
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով։
Եկամուտներն ու գույքը հայտարարագրելը 2024 թվականից պարտադիր կդառնա Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այս տարվա մայիսի 31-ին։
«Ուզում եմ ընդգծել մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024-ին՝ 2023 թվականի եկամուտների համար»,- ասել է Փաշինյանն ու նշել, որ համակարգի ներդրումը և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ քաղաքակրթական շատ կարևոր նշանակություն ունի:
Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը ենթադրում է, որ ՀՀ քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է հայտարարագիր ներկայացնեն, թե ինչ գույք ու եկամուտներ են ունեցել կոնկրետ ժամանակահատվածում:
Համակարգի առավելությունները
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է, որ համընդհանուր հայտարարագրումը կարևոր և անհրաժեշտ ինստիտուտ է․
«Դա թույլ է տալիս երկրի ներսում եկամուտների, ծախսերի շրջապտույտը հասկանալ, վերահսկել և գնահատել ու դրա հիման վրա նաև տնտեսական, սոցիալական քաղաքականություն իրականացնել։ Այսինքն, երբ պետությունն ունենում է առանձին անհատների եկամուտների, ծախսերի մասին բավարար տեղեկատվություն, կարողանում է հասցեական քաղաքականություն իրականացնել, և ոչ թե օրինակ՝ մասսայական գումարներ փոշիացնել»:
Պարսյանն օրինակ է բերում իրավիճակներ, երբ պետությունը կարող է նպաստ տալ արտերկրից ամսական մեծ գումար ստացող ընտանիքի և աջակցություն չտրամադրել անձին, ով ստանում է օրինակ՝ 200.000 դրամ աշխատավարձ, համարվում է բարեկեցիկ կենսամակարդակ ունեցող անձ, բայց իր հոգածության ներքո ունի 3-4 հոգի։ Եվ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար եկամուտների հայտարարագրման ինստիտուտը լավագույն մեխանիզմներից մեկն է:
Համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի նպատակներից մեկն էլ երկրում ստվերային տնտեսությունը կրճատելն է: Պարսյանը բացատրում է. օրինակ՝ ԱՄՆ-ում, որտեղ համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդրված է, պետությունը համադրում է անձի ծախսերն ու եկամուտները, ու երբ տեսնում է, որ ծախսերը եկամուտներից շատ են, եկամուտների վերաբերյալ բացատրություն է պահանջում: Եթե չի տրվում հիմնավոր բացատրություն, ապա այդ ծախսի մասով անձը հարկ է վճարում, այսինքն, ըստ էության, դա դիտարկվում է որպես ստվերային եկամուտ ու նորից հարկվում:
Հաշվի առնելով այս ինստիտուտի առավելությունները՝ Պարսյանը կողմ է դրա ներդմանը։ Սակայն, միևնույն ժամանակ, նշում է, որ դրա համար մի շարք քայլեր պետք է արվեն՝ օրենսդրական կարգավորումներ, կազմակերպական, հասարակության իրազեկման և այլ աշխատանքներ։
Օրինակ՝ կարևոր է մինչ համակարգի ներդնումը պետության հարկային քաղաքականությունը վերանայել և ունենալ եկամտի պրոգրեսիվ հարկման մեխանիզմ. շատ եկամուտ հայտարարագրողը պետք է շատ հարկ վճարի, քիչ եկամուտ հայտարարագրողը՝ քիչ: Բացի այդ, պետք է նախատեսել նաև եկամուտների չհարկվող շեմ: Օրինակ՝ ԱՄՆ-ում չհարկվող շեմը տարեկան 26.000 դոլար է:
«Մենք այս պահին չհարկվող շեմ չունենք, դու ունես 100.000, թե 5000 դրամ, երկուսից էլ հարկ է պահվում, իսկ հայտարարագրման ինստիտուտի դեպքում հարկավոր է չհարկվող շեմ, օրինակ՝ երբ մարդն արտերկրից նվեր է ստանում՝ հարսանիքի, ծնունդի կամ մեկ այլ առիթով, որոշակի չափի դեպքում դա չպետք է հարկվի»,- բացատրում է տնտեսագետը:
Պարսյանը մեծապես կարևորում է նաև հայտարարագրման ինստիտուտի առավելությունների, հնարավորությունների, հաշվետվությունների լրացման կարգի վերաբերյալ քաղաքացիներին պատշաճ իրազեկելը․
«Ակնհայտ է, բոլոր մարդիկ չունեն բավարար գիտելիք, որ եկամուտների հայտարարագիր ներկայացնեն: Նույնիսկ մեր պատգամավորների և պաշտոնյաների մի մասն արդեն մի քանի տարի է հայտարարագիր է ներկայացնում սխալներով, չի տարբերում մաքուր աշխատավարձը կեղտոտ աշխատավարձից (հարկերը ներառված), փոխառու միջոցը՝ աշխատավարձից»:
Ինստիտուտի գործարկման պոտենցիալը
Սիրունուշ Սահակյանը 2014-2019-ը եղել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (ներկայումս՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) նախագահը: Այս հանձնաժողովը ձևավորվել է 2012-ին: Ի թիվս այլ գործառույթների՝ հանձնաժողովը կանոնակարգում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը, ստուգում և վերլուծում նրանց հայտարարագրերը:
«Եթե կան համընդհանուր հայտարարագրմանը սպասարկող ենթակառուցվածներ, դրա ներմուծումն օգտակար է և կարող է նպաստել, օրինակ՝ կոռուպցիոն հանցագործություններին կամ հարկերին առնչվող իրավախախտումների բացահայտմանը»,- նշում է Սահակյանը։
Միևնույն ժամանակ, ըստ Սահակյանի, դեռևս վաղ է Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու համար՝ հաշվի առնելով այն, որ հայտարարագրման համակարգը փոխկապակցված է այլ համակարգերի հետ:
Սահակյանը պատմում է, որ մինչև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձևավորումը, Հայաստանում ներդրված է եղել քաղծառայողների և պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրման ինստիտուտ, որի պատասխանատուն եղել է Պետական եկամուտների կոմիտեն: Սակայն մինչև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձևավորումը՝ հայտարարագրման համակարգը փաստացիորեն չի գործել:
Այսինքն, ըստ Սահակյանի, հարկային մարմինը, ունենալով հսկայական ռեսուրս, լծակներ և հավաքագրելով տեղեկություններ անձանց եկամուտների մասին, չի կարողացել կայացնել պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների հայտարարագրման համակարգը, և որոշվել է այս ֆունկցիան հանձնել նոր մարմնի՝ Էթիկայի հանձնաժողովին:
«Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ինչ-ինչ պատճառներով բազմահազար աշխատակից ունեցող ՊԵԿ-ը չկարողացավ այդ ֆունկցիան իրականացնել, իսկ սահմանափակ թվով աշխատակից ունեցող կառույցը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, կարողացավ, ու պետք է հասկանալ նաև դրա պատճառները»,- ասում է Սահակյանը:
Հատկանշական է, որ ներկայումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր սուբյեկտային կազմում չի ներառել հանրային բոլոր ծառայողներին, ներգրավված են միայն պետական պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայության որոշ կատեգորիա՝ առավել ռիսկային խումբը:
«Այսինքն՝ այդ համակարգը դեռևս այնքան կայացած չէ, որպեսզի աստիճանական ընդլայնման պարագայում ներառի հանրային բոլոր ծառայողներին,- կարծում է Սահակյանը և հռետորական հարց բարձրացնում, որ եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռևս ունակ չէ սպասարկելու մի քանի տասնյակ հազար հանրային ծառայողներին (որոնք առավել մեծ ռիսկային խմբում են գտնվում, քան շարքային քաղաքացիները), ինչպե՞ս կարող է ՊԵԿ-ը կամ նոր ձևավորված մեկ այլ մարմին ունակ լինել իրականացնել ֆիզիկական բոլոր անձանց համընդհանուր հայտարարագրումը,- Կարծում եմ՝ այն հանգամանքը, որ այժմ հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը չի ընդլայնվում, վկայում է այն մասին, որ պետությունը գործողություններով խոստովանում է՝ դա սպասարկելու պոտենցիալն առայժմ ձևավորված չէ»:
Ըստ Սահակյանի՝ համընդհանուր հայտարարագրման ինստիտուտ Հայաստանում ներդնելու մասին կարելի է մտածել այն ժամանակ, երբ առնվազն կայացած կլինի պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների համընդհանուր հայտարարագրման համակարգը:
Ռիսկեր, որոնք կարող են տանել ձախողման
Հանձնաժողովի նախկին նախագահը հիշում է, որ իր պաշտոնավարման տարիներին մեծ թվով հարցումներ էին ստանում հայտարարագրերի լրացման կարգի, բովանդակության վերաբերյալ: Նա համոզված է, որ մինչև օրս էլ առանց հավելյալ ցուցումների, ուղեցույցների դժվար է պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրերի լրացումը:
«Պաշտոնատար անձինք, հանրային ծառայողներն ունեն ավելի բարձր կրթական ցենզ ու պետական մարմիններից ստանում են նաև աջակցություն, խորհրդատվություն, բայց նույնիսկ նման պայմաններում հայտարարատու պաշտոնատար անձանց համար տեխնիկապես բավականին դժվար հաղթահարելի է հայտարարագիր ներկայացնելը, անգամ բարեխիղճ պաշտոնատար անձինք հանդիպում են դժվարությունների, և դա երբեմն առաջ է բերում անցանկալի հետևանքներ,- ասում է Սահակյանը՝ համոզված լինելով, որ այս խնդիրներն ավելի վառ արտահայտվելու են քաղաքացիների պարագայում, որոնք հասարակության տարբեր շերտերին են պատկանում և, բնականաբար, նրանց օտար է հայտարարագրման լեզուն,- Այս չիմացությունը և հատուկ պատրաստվածության բացակայությունը հանգեցնելու է նաև բարեխիղճ քաղաքացիների կողմից պարտականությունների չկատարմանը, ինչն էլ բերելու է անցանկալի հետևանքների, խորացնելու է պետության նկատմամբ քաղաքացու անվստահությունը և լարվածությունը»:
Նրա խոսքով, եթե շատ քաղաքացիներ չկարողանան ներկայացնել հայտարարագրեր, դա իր հերթին կհանգեցնի համակարգի ձախողման, որովհետև Պետեկամուտների կոմիտեն կամ մեկ այլ նոր ձևավորված մարմին չի ունենալու այնքան ռեսուրս, որ զբաղվի բացառապես եկամուտների հայտարարագիր չներկայացնելու համար քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելով:
Անդրադառնալով միջազգային փորձին, Սահակյանը նշում է, որ կան երկրներ, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայի, որոնք հաջողությամբ ներդրել են եկամուտների հայտարարագրման ինստիտուտ, բայց դա եղել է ժամանակատար ու հաջողել են այլ ենթակառուցվածքներ զարգացնելու շնորհիվ։
«Այն երկրներում, որտեղ արհեստականորեն, առանց պատշաճ նախադրյալների ներդնում են եկամուտների հայտարարագրումը, արձանագրվում է ձախողում: Օրինակ՝ ձախողում են, երբ կանխիկ գործարքները վերահսկել չկարողանալով կամ սև աշխատաշուկան չկանխելով ներդնում են եկամուտների հայտարարագրումը, բայց եթե աստիճանական կարգով պատրաստել են ամբողջ ենթակառուցվածները, հայտարարագրումը շատ պիտանի գործիք է»,- ասում է Սահակյանը։
Հայտարարագրման ներկայիս խնդիրներն ու լուծումները
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն անդրադառնալով հայտարարագրման գործընթացում այս պահին առկա դժվարություններին՝ նշում է, որ դրանք հիմնականում կապված են հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հետ, որը ստեղծվել է մոտ 20 տարի առաջ, այսինքն՝ չունի համապատասխան սպասարկման գործիք:
«Թվային տեխնոլոգիաներն այս տարիների ընթացքում էականորեն զարգացել են, և այդ տեսանկյունից մենք ստիպված օգտագործում ենք հին տարբերակը, որը լուծումների առումով խիստ սահմանափակ հնարավորություն ունի, չի ընձեռում ավտոմատացված հաշվետվությունների հավաքագրման, տվյալների նույնականացման հնարավորություն»,- ասում է Հարությունյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ այժմ այդ խնդիրը լուծման փուլում է. տեղական կազմակերպություններից մեկն ամբողջությամբ նոր էլեկտրոնային հայտարարագրման համակարգ է մշակում, որն արդեն օգտագործում է արհեստական բանականությամբ գործող բանաձևեր, և այդպիսով հայտարարագիր լրացնող սուբյեկտի բեռն էականորեն թեթևանցնում է:
«Այսինքն՝ պետության կողմից արդեն հավաքագրվող բազաներն ավտոմատ մուտքագրվում են՝ որպես հայտարարագրի անհրաժեշտ տեղեկատվություն և այդ ձևաչափով լրացնողի համար դժվարություն չի առաջանում: Կարծում եմ՝ եթե նույն սկզբունքը տեղադրվի և գործի նաև ընդհանուր հայտարարագրման համակարգի պարագայում՝ առանց քաղաքացուն լրացուցիչ հարկադրանքի ենթարկելու, ապա, խնդիր չի լինելու»- նշում է Հարությունյանը:
Ինչ վերաբերում է հավաքագրված տվյալների վերլուծական մասին, ապա, ըստ Հարությունյանի, դա ևս թվային տեխնոլոգիայի միջոցով լուծվող խնդիր է:
Գաղափարը, համաձայն որի, Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, դեռևս նախագծի չի վերածվել: Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Ռոնա Ահարոնյանն ասում է, որ ներկայում նախագծի քննարկումներն աշխատանքային փուլում են, ուսումնասիրվում է ֆիզիակական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագման միջազգային առաջատար փորձը, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, հարևան երկրների պրակտիկան և հայաստանյան օրենսդրական կարգավորումները:
«Ուսումնասիրություններն ավարտելուց հետո ֆինանսների նախարարությունն արդեն հանդես կգա պարզաբանումներով»,- հայտնում է Ահարոնյանը:
Մարդ և օրենք
Ծանր վիրավորանք․ քրեականացումը և ապաքրեականացումը
Հայաստանում «ծանր վիրավորանքը» քրեականացնող լրացումը գործեց ընդամենը տասն ամիս։ 2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի Քրեական նոր օրենսգրքով ապաքրեականացվեց այս արարքը։
Read moreԱյն, ինչ վերաբերում է յուրաքանչյուրիս. ինչո՞ւ են Հայաստանում հապաղում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում նախատեսվող բարեփոխումները դեռևս դանդաղում են ու շոշափելի արդյունքներ չեն տալիս, ինչի հետևանքով այս խնդրին բախվող քաղաքացիների իրավունքները շարունակում են ոտնահարվել։
Read moreՎտանգավոր աշխատանք․ դժբախտ պատահարներ ու չլուծվող խնդիրներ
Աշխատավայրերում ոչ միշտ են պահպանվում առողջության ու անվտանգության կանոնները, ինչի հետևանքով շատ դեպքերում տուժում են աշխատակիցները։
Read moreՕրենքը, որի առաջ հավասար են բոլորը
Օրինապաշտ լինելու առաջին քայլը օրենքի մասին իմանալն է և իրավունքը պաշտպանելու համար նույնպես պետք է իմանալ գործող նորմերի մասին։ EVN Report-ը սկսում է նոր շարք, որի շրջանակում ներկայացնելու է օրենսդրական և դատաիրավական համակարգին վերաբերող արդիական թեմաները:
Read moreՄարդ և հասարակություն
Փոքր հյուրատների մեծ պոտենցիալը․ ավելի քան զբոսաշրջություն
Փոքր հյուրատներն իրենց եզակի ծառայություններով և երկրի բնակիչների ու կենցաղի առանձնահատկությունները ներկայացնելով, կարևոր ներդրում են ունենում Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում:
Read moreՀետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են
Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Read moreՀայաստանը` ժողովրդագրական ճգնաժամում
Ժողովրդագրական վերջին տվյալները գուժում են Հայաստանում ճգնաժամային իրավիճակի մասին։ Ծերացման բարձր ցուցանիշ ունեցող երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով իրականացվում են ծրագրեր, սակայն արդյոք դրանք արդյունավետ են։
Read more