EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Արվեստ և մշակույթ
Փտր 5, 2024

Պեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն

Վահրամ Մարտիրոսյան


Your browser does not support the
audio element.

Քրիստոնեական և հեթանոսական դիցարանների տարբերություններին, քրիստոնեության ընդունման նախադրյալներին անդրադարձող ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում դիցաբանության և իրականության կապն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։

«Պեղումներ» շարքի հաջորդ՝ «Ինչու՞ քրիստոնեություն» ենթաշարքը Հայոց եկեղեցու պատմությունը չէ. այն պետականության արժեքների տեսանկյունից է դիտարկում կրոնն ու Եկեղեցու հաստատությունը, ինստիտուտը սկսած՝ I դարից՝ զուգահեռելով Հայաստանի քաղաքական իշխանության գործունեության հետ։ Իսկ «Պեղումների» նախորդ հոդվածներն ընդգրկում են ոչ շատ հայտնի դրվագներ ու գործիչների հայոց պատմությունից՝ սկսած Տիգրան Երվանդյանից մինչև Եվրոպայի հայկական սրճարաններ, մեր անվանադիր Հայկից մինչև գրերի գյուտ ու պատմության արձանագրման գաղտնիքներ։ 

Հին աստվածները և Աստծո միակ որդին   

Հին աստվածները նման են մանկության հեքիաթների սիրելի հերոսներին՝ իրենց հաղթանակներով ու պարտություններով։ Նրանք սքանչելի են Գողթան երգերի պատառիկներում, որ մեջբերում է Խորենացին, էլ ավելի՝ հին հունական առասպելներում, որոնք առատորեն մեզ են փոխանցել անտիկ գրողները, քանդակագործները, փիլիսոփաները։ 

Բայց։ Առանցքային տարբերություն կար քրիստոնեական և հեթանոսական դիցարանների միջև։ Ի՞նչը։ Հին աստվածները կատարյալ էին մարմնով, բայց ոչ վարքով։ Հույների գլխավոր աստվածը՝ Զևսը, հայրասպան էր, խառնակվում էր կանանց ու պատանիների հետ։ Աֆրոդիտեն հովանավորում էր սերը, բայց ոչ հավատարմությունը, որից ինքը ևս զուրկ էր։ Անահիտ աստվածուհին մայր էր «ամենայն զգաստութեանց» (Բուզանդ), բայց նրան նվիրված տաճարներում ծիսական պոռնկություն գոյություն ուներ։

Ոտնլվա, Ավետարան, 1470, նկարիչ՝ Զաքարե
Մոգերի երկրպագությունը, Հռոմկլայի Ավետարան, 1260, ծաղկարար՝ Թորոս Ռոսլին

Քրիստոնեությունը սահմանեց նոր վարքականոն և արժեհամակարգ, որը միասնական էր, որքան էլ հետագայում առանձին դրույթներ տարբեր կերպ մեկնաբանվեին, և «Նոր կտակարանը» դժվարությամբ համադրվեր «Հին կտակարանի» խառնաշփոթ ուղերձներին։ Գուցե այս խոսքերը հանդգնություն համարվեն աշխարհիկ մարդու կողմից, բայց ահա թե ինչ է գրել Սուրբ Մովսես Խորենացին իր պատմության մեջ. «Մանավանդ որ Ս. Գիրքը յուրայիններին զատելով իբրև իր սեփական ազգ, մյուսներինը լքեց` իբրև արհամարհելի և իր կողմից խոսքերով նշվելու անարժան (ազգերի)»:

«Նո՛ր կտակարանի» ուղերձները։ Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ։ Երանի արդարներին, հեզերին, ողորմածներին, խաղաղարարներին՝ նրանք կարժանանան Երկնքի արքայությանը։ Մարդը ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ, ծնվում է ազատ կամքով։ Նա մեղսավոր է, կարող է մոլորվել, բայց հոգին անմահ է՝ փրկության դուռը բաց է, ապաշխարության միջոցով։ Չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսը (մ.թ.ա. 551-479) ևս բազմաթիվ իմաստուն խրատներ ունի։ «Մի´ արա մարդուն այն, ինչը չես ուզում, որ քեզ անեն»՝ կոչ էր անում նա, բայց Քրիստոսն ավելին պատվիրեց. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց» (Մատթ. 7.12)։ Այսինքն, եղեք, ժամանակակից բառով ասած, պրոակտիվ՝ արեք ուրիշի համար այն, ինչ կակնկալեիք, որ դիմացինը ձեզ համար աներ։ Քրիստոսն ուսուցիչ էր, վարդապետ, բայց լվաց իր աշակերտների ոտքերը, Վերջին ընթրիքից առաջ, որպեսզի իրենք էլ նույն կերպ վարվեն։ Եվ քրիստոնեությունն էր, որ զոհաբերությունը, որով գոհանում էին հին աստվածները, փոխարինեց ինքնազոհաբերությամբ, նահատակությամբ։ 

Մ.թ. առաջին դարերից արմատական փոփոխություններ կատարվեցին նաև քաղաքական համակարգերում։ Անցյալում մնացին հունական պոլիսները՝ քաղաք-պետությունները, որոնք կառավարվում էին քաղաքացիների լայն մասնակցությամբ։ 

Հռոմը դարեր շարունակ եղել էր հանրապետություն, բայց այն վերածվեց կայսրության (մ.թ.ա. 44-ին Բրուտոսն ու մյուս դավադիրները Հուլիոս Կեսարին սպանեցին հենց այդ պատճառով)։ Իսկ քրիստոնեությունը, որպես միաստվածություն, ավելի համապատասխան էր միապետի կենտրոնացված իշխանությանը, ավատատիրական հարաբերություններին, որոնք դառնում էին տիրապետող՝ նոր կրոնի Աստված հզոր միապետի պես ամենազոր էր. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր Հոր գետին չի ընկնում» (Մատթ. 10:29-31)։

Մոգերի ազգը և երեք մոգի համաշխարհայնացումը

Երբ ծնվում է Քրիստոսը, ուղեցույց աստղի օգնությամբ մանկան բարուրին խոնարհվելու են գալիս երեք մոգ։ 

Հայ եկեղեցու պատմությանը նվիրված «Ազգապատում» հիմնարար ուսումնասիրության հեղինակ, աստվածաբան, հայագետ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի (1841-1918) համաձայն, մոգերից առնվազն մեկը Մոկաց գավառից էր. «Ասոնց հայրենիքը հիներէն շատեր Մոգուց աշխարհ են կոչած, եւ մեր հեղինակներ առիթ առած են Մոկաց աշխարհ իմանալ եւ Մոկացի նախարարներ կամ գոնէ Մոկացի նախարար մը կարծել երեք մոգերը կամ մոգերէն մեկը, եւ մինչեւ իսկ մոգերէն մեկուն, Սուրբ Գասպարի գերեզմանը ցուցնել Մոկս աւանի մօտ Ակնդաշտայ վանքին մեջ»:

«Թալմուդը»՝ հրեական կրոնական օրենքի հիմնական աղբյուրը, մոգը որպես ազգության անուն է օգտագործում, երբ խոսում է Հեղինե թագուհու ամուսնու մասին («պարթև էր կամ մոգ»)։ Այսինքն, եթե Մոկքում եղել է քրմական հին կենտրոն, հնարավոր է, որ ժամանակի հետ հոգևոր պաշտոնն ու տեղանքը նույնացվել են։ Հուշում ապագայից՝ պահապանին, դռնապանին ուշ միջնադարից եվրոպական երկրներում շվեյցար էին կոչում, քանի որ նրանք երբեմնի աղքատ Շվեյցարիայից էին գալիս վարձու աշխատանք փնտրելու («խոպան»)։ Ուրեմն, երեք մոգն էլ՝ որպես «արհեստավարժ» քրմեր, կարող էին «Մոգուց աշխարհից» մեկնած լինել, որ համեմատաբար մոտ էր Հիսուսի ծննդավայր Նազարեթին։ Նրանց մաշկի տարբեր գույն և հայրենիքներ վերագրվում են ավելի ուշ դարերի ավանդություններում, ինչը մի կողմից քրիստոնեության ծագմանը տալիս էր համաշխարհային ընդգրկում, մյուս կողմից հնարավորություն ընձեռում երեք ռասային իրենց մասնակից համարել սրբացված իրադարձությանը։ 

Երուսաղեմի շունչը

Քրիստոսի ուսմունքը նախ և առաջ տարածել են առաքյալները։ Նրանցից երկուսը՝ Բարդուղիմեոսն ու Թադեոսը քարոզել են, ըստ ավանդության, մեր երկրում՝ միակ պետության մեջ, որը նույն անունով գոյություն ունի այդ ժամանակներից, նույնիսկ թեմական առաջնորդների ձեռնադրել, ինչի շնորհիվ Հայոց եկեղեցին կոչվում է առաքելական։

Սուրբ Թադեոսի և սուրբ Բարդուղիմեոսի նահատակության վայրը վկայաբանությունները հիմնականում Հայաստանն են համարում, ոչ հայկական աղբյուրները նշում են նաև Բեյրութը, ժամանակակից հետազոտողներից ոմանք՝ Հնդկաստանի Կալյան քաղաքը։ Ըստ որոշ վարքագրությունների, նրանք սպանվել են Հայոց Սանատրուկ թագավորի հրամանով, բավական սարսափելի եղանակով. Բարդուղիմեոս առաքյալը, մասնավորապես, մորթազերծ է արվել։ Ամենահայտնի սրբապատկերներից մեկում նա կանգնած է կարմիր մարմնով՝ մորթը թևին գցած (հեղինակը իտալացի Մատեո Ջիովաննին է, 1430-1495)։ Այդպես էր և՝ է, տառապանքի մեծությունն է ազդու դարձնում նահատակությունը։

Հոգեգալուստ, Ավետարան, 1064 թ.

Ըստ ավանդության, Քրիստոսի աշակերտները Հայաստանում օթևանել են Արտաշատի մոտակա բլուրներից մեկի վրա, որն այնուհետև կոչվել է Օթյաց խաչ, նաև խաչեր են դրոշմել ժայռերին։ 

I դարի աշխա՛րհ։ Վաղուց չէ, որ խաչվել է Հիսուսը։ Ի՞նչ են խոսել առաքյալները։ Սուրբ Հոգու հրա՞շքն են հիշել երախտագիտությամբ, որի շնորհիվ Հոգեգալստի (Պենտեկոստե)` Սուրբ հարության 50-րդ օրը բոլոր աշակերտները տիրապետեցին տարբեր լեզուների և ամենքին դիմում էին նրանց իսկ մայրենի լեզուներով, թե՞ խոսել են փորձություններից, որոնց հանդիպել են քարոզչության տատասկոտ ճանապարհներին։ 

Թադեոսի և Բարդուղիմեոսի զրույցը երևակայելու համար պետք է նրանց անհատականությունների մասին մեկնարկային տեղեկություններ ունենալ։ Թադեոսը, հավանաբար, մեղմ բնավորություն է ունեցել. երբ Եդեսիայում Աբգար թագավորը մկրտվում է, և ամբողջ քաղաքն էլ դարձի է գալիս, անցումը հեթանոսությունից քրիստոնեությանը կատարվում է առանց բռնության և ավերների։ Չեն ոչնչացնում հին աստվածներին նվիրված պատկերները, որ կային բագիններում ու սյուներին, այլ ծածկում են եղեգններով, չեն քանդում նաև կուռքերի տաճարները՝ միայն դռներն են կնքում։

Բարդուղիմեոսի մասին Հիսուսն ասում է «Նոր կտակարան»-ում. «Ահա՛ իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա» (Հովհ. 1:49)։ Առաքյալին կոչում էին նաև «նախադավան»՝ այսինքն, նրա հավատն անվերապահ էր։ Այս հատկանիշը կարող էր մոլեռանդության հանգեցնել։ 

Եվ այսպես, օրվա հոլովույթից, ժայռերից մեկին խաչի հերթական նշանը քանդակելուց հոգնած՝ նրանք նստած են խոտերին մի բլուրի, որը հետագայում կկոչվի Օթյաց խաչ։ 

Թադեոս և Բարդուղիմեոս

Խորհրդավոր զրույց՝ «վերականգնում»

Թադեոս. Չքնաղ է Նոյի լեռը իրիկնամուտին։ Երդիկներից բարձրացող ծուխն էլ ասես խնկարկություն լինի։

Բարդուղիմեոս. Լեռը անշունչ քար է, իսկ օջախների ծուխը խնկարկություն` Ամենակարողի՛ն, որը ստեղծել է աշխարհը։ 

Թադեոս. Անշուշտ, իմ Բարդուղիմեոս եղբայր։ Փառք Ամենակարողին։

Բարդուղիմեոս. Այն հովիվները, որոնց դու ճշմարիտ հավատի ես բերել, մեզ հացի են կանչել՝ չգնա՞նք։

Թադեոս. Արի այսօր առանձին մնանք։ Գուցե այսպիսի խաղաղ երեկո չլինի այլևս։ Կուզենայի մտորել ապրածս կյանքի մասին։ 

Բարդուղիմեոս. Ինձ Պարսկաստանում միայն ութ հոգի հավատաց ու հետս եկավ Մեծ Հայք։ Դու այստեղ հազարների ես դարձի բերել՝ ի՞նչ ունես մտորելու։

Թադեոս. Ի՞նչ ունեմ։ Ինձ ունկնդրեց Սանդուխտ արքայադուստրը, որը հավատաց Քրիստոսին և մկրտվեց։ Բայց թագավորը խիստ զայրացավ. «Թադեոսը գողացավ իմ դստեր՝ գեղանի կույսի միտքը»։ Նա զորապետերի և նախարարների ուղարկեց, որպեսզի ինձ ու դստերը կալանավորեն, բայց նրանք ևս հավատացին մեր Տիրոջը։ Հայտնի է, որ զորականներին արդեն անձամբ է իմ դեմ առաջնորդելու։

Բարդուղիմեոս. Մեր կյանքը ի՞նչ արժեք ունի Աստծո որդու համեմատ՝ Քրիստոսը մեր փրկության համար խա՛չ բարձրացավ։ Դու էլ քո զոհաբերությամբ շատերին կմղես հավատի ուղին։

Թադեոս. Համաձայն եմ, որ իմ կյանքն արժեք չունի, բայց եթե վայելուչ տեսքով ու գեղեցիկ Սանդուխտն էլ մահով պատժվի, արդյո՞ք դա բարիք պիտի համարեմ։ Նա կարող էր գահ բարձրանալ, սեր և արդարություն բաշխել իր հպատակներին։ 

Բարդուղիմեոս. Մի՞թե համեմատելի է Երկնքի արքայության հետ, որ կբացվի նրանց համար, ովքեր նրա նահատակության միջոցով լույսի ճանապարհը կգտնեն: 

Թադեոս. Իսկ քանի՞ հոգի դեռ պետք է նահատակվի, որպեսզի ողջ մարդկությունը դարձի գա… Քանի՞ տարի կպահանջվի։ Հազա՞ր։ Երկու հազար։ Եվ հետո բոլորը կլինե՞ն քրիստոնյա։ 

Բարդուղիմեոս. Համոզված եմ՝ շատ ավելի վաղ: 

Թադեոս. Աստված ձայնդ լսի, բայց չե՞ս վախենում, որ այդ ժամանակ էլ քրիստոնյաների միջև խժդժություններ լինեն։ 

Բարդուղիմեոս. Ի՞նչ խժդժություններ։ 

Թադեոս. Գուցե բոլորը նույն կերպ չհասկանան Տիրոջ հավատը։ 

Բարդուղիմեոս. Մի՞թե մենք Տիրոջը տարբեր ենք մեկնաբանում քարանձավների մեր ժողովներում։ Նրա առակները մեզ ամեն ինչ բացատրել էին։ 

Թադեոս. Քարանձավներում… Իսկ երբ բյուրավոր հավատացյալներ լինեն։ Հավանաբար հատուկ ժողովարաններ, տաճարներ կկառուցեն… Գուցե դրանց գլուխ կանգնեն մարդիկ, որոնք իշխանություն բանեցնեն, և պառակտում առաջանա, որը շատ տառապանքների պատճառ դառնա: Մարտնչեն իրար դեմ, նույնիսկ պատերազմեն։

Բարդուղիմեոս. Մարդը սխալական է, բայց Վերջին դատաստանը կկատարվի բոլոր մարգարեությունների նման, և այդպիսինները կայրվեն դժոխքի կրակներում… Պետք է գործել։ Ես Երուսաղեմից Տիրամոր պատկերն եմ բերել, նրա զորությամբ կփշրեմ Անահիտ աստվածուհու կռատան կուռքերն ու բագինները, իմ ձեռքերով առաջին եկեղեցին կսարքեմ Մեծ Հայքում՝ Սուրբ Աստվածածնի անունով… վանք կհիմնեմ, կուսանոց։ 

Թադեոս. Գուցե նախ վանքը կառուցես, մարդիկ գան աղոթելու, հետո՞ աստվածուհու կռատան կուռքերն ու բագինները քանդես… 

Բարդուղիմեոս. Մարդիկ սովորության գերի են՝ կշարունակեն կռատուն գնալ։ 

Թադեոս. Հայքի ժողովուրդը զարմանալի արագ է հավատում Փրկչին. ի՞նչ կպատահի նրանց, երբ քրիստոնյա դառնան։ Երկու կայսրությունների արանքում։ Եվ իրենք սպասեն փրկությանը, որ երկնքից է գալու։

Բարդուղիմեոս. Կայսրերն էլ մի օր դարձի կգան… 

Թադեոս. Կարծո՞ւմ ես։ Եթե նույնիսկ դարձի գան, կդադարե՞ն կայսր լինելուց։ 

Բարդուղիմեոս. Հիսուս Քրիստոս առաքյալներիս պատվիրեց. «Գնացեք բոլոր ազգերին աշակերտ դարձրեք, մկրտեցեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»։ Սուրբ Հոգով զորանալով՝ պետք է շարունակենք մեր քարոզխոսությունը…

Թադեոս. Ուրեմն, ավելի լավ է գնանք հովիվների հետ մածուն ուտելու, որոնք ամբողջ սրտով հավատացին մեզ։

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

0:00:00 առաջաբան
0:01:16 հին աստվածները և Աստծո միակ որդին
0:04:54 մոգերի ազգը և երեք մոգի համաշխարհայնացումը
0:07:34
Երուսաղեմի շունչը
0:08:44 Օթյաց խաչ
0:10:23 խորհրդավոր զրույց՝ «վերականգնում»

Պեղումներ

Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից

Պեղումներ․ Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր

Պեղումներ․ Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր

Վահրամ Մարտիրոսյան
Հնվ 29, 2024

«Սասնա ծռերը» պատմական Հայաստանի մի որոշ հատվածի վեպն է, բայց հայ ժողովուրդը «որդեգրել է» այն։ Իսկ արդյո՞ք ժողովուրդն այժմ համապատասխանում է իր էպոսին։ Բնորո՞շ է, դիցուք, «Սասնա ծռերի» հերոսների վարքն այսօրվա հայությանը, որքանո՞վ ենք մենք՝ հայերս, «ծռեր»՝ միամիտ խենթեր, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը:

Read more

ՁայնաՊատում. Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր

Պեղումներ. Պատմության արձանագրումը

Պեղումներ. Պատմության արձանագրումը

Վահրամ Մարտիրոսյան
Հնվ 22, 2024

Հեռավոր դարերի պատմության հավաստիությունը բազմիցս է կասկածի տակ դրվել, նույնիսկ պատմաբաններն ամեն ինչ չգիտեն և հաճախ իրենք էլ չեն վստահում աղբյուրների անաչառությանը, իսկ պատմագիրներին դատելու համար պետք է նկատի ունենալ մի քանի կարևոր գործոն, որին անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանը։

Read more

ՁայնաՊատում. Պատմության արձանագրումը

Պեղումներ. Հրաշքներ երազո՞ւմ, թե՞ հարթմնի. զրույց Մաշտոցի հետ

Պեղումներ. Հրաշքներ երազո՞ւմ, թե՞ հարթմնի. զրույց Մաշտոցի հետ

Վահրամ Մարտիրոսյան
Հնվ 15, 2024

Ո՞վ չի երազել հանդիպել պատմական անձի ու զրուցել նրա հետ․․․ Վահրամ Մարտիրոսյանը երևակայական զրույց է ներկայացնում Մեսրոպ Մաշտոցի հետ՝ այս կերպ բացելով մաշտոցյան ժամանակաշրջանի գանձատուփը, հայոց այբուբենի ստեղծման ընթացքն ու դերը։

Read more

ՁայնաՊատում. Հրաշքներ երազո՞ւմ, թե՞ հարթմնի. զրույց Մաշտոցի հետ

Պեղումներ. Տիգրան Մեծ, Հռադամիզդ, Տրդատ I

Պեղումներ. Տիգրան Մեծ, Հռադամիզդ, Տրդատ I

Վահրամ Մարտիրոսյան
Հնվ 8, 2024

Հին հունական ու հռոմեական աղբյուրները հայ պատմական գործիչներից ամենաշատն անդրադարձել են Տիգրան II-ին։ Որպես հետևանք՝ նաև համաշխարհային, հատկապես… երաժշտական արվեստը. «Տիգրան» վերնագրով 24 օպերա է գրվել ուշ միջնադարում, ևս մեկ տասնյակում Տիգրանն առանցքային հերոսներից է։

Read more

ՁայնաՊատում. Տիգրան Մեծ, Հռադամիզդ, Տրդատ I

Պեղումներ․ Արտաշես Մեծի խաղաղության օազիսը

Պեղումներ․ Արտաշես Մեծի խաղաղության օազիսը

Վահրամ Մարտիրոսյան
Դկտ 25, 2023

Արտաշես Մեծը խաղաղության հայկական օազիսում իր քաղաքակրթական անկյունաքարերը հաստատեց՝ աշխարհի զարգացումն ու հայրենական ավանդույթը համադրելով։ Իշխանության այդ կանոնակարգումն էր, որը մեծացրեց հայկական պետականության դիմադրողականությունը հետագա դարերում և ազգային ինքնագիտակցություն ներմուծեց արժեքներ, որոնք արդիական են մինչև այսօր։

Read more

ՁայնաՊատում. Արտաշես Մեծի խաղաղության օազիսը

Պեղումներ. «Մի վարդ քաղեց այտից». Արա Գեղեցիկ, Շամիրամ… Նինոս

Պեղումներ. «Մի վարդ քաղեց այտից». Արա Գեղեցիկ, Շամիրամ… Նինոս

Վահրամ Մարտիրոսյան
Դկտ 18, 2023

Արդյո՞ք հայոց Արա արքային տիրանալ ցանկացող Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամն իսկապես վավաշոտ ու նենգ կին է, արդյո՞ք այս սիրավեպ ավանդազրույցն ունեցել է իրականության հետ կապ, համադրում ու մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։

Read more
ՁայնաՊատում. «Մի վարդ քաղեց այտից». Արա Գեղեցիկ, Շամիրամ… Նինոս

ՁայնաՊատում. «Մի վարդ քաղեց այտից». Արա Գեղեցիկ, Շամիրամ… Նինոս

Պեղումներ. Վառվռուն աչքերով և հպարտ բնավորությամբ Հայկը

Պեղումներ. Վառվռուն աչքերով և հպարտ բնավորությամբ Հայկը

Վահրամ Մարտիրոսյան
Դկտ 11, 2023

Մեր անվանադիր Հայկը հրաշալի ժառանգություն է՝ իր «վառվռուն աչքերով», ազատասիրությամբ ու բարեհաճությամբ դեպի այլ ազգերը։ Ո՞րն էր Հայկի «հաջողության գաղտնիքը», ինչպե՞ս է դա արտահայտվում ու ինչպիսի՞ն պետք է լիներ ժամանակի հեռահար զենքը՝ նետուաղեղը, կատարյա՛լ նետուաղեղը։

Read more

ՁայնաՊատում. Վառվռուն աչքերով և հպարտ բնավորությամբ Հայկը

Պեղումներ. Ու՞մ և ինչու՞ է Խորենացին իրականում կոչել Տիգրան Մեծ

Պեղումներ. Ու՞մ և ինչու՞ է Խորենացին իրականում կոչել Տիգրան Մեծ

Վահրամ Մարտիրոսյան
Դկտ 4, 2023

Արքայազն Տիգրանը Քսենոփոնի վեպում զգացմունքային է, պերճախոս, անձնվեր։ Իսկ Խորենացին նրան համարում է թագավորներից ամենահզորը, ամենախոհեմն ու քաջը։ Ինչու՞ Պատմահայրը չի զսպում իր զգացմունքները՝ անդրադառնալով Տիգրանի ժամանակաշրջանին, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։

Read more

ՁայնաՊատում. Ու՞մ և ինչու՞ է Խորենացին իրականում կոչել Տիգրան Մեծ

Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ