ 660 մլն դրամ, իսկ 2027-ին պետական բյուջեից բնագավառին հատկացումները նախատեսվում է հասցնել առնվազն 2 մլրդ դրամի։ Սակայն, ըստ Սարհատ Պետրոսյանի, պետությունը չի լուծում այն խնդիրները, որոնք միշտ եղել են՝ նախագծերի պատշաճ մշակում, դրանց միջոցով հուշարձանի վերականգնում, ապա այդ տարածքների պահպանություն ու կառավարում։ Ըստ ճարտարապետի, որպեսզի վերականգնումը հաջողվի, պետք է և՛ պատվիրատուն մասնագիտորեն մոտենա աշխատանքին, և՛ նախագծող ճարտարապետը, և՛ վերականգնումն իրականացնող շինարարը, իսկ վերջում՝ հուշարձանի կառավարումը պիտի որակյալ լինի։ Մինչդեռ, ըստ Պետրոսյանի, հասարակությանը կրթելու պետության ջանքերը բավական ու արդյունավետ չեն․ «Կան քաղաքացիներ, որոնց սեփականության ներքո է գտնվում հուշարձանը։ Մարդիկ պարզապես մտածում են՝ դա իրենց սեփականությունն է, չընկալելով, եթե տվյալ շենքը հուշարձանի կարգավիճակ ունի, ապա քաղաքացին դրա 100 տոկոսանոց սեփականատերը չէ, դա հանրային հարստության մի մաս է, որը վստահվել է տվյալ քաղաքացուն և նրա համար պիտի պատիվ լինի դա, պիտի համապատասխան պարտավորություններ ունենա»։
Ըստ Պետրոսյանի՝ հուշարձանների սխալ կառավարման օրինակները շատ են, դրանցից ամենացայտունը Սևանավանքի շուրջը կատարվողն է համարում, երբ առևտուր են անում ամենաշատ այցելուներ ունեցող հուշարձաններից մեկի տարածքում։ Ճարտարապետը վստահեցնում է՝ ոլորտը փոփոխությունների կարիք ունի և ավելացնում նաև, որ արդեն նույնիսկ «հուշարձան» հասկացությունն է հնացել և «ժառանգություն» բառը շատ ավելի համալիր է դիտարկվում։ Ըստ Պետրոսյանի՝ հուշարձաններն իրենց շրջապատող տարածքով են հուշարձան, այսինքն՝ միայն տվյալ շինությունը չէ հուշարձան. «Օրինակ՝ Սևանի թերակղզին ամբողջովին հուշարձան է, ոչ թե միայն եկեղեցին կամ Սևանի գրողների տունն են հուշարձաններ։ Հետևաբար, պատմական այս ժառանգությանը պետք է աչքի լույսի պես վերաբերվել, սահմանել, թե որտեղ կարելի է ավտոմեքենաները կայանել կամ վաճառք իրականացնել։ Այս բոլորը հուշարձանի պահպանության բաղադրիչները պիտի լինեն»։
Իսկ հուշարձանների վնասման, պղծման դեպքեր պարբերաբար հայտնի են դառնում։ 2023-ին հուշարձանների տարածքներում արձանագրվել է 85 իրավախախտում, որից երեքը՝ վանդալիզմի դեպք։ Նշյալ իրավախախտումներից 30-ի մասով հարուցվել է քրեական գործ:
2024-ի հունվարին ևս վանդալիզմի դեպք է արձանագրվել. Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակին թվագրվող Կարմիր բերդ հնավայրի տարածքում անհայտ անձինք փոսեր էին փորել, կոտրել որմնաքարեր։
Նման դեպքերից խուսափելու նպատակով որոշ հուշարձանների տարածքում տեսախցիկներ են տեղադրվում, իրականացվում են համայնքային հուշարձանապահպանության աշխատանքներ, կրթական ծրագրեր:
Անցկացվում են նաև ամառային դպրոցներ, որոնց շրջանակներում դպրոցականներն ուսուցիչների հետ այցելում են հուշարձանների տարածքներ, մանրամասներ իմանում հուշարձանների մասին։ Հուշարձանների տարածքում շարունակաբար նոր տեղեկատվական, ուղղորդող վահանակներ են տեղադրվում, որպեսզի մարդիկ իմանան՝ տվյալ տարածքում հուշարձան կա։ Քաղաքացիները հաճախ վնասում են հուշարձանը՝ առանց իրազեկված լինելու, որ հատուկ պահպանվող տարածքում են գտնվում։
Հանրահռչակել նաև սահմաններից դուրս
Ի նպաստ Հայաստանի կայուն զարգացմանը, տնտեսական առաջընթացին ու երկրի ճանաչելիության բարձրացմանը, հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը ոչ միայն Հայաստանում ներկայացնելու, այլ նաև միջազգային հանրահռչակման կարիք ունի։
Ոլորտի միջազգային հանրահռչակումն իրականցվում է միջազգային տարբեր միջոցառումներին մասնակցությամբ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացվող հայտերի գրանցմամբ:
Հայաստանում գտնվող պատմամշակութային հուշարձաններից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում ընդգրկված է երեք հուշարձանախումբ՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Գեղարդի վանքը և Ազատ գետի հովիտը, Էջմիածինը՝ իր եկեղեցիներով և Զվարթնոցի տաճարը:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարգավորումների, հուշարձանը նախ պետք է ընդգրկվի նախնական ցանկում։ Այժմ այդ ցանկում չորս հուշարձանախումբ է ներառված՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթև վանական համալիրն ու Տաթևի անապատը։ Այժմ պատրաստվում է նոր հայտ՝ նախնական ցուցակում Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերն ընդգրկելու նպատակով։ Այս հնագիտական հուշարձանը համարվում է հայկական լեռնաշխարհին բնորոշ բացառիկ մշակութային երևույթ, որն այլ տեղ չի հանդիպում:
Վերջին երեք տարում թեև ավելացվել է հուշարձանների վերականգնմանը, պահպանմանը հատկացվող ֆինանսավորումը, սակայն, թե որքանով հնարավոր կլինի արված ամբողջ աշխատանքը լավագույն կերպով հանրահռչակել ու, ինչու ոչ, նաև դրա արդյունքում որոշակի գումար հետ վերադարձնել, դժվար կլինի հաշվելը, մինչ այդ մնում է հուսալ, որ առաջիկայում արվող աշխատանքները կլինեն ոչ թե ծրագիրը կատարված համարելու, այլ հուշարձանն իսկապես պահպանելու և սերունդների փոխանցելու տրամաբանությամբ:
մարդ ԱՌժամանակ
մարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի մեկնարկային հանդիպման հյուրը՝ Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, արաբագետ, գիտությունների թեկնածու Միքայել Հովհաննիսյանը, կիսվում է 1988-ի շարժման շրջանի իր հիշողություններով։ Պատմում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի որդին լինելով՝ անկախության առաջին տարիներին Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում ապրելու փորձառության մասին, անդրադառնում քաղաքացիական ակտիվությանն ու աշխատանքային գործունեությանը։
Read moreմարդ ԱՌժամանակ. Մանուշակ Տիտանյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ ճարտարապետության դոցենտ Մանուշակ Տիտանյանը, կիսվում է Երևանից Արցախ տեղափոխվելու, պատմամշակութային ժառանգության փաստագրման աշխատանքներում ներգրավվելու, ինչպես նաև Արցախից վերջիններից դուրս գալու մասին։
Read moreմարդ ԱՌժամանակ. Անահիտ Արամունի Քեշիշյան
Գրականագետ, դերասանուհի, պրոֆեսոր Անահիտ Արամունի Քեշիշյանը, պատմում է երկու անգամ հայրենադարձվելու իր փորձառության, 1988-ին սփյուռքում Հայաստանի շարժմանը զորակցող շարժում ստեղծելու և հայրենիքի անկախությանը սատարելու դժվարությունների մասին, ինչպես նաև կիսվում իր առաջիկա նախաձեռնությունների գաղափարներով։
Read moreմարդ ԱՌժամանակ. Քրիստին Սիմոն
«Մանուկեան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը պատմում է պապի՝ առաջին միձեռանի ծորակի նախագիծը ստեղծած ու մեծ հաջողությունների հասած Ալեք Մանուկյանի հետ հարաբերությունների, առաջին անգամ մոր՝ Լուիզ Սիմոնի հետ Սովետական Հայաստան գալու երկար ճանապարհորդության, իրենից առաջ երկու սերնդներից ստացած ժառանգության «բեռի» և այն շարունակելու նպատակով իրականացվող ծրագրերի մասին։
Read moreմարդ ԱՌժամանակ. Վասգեն Բրուտյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ «Արդեան»-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վասգեն Բրուտյանը, ով 2013-ին երկրորդ անգամ է հայրենադարձվել ու հիմնել արվեստի, դիզայնի և ճարտարապետության կենտրոն, պատմում է իր գործունեության մասին ու վստահեցնում՝ Հայաստանը դիզայնի ոլորտում կարող է առաջնային երկրներից լինել։
Read moreՄարդ ԱՌժամանակ. Անահիտ Ավանեսյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կիսվում է բարդ ժամանակահատվածում այս պաշտոնը ստանձնելու փորձառության, կին հանրային գործիչ լինելու պատնեշների, անկատար մնացած բարեփոխումների ու դրական փոփոխությունների տեսլականներից։
Read more