
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Նշում․ Դատապարտյալների անունները փոխված են։
Սենյակում ճնճղուկների ծլվլոցն է, շենքի վանդակապատ պատուհաններով նրանք ազատ ներսուդուրս են անում․ այդպիսի ազատություն այստեղ միայն նրանք ունեն։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) հինգերորդ հարկում, որտեղ ցմահ դատապարտյալներն են պահվում, խաղաղ է, չկա ներքևի հարկերի աղմուկը։
«Ես 13 տարի ծառի չէի կպել։ Կորոնայով որ վարակվեցինք, մեզ տարան «Դատապարտյալների հիվանդանոց», հնարավորություն կար բակ դուրս գալու։ Ես 13 տարի նույն սենյակում եմ եղել, էս շենքից դուրս չեմ եկել։ Երբ տարիներ շարունակ նույն խցի մեջ դու մնում ես, լրիվ ուրիշ ընկալում ես ունենում աշխարհի նկատմամբ։ Չգիտեմ, էդ երևի պետք ա․․․ չէ՛, երևի պետք չի, բայց էստեղի մարդը կհասկանա, թե ինչի մասին եմ խոսում»,- պատմեց 35-ամյա Սարգիսը։ Նա սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել 20 տարեկանում։
-Բայց ինչո՞ւ դուրս չեք եկել։ Զբոսնելու իրավունք չունե՞ք։
-Էստեղ զբոսնելու տեղը վերևում ա, դա սովորական խուց ա, ուղղակի բաց ա, երկինքը տեսնում ես։
Հատված՝ Սարգիսի հետ զրույցից
Անազատության մեջ «նորմալ մարդ» մնալու նրա լուծումը եղել է միշտ մի բանով զբաղված լինելը․ իտալերեն է սովորել, անգլերենի իմացությունն է լավացրել, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում կիսատ թողած կրթությունն է շարունակել ու ավարտել։ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ Մուրադ Գալստյանն ասաց, որ նա «հինգերով» է սովորել ու դեկանն անձամբ է եկել դիպլոմը հանձնելու։ Իսկ հետո նոր մասնագիտություն է ընտրել։
«Էստեղ զբաղմունք չկար, սկսեցի ծրագրավորում սովորել։ Իմ խցակից ընկերն օգնեց։ Հիմա միասին աշխատում ենք, պայմանագիր ունենք կնքած»,- Սարգիսն ասաց, որ բավականին լավ է վաստակում ու մասնավոր ընկերությունից ստացվող աշխատավարձը բավարարում է կենցաղային հոգսերին։
-Ձեր խուցն ո՞վ է մաքրում։
-Մենք ենք ապրում, մենք ենք մաքրում, բնականաբար։
-Ֆիլմերում դրվագներ կան, չէ՞, երբ մաքրելու համար ճնշում են մեկը մյուսին։
-Մենք երկուսով ենք։ Էդ ֆիլմերին շատ մի հավատացեք,- ժպտում է։
-Մի՞շտ եք երկուսով եղել։
-Չէ՛, միշտ չէ։ Մեր մյուս ընկերները գնացին «Արմավիր», սկզբից մենք էլ էինք ուզում, չտարան, հետո իրենք էին ուզում տանել, մենք չուզեցինք։
-Ինչո՞ւ չուզեցիք։
-Էդ ժամանակահատվածում էնքան կուտակված գործ կար, մինչև գնայինք, հարմարվեինք, ընկնեինք տեմպի տակ, դրա ժամանակը չունեինք։
Հատված՝ Սարգիսի հետ զրույցից
Պատմեց, որ հաճախ աշխատում են աշխատանքային ժամերից հետո․ թեև համակարգիչ չունեն խցում, բայց գրքեր ու գրատախտակ ունեն, կարդում են, քննարկում, նախագծերը մշակում մինչ համակարգչին հասնելը։ Ինտերնետ չունեն, գործատուից առաջադրանքները ստանում են էլեկտրոնային կրիչով, ու նույն կերպ էլ փոխանցում են կատարված աշխատանքը։ Սա դժվարացնում ու ձգձգում է աշխատանքը։
Սարգիսն ասաց՝ դիմել են, որ թույլատրեն աշխատանքին վերաբերող որոշ կայքեր օգտագործել․ «Դե ամեն դեպքում արգելելն ավելի հեշտ է, քան վերահսկելը, դրա համար արգելում են։ Հետո, իրականում, քանի որ մենք այստեղ առաջին ծրագրավորողներն ենք, օրենքը մշակելուց չեն էլ մտածել, որ նման բան էլ կլինի»։
Նրա խոսքով, պետությունը հակված է այն մտքին, որ ինտերնետի հասանելիությունը նոր հանցագործություններ կատարելու միջոց է լինելու, մինչդեռ պետք է անհատական մոտեցում լինի․ «Երբ գիտենք, որ աշխատանքը չենք կարողանալու շուտ անել, ոչ թե որովհետև կարողությունը չունենք, այլ էս պայմաններում չենք հասցնի, արժեքն էլ ցածր ա լինում։ Եթե ավելի շատ աշխատելու, վաստակելու հնարավորություն ունենանք, մի քիչ աննորմալ կլինի էլի, որ մենք այլ բանի գնանք»։
Չենք ուզում պարապ-սարսապ նստել
Սարգիսը եզակի դատապարտյալներից է, որ ոչ միայն աշխատանք ունի, այլ նույնիսկ կարողանում է համեմատաբար լավ վաստակել։ Դատապարտյալների հիմնական մասը չունի աշխատանք, իսկ վճարվող աշխատանք ունեցողներն էլ ավելի քիչ են։
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) տվյալներով՝ 2023 թվականին դատապարտյալների թիվը եղել է 1112 հոգի, նրանցից 117-ը ներգրավված է եղել տեխնիկատնտեսական աշխատանքներում, 113-ը՝ աշխատանքային խցերում ստեղծագործական աշխատանքներում, 15-ը՝ այլ գործատուի մոտ պայմանագրային հիմունքներով, և 137-ը՝ տարածքի բարեկարգման չվարձատրվող աշխատանքներում։
Իսկ 2024-ի առաջին կիսամյակում տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված է եղել 107 դատապարտյալ, աշխատանքային խցերում՝ 106, այլ գործատուի մոտ՝ 16, և 116-ը՝ տարածքի բարեկարգման չվարձատրվող աշխատանքներում։
Հետաքրքիր է, որ կան ՔԿՀ-ում վարձատրվող աշխատանքների թափուր հաստիքներ։ Մասնավորապես, ՔԿԾ-ի տվյալներով, 2024-ի նոյեմբերի 22-ի դրությամբ ՔԿՀ-ներում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքի 139 հաստիքից 71-ը թափուր է։
2025-ի հունվարին Քրեակատարողական ծառայության պետ նշանակված Ծովինար Թադևոսյանը, ով հոդվածի պատրաստման ժամանակահատվածում ՔԿԾ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետն էր, ասաց որ թափուր հաստիքների առկայությունը պայմանավորված է աշխատանքի բնույթով (այսինքն, դրան համապատասխան աշխատողի չլինելու), ինչպես և առաջարկվող աշխատանքներում դատապարտյալի ցանկության բացակայությամբ։
Նա նշեց նաև, որ այլ գործատուների հետ պայմանագիր ունեցող 15 դատապարտյալները հեռավար աշխատել են որպես թարգմանիչ, ծրագրավորող, սրբագրիչ և այլն։
Դատապարտյալների և ցմահ դատապարտյալների աշխատանք ունենալու հարցերը կարգավորվում են Քրեակատարողական օրենսգրքի 21-րդ գլխով։ Բացի որոշակի առանձնահատկությունները, դատապարտյալների և գործատուների միջև հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով։ Նրանք կարող են աշխատել ՔԿՀ-ում գործող պետական կամ այլ կազմակերպությունում, կամ զբաղվել անհատական աշխատանքային գործունեությամբ։ Կառավարության որոշմամբ սահմանված է դատապարտյալների համար արգելված աշխատանքների ու պաշտոնների ցանկ, օրինակ, ալկոհոլային խմիչքների կամ սուր կտրող-ծակող առարկաների արտադրությունում աշխատանք։
Սահմանվում է նաև, որ աշխատանքով ապահովելու նախապատվությունը տրվում է գույքային պարտավորություններ ունեցող կամ նյութական ծանր վիճակում գտնվող դատապարտյալներին։ Նաև, որ աշխատանքը չպետք է լինի հարկադիր կամ շահագործող բնույթի և չպետք է ուղղված լինի ՔԿՀ վարչակազմի անձնական շահերը բավարարելուն, իսկ ամսական վարձատրությունը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձից։
«Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ Մուրադ Գալստյանն ասաց՝ որպեսզի խտրական մոտեցում չլինի, հիմնարկի տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված բոլոր դատապարտյալները վարձատրվում են հավասարապես՝ նվազագույն աշխատավարձի չափով (75.000 դրամ)։ Նրանք հիմնականում տարբեր իրերի ու հանձնուքների տեղափոխման աշխատանքներ են անում։
Աշխատավարձը փոխանցվում է ՔԿՀ-ի դեպոզիտային հաշվին՝ յուրաքանչյուր դատապարտյալի անունով։
«Նա արդեն տնօրինում է այդ գումարը՝ օրենքով թույլատրելիի սահմաններում. կարող է առևտուր անել, կարող է փոխանցել հարազատներին»,- նշեց Գալստյանը։
Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանն ասաց, որ հայաստանյան ՔԿՀ-ները ուսուցողական նյութ են այն մասին, թե ինչպիսին չպետք է լինեն բանտերը՝ հավելելով. «Միջազգային չափանիշներով գործող հիմնարկում պահվող անձինք պիտի ունենան օրական առնվազն ութ ժամ նպատակային զբաղվածություն՝ խցից դուրս: Իսկ այսօր հիմնական մասը, բացի մի քանի տասնյակ մարդուց, մինչև 23 ժամ գտնվում են խցում»։
49-ամյա ցմահ դատապարտյալ Կարենն ասաց, որ ծանր հանցագործության համար դատապարտվածներին հիմնարկում աշխատանքի չեն ընդունում․ «Պայմանագրով աշխատում եմ հագուստի ֆաբրիկայում, կոնստրուկտորի օգնական եմ։ Շատ չեն տալիս։ Հարցը էդ փողը չի, այլ զբաղմունքն ա։ Էստեղ դիմեցի աշխատանքի համար, բայց չեն տրամադրում, էնպես չի, որ ուզում ենք պարապ-սարապ սաղ օրը նստենք»։
Կարենը 25 տարեկանում է դատապարտվել սպանության համար և արդեն 24 տարի անազատության մեջ է։ Աշխատում է խցից՝ հագուստի նախագծերի վրա՝ թուղթ-մատիտով։ Իսկ ամսական փոքր վարձատրությունը, ասում է, հերիքում է միայն դեղերին․ երկար թվարկում է առողջական խնդիրները, որոնց հիմնական մասը հենց բանտում է ձեռք բերել։
Աշխատանք ու եկամուտ ունենալը, իհարկե, հնարավորություն են տալիս դատապարտյալներին լինել սոցիալապես ավելի ապահով ու ավելի անկախ ընտանիքի անդամներից, օրինակ, ինքնուրույն գնել նախընտրած իրերը, սնունդը, անհրաժեշտ դեղերը և այլն։
«Մենք մենակ չենք «նստած», մեր հարազատներն էլ են «նստած»,- ասաց Կարենը՝ նշելով, որ բացի ֆինանսական ծախսերը, դատապարտյալին հանձնուք բերելու համար հարազատը կարող է մի ամբողջ օր նվիրել՝ ՔԿՀ հասնելու (սովորաբար, բանուկ վայրերից հեռու են), այստեղ հերթում սպասելու և ի վերջո՝ բերածը փոխանցելու համար,- լավ հարազատներ ունեմ, լավ ընտանիք: Ոչ մեկ չի մոռացել, ինչով կարողանում՝ օգնում են էլի, ճիշտ ա` ես ինձ թույլ չեմ տալիս, որ շատ նեղություն տամ»։
Արտոնություններ
60-ամյա Սուրենը «Դատապարտյալների հիվանդանոց»-ի գրադարանավարն է։ Նա 8,5 տարվա ազատազրկման է դատապարտվել մաքսանենգության համար։ Ամեն օր առավոտյան 11-ին գալիս է աշխատանքի, բայց ամբողջ օրով չի մնում, գնում-գալիս է, եթե անհրաժեշտ է լինում։ Ասաց, որ գրքեր կարդացողներ շատ կան․ «Շատ Դյումա են հարցնում, հայկական գրքեր կարդացողներ էլ կան։ Ինչ էլ հարցնում են՝ ունենում ենք, 2500 գիրք կա, ցուցակն ունեմ, տալիս եմ, նայում են, ասում են՝ որ գիրքն են ուզում»։
Սուրենն այս աշխատանքի համար չի վարձատրվում։
Բացի վարձատրվող աշխատանքները, դատապարտյալն իր գրավոր համաձայնությամբ կարող է ներգրավվել հիմնարկի կամ դրան հարող տարածքների բարեկարգման չվարձատրվող աշխատանքներում՝ օրական երկու ժամից ոչ ավելի։
«Դատապարտյալի շարժառիթն այն է, որ այս աշխատանքները կատարելը դրական վարքագիծ է համարվում, պայմանական վաղաժամկետ ազատվելու համար միավորներ են կարողանում հավաքել, ի վերջո, զբաղմունք է, դուրս են գալիս խցից»,- ասաց «Հանուն ազատության» հասարակական կազմակերպության փոխնախագահ, նախկին դատապարտյալ Արմեն Դավթյանը։
Աշխատելն ու սովորելը մի շարք հնարավորություններ են տալիս՝ ստանալ խրախուսանքներ և ցույց տալ, որ վերասոցիալականացվում ես` այդպիսով մեծացնելով հավանականությունը վաղաժամկետ ազատ արձակվելու։
Մասնավորապես, Քրեակատարողական օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանվում է, որ դատապարտյալը կարող է խրախուսանքի արժանանալ աշխատանքի կամ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի համար։ Խրախուսանքի տարբերակներն են շնորհակալությունը, հեռախոսակապից կամ տեսազանգից լրացուցիչ օգտվելու թույլտվությունը, լրացուցիչ տեսակցությունն ու ՔԿՀ-ից մեկնումը, զբոսանքի ժամանակի ավելացումը, անվտանգային գոտու կամ դրա պայմանների փոփոխությունը։
Իսկ Քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը կարող է դատապարտյալին վաղաժամկետ ազատ արձակել, եթե նա պատժի կրման ընթացքում պատշաճ վարք է դրսևորել և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանակությունը ցածր է։ Պատշաճ վարքը գնահատելիս հաշվի է առնվում նաև կրթական ծրագրերին մասնակցությունն ու աշխատելը, եթե դրա հնարավորությունը եղել է։
Հնարավորություններ
Աշխատանքն ու կրթությունը համարվում են դատապարտյալի վերասոցիալականացման հիմնական միջոցներից։ Մասնավորապես, Քրեակատարողական օրենսգրքի 20-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված է 7 հիմնական միջոց, որոնցից են «դատապարտյալներին աշխատանքով ապահովելը», «ընդհանուր, մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալը», «մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը»։
Դատապարտյալների, կալանավորված անձանց ու պրոբացիայի շահառուների համար վերականգնողական և կրթական ծրագրեր իրականացնում է ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Կենտրոնի տնօրեն Հայկ Սանոյանը նշեց, որ ներկայումս իրականացնում են «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը, որը քրեական ենթամշակույթի ազդեցության կանխման և վերականգնողական արդարադատության կայացման համալիր միջոցառում է։ Այն ուղղված է կրթության, արվեստի, արհեստի բնագավառներում հմտությունների ձևավորման, անձնական աճի և արժեհամակարգի դրական փոփոխման միջոցով անձի վերասոցիալականացմանը:
«Այսինքն, ոչ ֆորմալ կրթության միջոցով իրականացվող վերասոցիալականացման ծրագիր է, որի միջոցով դրան մասնակցող շահառուն կարող է ուսումնասիրել, օրինակ, «Զարդակիրառական արվեստ», «Եռակցում/Զոդում», «Շինարարական հմտություններ», «Կաշեգործություն», «Կահույքագործության հմտություններ» և այլ համանման մոդուլներ»,- նշեց Սանոյանը։
Ի դեպ, ՔԿԾ տվյալներով՝ 2023-ին վերոնշյալ ոչ ֆորմալ կրթական ծրագրերին մասնակցել է 185 անձ։ Իսկ 2024-ի առաջին կիսամյակում՝ 82 անձ։
Կենտրոնն իրականացում է նաև ֆորմալ՝ հանրակրթական ծրագրեր մինչև 19 և 19-ից բարձր տարիքի անձանց համար։ Ի դեպ, մինչև 2022-ի օգոստոսը հանրակրթության իրավունք ունեին բացառապես մինչև 19 տարեկանները, սակայն «Կրթության մասին» օրենքում արված փոփոխությամբ դատապարտյալներն իրավունք ստացան անվճար հանրակրթության՝ առանց տարիքային սահմանափակման։ ՔԿԾ տվյալներով՝ 2023-ին այս ծրագրում ներգրավված է եղել 53 դատապարտյալ, իսկ 2024-ի առաջին կիսամյակի սկզբում՝ 40 դատապարտյալ, վերջում՝ 31։
Կենտրոնի տվյալներով՝ 2020-2024 թվականների ընթացքում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցել է մոտ 1000 դատապարտյալ՝ լեզուների, բիզնես գրագիտության, դեկորատիվ կիրառական արվեստի և այլ ուղղություններով։ Իսկ ՔԿԾ տվյալներով՝ 2023-ի ընթացքում ապահովվել է ութ անձի բարձրագույն և հետբուհական կրթությունը, 2024-ի առաջին կիսամյակում՝ վեցինը։
Հարցին, թե մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ստանալուց հետո քանիսն են կարողացել աշխատանքի անցնել, Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնից պատասխանում են` վիճակագրություն առկա չէ։ ՔԿԾ-ից նույնպես հայտնում են, որ կրթական ծրագրերի ավարտից հետո աշխատանք ստացած դատապարտյալների վերաբերյալ հաշվառում չի իրականացվել։
Ինչ վերաբերում է դատապարտյալների աշխատանք ունենալուն, Հայկ Սանոյանը նշեց, որ թեև ներկայումս կենտրոնը չի իրականացնում դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ծրագրեր, սակայն նախատեսում է մոտ ապագայում հիմնադրել արտադրամասեր և վճարվող աշխատանքի ընդունել վերոնշյալ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասնակիցներին։
Նա նաև նշեց, որ դատապարտյալների աշխատանքային զբաղվածության խնդրի լուծման տարբերակ կարող է լինել տնտեսվարողներին հարկային կամ այլ արտոնություններ տալը՝ ՔԿՀ-ներում արտադրություններ հիմնելու և աշխատատեղեր ստեղծելու համար։
Կալանավորվածները՝ երկրորդված
Թեև կալանավորվածները կրում են անազատության մեջ լինելու բոլոր հետևանքները, ինչ դատապարտյալները, սակայն նրանց աշխատանք ունենալու և կրթական ծրագրերում ներգրավվելու հնարավորություններն էլ ավելի քիչ են։
Մասնավորապես, ՔԿԾ-ից հայտնում են, որ կալանավորված անձինք վարձատրվող աշխատանքներում չեն ներգրավվել այս և նախորդ տարվա ընթացքում։ Իսկ չվարձատրվող աշխատանք 2023-ին ունեցել է 27 հոգի, 2024-ի առաջին կիսամյակում՝ 22-ը։
Ծովինար Թադևոսյանը նշեց, որ երկարաժամկետ կրթական ծրագրերում կալանավորվածներին ընգրկելը (բացառությամբ մինչև 19 տարեկանների) արդյունավետ չի համարվում, քանի որ նրանց խափանման միջոցի փոփոխության դեպքում կրթության շարունակականության ապահովելն անհնար է դառնում։ Սակայն այն անձինք, ովքեր մինչ կալանավորվելը որևէ կրթական նախագծում են եղել, ապա ՔԿՀ վարչակազմը միջոցներ է ձեռնարկում նրա կրթության շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։
Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում կարդում ենք, որ 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2471 ազատազրկված անձ, որից 1317-ը կալանավորված անձինք են: Այսինքն` ազատությունից զրկված ընդհանուր անձանց ավելի քան 53 տոկոսը։
Մեր ապագա հարևանը
Անազատության մեջ ապրող մարդիկ գրեթե բոլորը խոսում են հոգեկան ճնշվածության, նյարդային լարվածության մասին։ Խոսում են զբաղվածության պակասի և անդադար ճաղապատ խցերում մնալու մասին։
«Քնում-արթնանում ես ճաղավանդակներն աչքերիդ դեմն են։ Լուսամուտին երեք հատ «ռեշոտկա» են դրել, որ արևն էլ չհասնի։ Մենակ դա հերիք ա, որ քեզ հոգեպես նվաստացած զգաս։ Տեխնոլոգիայի դար ա, եթե անվտանգության համար ա՝ կարելի ա «դատչիկներ» դնել»,- ասաց ցմահ դատապարտյալ Կարենը։
Մարդու իրավունքների պաշտպանն էլ իր զեկույցում անդրադարձել է ազատությունից զրկված անձանց անբավարար զբաղվածությանն ու նշել, որ զբաղվածության բացակայությունը կարող է միջանձնային լարված հարաբերությունների պատճառ դառնալ, բերել վարքագծային և հուզական շեղումների և պոռթկումների։
-Անորոշության մեջ սպասում ես։ Ինձ հետ նստած շատ մարդիկ մահացել են։ Վերջինը մի ամիս առաջ մահացավ։ 20 տարի իրար հետ կալանք էինք կրում մի խցի մեջ։
․․․Պատկերացրեք, մեր կյանքում ինչ կա, իրար պատմել էինք մի 5-6 անգամ։ Էլ պատմելու բան էլ չկար, խոսելու բան էլ չկար, արդեն աչքով-ունքով իրար հասկանում էինք։ 20 տարի ինչքա՞ն պատմես մի բանը։ Հարազատ ընտանիքի պես ենք եղել։ Չեմ ասում՝ բարձր չենք խոսել։ Եղել ա՝ քաղաքականությունից խոսացել ենք, տոններս բարձրացրել ենք։ Հետո ասել ենք՝ լա՜վ, է՛, ու՞մ հետևից ենք ընկել։
Հատված՝ Կարենի հետ զրույցից
Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանն ասաց՝ քրեակատարողական համակարգը պետք է ձգտի նրան, որ մարդը բանտից չարացած ու ապահարմարված դուրս չգա․ «Վերջապես պետք է հասկանալ, որ այսօրվա ազատազրկվածը վաղվա մեր հարևանն է»։
Լուսանկարները՝ այստեղ։
Ինչպես են Հայաստանում անազատության մեջ գտնվող մայրերը խնամում իրենց երեխաներին քրեակատարողական հիմնարկում, ինչ խնդիրների են բախվում հիմնարկից դուրս գտնվող երեխաների դաստիարակության հարցերում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։
Մարդ եւ օրենք
Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք․ պարտադրո՞ւմ, թե՞ խրախուսում
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի որոշ դրույթների կիրառման արդյունքում վտանգվելու են բուհական համակարգի մի շարք կարևոր հիմնարար սկզբունքները, կարծում են կրթության փորձագետներ Արևիկ Օհանյանն ու Ռուբեն Մարկոսյանը և առաջարկում այլընտրանքներ։
Read moreՋրային պաշարների կառավարումը մարտահրավերների առջև
Հայաստանի ջրային պաշարների անհամաչափ բաշխումը, ապաշնորհ կառավարումը, ոռոգման համակարգերի անարդյունավետությունը և Սևանա լճի ճակատագիրը հրատապ լուծումներ են պահանջում։ Երկրի առջև ծառացած է հիմնարար հարց. ինչպե՞ս հավասարակշռել տնտեսական զարգացման և բնապահպանական կարիքները, գրում է Մարիամ Տաշչյանը։
Read moreՀանգրվանը՝ Հայաստան. ովքե՞ր են ապաստան հայցում
Վերջին տարիներին Հայաստանում ապաստան հայցողների թվի աճ է նկատվում, ավելացել է նաև երկրների թիվը, որոնց քաղաքացիները նման դիմում են ներկայացնում Հայաստանում։ Ինչո՞վ է պայմանավորված այս միտումը, ո՞ր երկրների քաղաքացիներից է Հայաստանը ստանում ամենաշատ դիմումներն ու արդյոք բավարարում է դրանք, անդրադառնում է Արշալույս Բարսեղյանը։
Read moreՀարկադիր կատարում․ խնդիրներ ու նախատեսված լուծումներ
Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրի նպատակներից մեկը վերաբերում է հարկադիր կատարման համակարգում փոփոխություններին, թե որքանով են դրանք արդյունավետ ու իրական, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreԱրմատական և ձգձգվող քայլեր՝ շարունակական բարեփոխումների հույսով
Դատաիրավական բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով իրականացվող գործողությունների ընթացքին, դատավորների որակավորման ստուգման նոր կարգի վտանգների, դատավորների բարեվարքության ստուգման խնդիրներին է անդրադառնում Աստղիկ Կարապետյանը։
Read moreՓարիզյան համաձայնագիրը՝ ի նպաստ Հայաստանում անտառծածկույթի ընդլայնմանը
Թեև Հայաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում պարտավորվել է ավելացնել երկրի անտառածածկույթը, սակայն բնապահպաններն անտառները համարում են երկրի ամենավտանգված էկոհամակարգը։ Գայանե Մկրտչյանն անդրադառնում է անտառների խնդիրներին ու Փարիզյան համաձայնագրի շրջանակներում երկրի պարտավորություններին։
Read moreՎերականգնելի. պետական մոտեցումը պատժողական արդարադատությանը
Հայաստանի արդարադատության համակարգը պատժողական ավանդական գաղափարախոսությունից փորձում է անցնել դեպի վերասոցիալականացման և վերականգնողականի, որի շրջանակներում էլ ներդրվել է պրոբացիոն ծառայությունը։ Ի՞նչ խնդիրներ է լուծում այս ծառայությունը, ինչ գործառույթներ ունի և ովքեր են դրա շահառուները, բացատրում է Լիլիթ Ավագյանը:
Read moreՎտանգավոր քիմիական նյութերը քաղաքում՝ աչքից հեռու, մտքից հեռու
Հայաստանում քիմիական նյութերի խոշոր պահեստները չեն համապատասխանում որևէ չափորոշչի. եղել են գործարաններ, փակվել են ու լքվել, մինչդեռ այնտեղ շարունակում են մնալ մեծ քանակությամբ քիմիական նյութեր։ Վտանգավոր նյութերի պահման պայմաններին, դրանց վնասազերծման խնդիրներին ու պետության պարտավորություններին է անդրադառնում Մարիամ Տաշչյանը։
Read moreՔարսիթներ. օրենքը կա, իրագործումը՝ ոչ
Տրանսպորտային միջոցներում մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործումը Հայաստանում թեև պարտադիր է, սակայն այնքան էլ մեծ տարածում չունի։ Մարգարիտա Ղազարյանն անդրադառնում է երեխաների անվտանգությունն ապահովող այս համակարգերի կիրառման հայաստանյան փորձին։
Read moreԷլեկտրոնային արդարադատություն․ ռիսկեր և հնարավորություններ
Քաղաքացիական նոր գործերով դատավարական բոլոր փաստաթղթերն այսուհետ պետք է ներկայացվեն էլեկտրոնային համակարգով։ Ո՞րն է էլեկտրոնային արդարադատության համակարգի նպատակը, ի՞նչ խնդիրներ ու հնարավորություններ է այն ընձեռում, անդրադառնում է Աստղիկ Կարապետյանը։
Read more