EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և օրենք
Հնս 12, 2023

Կանանց զինծառայություն. որտեղ և ինչպես

Արփինե Սիմոնյան


Your browser does not support the
audio element.

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր

Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն կանանց համար․ շփոթեցնող ձևակերպում ունեցող այս համակարգի ներդրման հեղինակը կառավարությունն է։

Դեռևս 2023 թվականի փետրվարին հանրային քննարկման դրվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին օրինագիծը, որն անդրադառնում է իգական սեռի քաղաքացիների զինվորական ծառայությանը։ Ապրիլի 21-ի կառավարության նիստին նախագիծը հավանություն ստացավ և ուղարկվեց Ազգային ժողով։ 

Օրինագծի հակիրճ բնութագրության մեջ նշվում է.

«Նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները»:

Թե ի՞նչ է նշանակում «կամավոր պարտադիրը», պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստին բացատրել էր, որ կանայք իրենց կամքով են զորակոչվելու, սակայն զորակոչվելուց հետո պարտադիր է լինելու վեց ամիս ծառայելը։ 

«Անհասկանալի է՝ ինչով է սա տարբերվում գործող պայմանագրային ծառայությունից: Եթե դու զինծառայողի պայմանագիրը կնքել ես, պարզ է, որ չես կարող ցանկացած պահի ծառայությունը լքել: Իսկ եթե սա պայմանագրային ծառայություն չէ, պետք է բացատրեն՝ սա ինչ է ու ինչի համար է պետք, ինչու դա կարող է վերաբերվել կանանց ու չվերաբերվել տղամարդկանց»,- նշում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: 

 

Որտեղ և ինչպես են ծառայելու կանայք

Հայաստանում զորակոչային տարիքը 18-27-ն է, սա վերաբերվելու է նաև կամավոր զորակոչվող կանանց։ 

Օրինագծի համաձայն՝ այս տարիքի կանայք վեցամսյա պարտադիր զինծառայություն անցնելու համար կարող են ամեն տարվա մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, համապատասխանաբար, ձմեռային և աշնանային զորակոչերին մասնակցելու համար: 

Նշենք, որ այս օրինագծի ընդունումից հետո նախատեսվում է փոփոխություններ անել կառավարության մի շարք որոշումներում։ Ու, թեև, դեռևս չկան օրենսդրական նախագծեր, սակայն հրապարակվել են տեղեկություններ, թե ինչ հավելյալ քայլեր են լինելու այս ինստիտուտի ներդրմանն ուղղված։ 

Դրանցից մեկը վերաբերում է պատվովճարին։ Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վեցամսյա ամբողջական ծառայության ավարտին կանայք ստանալու են պատվովճար՝ մեկ միլիոն դրամի չափով: Իսկ կառավարության նիստին նախարար Պապիկյանը նշել էր, որ առողջական խնդիրների պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում պատվովճարը կհաշվարկվի ծառայած ամսիների քանակով. ամսվա կտրվածքով պատվովճարը կազմում է շուրջ 166.000 դրամ։ 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը չի բացառում այն ռիսկը, որ որոշ կանայք կարող են անցնել ծառայության և երկու-երեք ամիս անց՝ հղիության հիմքով վաղաժամկետ զորացրվեն։ Այս և նման այլ իրավիճակների վերաբերյալ նույնպես, ենթադրվում է, որ պետք է ընդունվեն կարգավորումներ։ 

Ի դեպ, օրինագծով սահմանվում է, որ չեն զորակոչվելու այն կանայք, որոնք  առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով կհամարվեն զինծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող: Իսկ կառավարության 2018-ի որոշման մեջ նշվում է, որ հղիները, անկախ հղիության ժամկետից, զինվորական ծառայության չեն զորակոչվում և ճանաչվում են «Ոչ պիտանի ռազմական ուսհաստատությունում ուսանելու համար»։ 

Զորակոչվելու ենթակա չեն լինի նաև ընտանեկան որոշակի պայմանների դեպքում, օրինակ, եթե իրենց խնամքին ունեն հաշմանդամություն ունեցող կամ անգործունակ ճանաչված ծնող, քույր կամ եղբայր, երկու կամ ավելի երեխա և այլն։ 

Օրինագծի համաձայն՝ կանանց ծառայությունը կազմակերպվելու է բացառապես ուսումնական զորամասերում: Սրա վերաբերյալ ևս Մանուկյանն ունի դիտարկումներ։ Պատգամավորը նշում է, որ այս զորամասերում մասնագիտական պատրաստություն են անցնում, այնուհետև տեղափոխվում են մարտական ստորաբաժանումներ, որտեղ պետք է կատարեն մարտական խնդիրներ․  

«Օրինակ, մի աղջիկ, որը հակատանկային որևէ զինատեսակի ուսումնական ծառայություն է անցել, զորացրվում է: Նշանակում է՝ նա սովորում է մի բան, որը հետո չի կիրառելու՝ Զինված ուժերի մարտական խնդիրները կատարելու համար»:  

Բացի վերոնշյալը, պատգամավորը խնդիր է տեսնում, թե ինչ կացարաններ են լինելու կանանց համար, ինչպես են կազմակերպվելու հիգիենային, կենցաղին և այլ հարցերին վերաբերող խնդիրները։ 

Դիտարկմանը, թե միգուցե կանանց վեցամսյա ծառայությամբ ու պատվովճարով փորձում են խրախուսել, որ նրանք անցնեն հինգ տարվա պայմանագրային ծառայության, Մանուկյանը թերահավատորեն է պատասխանում՝ չկան հիմնավոր ակնկալիքներ, որ վեցմասյա ծառայությունից հետո ծառայությունը կշարունակեն՝ հավելելով, թե «Խնդիրն այստեղ թերի է լուծվել»:  

Նշենք, որ նախարար Պապիկյանը հայտարարել է, թե կին զինծառայողներն իրավունք կունենան ծառայության վեց ամիսը լրանալուց հետո զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնել հինգ տարվա պայմանագրային զինծառայության: Այս ծրագրի մասնակիցներն ամսական ստանում են մինչև 380.000 դրամ աշխատավարձ և օգտվում պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից (օրինակ, անվճար բուժսպասարկում, իրավունքների ու շահերի պաշտպանություն իր և իր ընտանիքի անդամների համար և այլն)։ Իսկ պայմանագրային ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ժամկետից շուտ ծառայությունն ավարտելու դեպքում ստանում են պատվովճար՝ hինգ միլիոն դրամի չափով։ 

 

Կանայք պետք է մասնակցեն երկրի պաշտպանությանը

44-ամյա Մարիամ Համբարձումյանը «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպության աջակից անդամ է: Ասում է, որ, հաշվի առնելով ներկայումս երկրում ստեղծված իրավիճակը, կանանց ծառայությունը նույնիսկ կարելի է պարտադիր դարձնել: 

Վեցամսվա ծառայության դիմաց պետության սահմանած պատվովճարը, ըստ Համբարձումյանի, մեծ գումար չէ, բայց կարող է խրախուսել՝ կանանց զինծառայության դիմելու հարցում։ 

«Միայն հայրենասիրության, պաթետիկ գաղափարների վրա չի թողնվել,- ասում է Համբարձումյանը՝ հավելելով, թե հասարակությանը պետք է ցույց տալ, որ կանայք էլ կարող են երկրի պաշտպանության մեջ ներգրավված լինել,- Մի բան, որ չի քննարկվում, պոպուլյար չէ, ակտիվ կիրառում էլ չի ունենում: Ասում են, եթե օրենքը չկար, ոչ մեկ չէր արգելում կանանց ծառայության գնալ, բայց հատուկենտ կանայք էին ներգրավվում, չէ՞։ Հաշվի առնելով նաև այլ երկրների փորձը, որոնք քանակապես քիչ են և ունեն պաշտպանվելու խնդիր, այնտեղ կանանց ինտենսիվ ներգրավել են այդ ամենի մեջ: Օրինակ՝ Իսրայելում պարտադիր է կանանց զինծառայությունը»: 

Համբարձումյանի խոսքով, պարտադիր չէ, որ կանայք հենց առաջին գիծ գնան, կարող են, օրինակ, լինել կապի կամ դրոնների օպերատորներ և այլ տեսակի աշխատանքներ կատարել տղամարդկանցից ոչ պակաս լավ. 

«Հնարավոր է նաև կանանց ներգրավելու դեպքում տղամարդիկ ավելի պատրաստակամ դառնան, երբ տեսնեն՝ այդ ամեն ինչում արդեն կանայք են ներգրավվում, դեր խաղում»:

Համբարձումյանը կանանց ծառայությունը հեշտ չի պատկերացնում, սակայն իրական է համարում բանակային պայմանները կանանց կարիքներին հարմարեցնելը․ 

«Դա միանգամից չի լինի, բայց կամաց-կամաց հնարավոր է այդ պայմանները հարմարեցնել, եթե ազգովի լծվենք այդ գործին: Պետությունը ռեսուրս չունի, որ միանգամից այդ հարցերը լուծի, նույնիսկ տղամարդկանց համար էլ հենց հիմա շատ պայմաններ, մեղմ ասած, ահավոր թերի են՝ կացարաններ չունեն, դիրքերը ամրապնդված չեն, պարզ է, որ հիմա բանակը կանանց հարմարեցնել դժվար կլինի»:

 

Բանակը՝ անապահով միջավայր

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, բանակում կանայք բռնության ենթարկվելու առումով խոցելի են․

«Բանակը, որպես հայրիշխանական ու բռնության մշակույթի կրող կառույց, այսօրվա դրությամբ նույնիսկ տղամարդկանց համար բացարձակ անվտանգ պայմաններ չի ստեղծում ոչ կանոնակարգային, ներանձնային հարաբերությունների լուծման մեխանիզմների տեսանկյունից: Առավել ևս կանանց համար բավականին բարդ իրավիճակ կարող է ստեղծվել»,- նկատում է իրավապաշտպանը:

Հովհաննիսյանը նշում է՝ միջազգային մի շարք զեկույցներ ցույց են տալիս, որ տարբեր երկրների բանակներում կանայք նաև սեռական բռնությունների են ենթարկվում: Օրինակ, ԱՄՆ բանակում, 2021-ի տվյալներով, կին զինվորականների 8,4 տոկոսը և տղամարդ զինվորականների 1,5 տոկոսը հայտնել է սեռական բռնության ենթարկվելու մասին։ 

«Սեռական բռնության խնդիրն արդիական է բանակային համակարգում, իսկ Հայաստանում, առանց նույնիսկ դա կանխարգելելու մեխանզիմների ներդրման, փորձում են ներգրավել կին զինծառայողների»,- կարծում է իրավապաշտպանը: 

Ըստ Հովհաննիսյանի՝ պատահական չէ նաև «կամավոր, պարտադիր» ձևակերպումը․

«Պարտադիր բառը կարող է կանխագուշակել, որ կանանց համար մոտալուտ ապագայում զինծառայությունը նույնպես կդառնա պարտադիր, հակառակ դեպքում պարտադիր բառն ավելորդ է: Փաստացի, մենք գնում ենք ոչ թե պրոֆեսիոնալ բանակի կազմավորմանը, ինչպես հավաստիացնում են մեզ, այլ պարտադիր զինծառայության կազմի, թվաքանակի ընդլայնման»:  

Մյուս դիտարկումը վերաբերում է պատվովճարներին․ իրավապաշտպանը չի բացառում, որ սոցիալապես անապահով խավը միայն գումարի համար ու անելանելիությունից դրդված կներգրավվի զինվորական ծառայությունում: 

 

Նպատակը՝ պրոֆեսիոնա՞լ բանակ

«Սուրեն Պապիկյանին հարցրել ենք՝ սա մարդուժի՞ համալրման նպատակով է արվում, ասում է՝ ոչ: Այդ դեպքում ի՞նչ նպատակով է»,- հարցնում է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

Կարեն Վրթանեսյանի խոսքով, եթե Հայաստանը պատրաստվեր լայնածավալ ու երկարատև պատերազմի, կանանց զինծառայության հարցը, միգուցե, տեղին կլիներ քննարկելն ու խելամիտ լուծումներ գտնելը, օրինակ, ի՞նչ պայմաններում, ի՞նչ օժանդակ դերերում կանայք կարող են փոխարինել տղամարդկանց․ 

«Անունը դնում են բարեփոխում, անվերջ փոփոխություններ են, որոնց ո՛չ իմաստն է  հասկանալի, ոչ՛ արդյունքը»։

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սա պրոֆեսիոնալ բանակ ունենալուն ուղղված քայլ է։ 

«Իսկ ի՞նչ է նշանակում պրոֆեսիոնալ բանակ։ Ենթադրում եմ, որ խոսքն ամբողջությամբ պայմանագրային սկզբունքերով համալրվող բանակի մասին է: Հայաստանում կա մշտապես պատերազմի սպառնալիք, իսկ պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրները միշտ պետք է ունենան, այսպես կոչված, մոբիլիզացիոն ռեզերվ, ինչը հնարավոր է ունենալ, եթե դու ունես պարտադիր զորակոչ, այլապես զրոյից չես կարող այդ մարդկանց պատրաստել»,- ասում է Վրթանեսյանը:

Ինչ վերաբերում է հենց կանանց պարտադիր զինծառայության այս նոր ինստիտուտին, ապա օրինագծի հիմնավորման մեջ նշվում է․

«Զինվորական ծառայության զարգացման, ներառյալ արհեստավարժության բարձրացման, ՀՀ պաշտպանությանը համընդգրկուն բնույթ հաղորդելու և իգական սեռի քաղաքացիների համար ՀՀ պաշտպանությանը մասնակցելու հնարավորությունների ընդլայնման նկատառումներից ելնելով՝ ՀՀ կառավարության ծրագրային հիմնադրույթներից է հանդիսանում իգական սեռի քաղաքացիներին կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու օրենսդրական և գործնական հնարավորությունների ընձեռումը»։ 

Ընդհանուր առմամբ, օրինագծի հիմնավորման փաստաթղթում հնարավոր չէ գտնել հստակ բացատրություն, թե կանանց վեցամսյա ծառայությունն ինչ շոշափելի դրական արդյունք կարող է ապահովել Հայաստանի պաշտպանության համար։ Օրինակ, որպես իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն նշվում է այն, որ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով պետք է ստեղծել իգական սեռի քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն։ 

Պաշտպանության նախարարի խոսքով, նախատեսվում է, որ ձմեռային զորակոչին օրենքն արդեն իսկ ուժի մեջ կլինի, սակայն առայժմ այն դեռևս Ազգային ժողովի օրակարգում չէ։

Մարդ և օրենք

Addressing Sexual Harassment at the Workplace

Աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումներն ու լուծումները

Աստղիկ Կարապետյան
Հնս 8, 2023

Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ում նախատեսված են փոփոխություններ, որոնց նպատակն է որոշ դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանն ու միջազգային փաստաթղթերին, օրենսդրական բացերի ու հակասությունների վերացումը, ինչպես նաև նոր համակարգերի ներդրումը։

Read more
Electronic Monitoring Bracelets: A New System to Prevent Domestic Violence

Էլեկտրոնային շղթաներ՝ ընտանեկան բռնությունը կանխելու համար

Աստղիկ Կարապետյան
Մյս 17, 2023

Ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով Ազգային ժողովը օրենսդրական նոր կարգավորում է ներկայացրել, սակայն, թե որքանով այն կծառայի իր նպատակներին, ներկայացնում է Աստղիկ Կարապետյանը։

Read more
State Secrets, New Bolts

Պետական գաղտնիքները նոր և ամուր կողպեքների տակ

Արփինե Սիմոնյան
Մյս 8, 2023

Պետական գաղտնիքի մասին օրենքը փոփոխվում է՝ նոր սահմանափակումներ ենթադրելով։ Որքանով են դրանք համահունչ ժողովրդավարության ձգտող ներկայիս իշխանությունների քայլերին, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։

Read more
Բազմաբնակարան շենքերի կառավարման նոր պահանջները

Բազմաբնակարան շենքերի կառավարման նոր պահանջները

Արփինե Սիմոնյան
Ապր 11, 2023

Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների աշխատանքն առավել արդունավետ դարձնելու նպատակով նախատեսվում են փոփոխություններ։ Թե ինչ են ենթադրում օրենքում կատարված փոփոխությունները, երբ ու ինչպես են իրականացվելու, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։

Read more
Better Late Than Never? Certification Requirement for Medical Workers

Բուժաշխատողների հավաստագրում. այլևս պարտադիր

Աստղիկ Կարապետյան
Ապր 3, 2023

Տարիներ առաջ ներդրված բուժաշխատողների հավաստագրման համակարգը 2023-ից պարտադիր է դարձել, թե ինչ այն ենթադրում ու ինչ նպատակ ունի, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։

Read more
Չգրանցված աշխատանք, կորսված հարկեր, զիջված իրավունքներ

Չգրանցված աշխատանք, կորսված հարկեր, զիջված իրավունքներ

Հասմիկ Բալեյան
Մրտ 15, 2023

Վերջին երեք տարիներին աշխատողներին չգրանցելու փաստով արձանագրված դեպքերը շատացել են։ Ի հեճուկս բազմաթիվ օրենսդրական կարգավորումներին ու հսկող գործիքակազմերին, չգրանցված աշխատանքը դեռևս արդիական խնդիր է։

Read more
Martial Law: A Justification for Imposing Restrictions

Ռազմական դրություն․ արդարացում՝ սահմանափակումների համար

Արփինե Սիմոնյան
Փտր 27, 2023

Ռազմական դրության մասին օրենքում նախատեսված փոփոխությունները խնդրահարույց հարցեր են առաջացրել։ Ի՞նչ վտանգներ են տեսնում մասնագետները, ներկայացնում է Արփինե Սիմոնյանը։

Read more
Պետական աջակցությունն անպտղության դեմ պայքարում

Պետական աջակցությունն անպտղության դեմ պայքարում

Աստղիկ Կարապետյան
Փտր 21, 2023

Պետությունը շարունակաբար ընդլայնում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերը, սակայն արդյոք դրանք բավարար հասցեական են։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ