
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։
«Ամենաահավոր հիշողությունն ա իմ կյանքի՝ ձեռքերս ոլորեցին, տանում են էդ գորշ մեքենան, օրը տեղից արևոտ չէր ու ավելի մռայլ էր նայվում ամեն ինչ։ Դրսում ամուսինս կանգնած ինձ էր նայում՝ աչքերը կոնկրետ հանգած էին, դեմքը՝ սփրթնած, կողքն էլ 2 տարեկան տղաս գոռում ա, լացում, ուզում ա վազի մոտս՝ չեն թողնում։ Ոնց որ կինոյի տեսարան լիներ, բայց էդ կինոյում ես էի ու ինձ էին տանում բանտ»,- ասեց Արևը ու մի պահ կանգ առավ, երևի, որ ես ուշքի գամ, որովհետև առաջին անգամ էի լսում մորաքրոջս էս պատմությունը։ Մի տեսակ մտքումս չէր բռնում ինքը՝ միշտ կարմիր սիրուն շրթներկով, Ալմոդովարյան երանգների, եսիմորտեղից գնված Շանել կոստյումներով, միշտ բարձր կրունկներով կերպարը՝ խորհրդային բանտի հետ։
«Բանտում մի գիշեր մնացի, առավոտը՝ մարդս խոսել էր, որ գոնե տանեն հիվանդանոց, որովհետև հղի էի ու ծանր էի տանում հղիությունս։ Հիվանդանոցն արժեր 500 ռուբլի։ Ծիծաղալու ա չէ, որ ինձ կաշառքի համար են բռնել ու քցել մի տեղ, որտեղ ամեն ինչն ա կաշառքով՝ անգամ տեղափոխելը հիվանդանոց, եթե քեզ իրոք պետք է, որևէ բան փոխանցելը՝ հատկապես ուտելիք․․․»,- էնպես հոսուն էր խոսում, զգացվում էր, որ հազար անգամ մտքում վերապատմել ու վերարտադրել էր։
«Լավ․․․ արի սկզբից գամ՝ հասկանաս ոնց էղավ, թե չէ էսպես միանգամից վախեցրի, նեղվեցիր, ձայնիցդ եմ զգում․․․»,- ասեց ու թեթև ծիծաղելով, շարունակեց,- «նայի՝ ես եկա Երևան, նոր էի բաժանվել ամուսնուցս ու էլ չասեմ՝ էդ քայլը դե հիմա էլ մարդիկ դատապարտում են, ուր մնաց էն ժամանակ չանեին, բայց ինձ մեկ էր, ես միշտ կոնկրետ իմացել եմ ինչ եմ ուզում ու ամենակարևորը՝ իմացել ինչ չեմ ուզում։ Պապաս ասում էր՝ ապստամբ հոգի ունեմ։ Քեզ էլ էր էդպես ասում, հիշո՞ւմ ես»,- այստեղ էլի ստոպ տվեց, երևի պապիկիս մասին խոսելը բարդ էր՝ շատ կապված էին ու շատ նման, բայց չէ, պարզվեց իր համար սուրճ է եփում, որ հետս խմելով խոսի,- «Ուրեմն 2 տարեկան տղա ունեի, քո եղբայրը, իրան դեռ թողեցի մամայիդ մոտ ու ես էկա Երևան, որ գործ գտնեմ, տեղավորվեմ՝ նոր կանչեմ էստեղ, բայց ամեն շաբաթ-կիրակի հետ էի գնում, ամբողջ օրը հետը անցկացնում, մինչև բերեմ մոտս։
Սկզբից ընդունեցին Գյուղ ինստիտուտ որպես դասախոս։ 0 կուրսերի երեխաներին էի դաս տալիս՝ հայոց լեզու։ 2 տարի աշխատեցի էդտեղ, հետո ընդունվեցի Տեխնիկում՝ թեթև արդյունաբերության կադրերի բաժնի վարիչ ու համ էլ դաս էի տալիս։ Էդ ժամանակ արդեն տղայիս բերել էի մոտս ու նաև ունեի նոր ամուսին՝ շատ էինք իրար սիրում ու իսկական ընտանիք էինք, էդպես էի զգում։ Մի հատ էլ տուն ունեինք՝ սեփական, հին, սիրուն ու համեստ․․․տունը մերը չէր՝ վարձով էր, դեռ էդքան փող չունեինք։ Մուրացան փողոցի վերևն էր՝ Աթոյան փողոցի վրա։
Մի խոսքով, ամեն ինչ շատ լավ էր, տղաս սիրում էր ամուսնուս, ամուսինս՝ իդեալական էր, ես երջանիկ ու լիքը գործ ունեի, տնօրենս էլ շատ գնահատում էր ինձ, բայց, իրա մասին շատ էին խոսում, որ կաշառակեր ա։ Անուն հանած կաշառակերներից էր՝ իջևանցի պարոն Ղուշչյանը։
Տեղն էլ ասեմ՝ եկամտաբեր էր ու նման գործարանները՝ տրիկոտաժի արտադրության կամ կոշիկի, մեծ ժողովրդականություն էին վայելում, ինչն էլ բերում էր ընդունելության մեծ «կոնկուրսների»։
Մի պահ ես դարձա ընդունելության քննությունների վերստուգողը, որովհետև դա մեծ խնդիր էր՝ կաշառակերության պատճառով հաճախ էին բարձր գնահատականներ ստանում նրանք, ում գրավորներն ուղղակի ահավոր էին, ու եթե մինիստրությունից գար մեկը, ով ստուգել ուզենար՝ տեղում գործ կարող էր հարուցել, կամ սկսել փորփրել էդ գրավորները։ Դրա համար ես հանձնաժողովի ստուգած ու բարձր գնահատվածների թղթերը ևս մեկ անգամ աչքի տակով էի անց կացնում ու ասում տնօրենին՝ ճիշտ է գնահատվել, թե ոչ։
Շատ զարմանում էի մեկ-մեկ գրավորներ տեսնելիս, որովհետև էնքան անգրագետ բաներ էի տեսնում՝ բարձր գնահատված, որ զարմացած հայտնում էի տնօրենիս, չէի հասկանում, որ ինքը լավ էլ գիտի ինչ է կատարվում ու ավելին՝ էդ ամենի համար լավ էլ վարձատրվում է։
Հետո ես էլ դարձա ընդունելության քննությունների հանձնաժողովի անդամ։
Առաջին տարին լրիվ աչքերս բացվեցին։ Պարզվեց, որ Տեխնիկում, առհասարակ, ոչ մի դիմորդ առանց գումարի չի ընդունվել, բոլորը՝ փողով, ու կապ չուներ գիտելիքը։ Գինն էլ 2000-3000 ռուբլի էր։
Ու էսպես ասեմ՝ կաշառակերներին բոլորն էլ գիտեին, այսինքն, երբ ուզում էին երեխան մի տեղ ընդունվի՝ հետաքրքրվում էին, ում պետք է դիմեն ու կար որոշակի մարդկանց ցանկ, ովքեր էդ գործով շատ էին զբաղվել, հետևաբար, իրենց տեղը գիտեին ու իրենց էլ դիմում էին։ Գրեթե բոլոր հանձնաժողովի անդամները կային էդ գործում, ես՝ դեռ չէ, իմ մասին չգիտեր ոչ մեկ։
Ձևն էսպես էր՝ տնօրենը կանչում էր անդամներին իր մոտ ու տալիս երկկողմանի գրիչ՝ կապույտ մի կողմից, կարմիր՝ մյուս։ Իր նշած մարդկանց գրավորներն ուղղելիս մենք պետք է օգտագործեինք կապույտ գրիչը, որ մեր ուղղածը դիտվի, որպես իրենց գրավորը, իսկ մյուսներինը՝ պետք է փչացնեինք կապույտով ու դարձնեինք վատ գրավոր։ Իրեն ապահովելու համար, տնօրենը ամեն մեկիս թույլ էր տալիս երկուական մարդ բերել, որից ստացված գումարը մնում էր մեզ։ Ես ինքս չհասցրի էդ ամեն ինչին մասնակցեմ, բայց մի հատ Կիմա կար, իր բերած 2 հոգուց ինձ տվեց 1000 ռուբլի, երևի որ չխոսեմ»,- նա էլի ընդհատեց, ոնց-որ ինչ-որ բան մոռացած լիներ ասել, հետո վայրկյան անց՝ ավելի ակտիվ ձայնով սկսեց․
«Հենց նոր մի հատ էլ հետաքրքիր բան հիշեցի՝ դա անպայման գրի։ Գրավորների տեսակ կար, ասում էին «պոչ»։ «Պոչը» ուրեմն էն գրավորներն էին, որ էնքան վատն էին ու անգրագետ, որ դրանց ուղղածը հստակ զգացվում էր ու ստուգողը եթե ուզենար՝ կբռներ բոլորին։ Դրա համար էդ գրավորների տերերին մինչև դասերի սկսվելը հավաքում էին ու տալիս իրենց գրավորները՝ արտագրելու, որ մաքուր լինեին ու չզգացվեր, որ որևէ մեկը վրայով անցել էր․․․
․․․էդ օրը լավ եմ հիշում․․․ հուլիսի վերջ էր, ես՝ մոռացա ասեմ, 28 տարեկան էի, ու, դե արդեն իմացար՝ հղի, արդեն երկրորդ բալիկով, ու աղջիկ պետք ա լիներ։ Ամուսինս էլ Միջին Ասիա էր մեկնել գործով։ Հղիությունս շատ ծանր էի տանում, էդ օրն էլ ժողովի էի ու շատ շոգ էր, շունչս փչում էր։ Մեր աշխատողներից մեկն ուզեց արտահերթ արձակուրդ, տնօրենը տվեց՝ առանց որևէ խնդիր, ու էդտեղ, ես էլ միանգամից խնդրեցի, որ մի շաբաթ գոնե հանգիստ մնամ, ասեց՝ խնդիր չկա, վիճակս տեսնում էր։ Էնպես ուրախացա, որ մի քիչ տանը կմնամ։
Ամսի 1-ին հետ էկա գործի ու իմացա, որ մինիստրությունից են եկել ու «պոչերը» բռնացրել՝ հենց գրելու պահին։ Բոլորին գործի վրա բռնացրել էին, ինձ էլ տարան հարցաքննելու։
Քննիչը փորիկիս նայեց ու ասեց «էրեխեքիս արև, ինչի էս քեզ էս զիբիլի մեջ քցում, եթե ինչ-որ ձև մասնակցել ես սրան, գրի, գրի՝ վիզ վերցրու, ինչ էլ արած լինես՝ քոնը փոքր ա, կներեն, հանգիստ կգնաս ընտանիքիդ մոտ, մեզ ուրիշներն են ստեղ պետք»։ Ասում եմ չէ, նաիվ էի՝ ասածը վրաս ազդեց ու ես գրեցի, որ 1000 ռուբլի եմ վերցրել՝ անունը, բայց, չնշեցի, թե ումից։ Մինչև գիշերը 12-ը պահեցին, հետո թողեցին։ Դրսում ամուսնուս եղբայրն էր սպասում, պատմեցի ամեն ինչ՝ ասեց ահավոր բան եմ արել, շատ մեծ սխալ, բայց ես համոզում էի, որ ճիշտ եմ արել ու որ քննիչն ինձ ասեց վատ բան չի լինի։ Մի հատ պատկերացրու իմ նաիվության աստիճանը։ Ու կուզես՝ ավելին ասեմ, մյուս քննիչն ինձ պատմեց, որ տնօրենս ցուցում է գրել ու նշել, թե իբր ես եմ կաշառակեր ու ինձ ինքը մի շաբաթով հեռացրել է գործից՝ կաշառքի վրա բռնացնելուց, բայց ես էնքան նվիրված էի իմ կոլլեկտիվին ու էլի նման սովետական բաներ, որ չէի հավատում, որ տնօրենս ինձ մատնել է, իսկ առաջին քննողը՝ հատուկ դրդել, որ գրեմ, որ գոնե մեկին էդ հաստատությունից տանի։ Երկրորդ քննիչն ավելի մարդկային էր, նոռմալ մարդ էր, ազգանունը՝ Հախվերդյան։ Էդ ինքն ինձ ամեն ինչ ասեց, ու նաև ասեց, որ կաշառքը ամենաբարդ գործերից է, նախ եթե «վիզ չես վերցնում» անգամ ձեռդ էլ բռնեն՝ չեն կարող հավաստել, բայց բացի դրանից ամենածանրն է պատժվում 8-15 տարի։ Սիրտս քարացավ էդ թվից»։
Հիմա ես դադար տվեցի, որ մի քիչ ուշքի գամ ու նշումներս ֆիքսեմ, մինչև մորաքույրս շարունակում էր պատմել գաղութի մասին՝ ծիծաղելով ասելով, որ Երևանյան լճի դեմն էր, իր հիշելով՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայիս տան տեղը։
«Գաղութի միտքն էր սարսափելի, բայց մի քիչ ավելի թեթև էր, քան ես պատկերացրեցի։ Պիոներական ճամբարի ու բանակի օրենքներին նման էր ամեն ինչ։ Կոնտինգենտն էլ, դե բրեժնևյան էդ հիմարագույն օրենքների պատճառով՝ բավականին լավն էր, ռեժիսորներ, հաշվապահներ, բարձրագույն դիպլոմով մարդիկ՝ կալանավայրում․․․ իհարկե խուլիգաններ, մարդասպաններ էլ կային, բայց մեր ժամանակ մի տեսակ իրանք էլ ոնց որ զգաստ էին։
Ասեմ ինչ ձևի էր. ուրեմն մեծ սենյակներով՝ մաքրա-մաքուր, զբոսանքի տեղով, նստարաններով գոտի էր։ Մի հատվածը քնելու տեղերն էին, մյուսը՝ աշխատանքի գոտին։ Ինձ տարան սրբիչներ գործելու։ Մեքենայով գործում էի, բանվորուհի էի ու արագ էստեղ էլ դարձա՝ ամենաօրինակելին, ամենալավը՝ գովասանագրերով։ Բոլորի հետ շփվում էի, հետս բոլորը կիսվում էին, խորհուրդ հարցնում, օգնություն խնդրում, ես էլ ինձ զբաղված էի պահում, որ ժամանակն արագ թռնի։ Կալանավորները մի օր ինձ ընտրեցին ջոկատի խորհրդի նախագահ, պաշտոն էլի»,- ծիծաղալով ավելացրեց ու հետո ձայնը էլի մի փոքր ցածրացրեց,- «մենակ տղաս էր մեղք, տղաս ու ամուսինս։ Մի օր բանտի տնօրենը ասեց՝ մարդդ քեզնից մեղք ա, բանտի պատերից էն կողմ չի գնում․․․
Գիտես ինչն էր ահավոր՝ ամնիստիան մարդասպանի վրա կարող էր ազդել, իմ նմանների վրա՝ չէ։ Կաշառքն ամենավատ բանն էր համարվում, չնայած Բրեժնևի ժամանակ կաշառքն ամեն տեղ էր՝ համատարած ու առաջին հերթին հենց իր սիստեմում․․․
Լավ, էլ ինչ գլուխդ տանեմ, ուրեմն մի հատվածը էսպես անցկացրի՝ բանվորուհի աշխատելով, բայց մյուսը պետք է տանեին Սիբիր, ավելի կոնկրետ՝ Կեմեռովսկայա օբլաստ։ Մեզ բոլորիս հավաքեցին ու ճանապարհ ընկանք։
Իմ կյանքի ամենասարսափազդու տեսարանն էր էդ ճանապարհը։ Նախ մեկ ամիս տանում էին՝ տարբեր տեղեր թողնելով, որ գիշերենք ու մեկ-մեկ, բալես, քնելու տեղ չկար, բառիս բուն իմաստով, ստիպում էին կանգնած քնես։ Ինձ՝ գիտես, մեկ էր ինչ կանեին, ես պառկում էի, ծածկվում ու քնում։ Մի գիշեր էդպես Բաքվի բանտ տարան, մյուսը՝ Ռոստով, Չելյաբինսկ ու Նովոսիբիրսկ․․․ մինչև հասանք։ Գիտես ոնց էին մարդկանց տանում-բերում՝ ձեռքները հետևները կապած, տղամարդկանց բրդում էին, որ չոքեն, շներով բոլորիս հետևում էին, զուգարան էլ գնայիր՝ դուռը բաց էր պետք թողնել ու իրանք քեզ ատրճանակով հետևում էին։
Անասունների պես՝ մարդուն մարդու տեղ չէին դնում։
Վերջը հասանք։ Էստեղ ֆերմա էր ու մի քանի տեսակ գործ կար, ինձ խորհուրդ տվին գնամ կովանոց՝ կթվորուհիների հետ, իբր հեշտ գործ էր։ Կյանքում կով չեմ տեսել, վախենում էի ահավոր ու զզվում։ Ձևը սովորեցրին, փորձեցի անեմ, բայց ամեն անգամ վատ էր ստացվում ու մատներս ահավոր ցավում, ուռում էին։
Մի հատ հայ տղա կար էդտեղ՝ ասեց դուրս արի, ասա հիվանդ ես, թող թեթև բան տան, ասում էին «լյոխկի տռուդ»։ Լսեցի իրան, էդպես էլ արեցի, բայց պարզվեց դա էլ ա փողով։ ռուբլի ճարեցի, մի ձև տվեցի բժշկին՝ շատ վախենալով, որ սխալ չհասկանա ինձ, բայց համ էլ արդեն մեկ էր՝ հոգնել էի էդ համակարգից էլ, իրա ձևական բաներից էլ։ Ստացա թղթերը, բայց պարզվեց էդ «լյոխկի տռուդ»-ը գիտես ինչ էր՝ երկաթով սառույցներ ջարդելը, կամ փայտ սղոցելը։ Ոչ էլ փորձեցի՝ էդ ցրտին ապուշություն էր, հետաքրքրվեցի ինչ կարող եմ անել, որ մնամ էստեղ ու վերջին տարիներս էստեղ անց կացնեմ։ Մի հատ տեխնիկ կար Լիդիա Ալեքսանդրովնա՝ շատ սիրուն կին, կողքի գյուղում էր ապրում, ասեց ասիմիլյատոր գրանցվեմ՝ հեշտ գործ է, կսովորեցնի ինչ է պետք անել։ Ինձ տարօրինակ թվաց, որ կովերին արհեստական բեղմնավորելը հեշտ է, բայց էս կնոջը լրիվ վստահում էի։ Ու ինքը ճիշտ էր ասում, ես շատ արագ սովորեցի ամեն ինչ։ Մի հատ էլ ցուլ կար՝ Չեմպիոն անունով, իրան մանկուց պահեցի, մեծացրի։ Բոլորը վախում էին դրանից, որովհետև ամենակատաղածն ու մեծն էր, բայց ես չէ՝ լրիվ աշակերտս ոնց որ լիներ։
Տարօրինակ գործ էր՝ ցլի հետ էլ պետք էր աշխատել, որ ցուլն ընտրված կովերի հետ հարաբերվի ու մեկ-մեկ անգամ համոզել։
Ռուսերեն ասում էի նայի ինչ սիրուն ա էս կովիկը․․․ ծիծաղալու էր։ Բոլորն ասում էին, որ իմ դաստիարակած ցուլը ջենթլմեն ա, իրա կովիկներին բեղմնավորելուց հետո ուղեկցում ա կովանոց ու մի հատ էլ կատաղում, երբ կթվորուհիները ճիպոտելով են դրանց դիմավորում։ Քանի անգամ եղել ա, որ փորձել ա հարձակվի՝ իրա կովիկներին նեղացնելու համար, ես եմ պահել, թե չէ պոզահան կաներ խեղճ մարդկանց։
Մի անգամ էր, որ հեռու էի ու Չեմպիոնիկս էլի զայրացավ, բայց այս անգամ կողքը մարդ չկար, որ նախատեր, կանգնացներ ու նրան սպանեցին։
Չեմպիոնիկս դարձավ մսի կոմբինատի հումք։
Ժամանակս էսպես աննկատ անցավ, մինչև մի օր մերոնցից մեկն ասեց, որ կարող եմ ներման դիմում գրել ու եթե չգրեմ՝ ինքը կգրի։ Ասեցի կգրեմ, բայց դժվար ներեն, կկարճեցնեն երևի։ Ինքը հետս չհամաձայնվեց, ասեց պատկերացրու, որ չեն մերժի ու էդ տրամադրությամբ էլ գրի։ Ես առանց որևէ հավատի գրեցի, ինքը նամակս կարդաց, ստուգեց ու նամակիս վերևը մի նախադասություն ավելացրեց՝ «Տղայիս եմ ուզում մեծացնել»։ Նամակն ուղարկվեց։
Երևի երկու շաբաթ էլ չէր անցել, մի հատ հայ տղա կար գոռալով էկավ բակ ու ասեց, որ ինձ ազատ են արձակել։ Էնքան խառն էր խոսում, բան չհասկացա, բայց չհավատացի, էդքան մարդկանց գրածի մեջից դժվար իմը արագ կարդային ու պատասխանեին, էն էլ՝ ներեին։
Գնացի ադմինիստրացիա, էնդեղ գլխավորը Չիպլակովն էր, նստած էր եեերկար սենյակում, սեղանի մի ծայրին, ճիշտ ոնց հիմա Պուտինն ա նստում իրա ելույթների ժամանակ։ Մտա հարցրի ինչ ա կատարվում, ինքը առանց գլուխը բարձրացնելու ասեց՝ դե ազատ ես էլի, գնա, ես էնքան չհավատացի, միանգամից սկսեցի լացել՝ բարձր ձենով, համարյա գոռալով․․․ գիտես դե՝ ես չեմ լացում, բայց էդ անգամ ՝ չդիմացա։ Ինքը վեր կացավ, էկավ գրկեց ինձ ու ասեց «Արևիկ, Արևինկա ազատ ես, իսկականից ազատել են․․․»
Նայի, ես լրիվ տիպիկ գերազանցիկ էրեխա եմ եղել՝ ամբողջ դպրոցի Կոմսոմոլի քարտուղար եմ եղել, դասարանի ավագ եմ եղել, դռուժինայի խորհրդի նախագահ։ Քո չսիրած գերազանցիկ ու դասատուների սիրելի տպերից։ Լիքը ֆոտոներ կան դպրոցից, որտեղ ես եմ միշտ տնօրենի կողքը կանգնած եղել։
Ինձ էդ ժամանակ թվում էր, որ ես սովետական համակարգի լավ ներկայացուցիչ եմ, էդ հիմա եմ հասկանում, որ ես սովետական հասարակարգի զոհն եմ եղել ու ուղեղս լվացած զոմբի։
Ու քանի մենք էդպիսին էինք, էդ համակարգը մնում էր ուժեղ․․․ առհասարակ, ամեն համակարգ իրա զոմբիներով ա ուժեղ:
Էդպես էլ բալես, պրծավ էս հատվածը կյանքիս ու ես էկա տուն։
Տունս սկզբից չէի գտնում, ուրիշ տեղ էր հիմա, համ էլ ես լավ չէի կողմնորոշվում քաղաքում, քաղաքն էլ էր փոխվել, ես էլ։
Լամպերի գործարանի մոտ քույրս տղայիս հետ ինձ դիմավորեցին, որ գնանք մեր նոր տունը։
Ես գիտեի, որ ինչ էլ անեմ՝ պետք ա արագ անեմ, որովհետև չեմ հետ եկել, որ բողոքեմ կամ քանդվեմ ու դրամաների մեջ քցեմ ինձ, էկել եմ սաղ տեղը քցելու տրամադրությամբ ու էլ ժամանակ չկորցնելու։
Մի շաբաթից արդեն գնացի գործ գտնելու ու միակ տեղը, որտեղ ինձ նորմալ, առանց որևէ ավելորդ բանի ընդունեցին՝ Շուստովի Գինու Կոմբինատն էր։ Շատ հետաքրքիր շրջան սկսեց համ իմ մոտ, համ էլ Սովետը արդեն կոնվուլսիաների մեջ էր մտել․․․
էս մասն էլ արի մյուս անգամ կպատմեմ, համ հոգնեցի խոսալուց, դու էլ շատ վատ ունկնդիր ես, մեկ ֆսֆսում ես, մեկ լացում․․․պատմություն ա էլի․․․արդեն ապրած պրծած ա, նեղվելու բան չկա, լսի դու մենակ»:
*բոլոր անունները, տեղանուններն ու կերպարներն իրական են, փոխված է միայն գլխավոր կերպարի անունը
Տեսեք նաեւ
Գիտությունը խորհուրդների երկրից մինչև հիմա
1990-ականներին անէացավ հայկական գիտությունը, որի երբեմնի փառքի մասին արդեն 30 տարի է հպարտությամբ, զայրույթով ու կարոտով ենք խոսում: Ի՞նչ առաջնահերթություններ ուներ հայկական գիտությունը ԽՍՀՄ տարիներին, ի՞նչ ներուժ ունի այսօր, արդյոք հնարավո՞ր է վերականգնել երբեմնի համբավը։
Read moreԱշխատանքը խորհուրդների երկրից մինչև հիմա
Աշխատասիրության, աշխատանքային հարաբերություններում Խորհրդային Միությունից ժառանգած խնդիրների, աշխատաժամանակի գրագետ տնօրինման, աղքատության ընկալումների ու աշխատաշուկայի ներկայիս մարտահրավերների մասին։
Read moreՎերադարձ դեպի ապագա. Հետխորհրդային գեղագիտության էվոլյուցիան հայկական նորաձևության մեջ
Գլոբալ տենդենցներին տուրք տալը հայերի մշակութային ու քաղաքական հավաքական պատմության բաղկացուցիչ լինի ասես։ Ընդ որում, այս միտումն ավելի ցայտուն դրսևորվեց Խորհրդային Միության փլուզումից հետո:
Read moreԵրբ խոսում են ձայնազուրկները
Հոդվածում նախ նկարագրվում են վերապրված իրողությունները, ապա հարցադրումների միջոցով վերլուծվում է ընդհանուր պատումը, ինչպես օրինակ՝ «Որո՞նք են այն գործոնները, որոնք ձևավորել են ցեղասպանությունը վերապրածների ինքնագիտակցությունը», «Ինչպե՞ս են նրանք արձագանքում ցեղասպանությանը հաջորդած իրավիճակում իրենց գոյությանը» և այլն։
Read moreՊատմության մոռացված էջերից. Էլլէն Բիւզանդի ուղին Սարդարապատի ճակատամարտից Չեկայի բանտ
Գրող, դիմադրության մարտիկ, քաղբանտարկյալ Էլլէն Բիւզանդի (Եղիսաբեթ Ստամբոլցյան) կյանքը լեգենդների կծիկ է։ Բիւզանդի՝ Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման և հասարակական ու քաղաքական գործիչների մասին անտիպ օրագրերն ու հուշագրերը դեռեւս սպասում են բացահայտման ու տպագրման իրենց հերթին...
Read moreԶաբել Եսայան․ արդարության հույսը՝ լուցկու տուփին ի պահ տված
Սեդա Գրիգորյանն ուսումնասիրել է Հայաստանի ազգային արխիվում գտնվող Զաբել Եսայանի դատավարության փաստաթղթերը՝ 1939-ի գնդակահարության դատավճիռը, 1957-ի հետմահու արդարացվումը։ «..․ ես ավելի դժբախտ եմ, քան որևէ հանցագործ կին», դատարանում հայտարարել էր Եսայանը:
Read moreՁեռքից ձեռք անցած մի երկիր. Զրույց մեր և մեր մասին
Երեսուն տարի անց, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, լրագրող Լուսինե Հովհաննիսյանը զրուցում է բարիկադների հակառակ կողմում գտնվող մի մարդու հետ, ով հետևում էր ժամանակի զարգացումներին որպես ցուցարարների շարքերը ներխուժած Երևանի քաղկոմի կազմբաժնի հրահանգիչ:
Read more