
Նկարը՝ ՍՕՍ մանկական գյուղի, Կոտայք, Հայաստան:
«Ամուսինս ասաց, որ երեխան մահացել է, չի դիմացել վիրահատությանը, միայն օրեր անց իմացա, որ երեխաս հաշմանդամություն է ունեցել ու նրան մանկատուն են տանում, քանի որ ամուսինս չէր ցանկացել առողջական խնդիր ունեցող երկրորդ երեխային պահել»,- ամիսներ անց էլ Ա․ Մ․-ն այս մասին հիշելիս հուզվում է։ Որդուն սեղմում կրծքին ու կարծես ներողություն խնդրում նրան մի քանի օրով պարտադրաբար «լքելու» համար։
Մի կողմում սիրելի տղամարդն է եղել, մյուս կողմում՝ երկու երեխաները։ Ընտրություն կատարելիս սակայն երկար չի տատանվել․
«Ո՞նց կարող էի ես երեխայիցս հրաժարվել, ո՞նց կարող էի նրան թողնել այսքան անօգնական վիճակում ու հանգիստ ապրել»։
27-ամյա կնոջ 2,5 տարեկան աղջիկն ունի դաունի սինդրոմ, 11 ամսական որդին՝ ողնաշարի ճողվածք։ Ասում է՝ երկու հղիություններն էլ ուղեկցվել են լարվածությամբ, ստրեսներով, գրեթե չի սնվել, վիտամիններ չի օգտագործել ու ծանր աշխատանք է կատարել։ Իսկ երբ իմացել է որդու «մահվան», այնուհետև իրականության մասին՝ շոկ է ապրել։
«Իմ բալիկը հիվանդանոցում էր մնացել, բուժաշխատողները զանգել էին «Բարի մամայի» կամավորներին ու ասել, որ լքված բալիկ ունենք, տիրություն չեն անում։ Կամավորները գտել ու կապ էին հաստատել հետս, ասացին՝ ձեր կողքին ենք ու կօգնենք ամեն հարցում, եկեք ձեր բալիկին տարեք տուն, այս ամենն իմանալով շոկ ապրեցի, իմ մեջ ուժ գտա, որ ընտանիքս նորից պահեմ։ Հետագայում ամուսինս չուզեց մնալ մեզ հետ, ստիպված տեղափոխվեցի կենտրոն ու արդեն վեց ամիս է այստեղ եմ։ Ճիշտ է, հիմա վերականգնել ենք մեր հարաբերություններն ամուսնուս հետ, սակայն չգիտեմ ապագան ինչպես կլինի, կարևորը՝ բալիկներիս ու բարիների հետ եմ»։
Բարիները
Մանկատների բեռնաթափման և երեխաներին ընտանիքահենք խնամքով ապահովելու ուղին բռնած Հայաստանում պետության կողքին են որոշել կանգնել մի խումբ բարի մայրեր։ «Բարի մամա», հենց այսպես է կոչվում հասարակական կազմակերպությունը, որն իր առջև նպատակ է դրել կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու պրակտիկան, աջակցել մանկատան հաշմանդամություն ունեցող սաներին, նպաստել երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների վերամիավորմանը։ Որոշել են աջակցել նաև այն մայրերին, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող երեխա և հայտնվել են դրսում։
2014-ից մի քանի մայրերի միավորման առիթը դարձել է ծննդատանը լքված հերթական փոքրիկը․ ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում բավական հայտնի ու լայն տարածում գտած Armenian Parents Corner խմբում ծննդատանը գտնվող մայրիկներից մեկը 2014-ի դեկտեմբերին, կեսգիշերին մոտ տեղեկացրել էր, որ կողքի սենյակում առանց թաթիկների, առանց մեկ ոտքի ծնված երեխային ծնողները լքել են: Երեխան անընդհատ լացում է, հարկավոր է կաթ, տակդիր, հագուստ։
Խմբի անդամ ծնողներից մի քանիսը հենց ուշ գիշերով էլ ծննդատուն են գնացել:
«Երկրորդ բալիկս նոր էր ծնվել: Հիշում եմ՝ ցուրտ օր էր: Գիշերով հիվանդանոցի պատերի տակ մի քանի մամաներով հավաքվեցինք, ով ինչ ուներ, բերել էր»,-պատմում է ՀԿ-ի հիմնադիրներից Մարինա Ադուլյանը:
Սակայն մտահոգ մայրերին թույլ չեն տվել մուտք գործել հիվանդանոց, այդ ժամանակ նրանցից մեկը որոշել է խորամանկել․
«Մեզ հետ մի մամա կար, երբ չէին թողնում ներս մտնել ու երեխային տեսնել, նա հանպատրաստից ասաց՝ ես «Բարի մամա» միջազգային կազմակերպության նախագահն եմ: Ու մենք սկսեցինք մեզ կատակով բարի մամա ասել, հետո ամեն ինչ լրջացավ, այդ անունով ՀԿ հիմնեցինք»,-պատմում է Ադուլյանը:
Մեկ փոքրիկի պատմությունով մայրերի հանդիպումը սակայն չի ավարտվում։ Ընդամենը օրեր անց նրանք իմանում են մեկ այլ նորածնի մասին էլ, որին հարազատները լքել են ծննդատանը, հավանաբար երեխայի մոտ առկա առողջական խնդիրների հետևանքով։ Այս փոքրիկին էլ են որոշում օգնել և կաթ, տակդիր ու հագուստ տրամադրում:
«Այդ ժամանակ որոշեցի երգիչ երգչուհիների մասնակցությամբ մի արշավ կազմակերպել: Շապիկներ պատվիրեցինք, դրանց վրա լքված փոքրիկ տղայի ու աղջնակի անունները գրեցինք՝ կոչ անելով, որ նրանց որդեգրեն կամ էլ ընտանիքները վերցնեն երեխաներին»,-ասում է Մարինան և ուրախությամբ նշում, որ արշավի արդյունքում օրեր անց փոքրիկը վերադառնում է հարազատ ընտանիք։
Եվ այսպես 121 երեխա, 121 ճակատագիր բարիների ձեռքով, նվիրական ու դժվար ճանապարհ ունեցող աշխատանքի շնորհիվ փոխվել է։
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 2019 թ. հունիսի դրությամբ 835 երեխա շարունակում է խնամք ստանալ պետական և մասնավոր մանկատներում, որից 468-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են։
Հաշմանդամություն ունեցող երեխաները Հայաստանում խնամվում են մասնագիտացված 3 մանկատներում` Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, Խարբերդի մասնագիտացված մանկատուն և Գյումրու «Երեխաների տուն»։ Ու թեև Հայաստանում մանկատների բեռնաթափման ու հաստատությունների վերակազմավորման ծրագրեր են իրականացվում, սակայն մինչև այժմ այս 3 մանկատների վերաբերյալ ոչ մի հիշատակում չի եղել։
Հաշմանդամություն ունեցող երեխաները չեն հետաքրքրում ինչպես իրենց կենսաբանական ծնողներին, այնպես էլ որդեգիր կամ խնամատարության պատրաստ անձանց։
Որդեգիր ընտանիքների պարագայում հաշմանդամություն ունեցող երեխաներն ընդհանուր որդեգրվողների 15-20% են կազմում։ Հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ մասին օտարերկրյա քաղաքացիներ են որդեգրել (9-11 երեխա)։ Ավելին, 2016-2018 թթ. տվյալների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող ոչ մի երեխա չի որդեգրվել Հայաստանի քաղաքացիների կողմից, իսկ օտարերկրացի որդեգիրների կողմից գերակշիռ մեծամասնությամբ որդեգրվել են 1-6 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները։ Ինչ վերաբերում է 2008-ից պաշտոնապես ամրագրված խնամատարության ինստուտին, ապա 2018 թ. դրությամբ խնամատար ընտանիքում խնամք է ստացել ընդամենը 75 երեխա, որից միայն 5-ն են հաշմանդամություն ունեցել։
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի՝ 2015-2018 թթ. ընթացքում ծննդատներից մանկատներ տեղափոխված 181 երեխաներից 97-ը առողջական խնդիրներ ունեցող երեխաներ են։
Սակայն Մարինա Ադուլյանը վստահ է՝ որևէ ծնող չի ցանկանում երեխային լքել, նրան դրդում են սոցիալական վատ պայմանները, հասարակության կարծրատիպերը, շատ դեպքերում էլ բժիշկների սխալ խորհուրդներն ու հորդորները: Նա հանդիպել է շատ մայրիկների, որոնք հրաժարվել են իրենց երեխայից սկեսուրի ճնշման ներքո, քանի որ նրանք վստահեցրել են, որ հաշմանդամություն ունեցող երեխայի ընտանիքը չի կարող լինել երջանիկ: Ադուլյանը ցավով է նշում՝ Հայաստանում հաշմանդամությամբ ծնված երեխաների ծնողները շատ հաճախ չեն իմանում ինչպես վարվել և ամենադժվարին պահին աջակցության փոխարեն բախվում են միայն ցավակցական հայացքների։
«Մեր փոքրիկներից մեկի մայրը որոշել էր ինքնուրույն ընդհատել հղիությունը, քանի որ ապրում էին սոցիալապես շատ վատ պայմաններում, ամուսինն առողջական խնդիրներ ուներ: Ու թեև դեղերն ընդունելուց հետո կինը կարծել էր, թե վերջ, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ պտուղը տեղում է: Երեխան ծնվում է ողնաշարի և աճուկային ճողվածքներով, առանց հետանցքի, ոտքի խնդրով։ Ծնողները վիրահատությունից հետո երեխային թողել էին վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկներն էլ պապային հորդորել էին, թե վիրահատությունները թանկ հաճույք են, ավելի լավ է երեխային մանկատանը թողնել»,- պատմում է Մարինան:
Սակայն ճիշտ ժամանակին՝ հայրիկի վերջնական որոշման պահին տեղում են եղել բարիները։ Օգնել և շարունակում են օգնել ընտանիքին, ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆինանսապես։
«Բարի մամա» կազմակերպությունը գործում է բացառապես կամավորների նվիրատվության շնորհիվ։ Ու եթե ծրագիրն սկսել են մի քանի նվիրյալներով, ապա այսօր արդեն օրական մի քանի տասնյակ մարդ է ցանկանում միանալ բարիներին։
Մարինա Ադուլյանը Երևանի պետական համալսարանի դասախոս է, ՀԿ-ի մյուս հիմնադիրը՝ Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար։ Սակայն կայացած ու ինքնազբաղ կանայք որոշել են որևէ բան փոխել հասարակության մեջ։
Չորս տարվա մեծածավալ աշխատանքից հետո բարիները որոշում են դրամահավաք կազմակերպել և հիմնել իրենց «Բարի տնակը»։ Մայրաքաղաք Երևանի հարակից Կոտայքի մարզի Գառնի համայնք տանող ճանապարհի մոտ գտնվող եռահարկ շինությունը դառնում է բարիներին միավորող տանիքը։
«Ցավոք, հանդիպել ենք բազմաթիվ դեպքերի, երբ մայրերը ստիպված են հաշմանդամություն ունեցող երեխաներին հանձնել մանկատուն, քանի որ չունեն ապաստան: Այս հարցի լուծումն էլ որոշեցինք տալ «Բարի տնակի» միջոցով։ Այս պահին այստեղ բնակվում են 3 մայրեր, 4 փոքրիկների հետ։ Իսկ տարբեր թերապիաների ծառայություններից ամսական միջինում օգտվում են 40-60 երեխաներ»,-ասում է Ադուլյանը՝ հավելելով, որ առաջիկայում այստեղ աշխատելու հնարավորություն կունենան նաև մանկատնից դուրս եկած հաշմանդամություն ունեցող սաները, հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը։ Այժմ էլ կառուցում են «Բարի տնակի» երկրորդ մասնաշենքը՝ մանկատան նախկին՝ հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող սաների համար։ 1 տարվա ընթացքում իրենց սովորեցնելու են ինքնուրույն ապրել։ Հուլիսի դրությամբ շենքի հիմնական մասը կառուցել են, սակայն տանիքի գումարի համար կրկին դրամահավաք են կազմակերպել ու սպասում են արդյունքների։
Տնակի բաց գույներով ներկված սենյակներում կոկիկ դասավորված է կահույքը՝ բնակիչների իրերով։ Խաղալիքներն այստեղ ամենապահանջված առարկաներն են ու սենյակների խառնաշփոթի միակ պատճառը։ Առավոտը մեկնարկում է նախաճաշով, այնուհետև երեխաները ստանում են իրենց բուժումները, որի ընթացքում մայրերը սնունդ են պատրաստում, տունն են մաքրում, իրար հետ են շփվում, զրուցում են հոգեբանների հետ։
«Մի մեծ ընտանիք ենք, ամեն բան միասին ենք անում, համախմբված ենք շատ։ Ազատ ժամանակ երեխաների հետ անտառ ենք գնում, բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում այստեղ, նաև մայրիկներին օգնում են կողմնորոշվել մասնագիտության ընտրության ու աշխատանքի հարցում, օրինակ ես առաջիկայում պատրաստվում եմ խոհարարություն սովորել»,- նշում է Ա․ Մ․-ն։
Բարիների կատարած նվիրական աշխատանքն աննկատ չի մնացել նաև պետության կողմից․ 2019-ի ապրիլի 25-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները, «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր, որն ուղղված է մանկատներ երեխաների մուտքը կանխելուն և ընտանիքում ապրելու նրանց իրավունքի ապահովմանը:
«Հուշագիրը չի ենթադրում որևէ ֆինանսական աջակցություն, սակայն այն թույլ կտա այս ճանապարհին չհանդիպել խոչընդոտների, գործել պրոֆեսիոնալ մարդկանց աջակցությամբ, ովքեր սոցիալական և առողջապահական ոլորտներում կայացած են։ Այս հուշագրի ստորագրումը նշանակում է, որ մենք այլևս միայնակ չենք և երեխաներն ու ընտանիքները կարող են հույս դնել պետության աջակցության վրա»,- կարևորում է Ադուլյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող երեխաների մանկատանը հայտնվելը կանխելը՝ նշելով, որ հետո երեխային ընտանիք վերադարձնելը կրկնակի բարդանում է:
«Այս հուշագրի ստորագրմամբ մենք սկսում ենք բարդ ու դժվարին գործընթաց: Մենք հանդիպելու ենք բազմաթիվ խոչընդոտների, բայց ես համոզված եմ՝ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հասնել շատ ավելի լուրջ, հիմնավոր արդյունքների, քան մեզանից յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին»,- ասել է նախարարը՝ կարևորելով ՀԿ-ի կուտակած փորձը։
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշել է, որ հուշագրի շրջանակում փորձելու են ծննդատներում երեխաներից հրաժարվելու դեպքում ընտանիքներին աջակցություն տրամադրել՝ հոգեբանական, սոցիալական և առողջապահական։
«Այս ընտանիքները պետք է վստահ լինեն, որ բավարար ուժեղ են՝ իրենց երեխային չլքելու համար։ «Բարի մամա» ՀԿ-ի աջակցությամբ վերապատրաստվելու են բուժաշխատողները, որպեսզի նրանք, ծնողների հետ ուղիղ աշխատանքի միջոցով, կարողանան օգնություն ցուցաբերել՝ որոշում կայացնելու գործընթացում»,-ասել է Թորոսյանը:
Ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքը, գումարների հայթհայթման անհաջող փորձերը, խոչընդոտներն ու սպառնալիքները սակայն այս գործի առաջամարտիկներից Մարինա Ադուլյանին չեն կանգնեցնում, նա գիտի իր առաքելության կշիռը։
«Մենք գրեթե 4 տարի արել ենք մեր կամավորական աշխատանքը՝ հանդիպելով բազմաթիվ խոչընդոտների՝ թե՛ հիվանդանոցներում, թե՛ մանկատներում, թե՛ պետական կառույցներում։ Վերջին մեկ տարին է, ինչ էապես զգում ենք, որ պետությունը կանգնած է մեր կողքին և նույն ուղու վրա ենք։ Համոզված եմ՝ շատ շուտով Հայաստանում մանկատներ չեն լինելու»,-եզրափակում է Ադուլյանը։
Ա․ Մ․-ն նույնպես վստահ է՝ երեխայից հրաժարվելու որևէ պատճառ չի կարող լինել․
«Ես հույս ունեմ, որ «Բարի մամաներն» ավելի կընդլայնեն իրենց գործունեությունն ու ինձ պես շատերին կկարողանան օգտակար լինել, նրանք շատ ուժեղ թիմ ունեն։ Որևէ մեկն այս կյանքում ապահովագրված չէ, պարզապես յուրաքանչյուր մարդ իր մեջ պետք է գտնի քաջություն ու մնա իր բալիկի կողքին։ Ինձ համար իմ երեխաները ոչ թե առողջական խնդիրներ ունեն, այլ յուրահատուկ են պարզապես։ Այս պահին ինձ համար անանցանելի դժվարություն գոյություն չունի, աշխարհն էլ կարելի է շուռ տալ, հայ մայրիկներին հատկապես ցանկանում եմ, որ բացահայտեն իրենց ուժեղ կողմերը»։
Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության հեռանկարները Հայաստանում
Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքն ամրագրված է հայաստանյան և միջազգային իրավական փաստաթղթերով։ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երեխաների ընտանիքահենք խնամքի ինստիտուտը կայացնելու ուղղությամբ։Այս վերլուծության նպատակն է ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության կազմակերպման հնարավորությունները և առաջարկներ ներկայացնել Հայաստանում այս ինստիտուտը զարգացնելու համար։
Read moreԻմ մեծ ու արտասովոր ընտանիքը․ ՍՕՍ մանկական գյուղեր
Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղը հիմադրվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո` տրամադրելու անհապաղ օգնություն այն երեխաներին, ովքեր կորցրել էին իրենց ծնողներին: Այսօր ՍՕՍ մանկական գյուղերը շարունակում են աջակցել երեխաներին և նրանց ընտանիքներին Հայաստանի երեք վայրերում:
Read moreՆերածություն. հաշմանդամություն ունեցող երեխաների խնամատարության հեռանկարները Հայաստանում
Հայաստանը որդեգրել է երեխաներին հաստատություններից դեպի ընտանիք ուղղորդելու, այլ կերպ ասած՝ ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը և տևական ժամանակ է ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երեխաների խնամքը կենսաբանական ընտանիքում, իսկ անհնարինության դեպքում՝ ընտանիքահենք խնամքի այլ տարբերակների կիրառմամբ կազմակերպելու ուղղությամբ։
Read moreՆախագիծը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը։
Այս հրապարակման մեջ արտահայտված կարծիքները հեղինակինն են և կարող են չարտացոլել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
