Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ:
«Մոտ երկու ամիս երեխաներիս չեմ տեսել, տառապելով դիմացել եմ, որովհետև չէի ուզում` ինձ բանտում տեսնեին»,- պատմում է 34-ամյա Տաթևիկ Վիրաբյանը, որն օրեր առաջ է ազատվել տնային կալանքից, իսկ դրանից առաջ շուրջ երկու ամիս անց է կացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Այս ընթացքում իր երկու անչափահաս երեխաները տատիկի խնամքին են եղել։ Բացի կարոտն ու երեխաներից հեռու լինելը, կալանավայրում նաև առողջական խնդիրներ է ունեցել և մի քանի անգամ ուշագնաց եղել։
Վիրաբյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվել է սեպտեմբերի 19-ին, երբ մասնակցել է ադրբեջանական զինուժի՝ Արցախի վրա հարձակումից հետո կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներին։ Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա ակցիայի ընթացքում մի խումբ անձանց հետ խուլիգանություն է կատարել, նաև զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր արել: Թե՛ կալանքը, թե՛ տնային կալանքը Վիրաբյանի նկատմամբ կիրառվել է որպես խափանման միջոց։ Իսկ գործով դատաքննությունը շարունակվում է, դեռևս դատավճիռ չկա։
Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, խափանման միջոցը կիրառվում է երեք դեպքում. մեղադրյալի փախուստը կանխելու, մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու, մեղադրյալի՝ օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունների կատարումն ապահովելու համար, օրինակ՝ չշփվի գործով անցնող վկաների հետ: Այսինքն, խափանման միջոցի նպատակը հարկադրելն է, որ մեղադրյալը պատշաճ վարք դրսևորի։
Հարկադրանք կամ պատիժ
Վիրաբյանի փաստաբան Արսեն Բաբայանը նշում է, որ կնոջը կալանավորելու որոշումն անհիմն է եղել․ դատարանն արձանագրել էր, որ կալանք կիրառելու հիմքը նորից հանցանք կատարելու վտանգն էր՝ նշելով, թե, ազատության մեջ մնալով, Վիրաբյանը կմասնակցի հանրահավաքներին և հնարավոր է կատարի նույն արարքը։
«Սա, բացի այն, որ անձի ազատության իրավունքի կոպտագույն խախտում է, նաև ամբողջությամբ խախտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Ի դեպ, գոյություն չուներ որևէ օբյեկտիվ տվյալ այն մասին, որ Տաթևիկ Վիրաբյանը կատարել է հանցավոր արարք, իսկ այդ պայմաններում որևէ խափանման միջոցի կիրառումն անթույլատրելի է»,- պարզաբանում է Բաբայանը։
Ըստ Վիրաբյանի՝ իշխանությունների կողմից սա իր հանդեպ պատիժ էր, որ համարձակվել է իրենց դեմ դուրս գալ.
«Բայց ես ընդամենն իմ դիրքորոշումն եմ հայտնել, մասնակցել եմ փողոցային ակցիաների, որն իմ սահմանադրական իրավունքն էր։ Ուզում էին ցույց տալ, որ չեն նայելու՝ կին է, անչափահասների մայր է, տանելու են, դատեն»։
Վիրաբյանի հետ նույն գործով մեղադրվում է ևս 10 հոգի։ Արսեն Բաբայանը նրանցից 6-ի պաշտպանն է ու պնդում է, որ նրանց բոլորի նկատմամբ կալանքի կիրառումը կրել է բացառապես պատժիչ բնույթ։
«Օրինակ՝ արցախցի 18–ամյա Մարատ Հակոբյանը, իմանալով, որ ոստիկանությունից իրեն փնտրում են, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Նրան անմիջապես ձերբակալել են և ներկայացրել կալանքի` այն հիմնավորմամբ, թե Մարատը հնարավոր է խուսափի քննությունից` փախուստի դիմելու միջոցով»:
Փաստաբան Արմինե Ֆանյանը նույնպես նշում է, թե լինում են դեպքեր, երբ խափանման միջոց կալանքը դառնում է պատիժ․
«Առնվազն մեկ վարույթ ունեմ, որ խափանման միջոցն արդեն վաղուց կրում է պատժի տարրեր: Ե՛վ քննիչի, և՛ դատարանի համար հասկանալի է, որ անձը չի դրսևորի ոչ պատշաճ վարք՝ պայմանավորված իր նախկին պաշտոնով, հայրենիքի առաջ մատուցած երկարամյա անբասիր ծառայությամբ, ամուր սոցիալական կապերով, սակայն նա, այնուամենայնիվ, կալանավորվում է»:
Չարդարացված սպասումներ
2022-ի հուլիսի 1-ից գործում է Քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որով, բացի կալանքը, սահմանվում են այլընտրանքային խափանման միջոցներ, որոնց մի մասը նախկինում չկար (օրինակ՝ տնային կալանքը, պաշտոնավարման կասեցումը):
Արսեն Բաբայանի խոսքով, մինչ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը լինում էին դեպքեր, երբ օբյեկտիվորեն բավականին բարդ էր լինում խափանման միջոցների ընտրությունը, քանի որ կալանքը խիստ էր, իսկ մյուս միջոցները մեղմ էին՝ մեղադրյալի պատշաճ վարքն ապահովելու համար․
«Հիմա, օրինակ, վարչական հսկողությունը կամ տնային կալանքը լրացրին այդ բացը, և դատարանները հնարավորություն ունեն բազմազանությունից ընտրելու առավել պիտանի խափանման միջոցը՝ միաժամանակ անհարկի խիստ չսահմանափակելով մարդու հիմնական իրավունքը»։
Ըստ Արմինե Ֆանյանի՝ վաղուց հրամայական էր առավել արդյունավետ և քրեակատարողական հիմնարկում պահելու հետ չկապված խափանման միջոցների նախատեսումը։ Սակայն, միևնույն ժամանակ նշում է, որ, ցավոք, սպասելիքներն ավելի մեծ էին, քան իրականությունն է․ կալանքը շարունակում է մնալ դոմինանտ կիրառվող։
Նրա խոսքով, օրինակ, տնային կալանքը բավականին արդյունավետ խափանման միջոց է, սակայն դատարանները բավականին դժվարությամբ են այն կիրառում․ կան դեպքեր, երբ մեղադրյալը կալանավորվում է՝ քննությանը խոչընդոտելու և վկաների վրա ազդելու հիմքով, սակայն այլ անձանց հետ շփվելու նրա իրավունքը չի սահմանափակվում։
«Մինչդեռ, նույն դատարանը կարող է այդ ռիսկն առավել արդյունավետ չեզոքացնել (նաև հարկատուների միջոցները խնայելով)` տնային կալանքի կիրառմամբ՝ սահմանափակելով նաև այլ անձանց հետ հաղորդակցությունը,- ասում է Ֆանյանը՝ խոսելով նաև մեկ այլ խնդրի մասին,- Եթե նույնիսկ, ինչ-որ հրաշքով, դատարանը մերժում է կալանքի կիրառումը՝ այլընտրանքային խափանման միջոցի ընտրությունը թողնելով վարույթի հանրային մասնակցին, հիմնականում կիրառվում է այնպիսի անիրատեսական գրավի գումար, որն անձը վճարել ի վիճակի չէ, ուստի նրան կրկին տանում են կալանքի, քանի որ գրավի գումարը չի վճարել»:
Կալանքի վիճակագրություն
Խափանման միջոց կալանքն ընտրելու փորձի վերաբերյալ վիճակագրությունը միանշանակ չէ․ դատական դեպարտամենտի տարեկան հաշվետվություններում և Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի տարեկան հաղորդումներում առկա են տարբերություններ, իսկ 2021-ի դեպքում այդ տարբերություններն էական են։
Դատական դեպարտամենտի տարեկան հաշվետվությունների համաձայն՝ 2017-ից հետո կալանքի որոշումների թիվը նվազել է, սակայն էական չէ տարբերությունը 2022-ի և նախորդ տարիների միջև, եթե հաշվի ենք առնում այն, որ խափանման նոր միջոցներ կիրառելու հնարավորությունն արդեն իսկ կար։ Այսպես, 2021-ին կալանավորման 1628 որոշում է ընդունվել, 2022-ին՝ 1583։
Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանը 2021-ի տարեկան հաղորդման մեջ դրական դինամիկա է նկատել՝ նախորդ տարիների համեմատությամբ, և նշել, որ կալանքի 1030 միջնորդություն է բավարարվել։ Այսինքն, եթե հիմք ենք վերցնում այս տվյալները, ապա նույնիսկ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022-ին կալանավորման որոշումները շեշտակի աճել են՝ 1633։
2023-ի տարեկան վիճակագրությունը կամփոփվի հաջորդ տարի, սակայն, ըստ դատական դեպարտամենտի տվյալների, միայն առաջին վեց ամիսների ընթացքում արդեն իսկ 1084 կալանավորման որոշում է ընդունվել։
Կալանքը՝ ծայրահեղ միջոց
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը նշում է, որ պաշտպանն իր տարեկան հաղորդումներում մշտապես անդրադառնում է կալանքի պրակտիկային՝ ամփոփելով դրան վերաբերող տվյալներն ու ներկայացնելով առաջարկություններ՝ միևնույն ժամանակ հարգելով դատարանների անկախությունն ու կասկածի տակ չդնելով որևէ կոնկրետ գործով կայացված դատական ակտ։
Ըստ Մարտիրոսյանի՝ եթե մինչև 2021-ը կալանքի պրակտիկայի վերաբերյալ առաջարկությունները վերաբերում էին այլընտրանքային խափանման միջոցներ ներդնելուն, ապա այս տարվա տվյալների ամփոփումից հետո այդ առաջարկությունները կվերաբերեն իրավակիրառ պրակտիկան բարելավելուն։
Մարտիրոսյանը հղում է անում մի շարք ներպետական և միջազգային իրավական փաստաթղթերի, որոնք ամրագրում են՝ կալանքը որպես ծայրահեղ կամ վերջին (last resort) դեպքում կիրառվող միջոց լինելը։
Նախևառաջ հենց Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանվում է, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի պատշաճ վարքը (փախուստը կամ հանցանք կատարելը կամ պարտականություններ չկատարելը կանխելը) ապահովելու համար։
Սահմանադրական դատարանի որոշման մեջ էլ նշվում է․
«…հաշվի առնելով անձի անձնական ազատության իրավունքին կալանավորման առավել ինտենսիվ միջամտող բնույթը, վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր դեպքում այն ընտրելուց առաջ պարտավոր է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հիմնավորված կերպով բացառել մնացած բոլոր, ավելի մեղմ խափանման միջոցների ընտրության հնարավորությունը»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է կալանքի հարցին, օրինակ, «Շահին Ալփայն ընդդեմ Թուրքիայի» գործով հայտնել է, որ կալանքը պետք է կիրառվի որպես անձի ազատության իրավունքի սահմանափակման վերջին կամ ծայրահեղ միջոց, երբ այլ միջոցներով հնարավոր չէ լիարժեք երաշխավորել վարույթի պատշաճ ընթացքը։
Այն, որ մինչդատական կալանքը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, որպես վերջին միջոց, սահմանվում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ պետություններում մինչդատական կալանքի չարաշահման մասին» բանաձևի 1-ին կետով և «Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների (Տոկիոյի կանոններ) 6.1-րդ կետով։
Փաստաբան Զարուհի Մեջլումյանը նշում է, որ գործող Քրեական դատավարության օրենսգրքով ներդրված են բավարար այլընտրանքային խափանման միջոցներ՝ մեղադրյալին պատշաճ վարք հարկադրելու և կալանքը հազվադեպ կիրառելու համար.
«Ես հիշում եմ Սարաևոյի համալսարանի պրոֆեսոր Գորան Շիմիչին, ով իր ապագա դատավոր ուսանողներին հանձնարարություն էր տալիս՝ սեփական տան մեջ երեք օր սեփական կամքով ազատազրկվել՝ առանց հեռախոսի, կապի, հյուրեր ընդունելու, այնուհետև շարադրություն գրել ապրած էմոցիաների մասին։ Նա կարծում էր, որ դատավորները պետք է հասկանան, թե ինչ է նշանակում զրկել ազատությունից, որը մարդու հիմնարար ու ամենաթանկ իրավունքներից է»:
Հ․Գ․ Հոդվածի պատրաստման համար դիմել էինք դատական դեպարտամենտին՝ խնդրելով տրամադրել խափանման միջոց կալանքի վերաբերյալ տարեկան ամփոփ վիճակագրությունը։ Ի պատասխան հայտնել էին, թե տեղեկություններն ամփոփված են court.am կայքի վիճակագրության բաժնում։ Սակայն անհրաժեշտ հաշվետվությունները կազմված են ոչ Unicode կոդային համակարգով, ինչի հետևանքով հավելյալ բարդություններ են առաջանում տեղեկությունները ստանալու համար։ Համակարգչից օգտվելու որոշ հմտություններ չունեցող քաղաքացիների համար այս տեղեկությունները կարող են ընդհանրապես անհասանելի լինել։ Մինչդեռ, դեռևս 2010 թվականին ընդունված կառավարության որոշմամբ ամրագրվել է, որ պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառության համար կիրառելի է Unicode կոդավորման համակարգը։
Կարդացեք նաև
Գործուն զղջումը որպես բարեփոխված անպատժելիություն
Ոստիկանի կողմից անչափահաս տղային հարվածելու դեպքով, տեսանյութի հրապարակումից հետո, հանրային աղմուկի միջոցով փորձ է արվում արդարություն հաստատել։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե բռնությունը ցուցադրող տեսանյութը չհրապարակվեր, արդյոք այսպիսին է խոստացված ոստիկանական բարեփոխումն ու արդյոք երեխայի լավագույն շահն այսպես է հարգվում։ Ի վերջո, արդյոք այս դեպքը հասարակությունն արդյունավետ կօգտագործի և խորքային փոփոխությունների կհասնի։
Read more2022-ի օրենքներն ու նախագծերը
2022 թվականի ընթացքում սկսեցին գործել դեռևս նախորդ տարիներին ընդունված մի շարք իրավական նորմեր, ինչպես նաև ընդունվեցին մի շարք օրենքներ, հանրային քննարկման դրվեցին օրինագծեր։ Ամփոփ ներկայացնում ենք ամենաշատ քննարկված իրավական կարգավորումները։
Read moreՀակակոռուպցիոն դատարան. արդարադատության նոր ճակատ
Կոռուպցիոն գործերի քննության համար նախատեսված մասնագիտացված դատարանը սկսել է իր գործունեությունը։ Արաքս Մամուլյանը ներկայացնում է, թե ինչ է սպասվում, ովքեր են լինելու որոշում կայացնողները, անդրադառնում՝ դատարանի արդյունավետությանն ու խնդիրներին։
Read moreԾանր վիրավորանք․ քրեականացումը և ապաքրեականացումը
Հայաստանում «ծանր վիրավորանքը» քրեականացնող լրացումը գործեց ընդամենը տասն ամիս։ 2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի Քրեական նոր օրենսգրքով ապաքրեականացվեց այս արարքը։
Read moreՕրենքը, որի առաջ հավասար են բոլորը
Օրինապաշտ լինելու առաջին քայլը օրենքի մասին իմանալն է և իրավունքը պաշտպանելու համար նույնպես պետք է իմանալ գործող նորմերի մասին։ EVN Report-ը սկսում է նոր շարք, որի շրջանակում ներկայացնելու է օրենսդրական և դատաիրավական համակարգին վերաբերող արդիական թեմաները:
Read moreՈստիկանության բարեփոխումների վեկտորը
Ոստիկանության բարեփոխման ընդհանուր ռազմավարություն չկա ո՛չ կառավարությունում, ո՛չ ԱԺ մեծամասնության օրակարգում. ձեռնարկված քայլերը կոնտեքստից կտրված են ու հատվածական։
Read more