
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ:
Վեց ամիս Հայաստանում, վեց ամիս՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ արտագնա աշխատանքի։ Բնակության վայրի ու աշխատանքի փոփոխությունները 50-ամյա Փառանձեմ Սարգսյանը* վերջին տարիներին ստիպված է անել։ Հայաստանում թողնելով ամուսնուն ու երկու տղաներին, օվկիանոսից այն կողմ նա վեց ամսով փոխում է բուժքրոջ իր աշխատանքը՝ դառնալով տարեց ու առողջական խնդիրներ ունեցող մի կնոջ խնամակալը։
«Այդ ընթացքում ապրում եմ հենց այդ տանը, ավելորդ վարձի գումար չեմ վճարում, ուտում եմ նույնպես այդտեղ, աշխատում եմ շաբաթը վեց օր, միայն մեկ կիրակի կարող եմ դուրս գալ,- ասում է Սարգսյանը՝ նշելով, որ աշխատանքի դիմաց վարձատրվում է 3000 դոլար, ինչն անհամեմատելի բարձր է հայաստանյան իր աշխատավարձից,- Դժվար է տնից, ընտանիքից հեռու, բայց այս գումարը բազմաթիվ հարցեր է լուծում հայրենիքում»։
Կինն անկեղծորեն պատմում է, որ ինչպես ինքը, այնպես էլ շատերն են տուրիստական վիզա ստանալով մեկնում ԱՄՆ, այնտեղ բարեկամների կամ ընկերների օգնությամբ աշխատանք գտնում, առնվազն հինգ կամ վեց ամիս աշխատելուց հետո գումարով տուն վերադառնում։
«Ծերերի են պահում, փոքրիկներին դայակություն են անում, տուն են մաքրում, ռեստորաններում աշխատում, ով ինչպես կարողանում է,- ասում է Սարգսյանը՝ նշելով, որ ինքն էլ արդեն երկու անգամ գնացել է, հիմա էլ սպասում է վերադարձի վեց ամիսը լրանալուն, որպեսզի նորից փորձի գնալ,- իհարկե, վախեր միշտ ունենում ես, չէ՞ որ մենք անօրինական, սևով աշխատողներ ենք այնտեղ համարվում, ովքեր մուտք են գործում այդ երկիր տուրիստական վիզայով, հնարավոր է օդանավակայնից թույլ չտան մտնել այդ երկիր՝ հասկանալով, թե ինչու համար ես այդքան հաճախ գնում»։
«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշում է, որ հայ կանանց համար աշխատանքային միգրացիայի աշխարհագրությունը տարբեր է։ Գնում են Ռուսաստանի Դաշնություն, Հունաստան, Իրան, եվրոպական երկրներ, սակայն գերիշխող են Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Թուրքիան, վերջինս արտագնա աշխատանքային վայր դարձավ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո։ Գործազրկությունը, սոցիալական ծանր վիճակը կանանց ստիպեցին բռնել միգրացիայի այս ուղղությունը ևս։
Մասնագիտությամբ վարսավիր 60-ամյա Նվարդ Հարությունյանը տարիներ շարունակ մեկնում է Թուրքիա` կատարելով տարբեր աշխատանքներ։ Հիշում է` սկզբում վախեցած էր, բայց ժամանակի ընթացքում այդ երկիրը դարձել է իր համար հարազատ վայր։
«Առաջին աշխատանքս հյուրանոցում հավաքարար աշխատելն էր, հետո սկսեցի պայուսակներ կարել, այդ տարիներին նաև շատ ռուսներ էին գալիս աշխատելու, հիշում եմ` մանկավարժների մի խումբ կար։ Քնում էինք հենց այդ նույն արտադրամասում»,- պատմում է կինը՝ նշելով, որ այլ աշխատանքներ էլ է արել, իսկ ներկայումս ազգությամբ թուրք տարեց կնոջ է խնամում։ Հարությունյանն ասում է, թե հայ կանայք Թուրքիայում ինչպիսի աշխատանք էլ անեն՝ ամսական վճարվում են 500-600 դոլար, ինչը, մինչդեռ, չեն վաստակում Հայաստանում։
Ըստ Բեժանյանի՝ Թուրքիա մեկնող կանանց տարիքային շեմը հիմնականում 50-60 է, իսկ այդ տարիքի կանայք այդքան գումար վաստակելու համար Հայաստանում դժվարությամբ են աշխատանք գտնում։
«Մի հետազոտություն ունեինք արած, որ Թուրքիայում, ազգությամբ թուրք տարեցներն ավելի շատ վստահում են ու հեշտությամբ աշխատանքի են վերցնում հենց Հայաստանից գնացած կանանց, չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված։ Հայերի նկատմամբ կա մեծ վստահություն։ Գուցե մերոնք ազնիվ են, ուշադիր ավելի»,- ասում է Բեժանյանը՝ նշելով, որ մինչդեռ հարևան մյուս երկիր՝ Իրան գնացողների թիվը, սովորաբար, շատ փոքր է։
Հարությունյանը նշում է, թե որպես խնամակալ աշխատել է միայն թուրքերի տանը.
«Խնդիր երբևէ չեմ ունեցել, ինձ վերաբերում են լավ, ես նաև թուրքերեն գիտեմ, սովորել եմ ծնողներիցս, որոնք հայրենադարձվել էին Հայաստան Սիրիայից։ Վախեր չունեմ, շատ հարգանքով են վերաբերվում, հիշում եմ Հրանտ Դինքին սպանելու օրերին ես դարձյալ այնտեղի էի, ազատ քննարկում էինք տեղի ունեցածն այնտեղի թուրքերի հետ»։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի էթնոսոցիոլոգիայի բաժնի վարիչ, էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանի կարծիքով՝ Թուրքիան` որպես աշխատանքային միգրացայի ուղղություն, հետաքրքիր երկիր է, սակայն կան նաև խոչընդոտներ, ինչպես օրինակ՝ պատմական հիշողություն՝ կապված ցեղասպանության հետ, կրոնական տարբերություններ, գենդերային դերերի փոփոխություն։
«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, թե ինչպես է հայ կինը խնամում տարեց թուրք ծերունու, գիշերակացով։ Սեռային տարբերությունների հետ է կապված, և մեր միգրանտները հաղթահարում են այդ խոչընդոտը նույնպես։ Միգրացիան հատում է բոլոր տեսակի սահմանները` պատմական հիշողության, կրոնական ու գենդերային»,- ասում է Գալստյանը՝ հավելով, որ Թուրքիայում տեղացիներին նույն աշխատանքի համար ավելի շատ են վճարում, քան անօրինական աշխատանքային միգրանտին, որոնց, սակայն, շատ չի հուզում իրենց կարգավիճակի խնդիրը. իրենց պետք է աշխատանք և որոշակի չափով վճարումներ։
Ֆեմինիզացումն ու խոցելիությունը
Միհրան Գալստյանի դիտարկմամբ` այսօր աշխարհում տեղի է ունենում աշխատանքային միգրացիայի ֆեմինիզացում։ Ըստ նրա` երկրներ կան, որտեղ միգրանտների 50 տոկոսից ավելին կանայք են։
«Մոլդովայի կանայք իրենց աշխատանքային միգրացայի 50 տոկոսից ավելին են, մոլոդովացի կանայք են վաստակում իրենց համախառն ներքին արդյունքի տասը տոկոսը և ավելին,- ասում է Գալստյանը՝ համեմատելով հայկական իրականության հետ ու նշում, որ այս ֆեմինիզացումը դեռևս չկա, կամ նոր ծիլեր է տալիս, ինչը պայմանավորված է մշակութային առանձնահատկություններով,- այս խնդիրը միշտ քննարկվում է ավանդականության խոսույթում, կանայք երբեք իրենց չեն վերապահում այնպիսի դերակատարում կամ «ստատուս», որը բնորոշ է տղամարդկանց։ Սովորաբար, նշում են՝ գնացել են այդ քայլին՝ ընտանիքին օգնելու համար»։
Էթնոսոցիոլոգը նշում է, որ կին աշխատանքային միգրանտների մասին, առհասարակ, շատ քիչ է գրվել, ուսումնասիրություններ գրեթե չեն արվել, անգամ արևմտյան գրականությունում նրանք չկան. կանանց միշտ ներկայացրել են ընտանիքին ուղեկցող, ընտանիքը վերամիավորող։ Սակայն, ի տարբերություն տղամարդկանց, կանայք ավելի խոցելի են։
«Օրինակ՝ Թուրքիա գնացող կանանց խմբում որոշակի տեղ են գրավում կանայք, ովքեր չեն ամուսնացել, կամ այրիներ են, տարեց կանայք են։ Հասարակությունը այդ կանանց նկատմամբ իր «կլիշեները» ունի, կոպիտ ասած, և կանայք, երբ գնում են Թուրքիա աշխատելու, նրանք մեկուսացվում են իրենց համայնքերում, այսինքն նրանց վարկանիշն ընկնում է,- բացատրում է Գալստյանը՝ նշելով, թե պատկերն այլ է, երբ կանայք գնում են Արևմտյան երկրներ, որտեղ ունեն բարեկամական կապեր,- Այն դեպքում, երբ կանայք հարազատների միջոցով են մեկնում արտագնա աշխատանքի ու մնում հարազատների տանը, այդքան սուր քննադատության չեն արժանանում, վարկանիշային առումով այս կանանց կերպարը տեղափոխվում է դեպի բարոյական դաշտ»։
Տաթևիկ Բեժանյանը նշում է, որ, այնուամենայնիվ, Հայաստանի աշխատանքային միգրացիոն հոսքերի մեջ կանանց թիվն այդքան մեծ չէ․ եթե անկախությունից հետո պահպանվում է տղամարդկանց 73-75 տոկոսը, կանանց թիվը 25-27 տոկոս է:
«Ի դեպ, այդ կանանց մի մասն էլ մշտապես եղել են ընտանիքի հետ մեկնող աշխատող կանայք։ Այսինքն, ամուսնու և երեխաների հետ են մեկնում ու իրենք ևս աշխատանքի անցնում»,- ասում է Բեժանյանը՝ օրինակ բերելով Վրաստանն ու Ղրղզստանը, որտեղ կանայք միգրացիոն հոսքերի մեջ գրեթե հավասար են տղամարդկանց, իսկ տարիքային շեմը երիտասարդ է, մինչդեռ Հայաստանում տարիքային շեմը բավականին բարձր է։
Ընտանիքների ձևափոխումը
54-ամյա Սրբուհի Կիրակոսյանը* երկար տարիներ աշխատել է Երևանի բանկերից մեկում, բայց արդեն 2019-ից հետո պարբերաբար մեկնում է ԱՄՆ, աշխատում, վերադառնում։
«Տան խնդիր ունեինք, վարկով գնեցինք, չէինք կարողանում վճարել։ Քույրս, որ Գլենդելում էր ապրում, խորհուրդ տվեց գնալ իր մոտ, ես ունեի վիզա։ Գնացի, օգնեցին, սկսեցի աշխատել հացի փռում, հետո մսի խանութ էր, իսկ հիմա արդեն երկու տարի է մի տատիկի եմ խնամում, այսինքն ամբողջ օրը անցկացնում են նրա հետ»,- ասում է Կիրակոսյանը՝ նշելով, որ աղջիկն ամուսնացած է, իսկ տղան մեծ է, ամուսնու հետ «յոլա են գնում այդ վեց ամիսը», մինչև ինքը վերադառնում է։
Աշխատանքային միգրացիայի հետևանքով ընտանիքում ամուսնու կամ կնոջ բացակայությունն իր ազդեցությունն է թողնում ավանդական ընտանիքի մոդելի վրա՝ փոխելով ամուսինների դերակատարումները։ Հատկապես մեծ խնդիր է արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց ընտանիքների հարցը։ Ընտանիք, որտեղ հայրը տարվա մեջ ընդամենը երեք ամիս է ներկա լինում։
«Նրանց ընտանեկան հարաբերությունները ձևավորվում են «դիստանցիոն», այս ընտանիքներում, մյուսների համեմատ, ունենք ամուսնալուծությունների աճ, բացի այդ, գոյություն ունի ընտանիքի ազգագրական շղթա, այս տղամարդիկ բացակայում են այդ շթղայի կարևորագույն օղակներում՝ սկսած երեխայի ծննդից։ Դեպքեր ենք գրանցել, երբ նոր ամուսնացած զույգերը դեռևս ադապտացված չեն իրար, համատեղ ապրելու փուլը դեռ չձևավորված՝ տղամարդիկ մեկնում են»,- ասում է էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանը՝ նշելով, որ ամենացավոտ ձևափոխումներից է լքված ընտանիքների թվաքանակը գյուղերում։
Էթնոսոցիոլոգը, հղում անելով իրենց կատարած հետազոտություններին, նշում է, որ հաճախ կանայք մնում են միայնակ, երեխաների ու ամուսնու տարեց ծնողների հետ, սակայն չեն դիմում ապահարզանի՝ տարիներով ապրելով այդ կարգավիճակով։
«Իրենք դա համարում են անընդունելի, բայց կա նաև տնտեսական կողմը․ ամուսինն այնտեղից գումարներ է ուղարկում,- ասում է Գալստյանը՝ նշելով, որ ընտանիքի ձևափոխման մեկ այլ տեսակ է, երբ տղամարդկանցից շատերն այնտեղ կազմում են ուրիշ ընտանիք,- Ցավալին այն է, որ Հայաստանում գտնվող ընտանիքը սիրո ու համերաշխության հենքից տեղափոխվում է դեպի տնտեսականը․ կինը, իմանալով այդ ամենի մասին, նորից, չի դիմում ամուսնալուծության, լինում են դեպքեր, երբ երկու կանայք կապի մեջ են լինում, կամ այցելում են իրար, սա, իհարկե, մեր քրիստոնեական մշակույթին հարիր չէ, բայց տարածվածություն ունի»։
Ըստ Բեժանյանի՝ մշտական միգրանտի որդին մեծանում է ապագա միգրանտ, քանի որ ինքն էլ արդեն մտածում է, որ դա ճիշտ ճանապարհն է, ինքն էլ պետք է ամուսնանա, թողնի այստեղ իր ընտանիքին, գնա դրսում աշխատի ու գումար ուղարկի։
«Ընտանիքի հայկական մոդելը շրջվել է։ Հեղինակություն հայրիկը միշտ բացակայել է և եղել է միշտ դրսից գումար ուղարկողը։ Երեխայի ամբողջ զարգացման պրոցեսում հայրը գրեթե բացակա է, ունենում են կարճ ժամականահատվածով առկա և հետո հեռախոսային զանգերով հայրիկ»,- կարծում է փորձագետը։
Այնուամենայնիվ, երբ կանայք են մեկնում արտագնա աշխատանքի, ընտանիքում ցնցումներն ավելի քիչ են լինում։ Ըստ Բեժանյանի՝ հայ կինը ճկուն է, արագ կողմնորոշվող, ցանկացած իրավիճակում փորձում է լուծումներ գտնել ընտանիքի հոգսն ամուսնու հետ կիսելու համար։
«Հիշենք 1990-ականները, մեկնում էին աշխատելու Լեհաստան, կանգնում էին այնտեղ շուկաներում ու հագուստ վաճառում։ Տարիքային այն խմբի կանայք էին, որոնք խորհրդային տարիներին աշխատում էին գործարաններում, կամ էլ փլուզումից հետո նրանց մասնագիտությունը դարձավ ոչ արդիական։ Հենց այդպես առաջին շոկը ապրեց ինժեներների հսկայական բանակը, մինչդեռ պետք էր ընտանիքին կերակրել»,- ասում է Բեժանյանը՝ նշելով, թե կանայք ավելի սթրեսակայուն են, քան տղամարդիկ, շատ արագ են սկսում նախաձեռնել, ելք գտնում իրավիճակից դուրս գալու համար։
Նա օրինակ է բերում Հայաստան տեղափոխված սիրիահայ կանանց, ովքեր կյանքում գոնե մեկ օր չէին աշխատել, ձեռագործ էին արել, լավագույն դեպքում՝ դպրոցում կամ մանկապարտեզում դաստիարակ էին աշխատել, մինչդեռ Հայաստանում ինքնադրսևորվեցին։
«Սիրիայում աշխատում էր մեկ տղամարդ ու կերակրում յոթ-ութ հոգանոց ընտանիքին։ Այստեղ այդ կանայք հասկացան, որ իրենց ունեցած հմտությունը կարող է կերակրել իրենց ընտանիքին։ Կանայք գործի դրեցին իրենց ճկունությունը, հաղթահարեցին այդ բեռը՝ լուծելով ընտանիքի հոգսը,- ասում է միգրացիայի փորձագետը՝ նշելով, թե հայ կանայք միշտ փորձում են առավելագույնն աջակցել ընտանիքին, իսկ տղամարդիկ էլ սկսել են ավելի հեշտ հարմարվել կնոջ բացակայությանը,- Կարծում եմ՝ ժամանակներն այլևս փոխվել են»։
*Անունները փոխվել են կանանց ինքնությունը պաշտպանելու համար:
Տեսեք նաեւ
Փոխելով սլաքները․ նոր մոտեցում ծերացմանը
«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության «Հիշողության սրճարան»-ում տարեցներն աշխուժորեն խաղում են թերապևտիկ խաղեր, ուղեղի և ձեռքերի վարժություններ կատարում, ձևավորում նոր սոցիալական կապեր՝ խթանելով առողջ ծերացմանն ու սոցիալական փոխազդեցությանը։ Իսկ ի՞նչ է անում պետությունը երկրի տարեց բնակիչների համար, պարզաբանում է Գոհար Աբրահամյանը։
Read moreՔարսիթներ. օրենքը կա, իրագործումը՝ ոչ
Տրանսպորտային միջոցներում մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործումը Հայաստանում թեև պարտադիր է, սակայն այնքան էլ մեծ տարածում չունի։ Մարգարիտա Ղազարյանն անդրադառնում է երեխաների անվտանգությունն ապահովող այս համակարգերի կիրառման հայաստանյան փորձին։
Read moreԸնտանեկան խճանկար․ ո՞րն է ավանդականը
Սոցիալ-մշակութային մի շարք փոփոխությունների արդյունքում ընտանիքի մոդելը Հայաստանում փոփոխությունների է ենթարկվել, գրում է Անի Ղուլինյանը՝ անդրադառնալով ընտանիքների կառուցվածքներին, ամուսնու ընտանիքի հետ ապրելու խնդիրներին ու հայկական ընտանիքի զարգացման պատմությանը։
Read moreՈրոշման առաջն ու հետոն. ամուսնալուծությունների աճող ցուցանիշը
Վերջին տասը տարում Հայաստանում ամուսնությունների նվազմանը զուգահեռ, ամուսնալուծություններն ավելացել են շուրջ տասը տոկոսով։ Մինչդեռ ամուսնալուծվելու որոշումն ունի հոգեբանական, սոցիալական և ֆինանսական հետևանքներ։
Read moreԾննդաբերություն դուլայի օգնությամբ
Ծննդաբերության ժամանակ աջակցող անձ ունենալն ընդունված է մի շարք երկրներում, սակայն Հայաստանում այն համեմատաբար նոր երևույթ է, և դուլաներն այստեղ մեծ թիվ չեն կազմում: Ծառայության մանրամասներին է անդրադառնում Մարգարիտա Ղազարյանը:
Read moreՄանկական մահացության նվազող, բայց մտահոգիչ ցուցանիշները
Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և կյանքի որակի հիմնական բնութագրիչներից համարվող 0-4 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը Հայաստանում թեև վերջին տասը տարիների ընթացքում նվազել է, սակայն դեռևս ընդհանուր մահերի շուրջ 1 տոկոսն է կազմում։
Read moreԴաշտանադադար. խոսելն «ամոթ» չէ
Կնոջ կյանքի ֆիզիոլոգիական, թերևս, անխուսափելի փուլերից մեկն է դաշտանադադարը, որի մասին հայաստանյան հասարակությունը դեռևս այդքան էլ պատրաստակամ չէ խոսել, դիմել օգնության ու մեղմել այս փուլի երբեմն բավական բարդ ընթացքը:
Read more