
Սույն թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո պաշտոնական Բրյուսելը դրսևորում է զգալի ակտիվություն՝ միտված Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ու Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատմանը: Կողմերի միջև առաջին եռակողմ տետ-ա-տետ հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: Այդ հանդիպման ավարտին Շառլ Միշելի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել երկաթգծի բացելու հարցում՝ սահմանային և մաքսային վերահսկման պատշաճ իրականացման սկզբունքի հիման վրա: Այս պայմանավորվածությունն իսկապես կարելի էր համարել լուրջ ձեռքբերում, քանի որ այն չեզոքացնում էր 2020-ի Արցախյան պատերազմից հետո թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» կեղծ օրակարգը:
Ապրիլյան եռակողմ հանդիպումն ուշագրավ էր մի քանի հանգամանքներով պայմանավորված: Մասնավորապես, ի տարբերություն նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած եռակողմ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը, այն տեղի էր ունենում Ռուսաստան-հավաքական Արևմուտք հարաբերությունների ծայրահեղ լարվածության պայմաններում և նախորդում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարելիք այցերին: Մինչդեռ, բրյուսելյան առաջին հանդիպմանը նախորդել էր Փաշինյան-Պուտին-Ալիև (2021-ի նոյեմբերի 26, Սոչի) եռակողմ հանդիպումը, որի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անթաքույց ակնարկեց ռուսական կողմի՝ բրյուսելյան հանդիպման գոնե թվացյալ համաձայնության մասին: Այլ կերպ ասած, առնվազն հրապարակավ, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում Ռուսաստանը ԵՄ միջնորդական ջանքերը չդիտարկեց որպես ռուսական միջնորդական ջանքերին հակակշիռ:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստան-հավաքական Արևմուտք հարաբերությունների ներկայիս լարվածությունը Սառը պատերազմից ի վեր կարելի է որակել որպես աննախադեպ՝ կանխատեսելի էր, որ Ռուսաստանը ծայրահեղ բացասական վերաբերմունք պետք է ունենար ապրիլի 6-ին տեղի ունեցած բրյուսելյան գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ և այն երկար սպասեցնել իրեն չտվեց: Մասնավորապես, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ ապրիլի 8-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ Շառլ Միշելի կողմից տարածված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Ռուսաստանի դերակատարության մասին: Բացի այդ, Լավրովը շտապեց նսեմացնել պաշտոնական Բրյուսելի դերակատարությունը Հայաստան-Ադրբեջան գործընթացներում՝ ընդգծելով, որ դելիմիտացիայի գործընթացի նախապատրաստական, տնտեսական, առևտրային և կոմունիկացիոն կապերի ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման բոլոր աշխատանքների հիմքում ընկած են այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումների ժամանակ: Թեպետ բրյուսելյան հանդիպմանը հաջորդիվ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զանգահարեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և տեղեկացրին Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին՝ ակներև է, որ այս անգամ արդեն Ռուսաստանը ԵՄ գործողությունները հրապարակավ որակեց ռուսական միջնորդական ջանքերին հակակշռելու փորձ:
Հաջորդ ուշագրավ հանգամանքը բրյուսելյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն էին: Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյայի տարածած հայտարարության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ: Ըստ էության, սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են իրականացնել ուղիղ շփումներ, որի անհրաժեշտության մասին արդեն տևական ժամանակ է մեր եվրոպական և ամերիկյան գործընկերներն ընդգծում են իրենց հրապարակային հայտարարություններում: Հանդիպումից կարճ ժամանակ անց, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ: Երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով հեռախոսազրույցը կարելի է որակել որպես զգալի առաջընթաց՝ կողմերի միջև փոխվստահության ամրապնդաման միջոցների առումով: Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ուղիղ շփումներ հաստատելու հարցում սա պաշտոնական Բրյուսելի միակ հաջողված առաքելությունը չէր: Դեռ 2021-ի նոյեմբերի 19-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ երկու պետությունների ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Եվրոպական խորհուրդը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի, համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու վերաբերյալ՝ միջադեպերից խուսափելու համար։ Ըստ այդմ, արձանագրենք, որ պաշտոնական Բրյուսելն իր ջանքերն է ներդնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումներ ձևավորելու համար՝ ինչը, բնավ, չի կարող չնյարդայնացնել Ռուսաստանի Դաշնությանը, որի խաղաղապահ ուժերը ոչ միայն տեղակայվել են հետպատերազմյան Արցախում, այլև Ռուսաստանն իրեն դիրքավորում է Հայաստան-Ադրբեջան օրակարգերի բոլոր հարցերում՝ որպես առաջնային միջնորդ:
Բրյուսելյան հանդիպման հաջորդ պայմանավորվածությունը վերաբերում էր կողմերի միջև, մինչև ապրիլի վերջ, դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով համատեղ հանձնաժողով ձևավորելուն: Այս պայմանավորվածությունն ակնառու ի ցույց է դնում այն իրողությունը, որ Հայաստանը նահանջել է մինչ այդ արտահայտած իր դիրքորոշումից, այն է՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն պետք է նախորդեն հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր: Հիշեցնենք, որ հարցի վերաբերյալ Հայաստանը հանդես էր եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային ետ քաշման, այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվող սահմանապահների հանձնելու և սահմանի նկատմամբ միջազգային մոնիտորինգ իրականացնելու առաջարկով, մինչդեռ Ադրբեջանը մերժել է հայկական կողմի սույն առաջարակը: Սա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունն առավել քան իրատեսական է սամանագծման գործընթացի ժամանակ: Ակներև է, որ նման իրավիճակում Հայաստանի համար սկզբունքային պետք է լիներ մինչ սահմանագծման գործընթացի մեկնարկը՝ առնվազն սահմանային անվտանգության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկելու հարցը: Սույն դիրքորոշումից հետ նահանջը կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով: Առաջին՝ բրյուսելյան հարթակում, առնվազն վերբալ մակարդակում, հնարավոր է եղել մեր եվրոպական գործընկերներից ստանալ անվտանգային երաշխիքներ առ այն, որ անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան քաղաքական կամ իրավական լծակներ՝ կանխելու Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան դելիմիտացիայի գործընթացի ժամանակ: Երկրորդ հանգամանքը, ինչն առավել հավանական եմ համարում, այն է, որ բրյուսելյան հարթակն ի ցույց է դրել Եվրոպական միության սահմանափակ հնարավորություններն այս հարցում և հայկական կողմը ստիպված է եղել բավարարվել վերբալ երաշխիքներով՝ չունենալով այլընտրանք: Այլընտրանքի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ, փաստացի, ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված ռուսական միջնորդական ջանքերը ցայսօր չեն չեզոքացրել հետպատերազմյան Հայաստանի թիվ մեկ սպառնալիքը, այն է՝ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի միջոցով Հայաստանի և Արցախի վրա ճնշումներ գործադրելու և իր համար բարենպաստ լուծումներ ստանալու քաղաքականությունը: Ավելին, Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ռուսական կողմը որևէ խոչընդոտ չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցով հանձնաժողովի ստեղծման համար: Այս հայտարարությունը, մեղմ ասած, տարակուսելի է․ իրեն առաջնային միջնորդ համարող Ռուսաստանը պիտի որ քաջատեղյակ լիներ, որ հենց այդ խոչընդոտի առկայությունն էր հիմք հանդիսացել դեռևս 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքում ստորագրված փաստաթղթում տեղ գտած այն ձևակերպման համար, ըստ որի՝ կողմերը պայմանավորվել էին քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը մղել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ:
Միրզոյան-Լավրով ասուլիսը հստակ ի ցույց դրեց, որ ռուսական կողմը փորձում է նսեմացնել նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ բրյուսելյան պայմանավորվածությունը: Եթե փորձենք դիվանագիտական լեզվից թարգմանել Լավրովի խոսքերը, ապա ռուսական կողմը հորդորեց եվրոպական գործընկերներին՝ չխառնվել այդ հարցին, քանի որ հարցը 2020 և 2021թթ.-ից ընթանում է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ մակարդակում:
Բրյուսելյան հանդիպումն ուշագրավ է նաև այն առումով, որ Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է կողմերի քայլերը՝ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ և կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ արդյունավետ լուծումներ գտնել ճանապարհային ուղիների վերականգնման առումով: Արդեն Երևանում, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհների և կոմունիկացիաների բացման առումով հանդիպման ընթացքում արձանագրվել են տարընթերցումներ և կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ լուծումներ գտնելու ուղղությամբ: Բանն այն է, որ Հայաստանն առաջարկում է վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերակառուցել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ՝ սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային և այլ հսկողություններ: Ադրբեջանական կողմը համաձայնում է այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի՝ առաջ քաշելով հետևյալ նախապայմանը՝ նույն ռեժիմը պետք է գործի նաև Լաչինի միջանցքում: Ադրբեջանն իր սույն դիրքորոշումը հիմնավորելու համար հղում է անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, մինչդեռ, սույն հայտարարությունը չի պարունակում Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ որևէ այլ երկրի կողմից վերահսկողության դրույթ: Բացի այդ, հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի միջև զուգահեռներն անհիմն են, քանի որ Նախիջևանն Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ Իրանի և Թուրքիայի տարածքով, ինչպես նաև օդային կապ՝ Իրանի, Թուրքիայի և Հայաստանի օդային տարածքներով: Արցախը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ՝ միայն Լաչինի միջանցքով: Մինչ Բրյուսել մեկնելը Փաշինյանը հրապարակավ առաջարկեց երկաթուղու վերագործարկման մասին առաջին բրյուսելյան եռակողմ գագաթնաժողովի պայմանավորվածություններն արձանագրել դե-յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը, կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը: Դե-յուրե նշանակություն ունեցող համաձայնագրի ստորագրումը Հայաստանը պայմանավորում է այն մտավախությամբ, որ նույնիսկ Հայաստանի կողմից երկաթուղու և ճանապարհի կառուցումից հետո՝ Ադրբեջանը կարող է հրաժարվել բացել սահմանը: Բրյուսելյան հանդիպման արդյունքներով նման փաստաթուղթ ոչ միայն չի ստորագրվել, այլև Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ չկա դրա վերաբերյալ առհասարակ որևէ հիշատակում: Հետևաբար, արձանագրենք, որ պաշտոնական Բրյուսելին չի հաջողվել մոտարկել կողմերի դիրքորոշումներն այս հարցում, և Հայաստանը վերադարձել է ձեռնունայն:
Բրյուսելյան հանդիպման հաջորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ Շառլ Միշելի տարածած հաղորդագրության մեջ բացակայում է որևէ հիշատակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման անհրաժեշտության և, առհասարակ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ինչը բազում կրքեր բորբոքեց հայ քաղաքական և հանրային շրջանակներում: Արդեն Երևանում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Բրյուսելում կողմերը ծավալել են քննարկում Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես՝ Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի: Ավելին՝ հայկական կողմը նպատակահարմար չի գտել շարունակել այդ թեմայով քննարկումը, քանի որ, վարչապետի համոզմամբ, խոսքը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ: Թեմային քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք քաջ գիտակցում է, որ Ղարաբաղյան հիմնահարցն այն մշտնջենական փակուղին է, որից սերում են, որին բախվում են, կամ որի հետ խաչվում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման օրակարգի բոլոր հարցերը: Մինչ Ադրբեջանն իր ցեղասպան գործողություններով հետևողականորեն առաջ է մղում «Լեռնային Ղարաբաղն առանց արցախահայերի» կոնցեպտը և հերքում է, առհասարակ, Լեռնային Ղարաբաղի գոյությունը՝ Հայաստանն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտման հրամայականը: Դժվար թե բրյուսելյան հարթակում կողմերին հաջողված լիներ գտնել ոսկե միջինը: Այդ դեպքում, ինչպե՞ս է կողմերին հաջողվել առաջ շարժվել և ԱԳ նախարարներին հանձնարարել խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ սկսել: Բանն այն է, որ արդեն Երևանում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ եթե նախկինում Հայաստանն իր դիրքորոշման հիմքում դրել է Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով արցախահայերի անվտագության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դրվում են անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը: Ակնհայտ է, որ պաշտոնական Երևանը մեծ հույսեր է կապում ռասսայական խտրականության հիմքով Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացված հայցի հնարավոր հայանպաստ բավարարման հետ՝ այն դիտարկելով որպես «Անջատում հանուն փրկության» դոկտրինի սպասարկման գործիք: Մնում է հուսալ, որ բրյուսելյան հարթակն առնվազն վերբալ երաշխիքներ է տրամադրել հայկական կողմին, որ մինչ վերոնշյալ գործի քննության ավարտը միջազգային հանրությունն ականատես չի լինի Ադրբեջանի կողմից արցախահայերի տոտալ բնաջնջմանն իրենց հայրենի հողում: Մնում է հուսալ նաև, որ Հայաստանը, ընտրություն կատարելով վատի և վատթարագույնի միջև, ունի հստակ ձևակերպված ռազմավարություն և Լեռնային Ղարաբաղում արցախահայերի անվտանգ ապրելու բազմակողմ անվտանգային հստակ երաշխքիներ: Այլապես՝ վատի և վատթարագույնի միջև ընտրությունը ոչ այնքան ընտրություն է, որքան արկածախնդրություն:
Բրյուսելյան եռակողմ հանդիպման մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ Միրզոյան-Լավրով ասուլիսի ընթացքում ռուսական կողմը Ֆրանսիային և ԱՄՆ-ին հրապարակավ մեղադրեց Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը տապալելու մեջ, քանի որ պաշտոնական Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են աշխատել ռուսական կողմի հետ: Այս հայտարարությունը, մեղմ ասած, մտահոգիչ էր, քանի որ դեռևս 2022-ի մարտի 14-ին, չնայած Ռուսաստան-հավաքական Արևմուտք հարաբերությունների ծայրահեղ լարվածությանը, պաշտոնական Երևանը դիմել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ 2020-ի Արցախյան պատերազմից հետո չեն դադարում քաղաքական և փորձագիտական դիսկուրսներն առ այն, թե ինչ ճակատագիր է սպասվում ՄԽ համանախագահությանը: Թեպետ համանախագահող երկրները պարբերաբար հայտարարում են, որ մի շարք խնդիրներ դեռևս լուծված չեն, և անհրաժեշտ է շարունակել բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար, փաստացի, ռազմական գործողությունները դադարեցնելու մասին 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը եռակողմ ձևաչափով է (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) և Արցախում տեղակայված են միայն ռուսական խաղաղապահները: Ավելին, մերժելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության և առհասարակ Լեռնային Ղարաբաղի գոյությունը՝ պաշտոնական Բաքուն խոչընդոտում է համանախագահների մուտքն Արցախ:
Լավրովի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի գոյությունը վիճարկող հայտարարությանը հետևեցին ամերիկյան և ֆրանսիական կողմերի հրապարակային արձագանքները: Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: Նույնաբովանդակ հայտարարություն տարածեց նաև Ֆրանսիան՝ վերահաստատելով իր լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում՝ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և ՄԽ համանախագահ: Ավելին՝ Հայաստան ժամանեցին ԱՄՆ և Ֆրանսիացի համանախագահներ Էնդրյու Շոֆերն ու Բրիս Ռոքֆոն և վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում կողմերն ընդգծեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում։
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հրապարակային աջակցությունը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատմանը միտված միջնորդական ջանքերին, ինչպես նաև պատրաստակամությունը աշխատել կողմերի հետ՝ և՛ երկկողմ մակարդակով, և՛ որպես ՄԽ համանախագահող երկրներ, լրջագույն մարտահրավեր է Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերին: Արևմուտքն անթաքույց ակնարկում է, որ Ռուսաստանի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում չաշխատելն ամենևին էլ չի նշանակում դուրս մնալ գործընթացներից: Թերևս, սրա գիտակցումն է, որ հիմք է հանդիսացել վարչապետ Փաշինյանի՝ 2022-ի ապրիլի 19-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարության 24-րդ կետի համար, որը, մեղմ ասած, հակասում է ռուսական կողմի՝ Միրզոյան-Լավրով ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ վերաբերյալ արտահայտած մտքերին: Մասնավորապես՝ հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի կարգավորման պահանջվածության համատեքստում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։
Մեր հայերեն էջից
Գիտությունը խորհուրդների երկրից մինչև հիմա
1990-ականներին անէացավ հայկական գիտությունը, որի երբեմնի փառքի մասին արդեն 30 տարի է հպարտությամբ, զայրույթով ու կարոտով ենք խոսում: Ի՞նչ առաջնահերթություններ ուներ հայկական գիտությունը ԽՍՀՄ տարիներին, ի՞նչ ներուժ ունի այսօր, արդյոք հնարավո՞ր է վերականգնել երբեմնի համբավը։
Read moreԱշխատանքը խորհուրդների երկրից մինչև հիմա
Աշխատասիրության, աշխատանքային հարաբերություններում Խորհրդային Միությունից ժառանգած խնդիրների, աշխատաժամանակի գրագետ տնօրինման, աղքատության ընկալումների ու աշխատաշուկայի ներկայիս մարտահրավերների մասին։
Read moreՈւժը` ճշմարտություն(ն) է
2022-ի պատմական մարտ ամսվա հայ–ռուս–ուկրաինական մեր այս պայմանական նշանաբանական եռանկյունու արանքում Վիտրուվյան մարդու պես ջղաձիգ է Խոսքը՝ ոչ միայն այլաբանական, այլ հենց ամենուղիղ մարմնավորմամբ։
Read moreՊայքար քաղցկեղի դեմ. վաղ դիմելիության արդյունքում մարդիկ չեն մահանում
Թեև ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս տեսնել օրգանիզմում անգամ ամենափոքր շեղումներն ու կանխել դրանց հետագա զարգացումը, սակայն Հայաստանում դեռևս ոչ միշտ են խնդրի նախնական փուլում դիմում մասնագետներին, ինչն էականորեն բարդացնում է բուժման ընթացքը։
Read moreՄայրության, աշխատող կնոջ խնդիրների և լուծումների շուրջ
Կին-մայր-աշխատող եռանկյունում տեսած խնդիրների ու լուծումների մասին է անդրադառնում քաղաքացիական հասարակության ոլորտի փորձագետ Գայանե Վարդանյանը։
Read moreՄիջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի կողմից սողացող էթնիկ բնաջնջման իրականացումը Լեռնային Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները վկայում են Ադրբեջանի` բնիկ հայկական բնակչության էթնիկ բնաջնջման մտադրության մասին և ընդգծում այնտեղ միջազգային նորմերի համաձայն գործող խաղաղապահ ճարտարապետության անհրաժեշտությունը:
Read moreԿադրից դուրս կադր
Պատերազմն առանձնահատուկ վիճակ է, ոչ սովորական, այդ ընթացքում հոգեբանական թերապիան էլ կառուցում է իր առանձնահատուկ պայմաններն ու սահմանները։ Կլինիկական հոգեբանը պատմում է 2020-ի Արցախյան պատերազմում իր փորձառության, անսպասելի իրադարձությունների, ապրումների ու վշտի հետ աշխատանքի կարևորության մասին։
Read moreԵրանելի ապագան․ մարդու իրավունքների իրավիճակի տեսլականը
2020-2022 թվականների իրադարձությունները կոտրեցին բազմաթիվ պատրանքներ, այդ թվում՝ մարդու իրավունքների ապահովման ու զարգացման ասպարեզում։ Ուստի, այս հոդվածը երազանքների մասին է, քանի որ գիտելիքն ու փորձը բավարար չեն, գրում է Զառա Հովհաննիսյանը։
Read moreՍյունիքը՝ Աստծո, պետության ու հակառակորդի աչքի տակ
2020 թվականի արցախյան պատերազմից հետո փոփոխված իրողությունները դժվար կացության առաջ են կանգնեցրել սահմանակից Սյունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներին: Լրագրող Սոնա Մարտիրոսյանը եղել է պատերազմից հետո սահմանամերձ դարձած բնակավայրերում և կիսվում է նրանց խնդիրներով:
Read more