
Հայաստանը, շարունակելով անվտանգության դիվանագիտացման քաղաքականությունը, նաև համակարգված կերպով անջատվել է Ռուսաստանից․ առաջին մոտեցումը պահանջել է շրջադարձ դեպի Եվրոպա և Միացյալ Նահանգներ, իսկ երկրորդը հանգեցրել է ռուս-ադրբեջանական առանցքի ամրապնդմանը։ Հայաստանի փետրվարյան անվտանգային պարունակը բնորոշվել է դիվանագիտության և միջազգային գործիքների ամրապնդմամբ՝ պայմանավորված ԵՄ քաղաքացիական առաքելության պաշտոնական մեկնարկով, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հնչեղ հաղթանակով, ինչն ավելի ամրապնդվեց մի շարք եվրոպական երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների խորացմամբ, Միացյալ Նահանգների առավել հաստատուն դիրքավորմամբ և Հայաստանի ժողովրդավարության խոսույթի բարելավմամբ։ Հայաստանի փետրվարյան անվտանգային պարունակը բնութագրվում է ոչ միայն աճող միջազգային աջակցությամբ, այլ նաև Հայաստանի ձգտումներով՝ օգտագործել բարեփոխվող և ժողովրդավար պետության այցեքարտը։ Այս առումով, անվտանգության դիվանագիտացումը լրացվեց ժողովրդավարության խոսույթի եռանդուն վերակենդանացմամբ, որը և՛ Եվրոպան և՛ Միացյալ Նահագները սատարեցին։ Սրա արդյունքը եղան Բաքվի դիվանագիտական ընկճումը և Մոսկվայի վրդովմունքն ու զայրույթը։ Մինչ Մոսկվան շարունակում էր քննադատել Երևանին, Բրյուսելին և Վաշինգտոնին, Ադրբեջանի պահվածքն ավելի չափավոր էր՝ ցուցաբերելով համեմատական զգոնություն Հայաստանի հանդեպ իր զրպարտություններում, միևնույն ժամանակ, ամբողջությամբ մերձենալով Ռուսաստանին՝ որպես տարածաշրջանային գործընկերոջ։ Այս պարունակում, քանի որ Արևմուտքը լրացրել է հայ-ռուսական հարաբերություններում Ռուսաստանի թողած բացը, Ադրբեջանը լրացնում է այդ հարաբերություններում Հայաստանի թողած փոքր պետության բացը։ Քանի որ այժմ Ռուսաստանն ու Ադրբեջանն աշխատում են Հայաստանի դեմ տարբեր մակարդակներում, վերջինս ոչ միայն պետք է վերակառուցի իր անվտանգային ճարտարապետությունն ի դեմս զսպման և ոզնու պաշտպանական հայեցակարգերի, այլ պետք է նաև մշակի համապարփակ դիմակայության ունակություններ։
Հայաստանի անվտանգային պարունակը
Փետրվարին Հայաստանն առավել հաստատուն կերպով շրջվեց դեպի Արևմուտք, որպես իր անվտանգության երկընտրանքի ժամանակավոր լուծում` պայմանավորված Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության տեղակայումով, որը ծառայում է որպես սահմանափակ զսպման գործիքակազմ՝ Ադրբեջանի ռազմականացված կեցվածքի դեմ։ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ձախողումը որպես զսպող ուժ՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի շարունակական հարձակումների դեմ, հանգեցրել է տարածաշրջանում անվտանգության ճարտարապետության ժամանակավոր փոփոխմանը։ Եվրոպական ներկայության հետ մեկտեղ գալիս է նաև լուռ, բայց նշանակալից Ամերիկյան ներկայությունը, չնայած այն դրսևորվում է դիվանագիտությամբ և անուղղակիորեն։ Սա, անկասկած, հանգեցրել է նրան, որ Բաքուն վերանայի իր տարբերակները և գործողությունները, որպեսզի կարողանա պահպանել ստիպողական դիվանագիտությունը՝ առանց Արևմուտքի հետ հարաբերություններում լուրջ հետևանքների։ Ադրբեջանի վարքագծի փոփոխությունը, այս պարունակում, ժամանակավորապես վերաձևակերպել է աշխարհաքաղաքական փոխհարաբերությունները, քանի որ այն այլևս չունի այն ազատությունը, որին սովորել էր վերջին երկու տարվա ընթացքում։ Այլևս չկարողանալով օգտագործել Հայաստանի հանդեպ ունեցած ուժային անհավասարությունը, Բաքուն պետք է խուսավարի հիբրիդային պատերազմի (ինչպես անում է Լաչինի միջանցքում), Ռուսաստանի հետ իր նոր մերձեցման և արևմտյան մտահոգությունները մեղմելու միջև։ Ռուսաստանի արձագանքը, մյուս կողմից, Հայաստանին ոչ բացահայտ սպառնալը, աճող արևմտյան ներկայությունը ջանասիրաբար քննադատելը և տարածաշրջանային փոխհարաբերությունները միջազգայնացնելուց խուսափելու համար Բաքվի հետ մերձենալն է դառնում։
Փետրվարին Հայաստանը ծավալել է ակտիվ դիվանագիտական գործունեություն ամբողջ Եվրոպայում, փորձելով վերաձևակերպել անվտանգության դիվանագիտացումը՝ ժողովրդավարությունը դարձնելով նոր, արժեքների վրա հենված բազմաբևեռ անկյունաքարը։ Գիտակցելով, որ 2022-ին Եվրոպան առաջնահերթությունից հանել է արժեքներով առաջնորդվող դիվանագիտությունը հօգուտ գործարքային տարածաշրջանային փոխհարաբերությունների, Հայաստանը փորձեց վերաձևակերպել Եվրոպայի ներգրավվածությունը տարածաշրջանում՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների տեսանկյունից։ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրի մեկնարկի ժամանակ ժողովրդավարությունը դարձել էր արտգործնախարար Միրզոյանի ելույթի առանցքը՝ վճռականորեն հայտարարելով, որ «ժողովրդավարությունը Հայաստանում այժմ անշրջելի է»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկնեց այս խոսույթը Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ՝ ասելով, որ ժողովրդավարության զարգացումը և ամրապնդումը Հայաստանի կառավարության համար ռազմավարական կարևորություն ունի։ Ակնհայտորեն թիրախավորելով արևմտյան քաղաքական վերնախավին՝ Փաշինյանն ընդլայնեց խոսույթը՝ ժողովրդավարությանը տարածաշրջանային կարևորություն վերագրելով՝ նշելով, որ Հայաստանի համար տարածաշրջանային խնդիրների լուծումը կայանում է ժողովրդավարության, թափանցիկության, երկխոսության և հարգանքի շուրջ։
Մինչ Հայաստանը ձգտում էր վերափոխել ժողովրդավարության իր տեսլականը, հավաքական Արևմուտքը, ներառյալ Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները, ինչպես ժողովրդավարացման խոսույթը այնպես էլ տարածաշրջանային անվտանգային փոխհարաբերությունները հակառուսական ոսպնյակի միջոցով էին ներկայացնում՝ Ռուսաստանին որակելով որպես տարածաշրջանային բոլոր խնդիրների հիմնական պատճառը։ Այս պարունակում, հիմնական խոսույթը մնում է մեկը. Ռուսաստանը ոչ միայն անկարող է լուծել կամ կառուցողական կերպով հասցեագրել տարածաշրջանի անվտանգային խնդիրները, այլև այն հանդես է գալիս որպես միայն իր շահերը սպասարկող խանգարող դերակատար, այսպիսով առաջացնելով Եվրոպայի և Միացյալ Նահանգների գործուն ներգրավվածության կարիքը՝ որպես կառուցողական հակամիջոց։ Հետաքրքրական է, որ մինչ Ադրբեջանը միանում է Ռուսաստանին՝ կտրականապես դեմ արտահայտվելով նման զարգացումների, Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Արևմտյան վերաձևակերպմանը։ Ռուսաստանը նույնիսկ մերժում է ՄԱԿ-ի մանդատի անհրաժեշտությունը հակամարտության պարունակում կամ ՄԱԿ խաղաղապահների տեղակայումը՝ ձգտելով հակամարտությունը պահել իր վերահսկողության տիրույթում։ Սա համընկնում է նաև Ադրբեջանի դիրքի հետ, քանի որ Բաքուն գտնում է, որ ՄԱԿ-ի միջամտությունը կթուլացնի իր տեղային վերահսկողության կարողականությունը։ Պաշտոնական Երևանը, ընդհակառակը, առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք խումբ ուղարկելու հարցը, այսպիսով ապավինելով կանոնների վրա հիմնված միջազգային կարգին՝ որպես զսպող միջոց Բաքվի ագրեսիայի և Մոսկվայի խոչընդոտող վարքագծի դեմ։ Սրա նախադրյալը դարձավ Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարանի հաստատուն որոշումը, որն ավելի միջազգայնացրեց խնդիրը, այն փոխադրելով միջազգային իրավական գործիքակազմի տիրույթ և հավանական դարձնելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ներգրավումը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բացահայտորեն նշել է ԱՄԴ-ի վճռի պարտադիր ուժ ունենալը, որը վերահաստատվել է Եվրոպական Միության և Միացյալ Նահագների կողմից նմանատիպ բացահայտ հայտարարություններով։ Ադրբեջանի փորձերը ԱՄԴ-ի վճռին տալ անհասկանալի մեկնաբանություններ՝ տապալվեցին, մինչդեռ նույնքան խոսուն էր Ռուսաստանի լռությունը:
Դիմակայություն
Երբ փոքր պետությունները, հատկապես եթե ունեն ժողովրդավարական հատկանիշներ, բախվում են զավթողական հարևանների հետ, զարգացնում են կարողություններ՝ ներառելով հասարակական և պետական բոլոր կառուցվածքները՝ համապարփակ և ինտեգրված կազմաձևում։ «Կառավարությունն ամբողջությամբ», և «հասարակությունն ամբողջությամբ» հարակարգը մեծացնում է փոքր պետությունների գոյատևելու հնարավորությունները և դիմակայությունը։
Անվտանգության գրականության մեջ սա հայտնի է որպես դիմակայություն։ Փոքր պետությունները, ինչպիսիք են Հյուսիսային Եվրոպայի կամ Մերձբալթյան երկրները, հիմնականում կիրառում են դիմակայության բարդ և բազմաշերտ ձևեր՝ մեղմացնելու ճգնաժամերի ազդեցությունը, պատրաստելու իրենց երկրները ցնցումներին դիմակայելուն և վերականգնվելուն։ Հայաստանի առջև ծառացած են ոչ միայն ավելի մեծ անվտանգային խնդիրներ, քան այս մյուս փոքր երկրների դեպքում է, այլ ավելին՝ այն ունի թերզարգացած կառույցներ և անկայուն ենթակառուցվածքներ։ Այս պարունակում Հայաստանի հասարակական և կառավարական մոտեցման ամբողջությունը պետք է հենվի դիմակայություն կառուցելու վրա։
Հետազոտությունների մի ստվար զանգված ցույց է տալիս որ դիմակայության անհրաժեշտությունը «հատկապես սուր է փխրուն պետությունների զարգացման համար, քանի որ այս պետությունները պետք է արձագանքեն սաստկացող ցնցումների մի քանի տիրույթում, առանց այն առավելության, որ ունեն զարգացած աշխարհի իրենց գործընկերները»։ Որևէ պետության դիմակայելու կամ ցնցումներն ընկալելու ունակությունը, լինի դա պատերազմ, թե բնական աղետ, կարևոր է նաև այդ երկրի, իր տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցունակության համար։ Հայաստանի կողմից դիմակայությունն ամրապնդելը և կառուցելը երկու նպատակ է հետապնդում. նվազեցնել խոցելիությունը և կառավարել կամ մեղմացնել ցնցումները (լինեն դրանք ներխուժումներ կամ հիբրիդային գործողություններ Ադրբեջանի կողմից, կամ Ռուսաստանի կողմից էներգետիկայի կամ դիվանագիտության որպես զենք օգագործելը)։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ «երկրի կառավարումը և քաղաքական կառույցները սնուցում են բոլոր այն հակումները, որոնք որոշիչ են, թե պետությունն ինչ արդյունավետությամբ» կարող է կլանել և դիմակայել ցնցումների։
Դիմակայությունը կարող է սահմանվել որպես «անկանխատեսելի և հաճախ փոխկապակցված վտանգների» դեպքում երկրի կարողությունը՝ համակարգի ընդհանուր կատարողականի ամրապնդման հենքով ցնցումներին և լարված իրավիճակներին հարմարվելուն, դիմակայելուն և արձագանքելուն: Գործնական բացահայտումները, սակայն, ցույց են տալիս, որ երեք «գերակա գործոններ» շատ կարևոր են երկրի դիմակայությունն ամրապնդելու համար. կաշառակերության վերահսկողություն, հասարակության վստահություն քաղաքական առաջնորդության բարձր որակավորում։ Այս ուսումնասիրությունները նշանակում են, որ ժողովրդավարացումը նաև ամրացնում է անվտանգությունը, քանի որ այն նաև ամրապնդում է դիմացկունությունն ու դիմակայությունը։ Հայեցակարգային առումով, ժողովրդավարական երկրները նրանք են, որ վերահսկում են կաշառակերությունը, վայելում են հասարակության վստահությունը և արտադրում են բարձր որակի քաղաքական առաջնորդություն։ Ժողովրդավարական կառավարումը և համախմբումը, այս պարունակում, Հայաստանի համար ոչ թե պարզապես գաղափարական նախընտրանք են, այլ նաև կարևոր անվտանգային վերջնարդյունք։ Որքանով ներկայիս կառավարությունը կկարողանա մեծացնել կառուցվածքային բարեփոխումները, ժողովրդավարական համախմբումը և կառավարման որակը, այնքան ավելի շատ այն կկարողանա ավելացնել Հայաստանի դիմակայության կարողությունները։ Այս պարունակում, որքան ավելի ուժեղ են տվյալ երկրի ժողովրդավարությունը և ժողովրդավարական կառույցները, այնքան ավելի կայուն է այդ երկրի դիմակայության ունակությունը։ Այս պատճառով է, օրինակ, որ Հյուսիսային Եվրոպայի երկրների դիմակայությունն այդքան ամուր է, կամ որ Ֆինլանդիան և Մերձբալթյան երկրներն առանձնանում են որպես ընդարձակ դիմակայություն ունեցող փոքր երկրների օրինակներ։
Կառավարման հինգ հատկանիշները շատ կարևոր են դիմակայություն կառուցելու համար. պետության կարողունակություններ, ընտրովի ապակենտրոնացում, համակարգային հիշողություն, քաղաքական ներառականություն և քաղաքացիական հասարակության ուժը։
Պետության կարողունակությունը վերաբերում է պետության և նրա կառույցների կարողությանը՝ ցնցումներին արձագանքել, տեղեկատվությունը համադրել, կառավարության գործողությունները համակարգել և կառուցողականորեն գործառական դարձնել այս գործողությունները: Ճգնաժամերին արձագանքելիս պետական հաստատությունները, որոնք ունեն բավարար միջոցներ, մասնագիտացված են և ունեն կոռուպցիայի ցածր մակարդակ, բավական արդյունավետ են լինում: Ահա թե ինչու ժողովրդավարական պետությունների կառույցները, ի տարբերություն ոչ ժողովրդավարական պետությունների, շատ ավելի արդյունավետ են դիմակայության ամրապնդման հարցում: Այս պարունակում, Հայաստանի նպատակը պետք է լինի ոչ միայն արդյունավետ և ժողովրդավարական կառավարումը, այլ իր կառույցների զարգացումը կամ բարեփոխումը, որը կբարձրացնի երկրի դիմակայության կարողությունները:
Նկատի ունենալով, որ Հայաստանի պետական համակարգը միշտ եղել է խիստ կենտրոնացված, իսկ Երևանում կենտրոնացված է չափից ավելի իշխանություն, ընտրովի ապակենտրոնացումը վճռորոշ նշանակություն ունի ողջ երկրում դիմակայության կարողությունների բարձրացման համար: Ընտրովի ապակենտրոնացումը թույլ է տալիս արդյունավետ արձագանքել ցնցումներին, քանի որ այն թույլ է տալիս տեղական պաշտոնյաներին հարմարվել և գործել ըստ տեղանքի: Տեղական պաշտոնյաները, ընդհանուր առմամբ, ավելի հստակ են գնահատում իրենց միջոցներն ու հնարավորությունները և ավելի լավ են հասկանում տեղական բնակչության կարիքները. որպես այդպիսին, թղթաբանական ապակենտրոնացումը թույլ է տալիս, որ «ճգնաժամային արձագանքը լինի տեղանքին համապատասխան և ավելի արագ»: Միևնույն ժամանակ, ապակենտրոնացման մասշտաբը պետք է չափավորել, քանի որ անարդյունավետ ապակենտրոնացումը կարող է խոչընդոտել պետության դիմակայությանը, ինչպես օրինակ՝ բարդացնելով համակարգումը կամ թույլ չտալով միջոցների արագ տեղաշարժը մի տեղից մյուսը: Հետևաբար, Հայաստանի համար հրամայական է զարգացնել առողջ համագործակցության համակարգ՝ կառավարման տեղական և կենտրոնական մակարդակների միջև, քանի որ դա կնպաստի ընտրովի ապակենտրոնացմանը և ճկունության բարձրացմանը: Իշխանության կառուցվածքային կենտրոնացման հայաստանյան ներկայիս վիճակը չի նպաստում տեղական մակարդակում կայուն դիմակայության կարողությունների զարգացմանը:
Պետությունները, որտեղ հաստատությունները ունակ են հիշողությունը վերարտադրելու և կառուցելու, զարգացնում են տեխնոկրատական դիմակայություն, երբ նախորդ ճգնաժամերից քաղված դասերը հնարավորություն են տալիս այս հաստատություններին ավելի լավ գործել նոր ճգնաժամերի և ցնցումների ժամանակ: Այս պարունակում, հիշողությունը վճռորոշ է արձագանքման ռազմավարությունների մշակման, հարմարվողականության, պատրաստվածության և գործառնականացման համար: Ինստիտուցիոնալ (համակարգային) հիշողության և դիմակայության համար որոշիչ գործոնների միջև փոխհարաբերությունները գնահատելիս ի հայտ են գալիս մի քանի հիմնական հարցեր: Ո՞րն է Հայաստանի պաշտպանության նախարարության տեխնոկրատ համակարգային հիշողությունը 2020-ի Արցախյան պատերազմից հետո։ Կարո՞ղ են արդյոք համակարգային հիշողությունը և քաղված դասերը լինել հետահայաց միջև 2016-ի քառօրյա պատերազմ: Ի՞նչ կապ կա 2016 և 2020 թվականների դասերից քաղված տեխնոկրատական դիմակայության և 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ներխուժման արդյունքների միջև: Ի՞նչ համակարգային հիշողություն են զարգացրել Հայաստանի տարբեր կառույցները՝ Ադրբեջանի կողմից տասը տարվա հիբրիդային պատերազմական գործողություններից հետո, և արդյոք եղե՞լ են նկատելի արձագանքման ռազմավարություններ, հարմարվողականություն, պատրաստվածություն կամ գործառնականացում:
Քաղաքական ներառականությունը և բևեռացման ցածր մակարդակը դիմակայության կարևոր որոշիչներ են, էլիտաների (ընտրանիների) համախմբվածությունը ցնցումների ժամանակ ուժեղացնում է հասարակության ճգնաժամին դիմակայելու հաստատակամությունը: Չհամախմբված (խմբակցականացված) ժողովրդավար երկրներում բևեռացման բարձր մակարդակները նպաստում են անկայունությանը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մասամբ համախմբված ժողովրդավարությունները 30 անգամ ավելի հավանական է, որ բախվեն ներքին ցնցումների, երբ կա ընտրանիների բևեռացում: Հայաստանում առկա քաղաքական մթնոլորտը խոչընդոտ է դիմակայության ամրապնդման համար, քանի որ երկրի ոչ ազատական ընդդիմությունը գործում է զրոյական գումարի (zero-sum logic) տրամաբանությամբ՝ այդպիսով ուժեղացնելով խմբակցականությունը և բևեռացումը՝ իր քաղաքական շահը պահպանելու համար: Իշխող կուսակցությունը, միևնույն ժամանակ, օգտագործում է խմբակցականացվածության տիրող մակարդակը ոչ ազատական ընդդիմությանը որոշումների կայացման գործընթացից բացառելու համար։ Մինչ ժողովրդավարական երկրներում ճգնաժամի և ցնցումների ժամանակ միասնությունը վերադասվում է բոլոր քաղաքական տարաձայնություններին կամ թշնամանքին, Հայաստանում ճգնաժամն ու ցնցումն ընտրանիների կողմից դիտվում է որպես քաղաքական պատեհապաշտության հնարավորություն։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի նման երկրները, որոնք նոր են դուրս եկել հակամարտությունից կամ շարունակում են ունենալ անվտանգային երկընտրանք, պետք է առաջնահերթություն տան ներառականության կամ «բավարար ներառական» որոշումների կայացմանը՝ խոցելիությունը մեղմելու համար:
Քաղաքացիական հասարակական կազմակերպությունները և, առհասարակ, քաղաքացիական հասարակության կենսունակությունը կարող է զգալի կերպով նպաստել պետության դիմակայությանը: Քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ կառավարության հետ համագործակցելով կամ սեփական նախաձեռնությամբ, մատուցում են ծառայություններ, որոնք լրացնում են հասարակության կարիքների բացերը և հասնում են հասարակության լուսանցքայնացված շերտերին: Այս պարունակում հասարակական կազմակերպությունները համեմատաբար պատրաստված են ցնցումների ժամանակ սոցիալական պաշտպանության առաջին գծում ծառայելուն: Ավելին, քաղաքացիական կազմակերպությունները և՛ տեղեկատվության, և՛ տեղեկատվության փոխանցման կարևոր աղբյուրներ են։ Ճգնաժամի և ցնցումների ժամանակ այդ կազմակերպությունները կարող են ուժեղացնել դիմակայությունը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար դիմակայություն խթանող գործառույթներ իրականացնելու համար, այնուամենայնիվ, կա մեկ կարևոր պայման. հասարակությունը և տեղական համայնքները պետք է զգալի վստահություն տածեն այդ կազմակերպությունների նկատմամբ: Բարեբախտաբար, Հայաստանի համար քաղաքացիական հասարակական կազմակերպությունները բնակչության շրջանում ունեն ինչպես օրինականության, այնպես էլ վստահության բարձր մակարդակ: Այս պարունակում, որքան ավելի կենսունակ և ուժեղ լինի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, այնքան այն կարող է դառնալ երկրի դիմակայության կարողությունների ամրապնդման անբաժանելի մաս։
Իր ամբողջության մեջ դիմակայությունը հստակ քաղաքականություն կամ կառավարության ծրագիր չէ, այլ մտածելակերպ է, գործողության տրամաբանություն, հարացույց, որը սահմանում է հասարակության ընկալումն ու մոտեցումը ճգնաժամերի և ցնցումների նկատմամբ։ Դիմակայությունը հավաքական սոցիալական մտածողություն է, սակայն այն գործառնական է ինչպես պետական հաստատությունների, այնպես էլ ոչ պետական դերակատարների համար, ինչպիսիք են քաղաքացիական հասարակությունը և մասնավոր հատվածը: Դիմակայությունը, որպես սկզբունք, ներառված է երկրի անվտանգային ճարտարապետության մեջ, ինչպես նաև սոցիալական և քաղաքացիական քաղաքականության մեջ: Այս առումով դիմակայությունը ներազդում է քաղաքականության մշակման վրա, ուժեղացնում է անվտանգային ռազմավարությունը, ամրապնդում է հասարակական համախմբվածությունն ու համագործակցությունը և համաձուլում է «կառավարությունը ամբողջությամբ» «հասարակությունը ամբողջությամբ» հարակարգերը: Որպես այդպիսին, ցնցման կամ ճգնաժամի պայմաններում «մենք բոլորս միասին ենք» տրամաբանությունը կլանում է ամբողջ երկիրը, և հասարակության այս ամբողջական մտածելակերպը ոչ միայն ձևավորում է պետական քաղաքականությունը, այլև քաղաքացիական վարքագիծ։ Դիմակայությունը, այս պարունակում, դառնում է ավելին, քան քաղաքականություն կամ սկզբունք, այն դառնում է ապրելակերպ:
Տեսեք նաեւ
Ռուս-ադրբեջանական աճող առանցքը և ինչու Հայաստանը պետք է որդեգրի «ոզնու» հայեցակարգ
Անվտանգության զեկույց. հունվար 2023
Հաշվի առնելով հունվարի անվտանգության պարունակը և առաջնորդվելով զսպում մերժման միջոցով ռազմավարությամբ, Հայաստանը պետք է մշակի «ոզնու» հայեցակարգը՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և ալիևյան վարչակարգի ապակայունացնող ծրագրերը։
Read moreԳոյաբանական անվտանգություն և Ադրբեջանի խաղաղատյացությունը
Անվտանգության զեկույց. դեկտեմբեր 2022
Դեկտեմբերյան անվտանգային պարունակը ցույց տվեց, որ ի հեճուկս բանակցություններին կամ հնարավոր խաղաղության պայմանագրի ընդհանուր ուրվագծերին, ալիևյան կառավարության հետ իրական և մնայուն խաղաղությունը շարունակելու է մնալ անիրատեսական։ Իրավիճակը հասկանալու համար այս ամսվա անվտանգության զեկույցը ներկայացնում է գոյաբանական անվտանգության հայեցակարգը։
Read moreԶսպում մերժման միջոցով և Ադրբեջանի ագրեսիվ պատեհապաշտությունը
Անվտանգության զեկույց. նոյեմբեր 2022
Նոյեմբերին Հայաստանի անվտանգային պարունակը բնորոշվեց Հայաստանի համար նկատելի անկմամբ, քանի որ Ադրբեջանն ուժեղացրեց և ընդլայնեց հիբրիդային պատերազմի գործողությունները՝ փորձելով չեզոքացնել զսպման ունակությունների դիվանագիտացմանը միտված Հայաստանի ջանքերը։
Read moreՀիբրիդային պատերազմ և անհամաչափ անհավասարություն
Անվտանգության զեկույց. հոկտեմբեր 2022
Հոկտեմբեր ամսվա անվտանգության համատեքստը կարելի է բնութագրել որպես Ադրբեջանի բազմաշերտ հիբրիդային պատերազմի հայեցակարգի դեմ Հայաստանի անվտանգության դիվանագիտացման հայեցակարգի կիրառման փոփոխվող կազմաձև:
Read moreԱնվտանգության դիվանագիտացում
Անվտանգության զեկույց. սեպտեմբեր 2022
EVN անվտանգության զեկույցի առաջին թողարկմանը դոկտոր Ներսես Կոպալյանն անդրադառնում և ամբողջացնում է Հայաստանի սեպտեմբերյան անվտանգային իրադրությունը՝ բնորոշելով այն անորոշ, քանի որ Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է միջպետական հակամարտության մեխանիզմների կիրառումը` նախաձեռնելով ինչպես լայնամասշտաբ ներխուժումներ, այնպես էլ աստիճանաբար դիմելով հիբրիդային պատերազմի, որի նպատակը հրադադարի ռեժիմի խախտումներն արդարացնելն է:
Read more