
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ
Միջավայրը, որտեղ մեծացել եմ, գերակշռող է եղել կանանցով։ Սուրճի սեղանի շուրջ ծավալվող խոսակցությունները, որ կարծես թեմաների անվերջ, կրկնվող շրջանակ լինեին, ընտանեկան խնդիրների մասին էին, որոնք այդ պատերից դուրս երբեք չէին բարձրաձայնվում։ Ես սիրում էի մնալ հյուրասենյակում ու լսել անկեղծության պահերին արված այդ զրույցները, բաներ, որ միայն կինը կնոջը կասեր։ Այս պատմությունների մեջ, որպես օրինաչափություն, խնդիրների մի գիծ կար, որ առաջ էր եկել բազմասերունդ, ընդլայնված ընտանիքում ապրելու հետևանքով առաջացած կենցաղային տարաձայնություններից։ Հետահայաց հիշելով այդ պատմությունները, ուսումնասիրելով թեման, հասակացա, որ այս խնդիրներն ու դրանց պատճառները պարզ ու միաշերտ չեն։ Ներանձնային թվացող խնդիրները, իրականում, սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական հարցեր են, որ հաճախ կանխակալում են, թե որտեղ և ինչպիսի կառուցվածք ունեցող ընտանիքում է ապրելու մարդը։
Դեռևս 2009 թվականին հարավային Կովկասի երեք հանրապետություններում կատարած հարցումները պարզել են [1], որ ամուսնու ընտանիքի հետ ապրող կանանցից շատերն իրենց վիճակը գնահատում են ոչ բավարար, իսկ առանձնանալու հնարավորության բացակայությունը՝ դեպրեսիվ։ Նրանց մի զգալի մասի համար առանձնանալը կյանքի կարևոր իրադարձություններից է և անգամ տոնելու առիթ։
«Նրա բազմաթիվ որդիների համար, որոնց յուրաքանչյուրը իր զավակներով մի մեծ ընտանիք կարող էր կազմել, առանձին սենյակներ չկային, այլ բոլորը ապրում էին միևնույն հարկի տակ, միևնույն սենյակում, որ ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ չորս պատ, ծածկած ահագին գերաններով: Այստեղ վառում էին, այստեղ թխում էին, այստեղ կերակուր էին պատրաստում, այստեղ բոլորը միասին ուտում էին և այստեղ բոլորը միասին պառկում էին»,- Րաֆֆին իր 19-րդ դարի վերջին գրված «Խենթը» վեպում ներկայացնում էր հայկական գյուղերից մեկում ապրող Խաչոյի ընտանիքը, որ կազմված էր իր 7 զավակներից, նրանց կանանցից, երբեմն էլ Խաչոյի թոռների ընտանիքներից։
Ընտանիքի այս ձևին այսօր կանվանեինք ընդլայնված (extended) կամ բազմասերունդ (multigenerational), երբ նույն հարկի տակ ապրում են երեք կամ ավելի սերունդներ։
Եթե Հայաստանում «ավանդական ընտանիք» է համարվում հենց ընդլայնված ընտանիքը, ապա Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ, Կանադա), օրինակ, ավանդականի պատկերացումներն ավելի շատ վերաբերում են միջուկային ընտանիքին։
Միջուկային (nuclear) ընտանիքը ներառում է, ամուսնացած զույգին, նրանց երեխաներին։ Տերմինն առաջին անգամ կիրառվել է 1926-ին։
Փոքր տարիքում, ամուսնու ընտանիքի հետ ապրելուց առաջացած խնդիրների մասին բազմաթիվ պատմություններից ազդված, համոզված էի, որ ամուսնանալուց հետո առանձին ընտանիք ու տուն եմ ունենալու։ Բայց բարեկամներս ասում էին, որ այդպիսի ընտրություն կատարելու հնարավորություն ոչ բոլորն են ունենում։ Ամուսնու ծնողներին մշտական խնամելու անհրաժեշտությունը, մանկահասակ երեխաներին տատիկ-պապիկների հետ թողնելու հնարավորությունը կամ ֆինանսական տարատեսակ խնդիրները կարող են քո փոխարեն որոշիչ գործոն լինել։
Հաճախ Հայաստանում նոր ընտանիքները սկզբում ստեղծվում են ընդլայնված ընտանիքի ներսում և որոշ ժամանակ անց առանձնանում են՝ դառնալով միջուկային։
Սոցիալ-մշակութային մի շարք փոփոխությունների արդյունքում ընտանիքի մոդելը Հայաստանում փոփոխությունների է ենթարկվել։ Կանանց կրթական մակարդակի բարձրացման, քաղաքային բնակչության ավելացման, տնտեսական գործոնների նաև այս կամ այն պետական քաղաքականության ազդեցությամբ Հայաստանում ընդլայնված, բազմասերունդ ընտանիքների կողքին արդեն կարելի է տեսնել բազմաթիվ միջուկային ընտանիքներ։ Մարքսիստական տեսությունը գտնում էր, որ միջուկային ընտանիքը, ի տարբերություն ընդլայնվածի, չի ձևավորվել պատմականորեն, այլ ավելի շուտ կապիտալիստական հասարակարգի զարգացմանը զուգահեռ ու ծառայում է դրա պահանջներին։ Այն ավելի հեշտ է դարձնում հասարակության մեջ նոր նորմերի ձևավորումն ու ամրապնդումը, կապիտալի մեկ սերնդից մյուսին անցումը։
Օրինակ՝ ԱՄՆ-ում միջուկային ընտանիքի մոդելն ավելի տարածված էր 1950-ականներին, երբ ֆիլմերում, գրքերում ու հեռուստատեսությամբ լայնորեն քարոզվում էր հորից, մորից և նրանց երկու երեխաներից կազմված այս ընտանիքը։ Այն մի քանի տասնամյակ շարունակ ամենաօրինակելին էր համարվում։
Այսօր արևմտյան հասարակություններում միջուկային ընտանիքն այլևս ամենատարածվածը չէ։ 1970-ականերին արագորեն ավելացան այն ընտանիքները, որոնք չէին տեղավորվում «ավանդական» միջուկային ընտանիքի սահմանումներում։ Դրանց անվանեցին այլընտրանքային (alternative or variant) [2]։
Եթե ընդհանրացնենք տեսաբանների կողմից առաջարկվող բոլոր սահմանումները, ապա այլընտրանքային ընտանիքը կներառի մեկ ծնող ունեցող, միասին ապրող, բայց չամուսնացած, միասեռական, բաց ամուսնությամբ, կամ բազմասերունդ ընտանիքները։
Հայկական ընտանիքը ևս ունի իր զարգացման առանձնահատուկ պատմությունը։
Հայկական ավանդական, ընդլայնված ընտանիքի անդամների թիվը մինչև նախորդ դարի կեսերը 10-15 էր։ Ըստ մարդահամարի՝ 1970-ին հայ ընտանիքների միջին չափը 5 մարդ էր, 1989-ին՝ 4,7, 2001-ին՝ 4,11, իսկ 2011-ին՝ 3,92 [3]։
ՄԱԿ-ի 2017-ի Household Size and Composition Around the World զեկույցը ներկայացնում է տվյալներ այն ընտանիքների մասին, որտեղ կան և՛ մինչև 15 տարեկան երեխաներ, և 60-ն անց մարդիկ։ Հայաստանում դրանք կազմում են հարցված ընտանիքների ընդհանուր թվի 16 տոկոսը։ Աշխարհի մյուս երկրների տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանն այս ցուցանիշներով զբաղեցնում է միջին դիրք, երբ ամենաշատ բազմասերունդ ընտանիքներն ընդհանուր բնակչության հետ հարաբերակցությամբ Սենեգալում են՝ մոտ 37 տոկոս, իսկ ամենաքիչը՝ Նիդերլանդներում՝ 1 տոկոսից էլ քիչ։
Խորհրդային Միության կազմի մեջ մտնելուց հետո, արդունաբերության զարգացմանն ու քաղաքային բնակչության ավելացմանը զուգահեռ, ընդլայնված ընտանիքի կողքին կարելի էր տեսնել նաև միջուկային ընտանիքներ։ Այնուամենայնիվ, միջուկային ընտանիքների թվի զգալի աճն ավելի շատ բնորոշ է վերջին տարիներին։
Հայաստանում դեռևս ընթանում է ընդլայնված ընտանիքից միջուկային ընտանիքի անցնելու փուլը, բայց հայ հասարակությունը ևս բազմաշերտ է, և ընտանիքի մոդելները չեն սահմանափակվում այս երկուսով։ 1988-ի Սպիտակի երկրաշարժը, Ղարաբաղյան Առաջին պատերազմը, 2020-ի Արցախյան պատերազմը, արտագաղթը, օրինակ, պատճառ են դարձել, որպեսզի ավելանան միայն մեկ ծնող ունեցող ընտանիքները։
Հայաստանին բնորոշ ընտանիքի մեկ այլ տարածված ձև է, երբ ընտանիքի հայրը մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ ընտանիքի մյուս անդամները՝ կինը և երեխաները մնում են Հայաստանում [3]։
Այս ցանկը, իհարկե, ամողջական չէ, բայց անդրադառնում է իրադարձությունների, որոնք մշակութային փոփոխությունների ու պետական քաղաքականության հետ միասին ազդել են երկրում ընտանիքի կառուցվածքի վրա։
Նոր ընտանիք, նո՞ր տուն
Երբ պետությունը ներդրումներ է կատարում երկարաժամկետ ծրագրման մեջ, դա հիմնականում միտված է ստեղծել հասարակություն, որն արդյունավետորեն բավարարում է այդ պետության պահանջները: Պետական ծրագրերը, որ օգնում են երիտասարդ ընտանքիներին ավելի լավ պայմաններով բնակարաններ ձեռք բերել, կարող են անուղղակիորեն անդրադառնալ այդ ընտանիքի կառուցվածքի վրա։ Օրինակ, եթե նոր ամուսնացած զույգերին առաջարկած բնակարանները զբաղեցնում են փոքր մակերես, ապա այդ տներում բազմասերունդ ընտանիքի բնակեցումն ավելի քիչ հավանական է։
1960-ականներին քաղաքներում անհրաժեշտ թվով բնակարանների բացակայության խնդիրը լուծելու համար Նիկիտա Խրուշչովի կառուցած «խրուշչովկաները» այսպիսի օրինակ են։ Սրանք բետոնից կառուցված 3-5 հարկանի շինություններ էին, 30-60 մ քառ․ մակերեսով, ստեղծված փոքր ընտանիքների համար։ Թեև խրուշչովկաները ժամանակավոր լուծում էին, բայց դրանց մեծ մասը դեռևս բնակեցված է Երևանի որոշ թաղամասերում և հետխորհրդային այլ քաղաքաներում։ Ոչ որպես այս ծրագրի առաջնային նպատակ, բայց որպես հետևանք, քաղաքային բնակավայրեր տեղափոխվող կամ նոր ամուսնացած շատ զույգեր ապրում էին միջուկային, փոքր ընտանիքներում:
Պետական միջամտության օրինակ է նաև Հայաստանում Երիտասարդ ընտանիքներին՝ մատչելի բնակարան պետական ծրագիրը, որը գործում է դեռևս 2010-ից։ Այն նպատակ ունի աջակցել նոր ձևավորվող ընտանիքներին` իրենց առաջին բնակարանը ձեռք բերելու հարցում։ Ծրագրի հիմնավորումը բացատրում է, որ այս անհրաժեշտությունն առաջացել է երբ պարզվել է, որ երիտասարդ ընտանիքների մեծ մասի համար նոր բնակարան ձեռք բերելը ֆինանսապես անհաղթահարելի խնդիր է։
«Ամուսնացած երիտասարդների շուրջ 46 տոկոսը պատրաստ է բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկավորման միջոցով, սակայն նրանց մեծ մասը խուսափում է նշված միջոցից` նկատի ունենալով բարձր տոկոսադրույքները և վստահության բացակայությունը ներկայումս գործող հիփոթեքային համակարգի նկատմամբ: Հարցված երիտասարդների շուրջ 90 տոկոսն ընտանիքի կազմավորման և լիարժեք կենսագործունեության համար, ի թիվս այլ պայմանների, ամուսնության համար պարտադիր պայման է համարում բնակարան ունենալը»,- նշված է օրենքի հիմնավորման մեջ։
Պահանջները, որոնք սահմանում են ծրագրի շահառուների շրջանակը, հիմնական խմբում ընդգրկել են այն երիտասարդ ընտանիքներին, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը։ Միևնույն ժամանակ, ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չպետք է գերազանցի 35-ը։
Մյուս նմանատիպ ծրագիրը եկամտահարկի վերադարձով բնակարան գնելու հնարավորությունն է։ Այն առաջարկում է առաջնային շուկայից, մինչև 55 մլն արժողությամբ բնակարան գնել, տոկոսոագումարը փոխհատուցելով վարկառուի վճարած եկամտահարկից։
Ծրագրից 2023-ի վերջի դրությամբ օգտվել է 38.911 մարդ, իսկ 2018-2023 թվականներին կառուցվել ու գրանցվել է 132.042 անշարժ գույքի միավոր։
Չնայած միջուկային ընտանիքների թվի մեծացումն այս ծրագրի առաջնային նպատակը չէ, բայց՝ հաշվի առնելով գումարի այն չափը, որ նախատեսվում է բնակարանի ձեռքբերմանն աջակցելու համար, շահառուների տարիքային սահմանափակումը և անշարժ գույքի շուկայի այժմյան դրությունը, կանխորոշում է, որ այս բնակարանները մեծամասամբ նախատեսված են երիտասարդ զույգի և նրանց երեխաների համար:
«Ձեզանից չէինք սպասում»
Մարինե Ղազարյանը, ով 34 տարեկան է, ամուսնացել և անմիջապես ապրել է ամուսնու ծնողների հետ, շուրջ 13 տարի։ Թեև ամուսնու հայրական տունը մեծ ու հարմարավետ է եղել, իսկ ծնողների հետ հարաբերությունները լավ, Մարինեն ամուսնությունից կարճ ժամանակ անց հասկացել է, որ իրենց առանձին տուն է հարկավոր։ Ինչքան էլ իրար լավ հասկանան, երեխաների դաստիարակության, կենցաղավարման, անձնական տարածքի հետ կապված բազմաթիվ հարցերում նրանք սերնդային տարաձայնություններ են ունեցել։ Պատճառները, որ հետ են պահել երիտասարդ զույգին առանձին տուն տեղափոխվելուց՝ թե՛ մշակութային են, թե՛ տնտեսական։
«Որոշ ժամանակ խոսակցություններ եղան ամունուս հետ, սկզբում ինքը բացասական էր վերաբերում տեղափոխվելու մտքին, ասում էր, որ չի պատկերացնում, թե ինչի պիտի թողնենք էս մեծ տունն ու ծնողներին, գնանք ուրիշ տեղ»,- ասում է նա՝ հավելելով, որ ընտանիքի որոշման վրա ազդել է նաև ֆինանսական բավարար միջոցների բացակայությունը, որ անհրաժեշտ էր տան կանխավճար տալու և տոկոսագումարը վճարելու համար։
Սկզբում Մարինեն տան միակ անդամն է եղել, որը ոգևորված էր նոր տուն տեղափոխվելու գաղափարով, բայց հասարակության մեջ կատարվող փոփոխությունները ևս ազդել են ընտանիքի մյուս անդամների կարծիքների վրա․
«Երբ սկեսուրիս ընկերուհիները երեխաներին ամուսնացնում էին ու չէին էլ քննարկում միասին ապրելու տարբերակը, ինքն էլ սկսեց ասել, բա հնարավորություն չունենայի՞նք, դուք էլ առանձին ապրեիք»։
Երբեմն էլ ծնողներին մենակ չթողնելու հասարակական ճնշումն է դեր խաղացել, որը, սակայն, Մարինեին չի խանգարել։ Բայց անգամ առանձնանալուց հետո բարեկամներից մարդիկ են եղել, որ ասել են՝ «Ձեզանից չէինք սպասում նման բան»։
Ի վերջո, ամուսինները, օգտվելով եկամտահարկի վերադարձի մասին օրենքից, գնել են բնակարան նորակառույց շենքում՝ ամուսնու ծնողներին բավականին մոտ, ինչը միաժամանակ և՛ անձնական տարածք ու ավելի շատ ժամանակ է տալիս ամուսիններին միասին լինելու, շփվելու համար, և՛ օգնում է շարունակել պահել կապը ամուսնու ծնողների հետ, նրանց ներգրավել երեխաների դաստիարակության և խնամքի գործում։
Հետազոտողները չեն պարզել
Երկար ժամանակ ես տեսել եմ, որ երիտասարդների, և հատկապես կանանց օրինակելի կյանքի ուղին ամուսնանալն ու հայրական տնից անմիջապես ամուսնու ընտանիք գնալն է։ Եվ հարցի պատասխանը, թե այս ամբողջ պատմության մեջ, ե՞րբ է վերջապես գալու այն պահը, երբ ես կապրեմ մենակ կամ իմ ընտրած մարդու հետ, եղել է երբեքը։ «Անկախության սերունդ հետազոտություն երիտասարդների շրջանում» զեկույցը նշում է, որ գյուղական համայնքներում երիտասարդներն ավելի մեծ ֆինանսական կախվածություն ունեն ծնողներից, քան իրենց տարեկից քաղաքաբնակները։ Հայաստանում 14-29 տարեկան երիտասարդների 26 տոկոսն ապրում է ծնողների լրիվ խնամքի տակ, իսկ 17 տոկոսը ֆինանսական օգնություն է ստանում նրանցից։
Չնայած տարածված կարծիքին, որ արևմտյան արժեքների ներթափանցումը մեր հասարակություն հանգեցնում է ավանդական հայ ընտանիքի հիմքի խարխլման, պետք է նշել, որ այս փոփոխությունների մեծ մասը հիմնված է իրարից առանձին տեղի ունեցող այս կամ այն տնտեսական, ժողովրդագրական, քաղաքական կամ մշակութային փոփոխության վրա։ Ընտանիքի ընդլայնված, իսկ մեզ մոտ ավելի հայտնի որպես ավանդական մոդելը, բնորոշ չէ միայն հայերին, այլ իր հերթին առանձին հասարակություններում, տարբեր ժամանակներում առաջացած կառուցվածք է, որ ծառայել է այդ ժամանակի մարտահրավերներին։
Ամուսնությունից առաջ և հետո ծնողներից առանձին ապրելն այսօր արդեն անպատկերացնելի, կամ միայն ամերիկյան ֆիլմերում տեսած օրինակ չէ, այլ իմ և շուրջս ապրող մարդկանց պատմությունները։ Հասարակությունը դառնում է ավելի բազմազան ու բազմաշերտ, և այս փոփոխությունները պետք չէ ընկալել միանշանակ լավը կամ վատը, այլ պարզապես ընդունել դրանք՝ որպես իրողություններ։
Ծանոթագրություններ.
[1] Ken Roberts, Gary Pollock, Sabina Rustamova, Zhala Mammadova & Jochen Tholend, “Young adults’ family and housing life-stage transitions during post-communist transition in the South Caucasus”(2009)
[2] Betty E. Cogswell, “Variant Family Forms and Life Styles: Rejection of the Traditional Nuclear Family”, The Family Coordinator (1975)
[3] Pogosyan G., “Armenian family. Between tradition and modernity” (2021), Issue 10 C. 106-115
Մեր հայերեն էջից
Դասեր Ֆինլանդիայի արտաքին և անվտանգային քաղաքականությունից
ՀԱՊԿ֊ին անդամակցության հավանական դադարեցման և արտաքին ու անվտանգային քաղաքականության վերանայման շրջանակում վերջերս Հայաստանում խոսվում է Ֆինլանդիայի մոդելի մասին՝ նախկինում արծարծվող Իսրայելի և Սինգապուրի փոխարեն։ Ֆինլանդիայի ու Հայաստանի իրավիճակի նմանությունների ու տարբերությունների, և ֆինլանդական փորձի կիրառելիությանն է անդրադառնում Սոսի Թաթիկյանը։
Read moreԱպակարգավորման և մրցակցության ծուղակները Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայում
Էլեկտրաէներգիայի մանրածախ շուկայում մրցակցության ներմուծումն օգուտ կբերի՞ սպառողներին, թե՞ ապականոնակարգումը կհանգեցնի շուկայի մանիպուլյացիայի ու գների բարձրացման անբարենպաստ պայմաններ կստեղծի սպառողների, հատկապես բնակչության համար: Բացատրում է տնտեսագետ Արա Խանջեանը։
Read moreԱրցախից Գազա, ոչ ոք ազատ չի լինի
Աշխարհում ամենամեծ վավերագրական փառատոնը թեև 2023-ին զուգակցվեց մի շարք վեճերով ու գրեթե ձախողվեց, սակայն փառատոնի հիմնական մրցույթում ներկայացված հայկական ֆիլմը բացառիկ հաջողություններ գրանցեց։
Read moreՈվքե՞ր կօգտվեն բանակից փողով ազատվելու հնարավորությունից
Զինվորական ծառայությունից խուսափածների ազատազրկմանն ի՞նչ այլընտրանքեր են առաջարկում, սոցիալական ու իրավական ի՞նչ խնդիրներ են առաջացնում և ի՞նչ տեսլական ունեն զինծառայությանը վերաբերող օրենքի վերջերս ուժի մեջ մտած փոփոխությունները։
Read moreՈրոշման առաջն ու հետոն. ամուսնալուծությունների աճող ցուցանիշը
Վերջին տասը տարում Հայաստանում ամուսնությունների նվազմանը զուգահեռ, ամուսնալուծություններն ավելացել են շուրջ տասը տոկոսով։ Մինչդեռ ամուսնալուծվելու որոշումն ունի հոգեբանական, սոցիալական և ֆինանսական հետևանքներ։
Read moreՄենախոսություններ. Արցախում մնացած տների մասին
«Ղարաբաղի բնակչությունը լքեց իր տունը, դարավոր ծառերն արմատներով պոկեցին հողից ու անհայտության գիրկը նետեցին», սեպտեմբերի 19-ի աղետի մասին այսպես է գրում ռուս լրագրող Յան Շենկմանը, որը Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, իսկ Արցախի բնակչության տեղահանությունից հետո որոշել է հավաքել արցախցիների մենախոսություններն իրենց կորսված տների մասին։
Read more90-ականներ, 2000-ականներ… հիման և պատերա՞զմը…
Մինչ տեղի են ունենում պատերազմներ, պետք է հասկանանք՝ հայ գրականության մեջ 90-ականներից այս կողմ պատերազմներն ի՞նչ են արել գրականության հետ, ու ինչ ունենք, որպես, այսպես կոչված, «պատերազմական գրականություն»: Մարիամ Ալոյանը ներկայացնում է այդ կարճ հարցի երկար ձևակերպումը։
Read more