EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և օրենք
Հկտ 9, 2026

Կապսի ջրամբարը՝ չորս տասնամյակ անց

Հրանուշ Դերմոյան

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։


Your browser does not support the
audio element.

Լայնածավալ հանրային ծրագրերի իրականացումը շարունակում է լուրջ մարտահրավեր լինել Հայաստանի կառավարության համար։ Տրանսպորտային բարեփոխումներից և մետրոյի նոր կայարանի կառուցումից մինչև առողջության համընդհանուր ապահովագրության ներդրում՝ խոշոր նախաձեռնությունները բազմիցս ուղեկցվել են ձգձգումներով, ժամկետների խախտումներով և չկատարված խոստումներով։

Խոշոր ենթակառուցվածքային խոստումներն իրականացնելու Հայաստանի կառավարության կարողության վերջին փորձությունը Շիրակում Կապսի ջրամբարի կառուցումն է։ Կապսը պարզապես ջրամբար չէ, որի շինարարությունը կանգ է առել։  Ջրամբարի պատմությունն արտացոլում է այն դժվարությունները, որոնց բախվել է Հայաստանը՝ ենթակառուցվածքային խոշոր ծրագրերը հավակնոտ նախագծերից մինչև ավարտ հասցնելու ճանապարհին։

Տասնամյակներ ձգվող ծրագիր

Կառավարությունը 2021–2026 թվականների ծրագրով խոստացել էր կառուցել 15 նոր ջրամբար՝ ջրային պաշարներն ավելի արդյունավետ կառավարելու և ապագայում ջրային ճգնաժամը կանխելու նպատակով։ Գործող ծրագրով այժմ նախատեսվում է սկսել 10 նոր ջրամբարի կառուցումը՝ ավարտը նախատեսելով 2033 թվականին։

Այնուամենայնիվ, անկախությունից ի վեր, ավելի քան երեք տասնամյակների ընթացքում, Հայաստանում ավարտին է հասցվել միայն մեկ նոր ջրամբարի՝ Վեդու կառուցումը, որն էլ տևել է ութ տարի և ուղեկցվել բազմաթիվ ձգձգումներով։ Կապսը պետք է դառնար երկրորդը։

Ծրագիրն սկսվել է մինչև Հայաստանի անկախությունը։ Խորհրդային շրջանում մշակված սկզբնական գլխավոր հատակագիծը նախատեսում էր 90 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով և 73 մետր բարձրությամբ պատվարով ջրամբար, որը հնարավորություն կտար ոռոգելու ավելի քան 30․000 հեկտար հողատարածք։

Շինարարությունը սկսվել է 1985-ին, սակայն ընդհատվել 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի, հաջորդած տնտեսական ճգնաժամի և, ի վերջո, Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Երբ 1993-ին շինարարությունը պաշտոնապես դադարեցվել է, պատվարի բարձրությունը նախատեսված 73 մետր բարձրության ընդամենը 20 մետրն էր։ Տասնամյակներ շարունակ անավարտ կառույցը հեղեղման վտանգ է եղել գետի հոսանքի ուղղությամբ գտնվող համայնքների համար։

Ջրաբանության փորձագետ Ստեփան Խաչատրյանի խոսքով՝ Կապսի ջրամբարը «դեռ խորհրդային տարիներից կարևոր ծրագիր է համարվել»։ Սպիտակի երկրաշարժից հետո շինարարությունը կանգ է առել անավարտ պատվարի սեյսմիկ անվտանգության վերաբերյալ մտահոգությունների, ինչպես նաև 1990-ականների ֆինանսական խիստ սահմանափակումների պատճառով։

Կապսի ջրամբարի կառուցումը վերսկսվեց նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, ծրագրի դադարեցումից քսան տարի անց։

2013-ի օգոստոսին կառավարությունը շինարարությունն ավարտին հասցնելու որոշում ընդունեց։ Հաջորդ տարի Հայաստանը հիմնական վարկային համաձայնագիր ստորագրեց Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ՝ ստանալով 60 միլիոն եվրոյի ցածր տոկոսադրույքով վարկ՝ պատվարի և ինքնահոս ոռոգման ցանցի կառուցումը ֆինանսավորելու համար։

2017-ին նույն բանկի հետ ստորագրված լրացուցիչ համաձայնագրով վերջնականապես ամրագրվեցին պարտքի երկարաժամկետ սպասարկման պայմաններն ու հարկային արտոնությունները․ ֆինանսավորման փաթեթը պահպանելու համար Հայաստանի կառավարությունը համաձայնեց հոգալ ծրագրի ներքին հարկային և մաքսային պարտավորությունները։

Նույն տարում իշխանությունները հայտարարեցին, որ նախագծային աշխատանքները կավարտվեն մինչև 2017-ի վերջ, իսկ միջազգային մրցույթ կհայտարարվի 2018-ի սկզբին։ Ակնկալվում էր, որ մրցույթում հաղթած կապալառուն շինարարությունը կսկսի մի քանի ամիս անց։

Պաշտոնյաները վերանայեցին նաև ծրագրի ծավալը։ Սկզբնապես նախատեսված 90 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարը միանգամից կառուցելու փոխարեն շինարարությունը բաժանվեց երկու փուլի։ Առաջին փուլով նախատեսվում էր կառուցել 25 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար՝ մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ։ Երկրորդ փուլում պատվարը պետք է բարձրացվեր՝ ջրամբարի տարողությունը հասցնելով 60 միլիոն խորանարդ մետրի։

Սակայն 2018-ի կեսերին Հայաստանն արդեն այլ կառավարություն ուներ, և ծրագրի իրականացումը հետաձգվեց ևս մի քանի տարով։

Ծրագիրը վերագործարկվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք։ Թեև սկզբնապես ակնկալվում էր, որ շինարարությունը կսկսվի 2021-ին և կտևի 3,5 տարի, սակայն կորոնավիրուսի համավարակն ու 2020-ի Արցախյան պատերազմը ծրագրի իրականացումը հետաձգեցին երկու տարով։

2023-ի ապրիլին Հայաստանի կառավարությունն ու Գերմանական զարգացման բանկը նոր համաձայնագիր ստորագրեցին։ Սկզբնապես ծրագրի բյուջեն կազմում էր 97,8 միլիոն եվրո, որից 68,5 միլիոն եվրոն՝ բանկի տրամադրած վարկը, իսկ մնացածը ֆինանսավորելու էր Հայաստանի կառավարությունը։ Սակայն հետագա պաշտոնական հայտարարությունները ծրագրի ընդհանուր արժեքը գնահատում են 95–120 միլիոն եվրոյի սահմաններում։ Շինարարության պայմանագիրը կնքվեց չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ» ընկերության (Shanxi Construction Investment Group Co.) հետ, որը մրցույթին հայտ ներկայացրած միակ ընկերությունն էր։

Շինարարությունը պաշտոնապես մեկնարկեց 2023-ի մայիսին՝ խորհրդային տարիներին մշակված սկզբնական ծրագրի աշխատանքների դադարից ավելի քան 30 տարի անց։ Բացման արարողությանը ներկա էին Գերմանիայի և Չինաստանի դեսպանները։

Ի տարբերություն խորհրդային սկզբնական նախագծի նախատեսած 90 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի, վերագործարկված ծրագիրը պահպանեց 2017-ին սահմանված երկփուլ մոտեցումը։ Առաջին փուլով նախատեսվում էր կառուցել 25 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, իսկ երկրորդով՝ տարողությունը հասցնել 60 միլիոն խորանարդ մետրի։

Ակնկալվում էր, որ առաջին փուլի ավարտից հետո ջրամբարն Ախուրյանի և Շիրակի ջրանցքներով ոռոգման ջուր կմատակարարի շուրջ 17․000 հեկտար հողատարածքի համար, հնարավորություն կտա 2280 հեկտարի ոռոգումը մեխանիկականից՝ պոմպայինից դարձնել ինքնահոս և տարեկան խնայել մոտ 1,3 միլիոն կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա։

Շինարարության մեկնարկի արարողության ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ջրամբարներն անհրաժեշտ են, քանի որ առանց ջրամբարների Հայաստանի ջրային պաշարների զգալի մասը կորչում է մինչև ոռոգման շրջանի մեկնարկը։ Նրա խոսքով՝ Կապսի ջրամբարը ոչ միայն կբարելավի ոռոգումն ու կնվազեցնի էլեկտրաէներգիայի սպառումը, այլև հնարավորություն կտա նոր հողատարածքներ մշակել և զբոսաշրջության ու տնտեսական այլ գործունեության համար խթան կդառնա։

Եվս մեկ ձախողված ծրագիր

Կապսի ջրամբարի կառուցման առաջին փուլը նախատեսվում էր ավարտել 2026-ի ապրիլին։ Սակայն 2025-ի վերջին Հայաստանի կառավարությունը միակողմանիորեն խզեց պայմանագիրը չինական կապալառուի հետ եզրակացնելով, որ ընկերությունն այնքան էր հետ ընկել ժամանակացույցից, որ կորցրած ժամանակն այլևս հնարավոր չէ լրացնել։

2025-ի դեկտեմբերին՝ պայմանագրի խզման պահին, կապալառուն կատարել էր նախատեսված աշխատանքների 15 տոկոսից պակասը։

Խաչատրյանի խոսքով՝ ծրագիրն ի սկզբանե չափազանց բարդ էր, «Մասնակիորեն կառուցված պատվարի շինարարությունը վերսկսելը շատ ավելի դժվար է, քան այն զրոյից կառուցելը,- ասաց նա,- Միշտ կա վտանգ, որ անավարտ կառույցի վրա շինարարական աշխատանքներ կատարելիս թուլացած հատվածը կարող է վնասվել կամ փլուզվել»։

Ըստ Խաչատրյանի՝ այդ պատճառով նախագծման փուլը տարիներ է տևել, քանի որ մինչև շինարարությունը սկսելը ինժեներները պետք է հաշվի առնեին առկա կառույցի վիճակը։

Թեև կառավարությունը հետևողականորեն հայտարարեց, որ կապալառուն չի պահպանել շինարարության ժամանակացույցը և չի կատարել պայմանագրային պարտավորությունները, հրապարակայնորեն մանրամասն բացատրություն, թե ինչու այլևս հնարավոր չէր լրացնել ուշացումները այսպես էլ չհնչեց։ Չհստակեցվեց՝ խնդիրները պայմանավորված էին տեխնիկական դժվարություններով, կապալառուի թերացումներով, նախագծի փոփոխություններով, թե այլ գործոններով։ Ուստի կառավարության ներկայացրած բացատրությունն անպատասխան է թողնում այն հարցը, թե ի վերջո ինչն է պատճառ դարձել, որ ծրագիրն այդքան հետ ընկնի ժամանակացույցից։

Այնուամենայնիվ, իրականացված աշխատանքները թույլ կտան ապագա կապալառուին վերսկսել շինարարությունը, այլ ոչ թե սկսել զրոյից։ Կապալառուն փորել և բետոնապատել է շրջանցիկ ջրանցք՝ Ախուրյան գետի հունը շինհրապարակի տարածքից շեղելու համար, ինչն անհրաժեշտ է՝ բուն պատվարի շինարարության աշխատանքներին անցնելուց առաջ։ 

Սակայն ծրագրի տեխնիկապես ամենաբարդ բաղադրիչի՝ հիմնական շինարարական թունելի հարցը դեռ լուծված չէ։

Ուստի, հաջորդ կապալառուն կստանա արդեն կառուցված շրջանցիկ ջրանցքը, սակայն նախ պետք է գնահատի թունելի վիճակը և պարզի, թե վերականգնման ինչ աշխատանքներ են անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի վերսկսել պատվարի շինարարությունը։

Ընթացիկ իրավիճակը

Չինական կապալառուի հետ պայմանագրի խզումից հետո կառավարությունը սկսեց վերանայել նախագիծը՝ նախապատրաստվելով միջազգային նոր մրցույթի։ Այժմ նախատեսում է ջրամբարի տարողությունը 25 միլիոնից հասցնել 60 միլիոն խորանարդ մետրի դեռևս շինարարության վերսկսումից առաջ, այլ ոչ թե առաջ շարժվել առաջին փուլի սկզբնական նախագծով։

Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի՝ Կապսը «ջրամբարաշինության մեր ամենախոշոր ծրագիրն» է և կառավարության առաջնահերթություններից մեկը։ Նա նշեց, որ նոր մրցույթը կհայտարարվի նախագծի վերանայումից և տեխնիկական պահանջների գնահատումների ավարտից հետո։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես վստահեցնում է, որ նախագիծն ավարտին է հասցվելու՝ որ հետաձգումներն արտառոց չեն ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի դեպքում, և, որ կառավարությունն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները գնումների գործընթացի ողջ ընթացքում։

Սակայն Կապսի պատմության մեջ կա ևս մի դրվագ, որը հեշտ է անտեսել տասնամյակներ ձգվող ծրագրերի, ֆինանսավորման համաձայնագրերի, մրցույթների ու հետաձգումների թոհուբոհում։ Ջրամբարը չի կառուցվում ամայի տարածքում։

Ջրաձոր փոքր գյուղի բնակիչներն արդեն չորս տասնամյակ սպասողական վիճակում են։ Կապսի ջրամբարի կառուցման ավարտից հետո գյուղի մեծ մասը ջրի տակ կմնա։

2020-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ամբողջովին նոր գյուղ կկառուցվի՝ Ջրաձորի բնակիչներին վերաբնակեցնելու համար։

Վեց տարի անց ո՛չ նոր գյուղն է կառուցվել, ո՛չ ջրամբարը։ Երկուսն էլ դեռ թղթի վրա են՝ բնակիչներին թողնելով սերունդներ շարունակ խոստացված ապագայի սպասումով։

Մեր հայերեն էջից

The PISA Results Armenia Feared

PISA-ի այն արդյունքները, որոնցից Հայաստանը խուսափում էր

Արևիկ Անափիոսյան
Սպտ 28, 2026

Աշակերտների կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ծրագրում Հայաստանի առաջին արդյունքները մտահոգիչ են՝ բացահայտելով աշակերտների գիտելիքների և կարողությունների լուրջ բացեր ու բարձրացնում են հարցեր, որոնք դուրս են կրթական ծրագրերի բարեփոխման շրջանակներից։ Արևիկ Անափիոսյանն անդրադառնում է, թե ինչ են արդյունքները բացահայտում ուսումնառության, քննադատական մտածողության, հաճախելիության և դասարանային ուսուցման մասին, և թե ինչպիսին պետք է լինի փաստերի ու ապացույցների վրա հիմնված արձագանքը։

Read more
Juris Prudence Armenian 2

Մեկ հանրապետություն

Դավիթ Խաչատրյան
Սպտ 22, 2026

Հայաստանի և միջազգային իրավունքի փոխհարաբերություններին անդրադարձող նոր սյունակի առաջին հոդվածում հեղինակ Դավիթ Խաչատրյանն անդրադառնում է պետականության, ինքնիշխանության, պետության շարունակականության, իրավական դիրքորոշումների ու պարտավորությունների հարցերին, որոնք կարող են վճռորոշ լինել ապագայի համար։

Read more
The Future We Keep Postponing

Ապագան, որն այդպես էլ չի գալիս

Սիրանուշ Սարգսյան
Սպտ 17, 2026

Արցախի էթնիկ զտումից երեք տարի անց արցախցիների կյանքում անսովորն աստիճանաբար դարձել է կյանքի սովորական մասը։ Տեղահանությունից հետո նոր բնակավայրերում տուն, աշխատանք ու նոր կյանք կառուցելու փորձերը զուգահեռվում են կորստի, չավարտվող վշտի, հիշողությունների, հայրենիք վերադառնալու սպասման և ապագայի անորոշության հետ։ Սիրանուշ Սարգսյանն անդրադառնում է անցյալի հիշողությունների և այդպես էլ չեկող ապագայի միջև ապրող իր ու հայրենակիցների ողբերգությանը։

Read more
Armenia, Nagoya and the Long History of Who Owns Nature

Հայաստանը, Նագոյան և բնության տնօրինման հարցի երկար պատմությունը

Դավիթ Խաչատրյան
Սպտ 3, 2026

Դարեր շարունակ բույսերի տեղափոխումն աշխարհի մի ծայրից մյուսը ծառայել է կայսրությունների հարստացմանն ու ազդեցության ընդլայնմանը։ Այդ գործընթացը երկար ժամանակ գրեթե որևէ իրավական սահմանափակման չի ենթարկվել։ Սակայն առաջին հայացքից պարզ մի հարց՝ ո՞ւմ է պատկանում բնությունը, և ո՞վ պետք է շահի, երբ դրա պաշարները տնտեսական արժեք են ստանում։ Դավիթ Խաչատրյանի անդրադարձը Նագոյայի արձանագրությանը և բնության տնօրինման հարցին։

Read more
MEdia Fest save the date website
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Հաշվետվություն- 2025

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Սյունակեր
        • իրավ[ա]գիտություն
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ