
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։
«Մի օր ուղղակի վեր կացա ու գնացի, թողեցի ամեն բան՝ երեխեքիս, թոռներիս, տունս, աշխատանքս, հարազատներիս ու տեղափոխվեցի այլ երկիր, ինձ անծանոթ միջավայր։ Չէի հասկանում, թե ինչ է կատարվում, միայնակ ու անօգնական էի ինձ զգում, անընդհատ հուզվում էի, առանց պատճառի լացում, անվերջ ուզում էի ինչ-որ տեղ գնամ, թողնեմ ամեն բան, ոչինչ հետս չտանեմ, միայն թե գնամ ու գնամ,- դաշտանադադարի առաջին տարվա ընթացքն է հիշում 51-ամյա Հասմիկ Սահակյանն ու վերանայում այդ շրջանում իր կայացրած հախուռն որոշումները,- Ներսից շատ անհասկանալի վիճակ է, ամբողջ մարմինդ եռում է ու դրանից դու կորցնում ես ինքնակառավարումդ»։
Առանց որևէ պլանի, տեսլականի Սահակյանը մեկնում է Ռուսաստան՝ մտերիմների մոտ, լինում երեք քաղաքներում, գտնում աշխատանք նոր միջավայրում, իր համար միանգամայն նոր ոլորտներում ու փորձում ինքն իրեն վերագտնել։
«Կալինինգրադում էի աշխատում, մի զույգ եկավ, խոսելու ընթացքում պատմեցի, որ երեխաներիս թողել, եկել եմ, շատ զարմացան, ասում էին, որ ամուսիններով ինչքան ժամանակ է փորձում են երեխաներին մենակ, ինքնուրույն թողնել, բայց չեն կարողանում, զարմանում էին, թե ոնց եմ ես թողել։ Իրենց ասելուց հետո նոր գիտակցեցի, թե ինչ եմ արել, ոնց եմ կարողացել նման համարձակ որոշում կայացնել, ոնց եմ դիմացել այդ դժվարություններին, ամուսինս տարիներ առաջ է մահացել ու ես շատ կապված եմ եղել երեխաներիս հետ»,- ասում է Սահակյանը՝ նշելով, որ, չնայած դժվարություններին, սա առիթ է՝ իր ներսում ամեն բան կարգավորելու, ֆիզիկապես ուժեղանալու և երեխաների մոտ ավելի ուժեղ վերադառնալու համար։
Սահակյանը հիշում է՝ երբ ընկերուհիներն էին պատմում, որ դաշտանադադարի շրջանում վատ են զգում, չեն հասկանում ինչ է կատարվում իրենց հետ, զարմանում էր, թե ոնց կարող է կնոջ հետ նման բան լինել, մինչդեռ հիմա այդ նույն վիճակով ինքն է անցնում։
«Մեկ տարի է այդ փուլի մեջ եմ, հույս ունեմ՝ դժվարն անցել եմ, սակայն շատերն ասում են՝ դա չի էլ անցնում։ Բայց գոնե այդքան հաճախակի չեն այդ նյարդային լարվածությունները,- ասում է Սահակյանը՝ պատմելով, որ այս ընթացքում հրաժարվել է անգամ իր սիրելի զբաղմունքներից,- Մի ժամանակ գործում էի, կարում էի, ստեղծագործում էի, այդ ամենը, ցավոք, թողել եմ»։
Սահակյանն ասում է, որ բժշկի չի դիմել, անգամ ընկերների առաջարկած փորձված դեղամիջոցներն ընդունելուց է հրաժարվել, փորձել է ինքնուրույն հասկանալ իրավիճակը։
«Ուզում էի ինքս իմ ներսում հանդարտվել, հանգստանալ, փորձել անցյալի հետ իմ հարցերը կարգավորել, ներել բոլորին, ու իրականում, իմ մենակ լինելը, հեռու լինելը, ֆիզիկական ակտիվությունս շատ օգնեց,- ասում է կինը՝ նշելով, որ խուսափում էր այս թեմայով խոսելուց, մինչդեռ հիմա կարծում է, որ պետք է չամաչել, բարձրաձայնել ու բացատրել իրենց հետ կատարվողի մասին, իսկ հասարակությունը պետք է ըմբռնումով մոտենա։
Դեպրեսիա. անխուսափելի՞
Ըստ որոշ հետազոտությունների՝ կանանց առնվազն 60 տոկոսի մոտ դաշտանադադարն ընթանում է թեթև ախտանիշերով, 20 տոկոսի մոտ՝ ծանր ախտանիշերով, իսկ 20 տոկոսի մոտ էլ, առհասարակ, առանց ախտանիշերի։
Բժիշկ-գինեկոլոգ Արմինե Հովհաննիսյանը նշում է, որ եթե կինը նախկինում ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ, եթե դաշտանն ընթացել է արտահայտված ախտանիշերով, դաշտանադադարի փուլերը կարող են նպաստել, որպեսզի նորից կրկնվեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրները.
«Կարևոր է, որ կինը հասկանա՝ եթե իր մոտ կան արտահայտված ախտանիշեր, անպայման պետք է դիմել բժշկի և բժշկի օգնությամբ մեղմի գանգատները, որպեսզի չլինեն հետագա սրացումներ»։
Բժիշկ-հոգեբույժ, հոգեթերապևտ Տաթև Խաչատրյանը նշում է, որ կանանց դեպքում հոգեկան առողջությունն ուղիղ համեմատական է հորմոնալ անհավասարակշռությանը, իսկ քանի որ դաշտանադադարի շրջանում հորմոնները շատ մեծ տեղաշարժի են ենթարկվում, հոգեկան շատ խնդիրներ հենց այս ժամանակահատվածում էլ սկսում են ավելի ակտիվանալ։
«Ամենաառաջին խնդիրն ընկճախտն է, որն ավելի հաճախ առաջանում է, եթե կինն ունեցել է նախադաշտանային բարդություններ, հետծննդաբերական դեպրեսիա։ Կլիմակտերիկ շրջանի (որն ընդգրկում է նախադաշտանային, դաշտանային ու հետդաշտանային փուլերը) դեպրեսիաների հավանականությունը որպես այդպիսին բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն մանկական հոգեխոցեր (տրավմաներ), ճնշող հարաբերությունների մեջ են եղել,- ասում է բժիշկը՝ հավելելով, որ աjն մարդիկ, ովքեր իրենց հիվանդության պատմության, ժառանգականության մեջ ունեն շիզոֆրենիա, պետք է շատ նուրբ ու զգույշ մոտենան այս փուլին,- Շիզոֆրենիայի դեպքում տարիքային տարբեր խմբերում կան առաջացման պիկեր, կանանց դեպքում հենց մենոպաուզալ շրջանն է, երբ հորմոնալ անհավասարակշռություն է առաջանում, շիզոֆրենիայի առաջացման հավանականությունը շատ ավելի աճում է»։
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, հոգեթերապևտ Մանե Հակոբյանը բացատրում է, որ ինչպես ցանկացած կենսաբանական փոփոխության դեպքում, դաշտանադադարի փաստը ևս կնոջ կյանքում առաջ է բերում անձնային ճգնաժամ և այն հաղթահարելու անհրաժեշտություն։ Հոգեկան ճգնաժամը բնորոշվում է լարվածությամբ, տագնապով, անորոշությամբ, անելանելիության և անօգնականության զգացումներով։
«Մենոպաուզան կնոջն առերեսում է մի քանի խիստ տհաճ իրողությունների հետ. նա այլևս չի կարող հղիանալ և երեխա ունենալ, կանգնած է ծերության շեմին, որը նրան առերեսում է մահվան հետ։ Մենոպաուզան վերարտադրողական ֆունկցիայի ավարտն է, խորհրդանշական իմաստով՝ դա մի կորուստ է, որը սուգ է ծնում։ Ինչպես ցանկացած սուգ, այն կարող է ավարտվել սփոփվածության և ընդունումի զգացումով, բայց կարող է նաև երկարաձգվել ու վերածվել դեպրեսիայի»,- ասում է մասնագետը՝ նշելով, թե դաշտանդադադարի ծանր կամ թեթև ընթացքը պայմանավորված է, թե կինն ինչ չափով է ունակ իրականացնել ներքին հոգեկան աշխատանք նշված իրողությունները հանդուրժելու, ընդունելու, դրանց հետ հաշտ լինելու համար, ուստի դաշտանադադարն ուղեկցող ապրումները կանանց մոտ խիստ անհատական բնույթ են կրում։
Ըստ հոգեբանի՝ կան մարդիկ, ովքեր ունակ են ինքնուրույն կատարել այս ներքին աշխատանքը, կան մարդիկ էլ, որոնք ունեն հոգեբանի օգնության կարիքը, իսկ հոգեբանական աշխատանքն ընթանում է արժեքային համակարգի վերադասավորման, դիրքորոշումների, համոզմունքների վերագնահատման, կյանքի նոր իմաստներ որոնելու և սահմանելու ուղղությամբ։
67-ամյա Արմինե Սարգսյանը հիշում է, որ թեև բուժաշխատող է ու որոշ գիտելիքներ ուներ դաշտանադադարի մասին, սակայն, միևնույնն է, սկզբնական շրջանում չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ։
«Դաշտանադադարի տարիքին հասած շատ կանայք էին տարբեր խնդիրներով դիմում բժշկի, ամիսներով բացակայում աշխատանքից ու հիվանդանոցային պայմաններում ստանում բուժօգնություն։ Այդ ամենը տեսնելով՝ մտածում էի, թե բախտս բերել է, համեմատաբար, թեթև եմ տանում բայց, իրականում, այդքան էլ լավ չէի, չէի հասկանում ինչ եմ ուզում, աշխատունակությունս նորմալ չէր, շուտ հոգնում էի, գլխացավեր, սրտխփոց, ճնշման տատանումներ ունեի»,- ասում է Սարգսյանը՝ նշելով, թե սկզբից կարծել է շուտով կանցնի, կապել է եղանակի հետ, մինչդեռ դա հենց դաշտանադադարային շրջանն էր, որը տևել է շուրջ ութ տարի։
Սարգսյանն ասում է, որ տարիներ անց էլ, միևնույնն է, դեռ ջերմակարգավորման խնդիր ունի։
«Գործի տեղն աղջիկներով նստած էինք լինում, ասում էին, վայ էս ոնց կարմրեցիր, վեր էի կենում, լվացվում էի, թարմանում, մի քիչ զբոսնում մաքուր օդին, նորից անցնում գործի։ Միշտ մտածում էի՝ ինչ լավ է, որ տղամարդ չկա ու այս ամենը չի տեսնում, ավելի անհարմար կզգայի։ Կանանց կոլեկտիվ էր, մեկս մյուսիս պահում էինք։ Բարեբախտաբար, ամուսինս էլ այդ ընթացքում արտագնա աշխատանքի էր, հանգիստ էի ավելի»,- ծիծաղելով ասում է Սարգսյանն ու հիշում, որ անգամ եղել են դեպքեր, երբ ճնշման տատանումների հետևանքով դրսում ընկել ու վնասվել է։
Սակայն չի դիմել բժշկի, փորձել է իր հետ կատարվողն ինքնուրույն լուծել։ Ասում է, որ լարվածությունը մեղմացնելուն իրեն օգնել է թարմ օդում զբոսանքը։
Հոգեբան Աստղիկ Շահնազարյանն ասում է, որ դաշտանադադարի շրջանում կանայք հայտնվում են իրենց անծանոթ մի իրավիճակում, երբ անգամ ամենափոքր բանն ազդում է տրամադրության, հոգեվիճակի վրա։
«Կնոջը հարկավոր է սովորել վերահսկել վարքը, զգացմունքները, պետք է գիտակցել, որ սա ընդամենը մի ժամանակահատված է, որն անցնելու է։ Կնոջ մերձավորներն էլ պետք է գիտակցաբար մոտենան ու անեն ամեն բան, որպեսզի չխորացնեն կնոջ վիճակը»,- ասում է հոգեբանը՝ առաջարկելով պահել օրագիր ու կատարել նշումներ,- եթե տեսնում ենք, որ հաճախակի են դեպրեսիվ հոգեվիճակները, ըստ այդմ արդեն կարելի է խորհրդակցել բժիշկների հետ»։
Խոսելու ժամանակը
Շահնազարյանը, սակայն նկատում է, որ այս խնդրով, սովորաբար, հոգեբանին դիմում են միայն արդեն ծայրահեղ դեպքերում, երբ այնպիսի վիճակում են, որ ազդում է ոչ միայն իրենց վրա, այլ նաև շրջապատում է խնդիրներ առաջացնում։ Սակայն քիչ չեն եղել դեպքերը, երբ դիմել են հոգեբանական խնդիրներից ելնելով ու պրպտելով մասնագետը հասկացել է, որ հիմքը հենց դաշտանադադարն է։
Բժիշկները, հոգեբանները նկատում են, որ նախկինում հասարակությունը չէր խոսում դաշտանադադարի մասին, տաբուացված թեմաներից մեկն էր, մինչդեռ տարեց տարի իրավիճակը փոխվում է։
«Հիմա սկսել ենք խոսել, սկսել ենք բժիշկներով խոսել, հասարակական կազմակերպություններն են խոսում, բլոգերն են խոսում ու դա շատ ուրախալի է,- ասում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կանայք բնակչության 50 տոկոսից ավելին են կազմում, աշխատաշուկայում մեծ տեղ են զբաղեցնում, մինչդեռ դաշտանադադարի հետ կապված ախտանիշերը կարող են ազդել իրենց աշխատունակության վրա, ուստի շատ կարևոր է իրազեկելը,- ոչ միայն կանայք, այլ նաև նրանց ընտանիքի անդամները, նրանց շուրջ գտնվող մարդիկ պետք է լինեն իրազեկ, որպեսզի կարողանան օգնել ու աջակցել»։
Հովհաննիսյանը նկատում է, որ վերջին շրջանում կանայք սկսել են ավելի հաճախ դիմել բժիշկներին․
«Ես հաճախ եմ սոցիալական ցանցերում խոսում այս մասին, ինձ հետևողներն անգամ իրենց մայրերին են ուղղորդում, հրաշալի է դա, իմ նպատակն էլ հենց դա է՝ օգնել կնոջն ավելի որակյալ կյանքով ապրել»։
Տաթև Խաչատրյանն ասում է, որ հայաստանյան հասարակությունում հոգեկան առողջությունը թերևս նոր է փորձում լինել առաջնակի դերում, սակայն դեռևս շատ հազվադեպ է լինում, երբ կինն այցելում է ու նշում, որ հասնում է դաշտանադադարի տարիքի և հետաքրքրվում է, թե ինչ խնդիրներ կարող է ունենալ։
«Կլիմակտերիկ շրջանում դիմելիությունը հոգեկան առողջության մասնագետին՝ բավականին հազվադեպ երևույթ է, եթե մենք չենք խոսում տագնապային ծանր երևույթների, դեպրեսիաների մասին։ Սովորաբար դիմում են կլինիկական դեպրեսիայի կամ տագնապային որևէ խանգարման դեպքում, ուսումնասիրելով ու անամնեզը հավաքելով հասկանում ենք, որ միգուցե կլիմաքսի հետ կապված է ու հենց առաջին հարցն է՝ արդյոք դիմել եք գինեկոլոգի»,- ասում է հոգեբույժը՝ հավելելով, որ աշխատանքները պետք է տարվեն գինեկոլոգի հետ զուգահեռ, քանի որ հնարավոր է հորմոնալ խնդիրներ էլ լինեն, որոնք հավասարակշռելու կարիք կունենան։
Խաչատրյանը շեշտում է՝ հոգեկան առողջությանը պետք է լինել ուշադիր, պետք չէ ամաչել, պետք չէ մտածել, որ հասարակության մեջ դա պիտակավորված է։ Իսկ պիտակներ, այնուամենայնիվ, հասարակությունն ունի.
«Հասարակության վերաբերմունքն արդեն իսկ արտահայտվում են մի շարք պիտակներով․ «հա դե կլիմաքսի մեջ ա էլի», արտահայտությունը հաճախ կարող ենք լսել, այսպիսով լուրջ չեն վերաբերվում, մինչդեռ դա բավականին լուրջ, էմոցիոնալ շրջան է, որով անցնում է յուրաքանչյուր կին»։
Դաշտանից մինչև դաշտանադադար
Հիմնականում 12-15 տարեկանում իգական սեռի ներկայացուցիչների մոտ սկսվում է սեռահասունության գլխավոր նշաններից մեկը՝ մենարխեն՝ դաշտանային առաջին փուլը։ Միջինում 28 օրվա միջակայքով կրկնվող ու 2-7 օր տևող գործընթացն արտահայտվում է կանանց սեռական ուղիներից արյունային արտադրության հոսքով, որը շատերի մոտ ուղեկցվում է ցավերով, հոգնածությամբ, դյուրագրգռությամբ, տրամադրության փոփոխություններով։ Գործընթացները, որոնք տեղի են ունենում դաշտանային ցիկլի ժամանակ, բնութագրվում են, որպես ձվարաններում և արգանդի լորձաթաղանթում կատարվող փոփոխություններին բնորոշ փուլեր։ Շուրջ 500 այսպիսի փուլերից հետո՝ հիմնականում 45 տարեկանից հետո այս գործընթացը ձևափոխվում է. ավատրվում է դաշտանային ցիկլը, կնոջ ձվարաններում դադարում է ձվաբջջի առաջացման գործընթացն ու սկսվում է դաշտանադադար/կլիմաքս/մենոպաուզա կոչվող փուլը։ Այս ընթացքում օրգանիզմում էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների սինթեզը սկսում է պակասել, որի հետևանքով նախ դաշտանային ցիկլերը դառնում են անկանոն, որոշ ժամանակ անց՝ ի վերջո դադարում են:
Առանձնացվում է դաշտանադադարի մի քանի շրջաններ, ինչպես օրինակ՝ նախադաշտանադադարը, որը նախորդում է դաշտանի լիարժեք դադարին, սկսվում է մոտ 45 տարեկանից, տևում է 2-5 տարի, ձվարանների գործառույթն աստիճանաբար մարում է, դաշտանադադարի փուլն ու հետդաշտանադադարը, որը սկսվում է վերջին դաշտանային ցիկլից 12 ամիս անց:
Բժիշկ-գինեկոլոգ Արմինե Հովհաննիսյանը բացատրում է, որ դաշտանադադարը կնոջ կյանքի ֆիզիոլոգիական, թերևս, անխուսափելի փուլ է, որի առավել ցայտուն ախտանիշերից կամ գանգատներից մեկը ջերմային հորդանքներն ու գիշերային քրտնարտադրություններն են։
«Օրվա ընթացքում կանայք մարմնի վերին հատվածում շատ տարբեր հաճախականությամբ կարմրություն, շոգի զգացողություն են ունենում, որը կարող է տևել մի քանի վայրկյաններից մինչև մի քանի րոպե, հետո հակառակը՝ միանգամից սկսում են սառել ու դիտվում է քրտնարտադրություն։ Բնականաբար, այս ամենն ազդում է կնոջ կյանքի որակի վրա, իսկ գիշերն էլ պարբերաբար քրտնելն առաջացնում է քնի խնդիրներ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել հոգնածության, հիշողության, կենտրոնանալու հետ կապված դժվարությունների»,- ասում է բժիշկը՝ հավելելով, թե համարվում է, որ կանանց մոտ 85 տոկոսը կարող է ունենալ ջերմային հորդանքները, քրտնարտադրությունը, և այս ընթացքը միջինում տևում է մոտ հինգ տարի։ Սակայն ըստ բժշկի՝ յուրաքանչյուր կնոջ մոտ մի կերպ է արտահայտվում այս փուլը. ոմանց մոտ կարող է շատ քիչ լինել, ոմանց մոտ՝ շատ, այդ դեպքում կարիք է լինում բժշկի դիմել, օգնել կնոջն ու լավացնել նրա կյանքի որակը: Բժիշկը հավելում է, որ ճարպակալումը, ծխելը մեծացնում են ջերմային հորդանքների արտահայտվելու, ինչպես նաև ավելի հաճախակի լինելու փաստը։
Դաշտանադադարի փուլերի գանգատներից են նաև միզասեռական համակարգում էստրոգենների պակասով պայմանավորված խնդիրները, որը կոչվում է դաշտանադադարի միզասեռական համախտանիշ, արտահայտվում է միզասեռական ուղիներում՝ հատկապես հեշտոցում չորության, այրումի, քորի, սեռական հարաբերությունների ժամանակ անհարմարության զգացումով, այս ամենը կարող է բերել նաև սեռական գործառույթի խախտման, միզային համակարգում կարող է լինեն անմիզապահության տարբեր տեսակներ, հաճախամիզություն, ինչպես նաև կարող են միզային համակարգի կրկնվող բորբոքային գործընթացներ առաջանան։
Հովհաննիսյանը նշում է, որ սովորաբար էստրոգենները ոսկրերը պաշտպանելու ազդեցություն ունեն, մինչդեռ, երբ դաշտանադադարի հետ կապված առաջանում է էստրոգենների կտրուկ պակաս, ապա ոսկրերի ամրությունն իջնում է, դրանք դառնում են շատ փխրուն ու ժամանակի ընթացքում կարող են առաջացնել օստեոպորոզի վտանգ, անգամ կոտրվածքների պատճառ լինել։
«Կանայք դաշտանադադարի առաջին տարիներին մեծ քանակի ոսկրային հյուսվածք են կորցնում, ինչի համար էլ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը»,- խորհուրդ է տալիս մասնագետը։
Ըստ Հովհաննիսյանի, եթե դաշտանադադարը դիտվում է 40-ից ավելի շուտ՝ դա արդեն վաղաժամ դաշտանադադար է, որն ախտաբանական է և անպայման պահանջում է բժշկի վերահսկողություն։
«Եթե կինը մինչև 45 տարեկանը վիրահատվել է և նրա ձվարանները հեռացվել են, չունի հակացուցում, ապա պարտադիր պետք է դիմի բժշկի ու ստանա փոխարինող հորմոնալ բուժում. եթե բնությունը ստեղծել է մի բան, որը ֆիզիոլոգիական է համարվում 45 տարեկանից հետո, ապա մինչ այդ նորմալ չէ, այս դեպքում ունենում ենք մեծ վտանգ, որ կնոջ մոտ կարող են դիտվել ոսկրային և սիրտանոթային համակարգի լուրջ խնդիրներ»,- ասում է բժիշկը՝ հավելելով, որ մնացյալ դեպքերում դաշտանադադարի ժամանակ միշտ չէ, որ նշանակվում են հորմոններ, սակայն բժշկի հսկողության տակ լինելը կարևոր է։
Վերջաբանի փոխարեն
Կարևոր է իմանալ, որ մասնագետները չեն բացառում դաշտանդադարի սկզբնական՝ նախադաշտանային ժամանակահատվածում հղիության հնարավորությունը։
«Միշտ մի քանի տուփ ավել միջադիր էի գնում, ու քանի որ ինձնից հետո տանն աղջիկ չկա, ունեմ երկու տղա, մի քանի ամիս դաշտան չունենալուց հետո ոգևորված բաժանեցի ընկերուհիներիս՝ գլուխ գովալով, որ այլևս չեմ ունենալու դրանց կարիքը, մտածում էի վերջապես հանգիստ կլինեմ նաև հարաբերություն ունենալիս, բայց…»,- հիշում է 46-ամյա Սուսաննան։
Երբ արդեն շուրջ ինն ամիս դաշտան չուներ, Սուսաննան քթի վիրահատության պատրվակով հանձնում է պահանջված անալիզներն ու բախվում բժշկի զարմացած հայացքին.
«Ասաց՝ հղի՞ ես, չգիտե՞ս, որ հղիության ընթացքում չեմ կարող կատարել այս վիրահատությունը, ու տիրեց լռություն։ Ամուսնուս հետ նայում էինք իրար ու չէինք հասկանում ինչ է կատարվում»։
Այլ ստուգումներից հետո պարզվում է, որ կինը 14 շաբաթական հղի է։
«Այնպես չէր, որ վատ չէի զգացել այդ շրջանում, պարզապես մտածել էի՝ դե դաշտանադադար է, դրանից կլինի։ Բայց հղիության մասին լուրի հետցնցումն ավելի մեծ էր»,- արդեն 2-ամյա դստեր հետևից վազելով հիշում է կինը,- Փոքր տղաս 17 տարեկան էր, նոր երեխայի պլաններ չունեինք, բայց մտածեցինք, եթե եկել է, թող բարով գա»։
Տեսեք նաեւ
Մարդ և հասարակություն
Ընտանեկան բռնություն․ դեռ օրակարգում
Ընտանեկան բռնության, անդառնալի կորուստների ու իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերի հայաստանյան պատկերը։
Read moreԵրբ ախտորոշվել է վարակ․ խտրականություն ամենուր
Հայաստանում վարակիչ հիվանդություններ ունեցողները ինչպես բժշկական օգնություն ստանալիս, այնպես էլ սոցիալական միջավայրում դեռևս հանդիպում են խտրական վերաբերմունքի։
Read moreԱնցանկալիները․ ինչո՞ւ է Հայաստանում աբորտը մնում ընտանիքի պլանավորման հիմնական ձևը
Հղիության արհեստական ընդհատման հարցը շարունակում է արդիական մնալ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հոդվածը ներկայացնում է հայաստանյան պատկերն ու ընդհատումից բխող խնդիրները։
Read more«Ցավդ տանեմ…»․ համապարփակ պալիատիվ խնամք
Երբ բժշկությունն արդեն անզոր է, և օրգանիզմը չի արձագանքում բուժմանը, օգնության է հասնում պալիատիվ խնամքի կենտրոնը: Հոդվածն անդրադառնում է, թե ինչպես է Հայաստանում գործում այս ծառայությունը, ինչ խնդիրների է բախվում ու ինչ տեսլական ունի։
Read more