
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Ալան Բադիուն ժամանակակից ամենահայտնի ֆրանսիացի փիլիսոփաներից մեկն է։ Իր կյանքի ընթացքում լինելով ակտիվ քաղաքական մարտիկ՝ Բադիուն նույնքան ջանասիրաբար և մարտականորեն տրամադրված է կատարում իր հետազոտությունները փիլիսոփայության ոլորտում։ Ցուցաբերելով համադրության, ինքնատիպ վերլուծական աշխատանքի և համոզմունքի ուժի բոլոր առավելությունները՝ Բադիուն իր գործերում նպատակադրվում է վեր հանել ժամանակաշրջանի էությունը կազմավորող հիմնարար թեզերը և հասկացությունները։ Ավելին, Բադիուն համոզված է, որ փիլիսոփայությունն իր ժամանակի մասին պետք է խոսի հենց ժամանակի կենդանի լեզվով՝ մի կողմ թողնելով փիլիսոփայության համար ավանդական դարձած «հավերժական հարցերի» մտահայեցողական կաղապարները։ Հեղինակն իրականացնում է իր տեսլականը՝ օգտագործելով գաղափարների շարադրման յուրահատուկ լեզու։ Օրինակ, որպես Լուի Ալթյուսերի լուրջ ազդեցությունը կրած փիլիսոփա՝ Բադիուն կարծում է, թե մաթեմատիկան միակ լեզուն է, որով հնարավոր է ձևակերպել գոյաբանությունը։ Մյուս կողմից, Բադիուն օժտված է գրականության աշխարհի չափազանց նուրբ զգացողությամբ, երևակայությամբ և կանխազգացմամբ։ Սա Բադիուի աշխատանքներին տալիս է յուրահատուկ հմայք. դրանք դուրս են ավանդական փիլիսոփայական աշխատանքներին ներհատուկ «ձևի ճշտությունից»։
Բադիուն հետևողականորեն պայքարում է ժամանակաշրջանի մտավորական կաղապարների դեմ. մարդասիրությունը, ժողովրդավարությունը, մարդու բարձրագույն արժեք լինելն իրականում ընդամենը ցուցադրական արժեքներ են և չեն արտացոլում մարդկային կեցության ներկա մարտահրավերները։ Ժամանակակից մարդասիրության քաղաքական-գաղափարախոսական ոչ միանշանակ ուղղվածությունը քննադատելով՝ Բադիուն, ըստ էության, միանում է հակամարդասերների ճամբարին։ Համաձայն հակամարդասիրության՝ այսպես կոչված «մարդասիրական» արժեքները կեղծ են, ապաբարոյական, ոչ իրավական և, վերջին հաշվով, մարդկությանն ու հասարակությանը վնասող։ Օրինակ, այս առումով «Դարը» աշխատանքի 13-րդ գլխում («Մարդու և Աստծո զուգակից անհետացումներ») Բադիուն շատ դիպուկ է նկատում, որ մեր կյանքում Աստծո՝ որպես բացարձակի մահվանից հետո մարդուն մնում է միայն իր կենսաբանական շրջանակներում գոյատևելը։ Այն, ինչ ժամանակակից ժողովրդավարությունները փորձում են պարտադրել մոլորակին, «անասնական մարդասիրություն» է։ Մարդը, ըստ այդմ, գոյություն ունի միմիայն որպես խղճահարության արժանի էակ։
Եթե փորձենք հասկանալ «Դարը» աշխատանքի ընդհանուր էությունը, ապա այն նախ և առաջ կարելի է որակել որպես պատմության փիլիսոփայություն։ Միևնույն ժամանակ, «Դարը» յուրահատուկ է նման կարգի աշխատանքների շարքում։ Բադիուն դուրս է գալիս պատմության փիլիսոփայության մեջ ձևավորված այն ավանդույթից, համաձայն որի՝ պատմությունն ունի որոշակի ներքին օրինաչափություններ և կամ նպատակներ, այն օբյեկտիվ է և, հետևաբար, յուրաքանչյուր պատմական դարաշրջանի էութենական գծերը կարող են բխեցվել նախորդ դարաշրջաններում հայտնաբերված ինչ-ինչ օրինաչափություններից, կամ բացատրվել՝ ելնելով որոշակի վերպատմական նպատակակետի առկայությունից։ Նմանատիպ մոտեցումը թույլ է տալիս կոնկրետ ժամանակաշրջանի առանձնահատկությունները վերլուծել դրսից՝ վերջինս դիտարկելով որպես անցյալի պատմական փաստերի յուրահատուկ ամբողջություն։
Բադիուի «Դարը» վիճարկում է ավանդական այս մոտեցումը և, հաշվի առնելով գրքի հաջողվածության աստիճանն ու արձագանքները, կարող ենք ասել, որ նա որոշակիորեն հասնում է իր նպատակին։
Առաջնորդվելով ճշմարտությանը հասնելու չորս գործընթացների (արվեստ, սեր, քաղաքականություն, գիտություն) իր մոտեցմամբ՝ Բադիուն «Դարը» աշխատությունում միահյուսում է փիլիսոփայությունը, քաղաքականությունը, գրականությունն ու թատերգությունը և փորձում է տալ քաղաքակրթական առումով չափազանց կարևոր հարցերի լուծման բանալիները. ի՞նչ է իրենից ներկայացնում 20-րդ դարը, ե՞րբ է այն սկսվում և որտե՞ղ է ավարտվում, որո՞նք են նրա էութենական դիմագծերը, և ի՞նչն է բնորոշում նրա խորքային ոգին։
Արդյոք այն առավելապես «խորհրդայի՞ն» դար է, որի սկիզբը և վերջը համընկնում են Խորհրդային Միության ձևավորման ու փլուզման հետ, թե՞ առավել կարճատև և հանցագործություններով լեցուն «ամբողջատիրական» դարաշրջան: Իսկ միգուցե ավելի տեղին է այն համարել «ազատականությա՞ն» դար, որը կարևորվեց «անսահմանափակ Շուկայի» և «անափ Ժողովրդավարության» հաղթանակով։
Բադիուն հակառակվում է ընդհանուր տարածում գտած այն մոտեցմանը, համաձայն որի 20-րդ դարն առաջնորդվում էր հիասքանչ ապագայի խոստումներով և կամ էլ երկրային դրախտի պատրանքներով։ Նա չի կիսում նաև այն հակադիր կարծիքը, համաձայն որի՝ նախորդ դարը կոտրված հույսերի դարաշրջան է։
Կարելի է անվերջ բանավիճել տարբեր իրադարձային հարցերի ու որակավորումների շուրջ, սակայն Բադիուն գնում է այլ ճանապարհով. ոչ թե բանավիճել, թե ինչ է կատարվել դարի ընթացքում, այլ հասկանալ, թե ինչ է մտածվել։ Սրա համար պետք է հասկանալ դարը՝ որպես կենդանի էություն, զգալ նրա ապրելու «կիրքը» և դարին դրսից ուղղված հայացքը փոխարինել ներսից ըմբռնողականությամբ։
Մոտեցումը, անշուշտ, խոստումնալից է, բայց, միաժամանակ, մարտահրավերներով լեցուն։ Ինչպե՞ս է հնարավոր իմաստավորել այն մտքերը, որոնք 20-րդ դարը լցրին ցնցումներով և աղետներով (պատերազմներ, գազախցիկներ, կոտորածներ, կտտանք, կազմակերպված պետական ոճրագործություններ ստալինյան ԽՍՀՄ-ում և նացիստական Գերմանիայում), ստեղծեցին մեծ Ոճիրը (Բադիուն մեծ Ոճիր է համարում Եվրոպայի հրեաների բնաջնջումը)։ Բադիուն նման տարակուսանքը չի ընդունում։ Վերջին հաշվով, եթե մենք չենք կարող մտածել այնպես, ինչպես, օրինակ, մտածում էին նացիստները, մենք չենք կարողանա իմաստավորել այն ողջ խորությամբ, հետևաբար, ձեռնարկել նաև այնպիսի քաղաքական միջոցառումներ, որոնք թույլ կտային փակել նման արարքների կրկնման հավանակությունը։ «Քանի դեռ նացիստական միտքը չի մտածվել, այն շարունակում է մնալ մեզ հետ՝ չմտածված, և ուրեմն՝ անկործան»,- պնդում է Բադիուն։ Տնօրինելով դարի մտածելի լինելը՝ Բադիուն կարծում է, որ գուցե այս դեպքում մենք կկարողանանք դատողությունները փոխարինել խնդիրների լուծմամբ։
Առաջին հայացքից կարող է խորշելի թվալ Բադիուի առաջարկությունը՝ մտածել նացիստական միտքը այնպես, ինչպես այն եղել է իր ժամանակաշրջանում։ Մյուս կողմից, արդյոք ներկա ժամանակաշրջանում եվրոպական աշխարհամասը ցնցող իրադարձությունները հենց այն բանի պակասը չեն, որ ժամանակին լիարժեքորեն չմտածվեցին այն մտքերն ու գաղափարները, որոնք 20-րդ դարի սկզբնամասում միլիոնավոր մարդկանց կյանքերից զրկելու պատճառ դարձան։
Բադիուն գրքում պարբերաբար կրկնում է իր մոտեցման նորույթը. «Դարը հասկանալու համար պետք է մի կողմ դնել դարաշրջանի տարբեր իրադարձությունների վերլուծությունը և դարին նայել ներսից։ Մտածել ու զգալ դարը այնպես, ինչպես այն ապրվել է հենց Դարի ու իր ներկայացուցիչների կողմից։ Ուստի, պատահական չէ, որ գրքի «հերոսների» շարքում մենք տեսնում ենք դարաշրջանի ականավոր փիլիսոփաների և «նկարիչների» մի հոյակապ համաստեղություն՝ Ժան Պոլ Սարտր, Միշել Ֆուկո, Մարտին Հայդեգեր, Զիգմունդ Ֆրոյդ, Օսիպ Մանդելշտամ, Պաուլ Ցելան, Ստեֆան Մալարմե, Բերտոլդ Բրեխտ, Կազիմիր Մալևիչ, Անդրե Բրետոն…
Բադիուն հրաժարվում է դարի մեխանիկական և իրադարձային պատկերից՝ գերապատվությունը տալով օրգանական ըմբռնմանը։ Որպես վավերանյութ վերլուծելով դարի իմաստին վերաբերող հենց դարի գործիչների տեքստերը՝ նա տալիս է դարի առանցքային վկայությունները, որոնք իրենց բնույթով պոետիկ են. Մանդելշտամի «Դարը» (գլուխ 2) տալիս է դար-գազանի այլաբանությունը, որտեղ ռենտգենի է ենթարկվում այդ գազանը, ստեղծվում է կմախքի և ոսկրափնջի պատկերը, քննվում նրա կենսունակությունը և ողնաշարի ամրությունը։ «Ո՞ր իմաստով որևէ դար կարող է համարվել կենդանի, ի՞նչ է ժամանակի կյանքը, մեր դարն արդյոք կյանքի՞, թե՞ մահվան դար է»։ Եթե դարը պատկերացնում ենք որպես կենդանի և դինամիկ համակարգ ինչպիսի՞ն է նրա հետագիծը. այն անհասցե դեգերումների շա՞րք է, թե՞, ի վերջո, «վերադարձ դեպի ծագումը, իբրև նորույթի դժվարին կառուցում» (գլուխ 8, «Անաբասիս»)։
Բադիուի դինամիկ լեզուն հնարավորություն է տալիս աշխատանքն ընկալել որպես տրամաբանականի և պատկերայինի միջև յուրահատուկ «լարախաղացություն»։ Համադրություններ կատարելու նրա յուրահատուկ ոճը, օրինակ, թույլ է տալիս «Անհաշտելին» բաժնում (գլուխ 3)՝ որպես Մանդելշտամի պոեմի երկրորդ գլխի վերլուծության ներածություն օգտագործել թվերի և վիճակագրության սառը զենքը։ Մեջբերենք ընդամենը մի տվյալ ներկայացրած վիճակագրությունից. Եվրոպայի և Միացյալ Նահանգների բնակիչների՝ օծանելիքի վրա կատարվող տարեկան ծախսով հնարավոր կլիներ մոլորակի ողջ բնակչությունն ապահովել սննդի և խմելու ջրի անհրաժեշտ օրական չափաբաժնով և առողջապահական տարրական նորմերով։ Ոմանց համար սա պարզապես տվյալ է, Բադիուի համար՝ մերձավորի զոհաբերության խորհրդանիշ։ Եվ եթե նույնիսկ ընդունում ենք, որ զոհաբերության խորհրդանիշը քրիստոնեության էական դրույթներից մեկն է, ապա ինչպե՞ս ընդունել կապն անմեղի մահվան և մերձավորի զոհաբերության՝ մի կողմից, և նորի ու ավետման միջև։ Ինչպես կարող էր դարը, որ սկսվել էր վայրագ պատերազմով, շարունակվել էլ ավելի վայրագ պատերազմով…
«Դարի» տարբեր հատվածներում Բադիուն պարբերաբար անդրադառնում է 20-րդ դարը ցնցած պատերազմների թեմային՝ որոշակիորեն ուրվագծելով նաև իր հակապատերազմական դիրքորշումը։
Այսպես, գրքում առաջ է քաշվում տեսակետ, ըստ որի՝ դարի հիմնական մտահղացքներից մեկը, որի միջոցով այն մտածել է իր ստեղծարար էներգիան, ստորադասված են եղել պատերազմի իմաստաբանությանը (էջ 72)։
Սակայն այս պատերազմները դուրս են ժողովրդի ինքնագիտակցություն կազմակերպող հեգելյան կամ նապոլեոնյան պատերազմի ըմբռնումներից։ 20-րդ դարի պատերազմի պատկերացումը վճռական պատերազմն է, վերջին պատերազմը՝ սարսափ, որ էլ չպետք է կրկնվի, ուստի այն պետք է լինի «վերջիններից վերջինը»։
Դարը տենչացել է պատերազմների հարցի «վերջնական» լուծում մի հերթական՝ «ամենավերջին» պատերազմ ձեռնարկելու միջոցով։ Դարի մտասևեռումների մեկը եղել է վերջնականին հասնելու ձգտումը։ Դարի ներքին մոլուցքը «վերջնական կռվի» կիրքն է։
Բադիուն իրավացիորեն նկատում է, որ դարի համար «ավարտել» և «սկսել» բայերն այդպես էլ մնում են չհաշտված։ Դարի ներքին անհաշտության թեման Բադիուի համար առանցքային կարևորություն ներկայացնող հիմնախնդիրներից մեկն է։ Աշխատանքի 6-րդ գլուխը («Մեկը բաժանվում է երկուսի») ամբողջությամբ նվիրված է դարի հակամարտական պառակտման թեմային։
Հեղինակը կարծում է, որ դարի հիմնական խորհրդանիշերից մեկը հենց հակամարտությունն է, և դարի իմաստաբանական ավարտը նա կապում է սառը պատերազմի ավարտի հետ։ Ընդ որում, 20-րդ դարում ներկայացվող հակամարտության թեզերը (դասակարգերի հակամարտությունը կոմունիզմում, ազգերի և ցեղերի հակամարտությունն արմատական ֆաշիզմում) չունեն որևիցե համադրական ներուժ։ Հակամարտության լուծումը կողմերից մեկի վերացումն է, ինչպես դարի բռնարարության նշանը՝ սպանելու կամ սպանվելու այլընտրանքը։
Դարն ինքն իր մասին ասում է, որ նա խոստման դար չէ, այլ կատարման։ Այն գործի դար է, արդյունքի, բացարձակ ներկայի, և ոչ՝ ավետման ու ապագայի։ Հաղթանակների դար, հեղափոխությունների դար… Դարի հիմնական մարմաջն անմիջապես, այստեղ և հիմա իրականացնելին են։ Այստեղ է Բադիուն տեսնում դարի առանձնահատկությունը, նաև՝ թերությունը։ Սա ծնում է դարի հիմնական ախտանիշը։ Բադիուն այսպես է ներկայացնում դարի հիվանդության պատճառների գլխավոր վարկածներից մեկը. «մտածելու չգնացող» դար, պատերազմի հարացույցի գերակայություն, կործանման և սկզբի առեղծվածային հանգույց։
Բադիուն խորապես համոզված է, որ դարի առանձնահատկությունները հասկանալու հարցում արվեստի և քաղաքականության ներքին կապի իմաստավորումը չափազանց կարևոր խնդիր է, որովհետև, ի վերջո, «արվեստի ձևային փոխակերպումների մեջ ավելի շատ քաղաքականություն կա, քան «բուն» քաղաքականության մեջ»։ Այդուհանդերձ, քննադատության իր չափաբաժինն է ստանում նաև 20-րդ դարի արվեստը.
- 20-րդ դարը բացահայտում և բեմ է հանում տգիտության արտասովոր հզորությունը, որ Լականն իրավացիորեն անվանում է «տգիտության մոլուցք»։
- 20-րդ դարը իբրև արվեստ է ներկայացնում այն, ինչ նախկինում թափոն էր։
- Ավանգարդը, որն ի սկզբանե պետք է ընկալվեր որպես առաջապահ, այսօր կորցրել է իր նշանակությունը, ավելին՝ դարձել բացասական։
Արդյունքում, Բադիուն ակնկալում է մալևիչյան ոգով արվեստի վերածնունդ, որ կընդհատի մտքի մշտական կրկնողությունը։ Այսօր մի կողմից առերևույթ ամեն ինչ փոխվում է, մյուս կողմից խորքային պասիվ անշարժություն է, անտարբերության հավիտենականացում։ Ուստի, «ջնջիր հին օրերը» հրամայականն է ժամանակակից արվեստի իրական կարգախոսը։ Իր արարքների մեջ լինելով անհուն՝ արվեստը բոլորովին նախատեսված չէ բավարարելու մարդկանց նրանց սովորական, տաղտկալի կյանքում։ Այն ավելի շուտ նպատակ ունի ստիպել մտածողությանը՝ այն ամենը, ինչ վերաբերում է այդ մտածողությանը՝ հայտարարել արտակարգ։
«Արվեստը ստիպում է մարդկությանն ինքն իր նկատմամբ որոշակի գերազանցություն անել, այդ պատճառով է, որ հռչակագրերն ու մանիֆեստներն այդքան ծանր են» (գլուխ 12, «Անհունը»)։
Բադիուի աշխատանքն էլ յուրահատուկ փիլիսոփայական մանիֆեստ է, ուստի այն ևս ունի որոշակի ծանրություն՝ լեզվաբանական և իմաստաբանական առումներով։ Կարելի է բանավիճել նաև հայերեն թարգմանության տարբեր հարցերի շուրջ։ Բայց մյուս կողմից՝ «Դարը», լինելով դինամիկ աշխատանք, հնարավորություն է տալիս իրեն ընթերցել տարբեր կերպ։ Օրինակ, ի հավելումն ավանդական ընթերցանության տարբերակի՝ կարելի է ծանոթանալ աշխատության բուն էությանը՝ կարդալով առաջին գլուխը, որտեղ ներկայացվում է մոտեցման հիմնական մեթոդը, միջին գլուխներից որևիցե մեկը, որտեղից կարելի է հասկանալ, թե ինչպես է Բադիուն իր մեթոդով առարկայացնում դարի վերաբերյալ իր փիլիսոփայական մտահոգությունները, և վերջին գլուխը, որտեղ քննարկվում է մարդասիրության խնդիրը Աստծո մահվանից հետո։ Գրքի գլուխներից յուրաքանչյուրը կարելի է ընթերցել որպես ինքնուրույն պատմություն, բայց իրենց ամբողջության մեջ Բադիուի առաջարկած պատումները ներկայացնում են Դարի ներսում ծավալվող մտածողների և պոետների պրոմեթևսյան պայքարը հանուն ավելի առաջադեմ հասարակության։ 20-րդ դարը փնտրում է «Փող, ընտանիք, ընտրություններ» կապիտալիստական սկզբունքներից անդին գտնվող հավաքական ուժ՝ մարդկությանն իր իսկական ստեղծագործ հզորությանը վերադարձնելու համար։
Բադիուին հետաքրքիր չէ մարդը որպես ուղղակի գոյ։ Ինչպես ինքն է պնդում, ժամանակակից աշխարհում մարդը դարձել է ընդամենը տվյալների ամբողջություն, մինչդեռ իրական արժեքն ակտիվ գործող սուբյեկտն է։ Այն, ինչ առաջարկում է Բադիուն ժամանակակից մարդուն, Անաբասիսում նկարագրված վճարովի հնազանդության և ծառայության մեջ գտնվող զորախմբի իրականությունն է, որ հանկարծ հայտնվում է իր իսկ որոշումներից կախված իրավիճակում՝ ստիպված լինելով հորինել սեփական ճակատագիրը։ Դեգերումի ազատ գյուտ է, որը դառնալու է վերադարձ։ Վերադարձ, որ դեգերումից առաջ գոյություն չուներ որպես վերադարձի ճանապարհ…
Հետգրություն. «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշարի» շրջանակում լույս է տեսել ժամանակակից ամենահայտնի ֆրանսիացի փիլիսոփաներից Ալան Բադիուի «Դարը» գրքի հայերեն թարգմանությունը:
Տեսեք նաեւ
Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտության» հայերեն թարգմանության շուրջ
Լույս է տեսել 20-րդ դարի ականավոր ֆրանսիացի մտածող Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» գործի հայերեն թարգմանությունը: Նաիրա Մկրտչյանն անդրադառնում է աշխատությանը։
Read moreՀանրայնության կառուցվածքային փոփոխությունը որպես հայաստանյան իրադարձություն
Լույս է տեսել նշանավոր փիլիսոփաներից մեկի՝ Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» գրքի հայերեն թարգմանությունը։ Աշոտ Ոսկանյանն անդրադառնում է գրքին՝ թարգմանությանը, հիմնական թեզերին, ինչպես նաև ներկայացնում հայաստանյան իրողությունները։
Read moreԿետաձկան ծիծաղը
Գյումրեցի արձակագրի ստեղծագործությունն իր ուրույն բնույթով վերադասավորում է բիբլիական հռչակավոր ասքերից մեկը՝ Հովնան մարգարեի և կետաձկան պատմությունը: Վեպում ամուսնական ճգնաժամը վերածվում է զավեշտալի ու դրամատիկ ռոբինզոնադայի, մեկնաբանում է Արամ Պաչյանը։
Read moreԼույսը շարունակվում է
Այս ակնարկում Արամ Պաչյանը քննում է Ռուբեն Ֆիլյանի՝ ուշ խորհրդահայ արձակում, կատարելապես նոր ու արտասավոր փիլիսոփայական մտահորիզոններ բացելու հանդուգն փորձը։
Read moreՈչ թե իսկական, այլ իրական պատմությունների շարքից
«Սարսափ» տունը
Այս «ճշմարիտ, բայց ոչ իրական պատմության» մեջ Վերդյանները չեն անհանգստանում, որ իրենց գնած տունը, ըստ ամենայնի կիսելու են ուրվականների և չար ոգիների հետ: Նրանց անհոգության պատճառը չապազանց մարդկային է:
Read moreՆստատեղ
Մի փոքրիկ, ինքնահռչակված և չճանաչված Հանրապետությունում, որտեղ ժամանակին ապրել են իր նախնիները, նախագահականի աշխատակազմի հետ թեյի ժամին Անահիտը պատմում է, որ պարզել է որ շեֆերն ու պատվավոր հյուրերը ունեն մի շքեղ պետքարան, մինչդեռ իրենք` աղջիկներով հարմարվել են իրենց առանց նստատեղի մութ ամբարին:
Read moreՉոմալագի ամառը
Ոչ թե իսկական, այլ իրական պատմություն ման էկող տունը մնացածների, տնից տուն կամուրջներ գցածների, սկզբում նեթֆլիքսի գերի, հետո ֆեյսբուքյան բանտարկյալ դարձածներիս մասին: Երբ աշխարհն ուղիղ տունդ է մտնում, իսկ տունդ՝ մխրճվում աշխարհի մեջ: Լուսինե Խառատյանը գրում է տնակալած, օջախակալած ու եթերապատվածներիս մասին:
Read moreԳլազոկը
Պատմություն ուրիշների կյանքի կալիդոսկոպիկ աղավաղումների մասին, որտեղ մարդկային փոխհարաբերությունները ձեզ համար օտար են և ձեզանից հեռու՝ չնայած որ պատմությունը ձեր քաղաքից է, իսկ «հերոսը»՝ ձեր ընկերը: Ոչ թե իսկական, այլ իրական պատմություն Իններորդ թաղամասի 9ա շենքի իններորդ հարկից՝ առանց դիտանցքի տան դռան այն կողմից:
Read more