EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Արվեստ և մշակույթ
Հնս 23, 2026

Զրույց Էդուարդ Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն թարգմանության առիթով

Տիգրան Գրիգորյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

Հեռավոր 1978 թվականին լույս տեսած պաղեստինյան ծագումով ամերիկացի գրականագետ Էդուարդ Սայիդի «Orientalism» (Արևելաբանություն) գիրքը թարգմանվեց հայերեն 2025-ին։ Այս գրքի լույսընծայումն ուշացած բայցև նշանակալի քայլ էր, որն առիթ դարձավ անդրադառնալու 20-րդ դարի հումանիտար մտքի կարևորագույն նվաճումներից մեկին։ Այն առաջին հրատարակությունից ի վեր արժանացել է մեծ ուշադրության և թարգմանվել է բազմաթիվ լեզուներով՝ եվրոպական, ամերիկյան համալսարանական շրջանակներում թողնելով հսկայական ազդեցություն։ Շատերն այն համարել են շրջադարձային աշխատություն, քանի որ Սայիդն առաջին հետազոտողն էր, որը, ըստ էության, ուսումնասիրեց արևելագիտության պատմությունն ու փորձեց համակարգել այն իբրև ժամանակակից սոցիալական գիտակարգ։

Նրա տեսությունը միտված էր ցույց տալու, որ Արևելքի մասին Արևմտյան հասարակություններում տարածված պատկերացումներն առավելապես գաղափարախոսական ու երևակայական են և դրանք ներկայացնում են Արևելքն իբրև հետամնաց, աղճատված, էկզոտիկ մի տարածաշրջան։ Բացի այն, որ Արևմուտքում տարածում գտած այդպիսի պատկերացումները զուրկ էին պատմագիտական և մշակութաբանական հիմքերից, ըստ Սայիդի, անհիմն էին նաև արևմտյան գիտնականների այն պնդումները, թե Արևելքը զուրկ է ինքնությունից ու բնական, ներքին զարգացումից։ Նա արևելագիտության պատմությունը բաժանեց երկու խոշոր փուլերի՝ նախագաղութային և հետգաղութային շրջանների, որոնք ևս մանրամասնորեն ուսումնասիրվել են այս գրքի առանձին գլուխներում։ 

1994-ին գրքի վերահրատարակության կապակցությամբ գրված վերջաբանում Սայիդը, մեկնաբանելով առաջ քաշած հիմնադրույթները, նկատում է, որ Արևելագիտությունն ի վերջո ունի քննության երեք հայեցակետ՝ ա․ արևելագիտությունն իբրև ակադեմիական ուսումնասիրությունների բնագավառ, բ․ արևելաբանությունն իբրև աշխարհընկալման ձև, և գ․ արևելագիտությունն իբրև իշխանության հաստատման գործիք ու գաղափար, որն առավելապես ծառայել է Միջին Արևելքի նվաճմանն ու գաղութացմանը։ Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև արևմտյան հասարակություններում իսլամի ընկալման խնդրին, կրոնի և քաղաքականության ներքին հարաբերությանը, ժամանակակից մեդիայում Միջին Արևելքը ներկայացնող նյութերի լուսաբանմանն ու քաղաքական խոսույթների ձևավորման հարցերին։ Այս գիրքն իր բուն ակադեմիական արժեքից զատ ունեցավ նաև հսկայական քաղաքական ազդեցություն, քանի որ դրա շարադրման ժամանակահատվածը համընկավ երկու խոշոր պատմական իրադարձությունների հետ։ Առաջինն, անկասկած, շարունակվող արաբաիսրայելական հակամարտությունն էր Պաղեստինի շուրջ և դրան հաջորդած 1978-ի «Քեմփ Դեյվիդի» համաձայնագրի ստորագրումը Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի, Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինի և ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի կողմից: Այսինքն՝ կարելի է ասել, որ Սայիդի մենագրությունը փորձ էր անդրադառնալու նաև այդ խնդիրների շրջանակին։ Իսկ մյուս խոշոր իրադարձությունը, որը զուգադիպեց գրքի հրատարակությանը՝ Իրանի Իսլամական հեղափոխությունն էր, ինչը Միջին Արևելքում, ավելի ստույգ Արևելյան Կիսագնդում մեկնաբանվեց որպես կայսերական համակարգերի դեմ աննահանջ պայքարի հաղթանակ։ Այսպիսով՝ «Օրիենտալիզմ»-ի հրապարակումը հեղինակին բերեց համաշխարհային հռչակ, իսկ նրա ուսումնասիրությունն իր ընդգրկած հսկայածավալ սկզբնաղբյուրներով, կուռ գիտական կառուցվածքով և մեթոդաբանությամբ դարձավ ոչ միայն պատմաբանների և հասարակագետների քննության առարկան, այլ նաև ուղենիշ՝ մշակույթի, մեդիայի, գրականության և նույնիսկ տնտեսագիտությամբ զբաղվող մասնագետների համար։ 

Երբ 2025-ին վերադարձա Կահիրեից, բավական երկար մտորում էի գրքի հայերեն թարգմանության առիթով որևէ նյութ հրապարակելու շուրջ, քանի որ ուզում էի Արևելքով հետաքրքրված ընթերցողների ուշադրությունը հրավիրել այն հարցերի վրա, որոնք արդիական են նաև այժմ ու դեռևս երկար կուղեկցեն մեզ։ Ահա՛, նկատի ունենալով այս հանգամանքները, որոշեցի զրուցել իմ բարեկամ՝ գրականագետ, արաբագետ Մարիամ Էլմասյանի հետ։ 

Մարիամ Էլմասյանը դասավանդում է արաբերեն և ժամանակակից արաբական գրականություն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում։ Նա հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, որոնք վերաբերում են միջնադարյան արաբամուսուլմանական գրավոր մշակույթին և հասարակությանը։ 2022-ին հրատարակվել է Մարիամ Էլմասյանի «Ժամանակակից արաբական գրականության պատմություն (19-20-րդ․ դարի առաջին կես)» խորագրով համապարփակ դասագիրքը։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ադաբի, գիտելիքի փոխակերպման և փոխանցման ավանդույթն արաբամուսուլմանական մշակույթում, ինչպես նաև ժամանակակից արաբական գրականությունը, ֆեմինիստական և հետգաղութային խոսույթները։

Խոսույթ և իշխանություն 

Չնայած՝ համառոտ նախաբանում փորձեցի որոշ մանրամասներ ներկայացնել գրքի մասին, բայցևայնպես կուզենայի մեր զրույցը սկսել սկզբից։ Ինչի՞ մասին է այս գիրքը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն կարդալ։ Ի վերջո, ի՞նչ դիրք է զբաղեցնում արևելագիտությունը ժամանակակից սոցիալական գիտությունների շարքում։ Եվ, ահա, ո՞րն է այս բացառիկ աշխատության արդիականության գաղտնիքը։

1978-ին Էդուարդ Սայիդի «Օրիենտալիզմ» գրքի լույսընծայումը, կարելի է ասել, հեղափոխական նշանակություն ունեցավ հումանիտար գիտությունների ոլորտում՝ ձևավորելով նոր աշխարհայացք պատմության, մշակույթի, քաղաքականության, սոցիոլոգիայի ուսումնասիրման բնագավառներում։ Այն թերևս կազմաքանդեց արևմտյան գիտնականների՝ Արևելքի մասին կարծրացած պատկերացումները։ «Օրիենտալիզմ»-ում Սայիդը կարողացավ հիմնավորել առաջ քաշած տեսակետները, որոնք նկարագրում էին Արևելքը՝ իբրև իռացիոնալ, էկզոտիկ, հետամնաց տարածաշրջան, իսկ արևելյան հասարակությունները՝ տիպային, վայրի և առասպելական։ Նա այս գրքում կարողացավ հիմնավորել այն վարկածը, որ նորագույն շրջանում հատկապես արևմտյան գիտնականների կողմից Արևելքն Արևմուտքին իբրև հակադիր բևեռ ներկայացնելը մեծապես պայմանավորված էր գաղութատիրական քաղաքականության արդարացմամբ։ Նա բոլորովին նոր մտածողություն և հայացք ձևավորեց դասական արևելագիտության մեջ՝ ցույց տալով, թե ինչպես են ակադեմիական գիտակարգերը՝ բանասիրությունը, պատմագիտությունն ու տնտեսագիտությունը, նույնիսկ ճամփորդական պարզ նոթերը քաղաքական գերիշխանության հաստատման գործիք դառնում։ Սայիդի վերլուծություններն ընթերցողին թույլ են տալիս հասկանալ, թե ինչ ազդեցություն են ունենում մշակույթների վերաբերյալ ձևավորված կանխակալ մոտեցումները քաղաքականության վրա։ Արդի հասարակական գիտությունների տեսանկյունից ևս «Օրիենտալիզմ»-ը շահեկան դիրքերում է, քանի որ հիմնարար նշանակություն է ձեռք բերել հետգաղութային մշակույթների ուսումնասիրության, մարդաբանության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության ոլորտներում։ Եվ ուշագրավն այն է, որ պատմական անցյալն ուսումնասիրելու Սայիդի մեթոդները գործառնական են ոչ միայն Միջին Արևելքի, այլ նաև այն տարածաշրջանների պարագայում, որտեղ մի մշակույթը մյուսի համեմատ ներկայացվում է որպես գերիշխող ու բարձր, որտեղ կարելի է տեսնել գաղութատիրության հետքերը։  

Գրքի այսչափ տարածումն ու նորանոր լեզուներով թարգմանությունների ի հայտ գալը, իմ կարծիքով, պայմանավորված է նախ և առաջ աշխարհաքաղաքական գործոններով, քանի որ ինչպես տեսնում ենք Միջին Արևելքում չեն դադարում հակամարտությունները, նոր թափ են ստանում իսլամաֆոբիան, միգրացիոն գործընթացները և այլն։

Սայիդն իր նշանավոր մենագրության մեջ «օրիենտալիզմ» հասկացությունը սահմանում է որպես «խոսույթ», այսինքն՝ գիտելիքի և իշխանության փոխկապակցված համակարգ, որը վերարտադրելով Արևելքի մասին պատկերացումը, այն ներկայացնում է իբրև ճանաչելի և կառավարելի օբյեկտ։ Մի՞թե այս սահմանումը կողմնակալ չէ, և արդյո՞ք այն միտված չէ միայն արևումուտքի վարած քաղաքականության քննադատությանը։

Օրիենտալիզմը՝ որպես «խոսույթ», որպես գիտելիքի և իշխանության փոխկապակցված համակարգ, թերևս ունի ավելի լայն՝ կոնցեպտուալ պարունակ։ Չպետք է մոռանալ, որ նա այս աշխատությունը գրելիս, մեծապես ազդվել է պոստմոդեռնի փիլիսոփայությունից, հատկապես Միշել Ֆուկոյի տեսություններից և Անտոնիո Գրամշիի առաջ քաշած մշակութային գերիշխանության գաղափարից։ Եվ, ուրեմն, դատելով արևելաբանության մասին նրա սահմանումից, պետք է նկատել, որ Սայիդի քննադատությունն ուղղված է ոչ այնքան արևմտյան գիտնականներին, որքան այն հաստատություններին, որոնք այդ գիտնականների մշակած նյութն ու ստեղծած գիտելիքը ծառայեցրել են «կայսերական» գաղութային քաղաքականությանը։ Բազմաթիվ արևմտյան համալսարաններ, հետազոտական ինստիտուտներ և հրատարակչություններ են լծված եղել այդ գործին և նրանց գլխավոր նպատակը, ըստ Սայիդի, եղել է այդ նոր նվաճվող աշխարհի բացահայտումը։ Եվ վերջապես, կարծում եմ, որ նրա սահմանումը պետք է ընկալել որպես քննադատական-վերլուծական մոտեցում, այլ ոչ թե Արևմուտք–Արևելք փոխհարաբերությունների պատմության համապարփակ նկարագրություն։ Կարելի է փաստել նաև, որ «Օրիենտալիզմ»-ը ոչ միայն արևմտյան գաղութատիրության դեմ գրված քննադատական երկ է, այլ նաև արևմտյան ընթերցողին հավասարը հավասարին ներկայանալու փորձ։ 

Տեքստայնություն և իրականություն 

Սայիդը գրում է, որ Արևելքի մասին պատկերացումն ի սկզբանե եղել է «տեքստուալացված», ասել է թե՝ արևմտյան հետազոտողներն ու արվեստագետներն այն բացահայտել են նախ տարաբնույթ տեքստերի միջոցով, այլ ոչ անմիջական փորձառությամբ (ինչպես, օրինակ, Գյոթեի, Պուշկինի, Ֆլոբերի և այլոց պարագայում)։ Ի՞նչ եք կարծում՝ եվրոպացի արվեստագետների ստեղծած «արևելյան հեքիաթի» մտապատկերը միայն գեղագիտակա՞ն փնտրտուքի արդյունք էր։  

Ձեր նշած գեղագիտական փնտրտուքը, իհարկե, կարևոր դեր ուներ եվրոպացի արվեստագետների համար, հատկապես 18-րդ դարում։ Բացի այդ, առանցքային էր նաև գրական ավանդույթի դերը, քանի որ եվրոպացի հեղինակներն Արևելքին ծանոթ էին անկասկած ավելի վաղ շրջանից և հայտնի տեքստերի՝ թարգմանությունների, ճանապարհորդական նոթերի, պատմագրական աղբյուրների, և հատկապես «Հազար ու մեկ գիշերվա» նման առասպելախառն պատմությունների միջոցով։ 

Այդ տեքստերը եվրոպացիների երևակայության մեջ կառուցել էին մի աշխարհ, որը հեռու էր իրականությունից, բայց և առանցքային նշանակություն ուներ, քանի որ նրանց մտքում հյուսում էր «Արևելքի հեքիաթը»։ Նոր և նորագույն շրջաններում արդեն գրողներն ու արվեստագետները հաճախ վերարտադրում էին Արևելքի մասին եղած պատկերային մոտիվները՝ անշուշտ հարստացնելով դրանք նորանոր վերապատումներով։ Այս տևական գործընթացը, որն առաջին հայացքից կարելի է բնորոշել իբրև պարզ ստեղծագործական միտում, հետագայում, ինչպես կտեսնենք, ունենալու էր քաղաքական մեծ ազդեցություն։ Այդ պատումների, խոսույթների ամբողջությունը ձևավորելու էր Միջին Արևելքի նվաճման քաղաքական հիմքը, որը հաջողությամբ օգտագործելու էին կայսրությունները։ Այսպիսով՝ Արևելքը պատկերող թեմաների լայն տարածումը գեղանկարչության, երաժշտության և գրականության մեջ ձևավորեց մի մտացածին աշխարհագրական տարածք, որը կարիք ուներ նվաճման և ինքնաճանաչման։ Եթե, ասենք, դեռ միջնադարից հայտնի Խաչակրաց արշավանքների շրջանում Հռոմեական եկեղեցու վարած քաղաքականության հիմքում Երուսաղեմի և սուրբ վայրերի ազատագրումն էր «անհավատաներից», ապա 19-րդ դարում Նապոլեոնի եգիպտական արշավանքն արդեն քաղաքակրթական բնույթ ուներ և միտված էր ուսումնասիրելու եգիպտական հնագույն մշակույթը, ինչպես նաև անխափան կապ ստեղծելու Ֆրանսիայի և նրա ասիական գաղութների միջև։ Ի դեպ, այդ արշավանքի ընթացքում Նապոլեոնի բանակին միացան բազմաթիվ նկարիչներ, գրողներ ու գիտնականներ, որոնք տարված էին Արևելքով և, բնականաբար, գաղութատիրական քաղաքականության ջատագովներն էին։ 

Այսպիսով կարելի՞ է Բոնապարտի արշավանքը դեպի Եգիպտոս համարել եվրոպացիների կողմից Միջին Արևելքի գաղութացման պաշտոնական սկիզբը։

Թե՛ անգլիացիների, թե՛ ֆրանսիացիների վարած գաղութային քաղաքականության շարժառիթները, բնականաբար, տնտեսական և ռազմավարական էին, գերխնդիր էին առևտրային ուղիների ապահովումը, տնտեսական շահերը և ռազմական կարողությունների ընդլայնումը։ Այս պարունակում Նապոլեոնի եգիպտական արշավանքը (1798–1801) կարելի է դիտարկել որպես որակական շրջադարձ, քանի որ այն միավորեց ռազմական նվաճման և համակարգված գիտական ուսումնասիրությունների փորձը։ 

Արշավախմբի կազմում ընդգրկված գիտնականները ստեղծեցին Եգիպտոսի տարածքի հասարակության և պատմության համապարփակ նկարագրություն, որն ամփոփվեց «Description de l’Égypte» աշխատության մեջ։ Եվ, ինչպես նշում է Սայիդը, Եգիպտոսը դարձավ ոչ միայն ռազմական ուժով, այլև գիտելիքով կառավարվող պրոտեկտորատ։ Այնուամենայնիվ, այս արշավանքը դժվար է համարել Մերձավոր Արևելքի գաղութացման «պաշտոնական» սկիզբը, քանի որ եվրոպացիների ներգրավվածությունը տարածաշրջանում զգալի էր ավելի վաղ։ Ինչ վերաբերում է բուն Եգիպտոսին, ապա այն անմիջապես չվերածվեց կայուն գաղութի։ Ավելի ճիշտ կլինի, կարծում եմ, այդ արշավանքը դիտարկել եվրոպական գերիշխանության նոր փուլ՝ ուղղակի ռազմական և վարչական միջամտության սկիզբ, որը հետագայում հանգեցնելու էր տարածաշրջանում գաղութային համակարգի ձևավորմանը։

Եվրոպակենտրոնության խնդիրը 

Սայիդը ցույց է տալիս, թե ինչպես են նշանավոր ֆրանսիացի արևելագետներ Սիլվեստր դը Սասը և Էռնեստ Ռենանն իրենց աշխատություններում կառուցում «Արևելքը» որպես անշոշափելի, մշտապես կայուն և պատմական գործընթացներից դուրս մնացած միավոր։ Արդյոք կարելի՞ է Արևելքի մասին այս պատկերացումը բնորոշել որպես եվրոպակենտրոն մոտեցում։ 

Արևելքի վերաբերյալ այս ընկալումը կարելի է բնութագրել որպես եվրոպակենտրոն մոտեցում, թեև այս հարցում, անշուշտ, կարևոր է նաև ժամանակի գործոնը, դարաշրջանի ընդհանուր նկարագիրը։ Արևելքը ժամանակից դուրս, կարծրացած և Արևմուտքից էապես տարբեր միավոր ներկայացնելն արտացոլում էր եվրոպակենտրոնության հիմնական հատկանիշներից մեկը, որը Եվրոպան դիտարկում էր որպես պատմական առաջընթացի չափանիշ։ Լուսավորականության և դրան հաջորդող դարաշրջանի պատմագրության մեջ տարածված էր այն գաղափարը, որ մարդկության պատմությունը շարժվում է մեկ ուղղությամբ՝ դեպի շարունակական առաջընթաց, բանականություն և ազատություն, որոնք, բնականաբար, իրենց բարձրագույն արտահայտությունն էին գտել Եվրոպայում։ Այն հասարակությունները, որոնք չէին տեղավորվում այդ ձևաչափի մեջ, համարվում էին պատմությունից դուրս մնացած։ Արևելքը ներքին զարգացումից զուրկ տարածաշրջան ներկայացնելով Սիլվեստր դը Սասիի և Էռնեստ Ռենանի նման գիտնականներն անուղղակիորեն ամրապնդում էին Եվրոպայի ինքնությունը՝ որպես քաղաքակիրթ աշխարհի հիմնական շարժիչ։ Միաժամանակ, եթե հաշվի առնենք այդ գիտնականների գործունեության առավել լայն պարունակը, չենք կարող չնշել, որ Սիլվեստեր դը Սասիի բանասիրական խստապահանջությունը, օրինակ, հիմք դրեց արդիական արաբագիտությանը, իսկ Էռնեստ Ռենանի հայեցողական տեսակետները սեմական լեզուների և իսլամական քաղաքակրթության վերաբերյալ կարևոր բանավեճերի առիթ դարձան։ Ամփոփելով, կարող եմ ասել, որ Արևելքը «պատմությունից դուրս» ներկայացնելը եվրոպակենտրոն մտածողության դասական արտահայտություն էր, ինչը մեծապես պայմանավորված էր 19-րդ դարի գիտաքննական մեթոդներով, մշակութային կանխադրույթներով և, իհարկե, աշխարհաքաղաքական իրողություններով։ 

Արևելագիտական դպրոցների տարբերությունները

Հետաքրքրական է այն, որ Սայիդը, անդրադառնալով անգլո–ֆրանսիական արևելագիտական դպրոցներին, մոռացության է մատնել գերմանական և ռուսական արևելագիտության ավանդները։ Փոխարենը՝ գրքի վերջին հատվածներում Սայիդը վերլուծում է արևելագիտության ամերիկյան դպրոցի առանձնահատկությունները՝ այն բնորոշելով որպես «փորձագիտական», ինչն էապես տարբերվում է տարածաշրջանն ուսումնասիրող եվրոպացիների կիրառած դասական քննական մեթոդներից։ Ձեզ զարմանալի չի՞ թվում ամերիկյան արևելագիտությանն ուղղված Սայիդի առավել մեղմ քննադատությունը. մի՞թե նա չէր ցանկանում տեսնել, որ վերջին տասնամյակներում ԱՄՆ-ն ևս Միջին Արևելքում վարում է գաղութային քաղաքականություն։  

Սայիդի հարաբերական անուշադրությունը գերմանական և ռուսական արևելագիտության հանդեպ թերևս կարելի է բացատրել նրանով, որ «Օրիենտալիզմ»-ում գիտնականի առաջ քաշած գլխավոր դրույթները կառուցվել են Միջին Արևելքում գաղութային քաղաքականության ուսումնասիրության վրա։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կառավարում էին Արաբական թերակղզու, Աֆրիկայի և Հարավային Ասիայի հսկայական տարածքներ, ուստի նրանց գիտական ավանդույթները շատ ավելի վաղ շրջանում էին ձևավորվել, և այդպիսով, բնական է, որ Սայիդի քննադատությունը պիտի հենց այդ դպրոցներին ուղղված լիներ։ Սայիդը կենտրոնանում է այն տարածաշրջանների վրա, որտեղ Բրիտանական կայսրությունն ու Ֆրանսիան ստեղծել էին քաղաքական, ռազմական և մշակութային գերիշխանություն, իսկ գերմանական և ռուսական արևելագիտությունը ձևավորվել էր ավելի ուշ ակադեմիական հիմքի վրա և ուղղակիորեն կապված չէր գաղութային վարչարարության գործնական պահանջներին։ 

Ամերիկյան դպրոցի տարբերությունն արդեն մատնանշում է դասական օրիենտալիզմից դեպի արդի տարածաշրջանային ուսումնասիրություններին անցումը և, ընդհանուր առմամբ, արևելագիտության մեջ փորձառական հետազոտությունների կարևորությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ազդեցությունը բանեցնում էր դիվանագիտական, ռազմական, տնտեսական, հետախուզական ցանցերի միջոցով և այդ ինստիտուտների հավաքած գիտելիքն ուղղված էր գործնական խնդիրների լուծմանը՝ անվտանգություն, ռազմավարական շահերի սպասարկում։ Հետաքրքիրն այն է, որ Սայիդն ամենևին չի ժխտում ԱՄՆ քաղաքականության կայսերական բնույթը, այլ մեկնաբանում է այն որպես իշխանության հաստատման նոր եղանակ։ Հենվելով Գրամշիի գաղափարներին՝ նա տարբերակում է դասական գաղութային տիրապետությունը և առանց տարածքային վերահսկողության քաղաքական ազդեցությունը Միջին Արևելքում։ Այս իմաստով ամերիկյան օրիենտալիզմը գործում է մեդիայի միջոցով ձևավորված պատկերացումների, ակադեմիական հետազոտությունների, զարգացման ձևաչափերի և ռազմավարությունների միջոցով։ 

«Պաղեստինյան» հարցի արծարծումը

Թեև «Օրիենտալիզմ»-ն ուղղակիորեն դժվար է քաղաքական երկասիրություն կոչելը, բայց և այնպես, անհնար է չնկատել, որ գիրքը շարադրված է քաղաքական բառապաշարով պաղեստինյան ծագում ունեցող մտավորականի դիրքից։ Ի՞նչ եք կարծում, արդյոք այս գիրքը փորձ չէ՞ր արևմտյան գիտնականների ուշադրությունը «Պաղեստինյան հարցին» սևեռելու, ինչ-որ առումով ցանկություն նաև ցույց տալու, որ պաղեստինցիների պայքարն արդարացի է և արաբաիսրայելական հակամարտությունն իրականում արևմտյան գաղութատիրության հետևանքն է։ 

Սայիդի «Օրիենտալիզմ» աշխատության կարևորությունը պայմանավորված է նրանով, որ այն տեսական հիմք ստեղծեց գաղութատիրության պատմական, մշակութային, քաղաքական և գաղափարական հետևանքների ուսումնասիրության համար նախկին գաղութացած հասարակություններում՝ ձևավորելով այն գիտական ուղղությունը, որը հայտնի է «postcolonial studies» անունով։ Անշուշտ, հետգաղութային ուսումնասիրությունների շրջանակում պաղեստինյան հարցը դիտարկվում է որպես կարևոր խնդիր, նույնիսկ եթե գրքում այն բացահայտորեն չի արծարծվում։ Այս առումով աշխատությունը փորձում է բացատրել այն պատմական և գաղափարական նախադրյալները, որոնք ձևավորել են Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հավաքական Արևմուտքի կարծիքը։ Նրա պնդմամբ՝ առանց տարածաշրջանում արևմտյան ուժերի ներգրավվածության վերաբերյալ պատմական փաստերի ավելի խորը ուսումնասիրության, անհնար է ամբողջական պատկերացում կազմել արաբաիսրայելական հակամարտության մասին։ 

Իր գրքում Սայիդը ցույց է տալիս նաև, թե ինչպես է Արևմուտքում ձևավորված օրիենտալիստական խոսույթը հաճախ անտեսել արաբների և առհասարակ իսլամական հասարակությունների քաղաքական պահանջները։ Հետագայում գրված աշխատություններում, ինչպես օրինակ՝ «Պաղեստինյան հարցը» գրքում, Սայիդն արդեն ուղղակիորեն անդրադառնում է այդ քաղաքական պահանջներին: 

Սայիդը քննադատում է «Արևելք-Արևմուտք» երկբևեռ հակադրությունը։ Սակայն իր վերլուծություններում երբեմն ինքն էլ վերարտադրում է այդ ընդդիմախոսությունը՝ այն դարձնելով մի տեսակ ենթագիտակցական մտածողություն։ Արդյոք այդ բևեռների հաշտեցումը հնարավոր է իրագործել մշակույթի և մասնավորապես գրականության միջոցով։ 

Թեև Էդուարդ Սայիդը խստորեն քննադատում է «Արևելքի» և «Արևմուտքի» միջև ձևավորված հակադրությունը, այնուհանդերձ նա ընդունում է այդ երևույթի գոյությունը և ցույց տալիս, որ այն ձևավորվել է արհեստականորեն, և որ հնարավոր չէ այդ հակադրությունը պարզապես վերացնել կամ անտեսել։ Մեր օրերում, իհարկե, չափազանց լավատեսական կլիներ կարծելը, թե գրականությունն ու մշակույթը կարող են հաշտեցնել «Արևելքն» ու «Արևմուտքը»։ Քանի դեռ գաղութատիրության տարբեր դրսևորումները՝ ռազմական, տնտեսական, քաղաքական շարունակում են պայմանավորել միջազգային հարաբերությունների ընթացքը, մշակութային երկխոսությունը կմնա դժվարին և բևեռացված։ Մշակույթը, ըստ Սայիդի, կարող է բացահայտել անարդարությունը, վեր հանել լռեցված ձայները և ստեղծել դիմադրության ճակատներ, սակայն ինքնին չի կարող վերացնել այն քաղաքական իրողությունները, որոնք պահպանում և խորացնում են այդ առճակատումը։ 

Ձեր կարծիքով Սայիդի ժամանակակից ո՞ր արաբ հեղինակներն են հաղթահարել պոպուլիզմի գայթակղությունը և դարձել խոշոր մտածողներ, որոնք էական ազդեցություն են ունեցել Արաբական Արևելքի ինտելեկտուալ-քաղաքական հոսանքների զարգացման վրա։

Անդրադառնալով Ձեր վերջին հարցին՝ կառանձնացնեի հատկապես Մահմուդ Դերվիշի, Նավալ Սաադավիի, Սոնալլահ Իբրահիմի, Տայեբ Սալիհին, Աբդ ալ-Ռահման Մունիֆի, Ղասան Քանաֆանիի անունները, որոնց մտածողությունն ու քաղաքական հայացքները շարունակում են արդիական մնալ ժամանակակից արաբական աշխարհում:  

 

*Գիրքը լույս է տեսել Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարով

Կարդացեք նաև

«Դոն Կիխոտը» հայերեն՝ ներկա-բացակա

«Դոն Կիխոտը» հայերեն՝ ներկա-բացակա

Արամ Պաչյան
Մյս 12, 2023

Համաշխարհային գրականության անկյունաքարերից՝ Սերվանտեսի «Դոն Կիխոտը», տարատեսակ իրողությունների բերումով, երկու հատոր կազմող վեպի հայերեն թարգմանությունը լիարժեքորեն չի հասել ընթերցողի սեղանին, գրում է Արամ Պաչյանը։

Read more
Alice Ter-Ghevondian

Թարգմանության աներևույթ խնդիրների մասին

Ալիս Տեր-Ղևոնդյան
Մրտ 2, 2023

Թարգմանությունն ինքնին բավական մեկուսի զբաղմունք է, ինչը չի նշանակում, որ թարգմանիչները մասնագիտական շփման կարիք չունեն, ընդ որում՝ ոչ միայն միմյանց, այլև հրատարակիչների, խմբագիրների ու սրբագրիչների հետ։ Գրում է Ալիս Տեր-Ղևոնդյանը՝ անդրադառնալով թարգմանությանն առնչվող արդիական այլ խնդիրների։

Read more

Ալան Բադիուի «Դարը»

Արման Ղարագուլյան
Հնվ 20, 2023

Լույս է տեսել ժամանակակից ամենահայտնի ֆրանսիացի փիլիսոփաներից Ալան Բադիուի «Դարը» գրքի հայերեն թարգմանությունը: Արման Ղարագուլյանն անդրադառնում է աշխատությանը։

Read more
Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտության» հայերեն թարգմանության շուրջ

Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտության» հայերեն թարգմանության շուրջ

Նաիրա Մկրտչյան
Դկտ 2, 2022

Լույս է տեսել 20-րդ դարի ականավոր ֆրանսիացի մտածող Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» գործի հայերեն թարգմանությունը: Նաիրա Մկրտչյանն անդրադառնում է աշխատությանը։

Read more

Բայց և սակայն, այնուամենայնիվ․․․

Փոդքաստ

Սփյուռքահայ ժառանգության նոր հանգրվանը

EVN Report
Մյս 22, 2026

Արշիլ Գորկի, Վիլյամ Սարոյան, Գառզու, Շահան Շահնուր… ամեն մի հայտնի սփյուռքահայ գործչի hետևում ստվերված են հարյուրավոր այլ տաղանդաշատ արվեստագետների անուններ, որոնք մեզ քիչ են ծանոթ ու նույնիսկ անհայտ են։ Իսկ ի՞նչ է լինելու նրանց ժառանգության հետ, և ո՞ւմ պատասխանատվությունն է այդ բեռը հոգալ։ Այս հրատապ հարցի շուրջ զրուցում ենք «Սեմ» հիմնադրամի համահիմնադիր, բելգիաբնակ ճարտարապետ Մովսես Տէր Գէորգեանի հետ։ Հիմնադրամի հետ կապ հաստատելու համար։ [email protected]

Read more

Ժամանակակից արվեստը պատերազմի ստվերում

EVN Report
Ապր 16, 2026

Ի՞նչ է նշանակում ստեղծագործել, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը դառնում է առօրյա։ Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակից, համադրող Միշել Ալավերդյանը պատմում է իրանցի արվեստագետների ներքին պայքարի և ընդհատակյա գործունեության մասին՝ անդրադառնալով նաև Իրան-Հայաստան մշակութային կամուրջներին։

Read more

Արվեստանոցից ցուցասրահ

EVN Report
Փտր 17, 2026

Հայաստանյան ժամանակակից արվեստի տեսանելիությունը մեծացնելու և տեղական շուկայի ստեղծման առաջին քայլերն անելու նպատակով Ատամյան-Հովսեփյան կուրատորական պրակտիկան՝ հիմնված 2022 թվականին Նյու Յորքում, իր մասնաճյուղն է բացել Հայաստանում։ Վիգեն Գալստյանը զրուցում է համահիմնադիր Թամար Հովսեփյանի հետ։

Read more

Աշխարհի միջով՝ տուն. Ցոլակ Թոփչյան

EVN Report
Նյմ 20, 2025

Բայց և սակայն, այնուամենայնիվ․․․ Անկախությունից հետո հայաստանյան բազում արվեստագետներ մշտական բնակություն են հաստատել աշխարհի տարբեր անկյուններում։ Սակայն շատերի ստեղծագործությունները մնում են կապված հայրենիքի հետ՝ դարձնելով «հայկական» ժամանակակից արվեստն ապակենտրոնացված ու միջազգային, նոր հարցադրումներ ու ձևակերպումներ առաջադրող։ Այս մասին զրուցում ենք բեռլինաբնակ, գյումրեցի արվեստագետ Ցոլակ Թոփչյանի հետ՝ Հայաստանում իր առաջին անհատական ցուցահանդեսի շրջանակներում։

Read more

Երևանյան ֆոտո-մեքքայի ոդիսականը

EVN Report
Հկտ 23, 2025

Վերջին տասը տարիներին լուսանկարչությամբ հետաքրքրվող երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար միակ հստակ ուղղությունը Միրզոյան գրադարանն էր՝ բացառիկ ֆոտոգրքերով, առաջադեմ ցուցահանդեսներով, ինքնատիպ սրճարանով և միջավայրով։ Սակայն, 2025 թվականին Գրադարանը փակեց դռները։ Ի՞նչ է ասում նման կայացած նախաձեռնության անկումը տեղական մշակութային դաշտի մասին։ Ի՞նչ հեռանկարներ ունեն ծանր տնտեսական պայմաններում գործող նման անկախ մշակութային կազմակերպությունները։ Այս ցավոտ հարցերին լավատեսական պատասխաններն ենք փնտրում Գրադարանի հիմնադիր տնօրեն, լուսանկարիչ Կարեն Միրզոյանի հետ զրույցում։

Read more

Մեր հոդվածները լսեք ՁայնաԳիր

ՁայնաԳիր audio article
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Մշակույթ
      • Ընտրություններ
      • Ստեղծարար Tech

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ