
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմի և խաղաղության միջև եղած սահմանը վերացնելու իր փորձով հանկարծակիի բերեց տարածաշրջանը և միջազգային դիվանագիտական համայնքը` միաժամանակ փորձելով և՛ գրավել Թրամփի վարչակազմի ուշադրությունը, և՛ սրել լարվածությունը Հայաստանի հետ։
Այն, ինչը թվում է տրամաբանության հակասություն՝ խոսել խաղաղության մասին, բայց ձգտել պատերազմի, իրականում Ալիևի փորձն էր վերացնել այդ երկուսի միջև եղած սահմանը։
Անսպասելի մի քայլով, որը նպատակ ուներ հանկարծակիի բերել Հայաստանին և շփոթության մեջ գցել միջազգային դիվանագիտական բավականին մեծ շրջանակներին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը միակողմ հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի 17 կետերը համաձայնեցվել են՝ ներառյալ վերջին երկու չլուծված կետերը, որոնց հարցում Հայաստանը «զիջել է»։
Քանի որ Բաքուն երկար տարիներ ենթարկվել է միջազգային քննադատության՝ խաղաղության գործընթացում իր ոչ կառուցողական դիրքորոշման համար, «առաջընթացի» մասին այս նախաձեռնարկ հայտարարությունը դիվանագիտական համայնքի համար անսպասելի էր։ Ինչո՞ւ է հենց այն կողմը, որը միշտ խուսափել է կայուն խաղաղությունից, այժմ հայտարարում բանակցային գործընթացում «բեկման» մասին։ Ավելին, ինչո՞ւ այս կարևոր «ձեռքբերման» մասին հայտարարությունը միակողմ՝ առանց բանակցող մյուս կողմի արվեց, և ինչո՞ւ է այս անսպասելի «բեկումը» ուղեկցվում Ալիևի՝ հակասական, վիրավորական հայտարարություններով և անիրագործելի նախապայմաններով։
Ոչ թե խաղաղության, այլ Ամերիկայի ուշադրությունը գրավելու համար
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը խաղաղության մասին չէր, այլ հուսահատ փորձ՝ խաղաղության պատումին մաս կազմելու, որը, ինչպես նրանք հասկացել են, կենսական է Թրամփի «Ամերիկան՝ ամենից առաջ» արտաքին քաղաքականության համար։
Այսպիսով, խաղաղության պայմանագրի դրույթների վերաբերյալ հայտարարությունն ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ Սպիտակ տանը։
Ըստ էության, Ալիևի ռազմավարությունը Բաքվի հռետորաբանական դիրքորոշումը խաղաղության դաշտ տեղափոխելն էր, և նրա միակողմ հայտարարության նպատակը լրատվական և միջազգային ուշադրության միջոցով այս դիրքորոշմանը բովանդակություն հաղորդելը։
Այլևս չկարողանալով ներգործել Վաշինգտոնում, Բրյուսելում և Արևմուտքի մեծ մասում ձևավորված խոսույթի վրա, Ալիևը խիստ մտահոգ է իր կառավարության՝ Թրամփի վարչակազմի հետ հաղորդակցություն և բարձր մակարդակի փոխգործակցություն հաստատելու անկարողությամբ։
Շրջադարձ կատարելով, թեկուզև ցուցադրական հարթույթում, և խաղաղության խոսույթում նախաձեռնող դեր ստանձնելով, Ալիևը հուսահատորեն փորձում է ստեղծել «աշխարհաքաղաքական աղմուկ»՝ հույս ունենալով, որ այդպիսով Ադրբեջանը կհայտնվի Ամերիկայի տեսադաշտում։
Այս զարգացմանը Հայաստանի խիստ դրական արձագանքին Բաքվի գրեթե արհամարհական և նույնիսկ տարրական պատասխանն անմիջապես ցույց տվեց, որ Ալիևի մտադրություններն անկեղծ չէին։
Միևնույն ժամանակ, Բաքուն պատրաստ չէր միջազգային հանրության չափազանց դրական արձագանքին։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն, ՄԱԿ-ը և նույնիսկ Ռուսաստանը, ինչպես նաև 30 այլ երկիր, ոչ միայն ողջունեցին այս զարգացումը, այլև հստակորեն նշեցին, որ համաձայնեցված փաստաթուղթն այժմ պետք է ստորագրվի։
Ալիևի ռազմավարությունը՝ և խաղաղատենչ ներկայանալ, և հակամարտության հարատևությունը պահպանել՝ իրարամերժ դուրս եկավ։
Երբ Հայաստանն անմիջապես ընդունեց և համաձայնեց ստորագրել՝ արժանանալով միջազգային հանրության, մասնավորապես Միացյալ Նահանգների (Ալիևի անմիջական նպատակակետի) գովասանքին, Ալիևը մի շարք տարապայման նախապայմաններ ներկայացրեց, որպեսզի փակուղում չհայտնվի։
Խաղաղության պայմանագրի ստորագրման համար արհեստական խոչընդոտների ստեղծմանը հաջորդեց մեկ շաբաթ տևած ուժային դիվանագիտությունը։ Բաքուն սրեց իր հիբրիդային գործողությունները՝ անհիմն մեղադրելով Հայաստանին զինադադարի հետևողական խախտումների մեջ։ Ուշագրավ է, որ այս պնդումները, որպես կանխարգելիչ միջոց կանխավ գործարկվել էին Ալիևի (ռեժիմի) կամակատարների կողմից։
Բաքվի գործությունների հիբրիդային ձևաչափը, որը, ըստ երևույթին, հապշտապ էր կառուցված ի տարբերություն նախորդ՝ ավելի կանոնակարգ գործողությունների, ինքնաբացահայտող էր.
-Մարտի 11-ին Ալիևի ռեժիմի քարոզչական լրատվականներից մեկը հրապարակեց հոդված, թե իբր «տարածաշրջանն անկայունության եզրին է», քանի որ Հայաստանն ապրիլին պատերազմ է նախատեսում։
-Սակայն երկու օր անց, մարտի 13-ին, Բաքուն միակողմանիորեն հայտարարեց, որ երկու կողմերը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։
-Շատերի կողմից որպես բեկում ընկալված հայտարարության նույն օրը, Ալիևը Բաքվի ֆորումում Հայաստանին սուր հարձակման ենթարկեց՝ մեղադրելով անվստահելի, պատերազմատենչ և խաղաղության անընդունակ երկիր լինելու մեջ։
-Ուղիղ երկու օր անց, երբ միջազգային հանրությունը ողջունեց կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը, և արևմտյան բազմաթիվ մայրաքաղաքներ գովաբանեցին Հայաստանի կառուցողական և փոխզիջումային կեցվածքը, Բաքուն մարտի 16-ից 21-ը գործարկեց լարվածությունը սրելու բուռն արշավ։
Ալիևի հաշվարկները, ըստ երևույթին, հիմնված էին երեք ենթադրությունների վրա. պայմանագրի նախագծի մասին միակողմ հայտարարությունը Բաքվին նախաձեռնողականության առավելություն կընձեռնի և կառավարելով լրատվական հոսքը Բաքուն կարժանանա միջազգային ուշադրության, որը և թույլ կտա Ալիևին հայտնվել Թրամփի տեսադաշտում՝ որպես խաղաղատենչ առաջնորդ։
Ենթադրելով, որ Թրամփի ազգային անվտանգության թիմը մեկուսացման քաղաքականության կողմնակից է, կենտրոնացած չէ Հարավային Կովկասի վրա, և, որ Հայաստանի դեմ ուժային և հարկադրողական դիվանագիտության հակասական համադրությունը կարող է մնալ Վաշինգտոնի ուշադրությունից դուրս, որը և Ալիևին հնարավորություն կտա խաղաղության բանակցություններն օգտագործել որպես միջոց Սպիտակ տուն «մուտք գործելու» համար՝ առանց Հայաստանի հետ որևէ իրական պարտավորություն ստանձնելու։
Նախապայմանների տեսքով արհեստական խոչընդոտների գործարկումը համադրելով Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների հետ՝ հնարավորություն կտա Ալիևին Վաշինգտոնին փոխանցել կեղծ ուղերձներ. Ադրբեջանը խաղաղության ձգտող կողմն է, ինչպես հաստատում է խաղաղության համաձայնագրի նախագծի մասին Բաքվի հայտարարությունը, մինչդեռ Երևանը զինադադարի խախտումներով և իր վրեժատենչությամբ մերժում է Ալիևի «կառուցողական» նախապայմանները։
Ցուցադրականություն և ռազմավարական ձախողում
Բաքվի հանկարծակի համաձայնությունը պայմանագրի նախագծին և երկարկի ռազմավարությունը՝ Թրամփի Սպիտակ տուն «մուտք գործելու» համար կարող է թվալ որպես համարձակ քայլ։ Բայց իրականում այն զուտ հիասթափությունից ծնված հուսահատ քայլ է։
Այս պահի դրությամբ, Բաքուն չի կարողացել որևէ առաջընթաց գրանցել Թրամփի վարչակազմի հետ կապեր հաստատելու հարցում, թեև հսկայական կարողություններ է ներդրել Վաշինգտոնում։
Ավելին, հաշվի առնելով Ալիևի կարճատես հարձակումները պետքարտուղարության և ԱՄՆ այլ հաստատությունների և ծրագրերի դեմ արտաքին քաղաքականության ոլորտում, նա համակարգային կապերի հասանելիության առումով հայտնվել է փակուղում։
Այսպիսով, Ալիևի միակ հույսը կառուցված էր ցուցադրական քայլ անելու վրա, որը կողջունվեր Թրամփի ներքին շրջանակի կողմից, և հաշվի առնելով այն փաստը, որ Հարավային Կովկասին վերաբերող հարցերը կարգավորվում են Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) կողմից, ԱԱԽ-ի հետ փոխգործակցությունը նրա սկզբնական նպատակն էր։
Այն, որ այս փոխգործակցությունը կարող էր տապալվել, միակ գործոնն էր, որը Ալիևը և իր խորհրդական, Արտաքին քաղաքականության հարցերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հաշվի չէին առել։
Հաջիևի և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցի միջև հեռախոսազանգը, և Բաքվի կողմից այս խոսակցությունը ապահովելու համար կառուցված լայն ռազմավարությունը բացարձակ աղետ էր։
Հեռախոսազրույցի վերաբերյալ Ուոլցի հայտարարությունը ցույց տվեց, որ Բաքվի՝ խաղաղության խոսույթը գործիքավորելու ռազմավարությունը ձախողվել է, ավելին՝ Ուոլցը Բաքվին ներկայացրեց պահանջներ, որոնք զայրացրին Ալիևին։
Ուոլցը հանրայնորեն հայտարարեց, որ «հակամարտությունը Հարավային Կովկասում պետք է ավարտվի», և, որ նա ուղղակիորեն տեղեկացրել է Հաջիևին, որ նրանք «պետք է հիմա վերջնականացնեն այս խաղաղության պայմանագիրը, ազատ արձակեն բանտարկյալներին և համատեղ [Հայաստանի հետ] աշխատեն տարածաշրջանն ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար»։
Ըստ էության, Ուոլցը ոչ միայն մեղադրեց Ալիևին խաղաղության պատումը գործիքավորելու մեջ, այլ նաև հստակ արձանագրեց, որ Բաքուն պետք է գործնականում իրականացնի իր խոստումները։
Կասկած չկա, որ Բաքվի կեղծ պատումը, թե իբր Հայաստանը հարցակվողական կամ վրիժառու դերակատար է, որը հրաժարվում է անկեղծորեն շարժվել խաղաղության ճանապարհով, Ուոլցի և նրա թիմի կողմից ընկալվեց որպես Ամերիկայի աշխարհընկալման կարողությունների թերագնահատում։
Բայց Ալիևի համար առավել անհանգստացնող էր հայ ռազմագերիների ազատ արձակելու Ուոլցի պահանջը, մի հարց, որը չափազանց զգայուն է նրա վարչակազմի համար։
Սպիտակ տան հստակ դիրքորոշումն այս հարցում էլ ավելի խառնեց Ալիևի խաղաքարտերը։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ մարտի 25-ին վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին մամուլի հաղորդագրությունն էլ ավելի հստակեցրեց Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը և Թրամփի վարչակազմին գրավելու Ալիևի ռազմավարական նախաձեռնության ձախողումը։
Հեռախոսազանգի մասին պետքարտուղարության հաղորդագրությունն ուղիղ նշեց, որ քննարկման բնույթը «ռազմավարական գործընկերների» միջև էր, և, որ այս երկու ռազմավարական գործընկերները՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները, «համաձայնեցին, որ Հարավային Կովկասում ցանկացած տեսակ սրացում անընդունելի է»։
Ուոլցի պարտավորեցնող լեզվից և Ռուբիոյի աներկբա հայտարարությունից պարզ դարձավ Սպիտակ տան ընդհանուր դիրքորոշումը. Միացյալ Նահանգները պահանջում է խաղաղություն Հարավային Կովկասում, Ադրբեջանն է ապակայունացնող դերակատարը, և Բաքուն ճիշտ կանի զերծ մնա իրավիճակը սրող ցանկացած քայլից։
Ամփոփելով մարտի 13-ի և 25-ի միջև տեղի ունեցած զարգացումները՝ երբ Բաքուն կատարեց իր միակողմ հայտարարությունը և պետքարտուղար Ռուբիոն հրապարակեց վարչապետ Փաշինյանի հետ զրույցի հաղորդագրությունը, Ալիևը հայտնվեց իր երկակի ռազմավարության ձախողման ծանրության տակ և մատնվեց դիվանագիտական անզորության։
Զիջումների կեղծ տրամաբանությունը
Բանակցության տեսության համաձայն՝ փոխադարձաբար ընդունելի պայմանագրերը միշտ պարունակում են զիջումներ:
Սակայն զիջումների քաղաքականացումն առաջացնում է երկու հիմնական հարց՝ ինչն է որակվում որպես «զիջում» և որն է զիջումները քաղաքական սկզբունքից ելնելով մերժելու գինը:
Այս երևույթի կարևոր մասն է պարգևատրման տրամաբանությունը, այսինքն, արդյո՞ք թշնամին պարգևատրվում է, երբ մյուս կողմը զիջումներ է անում:
Բանակցային գործընթացների վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, եթե զիջումներն ապահովում են մի կողմի անմիջական և երկարաժամկետ նպատակները, ապա այդ զիջումները պակասեցնելը խախտում է բանակցային գործընթացի հավասարակշռությունը՝ վնասելով այդ կողմի անմիջական և երկարաժամկետ շահերին։
Բանակցող կողմերի ուժային հավասարակշռությունն է որոշում զիջումների կառուցվածքը։ Կարծել, թե թույլ և ուժեղ կողմերը հավասար չափով զիջումներ կկատարեն՝ իրատեսական չէ։
Այլ կերպ ասած՝ ուժեղ կողմը, իր բանակցային դիրքի շնորհիվ, չի կարող և չի պատրաստվում զիջել նույն չափով, ինչ թույլ կողմը։
Սակայն բանակցությունների արդյունքները չեն որոշվում զիջումների հաշվարկով, ասես սպորտային հանդիպում է, այլ զիջումների ձևի և զիջող կողմի հիմնական նպատակի ձեռքբերման միջև հարաբերությամբ։
Այսպիսով, մի կողմը կարող է բազմաթիվ զիջումներ անել և հասնել իր սահմանված նպատակին, մինչդեռ հակառակ կողմը կարող է ավելի քիչ զիջել, սակայն չհասնել իր նպատակին:
Այս պարունակում ընդհարվում են երկու մրցակցող տրամաբանություններ։ Մեկը զիջումները դիտում է որպես դրական արդյունքների ապահովման միջոց, իսկ մյուսը՝ զիջումները սխալ կերպով ներկայացնում է որպես քաղաքական առումով անընդունելի պարգևներ թշնամուն:
Վերջին մոտեցումը՝ կենտրոնանալով զիջումների գաղափարի, այլ ոչ թե դրանց ռազմավարական արժեքի վրա, ի վերջո հանգեցնում է հնարավոր շահավետ պայմանագրերի մերժմանը:
Ցավոք, Հայաստանի անճարակ և հակաժողովրդավարական ընդդիմությունը, նրա անտեղյակ դաշնակիցները սփյուռքում և կեղծ պատերազմական կուսակցությունը, որը խոսում է սկզբունքների մասին, սակայն ոչ մի մտադրություն չունի պատերազմել ավելի ուժեղ թշնամու դեմ, ձևավորել են մի մթնոլորտ, որը պտտվում է զիջումների կեղծ տրամաբանության շուրջ:
Ըստ էության, այս շրջանակներում գերիշխող խոսույթի համաձայն բանակցային գործընթացում Ադրբեջանին ցանկացած զիջում և՛ թշնամուն պարգևատրելու գործողություն է, և՛ կապիտուլյացիա:
Այս շրջանակները զիջումները չեն դիտարկում որպես բանակցային գործիք՝ Հայաստանի հիմնական նպատակներին հասնելու համար, այլ որպես Արևմուտքի խամաճիկ ռեժիմի դավադրական գործողություն, որով Հայաստանի շահերը հանձնվում են Ադրբեջանին:
Կեղծ խիզախությամբ և անազնիվ տրամաբանությամբ՝ ռուսամետ կուսակցությունների և դաշնակցական սփյուռքյան շրջանակների այս միասնությունը փորձում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը սահմանել ոչ թե Հայաստանի հիմնական նպատակների պարունակում, այլ զիջումների կեղծ տրամաբանության միջոցով:
Անգիտակցաբար նրանք ընդունել են բանակցություններին Ալիևի ռեժիմի մոտեցման ճիշտ հակառակ տարբերակը. մինչ այս ուժերը խոսում են զիջումների քանակների կամ սանդղակների մասին, Ալիևը մտածում է մեկ, եզակի զիջման մասին, և դա խաղաղությանը համաձայնելու զիջումն է:
Ադրբեջանի միակողմանի հայտարարությունը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ուղղված չէր Հայաստանին. Ալիևը խոսում էր Միացյալ Նահանգների հետ, միաժամանակ՝ առանձին խոսելով Հայաստանի հետ Բաքվի ֆորումում:
Ալիևը խաղաղության պայմանագրի ստորագրումը համարում է վերջնական զիջում, և, հետևաբար, պարտություն։
Այսպիսով, որպես զիջման կեղծ տրամաբանության գիտակ, Ալիևը, որպես ավելի ուժեղ կողմ, չունի ոչինչ զիջելու, բացառությամբ իր հիմնական նպատակից՝ Հայաստանի տարածաշրջանային ենթարկեցումից:
Ալիևի տեսանկյունից, այն զիջումները, որոնց դեմ հայկական տարբեր շրջանակներ բողոքում են՝ աննշան են ի համեմատություն այն վերջնական զիջման, որին նա պետք է գնա:
Հենց այս պատճառով, Ալիևը խաղաղության պայմանագիր կստորագրի միայն այն դեպքում երբ այլընտրանք չունենա:
Ալիևի վերջնանպատակն է Հայաստանի ենթարկեցումը՝ հակամարտության շարունակականության և կառավարելի անկայունության միջոցով:
Հայաստանի վերջնանպատակն է խաղաղության պայմանագիրը, որը կապահովի անվտանգություն և կայունություն, ինչն էլ թույլ կտա Հայաստանին զարգանալ:
Այս պարունակում Հայաստանի զիջումները նպաստում են վերջնանպատակին մոտենալուն, մինչդեռ Ալիևի հնարավոր միակ զիջումը կատարյալ բեկում է նրա հիմնական նպատակից:
Այսպիսով, հաշվի առնելով այն փաստը, որ Ալիևը կարողանում է շարունակաբար հասնել իր նպատակներին առանց խաղաղության պայմանագրի, և ավելին, ընդունելով այն իրողությունը, որ խաղաղության պայմանագիրը, իրականում, սահմանափակում է Ալիևի նպատակները, խաղաղության համաձայնելու գործողությունն ինքնին Ալիևի համար կդառնա զիջման և պարտության վերջնական քայլը:
Ալիևը խաղաղության պայմանագիր չի ստորագրի ոչ թե այն պատճառով, որ նա սկզբունքորեն դեմ է խաղաղությանը, այլ այն պատճառով, որ այն հակասում է նրա ներկա նպատակներին և վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանը կայացնելու նրա ներդրած ջանքերին։
Եթե Ալիևը ստորագրի խաղաղության պայմանագիր՝ այլևս չի կարող լինել տարածաշրջանի մինի-հեգեմոնը, լինել միակ ուժային դերակատարը Հարավային Կովկասում, կամ պահպանել իր քաղաքական համակարգը, որը հիմնված է Հայաստանի հետ հակամարտության շարունակականության վրա:
Բաքուն հսկայական կարողություն և տասնամյակների տքնաջան աշխատանք է ներդրել Հայաստանի նկատմամբ իր վայելած ուժային անհամաչափությունը հաստատելու համար։
Ալիևի տեսանկյունից՝ խաղաղության պայմանագիր ստորագրելը հավասարազոր է որպես մինի-հեգեմոն գործելու, անվերահսկելի վարքագիծ դրսևորելու, հակամարտության կառավարման, իր ուժային կարողությունները գործադրելու, և, ինչը նրա համար մեծագույն ձեռքբերումն է՝ Հայաստանի հետ ուժային անհավասարությունը պահպանելու իր ունակությունից հրաժարվելուն:
Ըստ էության, խաղաղությունն Ալիևին զրկում է ներքին քաղաքական թթվածնից, քանի որ Հայաստանի հետ հակամարտությունը պահպանելով է նա սնուցում իր պետական հաստատությունները և հովանավորչական միապետական համակարգը:
Նույն կերպ, խաղաղությունն Ալիևին զրկում է նրա աշխարհաքաղաքական աղ ու հացից, քանի որ նրա ամբողջ արտաքին և անվտանգության համակարգը կառուցված է Հայաստանի հետ պատերազմական վիճակում գտնվելու համար:
Հենց այս պատճառներով է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը Ալիևի կողմից ընկալվում է որպես վերջնական զիջում:
Սա է պատճառը, որ նա հորինեց ԱՄՆ-ի հետ ցուցադրական կերպով խաղաղության մասին խոսելու, բայց Հայաստանի հետ խաղաղության ոչ մի զիջում չանելու ռազմավարությունը։
Այն, որ այս ռազմավարությունն առայժմ ձախողվեց՝ բավականին ակնհայտ է թե՛ Բաքվում, թե՛ Վաշինգտոնում:
Այն, որ այս ռազմավարությունը նաև ցույց տվեց, որ Ալիևը չի ստորագրի խաղաղության պայմանագիր, եթե խստորեն չպարտադրվի՝ ավելի քան ակնհայտ է:
Վաշինգտոնի համար հստակ է՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար հարկավոր է, որ Ալիևը համաձայնի խաղաղությանը, այլապես նա խաբում է Թրամփի Սպիտակ տանը։
Վերջերս հրապարակված
Ադրբեջանի կեղծ դատավարությունները. պետության հովանավորած ատելությունը և խաղաղության քայքայումը
Բաքվում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ ռազմագերիների դեմ կեղծ դատավարությունները բացահայտում են Ադրբեջանում պետության հովանավորած հակահայկական ատելությունն ու քարոզչությունը, սրում թշնամանքը, խոչընդոտում խաղաղության ջանքերին և ուժեղացնում Ալիևի բռնապետական ռեժիմի հիմքերը։
Read moreԳենդերային ապատեղեկատվություն. բացատրություն չունի, առեղծված էլ չի
Անդրադարձ հայաստանյան լրատվամիջոցներում գենդերային ապատեղեկատվությանը, հիմնական թիրախներին ու վտանգավոր կարծրատիպերի վերարտադրման հետևանքներին ու հասարակական ազդեցություններին։
Read moreԵրազանքի տներ սահմանամերձ բնակավայրերում
Պետական ֆինանսավորմամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը փոխակերպում է սահմանամերձ բնակավայրերը՝ բազմաթիվ ընտանիքների ապահովելով նոր տներով ու խթանելով համայնքների զարգացմանը։
Read moreԿասկադի տակ
«Հայաստան» համալիրը՝ Կասկադը, անցյալից, թեկուզ ոչ հեռու անցյալից ժառանգված հուշարձան է՝ արվեստի գործ, որը կարիք ունի ամբողջացման, պահպանման և խնամքի, գրում է Միսակ Խոստիկյանը։
Read moreԲուժօգնություն. երբեմն անվճար ու արտոնյալ, երբեմն անհասանելի
Ի՞նչ ծառայություններ է ներառում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը և ովքե՞ր կարող են օգտվել, ի՞նչ խնդիրներ ունի համակարգն ու ո՞րն է տեսլականը։
Read moreԲուժօգնությունը բանտում․ դեղերի պակաս, անպատասխան մնացող դիմումներ
Անազատության մեջ պահվող անձանց ամիսներով հետաձգվող բուժօգնության, անհրաժեշտ դեղերի բացակայությանն ու փոխարինող դեղերով բուժման խնդիրներին, բուժաշխատողների անբարյացակամ վերաբերմունքին է անդրադառնում Աստղիկ Կարապետյանը։
Read more«Ընտրել եմ ապրելը»․ հաշմանդամություն ունեցողներն անազատության մեջ
Թեև քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են ազատությունից զրկված հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովմանն ուղղված միջոցառումներ, սակայն դրանք տեղային են ու ՔԿՀ-ների տարածքները հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար շարունակում են մնալ ոչ մատչելի ու ստեղծում են խնդիրներ։
Read moreԱշխատանքն ու կրթությունը բանտում
Ինչպես են անազատության մեջ գտնվողները կրթություն ստանում ու վարձատրվող աշխատանքի ինչ հնարավորություններ ունեն, դատապարտյալներից քանի՞սն է աշխատում ու ինչ խնդիրների է բախվում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreՍիրիայի հայերի մութ ապագան
Սիրիայի քաղաքական համայնապատկերը փոխվում է մեծ արագությամբ։ Թեև ավանդական ընդդիմադիր խմբերը և անթիվ փախստականները ողջունում են այս զարգացումը, հայերն ու այլ փոքրամասնություններ անորոշության մեջ են։ Երևանի տեսանկյունից այժմ հրատապ հարց է, թե ինչպես կազմակերպել մեր հայրենակիցների տարհանումը` օգտվելով ՄԱԿ-ում և Սիրիայում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությունից:
Read moreՖիրդուս. «հիշողության մանեժը»
Ֆիրդուսի ճարտարապետությունը ոչ միայն ժողովրդական էր, այլև՝ արդյունք էր պայմանավորվածությունների, համակեցության և համաստեղծարարության։ Ֆիրդուսի յուրաքանչյուր տան ավերումը վնասում է ոչ միայն առանձին կետին, այլև՝ Ֆիրդուսի ողջ մարմնին ու հիշողության տարածական ցանցին։
Read moreՊատմամշակութային հուշարձանների ներուժը
Կառավարությունն ավելացրել է հուշարձանների վերականգնմանը, պահպանմանը հատկացվող ֆինանսավորումը, ծրագրվում են նաև հանրահռչակմանն ուղղված քայլեր, սակայն, ոլորտում առկա խնդիրներն ավելի բազմազան են։
Read more