
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ
Ոսկեպարի վրա ամպեր էին: Չնայած սառը, մռայլ եղանակին՝ գյուղամիջում մարդաշատ էր: Մարդիկ պարզապես խմբերով կանգնած էին: Հիմնականում՝ լուռ: Ֆրանսիայից ժամանած նկարահանող խումբը փորձում էր գյուղապետին համոզել հարցազրույց տալ, գյուղապետը դիմադրում էր:
Մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար կատարած այցից հետո, գյուղացիների աչքին ոչինչ չի երևում:
Լուրը, որով եկել էր վարչապետը, ըստ գյուղացիների, չափազանց վատն էր.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ»: Գործընթացը սկսվում է Տավուշից:
Պաշտոնական Բաքուն պահանջել է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին: Ալմա Աթայի հռչակագրով, այս չորս գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն: «ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»,- գյուղացիներին փորձել էր մխիթարել վարչապետը։
Այդ գյուղերը 1990-ականների սկզբից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց հարևանությամբ են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։
Մարտի 23: Ժամը 16:00:
— Ոսկեպարի՞ց եք,- մոտեցա գյուղամեջում կանգնած խմբերից մեկին:
— Ա՛նպայման,- շեշտն առաջին վանկի ձայնավորի վրա դնելով՝ արձագանքեց տղամարդկանցից մեկը: Նա շեշտված ու կտրուկ պատասխանեց՝ փորձելով այդ մեկ բառի մեջ միանգամից մի քանի իմաստ տեղավորել: Զրույցի բռնվելու իմ փորձը, սակայն, տեղում կանխեց,- Էնքան եմ խոսել, էնքան եմ պատասխանել, գլուխս դդում ա դարձել արդեն: Ա՛յ, էն կարմիր շորով կանգածը դպրոցի ուսուցիչ է։ Ա՛յ, իրան դիմեք:
— Ոսկեպարի միջնակարգ դպրոցի զինղեկն եմ, մասնագիտությամբ՝ պատմաբան: Բեգլարյան Նվեր,- պատրաստակամորեն ներկայացավ զրուցակիցս:
— Վարչապետը Ոսկեպարում հանդիպման ժամանակ ասաց, որ կառավարության քաղաքականությունը պատերազմ թույլ չտալն է և սահմանազատման ու սահմանագծման գործընթացն անում են ոչ միայն Հայաստանի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի անվտանգության համար։ Ինչու՞ են գյուղացիները, այնուամենայնիվ, մտահոգ:
— Ոսկեպարում և տարածաշրջանում բոլորը դեմ են: Հողը տալիս ենք, թուրքին բերում, մեր գլխին նստեցնում, ի՞նչ են լինելու հետևանքները: Ժողովուրդը շատ լավ հասկանում է: Առաջին հերթին կորցնում ենք Հայաստան-Վրաստանի սահման ճանապարհը, երկրորդ հերթին կորցնում ենք Երևան-Սյունիք ճանապարհը Տիգրանաշենի մոտ, Ազատամուտի մոտ (գյուղ Իջևանում-խմբ.) կորցնում ենք կապը դեպի Բերդ, Վազաշեն և այլն: Ադրբեջանին պետք է վերահսկողությունը Հայաստանի մայրուղիների վրա: Առաջ գալով, վաղ թե ուշ, կգրավի Ոսկեպարը, ոսկեպարցիները կգաղթեն: Ոսկեպարը ոչ միայն իմ հայրենի գյուղն է, այլ Իջևանն ու Նոյեմբերյանը կապող միջնաբերդն է: Չեղավ Ոսկեպարը, ճանապարհը բացվում է դեպի Նոյեմբերյան, դեպի Իջևան, Վանաձոր և Գյումրի: Սա է վտանգը: Էնպես որ, գյուղում ոչ մեկը չի վախենում: Ժողովուրդը վճռականորեն իր «ոչ»-ն ասաց:
— Հիմնավորումն այն է, որ Ադրբեջանի նշած չորս գյուղերը Հայաստանի սահմաններից ներս չեն եղել, իրենցն են:
— Իրանցն են եղել, հիմա էլ մերն են: Չենք տալիս, որովհետև միջազգային օրենք էլ կա. այդ գյուղերը երբ վնասազերծվել են 1990-ականների սկզբին, գյուղեր չէին, բնակչությունը գաղթած էր: Դրանք ռազմաբազաներ էին: Իսկ ռազմաբազաների վնասազերծումը միազգային պրակտիկայում ընդունված է: Հայկական ուժերը վնասազերծել են դրանք, որպեսզի տարածաշրջանի բնակչությունը կարողանա ապրել այստեղ:
— Ոսկեպարի՞ց եք,- մոտեցա տղամարդկանց մեկ այլ խմբի:
— Ոսկեպարցի ենք, հա, բայց ի՞նչ խոսենք, քանի օր ա՝ էնքան ենք խոսում: Սպիտակ մազերով այն մարդուն որ մոտենաք, հաստատ կխոսի:
Իսկապես, սպիտակ մազերով մարդը սիրով արձագանքեց զրուցելու առաջարկին, բայց հրաժարվեց ներկայանալ.
-Չնեղանաք, բայց Ձեզ նման, շատերը գալիս են, մարդկանց խոսեցնում, տանում, ուրիշ բան են ներկայացնում: Տարբեր խաղեր են:
— Որքանո՞վ է հավանական ոսկեպարցիների արտագաղթը՝ չորս գյուղերը վերադարձնելուց հետո:
— Արտագաղթ, բնական է, կլինի, եթե ադրբեջանցիների ասած քարտեզով տան: 1990-ականներին Ոսկեպարն իր ինքնապաշտպանության համար գործողություններ է արել, ապահովել իր դիրքերը: Անգամ դրանից հետո Ոսկեպարում արտագաղթ եղել է: Այսօր էլ գյուղի կեսն արտագաղթած ա: Հիմա պատկերացնու՞մ ես, եթե թուրքը գա գյուղի վերևում նստի, ի՞նչ կկատարվի: Որ ստից ասենք՝ էստեղ նստելու ենք, սուտ ո՞նց ասենք,- դառնացած խոսում էր սպիտակ մազերով մարդը:
Ոսկեպարում 2023-ի հունվարի 1-ի դրությամբ բնակիչների թիվը 721 է:
— Կան կարծիքներ, որ գյուղացիներին պետք է զինել:
— Զենք տալ պետք չէ, ուղղակի հասկանալ է պետք, որ սա տարբերակ չէ, սա լուծում չէ: Ճիշտն ասած՝ այդ հարցը նաև վարչապետին եմ տվել: Ասել եմ՝ էսքան ճանապարհ անցելուց հետո Դուք ո՞նց եք թուրքին վստահում, որ մենք մեր դիրքերը զիջենք, լավ-վատ՝ դիրքեր ունենք ապահովված, թուրքը գա գյուղի վերևը նստի, էդպես խաղաղություն լինի՞: Հնարավոր է՞ էդպես:
— Վարչապետն ասաց՝ եթե չզիջենք, շաբաթվա վերջին պատերազմ կլինի:
-Պատերազմ… Նախ՝ այդ բառն ասելը ճիշտ չէր: Ես էլ կասեմ՝ պատերազմով Ադրբեջանը մի անգամ փորձել է էս տարածաշրջանում 90-ականներին: Ի՞նչ է ստացել, կորցրել է տարածք, կորցրել է գյուղեր: Պետք չէ ժողովրդին վախացնել, դուխաթափ անել: Թող ոչ մեկը չպարծենա՝ հերոս ենք, այս կանենք, այն կանենք, բայց պետք էլ չի նման քայլերով ժողովրդի հետ խոսել:
— Հնարավոր համարու՞մ եք խաղաղությունը, երբ երկու ժողովուրդները միմյանց հետ հաշտ կապրեն:
— Մենք խաղաղության կողմնակից ենք: Ժամանակին եղել են նորմալ հարաբերություններ: Գուցե թե մինչև 44-օրյա պատերազմը կհավատայի դրան: Իրականում՝ պետք է էդ խաղաղությունը մեզ, բայց այսքան բանը տեսնելուց հետո ո՞նց վստահենք թուրքին: Անհավատալի, անհավանական բան է:
Զրույցին միացավ մեկ ուրիշը.
— Ժամանակին իրար հարսանիքների էինք գնում հայերն ու ադրբեջանցիները՝ Վերին Ասկիպար: Սահմաններն հիմա էնպես են ստեղծել, որ ժամանակին մերոնք չեն գիտակցել, էնպես են սահմաններն արել, որ իրավիճակը երբ ուզենան, սրեն երկու ազգի մեջ: Մենք պատերազմի կողմնակից չենք: Գիտակցում ենք՝ պատերազմը մնում է պատերազմ, բայց դե նման տարբերակներով էլ միակողմանի զիջումներով հնարավոր չէ: Իրենք բացահայտ խաղաղություն չեն ուզում: Էդ տարբերակով թուրքի հետ հնարավոր չէ լեզու գտնել:
Ոսկեպարցիները ձեռքով ցույց էին տալիս Ադրբեջանին տրվելիք տարածքներն ու ասում, որ այդ ժամանակ Ոսկեպարն ինքն է դառնալու գրեթե անկլավ՝ Ադրբեջանի ներսում. «Չի կարող, ախր, էսպես լինել: Որ պարտվել ենք 2020-ին, պիտի պարտված էլ մնա՞նք, անընդհատ զիջե՞նք: Հասկացանք՝ պարտվել ենք, բայց դա չի նշանակում, որ թուրքը ինչ ուզենա, պիտի անի: Է՛հ, տրամադրություն էլ չունեմ խոսելու: Որ տվեցինք գյուղերը, Ոսկեպարը կոլցոյի մեջ է հայտնվում: Լավատես չեմ:
Մեր դիրքերն էստեղ վատը չեն, լավն են: Պատկերացրու, Ոսկեպարը Նոյեմբերյանի մեջ է, մեր մարզկենտրոնն Իջևանն է: Ամեն սուտի բանի համար գնում ենք Իջևան: Հիմա պիտի գնանք Կիրովական (Վանաձոր-խմբ.), նոր գանք Իջևան»:
Գյուղամեջում հավաքվածները բացառապես տղամարդիկ էին: Հավաքվածներից մեկն ասաց. «Դե, մեզ մոտ ընդունված չէ: Կանայք ի՞նչ գործ ունեն՝ գան, գյուղամեջում կանգնեն: Մենք մե՛ր սովորույթներն ունենք: Օրինակ՝ չե՛ք տեսնի Ոսկեպարի գյուղամիջում նստած գարեջրի շշով ինչ-որ մի երիտասարդ գարեջուր խմի: Մեզ մոտ դա ընդունված չէ: Ամեն ինչը մեզ մոտ աշխատում ենք չափի մեջ պահել»:
Հենց տղամարդն ավարտեց խոսքը, ճանապարհին նկատեցի երկու կանանց: Ուզում էի մոտենալ, երբ տղամարդը կանգնեցրեց ինձ.
— Այդ ու՞ր ես գնում, նա իմ կինն է՝ Համեստը: Համե՛ստ, Համե՛ստ, սպասե: Հիմա կով կթելու ժամանակն է, պիտի գնանք:
Համեստ անունով կինը հեռվից ժպտաց ու հաստատեց ամուսնու խոսքը՝ զբաղված է, գործեր ունի, գյուղամեջում սրա-նրա հետ զրույցի ժամանակ չունի:
— Ոսկեպարում հարսանյաց սրահ կա՞:
Հարցս մռայլեցրեց սպիտակ մազերով տղամարդուն.
— Է՛հ… Իրականում ունենք հանդիսությունների սրահ, բայց ճակատագրի բերումով է երևի՝ հիմնականում որպես սգո սրահ է օգտագործվում, սգո արարողությունների համար: Հարսանիք՝ շատ հազվադեպ: Եթե լինում էլ է, դրսում են անում:
Ոսկեպարի գյուղապետարանի հարևանությամբ երկու կիսակառույց տներ կային. «Տերերը էսպես թողել են, չեն ավարտում: Էլ ի՞նչ իմաստ ունի…»: Տերերն էլ, ասացին, Ռուսաստանում են:
Հարևան տանը, ցանկապատից ներս, բակը խնամքով ավլող մի կնոջ տեսա:
— Բարի երեկո:
Նայեց իմ ուղղությամբ, ապա, առանց պատասխանելու, շարունակեց ավլել:
— Չե՞ք ուզում խոսել:
— Չէ, չեմ ուզում, տրամադրություն չկա:
Օրը մթնում էր: Գյուղամեջում մարդիկ դեռ կանգնած էին: Ոչ ոք չէր հեռանում:
Տեսեք նաեւ
Նոր տուն, որ կառուցեցին արցախցի տղամարդիկ
Մասիս քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի կիսավեր հին շենքից այժմ մնացել են միայն արտաքին պատերը, իսկ ներսի հատվածն ամբողջությամբ կերպարանափոխվել է։ Անի Գևորգյանի ֆոտոպատումն անդրադառնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանների կառուցմանը:
Read moreՄենախոսություններ. Արցախում մնացած տների մասին
«Ղարաբաղի բնակչությունը լքեց իր տունը, դարավոր ծառերն արմատներով պոկեցին հողից ու անհայտության գիրկը նետեցին», սեպտեմբերի 19-ի աղետի մասին այսպես է գրում ռուս լրագրող Յան Շենկմանը, որը Հայաստան է տեղափոխվել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, իսկ Արցախի բնակչության տեղահանությունից հետո որոշել է հավաքել արցախցիների մենախոսություններն իրենց կորսված տների մասին։
Read moreՄեր տանն ենք, բայց մեր տանը չենք
Բոլոր տեղահանված արցախցիների նման, խնամիներ երկու Գայանեների ընտանիքները նույնպես սեպտեմբերին են եկել Հայաստան, բոլորի նման գրանցվել և հայտնվել են Եղվարդում: Բոլոր տեղահանվածների պես նրանք էլ նույն սոցիալական դժվարություններին են առերեսվում, որոնք պարզաբանում է արցախցի լրագրող Մարութ Վանյանը։
Read more90-ականներ, 2000-ականներ… հիման և պատերա՞զմը…
Մինչ տեղի են ունենում պատերազմներ, պետք է հասկանանք՝ հայ գրականության մեջ 90-ականներից այս կողմ պատերազմներն ի՞նչ են արել գրականության հետ, ու ինչ ունենք, որպես, այսպես կոչված, «պատերազմական գրականություն»: Մարիամ Ալոյանը ներկայացնում է այդ կարճ հարցի երկար ձևակերպումը։
Read more
Ճիշտ շեշտադրումներով հոդված, ապրի հոդվածի հեղինակը ոսկեպարցու դարդն ու ցավը, մտահոգությունն ու կարծիքը տեղ հասնելու համար, մնում է որ այս ամենին աչալուրջ լինեն պատկան մարմինները։