
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ:
«Պետպատվերը վերջացել է, կա՛մ պետք է սպասեք հունվարից հետո, կա՛մ ինքներդ վճարեք»,- դեկտեմբերի սկզբին Շենգավիթ բժշկական կենտրոնի սրտաբանն է հայտնում սրտի սոնոգրաֆիայի կարիք ունեցող հղիներին։ Հատկապես տարվա վերջին եռամսյակում այս արտահայտությունը հաճախ լսելի է հիվանդանոցներում։ Ու թեև հղիների համար, ցուցման դեպքում, սույն՝ 16.000 դրամ արժեցող հետազոտությունն անվճար է, սակայն միշտ չէ, որ հնարավոր է սպասել:
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է բժշկական կազմակերպություններում՝ տարեկան պայմանագրային գումարի շրջանակներում։ Եթե տվյալ ամսվա դեպքում պայմանագրային գումարը չի բավականացնում, ապա բժշկական կազմակերպությունը բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում է հերթագրման եղանակով: Իսկ հերթը կարող է հասնել ինչպես մի քանի օր անց, այնպես էլ ձգվել ամիսներ, ինչն էլ շատ հաճախ քաղաքացիներին դրդում է չսպասելով դիմել վճարովի բուժօգնության։
2025 թվականի սկզբին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ամփոփելով 2024-ի առողջապահական ծրագրերի արդյունքները, խոսելով շուտ ավարտվող պետպատվերի մասին՝ նշել էր, թե որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ. «Բայց ինչի՞ ենք մենք հասել ամենակարևորը, որ ըստ դիմելիության մենք սպասարկում ենք մեր քաղաքացիներին, ըստ էության, 2024-ին բուժսպասարկումից օգտվելու հերթերը չի եղել, որ երկու ամսից ավելի լինեն»։
Այնուամենայնիվ, որոշ իրավիճակներ ոչ մի դեպքում ենթակա չեն հերթագրման, ինչպես օրինակ՝ նարկոլոգիական հիվանդները, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք։ Պետական պատվերի շրջանակներում, անկախ քաղաքացու սոցիալական կարգավիճակից, 40 ընդհանուր և նեղ մասնագիտական բժշկական հաստատություններում՝ 24-ժամյա կարգով իրականացվում է անհետաձգելի դեպքերի բուժօգնություն, ինչպես օրինակ՝ բարձր ջերմություն, ծակած, կտրած, կծած վերքեր և այլն։
Իսկ ընթացիկ ու կանխարգելիչ անվճար բուժօգնության ուղեգրումներն ու դեղերի հատկացումները, հիմնականում, արվում են առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժշկական կազմակերպությունների միջոցով՝ պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ։
Ամրագրված
Կառավարությունն անվճար բժշկական օգնության մասին որոշումը կայացրել է դեռևս 2004-ին, որն էլ, չնայած բազմաթիվ փոփոխությունների, շարունակում է հիմնական փաստաթուղթը մնալ։ Անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում է նախատեսված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին, ինչպես նաև առանձին` երկու տասնյակից ավելի սոցիալական խմբերի՝ այդ թվում առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներ, մինչև 18 տարեկաններ, վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջան (42 օր), զորակոչային տարիքի անձինք ու զինծառայողներ, ազատազրկվածներ և այլն։
Կառավարությունը ստանձնել է նաև վերոնշյալ խմբերի մի մասին, ինչպես նաև որոշ հիվանդություններ ունեցողներին հատկացվող դեղերի անվճար կամ զեղչված գնով տրամադրման պարտավորվածությունը։
Սահմանված են նաև այն հիվանդություններն ու վիճակները, երբ բոլոր քաղաքացիներն անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն կարող են ստանալ. 15 դեպքերի մասով, ինչպես օրինակ՝ շոկային վիճակներ, ինսուլտ, ինֆարկտ, 44 վարակիչ հիվանդություններ, այդ թվում՝ ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սուր վիրուսային հեպատիտներ, կատաղություն, բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ։ Առանձնացված են նաև 13 տիպի այլ հիվանդություններ էլ, որոնց թվում՝ հոգեկան առողջությանը վերաբերող իրավիճակները, ինչպես նաև արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացությունները, օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների վիրահատական և ճառագայթային բուժում, սրտամկանի սուր ինֆարկտ՝ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում, իշեմիկ ինսուլտ՝ գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագրի շրջանակներում: Ի դեպ, 2024-ին չարորակ նորագոյացություններով բուժառուներին վիրահատական, քիմիաթերապևտիկ և ճառագայթային բժշկական օգնության և սպասարկման 72.730 անվճար ծառայություն է մատուցվել: 14.269 ծառայություն էլ մատուցվել է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին, կատարվել է 2552 սրտի անհետաձգելի վիրահատություն:
Իրականացվում են նաև անվճար հեմոդիալիզային ծառայություններ։
Արտոնյալ պայմաններով՝ համավճարային սկզբունքով բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է 23 անհետաձգելի վիճակներում, ինչպես նաև օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների և օնկոհեմատոլոգիական հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժումը, և սեռական ճանապարհով փոխանցվող ու մաշկային հիվանդությունների բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունները։
Սակայն, ըստ «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանի, այս դեպքերում ևս ծառայությունների արտոնությունները հիմնականում մնում են թղթի վրա, քանի որ լրացուցիչ բավականին գումարներ են ծախսվում ինչպես դեղերի գնման, այնպես էլ հարբժշկական ծառայությունների վրա։ Այնուամենայնիվ, նա կարևոր է համարում պետության մասնակցությունը հատկապես չարորակ նորագոյացություններ ունեցողների բուժման ծախսերում։
«Վերջին տարիներին նաև չարորակ նորագոյացություն ախտորոշված հիվանդների համար իրականացվում են վիրաբուժական ծառայություններ, թեև նախավիրահատական ծառայությունները ներառված չեն,- ասում է Վարդանյանը՝ նշելով, որ մինչև չարորակ ախտորոշումը չի լինում, պետական պատվերում հնարավոր չէ ներառել,- Թեև չնչին է պետության մասնակցությունը, սակայն կարևոր է անգամ դա, քանի որ ահռելի, աղետալի, աղքատացնող ծախսեր են քաղաքացիների համար»։
Կարևորելով կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող բուժառուի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված պալիատիվ բժշկական օգնության ներդրումը, 2017-ին կառավարությունը սահմանեց չափորոշիչ՝ ըստ որի՝ բուժօգնությունն իրականացվում է շաբաթական 7 օր, 24 ժամ սկզբունքով, արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային տարբերակով։
Առաջնային կանխարգելումն առաջնային օղակում
Առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը և մահացության կրճատումը օրակարգային հարցեր են, որոնք առողջության պահպանման առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների առաջնահերթությունն են։ Այս կենտրոններում հաշվառված քաղաքացիներին մատուցվող հիմնական ծառայություններն անվճար են։
Տրամադրվում է անվճար խորհրդատվություն, տնային այցերի կազմակերպում, քրոնիկ հիվանդություններով բուժառուների հսկողություն, ախտորոշիչ հետազոտություններ։
ԱԱՊ-ն իրականացնում է նաև մանկավարժների և դայակների առողջական վիճակի պարբերական բժշկական զննություններ։
Այս կենտրոնների բժշկին է վստահվում նաև առողջապահական հարցերով կրթումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը:
ԱԱՊ բժիշկը տարեկան մեկ անգամ իրականացնում է նաև գրանցված բնակիչների զննություններ՝ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով։ Առողջապահության 2023-2026 թվականների զարգացման ռազմավարության համաձայն՝ երկրում գրանցված բոլոր մահերի 90 տոկոսից ավելին պայմանավորված են ոչ վարակիչ հիվանդություններով։ Առավել տարածվածներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը և շնչառական օրգանների հիվանդությունները, որոնց բուժմանն ուղղված պետական ծախսերը կազմում են շուրջ 55 մլրդ դրամ:
ԱԱՊ-ում են իրականացվում նաև մի շարք կարևոր սքրինինգներ՝ հիպերտոնիայի և շաքարային դիաբետի, կրծքագեղձի ու արգանդի վզիկի քաղցկեղների, գլաուկոմայի, ինչպես նաև քաշի խանգարումների վաղ հայտնաբերման նպատակով։
Մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից կոլոռեկտալ (հաստաղու, ուղիղ աղու, սիգմայաձև աղու և հետանցքի) քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով 2024-ից մի շարք բուժհաստատություններում ներդրվել է սքրինինգային փորձարարական ծրագիրը, որը նախատեսված է իրականացնել մինչև 2026 թվականը։ Ծրագրի շահառուներն են 50-75 տարիքային խմբի բոլոր քաղաքացիները, ինչպես նաև այդ հիվանդությունն ունեցող՝ նույն հաստատությունում գրանցված 35-75 տարեկան առաջին կարգի ազգականները (կենսաբանական ծնողներ, կենսաբանական երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ)։ 2024-ին այս ծրագրի շրջանակներում իրականացվել է շուրջ 5000 հետազոտություն:
ԱԱՊ-ում են իրականացվում նաև պատվաստումները։
Այնուամենայնիվ, ԱԱՊ-ների նկատմամբ բնակչության վստահությունն այնքան էլ մեծ չէ, ինչը պայմանավորվում է այդ կենտրոնների, հիմնականում, ոչ բարվոք վիճակով, երբեմն էլ քաղաքացիների անտեղյակությամբ ու ավանդաբար եկած անվստահությամբ. շատերը գերադասում են օգտվել վճարովի ծառայություններից, քան հույսը դնել պոլիկլինիկաների վրա։
Տիգրան Սարգսյանը, չնայած ընտանիքի ֆինանսական խնդիրներին, փորձում է խուսափել կցագրված պոլիկլինիկա այցելություններից ու անգամ հատկացվող դեղերը ստանալուց։
«Մի ոտքս կտրված է, մեր բժիշկը նստում է երրորդ հարկում, վերելակ չկա, նախ էդքան պետք է բարձրանամ, գնամ հերթ կանգնեմ հազար ու մի վիրուսային հիվանդություն ունեցողների կողքին, էլ հազ, էլ փռշտոց։ Հետո բժիշկը իբր զննում է ու դեղերի դուրս գրման դիմում գրում, որն էլ պետք է տանեմ երկրորդ հարկ, որ պետը ստորագրի, հետո նորից վերև պետք է բարձրանամ, ամբողջ օրս կորում է, ինչն ինձ համար հոգնեցուցիչ է, բացի այդ փոքր գրախանութ ունեմ, որ ամբողջ օրս պոլիկլինիկայում անցնի՝ այդ մի օրվա հացից էլ կզրկվեմ»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ հատկացվող դեղերից էլ գոհ չեն։
Շուրջ մեկ տարի առաջ Սարգսյանի մոտ ախտորոշվել է ցրված սկլերոզ հիվանդությունը, վերջերս է իմացել, որ այդ հիվանդության դեպքում էլ են հատկացնում դեղեր, որոշել է օգտվել, սակայն նշեց, որ զիջում է իր գնածին։
«Ավելի լավ է իմ մեկ ամսվա հաշմանդամության թոշակը հատկացնեմ ու դեղը գնեմ, քան էդքան ժամանակ ծախսեմ, վերջում էլ փոփոխություն չզգամ»,- ասաց Սարգսյանը։
Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ վերոնշյալ խնդիրների մասին իրենց կազմակերպությունը ևս ստանում է ահազանգեր։ Սակայն, ըստ Վարդանյանի, եթե պոլիկլինիկաների խնդիրները լուծելն ավելի բարդ է ու ժամանակատար, դեղորայքների գնորդը նախարարությունն է և ունի ավելի որակյալ գնում կատարելու հնարավորություն, սակայն մատակարարված դեղորայքը շարունակում է մնալ ոչ լավագույնը։
Ապագայի համար
2019-ին կատարված փոփոխության արդյունքում Հայաստանում անչափահասները նույնպես օգտվում են անվճար բուժօգնությունից` ինչպես ԱԱՊ-ում, այնպես էլ հիվանդանոցներում: Ամեն բան սկսվում է հենց կյանքի առաջին րոպեներից: Արդեն ծննդատներում իրականացվում են նորածնային յոթ սքրինինգներ` ուղղված բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը և ժամանակին հիվանդության բուժման կամ ախտաբանական վիճակի շտկմանը։
Հետագա անվճար ծառայությունների փաթեթը պարբերաբար ընդլայնվում է՝ ներկայումս ներառված են նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հիվանդանոցային բժշկական առանձին ծառայություններ, ինչպես` գլխուղեղի անոթային հիվանդությունների ներանոթային բուժումը, սրտի և աորտայի ներանոթային և բաց վիրահատությունները, արթոսկոպիկ վիրահատությունները, վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները, երիկամային քարերի փշրումը և այլն։
Սակայն ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններն ու հիվանդանոցներում ախտորոշման ճշտման նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային հետազոտություններն ու խորհրդատվությունները շարունակվում են վճարովի հիմունքներով, անվճար են միայն մինչև յոթ տարեկան, ինչպես նաև 7-18 տարեկան սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների համար:
ԱԱՊ-ներում անչափահասներին տրամադրվող ծառայությունները վերջին շրջանում ընդլայնվել են՝ սլաքներն ուղղելով հատկապես դեռահասների առողջության բարելավմանը։ Այսպիսով, նախատեսվում է 15 տարեկան բոլոր աղջիկներին` նախկինում իրականացվող մանկաբույժի զննությանն և որովայնի ու փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտությանն ավելացնել նաև վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն, ըստ ցուցումների նաև` հորմոնների հետազոտություններ: Արդյունքում ակնկալվում է առաջնային անպտղության և վերարտադրողական կորուստների նվազեցում։
Առողջապահության ռազմավարության կարևոր ուղղություններից են անպտղության կրճատումը, կանանց վերարտադրողական առողջության ու առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության ցուցանիշների բարելավումը։
Անկախությունից հետո Հայաստանում ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշները շարունակաբար նվազում են. 2023-ին եղել է 36.265 ծնունդ, 1990-ին՝ 79.882-ը:
Ավելացվել են հղիության վարման ընթացքում իրականացվող հետազոտությունների տեսակները և ծավալները` ներառելով ինքնաբեր վիժումների, վաղաժամ ծննդաբերության, պտղի զարգացման արատների և մեռելածնության, ինչպես նաև հետծննդյան շրջանի բարդությունների, մայրական մահացության հաճախակի պատճառ հանդիսացող բնածին և ձեռք բերովի տրոմբոֆիլիաների ախտորոշումը, նշանակալի վարակների հետազոտումը: Իրականացվում են նաև պտղի զարգացման արատների հայտնաբերման հետազոտություններ։
Հայաստանում բարձր՝ 16,8 տոկոս են կազմում անպտուղ զույգերը, մինչդեռ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման` անպտղության 15 տոկոս մակարդակը համարվում է ճգնաժամային։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ կատարված վերջին քանակական հետազոտության մեջ, ըստ որի՝ առաջնային անպտղությունը կազմում է 1,7 տոկոս, երկրորդայինը՝ 15,1 տոկոս, այստեղ ներառվում են նաև նրանք, ովքեր երբևէ հղիացել են, սակայն կենսունակ երեխա չեն ունեցել:
Դեռևս 2015-ին կառավարությունը որոշեց աջակցել անպտղության խնդիր ունեցող զույգերին՝ սահմանելով անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական բժշկական օգնություն: Ծրագիրը կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է ու պարբերաբար ընդլայնվում է, 2020-ի Արցախյան պատերազմից հետո ներառվել են նաև զոհվածների հարազատները, 2023-ից հետո էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող սոցիալական որոշակի խմբերի կանայք։
Հատկանշական է, որ 2020-ին ծրագրի արդյունքում ծնվել է 49 երեխա, իսկ 2024-ին՝ 539 երեխա։
Չնայած իրականացվող միջոցառումներին, այնուամենայնիվ, առողջապահության ոլորտում ապագայի կարևոր ուղղությունն առողջության համապարփակ ապահովագրությանն անցնելն է, որի նպատակն է ապահովել քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը։
«Առողջապահական ոլորտում սոցիալական բաղադրիչը շատ թույլ է, գերակշռում է շուկայական հարաբերությունը։ Այդ պատճառով էլ բժշկական հաստատություններն էլ շահագրգռված չեն իրականացնել պետպատվերով ծառայություն, քանի որ հակառակ դեպքում ավելի շատ շահույթ են ստանում,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ ճիշտ է պարտադիր ապահովագրության ներմուծումը, սակայն ներկայիս իրավիճակով այն մեծ վտանգներ է պարունակում,- Քանի դեռ կոշտ, չկարգավորվող է բժշկական օգնությունների ոլորտը, ունենալու ենք շուկայական իրավիճակից բխող առողջապահական վիճակ»։
Ու թեև համընդհանուր ապահովագրությանն անցնելը նախանշված էր 2024-ին, սակայն մի շարք պատճառներով այն կրկին հետաձգվեց, ինչի մասին իր մտահոգությունն է հայտնել նաև նախարար Ավանեսյանը, միևնույն ժամանակ ընդունել, որ ֆինանսական մեծ միջոցներ պահանջող բարեփոխում է, ինչպես նաև հարկավոր են բանակցություններ ու գործընկեր կառույցների համաձայնությունը. «Իհարկե, ուզում ես, որ շատ ավելի արագ լինի, գիտե՞ք ինչու, որովհետև, երբ մարդը գալիս է ինձ մոտ խնդրով, որ ունի առողջական խնդիր ու մենակ է մնացել իր խնդրի հետ, շատ անզոր ես զգում դրա առջև և ուզում ես օր առաջ լուծել էդ խնդիրը։ Իհարկե, պիտի ասեմ, որ մենք այսօր կրկնապատկել ենք մեր բյուջեն չորս տարիների ընթացքում, և սա նշանակում է՝ շատ ավելի մեծ թվով մարդիկ հասանելիություն ունեն կարևորագույն, կյանք փրկող ծրագրերին, բայց չենք գոհանում դրանով և պիտի ամեն ինչ անենք, որ հասնենք մեր նպատակին»։
Մինչ այդ, մնում է հուսալ, որ այս պահին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին եղած կարգավորումները կգործեն ու չեն մնա միայն գրված թղթի վրա։
«մարդ ԱՌժամանակ»
անձնական զրույցների շարք
Մարդ ԱՌժամանակ. Անահիտ Ավանեսյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կիսվում է բարդ ժամանակահատվածում այս պաշտոնը ստանձնելու փորձառության, կին հանրային գործիչ լինելու պատնեշների, անկատար մնացած բարեփոխումների ու դրական փոփոխությունների տեսլականներից։
Read moreմարդ ԱՌժամանակ. Վասգեն Բրուտյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ «Արդեան»-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վասգեն Բրուտյանը, ով 2013-ին երկրորդ անգամ է հայրենադարձվել ու հիմնել արվեստի, դիզայնի և ճարտարապետության կենտրոն, պատմում է իր գործունեության մասին ու վստահեցնում՝ Հայաստանը դիզայնի ոլորտում կարող է առաջնային երկրներից լինել։
Read moreմարդ ԱՌժամանակ. Քրիստին Սիմոն
«Մանուկեան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը պատմում է պապի՝ առաջին միձեռանի ծորակի նախագիծը ստեղծած ու մեծ հաջողությունների հասած Ալեք Մանուկյանի հետ հարաբերությունների, առաջին անգամ մոր՝ Լուիզ Սիմոնի հետ Սովետական Հայաստան գալու երկար ճանապարհորդության, իրենից առաջ երկու սերնդներից ստացած ժառանգության «բեռի» և այն շարունակելու նպատակով իրականացվող ծրագրերի մասին։
Read moreմարդ ԱՌժամանակ. Անահիտ Արամունի Քեշիշյան
Գրականագետ, դերասանուհի, պրոֆեսոր Անահիտ Արամունի Քեշիշյանը, պատմում է երկու անգամ հայրենադարձվելու իր փորձառության, 1988-ին սփյուռքում Հայաստանի շարժմանը զորակցող շարժում ստեղծելու և հայրենիքի անկախությանը սատարելու դժվարությունների մասին, ինչպես նաև կիսվում իր առաջիկա նախաձեռնությունների գաղափարներով։
Read moreմարդ ԱՌժամանակ. Մանուշակ Տիտանյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ ճարտարապետության դոցենտ Մանուշակ Տիտանյանը, կիսվում է Երևանից Արցախ տեղափոխվելու, պատմամշակութային ժառանգության փաստագրման աշխատանքներում ներգրավվելու, ինչպես նաև Արցախից վերջիններից դուրս գալու մասին։
Read moreմարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի մեկնարկային հանդիպման հյուրը՝ Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, արաբագետ, գիտությունների թեկնածու Միքայել Հովհաննիսյանը, կիսվում է 1988-ի շարժման շրջանի իր հիշողություններով։ Պատմում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի որդին լինելով՝ անկախության առաջին տարիներին Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում ապրելու փորձառության մասին, անդրադառնում քաղաքացիական ակտիվությանն ու աշխատանքային գործունեությանը։
Read more