
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
«Մեր դառը փորձից հասկացանք, որ էլեկտրաէներգիան ոչ թե սովորական ապրանք է, ինչպես, օրինակ, խոզի փափկամիսը կամ նարնջի սառեցված հյութը, այլ հանրային բարիք»:
ԱՄՆ նահանգապետ Դայան Ֆայնստայն, 2004
2019 թվականին Հայաստանը որոշեց մրցակցություն մտցնել էլեկտրաէներգիայի մանրածախ շուկա: Այս որոշման իրականացումը սկսվեց 2022-ի փետրվարին: Առաջին տարվա ընթացքում մասնակցությունը կամավոր էր: Սակայն ուղիղ մեկ տարի անց էլեկտրականության խոշոր գնորդների, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Վեոլիա ջուր» ընկերության առաջ մասնակցության պահանջ դրվեց: 2024-ի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիա սպառողների ևս մի խոշոր խումբ ստիպված է գնել այն մրցակից-վաճառողներից, այլ ոչ թե կարգավորվող մենաշնորհից՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից, ՀԷՑ-ից: 2025-ի փետրվարին՝ անցումային փուլի ավարտին, բոլոր ընկերությունները, որոնց սպառումը գերազանցում է 1 մլն կվտ-ը, ստիպված կլինեն միանալ մրցակցային մանրածախ շուկային:
Ըստ էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարության, որը կառավարությունն ընդունել է 2021-ին, էլեկտրաէներգիայի շուկաների երկարաժամկետ նպատակը լիարժեք ազատականացումն ու մրցակցությունն է:
Գերազանց գործող մրցակցային շուկայում կարելի է բարձրացնել արդյունավետությունը: Սպառողները մատակարարներին ահազանգում են կոնկրետ տվյալ ապրանքի արտադրության անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ, շահույթը հետապնդող մրցակցող ընկերությունները ձգտում են նվազեցնել արտադրական ծախսը՝ օգտագործելով հնարավորինս քիչ պաշարներ և լավագույն հասանելի տեխնոլոգիաներ:
Խնդիրն այն է, որ աշխարհի շուկաները չեն գործում իդեալական պայմաններում: Շուկայի ձախողումները բազում պատճառներ ունեն: Ընկերությունները կփորձեն օգտվել շուկաները մանիպուլացնելու հնարավորություններից և ավելացնել շահույթը, որը նրանց առաջնային նպատակն է: Հնարավոր է նրանք ձգտեն ավելացնել եկամուտը՝ սահմանելով աստղաբաշխական գներ և վնասելով սպառողներին: Բացի այդ, նրանք կարող են փորձել կրճատել ապրանքների և ծառայությունների տրամադրման ծախսերը, ինչը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի վտանգավոր իրավիճակի: Սա կարող է բացասաբար ազդել գնորդների, շրջակա միջավայրի, աշխատակիցների, համայնքների և այլնի վրա:
Սույն հոդվածը, որը ներկայացնում է Միացյալ Նահանգների փորձը, քննարկում է էլեկտաէներգետիկայի շուկաներում մրցակցության դերը և հաստատում, որ մրցակցության մուտքն էլեկտրաէներգետիկայի տեղական շուկա ցանկալի չէ:
Էլեկտրաէներգիայի մրցունակ մանրածախ շուկաները Միացյալ Նահանգներում
1990-ականներին 50 նահանգներից 14-ը լիարժեք դադարեցրին էլեկտրաէներգիայի մանրածախ շուկաների կարգավորումը և մրցակցություն մտցրին: Եվս հինգ նահանգ ընդունեց հիբրիդային մոդելը, որտեղ մրցակցությունը ներմուծվեց միայն հաճախորդների որոշակի խմբերի, հիմնականում կոմերցիոն հաճախորդների համար: Արիզոնան և Կալիֆոռնիան սկզբում մրցակցություն ներդրեցրին էլեկտրաէներգիայի մանրածախ շուկաներ, բայց ավելի ուշ հրաժարվեցին այս որոշումից: Արդյունքում վերադարձավ էլեկտրաէներգիայի այն գինը, որը գոյանում էր «արտադրական ծախսեր գումարած շահույթի կարգավորված նորմ» բանաձևով [1]: Սա մեծապես պայմանավորված էր էլեկտրաէներգիայի մրցունակ շուկայում ճգնաժամով, որը տեղի ունեցավ Կալիֆոռնիայում 2000 և 2001 թվականներին:
Էլեկտրականության մանրածախ գների բարձրացում մրցակցային շուկաներում
Ամերիկայի մի շարք նահանգներում անհատ սպառողները, որոնք որոշել էին օգտվել էլեկտրաէներգիայի մրցակից ընկերությունից, արդյունքում ավելի բարձր գին էին վճարում: Հատկանշական է, որ 2015-ին Կոնեկտիկուտում անհատ սպառողները, որոնք հրաժարվեցին էլեկտրաէներգիայի կարգավորվող ընկերությունից, Հայաստանի դեպքում՝ ՀԷՑ-ից, 58 միլիոն դոլարով ավելի էին վճարում մրցակից այլընտրանքի ընտրության համար [2]:
Ավելի բարձր գները, որոնք էլեկտրաէներգիայի մրցակցող ընկերությունները պահանջում են անհատ հաճախորդներից, հնարավոր է բացատրել հետևյալ կերպ. գնային խտրականություն, երբ ընկերությունը տարբեր գներ է սահմանում տարբեր սպառողների համար, ապրանքի տարբերակում, երբ վաճառվում են իրարից գրեթե չտարբերվող ապրանքներ, օրինակ, էկոլոգիապես մաքուր աղբյուրներից ստացվող էլեկտրականություն՝ գազի, ատոմային էներգիայի կամ հիդրոէներգիայի ավանդական աղբյուրների փոխարեն:
Մյուս գործոններից են սպառողների փորձի բացակայությունը, երբ նրանք չեն տիրապետում անհրաժեշտ գիտելիքի կամ տեղեկատվության, որպեսզի կատարեն բարենպաստ ընտրություն, կամ չեն կարողանում գտնել էլեկտրականության ավելի ձեռնտու գներ: Սա կարող է հանգեցնել մի վիճակի, երբ նրանք այլևս չեն կարողանա խուսափել ագրեսիվ էներգետիկ ընկերությունների գիշատիչային գործելաոճից, որոնք ձգտում են բազմապատկել շահույթը:
Բացի դա, գների ավելացումը կարելի է բացատրել նաև արտադրական բարձր ծախսերով և, ի վերջո, շուկայական գերակայությամբ, երբ էլեկտրականություն արտադրող ընկերությունը կարող է սահմանել ավելի բարձր գին՝ ավելի մեծ շահույթ հետապնդելով:
Վերա-կարգավորում
Դիտարկելով բացասական հետևանքները՝ այս 14 նահանգներից մի քանիսը ձեռնամուխ եղավ էլեկտրաէներգիայի շուկաների կարգավորմանը: Օրինակ, 2019-ին Իլինոյսն օրենք ընդունեց էլեկտրաէներգիայի շուկայի կարգավորման մասին՝ էներգետիկ ընկերությունների «մոլորեցնող մարքետինգային գործունեության» և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերության գները գերազանցելու պատճառով [3]:
Մասաչուսեթս
1998-ին Մասաչուսեթսի նահանգային օրենսդիրները փոխեցին օրենքը՝ անհատ սպառողներին հնարավորություն տալով էլեկտրականություն գնել մրցակցային շուկայից: Սակայն այս շուկաներում շուրջ 25 տարվա փորձառությունից հետո 2023-ին Մասաչուսեթսի նահանգապետը և Բոստոնի քաղաքապետն օրենսդիրներին կոչ արեցին չեղարկել այն: Նրանք չկարգավորվող շուկայում էլեկտրականություն մատակարարողներին մեղադրեցին «ստի, խարդախության և վաճառքի անազնիվ փորձի» մեջ, որի նպատակը սեփականատերերին բարձր գնով էլեկտրականություն վաճառելն է: Նրանք պնդում էին, որ խնդրի լավագույն լուծումն էլեկտրաէներգիայի մրցակցային, չկարգավորվող մանրածախ շուկաների վերացումն էր:
Մասաչուսեթս նահանգի գլխավոր դատախազությունը, մասնավորապես Անդրեա Քեմփբելը, հրապարակեց զեկույց, ըստ որի 2015-2022 թթ. մանրածախ սպառողները 525 միլիոն դոլար ավելի են վճարել էլեկտրաէներգիա մատակարարողներին, քան կվճարեին ավանդական կոմունալ ծառայությանը: Մրցակից մանրածախ ընկերությունները չհերքեցին, որ եղել են օրենքի խախտման և անհատ հաճախորդների շահագործման դեպքեր, օրինակ, «տնից տուն» վաճառքի ագրեսիվ մարտավարությունը: Փոխարենը, մրցակցությունը պահպանելու համար նրանք ընդունեցին, որ շուկաներն ու վաճառողներն ունեն լրացուցիչ կարգավորումների և տուգանքների կարիք, ինչը թույլ կտա կանխել արտոնագրի խախտումները և հաճախորդների շահագործումը: Մասնավոր ընկերությունները հազվադեպ են ողջունում կարգավորումն ու տուգանքները:
Կենցաղային էլեկտրաէներգիա սպառողների խոցելի խմբեր
Ուշագրավ է, որ անհատ սպառողները մրցունակ շուկաներում, ինչպիսիք են Բոստոնը և ամերիկյան այլ քաղաքներ, ոչ միշտ կարող են բավականաչափ գիտելիք ունենալ՝ էլեկտրաէներգիայի մանրածախ առևտրի շուկայում շահագործումներից խուսափելու համար: Եթե այդպես է, ապա խելամիտ է ակնկալել, որ Երևանում, Գյումրիում կամ Գորիսում մանրածախ գնորդները նույնպես կարող են խոցելի լինել էլեկտրաէներգիայի մրցակցային շուկայում հնարավոր շահագործման նկատմամբ:
Էլեկտրաէներգիայի խոշոր սպառողները կարող են բանակցել գնի շուրջ և ստորագրել երկարաժամկետ պայմանագրեր՝ շահույթ ստանալով մրցակցային շուկաներից: Մինչդեռ անհատ սպառողները հաճախ զրկված են այս հնարավորությունից, ուստի նրանք հատկապես խոցելի են մրցակցային մանրածախ ընկերությունների շուկայական մանիպուլյացիաների հանդեպ:
Կալիֆոռնիա
1996-ին Կալիֆոռնիան մեկնարկեց էներգետիկ շուկաների ապակարգավորման ծրագիր՝ ներառելով էլեկտրաէներգիայի ոլորտը, ինչը շուկայի խաղացողներին թույլ էր տալիս թելադրել էլեկտրականության գները: Ապակարգավորումն ազդեց արտադրության, մեծածախ և մանրածախ վաճառքի վրա: Առաջին երկու տարիներին շուկան հրաշալի գործում էր: Սակայն հետագայում նկատվում էին էլեկտրաէներգիայի խափանումներ և գների կտրուկ բարձրացում:
Գների զգալի աճի պատճառներից մեկը շուկայի չարաշահումն ու մանիպուլյացիան էր մրցակցող մեծածախ ընկերությունների կողմից, ինչպիսիք են Enron-ը և El Paso Electric Company-ն: Կալիֆոռնիա նահանգը El Paso-ին դատի տվեց շուկան մանիպուլացնելու և էլեկտրականության գների արհեստական բարձրացման համար: 2003-ի փետրվարին El Paso-ն, անվերապահորեն ընդունելով իր մեղքը, համաձայնեց լուծել դատական գործը և 15,5 մլն դոլարի տուգանք վճարեց Կալիֆոռնիային: Ի վերջո, 2000-ականների սկզբին Կալիֆոռնիան դարձյալ սկսեց կարգավորել էլեկտրաէներգիայի շուկան: Այդ ժամանակից ի վեր էլեկտրաէներգիայի գները սահմանում է Կալիֆոռնիայի կոմունալ ծառայությունների հանձնաժողովը՝ պետության կարգավորող մարմինը:
2004-ի հունիսին Կալիֆոռնիայի երջանկահիշատակ նահանգապետ Դայան Ֆայնստայնը ելույթ ունեցավ ԱՄՆ Սենատում: Նա սուր քննադատության ենթարկեց էլեկտրաէներգիայի շուկայի ապակարգավորումը և մեջբերեց Enron էներգետիկ ընկերության աշխատակիցների ցնցող խոսակցությունները: Դրանք վկայում էին այն մասին, որ ընկերության առաջնային խնդիրը շահույթը բազմապատկելն է՝ նույնիսկ կալիֆոռնիացիների բարօրության հաշվին:
Ելույթը եզրափակելով՝ նահանգապես Ֆայնստայնն ասաց. «Կալիֆոռնիան առաջին նահանգն էր, որը փորձարկեց ապակարգավորումը: Դժբախտաբար, 1996-ի փորձը Կալիֆոռնիայի սպառողների համար ավարտվեց լիակատար ձախողմամբ: Մեր դառը փորձից հասկացանք, որ էլեկտրաէներգիան ոչ թե սովորական ապրանք է, ինչպես, օրինակ, խոզի փափկամիսը կամ նարնջի սառեցված հյութը, այլ հանրային բարիք: Անհրաժեշտ է Կալիֆոռնիայի համար ստեղծել էներգետիկ շուկան կարգավորող նոր համակարգ՝ սպառողներին ապահովելով հուսալիություն և խելամիտ գներ: Այլ կերպ ասած՝ սպառողներին պետք է պաշտպանել գնային տատանումներից, շուկայի մանիպուլյացիայից և էլեկտրամատակարարման անջատումներից»:
Ընդհանուր մեկնաբանություններ և եզրակացություն
Անշուշտ, Հայաստանի պայմաններն արմատապես տարբերվում են ԱՄՆ-ից կամ այլ երկրներից: Այսպիսով, Հայաստանի էլեկտրաէներգիայի մանրածախ առևտրի ոլորտում մրցակցության ներմուծման համեմատությունը Միացյալ Նահանգների փորձի հետ գուցե չներկայացնի ճշգրիտ պատկերը: Սակայն, անկախ երկրից, գոյություն ունի մի հաստատուն արժեք. մասնավոր մրցունակ ընկերությունների՝ շահույթը բազմապատկելու մղումը: Սա հաճախ հանգեցնում է շուկաները մանիպուլացնելու, գները բարձրացնելու, ծախսերը կրճատելու և շահույթն ավելացնելու հնարավորությունների փնտրտուքի, նույնիսկ սպառողների և հանրության հաշվին: Հետևաբար, կարիք չկա հատուկ գիտելիք ունենալ Հայաստանի էլեկտրաէներգետիկայի ոլորտի մասին՝ կանխատեսելու համար, որ մրցակցության դեպքում մասնավոր ընկերությունները կարող են մանիպուլացնել շուկան: Հնարավոր է, որ նրանք բարձրացնեն գները, հատկապես անհատ սպառողների համար, և կրճատեն ծախսերը՝ ամենայն հավանականությամբ հարվածի տակ դնելով սպառողների անվտանգությունը:
Մրցակցության ներդրման առաջին տարիներին վաճառողների քանակը կավելանա, ինչը կհանգեցնի դրական արդյունքի, օրինակ՝ գների նվազում խոշոր ձեռնարկությունների համար: Սակայն ժամանակի ընթացքում առաջանում է համախմբման իրական հավանականություն, երբ ընկերությունները միավորվում են, կամ մեկը ձեռք է բերում մյուսը, ինչը հանգեցնում է մի քանի խոշոր վաճառողների առաջացման: Շահույթ հետապնդող այս խոշոր ընկերությունները կարող են սովորել մանիպուլացնել շուկաները, բարձրացնել գները, կրճատել ծախսերը և անբարենպաստ պայմաններ ստեղծել սպառողների, հատկապես բնակչության համար:
Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտում մրցակցության ներդրման հետ կապված ծախսերի և խնդիրների լուծման երկու հնարավոր միջոցներն են. առաջին՝ դադարեցնել մրցակցության գործընթացը՝ փոխարենը կենտրոնանալով գոյություն ունեցող համակարգի բարեփոխման վրա, երկրորդ՝ մրցակցություն ներդնել միայն խոշոր կոմերցիոն բիզնեսի շուկայում՝ միևնույն ժամանակ ազատելով փոքր բիզնեսն ու անհատ սպառողին, որոնք խոցելի են մասնավոր ընկերությունների մանիպուլյացիաների նկատմամբ:
Հայաստանի երկու կարգավորող մարմինները՝ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, պետք է լրացուցիչ ռեսուրսներ, ֆինանսավորում և անձնակազմ տրամադրեն՝ մանրամասն վերասկողություն, լայն կարգավորում իրականացնելու համար, կանխեն մրցակցող, շահույթ հետապնդող մասնավոր ընկերությունների հնարավոր չարաշահումները, որոնք կարող են փորձել բարձրացնել գները կամ վտանգավոր կերպով կրճատել ծախսերը՝ շահույթը բազմապատկելու նպատակով:
Վերջերս հրապարակված
Արցախից Գազա, ոչ ոք ազատ չի լինի
Աշխարհում ամենամեծ վավերագրական փառատոնը թեև 2023-ին զուգակցվեց մի շարք վեճերով ու գրեթե ձախողվեց, սակայն փառատոնի հիմնական մրցույթում ներկայացված հայկական ֆիլմը բացառիկ հաջողություններ գրանցեց։
Read moreՈվքե՞ր կօգտվեն բանակից փողով ազատվելու հնարավորությունից
Զինվորական ծառայությունից խուսափածների ազատազրկմանն ի՞նչ այլընտրանքեր են առաջարկում, սոցիալական ու իրավական ի՞նչ խնդիրներ են առաջացնում և ի՞նչ տեսլական ունեն զինծառայությանը վերաբերող օրենքի վերջերս ուժի մեջ մտած փոփոխությունները։
Read moreՈրոշման առաջն ու հետոն. ամուսնալուծությունների աճող ցուցանիշը
Վերջին տասը տարում Հայաստանում ամուսնությունների նվազմանը զուգահեռ, ամուսնալուծություններն ավելացել են շուրջ տասը տոկոսով։ Մինչդեռ ամուսնալուծվելու որոշումն ունի հոգեբանական, սոցիալական և ֆինանսական հետևանքներ։
Read moreԵրկու կինո՝ մեկ աղբյուրից
Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը ստեղծագործության գրեթե զուգահեռ երկու տարբեր էկրանավորումները բացառիկ հնարավորություն են ստեղծում խորհրդահայ և սփյուռքահայ հայացքների ուսումնասիրման, ազգային գրականության մեկնաբանման հարցում երկու հակադիր մոտեցումների համեմատման համար։
Read moreՄենախոսություններ. Արցախում մնացած տների մասին
«Ղարաբաղի բնակչությունը լքեց իր տունը, դարավոր ծառերն արմատներով պոկեցին հողից ու անհայտության գիրկը նետեցին», սեպտեմբերի 19-ի աղետի մասին այսպես է գրում ռուս լրագրող Յան Շենկմանը, որը Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, իսկ Արցախի բնակչության տեղահանությունից հետո որոշել է հավաքել արցախցիների մենախոսություններն իրենց կորսված տների մասին։
Read more«Մասնակից ընել իմ յոյսերուս»․ Զապել Եսայանի անտիպ նամակը
Հեղինակի տատիկի թղթապանակից գտնված Զապել Եսայանի նամակը, որը մինչ օրս դուրս է մնացել նամականիներից, յուրահատուկ հնարավորություն է ստեղծում բացահայտել Եսայանի ներհայեցողության և ինքնաճանաչման խորքը, նրա հուզականությունն ու լայնախոհությունը, պատահած վատ դեպքերը մոռացության մատնելու, դժվարությունների մեջ միայն բարիքն ու դրանով զգացած ուրախությունները գտնելու և պահելու կարողությունը։
Read moreՀաճախ կիրառվող ծայրահեղ միջոց՝ կալանք
Թեև մեկ տարուց ավելի է գործում է Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ու սահմանված են այլընտրանքային խափանման նոր միջոցներ, սակայն մինչդատական կալանքը Հայաստանում շարունակում է նախկինի պես հաճախ կիրառվել։ Ինչո՞ւ են դատարանները խուսափում կիրառել խափանման այլ միջոցները, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreԾանոթագրություններ.
[1] Մրցակցությունն էլեկտրաէներգիայի մանրածախ շուկայում ներդրվեց երեք փուլով. նախ մրցակցություն որդեգրելու որոշում, երկրորդ՝ մրցակցության ներմուծում, որն անցումային ժամանակահատված է, և վերջապես մրցակցային շուկաների լիարժեք գործարկում: Օրինակ, Տեխասում էլեկտրաէներգիայի մանրածախ շուկայում մրցակցության որոշումը կայացվեց 1999-ին: Մրցակցությունը ներդրվեց 2002-ին, իսկ անցումը լիարժեք մրցակցային շուկայի ավարտին հասավ 2007-ին: Բոլոր նահանգներն ունեին էլեկտրաէներգիայի մանրածախ շուկայում մրցակցության ներդրման առանձին ժամանակացույց:
[2] 2014-2016 թթ. Նյու Յորքում ցածր եկամուտ ունեցող սպառողները 97 մլն դոլար ավելի վճարեցին, քանի որ անցան էլեկտրականության և սկսեցին գնել այն մրցակցող ընկերությունից: Իլինոյսում ավելի քան չորս տարի սպառողների նույն խմբերը 600 մլն դոլար ավելի վճարեցին՝ մրցակցող ընկերությանն անցնելով: Փենսիլվանիայում 2012-2015 թթ. ցածր եկամուտ ունեցող սպառողների մոտ 55 տոկոսն էլեկտրականության մանրածախ ընկերության գների համեմատ ավելի բարձր էր վճարում էլեկտրականության համար:
[3] 2016 թվականին Նյու Յորքում կարգավորող մարմիններն ընդունեցին որոշում, որը մրցակցող ընկերություններին արգելում էր էլեկտրականություն վաճառել ցածր եկամուտ ունեցող սպառողներին, եթե նրանք չերաշխավորեն գին, որը սովորական ընկերության առաջարկած գնից ցածր է: 2019-ին Կոնեկտիկուտ և Մասաչուսեթս նահանգների որոշ քաղաքական գործիչներ սկսեցին հանդես գալ բնակչության համար էլեկտրաէներգիայի մրցակցային շուկաների փակման օգտին: 2019-ին Փենսիլվանիայի կոմունալ ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկեց քաղաքականություն, որը սպառողներին թույլ չի տալիս էլեկտրականություն գնել մրցակցող ընկերություններից, եթե նրանց գներն էլեկտրաէներգիայի կարգավորվող ընկերութան գներից ցածր են:
Հղումներ.