
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ
«Դժվարն առաջին ամուսնալուծությունն էր, երկրորդ անգամ որոշել էի՝ կա՛մ ինքնասպան եմ լինում, կա՛մ պետք ա նենց թռնեմ, որ իմ հետևից հասնող չլինի, ես ընտրեցի երկրորդ տարբերակը»,- ամուսնալուծության բարդ որոշումը նոր կյանքի սկիզբ դարձրած 36-ամյա Լ․ Ս․ ն է պատմում։
Ամուսնուց հեռանալու մասին առաջին մտքերը կնոջ մոտ հասունացել է ամուսնության չորրորդ տարում. ընտանեկան կյանքի ճգնաժամեր, փոխզիջումների բացակայություն, ամուսնու եսակենտրոնություն, կնոջ հուզականություն, երկրորդված սեր ու կիրք, և արանքում մնացած կենցաղային խնդիրներ։ Սակայն արդեն ամուսնության հենց հինգ ամյակի օրը կինը որոշում է ավարտել այն։
«Անվերջ մտածում էի՝ ամուսնալուծվել, թե ոչ, բայց հասունացավ մի կետ, երբ վիրահատվել էի ու ամուսինս որևէ կերպ չաջակցեց, գնացի ծնողներիս տուն, երեք օր չհարցրեց ինչ, ոնց,- հիշում է կինն ու նշում, որ միայն օրեր անց են խոսել ու որոշել, որ բավական է,- գնում էր այլ երկիր, որոշեցի չգնալ իր հետ»։
Ամուսնությունից հետո կինը, ստիպված էր եղել դադարեցնել հարաբերություններն ընկերների, հարազատների հետ, չուներ աշխատանք ու վաղուց մի կողմում էր թողել սեփական հետաքրքրությունները: Շատ դեպքերում են նման իրավիճակները կանանց հետ պահում ամուսնալուծության մտքից ու ստիպում շարունակաբար մնալ անկայուն ու լարված հարաբերությունների մեջ։
«Առաջին անգամ ամուսնալուծվելուց հետո ինձ թվում էր կյանքս վերջացել է, նույնիսկ ինքնասպանության մտքեր էի ունենում, կարծում էի՝ չեմ կարողանալու միայնակ,- ասում է կինն ու հիշում, որ հենց այդ ծանրագույն ապրումների ժամանակ ստանում է աշխատանքի առաջարկ ու սկսում անվերջ աշխատել՝ զարգացնելով ինչպես մասնագիտական կարողությունները, այնպես էլ բարելավում հոգեվիճակը,- Շատ էի աշխատում ինքս ինձ վրա, արտաքինս, ֆինանսական վիճակս ու, առհասարակ, ամեն ինչս կարգավորվեց»։
Հենց այս ժամանակահատվածում ամուսինը վերադառնում է արտերկից ու որոշում են դիմել ապահարզանի համար ու պաշտոնապես ամուսնալուծվում են, սակայն օրեր անց, արդեն նախկին ամուսինը զանգահարում է ու շուրջ երեք ժամ տևած զրույցի ընթացքում կնոջը հորդորում երեխայի հետ միասին մեկնել իր մոտ, կրկին պաշտոնապես ամուսնանում են.
«Չնայած ավելի կայացած էի, բայց, միևնույնն է, կցորդի հոգեվիճակ կարծես ունենայի, ինքնուրույն կյանք անգամ ինքս ինձ թույլ չէի տալիս, երեխաս էլ էր իրեն միայնակ զգում, ասում էր ինչի՞ բոլորը քույրիկ, ապերիկ ունեն, ես՝ չէ։ Արդեն իմ գործոնը չէր, այլ երեխայիս լիարժեք ընտանիք ունենալու մասին էի անվերջ մտածում, վեր կացա, գնացի»։
Երկրորդ երեխան ունենալուց հետո ընտանիքը վերադառնում է Հայաստան, կինը նոր մասնագիտություն է ձեռքբերում ու դառնում պահանջված մասնագետ, մինչդեռ ամուսինը որոշում է, որ կնոջ տեղը երեխայի կողքին է.
«Ամուսինս անվերջ կշտամբում էր, խոչընդոտում էր աշխատանքիս։ Հենց դա էլ խթան դարձավ, որ ես վերջնականապես ազատվեմ իրենից, ինչն այս՝ արդեն երկրորդ անգամ շատ ավելի հեշտ ստացվեց, կրկին պաշտոնապես ամուսնալուծվեցինք»։
Շատ մի սիրիր՝ ատել կա
Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության համաձայն՝ Հայաստանում, կարծես, ավելի հաճախակի են սկսել կայացնել ամուսնալուծությունների որոշումը. վերջին տասը տարում երկրում ամուսնությունների նվազմանը զուգահեռ, ամուսնալուծություններն ավելացել են շուրջ տասը տոկոսով։ Եթե 2012-ին ամուսնալուծությունները կազմում էին ամուսնությունների ընդհանուր թվի 17 տոկոսից ավելին, ապա 2022-ին և 2023-ին այդ թիվը հասել է գրեթե 27 տոկոսի (2012-ին ամուսնությունների թիվը կազմել է 19․063, ամուսնալուծություններինը՝ 3250, 2022-ին ամուսնությունների թիվը կազմել է 16․795, ամուսնալուծություններինը՝ 4525, 2023-ին ամուսնությունների թիվը կազմել է 16.207, ամուսնալուծություններինը՝ 4525)։
2011-2021 թվականների վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ ամուսնալուծությունների մեծ մասը, հիմնականում, կայանում են 20 և ավելի տարի միասին ապրելուց հետո, սակայն, հատկանշական է, որ քիչ չեն նաև ընդամենը մեկ տարի միասին ապրածները. 2021-ին նրանք ընդհանուր ամուսնալուծությունների հինգ տոկոսն են կազմել։
«Հանուն» երեխաների ու հանուն «հասարակության»
«Մայրս ամբողջ կյանքը հանդուրժել էր հորս դավաճանությունը, բռնությունը՝ անունը դնելով, թե հանուն երեխաներիս եմ դիմանում, արդյունքում, մենք՝ մանկահասակ երեխաներս, անվերջ սարսափում էինք նրանց յուրաքանչյուր կռվի ժամանակ, իսկ դրանք շատ հաճախ էին լինում,- ընտանիքի տարաձայնություններն արդեն հասուն տարիքում հիշելով ասում է Քրիստինե Ղազարյանը։ 45-ամյա կինը նշում է, որ ծնողների վեճերից մեկից հետո անգամ փոքր քույրն սկսել էր կակազել,- Հայրս մեկնում էր արտագնա աշխատանքի, այդ մի քանի ամիսներին մայրս գոնե ֆիզիկական բռնության չէր ենթարկվում, սակայն անգամ կիլոմետրեր հեռավորությունից անվերջ ստորացնում էր մորս ու ճնշած պահում։ Ես չգիտեմ այդ իրավիճակում որն էր ճիշտ, բայց, երևի, եթե ամուսնալուծված լինեին, ավելի հանգիստ ապրեինք»։
Քրիստինեն հիշում է, որ իրենց գյուղում ամուսնալուծված կանանց անգամ չէին բարևում, նրանց երեխաների հետ էլ խաղալը ոչ միշտ էր հաճելի թվում մեծերին, ու, ենթադրում, որ, հավանաբար, իր մայրն էլ հենց նման վերաբերմունքից վախենալով էր հանդուրժում ամուսնու հետ ապրելն ու մտածում, թե ամուսնալուծվելու դեպքում «մարդիկ ճիշտ չեն հասկանա»։
«Մյուս կողմից էլ, գյուղում աշխատանք չկար, հողագործությամբ զբաղվող մայրս հազիվ կարողանար չորս երեխաների հոգսերը հոգալ, իսկ հայրս դրսում վատ չէր վաստակում, ստացվում էր՝ մայրս ստիպված էր դիմանալ այդ ամենին, մինչդեռ այդ դիմանալու հետևանքով կարճ կյանք ունեցավ, իսկ մենք՝ շատ տրավմաներ»,- ասում է կինը՝ հավելելով, որ ծնողների բարդ հարաբերություններն անդրադարձել են իր և քրոջ վրա, որոնք ընտանիքում ավագն էին, ու երկուսն էլ դժվարացել են հարաբերություններ կառուցել։
Միայնակ մնալու վախերը, մշակութային առանձնահատկություններն ու ֆինանսական սուղ հնարավորությունները թերևս ամենատարածվածն են ամուսնալուծությունը պարբերաբար հետաձգելիս։ Հոգեբան Մարիամ Մելքումյանը նշում է, որ այս վախերն ավելի են ամրանում երեխաների առկայության դեպքում։
«Շատ հաճախ, կողմերից մեկն ինքնուրույն ապրելու, երեխաների մասին հոգ տանելու հնարավորություն չի ունենում, հետևաբար, իբրև երեխաների լավագույն շահից ելնելով, չի ուզում ամուսնալուծվել,- ասում է հոգեբանը՝ շեշտելով, որ հարաբերություններում եղած դժվարություններն ավելի շատ են ազդում երեխաների վրա,- Ավելի լավ է երեխան ունենա երջանիկ հայր ու մայր, քան իրար հետ ապրող, բայց մշտապես վեճեր ունեցող ծնողներ, որոնց մոտ ինքն անապահով է զգում»։
Ընտանիքի տրոհման բոլոր բարդություններով անցած Լ. Ս.-ն ևս նշում է՝ եթե սպառվել են բոլոր հնարավորություններն ու ընտանիքի սյունը միայն անձիդ, երեխաներիդ, առողջությանդ ու ինքնասիրությանդ հաշվին է կանգուն, պայքարն անիմաստ է։
«Տխուր է, բայց պետք է խոստովանեմ, որ հիմա հենց երեխաներիս համար ավելի լավ է, քան եթե ապրեին կիստ-պռատ ու ագրեսիվ ընտանիքում,- ասում է կինը՝ նշելով, որ թեև երեխաները հիմնականում իր մոտ են լինում, շաբաթավերջի հանգստյան օրերին հայրն է պահում, իսկ նախկին ամուսիններն արդեն շատ ավելի հանգիստ են շփվում ու կարողանում են համագործակցել երեխաների դաստիարակման հարցերում,- Հիմա մտածում եմ, թե որքան հիմար էի, երբ առաջին անգամ ամուսնալուծվելուց վախենում էի մենակ մնալուց ու մտածում էի առանց ամուսնուս կկորչեմ, պարզվում է՝ ամուսնալուծությունից հետո էլ կա կյանք, ու կինը կարող է լրիվ ինքնուրույն, լիարժեք ու երջանիկ լինել»։
Կառուցողականության նոր փուլ
Հոգեբանների մոտեցմամբ՝ եթե զույգերն ընդունեն, որ ամուսնալուծվելով քայլ են անում դեպի կառուցողականության նոր փուլ ու ընտրեն քաղաքակիրթ ամուսնալուծության տարբերակը, այս ընթացքն առավել անցնցում կանցնեն։ Սակայն, հատկապես հայկական ընտանիքներում, վիրավորանքները, սովորաբար, բավական շատ են լինում, և զույգերն ու անգամ նրանց հարազատներն ամեն բան անում են հակառակ կողմին հնարավորինս պատժելու համար։ Մյուս կողմից, ավելանում են նաև հասարակության ճնշումներից վախերը։
Գայանե Առաքելյանը, որ ապրում է արտերկրում, նշում է, որ այս փաստը թեև շատ է դժվարացրել ամուսնալուծության որոշման կայացումը, հաշվի առնելով միայնակ լինելը, սակայն մյուս կողմից էլ ազատ է եղել հասարակության կարծրատիպերից, պիտակավորումներից ու դատապարտող հայացքներից։
«Մեր խնդիրները շատ պարզ էին՝ չկար սեր։ Իմ կերպարը վերացել էր, ես ինձ դժբախտ էի զգում, ամեն գիշեր լացում էի, եկել էի մի երկիր, որտեղ ունեի միայն իրեն, մի հատ էլ արդեն երեխա, սակայն վարում էի կենցաղ մի մարդու հետ, որն ուներ իր կենցաղը, որտեղ ես ընդհանրապես չկայի»,- ասում է Առաքելյանը։
Ամուսնալուծության որոշումը կայացնելիս կինն արդեն աշխատանք է ունեցել, վարձակալած բնակարան.
«Երեխաս երկու տարեկան չկար, երբ սկսեց հաճախել մանկապարտեզ, ես հաջորդ օրվանից սկսեցի աշխատել․ խնամում էի հաշմանդամություն ունեցող երեխայի, զուգահեռ սովորում էի ակադեմիական շվեդերենն ու իրավաբանական դասընթացներ էի վերցրել, որոշ ժամանակ անց արդեն պետական աշխատանք ունեի»։
Ամուսնալուծությունից հետո որոշել են երեխայի խնամքը հավասար բաշխել. երեխան մեկ շաբաթ անցկացնում է մոր, մեկ շաբաթ՝ հոր հետ։
«Նախկին ամուսինս շատ սիրում է երեխային ու լավագույն լուծումն այն էր, որ երեխայի կյանքում թե՛ ես, թե՛ ինքը պետք է հավասար տեղ գտնենք։ Բնականոն է դարձել արդեն շփման այս ձևը ու հիմա շատ ավելի լավ ենք իրար հասկանում ու հարգում մեկս մյուսին»։
Շուրջ չորս տարի առաջ հարաբերությունների դադարեցման որոշումը Առաքելյանը դիտարկում է որպես քայլ դեպի կառուցողականության նոր՝ ավելի անկաշկանդ ու խաղաղ փուլ.
«Վստահ կարող եմ ասել, որ արդեն հաղթահարել եմ կատարվածը, իսկ արդեն ամուսնալուծության հաջորդ օրը պարզապես սկսել եմ ապրել»։
(Ան)թույլատրելին
Հայաստանում ամուսնալուծությունն արտոնվել էր դեռևս 12-րդ դարում, այլ հարց է, թե հասարակական ընկալումները որտեղ են մնացել, երբ ամուսնալուծությունից հետ կանգնելու պատճառներից առ այսօր, հատկապես կանայք, մատնանշում են, թե «մարդիկ ճիշտ չեն հասկանա»։
Գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական ու հասարակական գործիչ Մխիթար Գոշի դեռևս 12-րդ դարում գրած «Դատաստանագրքում» ամրագրված էին ամուսնալուծության հիմքերը՝ ամուսիններից մեկի հոգեկան հիվանդությունը, տղամարդու սեռական անկարողությունը, կնոջ երեխա չունենալը, ամուսիններից մեկի անհավատարմությունը, 7 տարի ամուսնու անհայտ բացակայությունը, ամուսիններից մեկի հավատուրացությունը, և այլն:
Ներկայումս Հայաստանում պաշտոնական ամուսնալուծությունը միգուցե այնքան էլ բարդ գործընթաց չէ. ըստ օրենսդրության՝ ընդամենը պահանջվում է ամուսինների համատեղ դիմումը, սակայն ամուսինն իրավունք չունի դիմում ներկայացնել կնոջ հղիության ընթացքում։ Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո: Միգուցե իրավիճա՞կ փոխվի։ Մինչդեռ, եթե զույգերից մեկը չի համաձայնում ապահարզանի և դրանից ածանցյալ որոշումների հետ, այն կարող է դառնալ երկարատև, հյուծող գործընթաց. օրենսդրական ամրագրումները ոչ միշտ կարող են լիարժեք պաշտպանել զույգերին։ Ամենապարզ ու տարածված խնդիրներից մեկն այն է, որ կինն ամուսնանալով ու բնակություն հաստատելով ամուսնու հայրական տանը, կարող է մի ամբողջ կյանք անցկացնել այնտեղ, պահպանել ու բարեկարգել այն, սակայն ամուսնալուծությունից հետո մնալ լիովին ձեռնունայն, քանի որ օրենքը սահմանում է՝ զույգերը կիսում են ամուսնության ընթացքում ձեռք բերած համատեղ գույքը։
Հատկանշական է նաև, որ թեև շատ զույգեր իրենց միությունն ամրագրում են նաև եկեղեցական արարողակարգով, սակայն թե՛ ամուսնությունը, թե՛ ամուսնալուծությունը խստորեն գտնվում են պետական օրենսդրության ներքո։
Համադրելով հետազոտությունները, մասնագետների կարծիքները, երևան է գալիս իրավիճակը, երբ երբեմն կեղծ բարեպաշտական կարգերի պահպանմանը զուգահեռ հասարակության տեղաշարժերը թելադրում են նաև իրենց կանոններն ու դրանցից ազատականացման ձգտումները։
Կարդացեք նաև
Դաշտանադադար. խոսելն «ամոթ» չէ
Կնոջ կյանքի ֆիզիոլոգիական, թերևս, անխուսափելի փուլերից մեկն է դաշտանադադարը, որի մասին հայաստանյան հասարակությունը դեռևս այդքան էլ պատրաստակամ չէ խոսել, դիմել օգնության ու մեղմել այս փուլի երբեմն բավական բարդ ընթացքը:
Read moreԸնտանեկան բռնություն․ դեռ օրակարգում
Ընտանեկան բռնության, անդառնալի կորուստների ու իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերի հայաստանյան պատկերը։
Read moreՀետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են
Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Read moreՄայրության, աշխատող կնոջ խնդիրների և լուծումների շուրջ
Կին-մայր-աշխատող եռանկյունում տեսած խնդիրների ու լուծումների մասին է անդրադառնում քաղաքացիական հասարակության ոլորտի փորձագետ Գայանե Վարդանյանը։
Read moreՄանկաբարձական բռնություն․ այս մասին հաճախ լռում են
Շատ կանայք ենթարկվում են մանկաբարձական բռնության, ինչը ոչ միայն խախտում է արժանապատիվ և հարգալից բուժօգնություն ստանալու նրանց իրավունքը, այլև կարող է լրջորեն սպառնալ նրանց կյանքին և առողջությանը:
Read moreՄայրերի ու փոքրիկների համար հարմարավետ միջավայր աշխատավայրում․ ո՞վ է շահում
Աշխատավայրում կերակրասենյակ ունենալն ու աշխատանքային ճկուն պայմանները օգնում են աշխատող մայրերին՝ շարունակել կրծքով կերակրելը աշխատանքի վերադառնալուց հետո, չխաթարել մոր ու երեխայի հուզական կապը: Աշխատանքային օրենսգիրքը հարցն չի անտեսում սակայն ինչքանո՞վ է կարգավորում այն:
Read moreԱնպտղության եզրագծին․ երեխա ունենալու բարդությունները Հայաստանում
Ըստ տարբեր հետազոտությունների՝ աշխարհում վերարտադրողական տարիքի զույգերի 15 տոկոսն անպտղություն ունի: Հայաստանում անպտղության ցուցանիշը նվազել է՝ 2014-ին կազմելով 14,9 տոկոս: ԱՀԿ-ի չափանիշներով այս ցուցանիշը մոտ է ճգնաժամային մակարդակի եւ խոսում է այն մասին, որ երկրում կա լուրջ խնդիր:
Read more