Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Վերջերս Հայաստանի քաղաքական խոսույթում որպես արտաքին և անվտանգային քաղաքականության հնարավոր մոդել խոսվում է Ֆինլանդիայի մասին։ Նախկինում արծարծվում էին Իսրայելի ու Սինգապուրի մոդելները, իսկ Ֆինլանդիայի մոդելը Հայաստանում հետաքրքրություն է առաջացրել վերջին երկու տարում։
Ֆինլանդիայի մոդելը Հայաստանի քաղաքական խոսույթում արծարծվում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրին (ՀԱՊԿ) անդամակցության հավանական դադարեցման և արտաքին ու անվտանգային քաղաքականության բազմազանեցման, մասնավորապես, Արևմուտքի հետ համագործակցության նշանակալից և շրջադարձային ներուժ ունեցող զարգացման շրջանակում։ Քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը (ՆԱՏՕ) Հայաստանի անդամակցության քննարկումն անհնարին է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, ապա ենթադրվում է, որ ՀԱՊԿ֊ից դուրս գալու պարագայում Հայաստանը կորդեգրի չեզոքություն, Եվրամիությանն անդամակցության կներկայացնի, իսկ անվտանգային առումով՝ կընդունի ոչ դաշնակցային կամ ոչ բլոկային պետության կարգավիճակ, ինչպիսին Ֆինլանդիան ուներ տասնամյակներ շարունակ՝ վերջերս ՆԱՏՕ֊ին անդամակցելուց առաջ։
Կարևոր է ընդգծել, որ ճիշտ չէ որևէ երկրի փորձ կրկնօրինակել այլ երկրի համար, մանավանդ այնպիսի բարդ ոլորտներում, ինչպիսիք են արտաքին ու անվտանգային քաղաքականությունը։ Անհնարին է գտնել երկու երկիր լիովին նույնանման իրավիճակում և նույնանման մարտահրավերներով, և ցանկացած փորձի հանդեպ պետք է կիրառել վերլուծական ու քննադատական մոտեցում։ Միաժամանակ, երկու երկրների իրավիճակի միջև որոշակի նմանությունների հիման վրա, հնարավոր է մատնանշել այլ երկրի փորձի առանձին տարրերը, դրանցից քաղել դրական ու բացասական դասեր, և դրանք հարմարեցնել սեփական երկրի յուրահատկություններին։
Ֆինլանդիան եվրոպական միակ երկիրը չէ, որն ունեցել է չեզոքության կարգավիճակ, մյուս երկրներն են Իռլանդիան, Շվեյցարիան, Ավստրիան, Մալթան և մինչև Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ֊ի անդամակցության հայտ ներկայացնելը՝ Շվեդիան [1]։ Այս բոլորը փոքր պետություններ են, որոնք չեզոքություն ընդունեցին անցյալ դարի համաշխարհային պատերազմներից հետո։ Պետք է նշել, որ այս պետություններից յուրաքանչյուրի որդեգրած չեզոքության հայեցակարգն ունի իր յուրահատկությունները։ Որպես փոքր պետություններ, այս երկրներն ունեն սահմանափակ ռեսուրսներ և կարողություններ, և չունեն բավարար ուժ կամ ազդեցություն այլ երկրների հետ իրենց հարաբերություններում, որը նրանց խոցելի է դարձնում մեծ պետությունների ճնշմանը՝ դժվարացնելով նրանց կողմից ինքնիշխան որոշումների կայացումը։ Փոքր պետությունների մեծամասնությունն ընտրել է ռիսկերը կառավարելու այլ ճանապարհ՝ դաշինքի կամ կոալիցիայի մաս դառնալը, որը կարող է արտահայտվել որևէ մեծ պետության պաշտպանությունը ձեռք բերելու և կամ էլ միջազգային ու տարածաշրջանային ազդեցիկ կառույցներից մեկին անդամակցության միջոցով: Միջազգային կառույցներից իրականում միայն ՆԱՏՕ֊ն է հավաքական անվտանգային և Աֆրիկյան Միությունն իր ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ միասին՝ խաղաղապահական գործառույթ կատարում իր անդամների համար, և հիմա Եվրամիությունն է ձգտում հասնել ռազմավարական ինքնավարության անվտանգության ոլորտում իր Անվտանգային և պաշտպանության ընդհանուր քաղաքականության միջոցով, իսկ ՀԱՊԿ֊ը ցույց է տվել իր սնանկությունը։
Եվրոպական փոքր չեզոք պետություններից Հայաստանի համար առավել ուսանելի և կիրառելի օրինակ է Ֆինլանդիան, քանի որ ի տարբերություն մյուս այդպիսի երկրների, որոնք վերջին տասնամյակներում չեն ունեցել անվտանգային անմիջական մարտահրավերներ, Ֆինլանդիան Ռուսաստանի Դաշնության հետ ունի անմիջական սահման և հակամարտության պատմություն։ Այդ հակամարտությունը ներառել է թե Կարելիայի համար տարածքային վեճ, և թե Ֆինլանդիայի ինքնիշխանության հանդեպ Ռուսաստանի կողմից վտանգ։ Ունենալով հանդերձ անվտանգային թե՛ կոնվենցիոնալ, թե՛ հիբրիդային մարտահրավերներ, և չունենալով շոշափելի աջակցություն որևէ դաշինքի կամ պետության կողմից, Ֆինլանդիան որդեգրեց չեզոքություն, նվազեցրեց Ռուսաստանից բխող վտանգները, զարգացրեց Արևմուտքի հետ հարաբերությունները ԵՄ֊ում ինտեգրման և իր անվտանգային ու պաշտպանական համակարգի փոխգործունակությունը ՆԱՏՕ֊ի անդամ երկրների հետ՝ Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում համագործակցության միջոցով։ Այդ ամենն աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում հնարավոր դարձրեց երբևէ ամենաարագ անդամակցումը ՆԱՏՕ-ին։
«Ֆինլանդացում» տերմինի բացատրությունը
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո և հատկապես Սառը պատերազմի ընթացքում՝ մինչև ՆԱՏՕ֊ին անդամակցելու ուղին բռնելը, Ֆինլանդիայի կողմից Ռուսաստանից բխող վտանգների կառավարումը որդեգրելու համար ընտրված քաղաքականությունն անվանվում էր «ֆինլանդացում»։ Այդ տերմինը ծագել է Արևմտյան Գերմանիայում 1960-1970 թթ. և օգտագործվել է ՆԱՏՕ-ի երկրների կողմից, սակայն վերջին տասնամյակներում Ֆինլանդիայում այդ տերմինը համարվել է վիրավորական, քանի որ, ըստ որոշ վերլուծաբանների, այն փաստացի համարժեք է եղել «վասալացման»։ Տերմինը կիրառվել է ոչ միայն Ֆինլանդիայի, այլև 1871-1940 թթ. Գերմանիայի հանդեպ Դանիայի և մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ Գերմանիայի հանդեպ Շվեյցարիայի քաղաքականությունը բնութագրելու համար։
«Ֆինլանդացում» տերմինը նշանակում է, որ առավել հզոր ու մեծ երկրի հարկադրանքով առավել փոքր հարևան երկիրը չի ընդդիմանում առաջինի թելադրած արտաքին քաղաքականության կանոններին՝ իր ինքնիշխանությունն ու քաղաքական համակարգը պահպանելու դիմաց և մեծ երկրի շահերից ու մտահոգություններից ելնելով, այսինքն իրականում՝ որոշակի սպառնալիքների ներքո։ Ֆինլանդիան խուսափում էր սադրել Խորհրդային Ռուսաստանին և անտագոնիստական հարաբերություններ ունենալ վերջինիս հետ՝ ՆԱՏՕ-ի անդամակցություն չհետապնդելով, միաժամանակ հանդիսանալով արևմտյան քաղաքակրթության մաս և Արևմուտքի հետ սերտ հարաբերություններ զարգացնելով։
Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի սկզբում, որոշ վերլուծաբաններ առաջարկում էին Ուկրաինայի պոտենցիալ «չեզոքացում» կամ «ֆինլանդացում»` որպես պոտենցիալ անվտանգային երաշխիք ՆԱՏՕ֊ի ընդլայնման հետ կապված Ռուսաստանի մտահոգությունները փարատելու համար։ Սակայն, Ուկրաինան ու ՆԱՏՕ֊ի անդամների մեծ մասը հակադրվեցին այդ գաղափարին` հայտարարելով, որ ՆԱՏՕ֊ի անդամակցությունը տվյալ իրավիճակում Ուկրաինայի անվտանգության միակ երաշխիքն է։
Խորհրդային Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև 1940֊ականների հակամարտությունը
Ֆինլանդիան ավելի քան հարյուր տարի ռուսական կայսրության մաս է կազմել՝ մինչև 1917-ի անկախության հռչակումը։ 1939-ին Նացիստական Գերմանիան և Խորհրդային Միությունը համաձայնեցին, որ Ֆինլանդիան պատկանում է ԽՍՀՄ֊ի ազդեցության գոտուն։ 1940-ի Ձմեռային պատերազմով ԽՍՀՄ-ը ներխուժել է Ֆինլանդիա՝ ձգտելով այն բռնազավթել, և գրավել է երկրի արևելքը, որից հետո կնքված մոսկովյան համաձայնագրով բնակչությունը տարհանվել է։ Նրանցից շատերը վերադարձան 1941-1944 թթ.՝ նացիստական Գերմանիայի հետ համագործակցությամբ հաջորդած պատերազմի ընթացքում, որի միջոցով Ֆինլանդիան փորձեց այդ տարածքները հետ ստանալ և պարտվեց։
Այդ երկու պատերազմների ընթացում 100,000 ֆին զոհվեց։ Ֆինլանդիան հարկադրված էր իր տարածքի շուրջ տասը տոկոսը՝ Կարելիան և հարակից տարածքները զիջել Խորհրդային Ռուսաստանին, որպեսզի պահպաներ իր անկախությունը և չդառնար ԽՍՀՄ֊ի մաս։ 1944-ի կնքված մոսկովյան զինադադարով Ֆինլանդիան ԽՍՀՄ-ի պահանջով տասն օրում ամբողջությամբ տարհանեց Ֆինլանդիայի բնակչության տասնմեկ տոկոս հանդիսացող 400.000 քաղաքացիների և ԽՍՀՄ-ին վճարեց մեծ ռազմատուգանք։ Դրան հաջորդեց 1948-ի համաձայնագիրը և Ֆինլանդիայի կողմից չեզոքության հռչակումը, որի արդյունքում ԽՍՀՄ֊ն ընդունեց Ֆինլանդիայի ինքնիշխանությունը, իսկ Ֆինլանդիան ընդունեց, որ ԽՍՀՄ֊ն ունի լեգիտիմ շահեր Բալթյան ծովում և մինչև անգամ բուն Ֆինլանդիայում։
Ռուսաստանն ու Ֆինլանդիան բազմիցս կրկնել են, որ երկու երկրների միջև բաց տարածքային վեճ չկա։ Կարելիայից սերող ֆինները հաջողությամբ ինտեգրվել են Ֆինլանդիայի բնակչության մեջ։ Ֆինլանդիայի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ երկու երկրների միջև սահմանը կարող է փոփոխվել խաղաղ բանակցությունների միջոցով, սակայն ակնհայտ է, որ ՌԴ-ն երբևէ չի արտահայտել այդ տարածքները վերադարձնելու ցանկություն։ 1994-ին Ելցինը հայտարարեց, որ «ֆիննական Կարելիայի գրավումը» Ստալինի տոտալիտարիզմի և ագրեսիվ քաղաքականության հետևանք էր, սակայն ավելի ուշ՝ 1997-ին, նա հայտարարեց, որ հարցը փակված է։ 2000-ին Պուտինը հայտարարեց, որ այդպիսի քննարկումները կարող են վնասել ռուս-ֆիննական հարաբերություններին, իսկ 2001-ին, որ սահմանների փոփոխությունը խնդիրների լուծման լավագույն ձևը չէ, սակայն հնարավոր լուծումներ կարող են լինել «ինտեգրումն ու համագործակցությունը»։ 2005-ին Լավրովը հայտարարեց, որ եթե ՌԴ-ին խնդրանք ներկայացվի այդ տարածքները վերադարձնելու վերաբերյալ, պատասխանը, միանշանակ, բացասական կլինի։
Ֆինլանդիայի չեզոքությունը Սառը պատերազմի ընթացքում և դրանից հետո
Սառը պատերազմի ժամանակ Ֆինլանդիան տասնամյակներ շարունակ զգուշորեն փորձել է ՌԴ-ի հետ պահպանել չեզոքություն և կառուցողական երկկողմ տնտեսական հարաբերություններ, որն էլ «ֆինլանդացման» քաղաքականության դրսևորումներից էր։
Սառը պատերազմի ավարտից հետո Ֆինլանդիայի իշխանությունները սկսեցին վարել երկակի անվտանգային ռազմավարություն. մի կողմից նրանք պահպանում էին Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները, մյուս կողմից՝ ամրապնդում էին ազգային պաշտպանությունը։ Ֆինլանդիան հաջողությամբ զարգացրեց տարածքային ինքնապաշտպանության հայեցակարգը՝ որպես չեզոքության քաղաքականության բաղադրիչ։ Եթե Արևելյան Եվրոպայում հիմնականում հիմնվում էին ԱՄՆ-ի կողմից պաշտպանություն ստանալու ակնկալիքի վրա, ապա Ֆինլանդիան հենվում էր ինքնապաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հայեցակարգերի վրա։ 5,5 միլիոնանոց երկրում Ֆինլանդիան ապահովեց 280․000֊անոց զինված ուժեր և ռազմական պատրաստություն անցած 900.000 պահեստազորայիններ։ Ֆինլանդիան իր համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը ծախսում էր պաշտպանության վրա, որն ավելի բարձր էր, քան ՆԱՏՕ-ի անդամների մեծ մասինը։
Ֆինլանդիան ԵՄ-ին միացավ 1995-ին, իսկ 2009-ին Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի ու Իսլանդիայի հետ միասին միացավ Հյուսիսային պաշտպանության համագործակցությանը։ Ֆինլանդիան աստիճանաբար, սակայն հետևողականորեն ինտեգրվեց արևմտյան անվտանգային և պաշտպանական համակարգի մեջ՝ սկանդինավյան և բալթյան երկրների հետ ակտիվ համագործակցության և ՆԱՏՕ ԳՀԽ֊ի ու ԵՄ֊յան Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության մեխանիզմների միջոցով։
Ռուսաստանը չհակադրվեց ԵՄ֊ին Ֆինլանդիայի անդամակցությանը, միաժամանակ փորձելով բալթյան տարածաշրջանում պահպանել իր ազդեցությունը։ Ռուսաստանի մարտավարությունն էր պաշտոնական հռետորաբանության մակարդակում խոսել դրական հարևանության և բարի դրացիական հարաբերությունների մասին, սակայն դրանց լուսանցքներում Ֆինլանդիային հասկացնել, որ այդ հարաբերությունները պահպանելու համար Ֆինլանդիան պետք է իրեն պահի «պատասխանատու», այսինքն չվնասի Ռուսաստանի շահերը։ ՌԴ-ի կողմից հիբրիդային մեթոդների կիրառումը սկսվել է դեռևս խորհրդային ժամանակաշրջանից, սակայն տերմինը գոյություն չուներ, կոչվում էին «ակտիվ միջոցներ», որոնք ներառում էին ապատեղեկատվությունը և Արևմուտքում այն տարածող կազմակերպությունների ստեղծումը։ Ժամանակի հետ այդ քաղաքականությունն ու դրա գործիքակազմն առավել հարստացավ։
Ավանդաբար, ֆին քաղաքական գործիչները Ռուսաստանի մասին չէին խոսում որպես անվտանգային սպառնալիք, դա որպես թեմա տաբու էր։ Այնուամենայնիվ, Ֆինլանդիան վերջին երեք տասնամյակում աչալուրջ հետևում էր Ռուսաստանի քայլերին և չէր բացառում Ռուսաստանի՝ անվտանգության սպառնալիք դառնալու դեպքում ՆԱՏՕ-ին անդամակցելու պահեստային տարբերակը։
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը
ՆԱՏՕ-ն և Ֆինլանդիան տասնամյակներ շարունակ ունեցել են ընդհանուր արժեքներ և սերտ համագործակցություն։ Առանց ՆԱՏՕ֊ի անդամ լինելու, Ֆինլանդիան հաջողությամբ զարգացնում էր ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան ռազմական բարձր կարողություններ՝ ԳՀԽ֊ի շրջանակներում ՆԱՏՕ֊ի ծրագրերին, զորավարժություններին, առաքելություններին և գործողություններին առանց անդամակցության հնարավոր առավելագույն մասնակցության միջոցով։ Այսպիսով, այն հասել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի հետ փոխգործունակության բարձր աստիճանի և ռազմական բարձր պատրաստվածության։
Ի տարբերություն Շվեդիայի, մինչև ուկրաինական պատերազմը Ֆինլանդիայում չկար ՆԱՏՕ-ին անդամակցելու հանրային պահանջ։ Ֆինլանդիան բավարարված էր չեզոքության իր քաղաքականությամբ և ՆԱՏՕ֊ի հետ որպես գործընկեր իր համագործակցությամբ։ ՆԱՏՕ-ն հարգում էր ռազմական դաշինքների չմասնակցելու՝ ազգային լայն քաղաքական կոնսենսուս վայելող Ֆինլանդիայի քաղաքականությունը։
Ֆինլանդիայի պաշտոնական դիրքորոշումն ու հանրային կարծիքը կտրուկ փոխվեցին Ուկրաինայում ՌԴ֊ի կողմից պատերազմի սանձազերծումից հետո՝ պայմանավորված այն վախով, որ Ռուսաստանը կարող է ներխուժել նաև Ֆինլանդիա, և որ դա հնարավոր է կանխել միայն ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության համակարգի մաս դառնալով։ Եթե նախկինում ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ էր բնակչության մեկ երրորդը, ապա այդ հարաբերակցությունը մի քանի օրում հասավ երեք քառորդի։ Ինչպես նշում է Ֆինլանդիայի նախկին վարչապետ Ալեքսանդր Ստաբը, ում կուսակցությունը նախկինում ՆԱՏՕ-ին անդամակցության միակ աջակիցն էր եղել, որի պատճառով տարաձայնություններ էր ունեցել երկրի այլ առաջնորդների հետ, այդ կտրուկ փոփոխության պատճառն էր վախը և իրատեսությունը։ Բոլոր երեք հիմնական կուսակցությունները սկսեցին պաշտպանել անդամակցությունը ՆԱՏՕ֊ին։
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը դարձավ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության նոր չեմպիոնը, թեև ներքաղաքական պատճառներով չվերընտրվեց երկրի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց անմիջապես առաջ կայացած ընտրություններում։ Նա Եվրոպային կոչ էր անում զարգացնել սեփական պաշտպանական կարողությունները և ռազմարդյունաբերությունը՝ ընդգծելով, որ Եվրոպան առանց ԱՄՆ-ի բավարար ուժեղ չէ և բավարար դիմադրողունակություն չունի։ Նա նաև Ուկրաինային զենքերի, ֆինանսական և մարդասիրական օգնության միջոցով առավելագույն աջակցություն ցուցաբերելու ակտիվ ջատագով էր։
Ժողովրդավարական ներքին գործընթացից հետո, սակայն, առանց հանրաքվեի, Ֆինլանդիան, Շվեդիայի հետ միաժամանակ, 2022-ի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին ներկայացրեց անդամակցության պաշտոնական խնդրանք։ Մադրիդի գագաթնաժողովից անմիջապես հետո, ՆԱՏՕ-ի անդամ երեսուն պետությունների ղեկավարներն ավարտեցին անդամակցության բանակցությունները և հուլիսի 5-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրեցին երկու երկրների անդամակցության արձանագրությունները՝ նրանց շնորհելով հրավիրյալի կարգավիճակ և նրանց ներկայացուցիչներին թույլ տալով մասնակցել ՆԱՏՕ-ի հանդիպումներին։ Դրան հաջորդեց Ֆինլանդիայի անդամակցության արձանագրության վավերացումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ազգային խորհրդարանների կողմից։ 2023-ի ապրիլի 4-ին վավերացման գործիք հանդիսացող արձանագրությունը հանձնվեց ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն մասնակցեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ֆինլանդիայի դրոշի բարձրացման արարողությանը, և Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Շվեդիայի անդամակցության գործընթացը հետաձգվեց Թուրքիայի և Հունգարիայի ընդդիմության պատճառով և ավարտին հասավ 2024-ի մարտի 7-ին։
Ֆինլանդիայի անդամակցության նշանակությունը երկրի և ՆԱՏՕ-ի համար
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությամբ ՆԱՏՕ-ՌԴ արևելյան սահմանը երկարեց 1344 կմ-ով՝ ՆԱՏՕ-Ռուսաստան սահմանը գրեթե կրկնապատկելով։ Հարց է ծագում, թե արդյոք ՆԱՏՕ-ի համար ձեռնտու է Ռուսաստանի հետ սահմանների փաստացի կրկնապատկումը, թե դա անվտանգային նոր սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար։
Ըստ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի, ՆԱՏՕ-ն առավել ապահով է դառնում Ֆինլանդիայի անդամակցությամբ, քանի որ այն դիմակայուն պետություն է, Ֆինլանդիայի զինված ուժերի կարողությունները բարձր են, և դրանք երկար տարիներ աշխատել են ՆԱՏՕ-ի ուժերի կողքին՝ որպես գործընկերներ։
Ֆինլանդիան աշխարհի տեխնոլոգիական առաջնորդներից է, այդ թվում 5G-ի բնագավառում։ Ֆինլանդիայի զինված ուժերն ունակ են համարվում պաշտպանել երկրի սահմանները՝ սահուն կերպով ինտեգրվելով Դաշինքի նոր տարածաշրջանային ռազմական ծրագրերի մեջ։ ՆԱՏՕ-ին միանալը Ֆինլանդիայի համար նշանակում է վերանայել իր դիրքավորումը Եվրոպայում և միայնակ գործելու երկարամյա հոգեբանությունը փոխել այլ երկրների հետ ինտեգրվածի և միասնաբար գործողի մտածողության։
Ֆինլանդիայի անդամակցությունն ամրապնդում է ՆԱՏՕ-ի անվտանգությունը և խորացնում ՆԱՏՕ-ի ձգողականության կենտրոնի՝ ԱՄՆ֊ի աջակցությունը վայելող տեղաշարժը դեպի Եվրոպայի հյուսիս և արևելք։ Ֆինլանդիայի աշխարհագրական դիրքը կարևորվում է, քանի որ այն ՆԱՏՕ-ի համար Սուվալկիի միջանցքն է ապահովում դեպի բալթյան երկրներ։ Ֆինլանդիան 2 միլիարդ դոլարին համարժեք աջակցություն է տրամադրել Ուկրաինային, որը բաղկացած է պաշտպանական ոլորտում աջակցությունից և հումանիտար օգնությունից։
Ֆինլանդիայի անդամակցումը նաև բարոյական հաղթանակ է ՆԱՏՕ-ի համար՝ ապացուցելով, որ Ռուսաստանը չկարողացավ խոչընդոտել իր հարևանի անդամակցությունը, և որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի արդյունքում, որը Պուտինը սկսեց Ուկրաինայի անդամակցությունը խոչընդոտելու և ՆԱՏՕ֊ն պառակտելու նպատակով, ՆԱՏՕ֊ն համալրվեց։ Ինչպես նշեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Ֆինլանդիայի անդամակցությունն աշխարհին ցույց է տալիս, որ Պուտինին չհաջողվեց «ՆԱՏՕ-ի դուռը փակել տալ» և «ավելի քիչ» ՆԱՏՕ-ի փոխարեն, այն հասավ հակառակ արդյունքի՝ «ավելի շատ» ՆԱՏՕ-ի, և ՆԱՏՕ-ի դուռը հաստատակամորեն բաց թողնելուն։
Թուրքիայի և Հունգարիայի կողմից խոչընդոտման փորձերը
ՆԱՏՕ֊ի ընթացակարգի համաձայն, Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության արձանագրությունները պետք է վավերացվեին ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարաններում։ Թուրքիան և Հունգարիան վերապահումներ ունեին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ, սակայն, այնուամենայնիվ, վավերացրին համապատասխան արձանագրությունը, իսկ Շվեդիայի անդամակցության մասին արձանագրության վավերացումը սառեցվեց թե՛ Թուրքիայում, և թե Հունգարիայում։ Էրդողանի առարկությունները պայմանավորված էին երկու երկրներում գործող և Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) հանդեպ Ֆինլանդիայի և Շվեդիայի հանդուրժողականությամբ և նրանց հանդեպ միջոցներ կիրառելուց հրաժարվելով։ Օրբանի կողմից խոչընդոտումը պայմանավորված էր Հունգարիայում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ երկու երկրի քննադատությամբ։ Հունգարիան մի քանի անգամ հետաձգեց խորհրդարանում քվեարկությունը Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ և պատվիրակություն ուղարկեց երկու երկրներ՝ «քաղաքական տարաձայնությունները» քննարկելու համար։
Երբ պարզ դարձավ, որ Թուրքիան խոչընդոտելու է Շվեդիայի անդամակցությանը, Ֆինլանդիան կանգնեց ընտրության առջև՝ սպասել Շվեդիայի հետ միասին հնարավոր անդամակցությանը կամ ընտրել միայնակ անդամակցելու ճանապարհը։ Պետական անվտանգությունից և ի տարբերություն Շվեդիայի, անմիջական անվտանգային ռիսկերից ելնելով, Ֆինլանդիան ընտրեց երկրորդ տարբերակը։ Սակայն Անկարա կատարած այցելության ժամանակ Ֆինլանդիայի նախագահը նշեց, որ եթե անգամ Ֆինլանդիայի անդամակցությունն ավելի արագ է հաստատվում, Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումները փոխլրացնող են։
2023-ին Ֆինլանդիան ամերիկյան Lockheed Martin ընկերությունից գնեց 64 հատ F-35 ինքնաթիռ, որոնց վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2022-ի փետրվարին։ Բացի այդ, 2023-ի դեկտեմբերին ֆիննական ռազմարդյունաբերական Patria ընկերությունը Lockheed Martin֊ի հետ ստորագրեց Ֆինլանդիայի կարողությունները զարգացնելու համաձայնագիր, այսինքն՝ ինքնաթիռի պատրաստվածությունն ապահովելու վերաբերյալ։ Ըստ համաձայնագրի, Ֆինլանդիայի պաշտպանության ուժերն ազգային լուծում կստանան F-35֊ի նյութատեխնիկական սպասարկման և տեխնոլոգիական զարգացման համար։ Patria ընկերությունը կհամագործակցի Ֆինլանդիայի արդյունաբերական ոլորտի հետ՝ ինքնաթիռի բաղադրիչները հավաքելու նպատակով։ Ֆինլանդիայում կստեղծվեն 600 աշխատատեղեր՝ այս համաձայնագիրը մինչև 2031֊ը կենսագործելու համար։
Վերջապես, 2023-ի դեկտեմբերին ԱՄՆ֊ն ու Ֆինլանդիան ստորագրեցին պաշտպանական համագործակցության ոլորտում համաձայնագիր։ ԱՄՆ֊ն այսպիսի համաձայնագրեր ունի նաև Նորվեգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ։ Շվեդիայի հետ այդ համաձայնագիրը ստորագրվեց մի քանի օր ավելի վաղ, թեև ՆԱՏՕ֊ին Շվեդիայի անդամակցության գործընթացն ավարտվեց երեք ամիս հետո։
Ռուսաստանի արձագանքը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը հապշտապ քայլ էր Ֆինլանդիայի կողմից, և իշխանությունները որոշումը կայացնելիս հաշվի չեն առել հանրային կարծիքն ու չեն անցկացրել հանրաքվե։ Ռուսաստանը նշեց, որ ՆԱՏՕ-ն ևս մեկ քայլ է կատարել մոտենալու Ռուսաստանի տարածքին և սպառնաց, ստիպված կլինի պատասխան ռազմա-տեխնիկական քայլեր ձեռնարկել՝ հզորացնելու համար երկրի սահմանային պաշտպանությունը և ռազմական անվտանգությունը արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։ Քայլերի ընտրությունը կախված կլինի ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի ինտեգրման պայմաններից, ինչպես օրինակ՝ ՆԱՏՕ-ի զինված ուժերի, ռազմական ենթակառուցվածքների և գրոհային զենքերի համակարգերի տեղակայումից։
Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆինլանդիայի կայացրած «իմաստուն» քաղաքականությունը՝ չանդամակցելու որևէ ռազմական դաշինքի և փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հարևանների հետ։ Ռուսաստանի կարծիքով, ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը «խաթարել է Ֆինլանդիայի ինքնությունն ու անկախությունը»՝ Ֆինլանդիան դարձնելով ՆԱՏՕ-ի անդամ փոքր պետություններից մեկը, որոնք որևէ որոշում չեն կարող կայացնել և միջազգային հարաբերություններում զրկվում են խոսքից։ Նշվել է, որ պատմությունը ցույց կտա ՆԱՏՕ-ին անդամակցության հետևանքները, և Ֆինլանդիայի այս որոշումը բացասաբար կանդրադառնա ռուս-ֆիննական հարաբերությունների վրա։
Ելնելով Ուկրաինայում ունեցած խնդիրներից, դժվար է ակնկալել Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիայի ուղղությամբ որևէ ռազմական գործողություն։ Սակայն Ֆինլանդիայի հանդեպ Ռուսաստանի կողմից հիբրիդային, այդ թվում կիբերային և ապատեղեկատվական հարձակումներն աճել են։ ՆԱՏՕ֊ին անդամակցելուց հետո Ռուսաստանի կողմից որևէ գործողություն ֆիննական սահմանների մոտ չի նկատվել, սակայն Ռուսաստանը կիրառեց հերթական հիբրիդային միջոցը՝ անօրինական զանգվածային արտագաղթը ուղղորդելով դեպի Ֆինլանդիա, որին ի պատասխան Ֆինլանդիան երկու երկրների միջև պատնեշ կառուցելու որոշում ընդունեց։ Ուկրաինական պատերազմի հետևանքով, մեծ քանակությամբ ռուսաստանցի տղամարդիկ փախել են Ֆինլանդիա, որպեսզի խուսափեն ռազմական մոբիլիզացումից։ Ֆինլանդիան դադարեցրել է մուտքի արտոնագրեր տրամադրել ՌԴ-ի քաղաքացիներին, դա բացատրելով նրանով, որ անընդունելի է Ռուսաստանի վերին ու միջին խավի քաղաքացիներին արձակուրդներ անցկացնել Եվրոպայում, մինչ նրանց բանակը հանցագործություն է գործում Ուկրաինայում։
Ֆինլանդիայի ու Հայաստանի իրավիճակի միջև նմանություններն ու տարբերությունները
Ֆինլանդիան փոքր պետություն է, որը Ռուսաստանի հետ երկու անգամ պատերազմել է երկրորդ համաշխարհային պատերազմում, պարտվել է և իր տարածքի նշանակալից մասը կորցրել է՝ ստիպված լինելով տարհանման ենթարկել Կարելիայի ֆինն բնակչությանը։ Այս առումով Հայաստանի համար Ռուսաստանի դերում հանդես է գալիս Ադրբեջանը՝ վերջին տարիներին հայկական կողմի տարած ռազմական պարտությունների և արցախցիների բռնի տեղահանման իմաստով։ Թեև պաշտոնապես Լեռնային Ղարաբաղը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի մաս էր կազմում, սակայն հայկական ինքնության համար այն կազմում էր հայկական կենսական տարածքի մաս։ Քանի որ դժվար է պատկերացնել տեսանելի ապագայում հայերի արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, օգտակար կլինի ուսումնասիրել Կարելիայի ֆիններին Ֆինլանդիայում արդյունավետորեն ինտեգրելու փորձը։
Կարելիան չկորցնելու և Ռուսաստանի կողմից բռնակցման չենթարկվելու համար Ֆինլանդիան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համագործակցել է Գերմանիայի հետ, իսկ Հայաստանը թեև ուկրաինական պատերազմի շրջանակում չի համագործակցել Ռուսաստանի հետ, սակայն համարվել է ընդհանուր առմամբ Ռուսաստանի դաշնակից, Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանակներ սատարել են Դոնբասին, և 2022-ին ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը, որը նմանատիպ ստիգմատիզացնող ազդեցություն է թողել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա։
Եթե Ֆինլանդիան ունի միայն մի խնդրահարույց անմիջական հարևան, ապա Հայաստանի դեպքում չպետք է մոռանալ նաև Թուրքիայից բխող հավանական վտանգը, քանի որ 1990֊ական թվականներին Թուրքիան երկու անգամ պատրաստ է եղել Ադրբեջանի օգտին ռազմական միջամտություն իրականացնել Հայաստանում։ Հայաստանի պատմական տարածքի հարցում ռուս֊թուրքական գործարքները և երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԽՍՀՄ֊ի ու Գերմանիայի միջև ֆինլանդիայի վերաբերյալ գործարքն ունեն նմանություններ, սակայն Գերմանիայից բխող որևէ վտանգ Ֆինլանդիայի համար վերացել է, մինչդեռ 2020-ի Արցախյան պատերազմից ի վեր ակնհայտ դարձավ, որ Թուրքիայից Հայաստանի համար բխող վտանգը պահպանվում է, և Թուրքիան քաղաքական ու ռազմական մեծ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։
Սառը պատերազմից ի վեր Ֆինլանդիան Ռուսաստանի կողմից ենթարկվել է հիբրիդային բազմաբնույթ վտանգների, որոնք նման են Հայաստանի հանդեպ Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքներին։ Ֆինլանդիային հաջողվել է Կարելիայից հրաժարվելու, չեզոքություն հայտարարելու և Ռուսաստանի շահերը հաշվի առնող քաղաքականություն որդեգրելու միջոցով պահպանել ինքնիշխանությունը և կառավարել այդ սպառնալիքները։ Հայաստանը նույնպես փորձեց թավշյա հեղափոխությունից հետո սկսված և 2020-ի Արցախյան պատերազմից հետո ուժգնացած հիբրիդային սպառնալիքները Ռուսաստանի կողմից կառավարել Ռուսաստանի շահերին համահունչ քաղաքականություն վարելով, որը կարելի է համարել «ֆինլանդացման» դրսևորում։ Սակայն 2022-2023 թթ. ի վեր դա անկառավարելի դարձավ Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմական հարձակումները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը չկանխելու և անգամ Ադրբեջանի հետ այդ հարցերում Ռուսաստանի անուղղակի համագործակցության, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությունը նսեմացնող և դրան սպառնացող քայլերի պատճառով։ Հետևաբար, ներկայումս թեև ողջախոհ, սակայն միաժամանակ անիրատեսական և ժամանակավրեպ է թվում Ռուսաստանի հետ դրական հարաբերություններ պահպանելու ձգտումը, քանի որ Ռուսաստանն ինքն է Հայաստանի հետ գնում ուժգնացող դիվանագիտական առճակատման։
Եթե Ռուսաստանի Դաշնությունն ընդունել էր Ֆինլանդիայի ինքնիշխանությունը չեզոքություն հայտարարելու դիմաց, և ավելի ուշ՝ Եվրամիությանն ինտեգրացումը ՆԱՏՕ֊ին չանդամակցելու ակնկալիքով, ապա Հայաստանի պարագայում Ռուսաստանը շատ ավելի անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերել անգամ Հայաստանի՝ ՀԱՊԿ֊ից դեռևս պաշտոնապես դուրս չգալու պարագայում։ Դժվար է ենթադրել, թե արդյոք ՀԱՊԿ֊ից պաշտոնապես դուրս գալու և չեզոք կամ ոչ բլոկային կարգավիճակի, առավել ևս Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու Հայաստանի հնարավոր որոշումն ինչքանով կուժգնացնի Ռուսաստանի հակազդեցությունը։ Հնարավոր է, որ Ռուսաստանն Ադրբեջանին ավելի խրախուսի ազատորեն նոր ռազմական գործողություններ ծավալել Հայաստանի հանդեպ։ Ի տարբերություն Ֆինլանդիայի, Ռուսաստանը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում ունի ռազմական ներկայություն, և Ադրբեջանի միջոցով է իրականացնում Հայաստանի հանդեպ ռազմական վտանգը։
Ֆինլանդիայի աշխարհաքաղաքական իրավիճակը շատ ավելի բարենպաստ է, քան Հայաստանինը, քանի որ բացի Ռուսաստանից, երկրի մյուս հարևաններն են ՆԱՏՕ֊ի անդամ Նորվեգիան և ԵՄ, ինչպես նաև ՆԱՏՕ֊ի անդամ Շվեդիան և այն, ունի նաև ելք դեպի ծով, որի մյուս կողմում գտնվում է ՆԱՏՕ֊ի ու ԵՄ անդամ Էստոնիան։ Այդ երկրների հետ Ֆինլանդիան ունի ընդհանուր մշակութային և արժեքային համակարգ։ Թեև Ֆինլանդիան մինչև ՆԱՏՕ֊ում անդամակցելը երկրի պաշտպանությունը կառուցել է հիմնականում ազգային համակարգի հիման վրա, սակայն, այնուամենայնիվ, այն ԵՄ֊ի անդամ էր և ուներ պաշտպանական որոլտում համագործակցություն սկանդինավյան և բալթյան երկրների հետ։ Հայաստանը չունի միաժամանակ նույն արժեքային համակարգն ու շահերը կիսող բնական դաշնակիցներ, քանի որ Վրաստանի հետ արժեքային համակարգը հիմնականում նույնն է, սակայն առկա է որոշակի տարբերություն շահերի միջև, իսկ Իրանի դեպքում կա շահերի որոշակի ընդհանրություն, սակայն մեծ տարբերություններ արժեքային համակարգի միջև։
Համարվում է, որ մինչև վերջերս ՆԱՏՕ֊ին անդամակցելը, Ֆինլանդիան երբեք նշանակալից դաշնակիցներ չի ունեցել։ Ոչ մի երկիր չի օգնել Ֆինլանդիային Ձմեռային պատերազմի ժամանակ։ Սառը պատերազմի ժամանակ Ֆինլանդիայի զինված ուժերը հիմնվում էին ակտիվ պարտադիր զինվորական ծառայության, քաղաքացիական պաշտպանության, զինված ու ռազմական պատրաստություն անցած բնակչության վրա։ Ազգային պաշտպանության այս մոդելի շատ տարրեր կարող են կիրառվել Հայաստանի համար։
Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ֊ին դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով առաջին հերթին Թուրքիայի վետոյի իրավունքը։ Եթե Թուրքիան դժվարացրեց Շվեդիայի և անգամ Ֆինլանդիայի անդամակցությունը, ապա Հայաստանի հարցում Թուրքիան կարող է անզիջում լինել՝ հատկապես ելնելով Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությունից։ Հետաքրքիր է նշել նաև Հունգարիայի կողմից ՆԱՏՕ֊ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը խոչընդոտելու փորձերը, քանի որ այդ երկիրը խնդիրներ է ստեղծում նաև ԵՄ֊ում հայանպաստ որոշումների ընդունման համար։
Հայաստանը նույնպես, Ֆինլանդիայի նման, կարող է մեծապես օգտագործել ՆԱՏՕ֊ի ԳՀԽ ծրագրի ընձեռած հնարավորությունները՝ ՆԱՏՕ֊ի նորմերի հետ փոխգործունակ դառնալու համար։ 2000-ական թվականներին Հայաստանը փորձում էր ՆԱՏՕ֊ի ԳՀԽ֊ի ակտիվ գործընկեր լինել տարբեր ծրագրերին ու զորավարժություններին մասնակցելու և անգամ հյուրընկալելու, խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու միջոցով, սակայն հետագայում ՆԱՏՕ֊ի ԳՀԽ ծրագրում Հայաստանի մասնակցության ակտիվության մեջ նկատվեց հետընթաց։ Ներկայումս միտում կա կրկին ակտիվացնել ՆԱՏՕ֊ի ԳՀԽ ծրագրի շրջանակներում Հայաստանի մասնակցությունը։ Եթե Ֆինլանդիան այդ ուղղությամբ համագործակցել է ՆԱՏՕ֊ի անդամ սկանդինավյան և բալթյան պետությունների հետ, ապա Հայաստանը կարող է համագործակցել իր հիմնական և բնական գործընկերներ հանդիսացող Ֆրանսիայի ու Հունաստանի հետ։ Արդեն իսկ ձեռքբերում համարելով այդ երկրների հետ պաշտպանության համագործակցության համաձայնագրերը, Հայաստանը պետք է ձգտի նաև ԱՄՆ֊ի հետ պաշտպանության համագործակցության համաձայնագրի կնքմանը, որպես ՆԱՏՕ֊ի անդամ չհանդիսացող գործընկեր։ Հայաստանը պետք է ձգտի առանց ՆԱՏՕ֊ին անդամակցության, սակայն ՆԱՏՕ֊ի անդամ երկրների հետ համագործակցությամբ արդիականացնել իր զինված ուժերը, բարձրացնի նրանց մարտունակությունը և նրանց հասցնի ժամանակակից ստանդարտների՝ երկրի պաշտպանունակությունն ապահովելու համար։
Ծանոթագրություններ.
[1] Laurent Goetschel. The Foreign and Security Policy Interests of Small States in Today’s Europe, in Small states inside and outside the European Union, edited by Laurent Goetschel. Dordrecth, Kluwer Academic Publishers, pp. 13-31; Archer Clive, Bailes Alyson, and Wivel Anders (2014). Small States and International Security: (1998) Europe and Beyond. London: Routledge
Մեր հայերեն էջից
Բլոկադայի հացը
Բռնի տեղահանությունից ամիսներ անց էլ արցախցիները ցավով, բայց նաև արդեն կարոտով են հիշում շրջափակման հետևանքով առաջացած հացի խնդրի մասին։ Անի Գևորգյանի ֆոտոպատումն անդրադառնում է շրջափակման հացի պակասին ու այդ խնդիրը հանրայնացնելու փորձերին։
Read moreԱպակարգավորման և մրցակցության ծուղակները Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայում
Էլեկտրաէներգիայի մանրածախ շուկայում մրցակցության ներմուծումն օգուտ կբերի՞ սպառողներին, թե՞ ապականոնակարգումը կհանգեցնի շուկայի մանիպուլյացիայի ու գների բարձրացման անբարենպաստ պայմաններ կստեղծի սպառողների, հատկապես բնակչության համար: Բացատրում է տնտեսագետ Արա Խանջեանը։
Read moreԱրցախից Գազա, ոչ ոք ազատ չի լինի
Աշխարհում ամենամեծ վավերագրական փառատոնը թեև 2023-ին զուգակցվեց մի շարք վեճերով ու գրեթե ձախողվեց, սակայն փառատոնի հիմնական մրցույթում ներկայացված հայկական ֆիլմը բացառիկ հաջողություններ գրանցեց։
Read moreՈվքե՞ր կօգտվեն բանակից փողով ազատվելու հնարավորությունից
Զինվորական ծառայությունից խուսափածների ազատազրկմանն ի՞նչ այլընտրանքեր են առաջարկում, սոցիալական ու իրավական ի՞նչ խնդիրներ են առաջացնում և ի՞նչ տեսլական ունեն զինծառայությանը վերաբերող օրենքի վերջերս ուժի մեջ մտած փոփոխությունները։
Read moreՈրոշման առաջն ու հետոն. ամուսնալուծությունների աճող ցուցանիշը
Վերջին տասը տարում Հայաստանում ամուսնությունների նվազմանը զուգահեռ, ամուսնալուծություններն ավելացել են շուրջ տասը տոկոսով։ Մինչդեռ ամուսնալուծվելու որոշումն ունի հոգեբանական, սոցիալական և ֆինանսական հետևանքներ։
Read moreԵրկու կինո՝ մեկ աղբյուրից
Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը ստեղծագործության գրեթե զուգահեռ երկու տարբեր էկրանավորումները բացառիկ հնարավորություն են ստեղծում խորհրդահայ և սփյուռքահայ հայացքների ուսումնասիրման, ազգային գրականության մեկնաբանման հարցում երկու հակադիր մոտեցումների համեմատման համար։
Read moreՄենախոսություններ. Արցախում մնացած տների մասին
«Ղարաբաղի բնակչությունը լքեց իր տունը, դարավոր ծառերն արմատներով պոկեցին հողից ու անհայտության գիրկը նետեցին», սեպտեմբերի 19-ի աղետի մասին այսպես է գրում ռուս լրագրող Յան Շենկմանը, որը Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, իսկ Արցախի բնակչության տեղահանությունից հետո որոշել է հավաքել արցախցիների մենախոսություններն իրենց կորսված տների մասին։
Read more«Մասնակից ընել իմ յոյսերուս»․ Զապել Եսայանի անտիպ նամակը
Հեղինակի տատիկի թղթապանակից գտնված Զապել Եսայանի նամակը, որը մինչ օրս դուրս է մնացել նամականիներից, յուրահատուկ հնարավորություն է ստեղծում բացահայտել Եսայանի ներհայեցողության և ինքնաճանաչման խորքը, նրա հուզականությունն ու լայնախոհությունը, պատահած վատ դեպքերը մոռացության մատնելու, դժվարությունների մեջ միայն բարիքն ու դրանով զգացած ուրախությունները գտնելու և պահելու կարողությունը։
Read moreՀաճախ կիրառվող ծայրահեղ միջոց՝ կալանք
Թեև մեկ տարուց ավելի է գործում է Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ու սահմանված են այլընտրանքային խափանման նոր միջոցներ, սակայն մինչդատական կալանքը Հայաստանում շարունակում է նախկինի պես հաճախ կիրառվել։ Ինչո՞ւ են դատարանները խուսափում կիրառել խափանման այլ միջոցները, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՀացի խնդիր. ներմուծե՞լ ցորենը, թե՞ արտադրել
Հայաստանի համար ցորենի արտադրության և ներմուծման խնդիրն անվտանգային նշանակություն ունի: Ի՞նչ է արվում՝ Հայաստանի պարենային անվտանգության, մասնավորապես, ցորենի ինքնաբավությունը մեծացնելու, ինչպես նաև ցորենի անխափան ներմուծումն ապահովելու առումով, անդրադառնում է Լիլիթ Ավագյանը։
Read moreԵրևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 2. Արամի տունը
Դեռևս 2007-ից կառավարության կողմից գերակա շահ ճանաչված Արամի 9-ը հասցեի շենքն այսօր էլ շարունակում է մնալ լքված ու կիսավեր, իսկ իրացման հարցը՝ առկախված։
Read moreԵրևանի լքված հուշարձան շենքերի հետքերով, մաս 1. ԱԳՆ
Արտաքին գործերի նախարարության նախկին շենքը, թեև տարիներ առաջ սեփականաշնորհվել է, սակայն պարապուրդի է մատնված, ինչպես Երևանի կենտրոնի մի շարք պատմական և մշակութային արժեք ունեցող այլ շենքեր։ Ո՞ր շենքերը կարող են սեփականաշնորհվել, ի՞նչ պարտավորություններ ունեն դրանց տերերն ու ի՞նչ վերահսկողություն ունի պետությունը, այս և այլ հարցերը քննող հոդվածաշարի մեկնարկային անդրադարձը։
Read moreԿանանց զինծառայություն. որտեղ և ինչպես
Իգական սեռի քաղաքացիներին կամավոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության մեջ ընգրկելուն անդրադարձող օրինագիծը քննարկումների առիթ է դարձել։ Ի՞նչ է այն ենթադրում, որտե՞ղ և ինչպես են ծառայելու կանայք, ի՞նչ վտանգներ ու խնդիրներ կարող են առաջանալ, անդրադառնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreԱշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումներն ու լուծումները
Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ում նախատեսված են փոփոխություններ, որոնց նպատակն է որոշ դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանն ու միջազգային փաստաթղթերին, օրենսդրական բացերի ու հակասությունների վերացումը, ինչպես նաև նոր համակարգերի ներդրումը։
Read moreՄանկական մահացության նվազող, բայց մտահոգիչ ցուցանիշները
Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և կյանքի որակի հիմնական բնութագրիչներից համարվող 0-4 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը Հայաստանում թեև վերջին տասը տարիների ընթացքում նվազել է, սակայն դեռևս ընդհանուր մահերի շուրջ 1 տոկոսն է կազմում։
Read moreԻնչո՞ւ է աղմկում քաղաքը
Ապրել Երևանում, սովորաբար, նշանակում է ապրել անընդհատ աղմուկի հետ՝ մեքենաների, սրճարանների և փաբերի, ժամանցի վայրերի, հրավառությունների աղմուկներ, որոնք ազդում են բնակիչների առողջության և բարեկեցության վրա: Ի՞նչ կարելի է կամ պետք է անել:
Read moreՄեր Հայերեն հոդվածները կարող եք լսել ՁայնաԳիր