
Դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության անվտանգային իրավիճակը գրանցեց որոշակի կայունացում։ Արևմտյան գործընկերների հետ կայուն դիվանագիտական գործունեությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արձանագրված հաջողությունները, ինչպես նաև Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները՝ կապված Լաչինի շրջափակման հետ, ամրապնդեցին Հայաստանի անվտանգության դիվանագիտացման ընդհանուր կառուցվածքային հարաչափերը։ Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղում անվտանգային իրավիճակն էապես վատթարացավ։ Բաքուն, օգտվելով հիբրիդային պատերազմի տեսակավորման գործիքակազմից և հակամարտությունը տեղափոխելով Լաչինի միջանցք, շարունակում է իրեն վերապահել իրավիճակը սրելու առավելությունը և Ստեփանակերտի դեմ հավաքական պատիժ կիրառել։ Այս պարունակում, մինչ դեկտեմբերին նկատվում էր Հայաստանի դիվանագիտական կարողությունների հարաբերական ամրապնդում, ինչպես նաև միջազգային կառույցներում Արևմտյան գործընկերների հետ կարողությունների ակտիվ համակարգում, Լեռնային Ղարաբաղում նոր ճգնաժամ առաջացավ, որը միտված է ներքաշելու Հայաստանին և թակարդը գցելու։ Ռուսաստանի լռելյայն անտարբերությունը ստեղծված ճգնաժամի հանդեպ և անկարողությունը՝ խնդիրը լուծել իր խաղաղապահ զորախմբի միջոցով մատնանշում է մի նոր և չափազանց անկայուն իրավիճակ․ Լեռնային Ղարաբաղի անվտանգային ճարտարապետության հնարավոր փլուզումը, որի համար Ռուսաստանը պատասխանատվություն էր ստանձնել։ Քանի որ Ռուսաստանի վարկանիշը որպես տարածաշրջանային գերակա ուժ շարունակում է անկում ապրել, Ադրբեջանը վերադիրքավորվում է ավելի շատ հակամարտություններ հրահրելու՝ հիմնականում հիբրիդային գործիքների, ինչպես նաև միջպետական ռազմականացված վեճերի միջոցով։ Դեկտեմբերյան անվտանգային պարունակը ցույց տվեց, որ ի հեճուկս բանակցություններին կամ հնարավոր խաղաղության պայմանագրի ընդհանուր ուրվագծերին, ալիևյան կառավարության հետ իրական և մնայուն խաղաղությունը շարունակելու է մնալ անիրատեսական։ Իրավիճակը հասկանալու համար այս ամսվա անվտանգության զեկույցը ներկայացնում է գոյաբանական անվտանգության հայեցակարգը։
Հայաստանի անվտանգության պարունակը
Դեկտեմբերին Ադրբեջանն ուշադրությունը կրկին սևեռեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ փորձելով օգտագործել իր միջազգային քաղաքական կարողությունները Լաչինի միջանցքում ճգնաժամ ստեղծելու համար, այսպիսով Ստեփանակերտին դնելով անելանելի իրադրության մեջ, ինչպես նաև ձգտելով Հայաստանից ստանալ ագրեսիվ արձագանք։ Հակամարտության հիբրիդացումը, այս պարունակում, մտել է նոր փուլ, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղում հնարավոր մարդասիրական ճգնաժամ ստեղծել, և այսպիսով Երևանին դրդել գործողությունների՝ չնայած ուժային անհամաչափությանը։ Երևանի հավասարակշռված պատասխանը և աճող դիվանագիտական կարողությունները ձախողել են Ադրբեջանի նպատակները՝ թուլացնելով դրա միջազգային քաղաքական կշիռը։ Ընդհանուր առմամբ, մինչ Բաքուն, Ռուսաստանի լռելյայն համաձայնությամբ, սրում էր իր վարած հիբրիդային պատերազմը, Երևանը ներդրված էր ապահիբրիդացման մեջ՝ աշխատելով Արևմտյան գործընկերների հետ և օգտագործելով իր գործիքակազմի միջազգային իրավական գործիքները։ Այսպիսով, դեկտեմբերի անվտանգային պարունակը կարող է սահմանվել մեկ բացատրական գործոնով․ երբ Հայաստանը սկսեց կիրառել իր նորահայտ զսպում մերժման միջոցով ռազմավարությունը, Բաքուն իր ռազմավարական նպատակները համապատասխանեցրեց Մոսկվայի հետ՝ խաթարելու Երևանի հաջողությունն անվտանգության դիվանագիտացման գործում:
Այս պարունակում, չնայած Բաքվի և Մոսկվայի նպատակները տարբեր են, դրանց ռազմավարական մոտեցումը նույնն է․ այս երկու երկրները համագործակցում են՝ թուլացնելու Երևանի աճող դիվանագիտական գործիքակազմը։ Դրդապատճառները, սակայն, տարբեր են։ Բաքվի մտահոգությունն իր խավիարային դիվանագիտության տապալումն է, և Հայաստանի աճող միջազգային քաղաքական կարողությունը, որը խաթարում է Ադրբեջանի՝ ստիպողական դիվանագիտության ռազմավարության հնարավորությունները։ Ռուսաստանի մտահոգությունը, մյուս կողմից, Հայաստանի ձգտումն է դուրս գալ այն կախվածությունից, որը Մոսկվան կառուցել է վերջին երեք տասնամյակի ընթացքում։ Այն է, Ռուսաստանը փորձում է ամոքել իր ազդեցության նվազումը Հայաստանում՝ Հայաստանի անվտանգային իրավիճակը վատթարացնելով, այսպիսով ստիպելով Երևանին ետ վերադառնալ կախվածության կառույց, որը Հայաստանին դարձնում է Ռուսաստանի արբանյակը։ Լաչինի միջանցքի զարգացումները և Եվրոպական միության դիտորդական առաքելության երկարաձգումը դրա գործնական ապացույցներն են։ Լաչինի միջանցքի պարագայում Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները զարմանալիորեն համահունչ են, իսկ Եվրոպական միության դիտորդական առաքելությանը Բաքուն և Մոսկվան արձագանքեցին նույն խոսույթով։
Լաչինի միջանցք
Դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ` ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, պետական լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ փակեցին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ Շուշի-Քարին տակ հատվածում, այսպիսով նախաձեռնելով Լեռնային Ղարաբաղից Հայաստան ելքը շրջափակելու առաջին փուլը։ Ռուս խաղաղապահները բանակցություններ նախաձեռնեցին և մի քանի ժամ անց ճանապարհը ապաշրջափակվեց։ Նույն կերպ, դեկտեմբերի 10-ին, ադրբեջանցի «ակտիվիստները»՝ ունենալով ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության պայմանական հաստատումը, փորձ կատարեցին մտնել և ստուգել Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի և Դրմբոնի հանքավայրերը։ Միաժամանակ, Ալիևի կառավարությունը համաժամանակեցրեց իր գործողություններն այսպես կոչված ցուցարարների հետ՝ դեկտեմբերի 11-ին ռուսներին ներկայացնելով բողոքի նոտա՝ արցախահայերի կողմից «բնական պաշարների անօրինական շահագործման և թալանի» վերաբերյալ։ Հաջորդ օրը, դեկտեմբերի 12-ին, իրականացվեց Լաչինի միջանցքի շրջափակումը, երբ մի քանի տասնյակ այսպես կոչված բնապահպան ակտիվիստներ վրաններ տեղադրեցին՝ խաթարելով ամբողջական երթևեկությունը։ Ռուսաստանի համր արձագանքը, վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի միջև հրատապ հեռախոսազրույցից հետո անգամ, հակադրվեց Միացյալ Նահանգների և Եվրոպական միության, Ֆրանսիայի, Կանադայի, ՆԱՏՕ-ի, Հունաստանի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի և Վատիկանի կողմից անմիջական դատապարտմանը և ապաշրջափակման պահանջին։ Նույն կերպ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի դեմ հերթապահ հայտարարություններ արեցին նաև Նորվեգիան, Իռլանդիան, Հնդկաստանը և Միացյալ Թագավորությունը։
Ռուսաստանը, մյուս կողմից, ոչ միայն ձեռնպահ է մնացել իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելուց, այլև գրավել է այնպիսի դիրք, որը համընկնում է Ադրբեջանի դիրքորոշման հետ։ Այն է, Ռուսաստանն ընդունում է «բնապահպանների» արհեստածին դժգոհությունները և բանակցությունների հարթակ ստեղծելով հետամուտ է լինում այդ «դժգոհությունների» օրինականացմանը։ Ավելի հստակ, Ադրբեջանից այսպես կոչված ցուցարարներին հեռացնել պահանջելու փոխարեն, Ռուսատանը հովանավորում է դրա շարունակելիությունը, ինչպես նշված է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պարզաբանման մեջ. «Մենք անհանգստացած են Լաչինի միջանցքի շրջափակումով, որն առաջացել է կողմերի միջև հանքերի շահագործման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով»։ Այս համատեքստում, Ռուսաստանը վերարտադրում է խնդրի շուրջ Բաքվի «բնապահպանական» խոսույթը՝ միաժամանակ հավասարության նշան դնելով կողմերի մեջ՝ 120․000 մարդու շրջափակումը որակելով որպես «կողմերի միջև տարաձայնություն»: ՀԱՊԿ-ի հայտարարությունը, թե անվտանգային կազմակերպությունը ո՛չ պարտավորություններ, ո՛չ էլ պարտականություններ ունի Հայաստանի հանդեպ, երբ խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքին, լրացրել է Ռուսաստանի դիրքավորումը։ Ռուսաստանի անտարբերության մարտավարությունն ամբողջությամբ կառուցված է Բաքվին հակամարտությունը հիբրիդացնելու հնարավորություն տալու վրա։
Տեսեք նաեւ
Անվտանգության զեկույց. նոյեմբեր 2022
Նոյեմբերին Հայաստանի անվտանգային պարունակը բնորոշվեց Հայաստանի համար նկատելի անկմամբ, քանի որ Ադրբեջանն ուժեղացրեց և ընդլայնեց հիբրիդային պատերազմի գործողությունները՝ փորձելով չեզոքացնել զսպման ունակությունների դիվանագիտացմանը միտված Հայաստանի ջանքերը։
Read moreԱնվտանգության զեկույց. հոկտեմբեր 2022
Հոկտեմբեր ամսվա անվտանգության համատեքստը կարելի է բնութագրել որպես Ադրբեջանի բազմաշերտ հիբրիդային պատերազմի հայեցակարգի դեմ Հայաստանի անվտանգության դիվանագիտացման հայեցակարգի կիրառման փոփոխվող կազմաձև:
Read moreԱնվտանգության զեկույց. սեպտեմբեր 2022
EVN անվտանգության զեկույցի առաջին թողարկմանը դոկտոր Ներսես Կոպալյանն անդրադառնում և ամբողջացնում է Հայաստանի սեպտեմբերյան անվտանգային իրադրությունը՝ բնորոշելով այն անորոշ, քանի որ Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է միջպետական հակամարտության մեխանիզմների կիրառումը` նախաձեռնելով ինչպես լայնամասշտաբ ներխուժումներ, այնպես էլ աստիճանաբար դիմելով հիբրիդային պատերազմի, որի նպատակը հրադադարի ռեժիմի խախտումներն արդարացնելն է:
Read moreԵՄ դիտորդական առաքելություն և անհամաչափ ագրեսիվ սակարկություն
Դեկտեմբերի 6-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հայտարարեց Եվրոպական ավելի լայն համաձայության մասին առ այն, որ ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է շարունակի իր գործունեությունը Հայաստանում դեկտեմբերի 19-ին մանդատի ավարտից հետո ևս։ Հայաստանից զգալի աջակցություն ունենալով, ԵՄ-ն ակնարկեց, թե պատրաստ է շարունակել դիտորդական առաքելությունը, դրան հաջորդեց Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզի այցը Հայաստան, որն առավել հստակեցրեց Եվրոպական միության միտումները: Այսպիսով, դեկտեմբերի 19-ին Եվրախորհուրդը հայտարարեց, որ «Հայաստանի իշխանությունների հետ համաձայնությամբ» ԵՄ դիտորդական առաքելությունը կերկարաձգի Հայաստանում գտնվելու ժամկետը՝ երկարաժամկետ դիտորդական առաքելություն ծրագրելու նպատակով։
Բաքուն փորձեց կանխարգելել նման զարգացումները, մինչդեռ Մոսկվան շարունակեց խիստ քննադատաբար վերաբերվել Արևմուտքի դիվանագիտական աջակցությանը Հայաստանին: Միասնաբար, և՛ Մոսկվան, և՛ Բաքուն ծայրահեղ դժգոհություն հայտնեցին Հայաստանում եվրոպական ներկայության վերաբերյալ, մինչդեռ Երևանն ու Բրյուսելը, Միացյալ Նահանգների օրհնությամբ, շարունակեցին ուժեղացնել եվրոպական դիտորդական առաքելության ներկայությունը: Ադրբեջանը «Հայաստանում այսպես կոչված «կարիքների գնահատման առաքելությունը» որակեց որպես ԵԱՀԿ մանդատի «բացահայտ խախտում»։ Նույն ժամանակ Մոսկվան հայտարարեց. «Մենք տեղյակ ենք Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ցանկացած միջոցներով ներթափանցելու Բրյուսելի ցանկության մասին, որի նպատակն է տեղում ներկայություն ունենալ և, ի վերջո, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել»։
Քանի դեռ Մոսկվան և Բաքուն զբաղված են շահերի փոխադարձ ճշգրտմամբ, Երևանն արձագանքեց՝ ուժեղացնելով իր կողմնորոշումը դեպի Արևմուտք և մեկնարկելով անհամաչափ ագրեսիվ սակարկային երկխոսություն Ռուսաստանի հետ: Դեկտեմբերի 22-ին վարչապետ Փաշինյանը մեղադրեց ռուս խաղաղապահներին իրենց պարտավորությունները չկատարելու և Ադրբեջանին եռակողմ հայտարարության պայմանները խախտելու թույլտվություն տալու մեջ։ Մոսկվան վրդովվեց Երևանի կեցվածքից, սակայն վարչապետ Փաշինյանը կրկնապատկեց քննադատությունը Սանկտ Պետերբուրգում նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ և այնուհետև կառավարության նիստում կրկնելով, որ եթե Մոսկվան չկարողանա կատարել իր պարտականությունները, ապա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմազգ խաղաղապահ առաքելությունն անհրաժեշտություն կլինի: Փաշինյանը նաև Ռուսաստանին մեղադրեց Լեռնային Ղարաբաղի հայաթափման «լուռ վկա» լինելու մեջ։ Միաժամանակ, Հայաստանը հրաժարվեց մասնակցել Ռուսաստանի կողմից հովանավորվող Ադրբեջանի հետ եռակողմ հանդիպմանը Մոսկվայում, որը, ըստ երևույթին, զայրացրել է Կրեմլին: Հայաստանի անհամաչափ ագրեսիվ սակարակային մոտեցումն այս պարունակում ձգտում է հասնել երեք նպատակի. ստիպել Ռուսաստանին հանդես գալ որպես դաշնակցի կամ ընդունել, որ հարաբերությունները դաշնակցային չեն, պախարակել Ռուսաստանին, որ կատարի իր անվտանգային պարտավորությունները, լռելյայն վարկաբեկել Ռուսաստանի գլխավորած բանակցային հարթակները՝ հաշվի առնելով Մոսկվայի համախոհությունը Բաքվի հետ: Այս մոտեցումն ավելի ամրապնդեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հրապարակավ մեղադրեց Ռուսաստանին՝ Ադրբեջանի կողքին մնալու և Հայաստանի հանդեպ իր անվտանգային պարտավորությունները չկատարելու մեջ՝ Հայաստանի անվտանգության վիճակն էլ ավելի թուլացնելու և Երևանին Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական պետության կազմ մտնել ստիպելու համար։ Մինչ Մոսկվան ձևացնում էր, թե վրդովված է մեղադրանքի առնչությամբ, Հայաստանն իր տեսակետը հստակ մատակարարեց Մոսկվային։ Ըստ էության, անհամաչափ ագրեսիվ սակարկությամբ Հայաստանը պատասխանատվություն է դնում Մոսկվայի վրա. եթե դու չես անելու քո աշխատանքը որպես գործընկեր, ապա Հայաստանն այլ ելք չունի, քան այլ գործընկերներ փնտրելը:
Գոյաբանական անվտանգություն և Ադրբեջանի խաղաղատյացությունը
Ռուսաստանի պահվածքն իր դաշնակիցների կամ տարածաշրջանային գործընկերների նկատմամբ գաղտնիք չէ. այն խիստ գործարքային է և հիմնված է ռուսական շահերի միակողմանի առաջմղման վրա։ Պարզ ասած՝ Ռուսաստանն իր ազդեցության դաշտում գտնվողներից ակնկալում է ստորադասություն և օգտագործում է սառեցված հակամարտությունները՝ վերահսկելու իր ազդեցության տիրույթում գտնվող պետությունների կեցվածքն ու վարքագիծը: Այս պարունակում հասկանալի է, թե ինչու Ռուսաստանի ռազմավարական շահերից չի բխում խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում. փոքր պետությունների միջև հակամարտությունների սառեցումն ու ապասառեցումը թույլ է տալիս Ռուսաստանին հանդես գալ որպես իրավարար և ներգործող, մինչդեռ խաղաղությունը վերացնում է այս կարևոր ուժի և ազդեցության լծակը։ Հայաստանը դա հասկանում է, և իր հյուսիսային հարևանից ավելին սպասել չի կարող։
Բայց ինչո՞վ է բացատրվում Ադրբեջանի խաղաղատյացությունը։ Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի վերջնագրերի և անհիմն պահանջների լեզվով դրսևորվող վարքագիծը: Ինչո՞վ է բացատրվում այն փաստը, որ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում ոչ թե խաղաղությունն է Հայաստանի հետ, այլ թշնամանքի մշտական սնուցումն ի նպաստ պատերազմի և հակամարտությունների: Պատասխանը բավականին բարդ է, բայց հիմնավորված է գիտության կողմից. գոյաբանական անվտանգություն [1]:
Պետությունները, որպես անվտանգություն հետապնդող միավորներ, ձգտում են ապահովել ֆիզիկական անվտանգություն՝ պաշտպանել իրենց տարածքը, կառավարման և սոցիալական համակարգերը նրանցից, ովքեր կարող են էական վնաս պատճառել: Այնուամենայնիվ, կան պետություններ, որոնց վտանգ չի սպառնում, կամ պետություններ, որոնք ուժային հնարավորություններով գերազանցում են իրենց հարևաններին, բայց որոնք դեռ շարունակում են ագրեսիվ վարքագիծ դրսևորել: Նման պետությունները չունեն ֆիզիկական անվտանգության երկընտրանք, այլ, գոյաբանական անվտանգության խնդիր են լուծում [2]: Գոյաբանական անվտանգությունը պետության՝ իր ինքնությունը կայացնելու և պահպանելու կարիքն է, որպեսզի ձևավորի կարողականության զգացում [3]: Ավելի պարզ ասած, պետությունները պետք է ապահով զգան իրենց ինքնության մեջ, որպեսզի կարողանան ստեղծել իրենց նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կարողականություն:
Ադրբեջանի նման պետությունը, որտեղ ինքնության կառուցումը կցկտուր է, վերաքննչական և հիմնված հակամարտությունների վրա, կարողականություն ստեղծելու համար պետք է մշտապես ներգրավվի կամ նախաձեռնի հակամարտություն: Որպես այդպիսին, հակամարտության հակված լինելը ներհատուկ է դառնում հենց այն ինքնությանը, որը նա ձգտում է կառուցել: Ինչպես Լեյմանն է ձևակերպում՝ ինքնության ճգնաժամից տառապող պետությունները հակված են «կցվելու հակամարտությանը», և նրանք «իրականում նախընտրում են իրենց շարունակական» հակամարտող վիճակը: Այսպիսով, պետությունները, որոնք տառապում են ինքնությամբ պայմանավորված գոյաբանական անվտանգության խնդիրներից, հակված են կախվածություն ձեռք բերել հակամարտությունների որոշ տեսակներից՝ ընկալելով հակամարտությունը որպես իրենց պետական ինքնության մաս։ Ադրբեջանի պետական ինքնությունը կառուցված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հակահայկականության ձևաչափերի վրա: Առանց այս երկու գործոնների Ադրբեջանում խորանում է ինքնության ճգնաժամը և ուժգնանում գոյաբանական անվտանգության ճգնաժամը, Ադրբեջանը կորցնում է կարողականությունը: Այսպիսով, այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «չլուծվող հակամարտությունները» կամ «հարատևող դիմակայությունները», դառնում են անկյունաքարային պետական նախապավություններ, քանի որ Ադրբեջանի՝ որպես պետություն ինքնընկալումը կախված է «հակամարտությունների հարատևումից»:
Ավելին, երբ «հակամարտությունը հարատևելով սկսում է բավարարել ինքնության կարիքները, հակամարտությունից ազատվելը կարող է գոյաբանական անապահովություն առաջացնել»[4]։ Հենց սա է պատճառը, որ Ալիևի կառավարությունը հակադրված է խաղաղությանը. այն անհամատեղելի է այն ինքնության հետ, որը ստեղծվել է Ադրբեջանի համար, և ինքնության կառուցվածքային նման խախտումը միայն կավելացնի Ադրբեջանի գոյաբանական անապահովությունը:
Քանի որ հետազոտությունները ցույց են տալիս, որ գոյաբանորեն անապահով պետությունները, ինչպիսին է Ադրբեջանը, ունեն «հակամարտությունների հարատևման» նախապատվություն, կարևոր է հասկանալ, որ խաղաղատյացությունն առանցքային է Ադրբեջանի ինքնության պահպանման համար: Այս ըմբռնումից ելնելով, շատ ավելի պարզ է դառնում, թե ինչու Ադրբեջանը չի կարող շահագրգռված լինել Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու կամ բարեխիղճ բանակցությունների մեջ մտնելու կամ փոխզիջման գնալու հարցում: Այս պարունակում պետությունները, որոնք գոյաբանական անվտանգության խնդիր են լուծում՝ դրսևորում են երկու հատկանիշ. 1) խաղաղությունը համադրելի չէ իր հակամարտություններին հակված ինքնության հետ, 2) խաղաղությունն իրականում գոյաբանական անապահովության պատճառ է:
Այս լույսի ներքո Հայաստանը (և նրանք, ովքեր մասնակցում են բանակցային գործընթացին) պետք է հասկանան երեք կարևոր ձևակերպում. 1) Ադրբեջանի հետ խաղաղության հասնել հնարավոր չէ, քանի դեռ Բաքուն տառապում է գոյաբանական անապահովությունից, 2) նույնիսկ եթե ինչ-որ կերպ խաղաղության համաձայնություն ձեռք բերվի (հիմնականում արտաքին ճնշման պատճառով), Ադրբեջանը կշարունակի իր հիբրիդային պատերազմի հայեցակարգը, քանի որ Ադրբեջանին հարկավոր է ինչ-որ ձևաչափով հակամարտության մեջ ներգրավված մնալ, և 3) Հայաստանի հետ Ադրբեջանի հակամարտությունը ո՛չ տարածքային է, ո՛չ ֆիզիկական, այլ ավելի շուտ գոյաբանական, և որպես այդպիսին, տարածքային պահանջները կոչված են թաքցնելու Բաքվի գոյաբանական անապահովությունը: Այդ նպատակով Ադրբեջանը տառապում է շրջված անվտանգության երկընտրանքից. նա պետք է վտանգի ենթարկի ֆիզիկական ապահովությունը (պատերազմ և հակամարտություն)՝ գոյաբանական անվտանգության (պետական ինքնություն) հասնելու համար:
Այս համակցության ըմբռնումը հիմնարար նշանակություն ունի բանակցությունների պայմանների և այն հարաչափերի վերասահմանման համար, որոնց միջոցով Հայաստանը և միջազգային հանրությունը հարաբերվում են Ադրբեջանի հետ: Ադրբեջանի ծայրահեղական հռետորաբանությունը, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ հավակնությունները, կամ տեղանունների վերաբերյալ Ադրբեջանի անհասկանալի պատմական պնդումները, միայն ներքին լսարանի համար նախատեսված չեն: Հավասարապես վերոնշյալները ինքնահաստատվելու, ինքնության կառուցման և գոյաբանական անվտանգություն հաստատելու հուսահատ փորձեր են: Ըստ էության, գոյաբանորեն անապահով պետությունները հակված են բուլլի լինելու, քանի որ բուլլինգը ավելի թույլ դերակատարի նկատմամբ թերարժեքության արտահայտություն է։ Ավելին, գոյաբանական անվտանգության փնտրտուքն Ադրբեջանին տանում է դեպի այնպիսի ինքնություն կառուցելու, որը հիմնված է մեկ ուրիշի, այսինքն՝ Հայաստանի ինքնությունը ժխտելու վրա: Այս պարունակում հայկականությունն ընկալվում է որպես ադրբեջանական ինքնության սպառնալիք, և այս կազմաձևի շրջանակներում, պարզ է դառնում, որ տարածքների կամ սահմանների շուրջ բանակցությունները խաղաղության չեն հանգեցնի: Մասնավորապես, Ադրբեջանի համար դրանք ոչ թե խաղաղության հասնելու բանակցություններ են, այլ գոյաբանական անվտանգության «գործընթացային» վարժանքներ։ Որպես այդպիսին, Բաքուն «ձևական հետաքրքրվածություն» է ցուցաբերում՝ ընդունելով Ռուսաստանի, Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների առաջարկած բանակցային հարթակները, սակայն իրականում գործընթացին մասնակցում է «խոչընդոտող դիմադրության» գործառույթով [5]։ Այդ նպատակով, Ադրբեջանի հետ «խաղաղության» երկխոսության կամ բանակցությունների ժամանակ, ամենահիմնական հարցը, որ պետք է տալ, ոչ թե պայմաններն են, այլ ավելի շուտ՝ ի՞նչ է հասկանում Բաքուն՝ ասելով «խաղաղություն»:
Հղումներ․