EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Արվեստ և մշակույթ
Հնվ 29, 2024

Պեղումներ․ Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր

Վահրամ Մարտիրոսյան


Your browser does not support the
audio element.

Սասունցի ծռերի խենթությունները մեկնաբանող ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում դիցաբանության և իրականության կապն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

Մըգա հըմլա մարդ կեղնի՜ աշխար
«Սասնա ծռեր» (Մի՞թե կարող է այսպիսի մարդ լինել աշխարհում)

Պատմության վաղ շրջաններում ժողովրդի քաղաքական կենսագրությունը, արժեքային համակարգն արտացոլվում են հեքիաթներում, առածներում, ասացվածքներում, ինչպես նաև՝ էպոսում, եթե նա էպոս ունի։ Բայց անցնում է ժամանակ, և հարց է ծագում… իսկ արդյո՞ք ժողովուրդն այժմ համապատասխանում է իր էպոսին։ Բնորո՞շ է, դիցուք, «Սասնա ծռերի» հերոսների վարքն այսօրվա հայությանը, որքանո՞վ ենք մենք՝ հայերս,

«ծռեր»՝ միամիտ խենթեր 

Պատասխանելու համար, պետք է վերհիշել, թե ինչ խենթություններ էին անում սասունցի ծռերը։ 

Դավիթն իր պատանեկությունն անցկացնում է որս անելով։ Այնքան եռանդուն, որ Սասունում որս չի մնում, բացի՝ Ծովասարից։ Ծո՜վ-ա-սա՜ր՝ ի՜նչ օքսյումորոն է, այսինքն՝ հակառակ հասկացությունների համադրում։ Ծովասարի լեռնաբազուկի ամենաբարձր կատարն է, որի մերձակայքում ծով չկա, միայն մի լճակ կա։ Միգուցե ծով բարիքների պատճառո՞վ է այսպես կոչվել, քանի որ այդ պահին Մսրա Մելիքը՝ Եգիպտոսի տիրակալը այն արգելոց է դարձրել… պարզ չէ։ 

Թևաթորոսը՝ էպոսի հերոսների մի քանի սերնդի քեռին, Դավթին վախեցնում է, թե Ծովասարում կոտոշավոր միջատ կա, որը կուլ է տալիս մարդկանց, այն էլ՝ հեռվից։ Հակառակ արդյունքի է հասնում՝ Դավիթն իսկույն ճամփա է ընկնում Ծովասար… Տեսնում է մի գոմեշի՝ մաճկալի կողքին։ Կենդանին կոտոշավոր է՝ անմիջապես նետահարում է։ Իսկական ծուռ, էլի։ Մաճկալը ողբում է, որ զրկվեց լծկանից, ցույց է տալիս դաշտում գութան քաշող ուրիշ գոմեշների։ Դավիթը հասկանում է, որ սխալվել է, կարեկցում է կենդանիներին. 

Իդա շոքին լեզուներ թալած դուս,
Հըբա մեխկ չի՞ն, խեղճ չի՞ն էդոնք։

Նա արձակել է տալիս յոթ զույգ գոմեշին, ինքն է լծվում-անում օրվա հերկը։ 

Հետո գնում-գտնում է Ծովասարի դրախտը… ու բաց է թողնում բոլոր գազաններին՝ որսը պետք է փախչելու տեղ ունենա։ Քանդում է ջրավազանը։ Դա էլ, երևի՝ ձկների՞ն ազատություն տալու համար։ Ծուռ, էլի՜։ 

Դավթի խենթությունը… կամ միամտությունը մանկուց է ի հայտ եկել՝ նա սենյակի հատակին թռչկոտում է, որպեսզի արևի շողը բռնի, իսկ տնից դուրս էլ՝

…նըստած էնտեղ, հող կը չափեր իր քոլոզով.
Կասեր.— Էսա՛ մե՜կ…
Քանի չափեր, կ’ասեր.— «Էսա՛ մե՛կ…»,
Էլ չէր կարնա ասի «էրկո՛ւ»։ 

Սա կարծես ծռություն կամ միամտություն էլ չէ, այլ՝ ուշ զարգացում է։ Եթե ենթադրությունը ճիշտ է, այս առումով ավելի քիչ է բերել Սասնա տան հիմնադիր Սանասար-Բաղդասար երկվորյակներից Բաղդասարի բախտը։ Նրանց մայրը հարկադրված էր Քաջանց թագավորի որդու հետ ամուսնանալ, բայց ապրում էր մեկուսի։ Մի օր աղախինների հետ «բոխչեն առած» գնում է «ծովի պռունկ», որ «ուրախութեն» անեն, բայց ծովն իսկական ծով է՝ աղի, Ծովինարը ձիու սմբակի տեղում կուտակված ջուրն է խմում։ Հղիանում է, եղբայրները ծնվում են բուռ ու կես ջրից։ Մայրը Բաղդասարին Ծուռ է անվանում, քանի որ Սանասարը մի բուռ, իսկ նա կես բուռ ջրից է ծնվել։ Իսկ ինչպե՞ս էր դրսևորվում Բաղդասարի «ծռությունը»՝ «չում իրիկուն կերթեր, ճան կը խաղեր»։ Ծովինարը ձիու սմբակի տեղում կուտակված ջրով է ծարավը հագեցնում։

Ճանը հնագույն խաղ է, որ տարածված էր Հին Եգիպտոսում, Հռոմում, Հայաստանում, Կենտրոնական Ասիայում, իսկ այսօր էլ… առաջնություններ են անցկացվում Մոնղոլիայում ու Բուրյաթիայում։ Խաղում են ոչխարի կամ այծի նախակճղակի հոդային ոսկորներով։

Բաղդասարը երևի լավ էր խաղում, եթե այդքան հրապուրված է եղել, քանի որ այս դյուցազնի բախտը սիրո հարցում չէր բերում՝ ըստ այն արտահայտության, թե՝ սեր չունես, խաղի սեր ունես։ Գեղեցկուհի Սուռաթ խաթունը, որ երազում տեսել է Սանասարի՛ն և «շատ սիրու տեր էլել վեր ինոր», իր նկարն է ուղարկում նրան։ Էպոսագիտության մեջ «սվայամվարա» է կոչվում երևույթը, երբ աղջիկն է փեսացու ընտրում բոլոր թեկնածուներից («սվայամ»՝ ես, «վարա»՝ փեսա է նշանակում սանսկրիտով). անունը ծագում է հնդկական առասպելական արքայադստեր պատմությունից։ Բայց նկարը Սանասարի փոխարեն սխալմամբ եղբոր երդիկից են ներս գցում։ Եվ Բաղդասարի հետ մի անհասկանալի բան է կատարվում։ Նրա

…խելքն գնաց, արուն էլ քթից փռթավ, էկավ։ 

Սա, հավանաբար, այն երևույթն է, որ գիտությունը հետագայում կկոչի Ստենդալի համախտանիշ։ Ինչպես Բաղդասարը՝ Սուռաթ խաթունի գեղեցկությունից, ֆրանսիացի դասական գրող Ստենդալը (Stendhal, 1783-1842) Ֆլորենցիայում, իտալական կերպարվեստի կատարելությունից է նվաղել, ինչը առիթ է դարձել, որ նրա անվամբ համախտանիշ կոչեն… 1982-ին։ 

Սանասարը եղբորն ուշքի է բերում, բայց նախապես իր ծոցում տեղավորելով Խանդութի «պատկերքը»։ 

Պաղտասարն էլ չխարցուց էն պատկերք,
Վազեց, գնաց ճան խաղալու։
Ծուռ, էլի՝ էդ «պատկերքը» մոռանալի՞ք բան էր։ 

Հակառակ Բաղդասարի, Ծովինարը «ծուռ» չի համարում Սանասարին, որը սպառնում է ծովը նետել մորը, եթե չպատմի իրենց ծագումը։ Գուցեև մոր սիրտն էր ճիշտը՝ սա այսօր զայրույթի կառավարման խնդիր կդիտարկեին հոգեբանները և, հավանական է, Սանասարին հանդարտեցնեին։

Առյուծաձև Մհեր, Երվանդ Քոչար, «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումներից, 1939

Էպոսն ունի տասնյակ պատումներ, այս մեկի բոլոր «ջոջերը» Սանասարի զարմից են։ Տոհմից միայն Բաղդասարն է Ծուռ, նույնիսկ արժանավոր ննջեցյալների «ողորմիների» երկար շարքում. «Խազար օղորմի՝ Ծուռ Պաղտասարին»։ Նրա «մխիթարական մրցանակն» այն է, որ մի ուրիշ պատումի մեջ Բաղդադը կոչվում է նրա անունով՝ որպես քաղաքի հիմնադրի.

Ինչ Բաղդասար Պղնձե քաղքեն էկիր էր,
Կացիր էր էնդեղ, մեռիր էր.
Քաղաք շինիր էր, անուն դրիր էր Բաղդադ,
Զինք Բաղդասար էր։ 

Դավիթը ևս ինքնատիրապետման խնդիր ունի, բայց չի ուշաթափվում Խանդութ Խաթունից (մեկ ուրիշ «սվայամվարայի» հեղինակից) առաջարկ ստանալով, այլ… երեքից մինչև հարյուր անգամ համբուրում է Խանդութին տարբեր պատումներում, առաջին իսկ հանդիպմանը։ Խանդութը չի խրախուսում նրա վարքը, իսկ մի անգամ էլ, երբ Դավիթը փորձում է համբուրել սիրելի էակի կրծքերը, այնպիսի ապտակ է տալիս, որը նրա վիզը ծռվում է, ինքն էլ թռչում-ընկնում է Խաս բախչեն (Արքունական պարտեզը՝ «խաս» բառն այսօր օգտագործում ենք խոսակցական լեզվում «ընտիր» նշանակությամբ, բայց Արևելքի մի շարք երկրներում «խասը» պատմականորեն արքունական է նշանակում)։ Դավիթն անիծում է, որ Խանդութի մերժած փեսացուները հարձակվեն անհամար զորքով, իսկ նրա ձեռքը խնդրողն էլ երեք հարյուր տարեկան լինի։ Սասնա ծռերի անեծքները բռնում են. զորքը հարձակվում է, բայց զորքի դեմ… Դավիթն է կռվում՝ Խանդութը մինչ այդ հաշտվում է հետը, մերսում-բուժում է ընտրյալի պարանոցը։

Մեծ Մհերը ծուռ է՝ առյուծի դեմ զենքով չի կռվում,- հանրահայտ դրվագ է,- մերկ ձեռքերով է սպանում.

— Առյուծի մեր Աստված կանչեց՝ ծնավ էնոր.
Իմ մե՛րն էլ ինձ՝ Աստված կանչեց, էնպե՛ս ծնավ»։

Փոքր Մհերն իր ճանապարհին շատ դիակներ է թողնում։ Նա սպանում է թագավորի երկու որդուն, որոնք իրենից լավ են որս անում՝ նրանց ծառի ճկված ծայրին կապելով ու արձակելով, պառավին, որը պարանով նրան հանում է հորից, որպեսզի պսակի իր հարյուրամյա դուստրերի հետ… Ի վերջո, նա

Աստծուց խնդրեց, որ կամ կռիվ մ’տա ուր,
Կամ ուր ամանաթ առնի։

Այսինքն՝ մի կռիվ «նվիրի» իրեն կամ հոգին առնի։ Եվ Աստված… յոթ ձիավոր հրեշտակ է «ճամփում» Մհերի դեմ կռվելու։ Նրանց հարվածները ոչ մի վնաս չեն տալիս Մհերին, բայց ուժասպառ են անում։ Մհերի հաջորդ խնդրանքն է, որ Աստված գթության դուռ բացի, նա բացում է, Մհերին ներս թողնում Ագռավի քար… ու դուռը հետևից փակում։ Սասնա ծուռ Աստված։ Որը, սակայն, մանուկ Դավթին օգնում է։ 

Մսրա Մելիքը, տեսնելով այդ երեխայի ուժը, որոշում է սպանել, որ հետագայում իր գլխին փորձանք չդառնա։ Փորձության է ենթարկում՝ ձեռքը կրակի՞ն կտանի, թե՞ ոսկուն (պատումներից մեկում՝ չամիչին… այսինքն՝ խաղողի ոսկուն)։ Եվ Աստծո հրեշտակները փայլուն ոսկուց Դավթի ձեռքը շեղում են դեպի կրակը։ Նրա կյանքը փրկվում է, միայն մատն է վառվում, որը տանում է բերանին ու լեզուն էլ վառում։ Այդ պատճառով ստանում է «Թլոր», այսինքն՝ թլվատ մականունը։ Ուրեմն, Դավիթը պետք է բուժի լեզուն, հասկանալի դառնա, ինչը ժամանակակից աշխարհը կձևակերպեր որպես «ձայնի ձեռքբերում», որը ուժեղի դեմ թույլի, գաղութարարի դեմ գաղութացվածի սակավաթիվ զենքերից մեկն է։ 

Մըսրից հաջողությամբ վերադառնալով Սասուն՝ Դավիթը երջանիկ անգիտության վիճակում նետ ու աղեղով ճնճղուկ է որսում աղքատ պառավի արտում, որը նրան մղում է կռվի հանուն Ծովասարի, որը նրա օրինական ժառանգությունն է. հոր՝ Առյուծաձև Մհերի մահից հետո է Մելիքը խլել Սասունից։ Բայց Մըսրը՝ Եգիպտոսը, արաբների կամ մամլուքների կայսրությունը, եռապատիկ մեծ է Դավթի հայրենիքից.

Իրեք կողմըն աշխարհի Մըսրա Մելքի ձեռն էր.
Մենակ մե՛կ կողմն աշխարհի Դավթի հայրենին էր։

Դավիթը կհետևի պառավի խորհրդին, որի պատճառով էլ հակառակորդները սասունցիներին կկոչեն

«հաստակող ազգ»

Մելիքն ուղարկում է իր հարկահաններին։ Միակ զգուշավոր մարդը Սասնա տնից՝ Ձենով Օհանը, Դավթի հորեղբայրը, նրանց առաջարկում է՝

— Ջա՛նըմ, հըլա արե՛ք, հիճե՛ք,
Յա՛ չայ ըմ խմեք, յա՛ խայվեմ խմեք…

Այս ըմպելիքները հետսամուտ են՝ ուշ դարերում են ավելացվել. էպոսի կազմավորման ժամանակ՝ VII-IX դարերում, սուրճի հատիկները դեռ չէին աղում ու եփում, իսկ թեյը մեր տարածաշրջանում՝ Փոքր Ասիայում, սկսել են օգտագործել XVI, Եվրոպայում՝ XVII դարից։ Ուրեմն, արաբ հարկահաններին սասունցիներն առաջարկած կլինեն ոչ թե սուրճ ու թեյ, այլ սառը կաթ կամ թան։ Բայց նրանք պարզ հյուրասիրությունը բավարար չէր. Մելիքի պատվիրակները եկել էին Մըսր տանելու Սասնա ապրուստը, պատիվը՝ «արմաղան» կանանց, նաև՝ մարդկանց, որոնց պետք է իրենց ծառա դարձնեին։

Դավիթ-Քուռկիկ Ջալալի, Երվանդ Քոչար, «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումներից, 1939

Սասունցիները… պատարագ են անում օրհասն իրենցից հեռացնելու համար, իսկ 

Ծուռ 

Դավիթ լե գնացիր էր քեֆ անելու
Խետ ազապ լաճերաց, աղջկտերաց։ 

Պառավը կշտամբում է Դավթին՝ անհոգության համար, սա չի հավատում իր ուժերին՝ իմանալով, որ հարկահաններն ուղեկից զորագունդ ունեն։ 

Հըբա, նանե,- ըսավ,- ես իմա՞լ մեռնիմ,
Օր իդոնք չիգան ընծի չարչարեն, սպանին։
Նանեն ըսեց.- Գրող խեխդա քըզի,
Օր դու վախեներ, հորի՞ քանդիր զԾովասար։

Սովետական գրականագետները Արտատեր պառավին կոչում էին հասարակ ժողովրդի ներկայացուցիչ, «համաժողովրդական տիպ»։ Բայց էպոսի պատումներից մեկը գաղտնիք է բացում.

Սասուն Պառա՛վ մի կար.
Էդ Պառավ Մհերի յարն էր էղե։
Էնի արտ մի կորեկ ուներ…

«Յարը» սիրելին է, ոչ՝ հպանցիկ հրապուրանք։ Երևի կայծկլտուն հայացք է ունեցել, շորորուն քայլվածք ժամանակին Պառավը… գրավել է Մեծ Մհերի սիրտը։ Նա կշտամբում է Դավթին իր արտն ավերելու համար, բայց նաև նրան հանձնում է իր ժառանգության մասին հիշողության, ժամանակակից լեզվով ասած, «չիպերը», մանրահամակարգերը և պատմում, թե ինչ «սպառազինություն» են ունեցել Սասնա ջոջերը, որ թաքցրել է նրանից Ձենով Օհանը՝ Թուր Կեծակին, Քուռկիկ Ջալալին, Խաչ պատերազմին, զրահները, սաղավարտը։ 

Արդյոք Մեծ Մհերի զենք-զրահը փրկում էր իրավիճակը՝ Դավիթը տեսնում է, որ թշնամու վրաններին թիվ-համար չկա։ Սասնա ծռերը հաճախ իրենց սովորական մարդու պես են պահում, որը… նրանց քաջագործություններն ավելի սիրելի են դարձնում՝ Դավիթը վախենում է.

Դավիթ կը վախենա, կասա.
«Տե՛ր Աստված,
Ես էլնիմ կրակ, էնոնք էլնին բամբակ,
Ես չըմ կանա զէնոնք էրեցի։
Ես էլնիմ գարնան անոթի գելեր,
էնոնք էլնին էն մատղաշ գառներ,
Ես չըմ կա նա զէնոնք ուտա։
Ես էլնիմ նա խարավ քամին,
էնոնք էլնին նա աշնան կանգրաթըռուկներ,
Ես չըմ կանա զէնոնք կորըսցա»։

Նա կրակ լինի, հակառակորդի զորքը՝ բամբակ, չի կարող այրել։ Սոված գայլ լինի՝ գարնան սոված գայլ, չի կարող գառների հոտը ուտել, հարավի քամի լինի, չի կարող քշել գանգրաթռուկ-խատուտիկը՝ այ այսքան պատկերավոր է նրա հուսահատությունը։ 

Մելիքն այնքան «ասքար» է հավաքել, «օր չափ ու սայման հընցավ», և դա միայն երկու երկրների մարդուժի տարբերության խնդիրը չէր,

Ախր, բովանդակ աշխարք կռապաշդութեն էր։

Այսինքն, Սասունը միայնակ էր կրոնական առումով։ Ծովինարը՝ Գագիկ թագավորի դուստրն ու Ջոջանց տոհմի նախամայրը, ստիպված է եղել ամուսնանալ «կռապաշտ խալիֆայի» հետ, որպեսզի փրկի իր հայրենիքն ավերից, հազարավոր մարդկանց՝ սպանությունից ու գերությունից, բայց նրա որդիները ծնվել են անարատ հղությունից ու քրիստոնյա են։ Ուրեմն, Դավիթը նաև հոգևոր աջակցություն պետք է ունենա։ Եվ նա մինչև կռվի գնալը նորոգում է «Բանցրիկ Մարաթուխ Աստվարածինը»՝ Մարութա սարի Աստվածածնի վանքը։ Ուժերի անհավասարությունը սաստկացնում է այն, որ Սասունը միայնակ է նաև քաղաքականապես. 

Մըսրա Մելիք էլավ դանակ էթալ,
Ուր ոտանց փաչեն ճըղեց,
Շուշե մ’արուն առեց,
Խնդրագիր ըմ գրեց Ուռուսու թակավորին,
Մեկ Ֆրանկսըզին, մեկ՝ Ընգլիզին,
Ախըր՝ հըմեն թագավորից ուր հնդադբա ուզեց.
Ասաց. «Ուըր էրթանք Դավթի կռիվ»։ 

Մեջբերումը քաղված է էպոսի՝ XX դարի երկրորդ կեսին գրառված մի պատումից։ Մելիքը «հնդաբդա», այսինքն՝ օգնություն է խնդրում Ֆրանսիայից, Անգլիայից և Ռուսաստանից, որոնք Անտանտն էին կազմում Առաջին աշխարհամարտի ընթացքում։ Նրանք կարծես թե պիտի պաշտպանեին իրենց թշնամիների կողմից Ցեղասպանության ենթարկված հայերին, բայց 1917-ին Ռուսաստանում իշխանությունը գրաված բոլշևիկները դաշնակցեցին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մյուսները խուսափեցին թուրքերին հակադրվելուց, որ ռուսների գիրկը չմղեն ամբողջովին։ 

Մըսրա Մելիքը իր մոր՝ Իսմիլ Խաթունի հետ բանավիճելիս բացատրում է.  

Էսաց.- Մարե, էդա ազգ,-
Էսաց,— խաստակող ազգ ի։

Էպոսի «խաստակողները»՝ Դավիթը, Ջոջանց տան մյուս առաջնորդները, ապստամբում են և հաղթում գաղութարարներին, ի տարբերություն XIX-XX դարերի մեր պատմության։ 

Անկախության շրջանի հետազոտողներից ոմանք մեղադրում են Սասնա ծռերին, թե հավակնոտ չեն՝ հաղթում են, բայց երկրներ չեն նվաճում, մասնավորապես՝ չեն մնում տիրելու Մըսրին։ Հանրահայտ է Մեծ Մհերի պատմությունը, որին Իսմիլ Խաթունը հազար ու մի հնարով հրապուրում է Մըսր, հարբեցնում և որդի է ունենում նրանից.

Յոթ տարի Իսմիլ խաթուն զՄհեր պահեց գինով… 

Ի վերջո, Մհերը սթափվում ու վերադառնում է հայրենիք։ Փոքր Մհերն էլ կյանքից մեծ պահանջներ չունի. 

— Ես ձենե բան չեմ ուզի,
Ո՛չ թագավոր կ’ըլնեմ,
Ո՛չ քաղքի տեր կ’ըլնեմ։
Ես Դավթի տղա Մհե՛րն եմ,
Ես չեմ կարնա էստեղ նստի…

Անհավակնոտության մեղադրանքը նշանակում է «Սասնա ծռերի» դասերի, «աշխարհաքաղաքական իրավիճակի» թերըմբռնում։

Արաբական նվաճումների շրջանում Սասունը, Հայքը կա՛մ կիսանկախ են եղել, կա՛մ՝ լիովին նվաճված։ Էպոսի հեղինակները, ասացողները կանտեսեին կամ գլխիվայր շուռ կտային պատմական իրողությունները, եթե իրենց հերոսները՝ ըմբոստ լեռնականները հավակնեին կամ նույնիսկ երազեին տիրել ժամանակի ամենամեծ կայսրությանը (13 մլն քառակուսի կմ, Պիրենեյան թերակղզուց մինչև Չինաստան), որի քարտեզին Սասունը մի փոքրիկ կետ էր։ Բացի այդ, էպոսը «վերաուղղորդելու» ջատագովները միամիտ են, եթե կարծում են կայսրության գահին տիրացած որևէ մեկին թույլ կտան իր էթնիկ ծագումից ելնելով քաղաքականություն վարել։ Բավական է հիշել Բյուզանդիայի հայազգի կայսրերի գործունեությունը, որ հաճախ ուղղված է եղել Հայաստանի դեմ։ Այսինքն, եթե նույնիսկ Եգիպտոսը Սասունին միացվեր, Սասունը կդառնար Եգիպտոսի կցորդը և ոչ՝ հակառակը։ Սասնա ծռերի քաղաքական հավակնոտության/անհավակնոտության բնույթը կարող է բացատրել այն հարցադրման պատախանի գուշակումը, թե

ովքե՞ր էին էպոսի «հեղինակները» 

Ազնվականնե՞ր, հոգևորականնե՞ր, գյուղացինե՞ր։ Դա կարող է բացատրել Սասնա ծռերի հավակնոտության հավանականությունը։ «Մինչև 1930-ականների կեսը խորհրդային ֆոլկլորագիտության մեջ տիրապետում էր էպոսի ազնվականական ծագման վարկածը, […] 1936-ին կուսակցությունն արգելեց այս վարկածը»,- գրում է մշակութաբան Հրաչ Բայադյանը։ Պատկերացնո՞ւմ եք՝ իշխանությունը որոշում է, որ միայն գյուղացիների դասակարգը կարող է լինել այս ստեղծագործության հեղինակը։ Զարմանալի չէ, որ հարցը հիմնավորապես չի ուսումնասիրվել, թեև էպոսի ընդարձակ պատումներից մեկի ասացող Թամո (Թոմաս) Դավթյան վկայել է, որ Դավթի պատմությունը գրքերից քաղված եղելություն է։ 

Նա իր աչքով էպոսի մի մեծածավալ հատոր է տեսել Գոմաց վանքում, որը քրդերը շատ չանցած այրել են։ Հավանաբար՝ ջարդերի ժամանակ, դա բանահավաքը չի ճշտում. Վկայությունը գրի է առնվել 1932-ին, երբ սովետական գրաքննությունը թույլ չէր տալիս Ցեղասպանության մասին խոսել։ 

Թամո Դավթյանը ծնվել է 1847 թվականին Սասնո Ճախրական գյուղում։ Գրագետ չի եղել, բայց Ճախրականում ունեցել է ջրաղաց, այգի… և այնպիսի հիշողություն, որ անգիր արտասանել է էպոսի հսկայածավալ տեքստերը։ Այսինքն, ազնիվ չէ նրան չվստահելը, բայց գրքի բովանդակությունն ու ոճն էլ հայտնի չեն, այդ պատճառով միայն գրառված պատումներով է հնարավոր «երևակայել» հեղինակին։ Նա չէր կարող հոգևորական լինել, քանի որ հայ եկեղեցական մատենագիրները եթե առասպելներ հեղինակել են, կրոնակա՛ն պատերազմներն են պանծացրել, բայց քննարկելի է ազնվականի վարկածը։ 

Ի՞նչ հիմնավորումներ կարելի է հայտնաբերել էպոսում։ Դիցուք, որսը եղել է բարձր խավի զբաղմունքը։ Սասնա ծռերը էպոսում վայրի ոչխար են նետահարում, որ հայկական մուֆլոնն է երևի, և, պատումներից մեկում… Դավիթը բազե ունի բազկին։ Նա, ի տարբերություն հասարակ խավի, նաև կարդալ գիտե. 

Դավիթ տեսավ՝ էտեխ խանգար եկեղեցի մ’կար.
Գնաց, քարերու վըրեն գիր կար, կարդըցավ.
«Բանցրիկ Մարաթուխ Աստվարածին»։

Իհարկե, հերոսի պարզ գրագիտությունը բավարար չէ ազնվական հեղինակ ենթադրելու համար, բայց էպոսում կա հերոս, որի անունը հնարելու համար գրական լեզվի խոր իմացություն էր պետք՝ Աստղու Ցոլածին (Ցո-լա-ծի՜ն), կա նաև Աստղիկ թագավոր. 

…Սասնա քաղքի մեջ
Մեկ փիր ըղթիար թագավոր մը կելնի,
Աստղիկ թագավոր։
Աստղիկ թագավորուն
Մեկ աղջիկ մը կելնի շատ տեսակով։

«Աստղ» անձնանունը նաև էզոտերիկ աղերսներ է ենթադրում, բայց այս «փիր ըղթիար», այսինքն՝ իմաստուն ծերունի թագավորը, որ ունի «շատ տեսակով», այն է՝ ազնվազարմ դուստր, այնքան հպանցիկ հերոս է էպոսում, որ ընդհանրացումների հիմք չի տալիս։

Բարձրաշխարհիկ վարվեցողություն ևս պատահում է էպոսում.

Աղջիկն առավ փունջ մը վարտ,
Գնաց մոտ Տավիթ, շատ գորովրեց,
Վարտն էլ տվավ քթին։ 

Աղջիկը Խանդութ Խաթունն է, որն ուզում է Դավթի սիրտն առնել, «գորովրում»՝ գուրգուրում է, քանի որ մինչ այդ հարվածել էր նրան, վարդերը մոտեցնում քթին, որ բույրը զգա։ Դավթի վրա դա չի ազդում.

Տավիթ գոմփ մը զարկեց վեր աղջկան թևին.
Թև թուլցավ, կախվավ մոտեն։ 

Շատ պատումներում Խանդութը գուսաններ է ուղարկում, որ իրեն Դավթի առաջ գովաբանեն։ Նրանց համեմատություններում կան որոշները, որ բարձրաշխարհիկ մարդը կաներ՝ «Աչքեր… Գինու կթղայ էր»՝ աչքերը գինու գավաթ էին, բայց գզած բամբակի պես սպիտակ մարմին, լիալուսնի նման կլոր, խնձորի կարմրության դեմք, չինարի բոյ… յոթ կանգուն լայնությամբ սիրտ՝ սրանք փոխաբերություններ ու համեմատություններ են, որ ավելի շատ գեղջկական ճաշակին են հատուկ. 

Թե՛ քար, թե՛ թուփ, թե՛ հայվան, թե՛ ջանավար,
Ըմենուն էլ բարև տաս, առանց բարևի չընցնես…

Այս խորհուրդը համահունչ է ժողովրդական հեքիաթների «դիվանագիտությանը», բնապաշտությանը, մյուս կողմից կարելի է այն «վերևների» քաղաքական տեխնոլոգիա դիտարկել, որը նույնիսկ 2013-ին հայաստանյան ընտրություններում է կիրառվել, երբ թեկնածուներից մեկը բարևում էր բոլորին անխտիր։ 

Էպոսում մեծ է ինքնիշխանության ձգտումը, բայց հայկական լիարժեք պետականությունը օրակարգում չէ, ինչը, հավանաբար, կարտահայտեր ազնվական հեղինակը. Ծովինարի հայր Գագիկ թագավորը, որ, հավանաբար, Արծրունի է՝ Սասունի օրինական հայ տերերից, որոնք իրենց համարում էին բիբլիական Սարասարից (Սանասարից) սերված, որը եղբոր՝ Ադրամելեքի հետ (էպոսի պատումների մեծ մասում՝ Բաղդասարի) իրենց հայր Սենեքերիմին սպանելով, փախչել են «Արարատի երկիրը» («Աստվածաշունչ», Թագավորությանց չորրորդ գիրք, գլուխ ԺԹ, 36-37), ո՛չ թոռներին է իրեն ժառանգ դիտարկում, ո՛չ էլ օգնության շտապում անհրաժեշտ պահին։ 

Մինչդեռ Խորենացին նկարագրում է, թե հայ հեղինակավոր Արծրունի նախարարն ինչ հանդգնությամբ է վարվում Շապուհ Սասանյանի հետ, որը պարսկական դրածո էր Հայոց գահին (մ.թ. 416-420). «Մի անգամ մականով խաղալիս՝ Շավասպ Արծրունուն երկու անգամ հաջողվեց գնդակը խլել Շապուհ արքայից։ Սա մականով նրան խփելով ասաց. «Չափդ ճանաչիր»։ Իսկ նա պատասխանեց. «Այո, ճանաչում եմ, որ ես էլ արքայորդի եմ, Սանասարի սերունդ, և իրավունք ունեմ քո եղբայրների հետ թագավորի բարձը համբուրելու»… Այսպես ասելով՝ մեծ քամահրանքով դուրս սլացավ ձիարշավի ասպարեզից»։ 

Իսկական պետական այր է քեռի Թորոսը, բայց էպոսի պատումներից միայն մեկում։

Ու հարցուցին, թե.- Թևաթորոս տա՞նն է.
Ասին. — Թևաթորոս գնացեր է Վան։
Ագրատգահ գնացին Վան
Ու հարցուցին.- Թևաթորոս հո՞դ է:
Ասին.- ՉԷ, բերդի հիմ թալեց,
Իր հաց կերավ, գնաց Արզրում։
Ասին.- Բերդի հիմ թալեց,
Կեսօր կերավ ու գնաց Կարս։
Գնացին ի Կարս։ — Թևաթորոս հո՞դ է։
Ասին.- Բերդի հիմ թալեց,
Հրամեն կերավ ու գնաց բերդ Մանաձկերտու։

Քեռի Թորոսի նախատիպը VII դարի Հայոց մարզպան Թեոդորոս Ռշտունին է (590-656 թթ.)։ Հանճարեղ ձևակերպում ունի պատմաբան Նիկողայոս Ադոնցը՝ երբ Մամիկոնյանները ձեռքը տանում էին թրին, Բագրատունիները ցուցամատը դնում էին քունքին։ Թեոդորոս Ռշտունին այդ երկու հատկանիշը համադրել էր. մամիկոնյանաբար քաջ էր և բագրատունիաբար՝ խոհեմ։ 

Ամրաշինության ինչ թափ ունի էպոսում Թևաթորոսը, այդպիսին Թեոդորոս Ռշտունին ուներ իրականում, ինչի շնորհիվ, արաբների հետ դաշնակցելով, ընդլայնեց երկրի սահմանները մինչև Տրապիզոն՝ այն գրավելով Բյուզանդիայից, բայց Հայոց եկեղեցու և բյուզանդամետ իշխանների պառակտիչ գործունեությունը չթողեց, որ նա դրանք պահպանի։ 

«Սասնա ծռերի» մյուս պատումներում ոչ թե պետական գործիչ Թևաթորոսին ենք հանդիպում, այլ քեռի Թորոսին կամ Թորոսիկին, որը հիմնականում Դավթի դաստիարակն է (մի պատումի մեջ կա թե՛ Թևաթորոսը՝ որպես Արմաղանի հայր, թե՛ քեռի Թորոսը)։

Մըսրա Մելիք դուռ նստուկ էր։
Ըսեց.- Վա՜յ, բարով, Քեռի՛ Թորոս։ 

Սա զուտ գյուղացու պատկերացում է։ Մըսրա Մելիքը՝ կայսրության տիրակալը, դուրսը, դռան առաջ նստած է, երբ գալիս է Քեռի Թորոսը։

Ախչիկն իմացավ էս բան, էլավ ուր սուռաթն դրեց մեջ թղթին,
Իտու էրկու մշակու ձեռք,
Որ տանեն, թալեն Սանասարի էրտիսն վեր։  

Հարսնացուն իր նկարը ուղարկելով Սանասարին՝ պատվիրում է վայր գցել այն երդիկից։ Ազնվականների տներն ունեին մեծ պատուհաններ, իսկ երդիկը գյուղական, հաճախ գետնափոր տան առաստաղին բացված լույսի աղբյուր էր։ Բնորոշ է նաև, որ հարսնացուն այս փափկանկատ առաքելությունը հանձնարարում է մշակներին, այսինքն՝ սպասավոր չունի։ Ինչպես և՝ Սասնա ծռերը։ Մինչդեռ… նույնիսկ իսպանացի աղքատ ազնվական դոն Կիխոտը Սանչո Պանսա անունով մի հավատարիմ ծառա ուներ։ 

Ջոջանց տան գանձերը ոչ թե բերդի աշտարակում, ստորգետյա թունելում կամ ուրիշ գաղտնարանում, այլ ամբարում է թաքցրել Ձենով Օհանը։ Երբ Դավիթը պահանջում է իր հոր ժառանգությունը, Օհանը՝ Սասունի փաստացի կառավարիչը, այսպես է պատասխանում.

Ձենով Օհան գանչից.- Տավիթ, լաո,
Առ ըզպալլիք, կնա՛, տուռ պաց։
Օհան դվից զամբրի պալլիք։ 

Սասնա ծռերի զենքն էլ կոպալն է (գավազանը), բարդին, չինարի ծառը, կաղամախին։ Հեքիաթային ժառանգությունը՝ Կայծակ Թուրը, Հրեղեն քուռակը և այլն, ի հայտ է գալիս ծայրահեղ վիճակներում։

Երբ Դավթին որսորդությունից զրկում ու հոտաղ են կարգում, նա չի տարբերում ընտանի կենդանիներին գազաններից։ 

 Խաշնարած Դավիթ, Երվանդ Քոչար, «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումներից, 1939

Ազնվականը թերևս դա բնական համարեր, և չծաղրեր իր դասին, իսկ ռամիկը, սիրելով հանդերձ, ըմբոշխնում է նրա անիրազեկությունը գյուղական գործերից։ Գյուղացու է նյութի իմացությունը, երբ նկարագրվում է Դավթի գարնանային հովվությունը. 

Գարո՛ւն էր. խալխի մալ զաբուն էր…
Անձրև՛ էր. թացություն էր, տի՛լ էր..,
Մալեր կը չոքվեին տիլ, կը պաղեին.
Օրական յոթ-ութ հատ տըլի մեջ կը մնային։
Դավիթ կը քաշեր դուրս, տըլից կը հաներ,
Իր փետ էնոնց ոտներ կը կապեր,
Փետ մ’էլ կը մտուցեր մալերու ոտներ,
Կը դներ ուսին ու կը բերեր գեղ.
Կը բերեր տիրու տուն, կ’արձակեր,
Ու կընկտոց կ’ասեր.- Նանե, ձեր կովեր նիհար են… 

Ակնհայտ ու սքանչելի է Դավթի ջերմ խղճահարությունը գյուղացի «կընկտոց» (կանանց), «զաբուն» (նիհար) ընտանի կենդանիների հանդեպ, որը նույնպես գյուղացիական խավի «հորիզոնական» վերաբերմունքի նշան կարելի է համարել։

Առանձին մեծ թեմա է էպոսում առկա սոցիալական միջազգային համերաշխությունը, որը նույնպես երկու կարգի է։ Եթե Սասնա տան որբացած ժառանգներին պահում-մեծացնում են բարեկամ ու ոչ բարեկամ օտար թագավորները, ապա օտարազգի գյուղացիների հանդեպ էլ Դավիթն է շատ ողորմած. նա կոտորում է Մելիքի ծով զորքին, մինչև մի արաբ ծերունի խնդրում է նրան խնայել հողագործներին. 

Ախր, խեղճին, մեխկին [խեղճ են, մեղք են], ռանչպարին։
Մարդ կա, կով մի ունի,
Մարդ կա, էրգու կով ունի…

Սասնա ծռերը կարծես չունեն «մշտական թշնամիներ», «ատելության խոսք»՝ այլ ազգերի հանդեպ, որ ավելի բնորոշ է քաղաքական խավերին։ Հիմնական կռիվը Մըսրի հետ է, բայց այստեղ իշխում է Դավթի կաթնեղբայրը, որին նա բաշխում է իր երեք մահացու զարկերից երկուսը։ Ճիշտ է, մի պատումում Դավիթը հրաժարվում է Իսմիլ Խաթունի կաթից… «տաճկի ծիծ էլնելու խամար», բայց հայերը տարբեր դարերում ում ասես կոչել են «տաճիկ»՝ արաբներին, պարսիկներին, թուրքերին։ Նվաճողները՝ իրենց հերթին, պոռոտախոսում են, բայց դաժանություններ շատ չեն գործում։ Գրի առնված մեծ պատումներում միայն մի անգամ քրդական ցեղը խաբեությամբ ներթափանցում է հայկական վանք, կոտորում միաբաններին ու թալանում… Դավիթն առնում է վրեժը։ 

Պեղված օրինակները հանրագումարի բերելով՝ կարելի է եզրակացնել, որ «Սասնա ծռեր» էպոսում գերակշռում են գյուղացիական գիտելիքներն ու պատկերացումները, և հիմնականում հենց դրանց տեսանկյունից է, որ Ջոջանց տան զավակների արարքները հերոսական են (օտար հարկահանների վտարում) կամ զվարճալի (ընտանի և վայրի կենդանիների շփոթում)։ Ուրեմն, եթե նույնիսկ «Սասնա ծռերը» եղել է գրական երկ, այն բանավոր այնքան երկար է շրջանառվել, որ «հասարակ» ժողովուրդը դարձրել է իրենը, դարձրել է էպոս…

Էպոսի հեղինակի որոնման նման սակավաթիվ են փորձերը գնահատելու Սասնա ծռերի արաքները, որոնք անցնում են

չարաճճիության ու չարության սահմանը

Ծռերը շատ  դրվագներում են շեղվում «օրինակելի» վարքագծից՝ հիմնականում հիացախառն զարմանք հարուցելով, բայց, դիցուք, Փոքր Մհերն իր ճանապարհին շատ դիակներ է թողնում։ Նա սպանում է թագավորի երկու որդո՛ւն, որոնք իրենից լավ են որս անում՝ նրանց ծառի ճկված ծայրին կապելով ու արձակելով, պառավի՛ն, որը պարանով նրան հանում է հորից, որպեսզի պսակի իր դուստրերի հետ, թեկուզև՝ հարյուրամյա…

Կա և գլխավոր մեղքը, որի համար Ծռերը միշտ պատժվում են, ի տարբերություն «ոչ կանխամտածված սպանության» դեպքերի։ Երդմնազանցությունը։

Մեծ Մհերը Մսրա Մելիքի հետ գոտեմարտում է երեք օր-երեք գիշեր…  և ոչ մեկը չի հաղթում։ Մելիքը պայման է առաջարկում՝ երկուսից ով երկար ապրի, տեր կանգնի մյուսի տունուտեղին, երկրին։ Մհերը համաձայնում է։ Առաջինը մեռնում է Մսրա Մելիքը։ Մհերն ամուսնացել է Արմաղանի հետ, ուստի չի գնում Եգիպտոսին տիրանալու։ Իսմիլ խաթունը խորամանկությամբ է Մհերին կանչում Մըսր, ժառանգ է ունենում նրանից։ 

Յոթ տարի Սասունը անտեր է… անժառանգ։ Մհերը վերադառնում է։ Արմաղանը նույնիսկ տեղից վեր չի կացել՝ երբ ոտքի է կանգնում, հագուստները ցած են թափվում վրայից փտածությունից։ Կարելի է պատկերացնել այդ տեսարանը կինոյի դանդաղեցրած կադրի նման՝ ծվեն-ծվեն ցած թափվող շորերը և նրա սլացիկ մարմինը, որը նույն կերպ պահպանվել է, քանի որ ամուսնու մեկնելու պահին ժամանակը կանգ է առել։ 

Փոքր Մհեր, Երվանդ Քոչար, «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումներից, 1939

Արմաղանը երդվել է, որ Մհերին մոտ չի թողնի ամուսնական մահճին քառասուն տարի… Եվ մնացել է դեռ 33 տարի։ Մհերը «գտնում է» ելքը. 

Տարի մ’ գիշեր խսաբինք,
Մեկ՝ ցերեկ խսաբինք,
Քառսուն տարին լըմանա,
Իս գամ քու գոգվենք։ 

Ծուռ, էլի։ Մի օրը տարի է հաշվում,- որոշ պատումներում՝ եկեղեցականների օգնությամբ,- ու «գոգվում են»։ Ծնվում է Դավիթը։ Բայց Երկնային «աուդիտը» Մեծ Մհերի հաշվապահությունը չի ընդունում՝ Արմաղանն ու նա անմիջապես վախճանվում են:

Դավիթը նաև «խառնվում է» ուրիշ կնոջ հետ, խոսք է տալիս, բայց չի ամուսնանում։ Փոքր Մհերը՝ նույնպես, միայն թե նրան կործանում է հոր անեծքը, որն արդարացի չէ. առանց իմացության, ինչպես լինում է… իրենց առասպելական կենցաղում, Մհերը մենամարտել ու հաղթել է Դավթին։ Դավիթն անիծում է, որ նա անմահ լինի և… անժառանգ։ Մհերը երկար է ապրում, մինչև պարզվում է, որ գետինը ևս «ախթիարացել է»՝ ծերացել է, «ղալբցեր է»՝ ծուլացել, նրա ծանրությանը չի դիմանում։ 

Եվ Մհերը փակվում է Ագռավաքարում։ Էպոսի այսպիսի ավարտը դարձել է հայ մտավորականության վերջին տասնամյակների ամենաշատ քննարկած թեմաներից մեկը.

ինչո՞ւ է Ջոջանց տան վերջին ժառանգը փակվում Ագռավաքարում

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
— Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն։

Այս «գաղափարական կտակի» պատճառով Մհերին մեղադրում են նեղացկոտության, անձնապաշտության համար։ Բայց նրա ամբողջ վարքը կարծես ցուցադրություն է, որ կորցրել է իր ռազմադաշտը. 

Աստծուց խնդրեց, որ կամ կռիվ մ’տա ուր,
Կամ ուր ամանաթ առնի։

Այսինքն՝ մի կռիվ «նվիրի» իրեն կամ հոգին առնի։ Եվ Աստված… յոթ ձիավոր հրեշտակ է «ճամփում» Մհերի դեմ կռվելու։ Նրանց հարվածները ոչ մի վնաս չեն հասցնում Մհերին, բայց ուժասպառ են անում։ Մհերի հաջորդ խնդրանքն է, որ Աստված գթության դուռ բացի, նա բացում է, Մհերին ներս թողնում Ագռավի քար… ու դուռը հետևից փակում։ Սասնա ծուռ Աստված։ Որը նրան «հրամանք» չի տալիս դուրս գալու, մինչև ցորենը մասուրից մեծ կլինի, գարին…

Ո՞րն է այստեղ ծածկագրված ուղերձը։ Նեղանալու իրավո՞ւնքը։ Ոչ։

Հուշում ապագայից. «Վայ այն երկրին, որի հույսը հերոսներն են»՝ XX դարի գերմանացի մեծ գրող Բերտոլդ Բրեխտի թևավոր խոսքն է։

Երկրի ամեն մի բնակիչ, քաղաքացի պետք է «խենթ» լինի և իր բաժին հերոսությունն անի՝ հանուն պետականության, ազատության, արդարության։ Այդ ժամանակ է, որ զորեղ թշնամիները կնահանջեն, ցորենը մասուրի չափ կդառնա, գարին՝ ընկույզի, և Փոքր Մհերը դուրս կգա քարանձավից՝ որպես «թոշակառու» տոնելու երկրի կայուն, բոլորի ջանքերով ստեղծված բարեկեցությունը իր սերունդների հետ։ 

Դա իրականանալի է, եթե նաև 

Սասո՞ւն, թե՞ Հայք

հարցին պատասխանենք։ Ինչո՞ւ, մի՞թե Սասունը Հայք չէ։ Իհարկե, Հայք է՝ 2012-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն «Սասնա ծռերը» որպես հայկակա՛ն էպոս է ընդգրկել «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում։ Բայց «Սասնա ծռերի» պատումների մեծ մասը գրառվել է սասունցիների կատարումներից, ինչպես նաև հարևան մշեցիների և մոկացիների։

Հուշում ապագայից։ «Սասնա Սեմալ գյուղի Շաբեգու տների հիմնադիրը` Շաբեգը, քուրդ աղայի չարագործության համար (հայ հարսների` իր կողմից առաջին գիշերվա իրավունքից օգտվելու կարգ սահմանելու) նրա նկատմամբ վրեժխնդիր լինելով, փախել է Աղձնիքի դաշտային շրջանից` հաստատվելով լեռնային Սասնա Սեմալ գյուղում», գրում է ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանն ու թվարկում է Սասունի շատ գյուղեր, որ XVIII-XIX դարերում հիմնել են վրիժառուները։ «Նմանը նմանին է գտնում»՝ անհնազանդ մարդիկ ուրիշ տեղերից փախչել են ազատասեր Սասուն։  

Ուրեմն, «Սասնա ծռերը» պատմական Հայաստանի մի որոշակի՝ ապստամբ հատվածի վեպն է։ Այն միջազգային համբավի արժանացավ, երբ 1930-ականներին ստալինյան իշխանությունը որոշեց հրատարակել ու տարածել ազգային էպոսները, և 1939 թվականին ՍՍՀՄ-ում նշվեց մեր էպոսի 1000-ամյակը։ Դա պետք էր Սովետական Միության քոչվոր ժողովուրդներին մշակութային բարդույթներից ազատելու համար՝ նրանք գիր-գրականություն չունեին, բանավո՛ր ժառանգություն ունեին, բայց մինչ այդ հայ մշակույթը «որդեգրել էր» էպոսը՝ Հովհաննես Թումանյանը գրել էր «Սասունցի Դավիթ» պոեմը, Ավետիք Իսահակյանը՝ «Սասնա Մհերը», Եղիշե Չարենցը՝ իր «Սասունցի Դավիթն» էր մշակել… Սասունը կերտել էր տիպարներ, նրանք պետք է կերտեն ազգը։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

0:00:00 առաջաբան
0:01:41 «ծռեր»՝ միամիտ խենթեր
0:11:25 «հաստակող ազգ»
0:19:12 ովքե՞ր էին էպոսի «հեղինակները»
0:32:23 չարաճճիության ու չարության սահմանը
0:35:03 ինչո՞ւ է Ջոջանց տան վերջին ժառանգը փակվում Ագռավաքարում
0:37:12 Սասո՞ւն, թե՞ Հայք

Պեղումներ

Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից

Պեղումներ. Պատմության արձանագրումը

Պեղումներ. Պատմության արձանագրումը

Վահրամ Մարտիրոսյան
Հնվ 22, 2024

Հեռավոր դարերի պատմության հավաստիությունը բազմիցս է կասկածի տակ դրվել, նույնիսկ պատմաբաններն ամեն ինչ չգիտեն և հաճախ իրենք էլ չեն վստահում աղբյուրների անաչառությանը, իսկ պատմագիրներին դատելու համար պետք է նկատի ունենալ մի քանի կարևոր գործոն, որին անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանը։

Read more

ՁայնաՊատում. Պատմության արձանագրումը

Պեղումներ. Հրաշքներ երազո՞ւմ, թե՞ հարթմնի. զրույց Մաշտոցի հետ

Պեղումներ. Հրաշքներ երազո՞ւմ, թե՞ հարթմնի. զրույց Մաշտոցի հետ

Վահրամ Մարտիրոսյան
Հնվ 15, 2024

Ո՞վ չի երազել հանդիպել պատմական անձի ու զրուցել նրա հետ․․․ Վահրամ Մարտիրոսյանը երևակայական զրույց է ներկայացնում Մեսրոպ Մաշտոցի հետ՝ այս կերպ բացելով մաշտոցյան ժամանակաշրջանի գանձատուփը, հայոց այբուբենի ստեղծման ընթացքն ու դերը։

Read more

ՁայնաՊատում. Հրաշքներ երազո՞ւմ, թե՞ հարթմնի. զրույց Մաշտոցի հետ

Պեղումներ. Տիգրան Մեծ, Հռադամիզդ, Տրդատ I

Պեղումներ. Տիգրան Մեծ, Հռադամիզդ, Տրդատ I

Վահրամ Մարտիրոսյան
Հնվ 8, 2024

Հին հունական ու հռոմեական աղբյուրները հայ պատմական գործիչներից ամենաշատն անդրադարձել են Տիգրան II-ին։ Որպես հետևանք՝ նաև համաշխարհային, հատկապես… երաժշտական արվեստը. «Տիգրան» վերնագրով 24 օպերա է գրվել ուշ միջնադարում, ևս մեկ տասնյակում Տիգրանն առանցքային հերոսներից է։

Read more

ՁայնաՊատում. Տիգրան Մեծ, Հռադամիզդ, Տրդատ I

Պեղումներ․ Արտաշես Մեծի խաղաղության օազիսը

Պեղումներ․ Արտաշես Մեծի խաղաղության օազիսը

Վահրամ Մարտիրոսյան
Դկտ 25, 2023

Արտաշես Մեծը խաղաղության հայկական օազիսում իր քաղաքակրթական անկյունաքարերը հաստատեց՝ աշխարհի զարգացումն ու հայրենական ավանդույթը համադրելով։ Իշխանության այդ կանոնակարգումն էր, որը մեծացրեց հայկական պետականության դիմադրողականությունը հետագա դարերում և ազգային ինքնագիտակցություն ներմուծեց արժեքներ, որոնք արդիական են մինչև այսօր։

Read more

ՁայնաՊատում. Արտաշես Մեծի խաղաղության օազիսը

Պեղումներ. «Մի վարդ քաղեց այտից». Արա Գեղեցիկ, Շամիրամ… Նինոս

Պեղումներ. «Մի վարդ քաղեց այտից». Արա Գեղեցիկ, Շամիրամ… Նինոս

Վահրամ Մարտիրոսյան
Դկտ 18, 2023

Արդյո՞ք հայոց Արա արքային տիրանալ ցանկացող Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամն իսկապես վավաշոտ ու նենգ կին է, արդյո՞ք այս սիրավեպ ավանդազրույցն ունեցել է իրականության հետ կապ, համադրում ու մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։

Read more
ՁայնաՊատում. «Մի վարդ քաղեց այտից». Արա Գեղեցիկ, Շամիրամ… Նինոս

ՁայնաՊատում. «Մի վարդ քաղեց այտից». Արա Գեղեցիկ, Շամիրամ… Նինոս

Պեղումներ. Վառվռուն աչքերով և հպարտ բնավորությամբ Հայկը

Պեղումներ. Վառվռուն աչքերով և հպարտ բնավորությամբ Հայկը

Վահրամ Մարտիրոսյան
Դկտ 11, 2023

Մեր անվանադիր Հայկը հրաշալի ժառանգություն է՝ իր «վառվռուն աչքերով», ազատասիրությամբ ու բարեհաճությամբ դեպի այլ ազգերը։ Ո՞րն էր Հայկի «հաջողության գաղտնիքը», ինչպե՞ս է դա արտահայտվում ու ինչպիսի՞ն պետք է լիներ ժամանակի հեռահար զենքը՝ նետուաղեղը, կատարյա՛լ նետուաղեղը։

Read more

ՁայնաՊատում. Վառվռուն աչքերով և հպարտ բնավորությամբ Հայկը

Պեղումներ. Ու՞մ և ինչու՞ է Խորենացին իրականում կոչել Տիգրան Մեծ

Պեղումներ. Ու՞մ և ինչու՞ է Խորենացին իրականում կոչել Տիգրան Մեծ

Վահրամ Մարտիրոսյան
Դկտ 4, 2023

Արքայազն Տիգրանը Քսենոփոնի վեպում զգացմունքային է, պերճախոս, անձնվեր։ Իսկ Խորենացին նրան համարում է թագավորներից ամենահզորը, ամենախոհեմն ու քաջը։ Ինչու՞ Պատմահայրը չի զսպում իր զգացմունքները՝ անդրադառնալով Տիգրանի ժամանակաշրջանին, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։

Read more

ՁայնաՊատում. Ու՞մ և ինչու՞ է Խորենացին իրականում կոչել Տիգրան Մեծ

Ամբողջական շարքը կարող եք լսել այստեղ։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ