
Անիի վերելքին ու անկմանը, ինչպես նաև V-XI դարերի եկեղեցու դեմ ընդվզումներին ու այդ ժամանակաշրջանի պարունակին անդրադարձող ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
Աշոտ I Բագրատունի թագավորի դուստր Մարիամը պսակված էր Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի հետ։ Գաբուռը Վասակի մականունն էր, այսօր գուցե մեր ականջին հնչի կոպիտ, բայց իմաստը փաղաքշական է, նշանակում է՝ նուրբ, մեղմ։ Երբ իշխանը վաղաժամ մահացավ, Մարիամը երդվեց 30 եկեղեցի կառուցել նրա հիշատակին։ Երեսունը կառուցե՞լ է, թե՞ ոչ, ստույգ հայտնի չէ, բայց Սևանա կղզու Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածնի հռչակավոր եկեղեցիները երկուսն են նրա խոստացածներից։
«Մեծապատիվ վեստ Սարգիսը շատ բերդեր ու եկեղեցիներ» կառուցեց, հայտնում է XIII դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին։ Դրանց թվում էր Խծկոնքի վանքի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հայկական ճարտարապետության գանձերից է։ Վեստ Սարգիսն ազդեցիկ իշխան էր, Անիի թագավորությունում նրա մնացյալ գործունեության անդրադարձը՝ ստորև։
1000 թվականին քրիստոնեական երկրները սպասում էին աշխարհի վերջին, որը լրացուցիչ ազդակ դարձավ եկեղեցաշինության և հոգևոր թեմերին նվիրատվություններ կատարելու համար։ Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի թագավորը, օրինակ, հենց այս ժամանակ հիմնովին վերակառուցեց Վարագա վանքը։ Երբ նա, սելջուկների սպասվող արշավանքի սարսափներից խուսափելու համար, իր թագավորությունը հանձնեց Բյուզանդիային և զորքով ու ժողովրդով տեղափոխվեց կայսրության խորքը, կայսեր տնօրինությանը հանձնեց 72 բերդ, ընդամենը, բայց 115-ից 900 վանք՝ ըստ տարբեր աղբյուրների։ (Վարկածներ կան, թե հենց այս շրջանում է, որ քրդերն այնպիսի քանակությամբ են հաստատվում Վանում և շրջակայքում, որ առաջին անգամ դառնում են ժողովրդագրական նշանակալի տարր և ռազմաքաղաքական գործոն)։
Ակնհայտ է, որ 900 վանքը չափազանցված է։ Նույն Անիում, որ ուներ «հազար ու մի եկեղեցիների» քաղաքի հռչակ, X-XI դարերում միայն շուրջ չորս տասնյակ եկեղեցի ու մատուռ են կառուցվել։ Ճիշտ է, դրանց թվում էին փառահեղ տաճարներ, որոնց կառուցումը մեծ ծախսեր է պահանջել, ինչպես որ նաև՝ ոչ հեռու գտնվող Մարմաշենի սքանչելի վանքինը (X դար)։
Բացի այդ… ունևոր անեցիները Հայոց եկեղեցուն են նվիրել մեծաքանակ խանութներ, «կուղպակներ» (կրպակ), կալվածքներ, պտղատու այգիներ, ինչպես վկայում են ժամանակի արձանագրություններն ու հիշատակարանները։
Անիի կաթողիկեի (989-1001 թթ.) կառուցումը ձեռնարկել է Սմբատ II Տիեզերակալը, շարունակել է Կատրանիդե թագուհին։ Մանրամասն նկարագրելով Անիի «հրաշակերտ» տաճարի կառուցման ընթացքն ու ավարտը՝ Լեոն գրում է. «Հետաքրքրական է, որ մահմեդական գրականության մեջ Անին անվանվում է Մարիամ Աստվածածնի քաղաք։ […] Այս հանգամանքը մենք ուրիշ ոչ մի բանով բացատրել չենք կարող, բայց միայն նրանով, որ մայր եկեղեցու անունը դարձել էր քաղաքի անուն»։ Ուրեմն, այնուամենայնիվ, «հազար ու մի եկեղեցիների» չափազանցության հիմքերը լուրջ են՝ Անիի միջազգային համբավում եկեղեցաշինությունը դարձել է այնքան առաջնային, որ նույնիսկ անունն է փոխել։
Բուն Մայր տաճարը պե՛տք է կառուցվեր՝ մայրաքաղաքի կարգավիճակն էր պահանջում, բայց ես չեմ հանդիպել ամփոփ տվյալների՝ արդյո՞ք նույն ժամանակաշրջանում կառուցված բերդերի ու եկեղեցիների թվերը համեմատելի են։ Սմբատը՝ ինքը, երկրի պաշտպանունակության մասին ևս հոգացել է, ամրացրել է (ամրոց բառի կազմության մասին մտածենք) Անին։ Ըստ Թորոս Թորամանյանի, պարիսպների երկրորդ գիծը՝ երկարությունը՝ 2500 մետր, բարձրությունը՝ 8-10 մետր, լայնությունը՝ մեկ մետր, ընդգրկել է քաղաքի մի շարք նոր թաղամասեր։
Բայց։ Արշակունիների ժամանակից պահպանված ժառանգության և հետագա նվիրատվությունների շնորհիվ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի (աթոռակալել է 1019-1058 թվականներին, որոշ ընդմիջումներով) կարողությունը հասավ 500 հարուստ գյուղի, որով նա մրցում էր Անիի և ժամանակի Հայոց մյուս թագավորների հետ։
Վեստ Սարգիսը (նրա ծագումը հստակ չէ, որոշ պատմագիրներ Սյունի են կոչում), բացի իր ժառանգական կալվածքների եկամուտներից, Կոստանդնուպոլսից ստանում էր հայաստանյան միջինի եկամուտների համեմատ ահռելի տարեկան թոշակ, որը հենց բյուզանդական «վեստ» տիտղոսի վճարն էր, պարգևը կայսրից՝ պատրիկի, անթիպատ պատրիկի, «Արևելից դուկի» պատիվներից հետո։
Վեստ Սարգիսը Գրիգոր Մագիստրոսի փեսան էր։ Նրա ջանքերով են կառուցվել Բջնիի Սուրբ Աստվածածնի վանքը, Կեչառիսի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Գառնի գյուղից արևելք ընկած Հավուց Թառի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և այլն։
Եվ երբ Պետրոս Գետադարձ կաթողիկոսն ու Վեստ Սարգիսը, Գրիգոր Մագիստրոսի հեռակա քաջալերանքով 1045 թվականին Բյուզանդիայի Մոնոմախ կայսերն ուղարկեցին Անիի բանալիները, պետությունն ի զորու չեղավ դա արգելելու։ Մանավանդ որ «թղթերով ամեն ինչ կարգին էր», ինչպես ասել է ՀՀ նախագահներից մեկը՝ ինչ-որ ակնհայտ անօրինականության մասին. դեռ 1021-ին Հովհաննես-Սմբատ թագավորը Կոստանդնուպոլսի այս «ազդեցության գործակալների» եռանդուն մասնակցությամբ թագավորությունը ժառանգել էր Բյուզանդիային։

Հրեշտակները կայսերական թագ են դնում Բարսեղ II-ի գլխին։ Բարսեղ II-ի` XI դարի սաղմոսարանի կրկնօրինակը
Արդարությունը պահանջում է չշրջանցել միջազգային իրադրությունը՝ ներկայացնելով մասնավորապես, թե ով էր Բյուզանդիայի կայսրը Հովհաննես-Սմբատի ժամանակ։ Բարսեղ II-ը, որն իշխել է կես դար՝ իր տասը տարեկանից։ Շուրջ չորս տասնամյակ տևած պարտերազմներից հետո նա 1018-ին վերացրեց Բուլղարների թագավորությունը։
Մինչ այդ, 1014 թվականի ճակատամարտում հաղթանակ տանելուց հետո Բարսեղ II-ը հրամայել է կուրացնել գերի ընկած 15.000 բուլղար զինվորներին, ամեն հարյուրյակի մեջ միայն մեկ հոգու մի աչքը թողնելով, որպեսզի մյուսներին առաջնորդի։ Եվ պատմության մեջ մնացել է Բուլղարասպան մականունով։ Բուլղարների խեղճ թագավորը նախ ուշաթափվել է ազատ արձակված իր հազարավոր կույր զինվորների զարհուրելի տեսարանից, ապա օրեր անց մահացել սրտի տանջալի ցավերից։
Այսինքն, ներքին գահակալական կռիվներից թուլացած Անիի թագավորության անհնազանդությանը կարող էր դաժան հաշվեհարդար հետևել… Միայն թե, եթե զգուշավորությունն արդարացում ուներ, որից օգտվելով Պետրոս Գետադարձն օտարին հանձնեց Անի մայրաքաղաքը, հակառակն էլ բացառված չէ. միգուցե հայկական՝ բուլղարների պայքարին զուգահեռ առաջացած դիմադրության նոր ճակատն այնքան ջլատեր կայսրության ուժերը, որ Կոստանդնուպոլիսը զսպեր իր ծավալապաշտական ախորժակը։ Մանավանդ որ Վրաց թագավորությունն էլ է նույն ընթացքներում պատերազմել Բյուզանդիայի դեմ։
Առիթ է հիշատակելու միջոցներից մեկը, որով կայսրությունը «խաղացնում էր» իր հպատակ թագավորներին։ Նա Վրաց Գուրգեն թագավորին ավելի ցածր կարգ էր հատկացրել կայսերական աստիճանակարգության մեջ (մագիստրոս), քան որդուն՝ աբխազների թագավորին (կուրապաղատ), որի պատճառով Գուրգենը պատերազմ էր սկսել Բյուզանդիայի դեմ։
Լեոն «Իրադարձությունները դրսում» ենթավերնագրի ներքո գրում է, որ Անիի թագավորությունը տարված էր տոնակատարություններով (նկատի ունենալով տաճարների օծումը), որ անտարբեր էր միջազգային անցուդարձի հանդեպ։ Միշտ քննադատական, բայց որպես կանոն՝ արդարացի պատմաբանը, այստեղ թերևս չափազանցնում է։ Նախ տոնակատարություններն ամիսներ ու տարիներ չեն տևել, որ արքունիքի ամբողջ ուշադրությունն իրենց վրա սևեռեին, ապա «դուրսը»՝ հենց անմիջական հարևան, սահմանամերձ երկրներում այնքան թեժ է եղել վիճակը երկրորդ հազարամյակի սկզբին, որ եթե այսօրվա սպառազինությունը գործածվեր, հրետակոծության թնդյունները կհասնեին Անի։ Այսինքն, ավելի հավանական է, որ Գագիկ I-ը (989-1020), որ բավական ձեռնհաս թագավոր էր, հակամարտություններին չխառնվելու քաղաքական որոշում էր կայացրել, ոչ թե կրոնական տոնակատարություններով տարվել։
Ավաղ, նրա որդիներ Հովհաննես-Սմբատի և Աշոտի միջև թշնամություն առաջացավ, որը շուրջ երկու տասնամյակ տևեց, ինչը խիստ թուլացրեց Անիի թագավորությունը։ Երբ եղբայրները, համարյա՝ միաժամանակ, մահացան, անզավակ Հովհաննես-Սմբատին 1042-ին գահին փոխարինեց Աշոտի որդին՝ պատանի Գագիկ II-ը։ Նա վճռական էր, որ պահպանի թագավորությունը, բայց կարո՞ղ էր Կոստանդնուպոլսից Անի շրջել եկեղեցու կողմնացույցը։ Միգուցե։ Եթե… այն չափազանց ինքնիշխան դարձած չլիներ անեցիների, այդ թվում՝ իր նախորդ Բագրատունիների ճոխ նվիրատվությունների շնորհիվ։ Երկրորդ ճանապարհը՝ այդ տնտեսական հզորությունը խլելն էր, բայց ավելի հավանական է, որ դա Գագիկին Պապ թագավորի ճակատագրին արժանացներ, որին դավադրաբար սպանեցին 22 տարեկանում։ Մանավանդ որ Գագիկի «մեկնարկային» դիրքն ավելի թույլ էր։ Նա իր նախորդներից միասնական թագավորություն չէր ժառանգել, ինչպիսին Արշակունիներինն էր։ Անի-Շիրակի, Կարսի (Վանանդի), Տաշիր-Ձորագետի (Լոռու), Սյունիքի, Վասպուրականի հայկական թագավորությունների, Տարոնի, Տայքի ու Մածնաբերդի հայկական անկախ իշխանությունների միաժամանակյա գոյությունը խախուտ հիմք էր արտաքին վտանգներին դիմագրավելու համար։

Կարսի Գագիկ թագավորը, նրա կինը և դուստրը, Կարսի Գագիկ թագավորի Ավետարան, XI դար
Գագիկ II-ն ընդդիմացավ բյուզանդացիներին, Վահրամ Պահլավունի փորձառու սպարապետի գլխավորությամբ հայկական զորքը մի քանի ճակատամարտ շահեց… բայց երկրի ներսում ու դրսում ուժերը մնացին չափազանց անհավասար։ Բյուզանդիան գերիշխան էր Հայոց բոլոր թագավորական տների ու իշխանությունների հանդեպ (այսինքն, վերջիններս վասալական կախում ունեին կայսրից), և Կոստանդնուպոլիսը ներքին աջակիցների օգնությամբ ճնշում – նվիրատվության կտակներ էին կորզում հայ գահակալներից (դեռ մի բան էլ իրենց բոլոր նվաճումներին տալով «կամավոր օտարացումների ձև», պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի ձևակերպմամբ)։
Թույլ մխիթարություն է, որ կայսրը բյուզանդական շահերն առաջ մղող Պետրոս Գետադարձին ևս թույլ չտվեց մնալ Անիում՝ վայելելու նոր ձեռք գցած «մենիշխանությունը». նախ կանչեց Կոստանդնուպոլիս, որտեղ պահեց… չորս տարի, ապա աքսորեց Սեբաստիա։ Երբ կաթողիկոսը մեռավ, նա հարքունիս գրավեց հայրապետանոցի ամբողջ հարստությունը։

Ջրօրհնեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը ջրով։ XII դարի հայկական Ավետարանի մանրանկար
Թույլ մխիթարություն է, քանի որ Բյուզանդիան Գետադարձին օգտագործեց ու հանեց խաղից, բայց… Հայոց եկեղեցին սրբադասել է նրան հրաշք գործելու համար։ Իբր թե, երբ Ջրօրհնեքին հայ և հույն հոգևորականներն օրհնել են Տրապիզոնի մերձակայքի Սև գետի հոսանքը, և հույներն ավելի ներքև են կանգնել, որ վերջինը իրենք օրհնեն, նա հետ է դարձրել հոսանքը, որի համար էլ կոչվել է Գետադարձ։
«Տէր Պետրոս և ազատ Սարգիս և Գրիգոր Բջնեցի [Մագիստրոսը] նենգեցին զԳագիկ և զԱնի ետուն ի կայսրն Յունաց», ազդարարում է ժամանակագիր Սամուել Անեցին։ Իհարկե, ՀԱԵ և հավատացյալ հոտի որոշելիքն է, թե ինչ պատիվների է արժանի Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, բայց արդյոք չպե՞տք է ավելի ծանր կշռի նրա իրակա՛ն անախորժ դերը Անիի թագավորության վերացման գործում, քան՝ Ջրօրհնեքի հրաշքը, ակնհայտորեն՝ հնարովի։
Իհարկե, անմիջապես էլ երկրորդ հարցը կծագի. դիցուք, ՀԱԵ-ն համամիտ է նույնպես հոգևորական Սամուել Անեցու գնահատականի հետ, ի՞նչ անի՝ հայտարարությո՞ւն տարածի, որ համաձա՞յն է նրա գնահատականի հետ և, «վաղեմության ժամկետը» նկատի առնելով, անցնի առա՞ջ։ Ոչ։ Բանն այն է, որ արդեն նախադեպեր կան։
1969-ին քրիստոնեական այլ եկեղեցիներից՝ կաթոլիկականը մի քանի տասնյակ սրբերի զրկեց այդ կոչումից՝ անիրական, ոչ արժանահավատ հրաշքները սրբագործություն չհամարելու հիմքով։ Չքննարկեմ «արժանահավատ հրաշքների» գոյությունը, բայց Հայոց եկեղեցին նույնը կարող է անել մի սրբի հանդեպ, որի գործած հրաշքը հակասում է ժամանակակից հիմնարար գիտելիքներին, իսկ «հրաշագործն» էլ բացահայտորեն աջակցել է Հայոց պետականության կործանմանը… և հենց ինքը, անձամբ, տարիներ շարունակ վախեցել է Հայաստան վերադառնալ Անիի հանձնման պայմանագիրը ստորագրելուց հետո։
Ընդ որում, Գետադարձի նման շահամոլ գործիչների վարքն առաջին հերթին եկեղեցու հեղինակությանն են հարվածել՝ հայ քրիստոնյաներին մղելով հարելու շարժումների, որոնք այն ժամանակ կոչվում էին աղանդներ։
V-XI դարեր. ընդվզում եկեղեցու դեմ
III-IV դարերում Հայաստանում տարածվեցին կամ առաջացան աղանդներ, որոնք հաջորդ հինգ-վեց հարյուր տարին հանդես եկան տարբեր դրսևորումներով՝ մանիքեականությունը, անապատականների, բորբորիտների, մծղնեականների, պավլիկյանների, թոնդրակեցիների աղանդները։
Այսօրվա ռացիոնալ տրամաբանության տեսակետից դեռ III դարի մանիքեական պատկերացումը միաստվածության մասին բավական դյուրընկալելի է։
«Լույսի կրոնի» հիմնադիր Մանին (216–274 թթ.) ծնվել էր Հարավային Միջագետքում։ Նրա հայրը պարսիկ էր, մայրը՝ Մարիամը, ըստ XX դարի հեղինակավոր գերմանացի իրանագետ Վալտեր Բրունո Հենինգի, հայ Արշակունի-Կամսարական։ Մանին իրեն անվանում էր Քրիստոսի առաքյալ, բայց համարում էր, որ Աստված ոչ միայն Հիսուսին, այլև «Լուսո առաքյալների» է ուղարկել աշխարհ, մարդուն ուսուցանելու. Զրադաշտին` Պարսկաստան, Բուդդային` Հնդկաստան, Քրիստոսին` Արևմուտք, իսկ իրեն՝ Մանիին, Միջագետք։ Այսինքն, նա մեկ Աստված էր տեսնում երկնքում, ինչը լուծում է այնտեղ Եհովայի, Ալլահի (այդ ժամանակ, ճիշտ է, դեռ իսլամը չկար), ուրիշ գերբնական արարածների հարևանության խնդիրը։

Մանիքեական քրմեր, VIII-IX դարեր, հայտնաբերված է Տուրֆան օազիսից, Չինաստան
Պավլիկյաննե՛րը մերժում էին եկեղեցու դասապետությունը, հիերարխիան՝ կաթողիկոսի, արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների աստիճաններով հանդերձ, աղոթատեղի էին դարձնում սովորական տների ոչ մեծ սենյակները, կուսակրոնությունը չէին ընդունում, բայց զուսպ վերաբերմունք էին պահանջում դեպի կերակուրներն ու հանդերձները։ Նրանց գաղափարները լայն հասարակական աջակցություն են վայելել VII-IX դարերում։ Անգլիացի ականավոր պատմաբան ու քաղաքական գործիչ Էդվարդ Գիբոնը (1737–1794)՝ «Հռոմեական կայսրության անկման և կործանման պատմությունը» վեցհատորյակի հեղինակը, մի շարք ուրիշ հեղինակավոր գիտնականներ պավլիկյաններին, ապա նաև՝ թոնդրակեցիներին, համարել են XVI դարի եվրոպական Ռեֆորմացիայի արժանի նախահայրեր, նախաբողոքականներ, որոնք, ի վերջո, պայմանավորեցին Արևմուտքի սրընթաց զարգացումը մնացյալ աշխարհի համեմատ։
Աղանդները Հայաստանում շատ էին, իսկ պավլիկյանները՝ այնքան ուժեղ, որ քաղաքական ցնցումներ առաջացրին Բյուզանդական կայսրությունում։ Ժամանակակից ժողովրդավարության տեսանկյունից այս շարժումներն ունեին առաջադիմական տարրեր, բայց բյուզանդական ու հայկական եկեղեցիները հավասարապես անխնա արգելում էին դրանք՝ դիտարկելով որպես լուրջ սպառնալիք պետական հաստատություններին… նաև՝ արտաքին հարաբերություններին։ Ընդ որում, թոնդրակեցիների շարժումը ռազմական ուժով ջախջախել է Գրիգոր Մագիստրոսը, որը Հարավային Հայաստանի և Միջագետքի բյուզանդական կուսակալ էր նշանակվել 1048-ին, երեք տարի անց Անիի թագավորության վերացումից, որից ինքը ևս անմասն չէր։
Արդյոք աղանդների տարածվածության պատճառը պաշտոնական եկեղեցու դոգմատի՞զմն էր, թե՞ դասակարգային անջրպետվածությո՞ւնը՝ ժողովրդից, պետականության գաղափարից. այս հարցերը կարիք ունեն հիմնավոր պատասխանների՝ առանց գաղափարական կամ կրոնական-համքարային կաշկանդվածության կամ հիստերիկ ժխտումների…
Իսկ տարածաշրջանում X-XI դարերում, բացի աղանդներից, հայտնվեցին «նոր» քրիստոնյաներ՝ խաչակիրները։ Նույնպես՝ համոզված, որ միայն իրենք գիտեն, թե որն է ճշմարիտ աստված և ինչպես հաղորդակցվել նրա հետ։
«Պեղումներ» շարքի ընթացիկ՝ «Ինչու՞ քրիստոնեություն» ենթաշարքը Հայոց եկեղեցու պատմությունը չէ. այն պետականության արժեքների տեսանկյունից է դիտարկում կրոնն ու Եկեղեցու հաստատությունը, ինստիտուտը սկսած՝ I դարից՝ զուգահեռելով Հայաստանի քաղաքական իշխանության գործունեության հետ։ Իսկ «Պեղումների» նախորդ հոդվածներն ընդգրկում են ոչ շատ հայտնի դրվագներ ու գործիչների հայոց պատմությունից՝ սկսած Տիգրան Երվանդյանից մինչև Եվրոպայի հայկական սրճարաններ, մեր անվանադիր Հայկից մինչև գրերի գյուտ ու պատմության արձանագրման գաղտնիքներ։
Պեղումներ
Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից
Պեղումներ․ VII-IX դարեր, քրիստոնեությունը՝ նոր կրոնի ռազմարշավների հանդիման
Հաճախ կաթողիկոսների դիվանագիտական ունակություններից, անձնական քաջությունից է կախված եղել ժողովրդի վիճակը, անգամ հնարավոր դարձրել Հայոց թագավորության վերականգնումը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով VII-IX դարերի ռազմարշավներին։
Read moreՊեղումներ. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք
Թեև Հայաստանն առաջինն ընդունեց քրիստոնեությունը, բյուզանդական ազդեցության գոտում ժամերգությունը, գրագրությունը հունարեն ու լատիներեն էին, իսկ իրանականում` ժամերգությունն անցկացվում էր ասորերեն, գրագրությունը՝ պարսկերեն։ Այսինքն, հավատացյալը եկեղեցի էր գնում իր հայրենիքում, բայց ծեսերն ուրիշի լեզուներով էին։ Արդյոք դա նվաստացուցիչ չէ՞ր, անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreՊեղումներ. «Հավա՞տ, թե՞ պետություն» աղետալի հակադրությունը
Արդյոք ճիշտ չէ՞ր հրաժարվել հավատից և վերականգնել պետությունը՝ ապստամբելու փոխարեն։ Վահրամ Մարտիրոսյանը փորձել է դիտարկել շուրջ տասնվեց դար առաջ տեղի ունեցած պատմական իրողությունների հայկական շրջանակն ու այդ ժամանակահատվածի ընդհանրական իրավիճակը։
Read moreՊեղումներ. Պետական կրոն և սպանված հայրապետեր
IV դարի սկզբին արդեն Գրիգոր Լուսավորիչը նոր ուսմունքը՝ քրիստոնեությունը տարածել էր ոչ միայն ամբողջ Հայոց թագավորությունում, այլև հարակից երկրներում ևս, իսկ հոգևոր ազդեցության գոտիների ընդլայնումը մեծացրել էր Հայաստանի քաղաքական կշիռը։ Սակայն այս նույն դարում նաև ներքին հակասություններ առաջացան՝ պետության ու եկեղեցու միջև։
Read moreՊեղումներ․ Սրի և խաչի միասնությունը՝ Քրիստոնյա Հայաստան
Նոր հավատը հեշտությամբ չպետք է հաստատվեր, որ բարձրացներ հաղթանակի արժեքը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով թագի ժառանգորդ Տրդատի ու Հայոց եկեղեցու ապագա հիմնադիր Գրիգորի թշնամանքի ակունքներին, Հռիփսիմյանց կույսերի՝ Վաղարշապատում հայտնվելու պատճառներին, նրանց տանջանքներին ու, ի վերջո, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ընթացքին։
Read moreՊեղումներ. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ
Հայ քարոզիչները, երկրի ներսում, թե այլուր, տարածում էին նոր կրոնը՝ երբեմն զոհելով իրենց ու իրենց հարազատների անձերը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մեր թվարկության առաջին դարերում դավանանքի ընտրության ընթացքին։
Read moreՊեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն
Վաղուց չէ, որ խաչվել է Հիսուսը։ Ի՞նչ են խոսել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնց քարոզչության ուղիները հատվել են Հայաստանում։ Սուրբ Հոգու հրա՞շքն են հիշել երախտագիտությամբ, թե՞ խոսել են փորձություններից, որոնց հանդիպել են քարոզչության տատասկոտ ճանապարհներին։
Read more