EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Արցախը կիզակետում
Նյմ 10, 2023

Առանց Արցախ. լայն բացված աչքերով ու հույսին հրաժեշտ տված

Թամարա Գրիգորյան
Պատկերազարդումը ՝ Ագաթա Հարությունյանի


Your browser does not support the
audio element.

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։

Սեպտեմբերի 24-ի կամ 25-ի գիշերը դուրս ենք գալիս Ստեփանակերտից։ Հիմա ամսաթվերը խառնվել ու լղոզվել են. ճշգրիտ չեմ հիշում։ Հաստատ գիտեմ միայն, որ դուրս ենք գալիս գիշերը. ես՝ խուճապահար ու կիսագիտակից, մեկ ուսապարկով։ Մեքենան իջնում է Ստեփանակերտով ներքև, անցնում է կենտրոնական հիվանդանոցի, Եղբայրական գերեզմանոցի կողքով։ Անցնում է Ստեփանակերտի ելքի (կամ մուտքի) մոտի ոստիկանական անցակետը։ Ինը ամիս ու տասը օրը շրջափակման մեջ լինելուց հետո դուրս եմ գալիս Ստեփանակերտից դեպի Շուշի։ Ոչինչ չեմ զգում։ 

2012 թվականի հոկտեմբերին ես ընտրեցի Արցախը։ Ընտրեցի Արցախը որպես նպատակ, երազանք, ուղենիշ։ Հենց այս ժամանակ որոշում կայացրի բնակվել Քարվաճառում։ Վարդենիսից Քարվաճառ գնացող մեքենան հնամաշ էր, ճանապարհը՝ գրունտային։ Քարվաճառում մեքենայից իջա ոտքից գլուխ փոշու մեջ կորած ու ոտքից գլուխ երջանիկ։ Քարվաճառում ինձ արարումի ու երջանկության ութ տարիներ էին սպասում։ 

2020-ի նոյեմբերի 11-ին վերջին անգամ նայեցի Քարվաճառին, իմ մխացող տանն ու ճանապարհ ընկա դեպի Վարդենիս։ Կատաղություն, ցավ, վրեժի զգացում խառնվել էին իրար ու քանդում էին ինձ։ 

2023-ի սեպտեմբերյան գիշերը Ստեփանակերտից հեռանալիս ոչինչ չէի զգում։ Դատարկված տարածքը չի զգում։ 

2020-ի քանդուքարափ անող պարտությունից ու Քարվաճառի հանձնումից հետո Արցախ տանող մեկ ճանապարհ էր մնացել. Բերձորի ճանապարհը՝ ռուս զինվորներով։ Մի պատառ Արցախ էր մնացել՝ առանց Դադիվանք, բայց Գանձասարով ու Ամարասով։ Մի պատառ հույս էր մնացել, որ Քարվաճառ տանող ճանապարհը, այնուամենայնիվ, անցնում է Մարտակերտով։ Մի կտոր հույս էր մնացել առ այն, որ Մարտունիում կանգուն են Նժդեհի ու Մոնթեի արձանները։ Արցախում հայկական գյուղեր կային, որտեղ հայ երեխաները դպրոց էին գնում։ 

Ցնորքի ձգտող այս հույսը ռուս զինվորներով շրջափակված ճանապարհով մի անգամ էլ պիտի ինձ Արցախ տաներ։ 

2022-ին երկրորդ անգամ Արցախն ընտրելիս այն ինձ համար հույս էր դառնալու. վերածննդի, Քարվաճառի ու ամբողջական Հայաստանի հույս։ Ցնորքի ձգտող հույս։ 

2023-ի սեպտեմբերի 20-ից հետո Արցախը պիտի դառնար «այստեղ»։ «Այստեղից պետք է օր առաջ դուրս գալ», մի քանի օր տենդագին մտածում էի ու գրում այս մասին ամենամտերիմներիս։ Չէի ամաչում այս մտքի համար։ Չէի մեղադրում ինձ։ Պատկերն ամբողջացել էր։ Արցախը հանձնվել էր. անգթորեն ու անվերադարձ։ Արցախը՝ դրախտային ու ներդաշնակ, այլևս չկար։ Ուրեմն պետք էր դուրս գալ «այստեղից»։

Արցախը հանձնվել էր ավելի շուտ։ 2020-ի նոյեմբերի 9-ին կամ դրանից առաջ։ Վերջնական հանձնման սկիզբը դրվեց 2022-ի դեկտեմբերի 12-ին, երբ փակվեց Արցախը մայր Հայաստանին կապող միակը դարձած ճանապարհը։ Ինն ամսից ավել Արցախն ու արցախցին հյուծվում էին։ Հյուծվում էին լուռ, համակերպված ու երկար։ Արցախի շրջափակման օրերին պետական մակարդակով կայացվող որոշումները՝ պարենի բաշխման, վառելիքի օգտագործման, տրանսպորտի չգործելու/շահագործման վերաբերյալ, նպատակ ու ցանկություն չունեին կանգնեցնելու Արցախի ազատ անկումը։ Իսկ Արցախն ու արցախցին շարունակում էին անտրտունջ հյուծվել՝ դիմանալով սննդի պակասին ու հաճախ՝ դրա իսպառ բացակայությանը, ապրելով գրեթե առանց փոխադրամիջոցի՝ ոտքով կիլոմետրեր կտրելով։ Շարունակում էինք հյուծվել՝ առանց հստակ բացատրություն պահանջելու տեղում առկա պետական համակարգից՝ թե հանուն ինչի և մինչև երբ։

Իսկ վերջը եկավ շատ ցավոտ ու աղմկոտ, տարատեսակ ռումբերի տեսքով։ Սեպտեմբերյան մի շրջափակման հերթական օր, երբ աշակերտները դեռ դպրոցում էին, իսկ նրանց ծնողների մեծ մասը տուն էին շտապել՝ ընդմիջման, վերջը պայթեց Արցախի երկնքում։ Պայթեց անսպասելի ու միևնույն ժամանակ՝ շատ սպասված։ 

Մեկ օր շարունակ ռմբակոծվելուց, հրթիռահրետակոծվելուց հետո պայթեց սկսված վերջի եզրափակումը. հանձնվել ենք, գնում են բանակցելու։ 24-ժամյա դժոխային ձայներից հետո իջավ դժոխային լռությունը։ Արցախը կորցնելն ազդարարող մահաբեր լռությունը։ 

Արցախ կոչվող պետությունը պատրանքի պես անէացավ օդում։ Ստեփանակերտը լիքն էր գյուղերից տեղահանված մարդկանցով, մարդիկ պարզապես փողոցում ուտելիք էին սարքում, տեղից տեղ էին գնում տնից վերցրած մի քանի իրերը ձեռքներին, որոնք տատանվում էին թավայից ու վերմակից մինչև մանկասայլակ ու երեխայի խաղալիք։ Արցախի բնակիչները տեսան, որ իրենք անտեր են. չկա որևէ համակարգ, որին կարելի է դիմել՝ հասկանալու համար, թե ինչ է պետք անել և երբ է պետք անել։ 

Արցախի հայաթափումն սկսվեց տարերայնորեն։ Մարդիկ սկսեցին հավաքել իրենց իրերը՝ փորձելով տեղավորել դրանց մեջ իրենց, իրենց պապերի ու երեխաների ապրած կյանքը։ 2020-ի արհավիրքից հետո Արցախ վերադարձած, ինը ամիս շրջափակման բոլոր մարտահրավերները կրած ու դրանք հիմնականում հաղթահարած մարդիկ հավաքեցին դարերի հիշողությունն ու մի քանի կենցաղային իրերի հետ տեղավորելով տարբեր չափերի մեքենաների մեջ՝ ճանապարհ ընկան, հիմնականում՝ դեպի անհայտություն։ 

Կոռնիձորում անձնագրիս տվյալները գրանցող աշխատակիցն ասաց՝ բարի վերադարձ հայրենիք։ Լուռ հետ վերցրի անձնագիրս։ Չասացի, որ հայրենիքից ոչ մի օր չեմ բացակայել։ Չասացի, որ Մաճկալաշենն ու Ծմակահողը նույնքան իմ հայրենիքն են, որքան, օրինակ, Շինուհայրն ու Ամասիան։ Չասացի, քանի որ հայրենիքը միայն խոսելով չեն պահում։ Իսկ գործով մենք մեր հայրենիքը չպահեցինք։

Ռուսներին անձնագիր ցույց տալու ու ադրբեջանական դրոշով Շուշիի մոտով անցնելու ժամանակներում մտքիս մեջ անընդհատ 1992-ին Շուշիի ազատագրման կադրերն էին, երբ մերոնք պարում էին Ղազանչեցոցում։ Վերջին անգամ Շուշիի մոտով անցնելիս ոչինչ չէի զգում. դատարկ տարածքը չի զգում։

Տեսեք նաեւ

Ես կամ, դու կաս, նա կա. կամավորներ են անհրաժեշտ

Ես կամ, դու կաս, նա կա. կամավորներ են անհրաժեշտ

Լիլիթ Ավագյան
Հկտ 26, 2023

Վերջին տարիներին կամավորությունը Հայաստանում մեծ տարածում ունի, սակայն օրենսդրական կարգավորում միայն վերջերս է ստացել։ Կամավորների դերը հատկապես նկատելի էր սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։

Read more
Armenians of Artsakh: Aching for Home

Կարոտելով հայրենի տունը

Գայանե Մկրտչյան
Հկտ 24, 2023

Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանում փորձում են վերագտնել կյանքը, մինչդեռ զուգահեռ խորանում է անսահման կարոտն առ հայրենի եզերք։ Նրանց պատմությունն ափսոսանքի, ցավի և ունեզրկման մասին է։

Read more
In Search of a New Home: Zorak

Նոր տանիք փնտրելիս. Զորակ

Անի Գևորգյան
Հկտ 9, 2023

Արցախից ավելի քան 500 բռնի տեղահանվածներ այժմ Հայաստանի Արարատի մարզի Զորակ գյուղում են, որտեղ մի քանի ընտանիք միասին ապրում են մեկ տանը, ոմանք նույնիսկ ստիպված են քնել բեռնատարների մեջ: Նրանց պատմությունը ներկայացնում է ֆոտոլրագրող Անի Գևորգյանը։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ