
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով։
«Ի՞նչ է ճարտարապետությունը»,- հարցի պատասխանն է.
-Այո:
Ուլֆ Պրիքս
Շատ տարիներ առաջ արդեն ակնհայտ էր, որ հայկական հաղորդակցական հոսքերում առաջին տեղ են գրավում քաղաքականությանն առնչվող խոսակցությունները, որոնք դուրս են մղում որևէ ոլորտային, մասնագիտական բովանդակություն և համապատասխան լեզու։ Սրա մասին առիթ եմ ունեցել հանրայնորեն արտահայտվելու։
Բուն խնդրո առարկան՝ ճարտարապետությունը, որից կրկին փորձելու եմ խոսել, բացի քաղաքական անցուդարձին հղող խոսակցություններից, ենթակա է նաև այլ գերակա՝ վարչական, տնտեսվարական, բնապահպանական գործառույթներին և ծրագրերին վերաբերող խոսակցությունների ճնշմանը, որոնք դիտարկում են ճարտարապետությունը զուտ որպես տարբեր գործունեություններ սպասարկող ծառայություն։ Սրան զուգահեռ ոչ պակաս ճնշում է կիրառվում երբեմն բավական տարածված հանրային անիրազեկ պատկերացումների, կարծրատիպերի և պատրանքների բերմամբ, անգիտակցական մղումների ցանցերում:
Բացի այդ, հենց ճարտարապետությանը վերաբերող խոսակցություններում տպավորություն է ստեղծվում, որ նշված տարբեր դիրքերի զուգադրումից այն կողմ խնդիրներ գոյություն չունեն, այսինքն՝ ճարտարապետությունը չունի այլ բովանդակություն, քան կենցաղային, տնտեսական, վարչա-կազմակերպչական, տեխնոլոգիական, օրենքով կարգավորվող, լավագույն պարագայում՝ բնապահպանական, պրոպագանդիստական և այլն: Ըստ այդմ, ճարտարապետությունն ընկալվում է որպես տարբեր ոլորտների՝ տնտեսականի, տեխնոլոգիականի, էկոլոգիականի, պատմաբանականի և այլի համադրում:
Թյուրիմացաբար, այն հասկացվում է իբրև սոսկ ակնկալվող շինարարությանը կապված ծառայություն՝ որպես դրա սպասարկում: Իսկ նախագծման հեղինակային կամ ստեղծարար կողմը, հատկապես համեմատաբար ցածր տեսակարար գների պարագայում, երբեմն ներողամտաբար հանդուրժում են մասամբ՝ որպես անխուսափելի աղմուկ, որպես հնարավորինս նվազագույն տուրք գծողի սնափառությանը և իրերի բերմանն ու չգիտեն էլ ինչին:
Ցավոք, ստացվում է, որ այս վերաբերմունքը միանգամայն արդարացի է ոլորտին վերագրվող շատ դեպքերում, որոնց վրա էլ հիմնվում և հաստատվում է այն՝ անգամ չհաշված նախագծողների և նրանց համար գործ ապահովող պաշտոնավարողների կոռուպցիոն պրակտիկաները:
Մինչդեռ արմատական ճարտարապետությունն իր ձևաստեղծման և լեզվաստեղծման բարձր դրսևորումներով ոչ թե ծառայում է այս կամ այն գործունեությանը, այդ թվում շինությունների միջոցով առկա հիմնահոս գաղափարաբանական քարոզչությանը, այլ բացահայտում է ժամանակը՝ հետևելով իր հայտնաբերածի հատուկ տրամաբանությանը՝ իր հետաքրքրությանը, այդպիսով իրականացնելու սեփական քաղաքականությունը, որը չի կարելի հանգեցնել դրա բաղկացուցիչներից որևէ մեկին՝ լինի տեխնոլոգիական, կոնստրուկտիվ, որևէ այլ, կամ՝ ներկայացնել իբրև զատորոշ տեխնիկական ոլորտների ու այլ տարրերի պարզ համադրում։
Գաղափարաբանություն, ու դրա քարոզչություն ասելիս նկատի չունեմ անպայման ինչ-որ բացորոշ վարդապետություն և դոկտրին, այլ՝ հիմնահոս մոտիվների, եղանակների, թեմաների, անգամ խնդրադրումների անքննին վերարտադրությունը և դրանց բնազդաբար հնազանդվելը: Այդ բնազդային հպատակության կողմնորոշմամբ են աշխատում գաղափարաբանության տարաչափ իրական քայլերը:
Ճարտարապետությունն իրական դառնալու համար, որն, իհարկե, տարբեր է պարզապես նյութականանալուց, կարիք ունի խոսքի՝ ուղղված հենց ճարտարապետական խնդիրներին ու թեմաներին, որոնք, ինչպես ասացի, տարբեր ոլորտների տվյալների ու պահանջների համադրման սահմաններում չտեղավորվելով՝ ամեն անգամ կրկին սահմանազատում են ասպարեզը:
ՃարտարաԳիտականից տարբեր, այս խոսակցությունը, թերևս, սկզբունքորեն տարօրինակ է։ Այն չի կարող համապատասխանել տափակ, թեև ճարպիկ և առողջ բանականությանը հասկանալի լինելու պահանջին, քանի որ անմիջապես առնչվում է անհայտին, անգամ՝ հենց պատվերի մակարդակում:
Պատվերի ձևակերպումն իրավամբ շատ մոտավոր և աղոտ է իր համապատասխան արդյունքի հարաբերմամբ, և մեծ հաշվով հենց այդ բացակում է տեղի ունենում ճարտարապետությունը: Սադրիչ ազդեցության հավանականության պատճառով այսպիսի խոսակցությունը հակացուցվում է կրթական ցածր ցենզի, անկայուն կերտվածքի և կյանքի սակավ փորձառության պարագաներում: Դրանից ելնելով՝ այն լայնորեն մերժվում կամ արհամարհվում է փիլիսոփայության գործողության պես, եթե բանը դուրս է հաստատվածը խնկարկելու ծեսից:
Այս տարածված մոտեցումն առավել է ընդգծվում այն հանրություններում, ուր կրթության մեջ տրամաբանության առարկաների և մեթոդաբանական խնդիրների դասավանդումը թույլ է և հոգեվերլուծության հաստատութենական մակարդակը՝ ցածր: Այնուամենայնիվ, մասնագիտական խոսակցությունից խուսափելու արդյունքներն անգամ պոպուլիստական համատեքստում տխուր են:
Բնագիտության ասպարեզում, օրինակ, հանրամատչելի են դարձնում ոլորտի հայտնագործություններն ու անելիքները, որպեսզի հանրության մեջ տեղ գտնեն՝ ֆինանսավորման աղբյուրներ հայթայթեն, արդարացնեն իրենց գոյության իրավասությունը, համալրվեն նորեկներով և կրկին ու կրկին հայտ ներկայացնեն ճշմարտության-կեղծիքի որոշման առնչությամբ։
Բուն ճարտարապետական խոսակցությունը կարոտում է ակտիվության, որի հիման վրա ծավալվի նաև համապատասխան հանրամատչելի խոսակցություն, որ հանրությունն ու առանձին մարդիկ ավելի սթափ պատկերացնեն, թե ի՞նչ է ենթադրում ու նշանակում նախագծումը, որո՞նք են դրա առաջնահերթությունները, ինչպե՞ս է այն փոխվում և այլն։
Ճարտարապետության իրականությունը և հնարավորությունները գործնականում, ի թիվս այլ գործոնների, կախված են խոսակցության նմանօրինակ նախաձեռնությունների ծավալից և ինտենսիվությունից: Դրա թերացումը, այլափոխումը, վերջին հաշվով, հանգեցնում է ճարտարապետության դեգրադացիայի և ինքնաբացարկի:
Ճարտարապետների որակավորումն ու համալրումը հստակորեն կախված են համապատասխան խոսույթի տեղական զորությունից: Վերջինի անկման հետևանքով բուն ճարտարապետական խնդիրները, ցավալիորեն, ներկայացվում են միայն իբրև նախագծող կոնկրետ անհատի գործ՝ կապված նրա օժտվածությանը, իբրև նրան ի վերուստ տրված շնորհքի հարց, ոչ ամենևին, ասենք՝ գոնե մշակութային հոսքերին առնչվելու անձնական ջանքերի արդյունք:
Վիրտուալ հաղորդակցության ցանցերը, բարեբախտաբար, որոշ չափով հնարավոր են դարձնում փոխհատուցել մշակութային լարման տեղական անկումները, բայց չեն կարող փոխարինել ակտուալ գործընթացներին: Երիտասարդ մասնագետների ստեղծագործական հավակնությունները մտավոր հորիզոնի հետ խիստ սահմափակվում են տեղում համապատասխան մշակութային բովի թուլացման հետ՝ լայն ու խոր ասոցիատիվ կապեր ստեղծելու անկարողությամբ՝ հանգելով սոսկ կենցաղային խնդիրների գիտակցման և բացառապես տեխնիկական հարցերի ու հմտությունների կարևորման: Նախագծերը, դրանց նպատակները կամ հայեցակետերը բնութագրելիս օգտագործում են ճաշակի, ճաշակելիքի, օրինակ՝ «համովության» կամ այլ անտեղի զգայական որոշիչներ, մինչ Ճարտարապետությունը, ինչպես ասում է ականավոր ճարտարապետ Ուլֆ Պրիքսը, ոչ թե ճաշակի կամ կարծիքի հարց է, այլ՝ գիտելիքի։
Ըստ այդմ, անգամ մասնագիտական շրջանակներում կանոնավորապես շփոթություն է առաջանում եզրերի կիրառման մեջ, մասնավորապես չեն զանազանվում չարչրկված «կոնցեպցիան» և «կոնցեպտը», որոնք իրենց հերթին շատ անգամ թյուրիմացաբար իբրև «անալոգիա» են մեկնաբանվում և անհեթեթորեն զգայականության և զգացական սահմաններում են շրջանառվում։
Այդպիսի հանգամանքներում ճարտարապետին հորդորում են գլուխը կախ աշխատել համեստ արհեստավորի խոնարհությամբ՝ սպասարկելու պատվիրատուի, իշխանության հրահանգները, պայմաններում, ուր մասնագետի իրավունքներն օրինապես պարզ և պաշտպանված չեն, իսկ մասնագիտության մեջ՝ գործնականում, իրոք, փոքր չէ արհեստի և նորմատիվ գրագիտության բաժինը, որն իսկ, ցավոք, ներկայացվում է որպես բուն առարկան:
Ճարտարապետական խոսքը ծավալվում է հենց ճարտարապետության լեզվաստեղծմամբ ու լեզուներով՝ ոչ բառերով, բայց նաև՝ բառերի լեզվով՝ որպես խոսակցություն ճարտարապետության և դրա խնդիրների մասին։
Պատահական չէ, որ ճարտարապետները, այդ թվում առաջին հերթին ականավոր հեղինակները, հարկ են համարում նախագծերից ու կառույցներից բացի հանդես գալ նաև բառային տեքստերով՝ հոդվածներով և գրքերով, գիտակցմամբ, որ նախագծային լեզուն կարիք ունի այդպիսի հենարանի՝ իրենց դիրքերը լայնորեն պարզաբանելու, հիմնավորելու և սփռելու: Այդպիսի տեքստերում երբեմն քիչ չեն նախագծերին առնչվող անձնական իրադարձությունների պատումներ, բայց այդ տեքստերը նկատելիորեն տարբերվում են ճարտարապետների կենսագրական կամ հաճախ արվեստաբանական նկարագրական ապրանքագրումներից, որոնք ավելի շուտ հասցեագրված են պատմագրությանը։
Ճարտարապետական խոսքից հիմնականում կարելի է առանձնացնել նաև այն հրապարակումները, որոնք այս կամ այն կանոնավորությամբ արտադրվում են ոլորտին առնչվող պատկան և կրթական հաստատությունների կողմից՝ գլխավորապես իրենց ընթացիկ գործառույթների բերումով: Դրանց մի մասը վարչական բնույթի են, մյուսը՝ զգալիորեն հաստատությունների ինքնավերարտադրման հոգածությամբ են թելադրված: Դա նկատելի է ինչպես պաշտոնական «տախտակե լեզվի» և բյուրոկրատական մատուցման, այնպես էլ լրջատարազ բովանդակության առումով, որոնք, ի դեպ, եթե մեդալի մյուս կողմը չեն, միևնույնն է՝ չեն ապահովագրում գերակա զոռբայությունից, որից պաշտպանել, ըստ երևույթին, կոչված են:
Ցանկալի է, որ այս ընթացիկ խոսակցությունը հնարավորինս անբռնազբոս զրույցի փորձ դառնա ճարտարապետության կապակցությամբ, գուցե մի շարքի ակտիվ սպասում, որը կարող է մոտենալ իր խնդրին ամենատարբեր կողմերից՝ խոսքը հենց ճարտարապետությանը տալու մղումով՝ հայցված նախագծերի կամ տեքստերի միջոցով:
/շարունակելի…
ԵՎ այլն
Վերաիմաստավորենք մեր միջնադարյան գերեզմանոցները
Ճարտարագետ Յարութիւն Խաչատուրեանն անդրադառնում է հայաստանյան գերեզմանների խնդիրներին, ժամանակակից և միջնադարյան գերեզմանոցների տարածքների սահմանազատման կարևորությանն ու հիմնավորում միջնադարյան գերեզմանոցների վերաիմաստավորման կարևորությունը։
Read moreԱրվեստ և մշակույթ
Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը որպես հայաստանյան իրադարձություն
Լույս է տեսել նշանավոր փիլիսոփաներից մեկի՝ Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» գրքի հայերեն թարգմանությունը։ Աշոտ Ոսկանյանն անդրադառնում է գրքին՝ թարգմանությանը, հիմնական թեզերին, ինչպես նաև ներկայացնում հայաստանյան իրողությունները։
Read moreԲայց և սակայն, այնուամենայնիվ
Փոդքաստ
Ժառանգության մշակույթ՝ առասպելներից դեպի ռազմավարություն
EVN Report-ի «ԵՎ այլն» բաժնի խմբագիր, արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը մեկնարկում է զրույցների շարք։ Նախագծի առաջին զրույցի թեման է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները, համակարգային ու պետական ռազմավարությունների վերանայման օրհասական անհրաժեշտությունը։ Զրուցակից՝ մշակութային մարդաբան Գայանե Շագոյան։
Read more