
Անվտանգության պարունակ
Հուլիսին Հայաստանի Հանրապետության անվտանգության փոխդասավորությունները չփոխվեցին, իսկ Ստեփանակերտում իրավիճակը ծայրահեղ վատթարացավ։ Միջազգային հանրությունն ու արևմուտքի կայունացման ջանքերը պատսպարեցին Հայաստանը Ադրբեջանի ծայրահեղական գործողություններից, և Բաքուն ուշադրությունը կենտրոնացրեց Լեռնային Ղարաբաղի շուրջ օղակը սեղմելու վրա:
Բանակցային գործընթացն առաջ գնաց երկու ուղղությամբ. շարունակվեց հայ-ադրբեջանական բանակցային ուղին և ջանք ներդրվեց ձևավորելու նոր, Ստեփանակերտ-Բաքու բանակցային ուղին: Մինչ արևմուտքն ու Երևանը հստակ տարանջատում են այս երկու ուղիները, Բաքուն և Ռուսաստանը փորձում եմ միախառնել այդ երկուսը` առաջացնելով ապակառուցողականութան շարունակական ու կազմակերպված գործընթաց: Այս պարունակում, առաջին խումբն աջակցում է միջազգային գործիքակազմի ներդրմանը` Ստեփանակերտ-Բաքու բանակցային ուղին համաձայնեցնելու համար, իսկ երկրորդ խումբը շարունակում է ընդդիմանալ: Այսպիսով, գաղտնի բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենային Բուլղարիայում, ձախողվեցին, երբ Ստեփանակերտը ետ կանգնեց մասնակցությունից ռուսական ծանր ճնշման տակ, իսկ երկրորդ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Բրատիսլավայում, տապալվեց, որովհետև Բաքուն հրաժարվեց ներկայանալ` փոխարենը համաձայնելով բանակցություններն Ադրբեջանում վարելու ռուսական առաջարկին, ինչը հայերի համար անընդունելի է:
Հետևաբար, երբ Հայաստանն ու արևմուտքը ձգտում են Ստեփանակերտին գործակալություն տալ նոր բանակցային ճանապարհ ներդնելու միջոցով, Բաքուն և Մոսկվան ձգտում են մերժել այսպիսի զարգացումը: Այս մերժմանը հետևեց Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության վարկաբեկման փորձը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացումը: Մոտալուտ մարդասիրական աղետը կանխելու նպատակով Հայաստանը 400 տոննա օգնություն ուղարկեց Լաչինի միջանցք` նպատակ ունենալով բանակցել ռուսական զորակազմի հետ` մարդասիրական օգնությունը հայկական բնակչությանը հասցնելու հարցում: Ադրբեջանն արգելեց շարասյանն անցնել կամուրջը, իսկ դա ամրապնդվեց նրանով, որ ռուս խաղաղապահները հրաժարվեցին հանդիպել հայկական կողմի հետ: Գաղափարական առումով, ռուսական ներկայությունը հակամարտության թատերաբեմում՝ լուռ հոժարությունն է Լեռնային Ղարաբաղի խեղդամահության, իսկ գործնականում Ռուսաստանը շարունակում է օգտվել օդային փոխադրումներից իր զորքի կարիքները հոգալու համար, բայց ձեռնպահ է մնում հայ բնակչությանը օդային ճանապարհով առաջին անհրաժեշտության պարագաներ փոխանցելուց: Այս զարգացումները դիտարկելով ամբողջության մեջ և կանխատեսելով ռուս-ադրբեջանական շահերի համընկնումը ճգնաժամը խորացնելու և անվտանգային իրավիճակն ընտրողաբար ապակայունացնելու հարցում` Հայաստանը պետք է որդեգրի «ռազմավարական հետախուզության» հայեցակարգ՝ որպես որոշումների կայացման և գործառնականացման կարողությունների համակարգման գործընթացի մաս։
Մոտալուտ մարդասիրական ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում անվտանգության հավանական ընտրանք է Հայաստանի համար, ինչն էլ ավելի է սաստկացնում արդեն իսկ լարված անվտանգային միջավայրը, որը որոշակիորեն կայունացել էր դիվանագիտության, ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայության և բանակցային գործընթացում Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության ակտիվ ներգրավվածության շնորհիվ: Լեռնային Ղարաբաղում վատթարացող իրավիճակը, սակայն, կարող է չեզոքացնել հաստատված հարաբերական կայունությունը: Բաքուն հույս ունի կապել Երևանի ձեռքերը` Լեռնային Ղարաբաղում ստեղծելով այնպիսի անելանելի իրավիճակ, որ Հայաստանը չունենա այլընտրանք, քան ուժ կիրառելը` այդպիսով ընկնելով Ադրբեջանի ծուղակն ու նախաձեռնելով ռազմական գործողություններ: Լիովին գիտակցելով այս թակարդը` Երևանը նախընտրել է հենվել միջազգային գործիքակազմի, ակտիվ դիվանագիտության և խոցելի հայ բնակչության վերաբերյալ ավելի լայն պատում վերաձևակերպելու վրա: Թեև Ադրբեջանի այս քաղաքականությունը դատապարտել են տարբեր երկրներ, ինչպիսիք են Նիդեռլանդները, Իսպանիան, Ֆրանսիան, Լիտվան, Չեխիան, Սլովենիան, Կիպրոսը, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները և Եվրոպական Միությունը, Բաքուն ոչ միայն սաստկացրել է շրջափակումը, այլև ապօրինի կերպով կալանավորել և առևանգել էթնիկ հայերին, որոնց տեղափոխում էր ԿԽՄԿ-ն: Միջազգային կազմակերպություններին վարկաբեկելու հարցում ընդհանուր շահ գտնելով` Ռուսաստանը լռելյայն աջակցում է Բաքվի նպատակներին` դրանով էլ ավելի խորացնելով ճգնաժամը. ոստիկանը սենյակում ձևացնում է, թե չի տեսնում, իսկ հանցագործը շարունակում է կտտանքների ենթարկել զոհին: Քանի որ անվտանգության համակարգը, որում հայտնվել է Հայաստանը, դարձել է չափազանց բարդ ու բազմաշերտ, Հայաստանի նոր անվտանգային ճարտարապետության վերաձևակերպումն ազգային անվտանգության ռազմավարության մեջ պետք է ներառի մի կարևոր գործիք. ռազմավարական հետախուզություն:
Ռազմավարական հետախուզություն
Ռազմավարական հետախուզության ոլորտը (STRATINT) հիմնված է դասական հետախուզության տեսության վրա, որը կիրառում է ինչպես ակադեմիական գիտելիքներ, այնպես էլ հետախուզության համակարգի գործնական աշխատանք` ազգային անվտանգությանը հատուկ քաղաքականություն ձևակերպելիս ավելի բազմաշերտ և կիրառելի գործիք ստեղծելու համար: Ռազմավարական հետախուզությունը նախ և առաջ սահմանվում է որպես հետախուզություն, որն անհրաժեշտ է ռազմական ծրագրերի ռազմավարության, քաղաքականության և իրականացման (գործառնականացման) համար ազգային մակարդակում և հակամարտության բեմում: Ավելի պարզ ասած` ռազմավարական հետախուզությունը որակվում է որպես հետախուզություն, որն անհրաժեշտ է ռազմավարություն ստեղծելու և իրագործելու, իսկ ավելի հստակ` ազգային անվտանգության ռազմավարության համար: Գաղափարական տեսանկյունից, ռազմավարությունը ոչ այնքան ծրագիր է, որքան ծրագրի հիմքում ընկած առավել լայն տրամաբանություն, և որպես այդպիսին ռազմավարություն, որը նպաստում է ազգային նպատակներին` առաջարկելով փոփոխականների լայն բազմազանությունը կանոնակարգելու և հարմարեցնելու մոտեցումներ: Այդպիսի փոփոխականների բարդ և բազմակողմանի բնույթը պահանջում է խնդրո առարկա երևույթների խոր, մանրակրկիտ իմացություն. այստեղ առաջանում է ռազմավարական հետախուզության անհրաժեշտություն: Առանց ռազմավարական հետախուզության և ազգային ռազմավարությունը ձևավորող բազմաթիվ փոփոխականների համակարգման` ռազմավարությունը դառնում է ոչ ավելին, քան վերացական տեսություն: Այսպիսով, որպեսզի ազգային ռազմավարությունը լինի հստակ, ինքնուրույն և գործառնական, այն պահանջում է ռազմավարական հետախուզություն:

Հայաստանում «ռազմավարական» եզրույթն ընկալվում և կիրառվում է փոխադարձաբար «ռազմավարական հետախուզություն» հասկացության հետ, ինչն առաջ է բերում ռազմավարության մշակման սկզբունքային թերություններ և թյուրըմբռնում: Հետևաբար, ստեղծված ռազմավարությունը հանգեցրել է անասելի վնասակար հետևանքների: Այս պարունակում, Հայաստանը ոչ միայն ի վիճակի չէ մշակել համապարփակ ազգային անվտանգության ռազմավարություն, այլև չի կարող նպաստել այդ ռազմավարության իրականացմանն առանց ռազմավարական հետախուզություն կիրառելու: Ցավոք, հայ «քաղաքական գործիչները» կամ «ռազմագետները» երբեք չեն իմացել կամ չեն սովորել, թե ինչպես օգտագործել ռազմավարական հետախուզությունն ազգային անվտանգության ռազմավարության ձևակերպման մեջ: Ավելին, հետախուզությունը Հայաստանի անվտանգության համակարգում դիտարկվել է որպես մարտավարական կամ հպանցիկ, այլ ոչ թե քաղաքականության մշակման և գործառնացման ռազմավարական գործոն: Ըստ էության, մարտավարականը շփոթել և միավորել են ռազմավարականի հետ, ինչի մասին հստակ վկայում են վերջին 30 տարիները, որոնց ընթացքում Հայաստանը չուներ ո՛չ ընդհանուր ռազմավարություն, ո՛չ ազգային անվտանգության ռազմավարության համապարփակ տեսլական:

Հետախուզությունը հիմնականում ուղղակի որակվում է որպես անհետաձգելի կամ հատուկ կարիքների դեպքում ռազմական մարտավարության մշակման անհրաժեշտ ռեսուրս: Բազմաթիվ բարդ փոփոխականների օգտագործման գաղափարը, որոնք հատուկ են հետախուզությանը` որպես ստվար ռազմավարության զարգացման գործիք, գոյություն չի ունեցել Հայաստանի անվտանգության համակարգի մտածողության և ուսուցման մեջ: Սրա պատճառները բազմաթիվ են` սկսած տեղական ուսման բացակայությունից և արտաքին գործընկերոջից (ներից) չափից շատ կախվածությունից մինչև հետախուզության ոլորտում գիտական կամ հետազոտական տվյալների պակաս: Ըստ էության, ռազմավարական հետախուզությունը համադրում է թե՛ ակադեմիական, թե՛ հետախուզական կարողություններ, Հայաստանում երկուսի սուր պակաս կա: Առաջինն ի սկզբանե գոյություն չի ունեցել, իսկ երկրորդը, ըստ էության, թերզարգացած է և մինչև վերջերս ենթարկվում էր տարածաշրջանային հեգեմոնի տեղեկատվական գերիշխանությանը՝ հենվելով առաջին հերթին բաց աղբյուրների հետախուզության վրա, կամ նրա, ինչով ռուսները պատրաստ են կիսվել։ Ռազմավարական հետախուզություն մշակելու Հայաստանի ներուժը ոչ միայն մեթոդաբար սահմանափակվել է անկախությունից ի վեր, այլև ծրագրվել է այնպես, որ ձախողվի: Այն, որ մարդկային հետախուզություն (HUMINT) ստեղծելու Հայաստանի ներուժը շատ փոքր է, ինքնին խոսուն փաստ է:
Խտացած անակնկալներ և հետախուզության ձախողումներ
Գաղտնիք չէ, որ Հայաստանում գրեթե չկար հետախուզություն կամ այնպիսի հետախուզություն, որը համակարգված կամ կիրառելի էր 2016 թվականի քառօրյա պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով, և ոչ էլ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանն ամբողջությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Ռազմավարական հետախուզության լիակատար բացակայության հետևանքով Հայաստանն անակնկալի էր եկել և անպատրաստ էր թշնամու մտահղացումներին, գործուն ներուժին և ռազմավարական նպատակներին դիմակայելու: Ըստ էության, Հայաստանում եղած ամբողջ հետախուզական համակարգն ապացուցեց ոչ միայն իր անօգտակարությունը, այլև նույնիսկ վնասակարությունը, քանի որ տալիս էր սխալ և կեղծ կանխատեսումներ ու կարողությունների գնահատականներ: Ավելին, Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ ավելի շատ հետախուզական տվյալներ ու տեղեկատվություն ուներ, քան Հայաստանն Ադրբեջանի վերաբերյալ: Այսպիսով, եթե մի կողմ դնենք բիրտ ուժի անհամաչափությունը, լուրջ տարբերություններ կային հետախուզական ներուժի և մասնավորապես ռազմավարական հետախուզության ոլորտում: Այս թերությունը լուրջ խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար «խտացած» անակնկալների դեպքում:
Խտացած անակնկալն ուղղորդված ջանքի արդյունք է գործող անձի կողմից, որը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ հակառակորդն իմանա իր նպատակների մասին և իրական կարողությունների ծավալները` քողարկման և խորամանկության միջոցով առավելության հասնելու համար: 2016-ի քառօրյա պատերազմը խտացած անակնկալի պարզ օրինակ է, երբ Հայաստանի ռազմավարական հետախուզության ձախողումները չկարողացան ակնկալել կամ համոզիչ կերպով կանխատեսել Ադրբեջանի նախաձեռնած գործողության ծավալները: Այս պարունակում հետախուզության ձախողումները չեն կատարվում վակուումում, այլ ռազմավարական հետախուզության մի շարք ձախողումների կողմնակի հետևանք են. գագաթնակետը հետախուզության լուրջ խափանումն է, որը խախտում է ամբողջ համակարգի գործունեությունը` հանգեցնելով ավերիչ հետևանքների: Այս պարունակում, ռազմավարական հետախուզության ներուժի զարգացումը և, հետևաբար, ռազմավարական նպատակների ձևակերպումը, որոնք կարող են բացատրել կամ մեծ առումով պատրաստել խտացած անակնկալների ձևավորման, ճակատագրական նշանակություն ունի ցանկացած երկրի ազգային անվտանգության ռազմավարության համար, հատկապես այնպիսի խոցելի երկրի, ինչպիսին Հայաստանն է: 2020-ի 44-օրյա պատերազմը բացառություն չէ, քանի որ որպես խտացած անակնկալի պարզ օրինակ` Ադրբեջանը սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի լայնամասշտաբ ներխուժում, որի ծավալներից Հայաստանի հետախուզական համակարգը շատ քիչ էր տեղյակ: Ենթադրել, որ Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած պահի, ամենևին նույնը չէ, ինչ ունենալ ռազմավարական հետախուզություն։ Ավելին, Հայաստանը գիտե՞ր, որ Ադրբեջանի հիմնական հարձակումը լինելու է հարավից, Հայաստանը կանխատեսո՞ւմ էր ադրբեջանական օդային գերակշռության ծավալը, հայկական հետախուզությունը գիտե՞ր, որ անօդաչու սարքերն Ադրբեջանի ռազմավարության հիմնական մասն են, և արդյոք այս ամենից որևէ մեկի իմացությունը վերածվե՞ց քաղաքական վերադասավորումների, մարտավարական ճշգրտումների և պաշտպանական դիրքերի ամրապնդման:
Հայեցակարգային տեսանկյունից, վերոնշյալ հարցերից յուրաքանչյուրը փորձ է փոփոխականների բազմազանությունը համատեղել հստակ, ինքնուրույն և կիրարկելի ռազմավարությունների մեջ: Սա ռազմավարական հետախուզության էությունն է: Այն, որ այս բոլոր հարցերի պատասխանը բացասական է, կարևոր ցուցիչ է առ այն, որ Հայաստանն իրականում չուներ ռազմավարական հետախուզություն: Խտացած անակնկալների և ռազմավարական հետախուզության բացակայության խնդիրն էլ ավելի բարդացրին Ադրբեջանի ներխուժումներն ու հիբրիդային պատերազմի մարտավարության ընդլայնումը Հայաստանի Հանրապետության տարածք, որը գագաթնակետին հասավ 2022-ի սեպտեմբերին Ջերմուկի վրա հարձակմամբ: Այն, որ Հայաստանը նախորդ ներխուժումների համեմատ ավելի լավ էր պատրաստված, անհնար է հերքել, բայց միևնույն ժամանակ ռազմավարական հետախուզության այս հարաբերական ավելացումը դեռ լուսանցքային էր խնդրի հետ համեմատած:
Ռազմավարական հետախուզության ձախողումների մասին գրականությունն առաջարկում է հինգ ընդհանուր բացատրություն, որոնք համեմատելի են Հայաստանի հետախուզության աղետալի հետևանքների հետ.
- Ձախողում հետախուզական տվյալների հավաքագրման ներուժի ոլորտում. մարդկային հետախուզության պակաս Հայաստանում, տեխնոլոգիական լրտեսության ներուժի բացակայություն, բաց աղբյուրի հետախուզության ոչ համարժեք կիրառություն և երեք տասնամյակ կախվածություն արտաքին դերակատարի ընտրողական հետախուզությունից:
- Աղմկոտ տեղեկատվական միջավայր. տվյալների տեսակավորման և յուրացման թերություններ, բարդ կամ երկիմաստ տվյալները ճիշտ տարանջատելու անկարողություն, ապակողմնորոշիչ տեղեկատվության գաղտնազերծման ձախողում և համակարգային սահմանափակումներ՝ կլանված տեղեկատվության մեծաքանակ հակասությունները համադրելու հարցում:
- Մարդկային գործոնի ձախողումներ. հետախուզության ոլորտի մասնագետների հավաքական ձախողում (թե՛ վերլուծաբաններ, թե՛ ոլորտի դաշտային աշխատողներ), հետախուզության թիրախները ճիշտ նույնականացնելու և խտացած անակնկալի ծավալը կանխատեսելու կամ ակնկալելու համակարգային անկարողություն:
- Կազմակերպչական դժվարություններ և ոչ բավարար համագործակցություն. ներկազմակերպչական ձախողումներ տեղեկատվության փոխանակման և համակարգման ոլորտում, հաղորդակցության խզում ինչպես անվտանգության համակարգի կառույցների ներսում, այնպես էլ կառավարական կառույցների միջև, վստահության բացակայություն կառույցների միջև ու հակամարտության օջախից կենսական նշանակություն ունեցող հետախուզական տվյալներ հավաքագրելու, մշակելու և գործառնականացնելու անկարողություն:
- Հետախուզություն-քաղաքականություն հարաբերություն. հետախուզական համակարգի և քաղաքականություն մշակողների չգործող հարաբերություններ, ռազմավարական զարգացման և հետախուզական ներուժի միջև կապի խզում և արհեստավարժ, ունակ հետախուզական համայնքի բացակայություն:
Եզրակացություն
Այն, որ Հայաստանին անհրաժեշտ է հիմնովին փոխել հետախուզության ենթակառուցվածքները, և երկիրն այդ գործընթացում է, այլևս քննարկման առարկա չէ, բայց, միևնույն ժամանակ, անվտանգության, ռազմավարության և ռազմավարական հետախուզության վերաբերյալ խոսույթում պետք է ներառվեն կարևոր դրույթներ: Ռազմավարական հետախուզության և ազգային անվտանգության ռազմավարության կարևորագույն մասը համակողմանի անվտանգային դոկտրինի մշակումն է, որին հատուկ է դիմակայությունը, անվտանգային համակարգի լայնածավալ բարեփոխումները և պետության` սպառնալիքները գնահատելու կարողության ընդլայնումը: Հետախուզությունը միշտ եղել է շատ զգայուն թեմա, խորհրդային անվտանգության մշակույթի և ժառանգված կառուցների կողմնակի արդյունք: Սակայն զգայունությունը չի բացատրում անտարբերությանը, և երկրի հետախուզական ներուժը վերակառուցելու համար անհրաժեշտ է ինքնաքննական մոտեցում:
Անվտանգության զեկույց. հունիս 2023
Այս անվտանգության զեկույցում սցենարի ծրագրումը կմիավորվի արտաքո իրավիճակների ծրագրման հետ` առաջարկելով գործողությունների շարք և ելքեր, որոնց կարելի է դիմել անսպասելի իրավիճակներում և մեղմել ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտության և Ռուսաստանի ներքին քաղաքական կարգի փոփոխության էական ներգործությունը Հայաստանի Հանրապետության վրա։
Read moreԱնվտանգության զեկույց. մայիս 2023
Հայաստանի հանքերը երբեք չեն եղել անվտանգության ճարտարապետության մաս, իսկ այս ոլորտի հնարավոր անվտանգայնացումը երբևէ չի դիտարկվել որպես հիմնարար անկյունաքար` դաշինքներ կամ ռազմավարական գործընկերություն կառուցելիս: Հանքարդյունաբերություն հանուն անվտանգության սկզբունքը Հայաստանին առաջարկում է իր հանքային արդյունաբերությունը որպես անվտանգության գործիք օգտագործելու խիստ անհրաժեշտ հնարավորություն, գրում է Ներսես Կոպալյանը։
Read moreԱնվտանգության զեկույց․ ապրիլ 2023
Ռուսաստանի կողմից 2020 թվականի Արցախյան պատերազմի ավարտի վերաբերյալ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Հայաստանի իրավունքների ու շահերի նկատմամբ լիակատար անտարբերությունն ու դրանց ոտնահարումն ի ցույց են դրել հայ-ռուսական հարաբերություններում առկա ճեղքերը՝ բացահայտելով սառեցված հակամարտության հարատևման Մոսկվայի նախապատվությունը։
Read moreԱնվտանգության զեկույց․ մարտ 2023
Ադրբեջանը մարտին ուժեղացրեց իր ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, նախաձեռնեց անվտանգային միջավայրը խաթարելուն միտված ծածուկ քաղաքականություն։ Բացի այդ Ռուսաստանը և Ադրբեջանը միասնական ճակատ են ստեղծել տարածաշրջանում Արևմտյան ներկայության դեմ, իսկ Հայաստանն անցել է իր ռազմավարական շահերի վերակազմավորմանը։
Read moreԱնվտանգության զեկույց. փետրվար 2023
Հայաստանի առջև ծառացած անվտանգային անկայուն վիճակին գումարվում են երկրի թերզարգացած կառույցներն ու անկայուն ենթակառուցվածքները։ Փետրվարյան անվտանգության զեկույցի համար Ներսես Կոպալյանը գրում է, որ այս պարունակում Հայաստանի հասարակական և կառավարական մոտեցման ամբողջությունը պետք է հենվի դիմակայություն կառուցելու վրա։
Read moreԱնվտանգության զեկույց. հունվար 2023
Հաշվի առնելով հունվարի անվտանգության պարունակը և առաջնորդվելով զսպում մերժման միջոցով ռազմավարությամբ, Հայաստանը պետք է մշակի «ոզնու» հայեցակարգը՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և ալիևյան վարչակարգի ապակայունացնող ծրագրերը։
Read moreԱնվտանգության զեկույց. դեկտեմբեր 2022
Դեկտեմբերյան անվտանգային պարունակը ցույց տվեց, որ ի հեճուկս բանակցություններին կամ հնարավոր խաղաղության պայմանագրի ընդհանուր ուրվագծերին, ալիևյան կառավարության հետ իրական և մնայուն խաղաղությունը շարունակելու է մնալ անիրատեսական։ Իրավիճակը հասկանալու համար այս ամսվա անվտանգության զեկույցը ներկայացնում է գոյաբանական անվտանգության հայեցակարգը։
Read moreԱնվտանգության զեկույց. նոյեմբեր 2022
Նոյեմբերին Հայաստանի անվտանգային պարունակը բնորոշվեց Հայաստանի համար նկատելի անկմամբ, քանի որ Ադրբեջանն ուժեղացրեց և ընդլայնեց հիբրիդային պատերազմի գործողությունները՝ փորձելով չեզոքացնել զսպման ունակությունների դիվանագիտացմանը միտված Հայաստանի ջանքերը։
Read moreԱնվտանգության զեկույցները տեսեք այստեղ