
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով։
Հայաստանում յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ FAST հիմնադրամն իրականացնում է «1991 ստորաբաժանման» պարբերական նախապատրաստական դասընթացները։ Ծրագիրն իրականացվում է 2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), պաշտպանության նախարարության և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի կնքած փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։ Դասընթացներն անվճար են, նախատեսված ինչպես զորակոչի ենթակա տղաների, այնպես էլ մասնակցության հայտ ներկայացրած աղջիկների համար, որոնք ունեն գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են միանալ ՊՆ առաջադրած նախագծերին՝ կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։ Դասընթացին մասնակցելու համար դիմորդները պետք է տիրապետեն դպրոցական մաթեմատիկային և որոշակի գաղափար ունենան ծրագրավորման հիմունքների մասին։ Ընդունելությունը մեկ փուլով է։ Այս ժամանակահատվածում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ, որոնք կիրառում են թիմային ավարտական նախագծերն իրականացնելիս։ Այդպիսով նաև նախապատրաստվում են ՊՆ կողմից կազմակերպված «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությանը։
«1991 ստորաբաժանման» ստեղծմամբ պայմանավորված փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրության կարգերը սահմանելու, ինչպես նաև վիճակահանության և ընտրության մրցութային հանձնաժողովներ ստեղծելու մասին N 8-Ն հրամանում։ Ստորաբաժանումը ձևավորվել է 2020-ի օգոստոսին՝ պատերազմից մեկ ամիս առաջ, սակայն նախապատրաստական դասընթացները մեկնարկել են 2020-ի հունվարին: Դասընթացը բաղկացած է հինգ մասից։ Առաջին երեք ամսվա ընթացքում ուսումնասիրում են գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն, մաթեմատիկական անալիզ, հավանականությունների տեսություն և ծրագրավորման հիմունքներ (Pytհon ծրագրավորման լեզուն), այնուհետև հաջորդող երեք ամսվա ընթացքում ուսուցանում են մեքենայական ուսուցման հիմունքեր և խորը ուսուցում (նեյրոնային ցանցերի հիմունքներ) առարկաները։ Հիմնադրամը կրթական նյութերը (հայերենով) հասանելի է դարձրել յուրաքանչյուրի համար։
Դասընթացն ամփոփվում է ավարտական նախագծերով։ Ծրագրի դասախոսներից Նշան Փոթիկյանն ասում է, որ մինչ օրս 15 ավարտական աշխատանք է կատարվել։ Նախագծերը երկակի նշանակություն ունեն, այսինքն, կարող են օգտագործվել թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական նպատակներով։
«Ավարտական նախագծերի նպատակն այն է, որ ուսանողները վեց ամսվա ընթացքում ստացած գիտելիքները գործնականում կիրառեն։ Սկզբից մինչև վերջ պատկերացում կազմեն՝ ինչ է նշանակում ստեղծել արտադրանք, որի հիմքում արհեստական բանականության ալգորիթմ է»,- ասում է Փոթիկյանը։
Դասընթացն անցկացնելու համար հիմնադրամը ՊՆ-ից ֆինանսավորում չի ստացել։ Անհրաժեշտ գումարը հավաքվել է դրամահավաքի միջոցով։
Ծրագրի պատասխանատու Դավիթ Ղազարյանի խոսքով՝ հստակ, որոշիչ կետ չի եղել, որից հետո ծագել է նման ստորաբաժանում ունենալու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ գաղափարը խմորվել է տարիների ընթացքում և 2019-ին արդեն մեկնարկելու ժամանակն էր։
«Եթե արդար լինենք, շատ վաղուց պետք է սկսած լինեինք, դեռ 1990-ականներից»,- ասում է Ղազարյանը՝ հավելելով, որ «1991» ստորաբաժանումը ստեղծելիս հաշվի են առնվել ամերիկյան ԴԱՌՊԱ-ի, իսրայելական «82 00» ստորաբաժանման և ռուսական Տեխնոպոլիս ԷՌԱ-ի մոդելները։ Բոլորի հիմքում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ զինամթերքի ստեղծումն է։
Ծրագրի ժամանակացույցի համաձայն՝ երեք տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրի մասնակիցների թիվը հասցնել 300-ի, իրականացնել մի քանի գիտահետազոտական նախագծեր, իսկ հինգ տարվա ընթացքում հասնել արդյունքների առևտրայնացմանը:
Ավարտական նախագծից՝ աշխատաշուկա
Դավիթ Թումանյանը մի օր որոշեց թողնել ֆուտբոլն ու ծրագրավորող դառնալ։ Նրան հատկապես հետաքրքրում էր մեքենայական ուսուցումը, ինչն էլ առիթ դարձավ 2021-ին FAST հիմնադրամի դասընթացին մասնակցելու համար։ Դասընթացի ավարտից հետո մեկ տարի տարկետում է ստանում։ Պրակտիկա է անցնում FAST-ում, ապա աշխատանքի՝ Locator ընկերությունում՝ որպես մեքենայական ուսուցման ինժեներ։
«Իմ ավարտական ծրագիրն օբյեկտների հայտնաբերումը և դասակարգումն էր: Արհեստական բանականության շնորհիվ նկարի մեջ եղած օբյեկտները մեքենայական ուսուցման ծրագիրը կարողանում էր գտնել և դասակարգել ըստ տեսակների, օրինակ՝ տուն, փողոց, շենք,- ասում է Թումանյանը՝ նշելով, որ նախագծի վրա հինգ հոգով են աշխատել, այնուհետև նա FAST -ում սկսել է երկու նկարների մեջ տարբերություն գտնելու ծրագիրը,- Մեքենայական ուսուցման մոդելը կարողանում է գտնել նույն վայրի տարբեր ժամանակում արված նկարների տարբերությունը, թե ինչ շինություն կամ ինչ փողոց է կառուցվել նկարում։ Ենթադրենք՝ մի նկարն արվել է 2010-ին, մյուսը՝ 10 տարի անց։ Մոդելը կարողանում է տարբերել՝ ինչ փոփոխություններ է եղել այդ տարածքում, օրինակ՝ ծառեր են տնկվել, շենք կամ փողոց է կառուցվել։ Մի քանի ամիս դրա վրա աշխատելուց հետո աշխատանքի ընդունվեցի, իսկ նախագիծը մնաց այն ուսանողներին, ովքեր ինձնից հետո եկան»։
Արդյունավետության գնահատում
Դասընթացի մասնակից Դավիթ Թումանյանի խոսքով՝ դասավանդողները բարձրակարգ մասնագետներ են, որոնք կիրառելի գիտելիքներ են տրամադրում։ Նույն առարկաները միաժամանակ նաև Հայ-ռուսական համալսարանում էր անցնում, որտեղ ստացած գիտելիքները հիմնականում տեսական էին, մինչդեռ FAST-ում օգնում էին «մարսել» նաև համալսարանի տված գիտելիքները։
«Դասընթացը ոչ մի բան բաց չի թողնում։ Մաթեմատիկան ամենախորքից են սովորեցնում, հետո սկսում ես կիրառել ու ամբողջովին հասկանում ես մաթեմատիկական բոլոր գործողությունները։ Ոչ բոլոր տեղերում են այդպես խորը սովորեցնում, հիմնականում մակերեսորեն են դասավանդում, իսկ FAST-ը ոչ մի մութ անկյուն չի թողնում, ինչը շատ կարևոր է, քանի որ առանց խորություններն իմանալու հետագայում առաջ գնալը գրեթե անհնար կամ շատ դժվար կլինի»,- ասում է Թումանյանը։
Դասախոս Նշան Փոթիկյանի խոսքով՝ մինչ օրս դասընթացն ավարտել է 410 մասնակից։ Նրանց մի մասը ծառայության է անցել ստորաբաժանումում, մի մասն էլ՝ աշխատանքի ընդունվել արհեստական բանականությամբ զբաղվող այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Կրիսպը, Պիքսարտը և այլն։ Սա դասընթացի արդյունավետության ցուցիչներից է համարում։
«Դասընթացն արդյունավետ է, քանի որ «1991» ստորաբաժանումում մարդիկ են, որոնք նաև աշխատաշուկայում են իրենց տեղը գտնում։ Դասընթացի մասնակիցները հիմնականում 17-18 տարեկան են, իրենք սկսում են հետաքրքրվել նաև գիտությամբ, որովհետև ցույց ենք տալիս, թե որտեղ է պետք գալիս այն մաթեմատիկան, որը դպրոցում են անցել։ Ցույց ենք տալիս, որ այդ ամենն իրոք կարևոր է ու հետագայում հաջողության հասնելու համար պետք է ավելի խորանալ այդ ամենի մեջ»,- ասում է Փոթիկյանը։
Ծրագրի ղեկավար Դավիթ Ղազարյանի խոսքով՝ ծրագիրը նոր է, արդյունավետություն գնահատելը՝ բարդ, թեև միտումները դրական են․
«Ստացված արդյունքները դրական են։ Երբ համեմատում ենք մեր առջև դրված արդյունքը և երկու տարի անց ստացածը՝ բավականին մոտ ցուցանիշներ ենք տեսնում։ Իդեալական նույնը չեն, սակայն շատ մոտ են իրար»։
Նախապատրաստական դասընթացներին մասնակցած ուսանողների ավարտական աշխատանքները բազմաբնույթ են, օրինակ՝ հայտնաբերել նկարի մեջ հրդեհը, որի վերջնարդյունքը կարող է կիրառվել արտակարգ իրավիճակների դեպքում․ անտառում բարձր տեղադրված և անընդհատ նկարող տեսախցիկի միջոցով հրդեհ բռնկվելու դեպքում դրա մասին կիմանան համապատասխան կառույցները։ Ուսանողներից մեկի աշխատանքով համակարգը կարող է պատկերներից եզրակացություններ անել, օրինակ՝ հրդեհ, մեքենաներ, մարդիկ, շենք-շինություն հայտնաբերել։ Մեկ այլ աշխատանք էլ ճանաչում է ձայները՝ թույլ տալով ստեղծել համակարգ, որը կարող է սղոցի ձայնը տարբերել այլ ձայներից։ Ուսանողներից մեկն էլ փորձել է ստեղծել նորությունների դասակարգման համակարգ, որով կարելի է տարբերակել կայքերի թողարկած հոդվածները սպորտի՞, տնտեսությա՞ն, թե՞ մշակույթի մասին են։
Մրցույթի անցկացման կարգն ու փուլերը
Ստորաբաժանում ծառայության անցնելու քննություններն անցկացնում է պաշտպանության նախարարությունը։ Ընտրական հանձնաժողովը բաղկացած է ՊՆ աշխատակիցներից, սակայն կա նաև մասնագիտական հանձնաժողով, որտեղ ներգրավում են Հայաստանում արհեստական բանականությամբ զբաղվող տեխնոլոգիական ընկերությունների մասնագետներին։
Առաջին փուլում մասնակիցների գնահատականը որոշվում է համապատասխան մասնագիտական հարցերից բաղկացած գրավոր թեստի միջոցով: Առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ անցած զորակոչիկները համարվում են որակավորված` հետևյալ մասնագիտություններից. ծրագրավորում, կիբեռանվտանգություն, ցանցային/համակարգային ադմինիստրացիա:
Առաջին փուլի արդյունքներով՝ 23 և ավելի միավոր հավաքած զորակոչիկներն անցնում են որակավորման երկրորդ փուլ։ 16-22 միավորը ներառյալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B» կարգ և չեն անցնում որակավորման հաջորդ փուլ, նրանք մասնակցում են զինված ուժերի կապի, հակաօդային պաշտպանության և հրետանու ուսումնական զորամասերի համալրման վիճակահանությանը՝ եթե նրանց առողջական վիճակը թույլ է տալիս նշանակվելու ուսումնական զորամասում կամ չի լրացել ուսումնական զորամասերի համալրման համար անհրաժեշտ քանակը։
Երկրորդ փուլում զորակոչիկի վերջնական գնահատականը ձևավորվում է համապատասխան մասնագիտության գնահատման հանձնաժողովի բոլոր անդամների նշանակած գնահատականների միջին թվաբանական գումարով:
Երկրորդ փուլի գնահատման արդյունքում 8 և ավելի բալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «C» կարգ, 6-8 բալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B+» կարգ, 6-ից ցածր բալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B» կարգ։
Որակավորման «C» կարգ ստացած զորակոչիկները համարվում են վիճակահանությամբ նշանակված Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում։ Որակավորման «B+» կարգ ստացած զորակոչիկները համարվում են վիճակահանությամբ նշանակված 1991 ստորաբաժանման ուսումնական խմբում։ «B» կարգի որակավորում ստացած զորակոչիկները մասնակցում են զինված ուժերի կապի, հակաօդային պաշտպանության և հրետանու ուսումնական զորամասերի համալրման վիճակահանությանը՝ եթե նրանց առողջական վիճակը թույլ է տալիս նշանակվելու ուսումնական զորամասում կամ չի լրացել ուսումնական զորամասերի համալրման համար անհրաժեշտ քանակը:
Ստորաբաժանումում ծառայություն անցնելու համար կարող են դիմել նաև դասընթացի չմասնակցած անձինք, որոնք, սակայն, ունեն անհրաժեշտ գիտելիքներ։ Այս պահին ստորաբաժանման գործող անձնակազմի բոլոր անդամները դասընթացի շրջանավարտներն են։
Հիմնադրամի խնդիրներից մեկն էլ արդեն ստորաբաժանման կազմում ընդգրկված մասնակիցների գիտելիքները վերաթարմացնելն է, նախագծերի ընթացքում մասնագիտորեն ուղղորդելը և ընթացքին հետևելը։
Ինչո՞ւ ստորաբաժանումում ծառայության անցնել
Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Զորացրվելուց հետո նրանք հնարավորություն կունենան՝ աշխատել ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ներգրավվել հետազոտական լաբորատորիաներում, ձևավորել սեփական ստարտափը։
Սրանք ծրագրի «պաշտոնական» առավելություններն են, իսկ ստորաբաժանումում ծառայությունը ծրագրի ղեկավար Դավիթ Ղազարյանի խոսքով՝ զինվորներին հսկայական փորձի պաշար, իրենց ընտրած մասնագիտությամբ երկու տարի խիստ զբաղվածության ապահովում և պետությանն օգտակար լինելու հնարավորություն կտա։
Ըստ Ղազարյանի՝ ստորաբաժանումում ծառայության անցնելն առավել գրավիչ դարձնելու համար և վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվելու․
«Վարկանիշի ուղղությամբ աշխատանքներ ենք մեկնարկելու, որ մարդը ցանկանա ամեն ինչ թողնի ու գա ստորաբաժանումում ծառայելու, որովհետև դա պատիվ է։ Սերտիֆիկացված քաղաքացի է դառնալու, այդ վկայականը ձեռքին որտեղ էլ գնա ասելու են՝ «Դու այդտե՞ղ ես ծառայել, ուրեմն վաղը արի, չէ՛, վաղը չէ, հենց հիմա էլ արի»։
Ծրագրի հետագա զարգացումը
Նախատեսվում է, որ գիտահետազոտական աշխատանքների արդյունքում կստեղծվեն արտադրանքներ, որի քաղաքացիական տարբերակի վաճառքով պետությունն է զբաղվելու։ Ստորաբաժանումը ինքնաֆինանսավորվող կառույցի է վերածվելու։
«Ստորաբաժանումը առևտրայնացնում է գործունեությունը, տեխնոլոգիայի վաճառքից մեծ գումարներ վաստակում և ավելի լավ տեխնոլոգիա ստեղծում, միտքը դա է։ Օրինակ՝ ստեղծում է դրոն, որի քաղաքացիական տարբերակն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ։ Եթե դա կարողանանք ի կատար ածել, ապա երկակի նշանակության արտադրանք կունենանք, որի վաճառքով պետությունը կզբաղվի, նույնիսկ ռազմական նշանակության ապրանքները կարող է պետությունը վաճառել։ Մեր գերխնդիրներից մեկը սա է»,- ասում է Ղազարյանը՝ հավելելով, որ դեռ ճանապարհային քարտեզի սկզբնամասում են, քայլեր են անում, բայց ունեն նաև ժամանակի կարիք։
Ըստ Ղազարյանի՝ մասնակիցների իրականացրած ավարտական աշխատանքների մեջ կան այնպիսիները, որոնք ստորաբաժանման ուսումնասիրության դաշտում հայտնվելու պոտենցիալ ունեն։ Նրա խոսքով՝ 2020-ի Արցախյան պատերազմը ևս մեկ անգամ կարևորել է նման տեխնոլոգիական առաջընթաց ունենալու գաղափարը․ այժմ սպառազինությունը դառնում է խելացի, և էլ ավելի է կարևորվում որակյալ սպաներ ունենալու գաղափարը։
Ստեղծարար Tech
Հայաստանի տեխնոլոգիական սարքավորումների էկոհամակարգի առաջընթացներն ու մարտահրավերները
Հայաստանյան տեխնոլոգիական նորարարությունների ասպարեզում տեղական ծրագրային ապահովմամբ (software) զբաղվող ընկերությունները մեծ առաջընթաց են գրանցում: Տեխնոլոգիական սարքավորումների էկոհամակարգը (hardware) ևս փորձում է հետ չմնալ և շարունակում է բարձունքներ նվաճել համաշխարհային շուկայում:
Read moreՏեխնոլոգիաների առևտրայնացում. կապելով գիտությունը տնտեսությանը
Ի՞նչ է տեխնոլոգիաների առևտրայնացումը և ի՞նչ խնդիր այն կարող է լուծել Հայաստանում գիտական էկոհամակարգը զարգացնելու և գիտահենք տնտեսություն ստեղծելու ճանապարհին:
Read moreԳիտանորարարական ընկերությունները Հայաստանում․ ի՞նչ խնդիրներ են դրանք լուծում
Գիտանորարարական (Deep Tech) ընկերությունները ստեղծում են ժամանակակից աշխարհում առկա խնդիրների լուծմանը նպաստող բեկումնային տեխնոլոգիաներ։ Գիտական հենք ունեցող լուծումը կարող է փոխել շուկայում առկա «ստատուս քվոն»՝ ստեղծել նորը կամ ոչնչացնել գոյություն ունեցող շուկաները։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել Հայաստանում հավակնոտ խնդիրներ լուծող և աշխարհին հավելյալ արժեք տվող երկիր դառնալու համար։
Read moreՏՏ ոլորտը Հայաստանում միջին խավ է ձևավորում
Հայաստանում ՏՏ ոլորտը երկրի զարգացման ռազմավարական ուղղություն է` բնակչության գիտական և կրթական ներուժի համեմատաբար բարձր մակարդակի շնորհիվ: Այն նաև երկրում ամենաբարձր վարձատրվող ոլորտներից մեկն է:
Read moreՄարդ և օրենք
Բոլորը կհայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը․ ռիսկեր և հնարավորություններ
Իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները 2024-ից հայտարարագրեն իրենց եկամուտներն ու գույքը, Արաքս Մամուլյանը փորձել է հասկանալ ծրագրի առավելություններն ու խնդիրները։
Read moreԾանր վիրավորանք․ քրեականացումը և ապաքրեականացումը
Հայաստանում «ծանր վիրավորանքը» քրեականացնող լրացումը գործեց ընդամենը տասն ամիս։ 2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի Քրեական նոր օրենսգրքով ապաքրեականացվեց այս արարքը։
Read moreՎտանգավոր աշխատանք․ դժբախտ պատահարներ ու չլուծվող խնդիրներ
Աշխատավայրերում ոչ միշտ են պահպանվում առողջության ու անվտանգության կանոնները, ինչի հետևանքով շատ դեպքերում տուժում են աշխատակիցները։
Read moreՕրենքը, որի առաջ հավասար են բոլորը
Օրինապաշտ լինելու առաջին քայլը օրենքի մասին իմանալն է և իրավունքը պաշտպանելու համար նույնպես պետք է իմանալ գործող նորմերի մասին։ EVN Report-ը սկսում է նոր շարք, որի շրջանակում ներկայացնելու է օրենսդրական և դատաիրավական համակարգին վերաբերող արդիական թեմաները:
Read moreՄեր հայերեն հոդվածները կարող եք լսել ՁայնաԳիր տարբերակով։