
Անվտանգության պարունակ
Օգոստոս ամսին Հայաստանի անվտանգային միջավայրն առաջին հերթին բնութագրվում է Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակմամբ և անվտանգության (ինչպես տարածքային, այնպես էլ մարդկանց) երկընտրանքով, որը սրվեց մարդասիրական ճգնաժամի ուժգնացման հետևանքով: Լեռնային Ղարաբաղի շուրջ սեղմվող օղակին ու համընդհանուր սովին համալրվեցին քաղաքացիական թիրախների Ադրբեջանի շարունակվող հարձակումները: Ստեփանակերտի դեմ Բաքվի հիբրիդային պատերազմի կիրառման հետ համատեղ Բաքուն ուժեղացրեց Երևանի դեմ իր կինետիկ դիվանագիտության ռազմավարությունը՝ հաճախակիացնելով շփման գծում կրակոցները Հայաստանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, թիրախավորելով Հայաստանում Եվրոպական Միության առաքելության դիտորդներին, ինչպես նաև սպանելով հայ ժամկետային զինծառայողի: Սրան հաջորդեց ավելի լայնամասշտաբ հարձակումը Սոթքի ուղղությամբ, որը հանգեցրեց երեք զինծառայողի մահվան:
Քանի որ բանակցային գործընթացն արգելակվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով, Հայաստանը դիմել է ճգնաժամի գործուն դիվանագիտացման և միջազգային կառույցների ներգրավմանը: Բաքվի արձագանքն այս զարգացումներին երկակի եղավ. մեղմել միջազգային հետևանքները և օգտագործել Ռուսաստանի լուռ համաձայնությունը՝ շրջափակումն է՛լ ավելի խորացնելու համար: Այսպիսով, անվտանգության պարունակը հանգեցրել է չորս հետևանքի. 1) անվտանգության իրավիճակը Լեռնային Ղարաբաղում զգալիորեն վատթարացել է, և հավանականություն կա, որ այն կտարածվի Հայաստանի վրա, 2) Միավորված ազգերի կազմակերպությունն ավելի գործուն դեր է ստանձնել, քանի որ Հայաստանն այդ կառույցի հնարավորությունները կիրառել է՝ ճգնաժամի վրա ավելի լայն միջազգային ուշադրություն հրավիրելու համար, 3) Ֆրանսիան ստանձնել է միջազգային հանրության շրջանում Հայաստանի դիրքերը պաշտպանելու դերը և 4) Ադրբեջանը խորացրել է Ռուսաստանի հետ համակարգումը՝ շրջափակումն ամրապնդելու ուղղությամբ:
Ֆրանսիայի դերը բավականին նշանակելի է դարձել Լեռնային Ղարաբաղը հայաթափելու Ադրբեջանի նախաձեռնությանն արձագանքելու առումով. նորանշանակ դեսպանը Լեհաստանի և Չեխիայի Հանրապետությունների դեսպանների հետ անմիջապես այցելեց Սյունիքի մարզ, իսկ ֆրանսիացի ընտրված պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Ֆրանսիայից մարդասիրական օգնություն տեղափոխեց Լաչինի միջանցք: Ֆրանսիայի դիրքորոշումը համապատասխանում է ավելի լայն եվրոպական դիվանագիտական նախաձեռնությանը. ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն և Բելգիան միացան Բաքվի քննադատությանը, իսկ Ալիևը հրաժարվեց հանդիպել վերջին երկուսին: Կանադան և Հարավային Կորեան նույնպես ավելի ուղղակիորեն են ներգրավվել գործընթացում: Արևմուտքի կայունացման ջանքերն ամրապնդվեցին նաև Միավորված ազգերի կազմակերպության ներգրավմամբ. նախ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտեց Բաքվի քաղաքականությունը, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը դատապարտեց Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը:
Հայաստանի կողմից անվտանգության դիվանագիտացումը հանգեցրեց Բաքվի «խավիարային դիվանագիտության» քայքայման, իսկ Հայաստանի համար հանրային հարաբերություններում և տեղեկատվական ճակատամարտում Ադրբեջանի դեմ հաղթանակը նոր նվաճում էր: Սրա անվտանգային հետևանքը, սակայն, եղավ այն, որ Ալիևի վարչակարգն ուժգնացրեց կինետիկ դիվանագիտությունն ու կտրուկ ավելացրեց սահմանային կամայականությունը: Ադրբեջանն այս ամիս հետևողականորեն կրակ է բացել Կուտականի, Վերին Շորժայի, Երասխի, Նորաբակի հայկական դիրքերի և Կապանում քաղաքացիական օդանավակայանի ուղղությամբ՝ միևնույն ժամանակ անընդհատ կրակի տակ պահելով Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիականների: Բաքվի՝ միջպետական բռնության սաստկացումը սրվում է նաև նրանով, որ Ռուսաստանը լիակատար հրաժարվում է պատասխանատվությունից, իսկ ռուս-ադրբեջանական առանցքը Հայաստանին է մեղադրում Բաքվի օրինախախտումների մեջ: Արդյունքում Հայաստանը շարունակում է հեռանալ Ռուսաստանից՝ Մոսկվայի ռազմավարական ապակառուցողականության պատճառով:
Քանի որ Մոսկվան համակարգված ձևով հեռացվում է բանակցային գործընթացից ու ամբողջությամբ կորցրել է Երևանի վրա լծակները՝ Բաքվի հետ իր սերտացման պատճառով, որպես փոխհատուցում ձգտում է ուժեղացնել վերահսկողությունը պաշտոնական Ստեփանակերտի վրա՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականով և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի նոր հրամանատարի նշանակմամբ: Քանի որ Հարությունյանի քաղաքական խմբակցությունը սկսել էր բարձրաձայն քննադատել Ռուսաստանի ռազմավարական անտարբերությունը, Ստեփանակերտի ղեկավարությունը հանձնվեց ավելի ռուսամետ, հակաերևանյան խմբակցության: Այս վերադասավորությունների անվտանգային հետևանքները ենթադրում են երկու հնարավոր ելք. 1) Ռուսաստանը քաղաքական պաշտպանության որոշակի մակարդակ է առաջարկում նոր ղեկավարությանը և 2) անվտանգային իրավիճակի հետագա վատթարացում, բայց Երևանի վարած քաղաքականության հաշվին:
Ալիևի խելագարի ռազմավարությունը և հարկադրանքի արդարացումը
Հարկադրանքը պարզապես գործիք կամ դիվանագիտական զենք չէ Ալիևի վարչակարգի համար: Այն վարչակարգի և արտաքին քաղաքականության հայեցակարգի անբաժան մասն է և պտտվում է երեք սկզբունքի շուրջ. իրականանալի սպառնալիքներ, հեղինակության ձևավորում և ակնհայտ ծայրահեղ սպառնալիքների գործարկման հանդեպ վստահության ավելացում: Այս մոտեցումը միջազգային անվտանգության ուսումնասիրության ոլորտում որակվում է որպես «խելագարի տեսություն», ըստ որի ծայրահեղ կամ չափից դուրս առավելապաշտական դիրքորոշումը կարող է օգնել առաջնորդին ճգնաժամային սակարկություններում և ոչ միայն հակառակորդին, այլև հակամարտության մյուս կողմերին ստիպել ընդունել դերակատարի տեսակետը՝ ավերումից խուսափելու համար: Ըստ սահմանման, տվյալ դերակատարը «խելագար» կամ «խենթ» է համարվում ոչ թե հոգեկան առողջության, այլ, ավելի ճիշտ, ռազմատենչ վարքագծի տեսանկյունից: Նա կնախընտրի և կկիրառի ամենածայրահեղ կամ առավելապաշտական տարբերակը. պատերազմ և կործանում: Այս պատճառով խելագարի տեսությունը ձևավորվել է որպես հարկադրող սակարկման արդյունավետ ռազմավարություն, որտեղ դերակատարի ենթադրյալ ծայրահեղականությունն այն հիմքն է, որի վրա կառուցվում է նրա հետ փոխհարաբերությունը: Որպես այդպիսին, Ալիևի դիրքորոշումը ոչ միայն Հայաստանի հետ, այլև «խաղաղության» բանակցություններում ներգրավված միջազգային հանրության հետ ելնում է այն տրամաբանությունից, որ եթե իր պայմանները չկատարվեն, նա իրեն իրավունք կվերապահի պատերազմ սկսել:
Այս պարունակում, թեպետ պատերազմը ցանկացած բանակցային գործընթացում համարվում է չափազանց ծայրահեղ կամ «խելագար» մոտեցում, Ալիևի դեպքում այս «խելագարությունը» կամ «ծայրահեղականությունը» համարվում է արժանահավատ: Խելագարի ռազմավարությունը, անշուշտ, ունի երկու կարևոր հատկանիշ. դերակատարը պետք է ցույց տա, որ ունի կործանարար վարքագիծ, իսկ իրավիճակի սրման կամ բանակցային գործընթացի ձախողման սպառնալիքները պետք է համարվեն արժանահավատ: Այսպիսով, որպեսզի խելագարի տեսությունն աշխատի, մյուսները պետք է համոզված լինեն, որ տվյալ դերակատարն ըստ էության խելագար է: Եթե դերակատարի խելագարությունը կամ ծայրահեղականությունն արժանահավատ չեն, ռազմավարությունը փլուզվում է: Սա է պատճառը, որ Ալիևը չի կարող հրաժարվել իր առավելապաշտական կամ ծայրահեղական դիրքորոշումից. նրա կողմից ցանկացած զիջում կփլուզի խելագարի ռազմավարությունը՝ զրոյացնելով կործանարար ուժ լինելու նրա հեղինակությունը: Ալիևյան «խելագարի ռազմավարությունը» զարմանալիորեն համահունչ է մի շարք ուսումնասիրությունների հետ. 1) եթե Ալիևը չստանա այն, ինչ ուզում է, այլ տարբերակ չի ունենա, քան պատերազմ սկսել, 2) միջազգային հանրությունն ընդունում է, որ եթե բանակցություններում առաջընթաց չլինի, Ալիևն իրեն իրավունք կվերապահի պատերազմ սկսել և 3) Ալիևը կարիք չունի արդարանալու, թե ինչու է պատերազմ սկսում. տրամաբանությունը, որով առաջնորդվում են բոլորը, հստակ սահմանված է` նա արժանահավատ «խելագար» է:
Սա է պատճառը, որ Բաքվի «խելագարի ռազմավարությունը» հանգեցրել է չորս հետևանքի. 1) արդարացրել է հարկադրանքը, 2) ԱՄՆ-ին և Եվրոպային համոզել է, որ ճնշման դեպքում Ալիևն այլընտրանք չի ունենա, քան դիմել ուժի, 3) խելագարին սադրելն անխոհեմություն է, ուստի Հայաստանը պետք է նրբանկատ լինի Բաքվի հետ հարաբերություններում և 4) պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող, որովհետև բոլորը գործ ունեն «խելագարի» հետ: Ծայրահեղականության այսպիսի դրսևորումը, որը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի անհամաչափության պատճառով, վերածվել է ինքնաիրագործելի մարգարեության. ուժի կիրառումն անխուսափելի է, որովհետև Ալիևն իրեն իրավունք է վերապահում ուժ կիրառել: Այս ռազմավարության տրամաբանական արդյունքը շատ պարզ է. եթե խելագարը չստանա այն, ինչ ուզում է, բոլորը կտուժեն: Սա ոչ միայն զգալիորեն վնասել է խաղաղության գործընթացին կամ նույնիսկ տարածաշրջանում կայունության հնարավորությանը, այլև, ավելին, համոզել է արևմուտքին ավելի մեծ հանդուրժողականություն դրսևորել Ալիևի նկատմամբ, քանի որ «խելագարությունը» հանդուրժելու շեմը պետք է ավելի բարձր լինի: Սա ոչ միայն արդարացրել է Բաքվի ռազմատենչությունը, այլև, ըստ էության, ստեղծել հանդուրժողականության արհեստական մթնոլորտ. խելագարին պետք է վերաբերվել զգուշությամբ, այլապես նա կդրսևորի իր խելագարությունը:
Խելագարի ռազմավարության չեզոքացում
Ալիևի վարչակարգի խելագար ռազմավարությունը չեզոքացնելը բխում է Հայաստանի ռազմավարական և անվտանգային շահերից, բայց, ավելին, Արևմուտքի հիմնարար շահերից է բխում թե՛ վարկաբեկել, թե՛ օրինական ուժից զրկել այդ ռազմավարությունը: Պարզ ասած, եթե խելագարի «համբավը» վարկաբեկվի, Ալիևը խթան չի ունենա մասնակցելու ո՛չ բուն խաղաղության, ո՛չ էլ նույնիսկ պարզագույն կայունացման գործընթացին: Ուստի, խելագարի ռազմավարությունը ստեղծված է հենց խաղաղությանը խոչընդոտելու համար, քանի որ ծայրահեղական կամ առավելապաշտական պահանջների դեպքում խաղաղություն չի կարող լինել: Հետևաբար, լուծումը երկշերտ է. Հայաստանը պետք է ձեռնոց նետի խելագար ռազմական խորամանկությանը «զսպում մերժման միջոցով» քաղաքականությամբ, իսկ արևմուտքը պարզապես պետք է փոխի իր հիմնարար ընկալումն ու մերժի Ալիևի խելագարի դիրքորոշումը: Ինչո՞ւ սա կաշխատի. որովհետև խելագարի տեսության ուսումնասիրությանը նվիրված ծավալուն հետազոտությունները հանգեցրել են զարմանալի եզրակացությունների, որոնք ցույց են տալիս, որ ռազմավարությունն ուղղակի չի գործում, եթե խելագարի բլեֆը բացահայտվում է:
Լայնամասշտաբ ուսումնասիրություններից մեկը ցույց է տալիս, որ խելագարի ռազմավարության կիրառումը արժանահավատության հետ կապված խնդիրներ է ստեղծում հետագայում, ինչն էլ իր հերթին առաջացնում է անորոշություն և վստահության բացակայություն: Այս պարունակում, եթե, օրինակ, արևմուտքը հավատա Ալիևի խելահեղ դիրքորոշմանը, ապա, ըստ սահմանման, նաև ստիպված կլինի եզրակացնել, որ երբեք չի կարելի վստահ լինել, որ Ալիևը կպահպանի խաղաղության պայմանագիրը: Այս իմաստով, կա՛մ արևմուտքը բացահայտում է Ալիևի բլեֆը, կա՛մ խաղաղության բանակցություններին սատարելու միջոցով վերանյում սեփական մոտեցումը: Մեկ այլ ուսումնասիրություն եզրահանգում է, որ խելագարի ռազմավարությունն ըստ էության առասպել է, քանի որ կախված է արժանահավատության ընկալունակությունից և նկրտումներից, բայց երբ խելագարին դիմադրում ու ձեռնոց են նետում, ճակատամասը փլուզվում է: Մի ավելի հայտնի ուսումնասիրություն ցույց է տվել, որ թեև տվյալ դերակատարը կարող է ռացիոնալ հաշվարկներ անել ծայրահեղ նախապատվությունների միջոցով, այս «իրավիճակային ծայրահեղ նախապատվությունները» բանակցությունների ընթացքում կարող են բերել որոշակի հարկադրանքի և օգուտի, բայց չեն կարող հանգեցնել կայուն երկարաժամկետ արդյունքի: Նույն կերպ նաև, N ուսումնասիրությունը հայտնաբերեց, որ խելագարի մոտեցումը լրջորեն վնասում է տարածաշրջանի ընդհանուր զսպման և անվտանգության ճարտարապետությանը:
Ընդհանուր առմամբ, արևմուտքի լուռ համաձայնությունը Բաքվի խելագար դիրքորոշմանը պարզապես միամիտ ինքնահակասման վարժանք է: Ալիևն այդքան «խելագար» չէ, որքան ներկայացնում է իրեն. նա ո՛չ արժանահավատ է, ո՛չ էլ ի վիճակի է իրականացնել իր սպառնալիքները, եթե նրան չօգնեն կամ հնարավորություն չընձեռեն: Նրան հետևանքներով սպառնալը չի հանգեցնի բացասական կամ քայքայիչ արդյունքի, իսկ նրա ծայրահեղականության նկատմամբ ավելի բարձր հանդուրժողականության շեմը հակասում է այն ամենին, ինչին արևմուտքը ձգտում է: Հայաստանը, մյուս կողմից, ներկայում հնարավորություն չունի բացահայտել խելագարի բլեֆը, բայց ավելացնում է իր դիմակայությունը՝ նրա ծայրահեղական պահանջները մերժելու համար: Սպառնալիքը և աղետաբեր ուժի կիրառումը խելագարի օդն ու ջուրն է: Խլե՛ք դա նրանից, ու կբացահայտեք, թե իրականում ով է նա. անվճռական խուլիգան, որը զբաղված է թույլերին ճնշելով: Սադամ Հուսեյնից մինչև Սլոբադան Միլոշևիչ և Մուամար Քադաֆի՝ գործելաոճը պարզից էլ պարզ է: Այդ իրողության գիտակցումը, ցավոք, դեռ չի հասել Հարավային Կովկաս, ու մինչև չհասնի, տարածաշրջանում չի լինի ո՛չ խաղաղություն, ո՛չ կայունություն:
EVN Անվտանգության զեկույց
Անվտանգության զեկույց. հուլիս 2023
Որպեսզի ազգային ռազմավարությունը լինի հստակ, ինքնուրույն և գործառնական, այն պահանջում է ռազմավարական հետախուզություն, բացատրում է Ներսես Կոպալյանը։
Read moreԱնվտանգության զեկույց. հունիս 2023
Այս անվտանգության զեկույցում սցենարի ծրագրումը կմիավորվի արտաքո իրավիճակների ծրագրման հետ` առաջարկելով գործողությունների շարք և ելքեր, որոնց կարելի է դիմել անսպասելի իրավիճակներում և մեղմել ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտության և Ռուսաստանի ներքին քաղաքական կարգի փոփոխության էական ներգործությունը Հայաստանի Հանրապետության վրա։
Read moreԱնվտանգության զեկույց. մայիս 2023
Հայաստանի հանքերը երբեք չեն եղել անվտանգության ճարտարապետության մաս, իսկ այս ոլորտի հնարավոր անվտանգայնացումը երբևէ չի դիտարկվել որպես հիմնարար անկյունաքար` դաշինքներ կամ ռազմավարական գործընկերություն կառուցելիս: Հանքարդյունաբերություն հանուն անվտանգության սկզբունքը Հայաստանին առաջարկում է իր հանքային արդյունաբերությունը որպես անվտանգության գործիք օգտագործելու խիստ անհրաժեշտ հնարավորություն, գրում է Ներսես Կոպալյանը։
Read moreԱնվտանգության զեկույց․ ապրիլ 2023
Ռուսաստանի կողմից 2020 թվականի Արցախյան պատերազմի ավարտի վերաբերյալ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Հայաստանի իրավունքների ու շահերի նկատմամբ լիակատար անտարբերությունն ու դրանց ոտնահարումն ի ցույց են դրել հայ-ռուսական հարաբերություններում առկա ճեղքերը՝ բացահայտելով սառեցված հակամարտության հարատևման Մոսկվայի նախապատվությունը։
Read moreԱնվտանգության զեկույց․ մարտ 2023
Ադրբեջանը մարտին ուժեղացրեց իր ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, նախաձեռնեց անվտանգային միջավայրը խաթարելուն միտված ծածուկ քաղաքականություն։ Բացի այդ Ռուսաստանը և Ադրբեջանը միասնական ճակատ են ստեղծել տարածաշրջանում Արևմտյան ներկայության դեմ, իսկ Հայաստանն անցել է իր ռազմավարական շահերի վերակազմավորմանը։
Read more