
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով։
Գործարար Վահե Բալբաբյանը մինչ վերջերս քրեական հետապնդման էր ենթարկվում հրապարակային ծանր վիրավորանք հասցնելու համար։ 2022 թվականի հունվարի 8-ի ֆեյսբուքյան իր գրառման մեջ «անասուն» էր անվանել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանին՝ անդրադառնալով նրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման մասին ելույթին։
Բալբաբյանի ֆեյսբուքյան գրառման առթիվ քրեական գործը հարուցվել էր արդեն նախկին Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 2-րդ մասի 1 և 2 կետերով, այսինքն՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ պայմանավորված նրա հանրային գործունեությամբ, տեղեկատվական կամ հաղորդակցման տեխնոլոգիաներն օգտագործելով:
Բալբաբյանի հանդեպ խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը։ Նա ստիպած էր եղել հետաձգել 2022-ի մարտին պլանավորված այցն արտերկիր, քանի որ քննիչը թույլ չէր տվել դուրս գալ Հայաստանից: Այս խնդրով Մարդու իրավունքների պաշտպանին դիմելուց հետո Բալբաբյանի խափանման միջոցը փոխվել էր գրավով, այսինքն՝ ավելի խիստ միջոցով, որից հետո, սակայն, գործարարը կարողացել էր դուրս գալ Հայաստանից և վերադառնալ։
Բալբաբյանը բացի «քրեական անցյալ» ձեռքբերելը կարող էր նաև մինչև 1 միլիոն դրամ տուգանք վճարել արարքի համար։ Սակայն հուլիսի 4-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է քրեական գործը։
Ծանր վիրավորանքը հանցագործություն չէ այլևս
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ Քրեական նոր օրենսգիրքը, որում «ծանր վիրավորանք» հանցակազմը ներառված չէ, այսինքն՝ այս արարքն ապաքրեականացվել է: Նման պայմաններում Հայաստանում ծանր վիրավորանքի հոդվածով քննվող բոլոր գործերը ենթակա են կարճման:
Կարճման են ենթակա նաև այն գործերը, որոնցով մինչև հուլիսի 1-ը մեղադրական դատավճիռներ են կայացվել, բայց այժմ դրանք գտնվում են դատական բողոքարկման փուլում: Իսկ մինչև հուլիսի 1-ն օրինական ուժի մեջ մտած դատավճիռները «ծանր վիրավորանք»-ի ապաքրեականացման հիմքով վերանայման ենթակա չեն, քանի որ, փաստացի, անձինք մեղավոր են ճանաչվել և դատապարտվել տվյալ պահին գործող օրենքով:
Վահե Բալբաբյանի գործով դեռևս դատավճիռ կայացված չի եղել: Վերջինիս պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը հուլիսի 4-ին նշանակված դատական նիստին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու վերաբերյալ։ Դատախազը չի առարկել, ու Բալբաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործի վարույթը՝ կարճվել:
Ծանր վիրավորանքի քրեականացման՝ նախկին Քրեական օրենսգրքում կատարված լրացումն ուժի մեջ էր մտել 2021-ի օգոստոսի 30-ին, այսինքն՝ այս օրենքը գործեց ընդամենը տասն ամիս:
Համաձայն Դատախազության վերջին՝ այս տարվա ապրիլի 1-ի ամփոփ տվյալների՝ օգոստոսի 30-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակաշրջանում առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ նախապատրաստված 938 նյութերից 802-ով է քրեական գործ հարուցվել: Դրանցից 425-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 1-ին մասի, 377-ը՝ 2-րդ կամ 3-րդ մասերի հատկանիշներով:
Նշենք, որ հոդվածի 1-ին մասը վերաբերում էր անձին ծանր վիրավորանք հասցնելուն՝ հայհոյելուն կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելուն, և պատիժ էր սահմանվում 100-500 հազար դրամի չափով տուգանք:
Հոդվածի 2-րդ մասով քրեականացված էր անձին ծանր վիրավորելը կամ նրա վերաբերյալ նյութեր տարածելը հրապարակային որևէ եղանակով կամ հանրային գործունեությամբ պայմանավորված, և պատիժ էր սահմանվում 500 հազարից մինչև 1 միլիոն դրամի չափով տուգանք:
Հոդվածի 3-րդ մասը վերաբերում էր նույն անձին ցանկացած եղանակով պարբերաբար ծանր վիրավորանք հասցնելուն, և պատիժ էր սահմանվում 1-3 միլիոն դրամի չափով տուգանք կամ 1-3 ամիս ժամկետով կալանք։
Այս հոդվածով հանրային է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեությունը։
Ըստ դատախազության տվյալների՝ հարուցված քրեական գործերից 2-ի պարագայում ծանր վիրավորանքի թիրախում են եղել լրագրողները, 10-ի դեպքում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող ակտիվ կամ քաղաքական ուժերի համակիրները, 71-ի դեպքում՝ հանրային ծառայողներ կամ պետական իշխանության մարմինները ներկայացնող պաշտոնատար անձինք, 198-ի դեպքում՝ բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնցից որոշների դեպքում՝ նաև նրանց ընտանիքի անդամները:
2022-ի ապրիլի 1-ի դրությամբ՝ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 քրեական գործ, 6 անձի վերաբերյալ 6 քրեական գործով կայացվել է մեղադրական դատավճիռ:
Փոխհատուցում՝ պատճառված վնասի դիմաց
Մեզ հետ զրույցում Բալբաբյանն ասաց, որ պետությունից փոխհատուցում է պահանջելու՝ իրեն պատճառված վնասի համար: Նշենք, որ Բալբաբյանը, փաստացի, արդարացվել է: Քրեական դատավարության գործող օրենսգրքի անցումային դրույթներով, մասնավորապես՝ 483-րդ հոդվածի 7-րդ մասով, սահմանվում է, որ «այն քրեական գործերը, որոնցով մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում և լուծվում են մինչև 2022-ի հուլիսի 1-ը գործող կարգով»: Վահե Բալբաբյանի գործը դատարան է ուղարկվել 2022-ի ապրիլի 4-ին, ուստի վերջինս օգտվում է արդարացվածի՝ նախկին Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքներից:
Քրեական դատավարության նախկին օրենսգրքի 66-րդ հոդվածը սահմանում է արդարացվածի իրավունքները: Ըստ այդմ՝ այն անձը, ում նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ, իրավունք ունի պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված գույքային հատուցում՝ ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները, այսինքն՝ այն հնարավոր իրական օգուտները, որոնք անձը կարող էր ստանալ, եթե նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը խոչընդոտներ չստեղծեր՝ դա ստանալու համար:
Օրինակ՝ եթե մարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և նա դրա պատճառով զրկվել է արտերկրում ինչ-որ չափով շահույթ հետապնդող կոնկրետ գործարք կնքելու հնարավորությունից, ապա արդարացվելու դեպքում, այդ չափով գումարը ենթակա է հատուցման:
Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ նաև աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է քրեական հետապնդման պատճառով, իրավունք ունի որպես հատուցում ստանալ նաև գույքը պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետևանքով պատճառված վնասը, իր վճարած դատական ծախսերը, փաստաբանին վճարած գումարը, դատավճիռն ի կատար ածելիս վճարված կամ առգրավված տուգանքը:
Արդարացվածն իրավունք ունի նաև վերականգնվել նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում), իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ համարժեք աշխատանք (պաշտոն) կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցում: Արդարացվածն իրավունք ունի զինվորական և այլ կոչումների վերականգնման:
Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանվում է նաև, որ ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձևով պատիժը կրելու, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահվելու ժամանակը հաշվարկվում է արդարացվածի բոլոր տեսակի աշխատանքային ստաժերի մեջ: Արդարացվածն իրավունք ունի նաև հետ ստանալ նախկինում զբաղեցրած բնակելի տարածքը, իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ բնակմակերեսով և գտնվելու վայրով համարժեք բնակելի տարածք:
Արդարացվածի պահանջով՝ դատարանը կամ քննություն իրականացնող մարմինները պարտավոր են այդ մասին 2 շաբաթվա ընթացքում հայտնել նրա նախկին և ներկա աշխատանքի, ուսման, բնակության վայր: Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը նաև սահմանում է, որ լրատվամիջոցը, որը հրապարակել է քրեական գործի վարույթով կասկածյալին կամ մեղադրյալին վերաբերող տեղեկություններ, պարտավոր է 1 ամսվա ընթացքում հայտնել գործով կայացված վերջնական որոշման մասին, իսկ քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից:
Պաշտպանե՞լ ազատ խոսքը
Օրենքի ընդունման նախաձեռնությունը Գլխավոր դատախազությանն է եղել: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հիշեցնում է, որ օրենքն ընդունվել է 2020-ի հետպատերազմյան ժամանակաշրջանում, երբ սոցիալական ցանցերը հեղեղված էին հայհոյանքներով: Ըստ Աբրահամյանի՝ այդ ժամանակ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն վտանգավոր, այլ նաև հանցածին է՝ այլ ծանր հանցագործությունների կատարման պատճառ է դառնում:
«Արարքի քրեականացման հիմնական նպատակն ազատ խոսքը և հանրային գործունեությամբ զբաղվող անձանց հանիրավի մեղադրանքներից, ծանր վիրավորանքի դրսևումներից պաշտպանելն էր»,- ասում է Աբրահամյանը: Վերջինս նշում է, որ ապրիլի 1-ի դրությամբ՝ հարուցված քրեական գործերով 160 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 131-ին՝ հայհոյելու, իսկ 29-ին՝ այլ ծայրահեղ անպարկեշտ արտահայտությություններ կատարելու համար: Սրանով Աբրահամյանը հիմնավորում է, որ օրենքը միտված էր հայհոյանքը՝ որպես խոսույթ վերացնելուն:
Աբրահամյանն ասում է, որ Դատախազությունն ամենօրյա ռեժիմով իրականացնում է սոցցանցերի և մամուլի մշտադիտարկում, և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև քրեական հետապնդումների հարուցումը՝ ծանր վիրավորանքի, ծայրահեղ անպարկեշտ արտահայտությունների օգտագործումն անհամեմատ ավելի շատ էր, քան հետապնդումներից հետո:
«Մենք կտրուկ փոփոխություն արձանագրեցինք, ինչը համոզեց նրանում, որ ընտրված քաղաքականությունը ճիշտ էր, իրեն արդարացրել է և հանգեցրել է մի իրավիճակի, որ հանրային խոսույթում այժմ այս կարգի արտահայտություններից զգուշանալու հստակ միտում կա»,- ասում է Աբրահամյանը:
Օրենքի խտրական կիրառում
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, սակայն, նշում է, որ այս օրենքը խտրական է կիրառվել, միտված է եղել իշխող քաղաքական խմբի շահը սպասարկելուն, ընդդիմադիրներին հնարավորին չափ վնաս պատճառելուն, նրանց համար խնդիրներ առաջացնելուն, ուստի դատախազության պնդումը, թե այն միտված էր ազատ խոսքը պաշտպանելուն, մանիպուլյացիոն տարր է պարունակում:
«Չեմ կարծում, թե այս օրենքը լրջորեն ազդել է մարդկանց խոսքի որակի վրա․ ինչպես առաջ, այնպես էլ հիմա պրոիշխանական «ֆեյքերը» հայհոյում են, վերջին խոսքերն են գրում ընդդիմության կողմնակիցներին, և դրանց որևէ իրավական արձագանք չի լինում»,- ասում է Մելիքյանը:
Մելիքյանն ընդունում է, որ այդ բառապաշարի կիրառման դեմ պետք է պայքարել, բայց ոչ թե օրենքով պատժելով, այլ բարոյական միջոցներով: Նշում է նաև, որ «բարոյապես արգելված բառապաշարը հանրային խոսք մտել է հենց Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների միջոցով»։
Ինչո՞ւ կառավարությունը նահանջեց
Թե ինչու իշխանությունն, այնուամենայնիվ, ապաքրեականացրեց ծանր վիրավորանքը, իրավապաշտպանները պատճառաբանում են միջազգային կառույցների կողմից ճնշումներով։
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այս տարվա հունվարին կոչ էր արել հայաստանյան իշխանություններին համոզվել, որ խոսքի ազատության ու անձի արժանապատվության ապահովման միջև հավասարակշռությունը պահպանված է, որ «ծանր վիրավորանքի» քրեականացումը չի կիրառվի կամայական՝ անհատների և լրատվամիջոցների դեմ։
Սա Մելիքյանը պայմանականորեն անվանում է Եվրոպայի խորհրդի դեղին քարտը Հայաստանին, որից հետո, սակայն, իրավակիրառ պրակտիկան չփոխվեց, օրենքի կիրառումը շարունակվում էր խտրական, քրեադատավարական շատ կանոնների խախտմամբ, ուստի դեղին քարտին պետք է հաջորդեր կարմիրը:
Աննպատակահարմար լուծում և արկածախնդրություն
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է՝ ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ քրեաիրավական մեխանիզմը համարժեք միջոց չէ ծանր վիրավորանքը կանխարգելու համար, որ խնդիրը պետք է քաղաքացիաիրավական դաշտում լուծվեր, և դրա մասին խոսել են և՛ ոլորտի մասնագետները, և՛ իրավապաշտպանները, և՛ եվրոպական մարմինները: Իշխանությունները, սակայն, ականջալուր չեղան, ու Եվրոպայի խորհրդի արձագանքն ավելի շուտ ու ավելի կոշտ եղանակով եկավ, քան իշխանությունն էր սպասում: Այլապես, ըստ Ղազարյանի, ծանր վիրավորանքն ավելի երկար ժամանակ քրեականացված կմնար:
«Ամբողջությամբ աննպատակահարմար լուծում էր, ես կասեի` արկածախնդրություն էր նման քայլի դիմելը, որովհետև դա երկրի հեղինակության վրա ազդեց»,- ասում է Ղազարյանը:
Ըստ իրավաբանի՝ քրեական մեխանիզմներով կարելի է պայքարել ատելության խոսքի, բայց ոչ հայհոյանքի դեմ, քանի որ ատելության խոսքի հանրային վտանգավորությունն իսկապես բարձր է, այն կարող է ընդհուպ ազգային անվտանգության ու հասարակական կարգի պահպանման խնդիր առաջացնել:
Ղազարյանը հիշեցնում է, որ նախկին Քրեական օրենսգրքում 2003-ից մինչև 2010 թվականները վիրավորանքը քրեականացված է եղել, բայց փորձը ցույց է տվել, որ այդ հոդվածը գրեթե չի կիրառվել: Ըստ փաստաբանի՝ ի սկզբանե դատախազները տհաճությամբ էին վերաբերում նման գործերին ու համարում էին, որ ծանր վիրավորանքը հանրային վտանգավորություն ներկայացնող այնպիսի արարք չէ, որի վրա արժե ռեսուրս ծախսել։
«Բայց այժմ որոշումը կայացվել էր, քրեականացումը տեղի ունեցավ, հիմա պետությունը ռեսուրս է ծախսում այս գործերի վրա: Հիմա ո՞վ է հաշվելու կոնկրետ ինչ ռեսուրս, և ինչո՞ւ է դա կարևոր. բոլորովին էլ կարևոր չէ իշխանության համար: Հիմա մեկ հարվածով բոլոր այդ գործերը կկարճվեն նախաքննության փուլում կամ մեկ որոշումով հետապնդումները կդադարեցվեն, մի քանի գործով էլ, եթե քաղաքացիները դիմեն, պետությունը փոխհատուցում կտրամադրի՝ նրանց իրավունքները խախտելու համար, և վերջ, դրանով պատմությունը կավարտվի»,- ասում է Ղազարյանը:
Ըստ Ղազարյանի՝ եթե անգամ այս օրենքն ավելի շատ հասարակ քաղաքացիներին պաշտպաներ, քան իշխանություններին, միևնույնն է, նորմի գոյությունն ինքնին կաշկանդում է ինֆորմացիայի ազատ հոսքը: Ավելին, անգամ մի քանի գործի հարուցումը, որը կոչված էր պաշտպանելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց` նախարար, վարչապետ, արդեն իսկ բավարար է՝ օրենքի՝ ազատ խոսքի վրա դրա բացասական ազդեցությունն արձանագրելու համար:
Դատախազությունը, սակայն, չի ընդունում, որ օրենքն իշխանություններին պաշտպանելու կամ ընդդիմությանը թիրախավորելու համար է ստեղծվել: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբարհամյանն ասում է՝ հանրային ընկալումն այդպիսին է եղել, քանի որ հատկապես այդ անձանց վերաբերյալ գործերն են հանրայնացվել:
«Դատախազությունը շարունակում է մնալ այն համոզմանը, որ դեռևս կարող էր այս արարքի քրեականացված լինելը դրական ազդեցություն ունենալ, բայց կառավարությունը համարեց, որ ունեցածն արդեն բավարար է, և խնդիրը պետք է այլընտրանքային միջոցով լուծել՝ քաղաքացիական օրենսդրության շրջանակներում»,- ասում է Աբրահամյանը:
Նշենք, որ 2010-ից գործում է Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածը, որով ամրագրված են պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները։ 2021-ի մարտի 24-ին Ազգային ժողովն ընդունեց այս հոդվածում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով վիրավորանքի համար սահմանված փոխհատուցման առավելագույն չափը 1 միլիոնից դարձվեց 3 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար՝ 2 միլիոնից 6 միլիոն դրամ։
Մեր հայերեն էջից
Բաքվի կողմից եռակողմ հայտարարության կոպիտ խախտումները
Ադրբեջանի մանիպուլյացիաները, դրդապատճառները, ռազմավարությունը և Արցախի դեմ իր յուրաքանչյուր ռազմական ագրեսիան օրինականացնելու փորձերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումներ են։
Read moreԱյն, ինչ վերաբերում է յուրաքանչյուրիս. ինչո՞ւ են Հայաստանում հապաղում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում նախատեսվող բարեփոխումները դեռևս դանդաղում են ու շոշափելի արդյունքներ չեն տալիս, ինչի հետևանքով այս խնդրին բախվող քաղաքացիների իրավունքները շարունակում են ոտնահարվել։
Read moreՎտանգավոր աշխատանք․ դժբախտ պատահարներ ու չլուծվող խնդիրներ
Աշխատավայրերում ոչ միշտ են պահպանվում առողջության ու անվտանգության կանոնները, ինչի հետևանքով շատ դեպքերում տուժում են աշխատակիցները։
Read moreԱրժևորված դրամ․ տուժած տնտեսվարողները ելքեր են փնտրում
Վերջին ամիսներին հայկական դրամը սրընթաց արժևորվում է, սակայն, միևնույն ժամանակ, խնդիրներ է ստեղծում տնտեսվարողների համար։
Read moreՓոքր հյուրատների մեծ պոտենցիալը․ ավելի քան զբոսաշրջություն
Փոքր հյուրատներն իրենց եզակի ծառայություններով և երկրի բնակիչների ու կենցաղի առանձնահատկությունները ներկայացնելով, կարևոր ներդրում են ունենում Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում:
Read moreՕրենքը, որի առաջ հավասար են բոլորը
Օրինապաշտ լինելու առաջին քայլը օրենքի մասին իմանալն է և իրավունքը պաշտպանելու համար նույնպես պետք է իմանալ գործող նորմերի մասին։ EVN Report-ը սկսում է նոր շարք, որի շրջանակում ներկայացնելու է օրենսդրական և դատաիրավական համակարգին վերաբերող արդիական թեմաները:
Read moreՄաս 3. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված շարքի հաջորդ հատվածում Սոսի Թաթիկյանը փորձում է լուծում առաջարկել ներկա իրավիճակում, որն անվտանգության երաշխիքներ կտրամադրի հայկական բնակչությանն ու առաջընթաց կգրանցի հակամարտության լուծման հարցում:
Read moreՄաս 2. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին
Որպեսզի հասկանանք, թե ինչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, եթե նրանց համար չապահովվեն անվտանգության և մարդու իրավունքների պատշաճ միջազգային երաշխիքներ, Սոսի Թաթիկյանը ներկայացնում է մի շարք նմանատիպ հակամարտությունների զարգացումը։
Read moreՄաս 1. Ի՞նչ կարող է պատահել Լեռնային Ղարաբաղի հայերին
Երեք մասից բաղկացած հոդվածաշարի առաջին մասում Սոսի Թաթիկյանը վերլուծում է Լեռնային Ղարաբաղի անորոշությունները և հնարավոր սցենարները, եթե Հայաստանի ղեկավարությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Read more