VII-IX դարերի ռազմարշավների ընթացքում հայ կաթողիկոսների գործունեությանն է անդրադառնում Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
637 թվականին արաբները գրավեցին և ավերեցին Տիզբոնը (հունարեն՝ Տեսիֆոն)։ Տիգրիսից ու Բաղդադից ոչ հեռու գտնվող այս քաղաքը, ուր կանչված հպատակ թագավորները հազվադեպ էին հետ դառնում, գաղութատիրության հոմանիշ էր դարձել Հայաստանում (հիմա էլ՝ է, Մոսկվան են երբեմն Տիզբոն կոչում)։ Այս քաղաքը, որ աշխարհում խոշորագույնն էր՝ ըստ որոշ աղբյուրների, ընդմիշտ կորցրեց իր մայրաքաղաքային շուքը, իսկ VIII դարի վերջին դատարկվեց ամբողջովին։ Արաբներին հաջողվեց նաև Կոստանդնուպոլիսը պաշարել 672 թ., երբ արդեն նավատորմ ունեին, բայց յոթ տարում չկարողացան գրավել։
«Հունական կրակը» հրկիզում է թշնամիների նավը, XII դար
Գլխավոր պատճառներից մեկը պաշտպանվողների տեխնոլոգիական առավելությունն էր։ Նրանք արաբների դեմ կիրառում էին «հունական կրակ»՝ մի բռնկուն խառնուրդ, «հեղուկ կրակ», որը հատուկ հրանետներով գցում էին հակառակորդի նավերի վրա, և ջուրն այն չէր հանգցնում։
Այնուամենայնիվ, մի քանի տասնամյակում Մուհամեդ մարգարեի ստեղծած պետությունը դարձավ կայսրություն՝ Պարսկաստանը նվաճելով մինչև Սիրդարյա միջինասիական գետը և իր հզորության գագաթնակետին, եվրոպական ու աֆրիկյան ծավալումներով հանդերձ, ունենալով 13 մլն քառակուսի կմ տարածք։
Այս աշխարհացունց իրադարձությունների սկզբի մասին հունական, պարսկական, արաբական կամ ասորական աղբյուրները քիչ տեղեկություններ են հայտնել, բայց, ի բարեբախտություն մեզ և համաշխարհային պատմության, ժամանակակից և ականատես Սեբեոս եպիսկոպոսի մատյանն է մեզ հասել։
Պոեզիայի նման գեղեցիկ է «Սեբեոսի պատմության» նկարագրությունը, թե ինչպես են արաբները նախապատրաստվում Կոստանդնուպոլսի պաշարմանը.
«Եւ գումարեաց ի նոսա արս սակաւս վասն թեթեւութեան, առ մի նաւ արս հարիւր, զի արագապէս ճախրեսցեն սլանալով առ մեծամեծ նաւաւք շուրջանակի ի վերայ մկանանց ծովուն. եւ արձակեաց զնոսա ընդ ծով»։
Սեբեոսը, որ Բագրատունի իշխանական տոհմից էր կամ նրանց տիրույթների հոգևոր առաջնորդն էր, արշավանքներին, բնականաբար, ավելի շատ հայկական «դիտանկյունից» է անդրադարձել, բայց բացառիկ կարևոր տեղեկություններ է հաղորդել պարսկա-բյուզանդական 25-ամյա պատերազմի մասին (602-628), որը բնորոշելու համար պատմաբանների նեղ շրջանակում օգտագործվում է «VII դարի համաշխարհային պատերազմ» եզրը։
Բյուզանդիայի Մավրիկիոս կայսրը (հայկական աղբյուրներում՝ Մորիկ, 582–602) օգնել էր Իրանի Խոսրով II-ին (590-628) նորից տիրանալ գահին, երբ նրա զորահրամանատար Վահրամ Չուբինն ապստամբել ու պետական հեղաշրջում էր իրականացրել (590-591)։ Ի դեպ, Իրանի Խոսրով II շահին է նվիրված պարսկական գրականության գլուխգործոցներից մեկի՝ Նիզամի Գյանջևիի (1141-1209) «Խոսրով և Շիրին» սիրավեպը, որի գլխավոր հերոսուհին հայ արքայադուստր է։
Մավրիկիոսին հայկական ծագում են վերագրում՝ նույնիսկ որպես ծննդավայր նշելով Օշական գյուղը, որտեղ Մաշտոցի գերեզմանն է, բայց հենց Չուբինն էր խոստացել վերականգնել Հայոց թագավորությունը իր կարճ գահակալության ընթացքում։ Հետո Մորիկին էլ գահընկեց արեցին ու սպանեցին, ինչպես և՝ նրա վեց որդիներին։ Նրան հաջորդած կայսրը խախտեց բյուզանդա-պարսկական պայմանավորվածությունները, և պատերազմ բռնկվեց…
Խոսրով Փարվիզը տեսնում է Շիրինին լոգանքի պահին: Նեզամիի չափածոն ուղեկցող պարսկական մանրանկար Իրանի Շիրազ քաղաքից, 1550 թ.
Պատերազմի արդյունքները չնչին էին նույնիսկ հաղթող կողմի՝ Բյուզանդիայի համար, կորուստները՝ սոսկալի։ Օգտվելով աշխարհի երկու հզորագույն տերությունների հյուծումից՝ արաբները ստեղծեցին իրենց կայսրությունը՝ երեք ու կես դարով պատմական ասպարեզից դուրս մղելով Պարսկաստանին։
Պարսից կայսրության այլադավանները՝ հրեաները, քրիստոնյաները ողջունեցին իսլամական զորքերին՝ հոգնած կրոնական երկարամյա հալածանքներից, արաբներն էլ, իրենց հերթին, որոշ հանդուրժողականություն ցուցաբերեցին մինչև VII դարի կեսը։ Ըստ ավանդության, Երուսաղեմի առաջին հայ պատրիարք Աբրահամը Սուրբ քաղաքից գնացել-հանդիպել է Մուհամեդ մարգարեին և անձամբ նրանից հայոց եկեղեցական ժառանգության հավատարմագիր ստացել` Սբ. Էջմիածնի վանքից մինչև Գողգոթայի բարձունքը։
Մինչդեռ նույն շրջանում՝ 649-ին, բյուզանդական կայսրը, որը հինգ տարի առաջ Հայոց մարզպան Թեոդորոս Ռշտունու զորակցությամբ հզոր հարձակում էր ձեռնարկել արաբների դեմ, հրովարտակ արձակեց, որ… հայերը պետք է երկաբնակություն ընդունեն։ Ներսես Տայեցի (641-661) կաթողիկոսը և Թեոդորոս Ռշտունին Դվինի VI ժողովում մերժեցին այս պարտադրանքը, որը ձևակերպված էր իբրև «դավանական միության» առաջարկ։ Ապա Ռշտունին պայմանագիր կնքեց արաբների հետ, ըստ որի Հայաստանը երեք տարի հարկ չէր վճարելու, հետո՝ ըստ իր հայեցողության, իրավունք ուներ 15.000-անոց այրուձի պահելու, որևէ արաբ պաշտոնյա մուտք չէր գործելու երկիր, արաբական կայազոր ևս չէր տեղակայվելու։ Երբ բյուզանդական զորքը հարձակվեց 653-ին և գրավեց Հայաստանը, հայ-արաբական միացյալ ուժերը հետ մղեցին՝ փառահեղ հաղթանակ տանելով։ Թեոդորոս Ռշտունին որդու՝ Վարդի հետ, բյուզանդական տարածքներ գրավեց հյուսիս-արևմտյան ուղղությամբ, նվաճեց… Տրապիզոնը։
Բայց շուտով հայ հոգևորականությունը հիշեց, որ Բյուզանդիան հավատակից է, նախարարների զգալի մասն էլ նորից հակվեց դեպի կայսրությունը։ Արաբները պատժեցին Հայաստանին ասպատակությամբ։
Թեոդորոս Ռշտունին մեկնեց Դամասկոս, 1.800 պատանդի հետ, որպեսզի պայմանագիրը նորոգի, բայց այնտեղ հիվանդացավ ու մահացավ 654-ին։ Այնուամենայնիվ, 652-ի պայմանագրի շնորհիվ Հայաստանը պահպանեց փաստացի ինքնիշխանությունը ևս շուրջ կես դար։
Ամրապնդելով իրենց դիրքերը՝ արաբները «ամբողջական» հավատափոխություն պահանջեցին հայերից, ինչը շարունակեցին ընդհուպ մինչև X դարը… աներևակայելի վայրագությունների դիմելով։ Միակ հայ կաթողիկոս-պատմագիր Հովհաննես Դրասխանակերտցին (845/850 – մոտ 929) իր «Հայոց պատմության» մեջ նկարագրում է արաբական հրոսակային հարձակումներից մեկը.
«Եվ այդպես նույն օրում, նույն ժամին բոլորն առհասարակ զոհաբերվելով ընծայվեցին Քրիստոսի անուշ հոտին՝ սուրբ եպիսկոպոս Սահակը… կուսակրոններից Մովսեսը, ամուսնացածներից մյուս Մովսեսը, ամուսնացած Մովսեսի եղբայրները՝ քահանա Դավիթը և աշխարհական Սարգիսը… Սահակը՝ երեխա հասակից կույր և փառավորյալ կատարյալ գիտությամբ ու ամեն տեսակի առաքինի գործերով, Աստծո երանելի մարդ Սողոմոնը, որը… ասես լիներ անմարմին մարմնավոր և բնակվում էր մեզ մոտ ճգնավորական կյանքով»։
Կաթողիկոսն ինքը փախչում է «ձեռակերտ», այսինքն, իր իսկ կառուցած «Բյուրական ամրոցիկ», բայց ստիպված էր այնտեղից էլ հեռանալ.
«Եվ փախանք, ճողոպրելով գնացինք Բագարանի արքունական ապարանքը, Աշոտ թագավորի մոտ»։
Հովհաննես Դրասխանակերտցո՛ւց է, որ մենք գիտենք Գևորգի մասին` հայ ազնվականի, որը երկու անգամ պարտության է մատնել քանակով տասնապատիկ ավելի արաբներին և դարձել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպի հայրենասիրության տիպար հերոսը։
Դրասխանակերտցու «Պատմության» մի մասն անցյալի դեպքերն են, մնացյալը նա պատմում է առաջին դեմքով, որպես ականատես… Կաթողիկոսն անձամբ է թանկարժեք նվերներով այցելել Յուսուֆ «մեծ ոստիկանին»՝ այդ «վայրագ գազանին», որպեսզի կանխի «սուրբ եկեղեցիների քարերը քանդելը, Քրիստոսի ժողովրդին կորստյան ու գերության քշելը»։ Թագավորական պատվով ընդունելով՝ Յուսուֆը հետո «կարծեմ մերոնց սադրանքը պատճառ դարձնելով… մահացու խարդախությամբ դուրս քշելով՝ բռնում է ինձ, բանտարկում խավար տեղում, շրջապատում բազում պահակներով»։
Հարուն ալ-Ռաշիդը (766-809) բաղնիքում, Խամսայի (Մախզան ալ-Ասրար) ձեռագիր, նկարիչ՝ Նիզամի, 1584
Կաթողիկոսին բանտարկում են Դվին քաղաքում, «մետաղյա բանտում, երկաթյա կապանքներով», նա դահիճների կողմից կրում է «մահահոտ լուտանքներով ծեծ… գելարան… սաստիկ դառն կտտանքներ», նրան նետում են խոր փոսերի մեջ։ Մի կերպ փախչելով Յուսուֆի ձեռքից` Դրասխանակերտցին ապաստան է փնտրում Կովկասով մեկ։ Նույնիսկ այդ հալածված վիճակում տասը գերի երեխա է փրկագնում` արաբներին արծաթ տալով. այլապես երեխաները կվաճառվեին որպես ստրուկ։ Հայ իշխանները, ժողովուրդը կաթողիկոսին են աղաչում բանակցել մեկ ուրիշ ոստիկանի` Նսըրի հետ, որպեսզի սա դադարեցնի բռնությունները։ Նոր հավանական կալանքից կաթողիկոսին հետ է պահում երկնային նշանը՝ «արևի խավարումը», որը տեսնելով՝ նա խուսափում է հանդիպումից։
Եթե Հայոց պատմության մեջ եղել են պահեր, երբ եկեղեցին պետություն էր պետության մեջ, ապա ավելի երկար են ձգվել շրջանները, երբ այն եղել է «պետություն առանց պետության»՝ պատմաբան Արտաշես Մարտիրոսյանի դիպուկ բնորոշմամբ, և հաճախ կաթողիկոսների դիվանագիտական ունակություններից, անձնական քաջությունից է կախված եղել ժողովրդի վիճակը։ «Առանց պետություն պետության» արժանի առաջնորդ է եղել Հովսեփ Բ Փարպեցի կաթողիկոսը (795-806), որի մասին պատմում է Հովհաննես Դրասխանակերտցին։
Խուզեյմա ոստիկանը ստիպում էր Հայոց մեծամեծերին վաճառել իրենց հողերը։ Հովսեփ Փարպեցուց նա պահանջում է երեք դաստակերտ։ Կաթողիկոսը հրաժարվում է։ Նրան բանտ են նետում, խոշտանգում… սպանում են եղբորը։ Ապա Խուզեյմա ոստիկանը առանձին կապոցներով նրան է ուղարկում երեք հավատարիմ սպասավորների գլուխները՝ որպես երեք դաստակերտի հանձնումը մերժելու «վճար»։ Կաթողիկոսը դիմանում է, դատարանով հետ է բերում երկու դաստակերտը՝ ընդմիշտ զրկվելով միայն մեկից… Այլ տվյալներով, ազատվելուն պես, կաթողիկոսը բողոքում է Հարուն ալ-Ռաշիդ խալիֆին, և հենց նա է հայրապետանոցին վերադարձնում երկու դաստակերտը, իսկ Խուզեյմա ոստիկանին հետ կանչում, ինչը սաստում է նորանշանակ Հոլ ոստիկանին, որ նախորդների վայրենությունները չընդօրինակի։
Հարուն ալ-Ռաշիդը «Հազար ու մի գիշերվա» հեքիաթների հանրածանոթ հերոսի նախատիպն է։ Աբասյան V խալիֆը հետաքրքիր սովորություն ուներ՝ այցելուներին ընդունում էր վարագույրով պատնեշված։ Նրա Ալ-Ռաշիդ անունը արաբերենից թարգմանվում է «արդարամիտ»։
Հովհաննես Դրասխանակերտցու անմիջական նախորդներից է Զաքարիա կաթողիկոսը։ Ապշեցուցիչ է նրա օծվելու պատմությունը։
855 թվականն է, Հայաստանն արաբական կայսրության կազմում է։ Հայ իշխաններն ապստամբել են, Սասունի և Խույթի գյուղացիները` սպանել ոստիկանին, այսինքն՝ տեղական գլխավոր կառավարչին (նրանք կյանքում «Սասնա ծռեր» էպոսն էին «կատարում», որի գլխավոր հերոս Դավիթը ևս երբեմն ապավինում էր հավատին՝ մինչև կռվի գնալը նա նորոգում է «Բանցրիկ Մարաթուխ Աստվարածինը»՝ Մարութա սարի Աստվածածնի վանքը)։ Խալիֆան` ամիրապետը, Հայաստան պատժիչ արշավանքի է ուղարկում Բուղա (ցուլ) բնորոշ անունով թուրք զորապետին։ Սա շատ արյուն է թափում, շատերին գերի տանում, այդ թվում ՝ Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունուն։ Բայց Սմբատը հասցնում է ժողով գումարել և կաթողիկոս ընտրել Զաքարիային, որը… աշխարհական էր, որևէ հոգևոր կոչում չուներ։ Զաքարիան մեկ օրում անցնում է եկեղեցական բոլոր աստիճաններով՝ սարկավագ, քահանա, եպիսկոպոս։ Նման բան եղել էր Լուսավորչի ծոռան՝ Մեծն Ներսեսի հետ, բայց Զաքարիա Ա Ձագեցին հասարակ գյուղացի էր՝ հայտնի տոհմից չէր և ժառանգական իրավունք չուներ։
Սմբատ Բագրատունի սպարապետը Բաղդադում հրաժարվեց առ Քրիստոս իր հավատից, ինչի համար հատուցեց կյանքով (վախճանվել է 862-ին), որից հետո կոչվեց Խոստովանող՝ նահատակներին էին այսպես անվանում, բացի՝ ավելի տարածված «վկա» բառից։ Սպարապետին կվայելեր նաև Պայծառատես պատվանունը։ Նա Զաքարիայի կաթողիկոսության պտուղները չտեսավ, բայց կրոնափոխ իշխանները ճաշակեցին դրանք, երբ վերադարձան գերությունից։ Իշխանները ցանկացան նորից քրիստոնեություն դավանել, թեև խալիֆայական օրենքը մահապատիժ էր սահմանում, եթե կրոնափոխը նորից հին հավատին վերադառնար. ուրեմն՝ իշխաններն ահավոր վտանգի էին ենթարկում իրենց անձը։ Կաթողիկոսը՝ ևս, բացի այդ ուրացումը մեծ մեղք էր Հայոց եկեղեցու կանոններով, բայց նա լայնախոհաբար բացեց տաճարի դռները նրանց առաջ։
Սուրբ Փոտ պատրիարքը (810/820-893) մկրտում է բուլղար ժողովրդին, XVI դարի ժամանակագրությունից
Այնուամենայնիվ, Զաքարիա կաթողիկոսի (նա Հայոց եկեղեցին գլխավորել է 21 տարի, 855-876 թթ.-երին), գլխավոր վաստակն այն է, որ համոզեց արաբ ոստիկանին Աշոտ սպարապետին՝ Սմբատ Խոստովանողի որդուն, ճանաչել իշխանաց իշխան։ Նա օգնեց Աշոտին միավորել իրար հետ անհաշտ հայ իշխաններին` բարդագույն մի գործ։ Ապա… հասավ իշխանների ու ոստիկանի համաձայնությանը, որ իշխանաց իշխանը արքա հռչակվի։ 885 թվականին արաբները թագ ուղարկեցին Աշոտին։
Դրասխանակերտցին Աշոտ I Բագրատունի թագավորին բնորոշում է որպես քաջ պատերազմող ու հմուտ կառավարիչ, կիրթ, բարեսեր, սրտաշահ։ Նրան հիացնում է նաև արքայի արտաքինը՝ «աչքերի մեջ արյան կետերը… որպես մարգարտի մեջ երևացող հակինթ»։ Այսօրվա գեղագիտական ընկալումներով հազիվ թե համաձայնենք պատմիչի հետ, որ աչքերում արյան կետերը գրավիչ են, բայց Աշոտի արտաքինի համարյա ամբողջ մնացյալ գովաբանությունը կաթողիկոսը պատճենել է Խորենացուց, Տիգրան Երվանդյանի նկարագրությունից, ինչպես նկատել է ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցը, որը միանգամայն «ժամանակակից» է։
Երբ վերականգնվեց Հայոց թագավորությունը, Զաքարիան վախճանվել էր, բայց նա հնարավոր դարձրեց այդ պատմական շրջադարձը, հաղթանակը։ Կաթողիկոսը նաև հայոց դավանանքն էր արժանավոր ձևով պաշտպանել Բյուզանդիայի Փոտ համբավավոր պատրիարքից (858-867, 877-886 թվականներին), որին զարմանալի նման էր ճակատագրով։ Փոտը ևս շատ արագ` վեց օրում էր դարձել Կոստանդնուպոլսի պատրիարք, ճիշտ է՝ կայսրության ավագ դիվանադպիրի բարձր պաշտոնից։
Փոտը հռչակվել էր բյուզանդական եկեղեցին Հռոմից անջատելու շնորհիվ։ Բայց Կոստանդնուպոլսի հայ հպատակներին, ընդհակառակը, փորձում էր քաղկեդոնականություն պարտադրել։ Զաքարիա կաթողիկոսը հմուտ հակաճառության շնորհիվ, երկարամյա նամակագրության ընթացքում, Փոտին չհաջողվեց դա անել։
Հասավ Բագրատունյաց Հայոց թագավորության… թագավորությունների… Հայոց մի քանի թագավորության միաժամանակյա գոյության ժամանակը, որը Եկեղեցու ազդեցիկության բարձրակետերից է մեր պատմության մեջ։
«Պեղումներ» շարքի ընթացիկ՝ «Ինչու՞ քրիստոնեություն» ենթաշարքը Հայոց եկեղեցու պատմությունը չէ. այն պետականության արժեքների տեսանկյունից է դիտարկում կրոնն ու Եկեղեցու հաստատությունը, ինստիտուտը սկսած՝ I դարից՝ զուգահեռելով Հայաստանի քաղաքական իշխանության գործունեության հետ։ Իսկ «Պեղումների» նախորդ հոդվածներն ընդգրկում են ոչ շատ հայտնի դրվագներ ու գործիչների հայոց պատմությունից՝ սկսած Տիգրան Երվանդյանից մինչև Եվրոպայի հայկական սրճարաններ, մեր անվանադիր Հայկից մինչև գրերի գյուտ ու պատմության արձանագրման գաղտնիքներ։
Պեղումներ
Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից
Պեղումներ. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք
Թեև Հայաստանն առաջինն ընդունեց քրիստոնեությունը, բյուզանդական ազդեցության գոտում ժամերգությունը, գրագրությունը հունարեն ու լատիներեն էին, իսկ իրանականում` ժամերգությունն անցկացվում էր ասորերեն, գրագրությունը՝ պարսկերեն։ Այսինքն, հավատացյալը եկեղեցի էր գնում իր հայրենիքում, բայց ծեսերն ուրիշի լեզուներով էին։ Արդյոք դա նվաստացուցիչ չէ՞ր, անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreՊեղումներ. «Հավա՞տ, թե՞ պետություն» աղետալի հակադրությունը
Արդյոք ճիշտ չէ՞ր հրաժարվել հավատից և վերականգնել պետությունը՝ ապստամբելու փոխարեն։ Վահրամ Մարտիրոսյանը փորձել է դիտարկել շուրջ տասնվեց դար առաջ տեղի ունեցած պատմական իրողությունների հայկական շրջանակն ու այդ ժամանակահատվածի ընդհանրական իրավիճակը։
Read moreՊեղումներ. Պետական կրոն և սպանված հայրապետեր
IV դարի սկզբին արդեն Գրիգոր Լուսավորիչը նոր ուսմունքը՝ քրիստոնեությունը տարածել էր ոչ միայն ամբողջ Հայոց թագավորությունում, այլև հարակից երկրներում ևս, իսկ հոգևոր ազդեցության գոտիների ընդլայնումը մեծացրել էր Հայաստանի քաղաքական կշիռը։ Սակայն այս նույն դարում նաև ներքին հակասություններ առաջացան՝ պետության ու եկեղեցու միջև։
Read moreՊեղումներ․ Սրի և խաչի միասնությունը՝ Քրիստոնյա Հայաստան
Նոր հավատը հեշտությամբ չպետք է հաստատվեր, որ բարձրացներ հաղթանակի արժեքը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով թագի ժառանգորդ Տրդատի ու Հայոց եկեղեցու ապագա հիմնադիր Գրիգորի թշնամանքի ակունքներին, Հռիփսիմյանց կույսերի՝ Վաղարշապատում հայտնվելու պատճառներին, նրանց տանջանքներին ու, ի վերջո, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ընթացքին։
Read moreՊեղումներ. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ
Հայ քարոզիչները, երկրի ներսում, թե այլուր, տարածում էին նոր կրոնը՝ երբեմն զոհելով իրենց ու իրենց հարազատների անձերը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մեր թվարկության առաջին դարերում դավանանքի ընտրության ընթացքին։
Read moreՊեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն
Վաղուց չէ, որ խաչվել է Հիսուսը։ Ի՞նչ են խոսել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնց քարոզչության ուղիները հատվել են Հայաստանում։ Սուրբ Հոգու հրա՞շքն են հիշել երախտագիտությամբ, թե՞ խոսել են փորձություններից, որոնց հանդիպել են քարոզչության տատասկոտ ճանապարհներին։
Read more