
Ինչո՞ւ հենց V դարում առանձին այբուբենի ստեղծման կարիք ունեցան հայերը, և ի՞նչ ճակատագիր էր այն ունենալու, երևակայական զրույցի միջոցով ներկայացնում է Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը։
Ո՞վ չի երազել, որ հանդիպի պատմական անձի։ Ժամանակակից մարդը կուզենար ոչ միայն նրա ներկայությունն ըմբոշխնել, այլև զրուցել նրա հետ… կամ գոնե որևէ մեկը հարցազրույց վարեր նրա հետ և ինքը դա կարդար-տեսներ-լսեր։
— Հայ ժողովուրդը երկար դարեր ապրել էր առանց այբուբենի՝ ինչու՞ էր անհրաժեշտ այբուբեն ստեղծել, վարդապետ։
– Երբ ես ծնվեցի Հայքը թագավորություն էր, արդեն հազար տարի։ Մերթ թույլ էր եղել, մերթ՝ հզոր, բայց՝ անկախ։ Քսանհինգ տարեկան էի, երբ թագավորական իշխանությունը վերացավ Հայքի արևմտյան կեսում։ Մենք մնացինք մի ոտքի վրա՝ երկրին պետք էր անթացուպ, հենակ։ Դա այբուբենն էր։ Ավաղ, իմ կենաց օրոք Հայքի արևելյան մասը ևս անտերունչ մնաց։
— 428-ին… Այբուբենը չօգնեց։
Այբուբենը չօգնեց, որ թագավորությունը պահպանվեր։ Բայց երբ այբուբենը կար, «Աստվածաշունչը» թարգմանեցինք։ Որ լեզվով թարգմանված էր Սուրբ գիրքը, այդ լեզվով խոսում էր Աստված։
— Իսկ ինչո՞ւ մեր այբուբենը չէր ստեղծվել ավելի վաղ՝ հարևան ասորիները, պահլավները… հույները, հռոմեացիներն ունեին այբուբեն՝ թեև հենակի կարիք չունեին։
— Հույներն են «մեղավոր»… Մեր նախնիները հունարեն Հոմերոս, Հերոդոտոս, Պլատոն, Արիստոտել էին կարդում ու գոհանում դրանով։ «Հելլենասեր» բառն է դաջված Տիգրան անունով մեր մի քանի թագավորի դրամներին, որոնք ապրել են մինչև Քրիստոսի ծնունդը։ Արտավազդ II արքան հունարեն էր գրում իր դրամաները։ Նրանք կախում չունեին հելլեններից՝ Հռոմն արդեն իրեն էր ենթարկել Հունաստանը։ Ինչո՞ւ։
— Նկատի ունեք, որ հունական մշակույթը իրենո՞վ էր լցրել աշխարհը։
— Այո։ Իմ սիրելի աշակերտ Մովսեսը՝ Տարոնի Խորնի գյուղից, ասում էր՝ «չեմ տատանվում ամբողջ Հունաստանը գիտության մայր կամ դայակ կոչել»։
— Իսկ ինչո՞ւ չէր կարելի նաև հունական այբուբենով գրել։
— Մենք արդեն… քրիստոնյա էինք։
— Խճճվեցի։ V դարում հույները նույնպես քրիստոնյա էին, իսկ բյուզանդական կայսրությունը, ըստ էության, հունական էր։
— Օ, պետք է ապրեիք այդ տարիներին, որպեսզի մեր դառն վիճակը պատկերացնեիք։ Հայքը կիսված էր երկու մասի։ Եթե հունական այբուբենի անցնեինք, մեր դեմ կհանեինք Պարսից շահին։ Նրա հրամանով հունարենն արգելված էր իր տերության մեջ, և մենք ժամերգությունն անցկացնում էինք ասորերեն, գրագրություն էլ պարսկերեն էր։ Մյուս կեսը կառավարող բյուզանդական կոմսը պարսկերե՛նը արգելեց՝ ժամերգությունը, գրագրությունը հունարեն կամ լատիներեն էր։
— Այսինքն, Հայաստանում երկու, երեք տարբեր այբուբեն էր գործածվում։ Իսկ մինչև V դարը այդպես չէ՞ր։
— Է՛ր, բայց ի տարբերություն բազմաստվածության, որը նախկինում դավանում էինք թե՛ մենք, թե՛ պարսիկներն ու հույները, քրիստոնեությունը գրի՛ կրոն է։
— Հին և Նոր կտակարաններ, աղոթագրքեր…
— Պատարագներ, ժամերգություններ՝ այդ գրքերով…
— Բայց չէ որ ժողովուրդը կարդում ու հասկանում էր Արիստոտել, Պլատոն։
— Ժողովուրդը չէր։ Սակավաթիվ անձինք։ Կարդում էին արքաները, իշխանները, կրոնավորները… ոչ բոլորը։ Հասկանում էին միայն նրանք, ովքեր ապրում էին սահմանամերձ, խառը բնակչությամբ վայրերում։
— Այսինքն՝ եթե պատկերացնենք, որ եկեղեցում ժամերգություն է, ասենք, 401 թվականին, մեծամասնությունը ոչինչ չէ՞ր հասկանում։
— Եկեղեցիներում կային թարգմանիչներ, որոնք կանգնում էին հույն կամ ասորի հոգևորականների կողքին և թարգմանում։
— Ամբողջ ժամերգությո՞ւնը։
— Ամբո՛ղջը։ Ես նույնպես թարգմանիչ եմ եղել։
— Չեմ հավատում։ Մեսրոպ Մաշտոցը՝ եկեղեցում օտար հոգևորականների թարգմանի՞չ։
— Այո։
— Ներեցեք, բայց դուք աշակերտի նման կանգնում էիք ասորի քարոզչի կողքին ու թարգմանո՞ւմ։ Հիմա կասեին՝ սինքրոն, համաժամանակյա թարգմանությո՞ւն էիք կատարում։
— Այո՝ հանուն մեր Տիրոջ խոսքն իր հոտին հասցնելու։ Հետագայում, Վասպուրականի Գողթն գավառում ինքս կարդում էի գրքից և ինքս թարգմանում։
— Այ դա հիշեցի։ Հիմա գտնեմ գրքում։ Խորենացին… Մովսեսը՝ Խորնի գյուղից, գրում է՝ Մաշտոցը «ոչ փոքր նեղություն էր կրում, որովհետև ինքն էր թե՛ կարդացողը և թե՛ թարգմանողը, և եթե մի ուրիշն էր կարդում, երբ ինքն այնտեղ չէր լինում, ժողովրդին անհասկանալի էր մնում`թարգմանիչ չլինելու պատճառով»: Ի՞նչ է նշանակում՝ այնտեղ չէիք լինում։ Ինչո՞ւ։
— Ես ճգնում էի քարայրներում։ Երբեմն ուսուցանում և պատարագում էի, ծխեր էի հիմնում, որտեղ չկար, բայց ես աշխարհաթող էի եղել, բաժանվել իմ զինվորներից, որոնց անարժան հրամանատարն էի, որպեսզի Աստծուն մերձենայի, որի լավագույն միջոցը ճգնակեցությունն է։
— Հեռացաք ռազմական գործից՝ վշտացնելով ձեր զինվորներին. դուք լավ համբավ ունեիք… Մենակեցությունը հնուց ընդունված է եղել Հնդկաստանում, հետագայում տարածվել նաև Մերձավոր Արևելքում, բայց այդ կողմերում տաք է, պտղատու ծառերը ծաղկում են կլոր տարին, և կարելի է մրգերով բավարարվել, գետնին քնել։ Իսկ դուք ինչո՞վ էիք սնվում Հայաստանում։ Մի օտարազգի պատմագիր կա… ուշ դարերի։ Ասում է՝ Կարինում այնքան ցուրտ էր, որ կատուն տանիքից տանիք թռչելիս սառչել էր։
— Հա՛-հա՛-հա՛։ Սրամիտ է։
Ուրեմն, ինչպե՞ս էիք ձմռանը ողջ մնում՝ միայն մի քուրձ հագած, ինչպես որ ձեր մասին պատմում են։
— Ինչպե՞ս էի դիմանում՝ Աստծո կամոք։ Ես պետք է կոփեի հավատս ու ոգիս։
— Եվ Մաշտոցը այնքան սահուն էր թարգմանում, որ համբավը հասա՞վ Վաղարշապատ։ Վռամշապուհ արքան ու Սահակ Պարթև հայրապետը կանչեցին, որ…
— Հայքում շատերիս մտահոգությունն էր, որ այբուբեն չունենք։ Վաղարշապատում ժողով գումարվեց, ինքը՝ Սահակ Պարթևը և նվաստս եպիսկոպոսների անունից դիմեցինք Վռամշապուհ թագավորին։ Արքան խնդությամբ ընդառաջեց։ Նա պատմեց, որ ասորի Դանիել եպիսկոպոսը հայկական գրեր ունի՝ արքան տեղեկացել էր, երբ շահի խնդրանքով մեկնել էր Միջագետք, պարսկա-հռոմեական վեճը կարգավորելու։
— Մեր Վռամշապուհ արքա՞ն։
— Նա մեծ հարգանք էր վայելում։ Արքան պատվիրակ ուղարկեց, տառերը բերեցին։ Ես աշակերտներ հավաքեցի և դրանցով գրել-կարդալ ուսուցանեցի։ Բավարար չէր, ո՛չ, բավարար չէր հայերենի հնչյունների համար 22 տառը, որոնք միայն բաղաձայններ էին։
— Միայն բաղաձայննե՞ր։ Երբեք մտքովս չի անցել։ Դա կոչվում է աբջադ, աբիգուդա կամ կոնսոնենտ գիր։ Կարծեմ, այդպիսին են փյունիկյան, ասորական, հրեական այբուբենները…
— Կեցցե՛ս, հինգ ու խաչ քեզ։
— Շնորհակալ եմ։ Բայց չէ՞ր կարելի գլխի ընկնել. ասենք գրված է՝ թգվր, պարզ է, որ պետք է կարդալ «թագավոր»։ Ինչպես մեր վիմագրություններում են կրճատ գրում։
— Այբուբենից շատ ավելին է պահանջվում… Ասեմ առաջին դժվարությունը՝ ամեն աշակերտ իր ձևով էր արտասանում ձայնավորները, և հաճախ իրար չէին հասկանում։
— Ինչու՞։
— Պատճառը պետք է քեզ ծանոթ լինի։ Հայաստանը լեռնոտ երկիր է, մարզերի միջև շփումը՝ դժվար, հատկապես՝ ձմռանը. աշակերտներս իրարից տարբեր հայերեն էին խոսում։
— Այսինքն, ամեն մեկը՝ իր բարբառո՞վ։
— Այո, եթե դուք դա բարբառ եք անվանում։ Երկու տարի տառապելուց հետո համոզվեցի, որ Դանիելի գրերը հայերենին հարմար չեն։
— Յուրատեսակ փորձնական ծրագիր է եղել, ուրեմն։ Իսկ «դանիելյան նշանագրերից» բացի, այլ գրեր չե՞ն եղել, նախամաշտոցյան… Այսինքն՝ մինչև ձեզ։ Հայագետներից ոմանք պնդում են, որ եղել են։
— Իսկապե՞ս։ Իմ աշակերտ Կորյո՞ւնն է գրել։ Մովսե՞սը Խորնի գյուղից, թե՞ Ղազարը Փարպիից։
— Չեմ կարծում, չեն գրել։ Բայց տարածված կարծիք է՝ հայերեն «Աստվածաշունչը», որ առաջին գիրքն է մեր լեզվով, չափից դուրս կատարյալ է… եթե մինչ այդ ժողովուրդը գիր չի ունեցել։
— Արդյոք նրանք գիտե՞ն, որ «Աստվածաշունչը» երկու անգամ ենք թարգմանել։ Նախ թարգմանեցինք ասորերենից, բայց չհաջողեցինք։ Այնուհետև հունարենից թարգմանեցինք՝ ունենալով փորձ և նախկինի շատ հատվածներ օգտագործելով։ Հայերեն Աստվածաշունչը կրկնակի հղկված գոհար է։
— Ուժեղ արտահայտություն էր։ Բայց մեր պատմագիրների լեզուն նույնպես «ոսկեղենիկ» է՝ նրանց մատյանները և՞ս կրկնակի են հղկված…
— «Մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց տվեց. մեկին տվեց հինգ քանքար, մյուսին` երկու, և մի ուրիշին`մեկ. յուրաքանչյուրին՝ ըստ իր կարողության. և գնաց»: Քանքարը Հիսուսի օրերի դրամն է, այս առակը մեր Փրկիչն է պատմում Ավետարանում։ -«Ով հինգ առավ, իսկույն գնաց, դրանով գործ արեց և հինգ ևս շահեց: Նույնպես նա էլ, որ երկուսն առավ, երկու ևս շահեց: Իսկ ով մեկն առավ, գնաց հողը փորեց և իր տիրոջ դրամը թաքցրեց»: (Մատթ. 25: 14-30, Ղուկ. 19: 12-26) Տերը պատժեց սրան՝ որպես «չար և ծույլ ծառայի». նա չէր վատնել, բայց անթեղել էր իրեն տրվածը։ Հայերենը անթեղված չէր, ինչպես ավետարանական առակի քանքարը, որ անպիտան ծառան իբր պահպանել էր մինչև տերը վերադառնար։ Դարեր շարունակ մեր լեզուն խնամվում էր արքունական ժողովներին, հանդեսներին, դատերին, այլադավանների հետ բանավիճելիս։
— Հիմա սոցցանցեր կան, երկար կտևի, որ բացատրեմ, թե ինչ են։ Այնտեղ շատերը գրում են հայերեն, բայց ուրիշ երկրների տառերով։ Թե՛ արտասահմանից, թե՛ Հայաստանից։ Միգուցե վաղեմի ժամանակներում էլ, մինչև քրիստոնեության ընդունումը, եղել են հայ գրողներ, պատմագիրներ, որ հայերենը զարգացրել են որևէ ուրիշ այբուբենով, բայց մենք չգիտենք։
— Վայ ինձ, վայ, եթե հազար վեց հարյուր տարի ունենալով այբուբեն, որը ձեր լեզվին ծառայելու համար է ստեղծված, օտար տառերն եք նախընտրում, մուրացածո գրերը։ Եթե լինեին վաղնջական ժամանակների գրողներ` նրանց մասին կգրեր իմ աշակերտ Մովսեսը Խորնի գյուղից։ Կամ փարպեցի Ղազարը։ Կամ Կորյունը։
— Վերջերս կարդացի, որ պարսիկներն էլ իրենց հազարամյակների պատմությունը շատ ուշ են գրել։ Հազկերտ III-ը, որ վերջին Սասանյանն էր (632-651), պատվիրում է Սասանյանների մասին հավաքել, ինչ կա, և կազմվում է Տերերի գիրք՝ «Խվատայ նամակը»։ Բայց Խորենացին գրում է, որ պալատներում հայտնաբերել է «անթիվ քանակությամբ գրություններ», որոնք «գյուղերի ու գավառների, ամեն մի տան սեփականության, ընդհանուր վեճերի ու դաշինքների», ազնվականների ծագման վերաբերյալ փաստաթղթեր են եղել…
— Եվ կշտամբում է հայ ազգին, որ սեփական պատմությունը գրի չի առել։ Այդ փաստաթղթերն այն տերության այբուբենով են եղել, որի ազդեցությունը մեծ էր Հայքում։
— Այբուբենը ստեղծելու համար թագավորն ու հայրապետը ձեզ ուղարկեցին Միջագետք՝ ինչո՞ւ։
— Ես հանդիպեցի Դանիել եպիսկոպոսին, պատմեցի ձախող փորձիս մասին։ Նրա օրհնությամբ շարունակեցի ճանապարհս՝ այցելելով հռչակավոր դպրանոցներ՝ Եդեսիա, Սամոսատ, Ամիդ հայահոծ քաղաքներում։ Տքնեցի բազմասրահ մատենադարաններում, գիշերներ լուսացրի՝ Եդեսիայի մեծանուն եպիսկոպոս Բաբիլասի, Ամիդի խորագետ եպիսկոպոս Ակակիոսի հետ զրուցելով։
— Մի՞թե այդքան դժվար էր այբուբեն ստեղծելը` ընդամենը 36 տառ, մանավանդ որ հեղինակավոր լեզվաբանները հաշվում են 7-ից… մինչև 29-ը տառ, որ փոխառված են հունարենից։ Թե՛ հայ, թե՛ օտարազգի լեզվաբանները։
— Հունական և լատինական այբուբենների շատ տառեր էլ փյունիկյանից են առնված։ Եթե դրված չէ տաճարի առաջին քարը, հնարավոր չէ դնել երկրորդը։ Ընդամենը 36 տա՜ռ։ Թվարկե՞մ թնջուկներից մի քանիսը, որ պետք է լուծեի։
— Այո, իհարկե։
— Ծա, ձա, ցէ, ճէ, ջօ, չա հնչյունները չունեն տառեր հունական այբուբենում:
— Դրանք սկզբնափակ լեզվաշրթնային հնչյուններ են՝ մենք անցել ենք համալսարանի բանասիրականում։
— Սկզբնափակ լեզվաշրթնային հնչյուններ, համոզիչ է հնչում։ Մեկ այլ խնդիր. հայերենի տառերը պե՞տք է ունենան թվային արժեքներ, ինչպես լատիներենը, թե՞ ուրիշ այբուբեն օգտագործեինք…
— Հայկական այբուբենը տալիս է տարեթվերը արտահայտելու հնարավորություն, և նրա թվային համակարգի օգնությամբ,- ես կարդացել եմ,- կարելի է գրել մինչև «կայսր գունդ» կոչվող թիվը, որը 1-ից հետո 20 հատ 0 է պարունակում՝ 100.000.000.000.000.000.000։
— Հույները երկհնչյուններ նույնպես չունեին… Շարունակե՞մ։
— Չէ, շնորհակալություն, ես հասկացա։ Եվ ինչպե՞ս ստեղծեցիք այբուբենը՝ տեսիլք ունեցա՞ք։ Խորենացին գրում է. ո՛չ երազում, ո՛չ հարթմնի՝ տեսաք, որ մի ձեռք գրում է ժայռին հայերենի այբուբենը։
— Տեսիլքով ինձ տրվել են ձայնավորները՝ չե՞ք նկատել. Ա-այբ, Ե-եչ, Է, Ը-ըթ, Ի-ին, Ո-վօ, Ւ-հիւն, որոնցով իմ այբուբենը տարբերվեց… ինչպե՞ս ասացիր…
— Աբիգուդա կամ կոնսոնենտ գրից։
— Այո։ Պետք էր որոշել նաև տառերի տեսքը։ Մեծատառերն ու փոքրատառերը նույն տե՞սքն են ունենալու, թե՞ տարբեր։ Ի՞նչ ոճով պետք է գրվեն մասնիկները… Ես տառերը ներդաշնակ և ամբողջական դարձրի հույն գեղագիր Հռոփանեսի օգնությամբ, Սամոսատում։
— Միաժամանակ, ձեր աշակերտներին գրչության արվեստ էիք սովորեցնում։ Եվ,- դպրոցում անցել ենք,- երկու ուսանողի հետ հայերեն թարգմանեցիք Սուրբ գրքերից մեկի՝ Սողոմոնի առակները. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…»։
— Այո։ Բայց ինչու՞ ես կիսատ մեջբերում։ Ահա թե ինչ է ասում Դավիթ թագավորի որդի Սողոմոնը՝ «ի միտ առնուլ զԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ճշմարիտ եւ ուղղել զԻՐԱՒՈՒՆՍ»։
— Այսինքն՝ ընդունել իմաստությունը և խրատները, տեղյակ լինել հանճարների խոսքերին, հիշե՛լ արդարության մասին և վերականգնե՛լ խաթարված իրավունքնե՞րը։ Վաղուց է, որ սա կիսատ է մեջբերվում։ Երևի կրճատել են նրանք, ովքեր չեն ուզել, որ իրենցից արդարություն և իրավունք պահանջեն, այլ՝ միայն իրենց «իմաստությունը և խրատները»… Ձեր վերադարձը հաղթական էր։ Հետագայում գրեր ստեղծեցիք նաև Կովկասի այլ ժողովուրդների համար։
— Վիրքում՝ Բակուր արքայի, Մովսես եպիսկոպոսի և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծեցինք վրաց գիրը։
— Վրացական հի՛ն գիրը՝ խուցուրին։
— Գարգարացիների՝ Բուն Աղվանքի ամենաբազմամարդ ցեղի, գիրը հորինեցի Բենիամին անունով տեղացի երեցի օգնությամբ… և այլն։
— Մաշտոցը գրել է նաև բանաստեղծություններ, որոնցից մեզ է հասել շուրջ հարյուր երեսունը։ Սահակ Պարթևի հետ ստեղծել է առաջին հոգևոր մեղեդիները, որոնք հարազատ էին հայոց լեզվի հնչողությանը… Եվ Գողթնում աղանդների դեմ եք պայքարել։
— Այդ գավառում տարածված էր բորբորիտների աղանդը։ Գողթնի իշխանի խնդրանքով ես վերացրի այն` քարոզելով, սիրաշահելով։
— Ըստ Կորյունի։ «Ապա յետ այնորիկ ձեռն արկանէր զդժպատեհ եւ զկամակոր բարբարիանոս աղանդն քննելոյ։ Եւ իբրեւ ոչինչ գտանէր հնարս յուղղութիւն ածելոյ, առեալ ի գործ արկանէր զթշուառացուցիչ գաւազանն, ծանրագոյն պատուհասիւք ի բանդս, ի տանջանս, ի գելարանս»։ Նույնիսկ աղանդավորների ոտքերի ջլերն են կտրել, որից նրանք կա՛մ մահացել են, կա՛մ հաշմվել։
— Նրանք քանդում էին եկեղեցու միասնականությունը։
— Բայց շատ ժամանակ չի անցնի՝ 451 թվականին Հայոց եկեղեցին չի մասնակցի Քաղկեդոնի տիեզերաժողովին, և կմեղադրվի, որ հակադրվել է մյուս եկեղեցիներին, որոնք այն կհայտարարեն հերձվածող, աղանդավորական, հերետիկոս… Ճի՞շտ է արդյոք հալածել մարդկանց դավանանքի համար. քրիստոնյաները իրենք ինչքա՛ն են տառապել դրանից։
— Թող Աստված դարձի բերի կարծեցյալ և ոչ արդարացի քրիստոնյաներին։
— Մի ավանդական հարց. ի՞նչ տվեց այբուբենը մեր ժողովրդին։ Ղազար Փարպեցին նկարագրում է, թե ինչպես էր Մաշտոցը «հարաժամ տրտմում»՝ տեսնելով մեծ ջանքերը և «էլ ավելի մեծ ծախսերը» հայ ուսումնատենչ պատանիների, որոնք պիտի երկար ճանապարհ կտրեին, որպեսզի վարձավճարով կրթվեին… ասորական դպրոցներում։
— Այո, նյութը, դրամը չափելի են։ Փարպեցին դա հիշատակել է, որ ավելի հասկանալի լինի ապագայի մարդկանց։ Բայց դա ևս անկարևոր չէ. ինչո՞ւ, ինչո՞ւ մեր մանուկների կրթությունն ավելի թանկ պիտի լիներ, քան հույներինն ու ասորիներինը, որոնց դուռը նրանք գնում էին… Իսկ ռամկական դասի մանուկնե՞րը։ Ուսումը, որ արտասահմանում էր, բոլորովին անհասանելի էր նրանց։ Իսկ նյութականից ավելի կարևոր էր… հայերեն «Աստվածաշունչը»։ Մենք աշխարհում առաջիններից էինք՝ հույների, ասորիների ու հռոմեացիների կողքին, որ թարգմանեցինք Սուրբ գիրքը։
— Կրոնական գիտակցության դարում։ Երևի նույնն է, ինչ այսօր առաջատար լինել արհեստական բանականության ոլորտում։
— Չգիտեմ՝ առանց արհեստական բանականության ի՞նչ կանեք, բայց առանց հայերեն «Աստվածաշնչի» ու դպրոցի մենք կկորցնեինք լեզուն։
— Արդյո՞ք այդքան հեշտ է կորցնել լեզուն։
— Հեշտ չէ։ Սակայն հռոմեական լեգեոնները, դիցուք, օտար երկրներում այնպիսի կատարելությամբ էին կազմակերպում իրենց բանակումները, որ տեղացիներն իրենց լեզվին էին անցնում՝ ժողովրդական լատիներենին, ապա և մոռանում մայրենին։
— Իսկապե՞ս։ Որտե՞ղ՝ օրինակ։
— Չգիտեի՞ր։ Գուցե արհեստական բանականությունից հարցնես։
— Հիմա հարցնեմ։ Այո, պարզվում է, եվրոպական ժողովուրդների զգալի մասը՝ ֆրանսիացիները, պորտուգալացիները, իսպանացիները կորցրել են իրենց լեզուն… Մեր մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանն էլ գրել է այս մասին։ Ընդ որում, իսպաներեն առաջին գրավոր տեքստը, այն էլ՝ լատիներենի հիմքով, հանդիպում է միայն 13-րդ դարում։ Չգիտեի։ Միգուցե այդ երկրներում էլ ոչ բոլորը գիտեն։
— Շատերն են ապրում՝ ուրախ իրենց ունեցածով, որովհետև չգիտեն, թե ինչ են կորցրել։
— Իսպաներենը, ֆրանսերենը սքանչելի են հնչում, բայց կան մտավորականներ, որոնք տառապում են, որ կորցրել են իրենց նախնական լեզուն։ Կարդամ մեջբերումը, որը Արհեստական բանականության գտավ. «Մենք ինքներս՝ ֆրանսիացիներս, գաղութացված ենք»,- ասել է XX դարի նշանավոր ֆրանսիացի գրող Ալեն Ռոբ-Գրիյեն՝ անդրադառնալով նրան, թե ինչպես են հռոմեական տարրերը ճնշել իր նախնական՝ կելտական էությունը։
— Աստված օրհնի այդ Արհեստական բանականությանը, որ հաստատեց իմ խոսքերը։
— Ամեն։
— Իսկ ի՞նչ է ասում Արհեստական բանականությունը, քանի՞ ազգ կա, որ այսօր գիր ունեն՝ այդ «ընդամենը» մի քանի տասնյակ նշանները։
— Զարմանալի է՝ աշխարհի հազարավոր ազգերից այսօր էլ քչերն ունեն սեփական գիր՝ միայն 46 այբուբեն է օգտագործվում։ Ընդ որում, դրանց զգալի մասը նոր է` XIX-XX դարերի։ Հայոց այբուբենի ստեղծմանը հաջորդեց պատմա-գրական Ոսկեդարը, որը պահպանեց մեր պատմական հիշողությունը, իսկ «Աստվածաշնչի» հայերեն թարգմանությունը՝ կրոնական ինքնությունը։ Զուր չէ, որ պատմաբան Արտաշես Մարտիրոսյանի կարծիքով՝ եթե Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրեց ազգը, ապա Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրեց քրիստոնեությունը:
— Աստված պահապա՛ն այդ այբուբեններին։ Թող բոլոր ազգերն ընդունեն իմաստությունը և անցյալի խորհուրդները, տեղյակ լինեն հանճարների խոսքերին, նաև՝ հիշե՛ն արդարության մասին և վերականգնե՛ն խաթարված իրավունքները։
— Ամեն։ Շնորհակալություն հարցազրույցի համար։
Պեղումներ
Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից
Պեղումներ. Տիգրան Մեծ, Հռադամիզդ, Տրդատ I
Հին հունական ու հռոմեական աղբյուրները հայ պատմական գործիչներից ամենաշատն անդրադարձել են Տիգրան II-ին։ Որպես հետևանք՝ նաև համաշխարհային, հատկապես… երաժշտական արվեստը. «Տիգրան» վերնագրով 24 օպերա է գրվել ուշ միջնադարում, ևս մեկ տասնյակում Տիգրանն առանցքային հերոսներից է։
Read moreՊեղումներ․ Արտաշես Մեծի խաղաղության օազիսը
Արտաշես Մեծը խաղաղության հայկական օազիսում իր քաղաքակրթական անկյունաքարերը հաստատեց՝ աշխարհի զարգացումն ու հայրենական ավանդույթը համադրելով։ Իշխանության այդ կանոնակարգումն էր, որը մեծացրեց հայկական պետականության դիմադրողականությունը հետագա դարերում և ազգային ինքնագիտակցություն ներմուծեց արժեքներ, որոնք արդիական են մինչև այսօր։
Read moreՊեղումներ. «Մի վարդ քաղեց այտից». Արա Գեղեցիկ, Շամիրամ… Նինոս
Արդյո՞ք հայոց Արա արքային տիրանալ ցանկացող Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամն իսկապես վավաշոտ ու նենգ կին է, արդյո՞ք այս սիրավեպ ավանդազրույցն ունեցել է իրականության հետ կապ, համադրում ու մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreՊեղումներ. Վառվռուն աչքերով և հպարտ բնավորությամբ Հայկը
Մեր անվանադիր Հայկը հրաշալի ժառանգություն է՝ իր «վառվռուն աչքերով», ազատասիրությամբ ու բարեհաճությամբ դեպի այլ ազգերը։ Ո՞րն էր Հայկի «հաջողության գաղտնիքը», ինչպե՞ս է դա արտահայտվում ու ինչպիսի՞ն պետք է լիներ ժամանակի հեռահար զենքը՝ նետուաղեղը, կատարյա՛լ նետուաղեղը։
Read moreՊեղումներ. Ու՞մ և ինչու՞ է Խորենացին իրականում կոչել Տիգրան Մեծ
Արքայազն Տիգրանը Քսենոփոնի վեպում զգացմունքային է, պերճախոս, անձնվեր։ Իսկ Խորենացին նրան համարում է թագավորներից ամենահզորը, ամենախոհեմն ու քաջը։ Ինչու՞ Պատմահայրը չի զսպում իր զգացմունքները՝ անդրադառնալով Տիգրանի ժամանակաշրջանին, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreՊեղումներ. Միայնակ Ազատարարը` Հովսեփ Էմին
Հովսեփ Էմինն իր գործերով, նաև անգլերեն մի գրքով պատմեց աշխարհին, որ իր ժողովուրդն ունի պատմություն, ձգտում է անկախության։ Կարելի է երկար թվարկել Էմինի առաքինությունները, բայց որպես ժառանգություն՝ նա հետագա սերունդներին թողեց ազատարար հերոսի իր աննկուն կերպարը, որն ազգային ինքնություն է կերտում և քաղաքակրթության լույսին ուղղում հայրենակիցների հայացքը։
Read moreՊեղումներ. Լորդ Բայրոնը լողում է Մխիթարյան միաբանություն, հայերենի դասի
Քիչ են մարդիկ, ում անունով դար է կոչվել։ Լեոյի նման անողոք պատմաբանը հայոց XVIII դարը կոչում է Մխիթարյան, իսկ թե ինչու և ինչպես էր հենց Մխիթար Սեբաստացին արժանացել այդ տիտղոսին, բացահայտում է Վահրամ Մարտիրոսյանի նոր պատումը։
Read moreՊեղումներ. Երևանի 1724 թվականի ինքնապաշտպանությունը
1724 թվականին Երևանն օսմանյան բանակին մի քանի ամիս դիմադրեց՝ այդպիսով ամիսներ շարունակ քաղաքին գամելով թուրքական ուժերը, ինչը թույլ տվեց Արցախին ու Սյունիքին պարզած պահել ապստամբության դրոշը, որն ավարտվեց միայն 1730-ին։
Read moreԱմբողջական ՁայնաՊատումը՝ այստեղ։