
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ արհեստական բանականության ընթերցմամբ։
2026 թվականի գարնանը Հայաստանը վավերացրեց Նագոյայի արձանագրությունը։ Աշնանն արդեն Երևանը կհյուրընկալի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի տասնյոթերորդ նստաշրջանը (COP17)։ Փաստորեն, Հայաստանը, նոր ստանձնելով գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար համօգտագործման հետ կապված միջազգային պարտավորություններ, ընդամենը մի քանի ամիս անց դառնալու է այն բանակցությունների հյուրընկալողը, որոնց ընթացքում քննարկվելու է հենց այդ համակարգի հետագա զարգացումը։
Այս ամենի հիմքում, առաջին հայացքից, պարզ մի հարց է՝ ո՞ւմ է պատկանում բնությունը, և ո՞վ պետք է շահի, երբ դրա պաշարները տնտեսական արժեք են ստանում։
Այս հարցի արմատները շատ ավելի հին են, քան 2010-ին ընդունված Նագոյայի արձանագրությունը։
Դարեր շարունակ բույսերի տեղափոխումն աշխարհի մի ծայրից մյուսը ծառայել է կայսրությունների հարստացմանն ու ազդեցության ընդլայնմանը։ Այդ գործընթացը երկար ժամանակ գրեթե որևէ իրավական սահմանափակման չի ենթարկվել։
Դիտարկենք քինինի օրինակը։
Երկու դար շարունակ Անդերի արևելյան լանջերին աճող քինածառի կեղևը մալարիայի դեմ միակ արդյունավետ բուժամիջոցն էր, իսկ դրա առևտուրը վերահսկում էին Հարավային Ամերիկայի պետությունները։ 19-րդ դարի կեսերին բրիտանական և հոլանդական արշավախմբերը Պերուից, Բոլիվիայից և Էկվադորից դուրս բերեցին քինածառի սերմերն ու տնկիները՝ մի շարք դեպքերում արհամարհելով արտահանման տեղական արգելքները, և հիմնեցին տնկարկներ Հնդկաստանում ու Ճավայում։
Մի քանի տասնամյակի ընթացքում Անդերի մենաշնորհը վերացավ, իսկ Ճավայում գտնվող հոլանդական գաղութային տնկարկներն ապահովում էին աշխարհում արտադրվող քինինի ճնշող մեծամասնությունը։ Այն դեղամիջոցը, որն արևադարձային Աֆրիկայում և Ասիայում եվրոպական տիրապետությունը բժշկական առումով հնարավոր դարձրեց, ստեղծվել էր այն երկրներից վերցված գենետիկական նյութի հիման վրա, որոնք դրա դիմաց ոչինչ չստացան։
Կամ դիտարկենք կաուչուկը։
1876-ին Հենրի Ուիքհեմը Ամազոնի ավազանից դուրս բերեց բրազիլական հեվեայի՝ կաուչուկատու ծառի տասնյակ հազարավոր սերմեր և դրանք հասցրեց Լոնդոնի Քյուի թագավորական բուսաբանական այգիներ, որտեղից պահպանված տնկիներն ուղարկվեցին Ցեյլոն և Մալայա։ Երեսուն տարվա ընթացքում Բրազիլիայի կաուչուկի տնտեսությունը փլուզվեց, իսկ Հարավարևելյան Ասիայի տնկարկները գերիշխող դիրք գրավեցին համաշխարհային մատակարարման շուկայում։ Մանաուս քաղաքը, որտեղ կաուչուկի եկամուտներով օպերային թատրոն կառուցվեց, լռեց։
Գաղութատիրական կայսրությունների մայրաքաղաքների բուսաբանական այգիները, փաստորեն, համաշխարհային մի համակարգի հանգույցներ էին, որտեղ հավաքվում, նոր պայմաններին հարմարեցվում և վերաբաշխվում էր աշխարհի կենսաբանական հարստությունը։ Սուրճ, թեյ, ինդիգո, բամբակ, շաքարեղեգ, կակաո, յուղատու արմավենի․ ժամանակակից աշխարհի գյուղատնտեսական քարտեզը մեծապես ձևավորվել է այն բանի շնորհիվ, որ գենետիկական նյութը տեղափոխվել է այն վայրերից, որտեղ այն բնականորեն գոյություն ուներ, այնտեղ, որտեղ հնարավոր էր դրանից տնտեսական օգուտ ստանալ։
Իրավական մոտեցումը երկար ժամանակ բավական պարզ էր։ Կենսաբանական նյութը դիտվում էր որպես res nullius՝ որևէ մեկին չպատկանող բարիք, որը կարող էր վերցնել նա, ով առաջինը ձեռք էր բերում այն։ Պետության ինքնիշխանությունը տարածքի նկատմամբ չէր տարածվում այդ տարածքում առկա գենետիկական պաշարների վրա։
Այդ մոտեցումը պահպանվեց նաև դեղագործական կենսահետախուզության ժամանակաշրջանում։ Մադագասկարում կամ Կամերունում տեղական համայնքներին վաղուց հայտնի որևէ բույսից առանձնացված միացությունը կարող էր դառնալ արտոնագրված դեղամիջոցի հիմք և հարյուրավոր միլիոնների եկամուտ ապահովել, մինչդեռ այդ եկամուտներից որևէ բաժին չէր հասնում այն համայնքներին կամ երկրներին, որտեղից վերցվել էր սկզբնական նյութը։
1990-ականներին այս երևույթը ստացավ «կենսահենություն» (biopiracy) անվանումը։ Եզրույթը որոշակիորեն վիճահարույց է, սակայն դրա նկարագրած երևույթը միանգամայն իրական էր և փաստագրված է տասնյակ դեպքերում։
Այս պարունակում շրջադարձային փոփոխությունները սկսվեցին 1992-ին՝ Ռիոյի «Երկրի գագաթնաժողովում»։ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան բացվեց ստորագրման համար։ Կոնվենցիան առաջին իրավական գործիքն էր, որը հստակ ամրագրում էր պետությունների ինքնիշխան իրավունքները սեփական կենսաբանական պաշարների նկատմամբ։ Գենետիկական նյութն այլևս չէր դիտվում որպես բոլորին հասանելի մի բան, որը կարող էր տնօրինել առաջինը հասածը․ պետությունները դրա նկատմամբ ստանում էին հստակ իրավական լիազորություններ։
Կոնվենցիան ձևակերպեց երեք հիմնական նպատակ՝ կենսաբազմազանության պահպանում, դրա բաղադրիչների կայուն օգտագործում և գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար համօգտագործում։ Երրորդ նպատակը, ըստ էության, նախորդ դարերի պատմական անարդարությունների իրավական արձագանքն էր։ Սակայն դրա համար անհրաժեշտ գործնական համակարգեր ձևավորվեցին միայն տասնութ տարի անց։
Դրանք ամրագրվեցին Նագոյայի արձանագրությամբ, որն ընդունվեց 2010-ի հոկտեմբերին՝ Ճապոնիայի Նագոյա քաղաքում կայացած Կոնվենցիայի Կողմերի 10-րդ համաժողովում (COP10), և ուժի մեջ մտավ 2014-ին։
Գործընթացը՝ համառոտ
Կոնվենցիայի ձևակերպմամբ՝ գենետիկական պաշարներ են համարվում բույսերի, կենդանիների, միկրոօրգանիզմների և այլ կենսաբանական նյութերի այն գենետիկական բաղադրիչները, որոնք ունեն իրական կամ հնարավոր արժեք։ Գենետիկական նյութը ներառում է ԴՆԹ-ն և դրանում պարունակվող հաջորդականությունները, որոնք պայմանավորում են կենդանի օրգանիզմների հատկանիշներն ու առանձնահատկությունները։
Գենետիկական պաշարի արժեքը սովորաբար կապված է որևէ կոնկրետ գենային հաջորդականության կամ դրանց համակցության հետ։ Դա կարող է լինել, օրինակ, որոշակի հիվանդության նկատմամբ դիմադրություն ապահովող գենը, դեղագործական ազդեցություն ունեցող նյութի առաջացումը պայմանավորող հաջորդականությունը կամ վայրի բույսի այն գենետիկական տարբերակը, որը մշակովի ցեղակից բույսին կարող է փոխանցել երաշտադիմացկունություն։
Արձանագրությունը ձևավորում է գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների համօգտագործման համակարգը, որի հիմքում երկու հիմնական սկզբունք է։
Առաջինը նախնական հիմնավորված համաձայնությունն է, որը ենթադրում է, որ տվյալ պետության իրավազորության ներքո գտնվող գենետիկական պաշարներից օգտվելու համար նախ անհրաժեշտ է ստանալ այդ երկրի համաձայնությունը։ Երկրորդը փոխհամաձայնեցված պայմաններն են։ Դրանց միջոցով նախապես համաձայնեցվում են գենետիկական պաշարի օգտագործման պայմանները, այդ թվում՝ ստացվող օգուտների բաշխումը։
Եթե գենետիկական պաշարի հետ կապված ավանդական գիտելիքը պատկանում է բնիկ ժողովուրդներին կամ տեղական համայնքներին, անհրաժեշտ է նաև նրանց համաձայնությունը, իսկ ստացվող օգուտները պետք է արդարացիորեն բաշխվեն նրանց հետ։
Աշխարհագրությունը կարևոր է
Պետք է ընդգծել, որ Նագոյայի արձանագրությունը բոլոր երկրների համար նույն նշանակությունը չունի, և այս տարբերություններն անտեսելը կարող է հանգեցնել սխալ քաղաքական լուծումների։ Կենսաբազմազանությամբ բացառիկ հարուստ երկրների համար այն ունի նաև շատ հստակ տնտեսական նշանակություն։ Բրազիլիայում, Կոլումբիայում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Քենիայում և մի շարք այլ երկրներում կենտրոնացած է աշխարհի կենսաբանական բազմազանության զգալի մասը։ Այս պետությունների համար Հասանելիության ապահովման և օգուտների համօգտագործման (Access and Benefit-Sharing Clearing-House) (ABS) համակարգն ազգային մեծ արժեք ներկայացնող պաշարների պաշտպանության իրավական գործիք է։
Պատահական չէ, որ հենց այս երկրներն ակտիվորեն մասնակցեցին Արձանագրության շուրջ բանակցություններին և հետագայում ստեղծեցին դրա իրականացման բավական զարգացած ներպետական համակարգեր։ Բրազիլիայում, օրինակ, ABS կարգավորումը բավական մանրամասն է, իսկ գենետիկական պաշարների հասանելիության թույլտվությունների տրամադրումն արդեն դարձել է պետական կարգավորման առանձին և կարևոր ուղղություն։
Այլ է պատկերը այն երկրներում, որտեղ կենտրոնացած են գենետիկական պաշարների օգտագործմամբ զբաղվող խոշոր գիտական և արդյունաբերական կենտրոնները։ Գերմանիան, Ճապոնիան, Շվեյցարիան և Եվրոպական միությունն առաջատար դիրք ունեն դեղագործության, գյուղատնտեսական կենսատեխնոլոգիաների և կոսմետիկայի ոլորտների հետազոտություններում։ Նրանց դեպքում Նագոյայի արձանագրությունը նաև լրացուցիչ կանոններ ու պարտավորություններ է նշանակում համալսարանների, գիտական հաստատությունների և ընկերությունների համար։
Եվրոպական միությունն այս պահանջների կատարման վերահսկման ամենամշակված համակարգերից մեկն ունի։ Սակայն այստեղ առաջնայինը սեփական հետազոտական և տնտեսական գործունեությունը իրավական խնդիրներից զերծ պահելն է։
Միացյալ Նահանգներն ընդհանրապես չի վավերացրել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան և, հետևաբար, ամբողջ այս համակարգից դուրս է մնացել։ Սա բավական խոսուն օրինակ է՝ հասկանալու համար, թե որքան տարբեր կարող են լինել պետությունների շահերը նույն հարցի շուրջ։
Այս երկու բևեռների միջև է Հայաստանը։ Այն կենսաբազմազանությամբ բացառիկ հարուստ երկրների շարքին չի դասվում, սակայն իր փոքր տարածքի համեմատ ունի զարմանալիորեն հարուստ բնաշխարհ։ 30 հազար քառակուսի կիլոմետրից էլ փոքր տարածքում հանդիպում է ամբողջ Կովկասի բուսական աշխարհի զգալի մասը։ Բարձրությունների և կլիմայական պայմանների կտրուկ փոփոխությունները, հաճախ շատ փոքր տարածությունների վրա, նպաստել են նաև միայն այս տարածաշրջանին բնորոշ բազմաթիվ տեսակների ձևավորմանն ու պահպանմանը։
Հայաստանը նաև մշակովի ցորենի, գարու և մի շարք պտղատու մշակաբույսերի վայրի ցեղակիցների ծագման կարևոր կենտրոններից է։ Սա ամենևին երկրորդական հանգամանք չէ։ Կլիմայական փոփոխությունների պայմաններում, երբ գյուղատնտեսությունն ավելի ու ավելի մեծ ճնշման է ենթարկվում, վայրի ցեղակիցների գենետիկական բազմազանությունը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ ավելի դիմացկուն տեսակների ստեղծման և պարենային անվտանգության ապահովման համար։
Միևնույն ժամանակ Հայաստանը գենետիկական պաշարների խոշոր օգտագործող երկիր չէ։ Դեղագործական և կենսատեխնոլոգիական ոլորտները համեմատաբար փոքր են, իսկ գիտական հաստատությունները, ունենալով անհրաժեշտ մասնագիտական ներուժ, հաճախ աշխատում են սահմանափակ ֆինանսական և տեխնիկական հնարավորություններով։
Իսկ ի՞նչ է իրականում տալիս Նագոյայի արձանագրությունը Հայաստանի նման երկրին։
Նագոյայի արձանագրությունը պետական բյուջեն համալրելու գործիք չէ։ Պետք չէ ակնկալել հսկայական ֆինանսական միջոցներ կամ արագ եկամուտներ գենետիկական պաշարների օգտագործումից։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ օգուտների համօգտագործումից ստացվող ֆինանսական արդյունքները սովորաբար համեստ են և դանդաղ են ձևավորվում։
Հայաստանի համար դրա կարևորությունն այլ տեղ է։ Պետությունը կարող է ավելի հստակ վերահսկել, թե ինչ գենետիկական պաշարներ են դուրս բերվում երկրից, ինչ նպատակով են դրանք օգտագործվում և ինչ պայմաններով։ Կարող է նաև պահանջել, որ Հայաստանի կենսաբանական նյութի վրա հիմնված հետազոտություններում ներգրավվեն տեղական գիտական հաստատությունները, ապահովվի գիտելիքի փոխանցում և հետազոտական համագործակցություն։
Սա գուցե այնքան տպավորիչ չի հնչում, որքան երբեմն ներկայացվում է ABS համակարգը, բայց Հայաստանի համար հենց այս վերահսկողությունն ու մասնակցության հնարավորությունն են դրա իրական արժեքը։
Պատկերացնենք՝ արտասահմանյան մի հետազոտական խումբ հետաքրքրվում է Հայաստանում աճող բույսով, որը տեղական համայնքները վաղուց օգտագործում են բուժական նպատակներով։ Հետազոտողները ենթադրում են, որ այդ բույսը կարող է պարունակել բժշկության համար արժեքավոր նյութ։
Նագոյայի արձանագրության պայմաններում նրանք չեն կարող պարզապես գալ Հայաստան, նմուշներ հավաքել և տանել իրենց հետ։ Նախ պետք է դիմեն իրավասու մարմնին, ներկայացնեն՝ ինչ են ուզում ուսումնասիրել, ինչ նպատակով և ինչ է նախատեսվում անել հավաքված նյութի հետ։
Հայաստանը կարող է, օրինակ, սահմանել, թե ինչ նպատակով կարելի է օգտագործել նմուշները, պահանջել հայաստանյան գիտական հաստատությունների մասնակցություն, տվյալների և հետազոտության արդյունքների փոխանակում։ Կարելի է նաև նախապես պայմանավորվել, թե ինչ է ստանալու Հայաստանը, եթե հետազոտությունը հետագայում գործնական կամ առևտրային արդյունք տա՝ ֆինանսական վճարումներ, մասնագետների վերապատրաստում, սարքավորումներ, տեխնոլոգիաների փոխանցում կամ բնապահպանական ծրագրերի ֆինանսավորում։
Տրամաբանությունն այստեղ շատ պարզ է․ նախ պայմանավորվածություն, հետո միայն հասանելիություն։
Տրամադրված թույլտվությունը գրանցվում է Կոնվենցիայի քարտուղարության վարած հանրային ABS հարթակում և ստանում միջազգայնորեն ճանաչված համապատասխանության հավաստագրի (IRCC) կարգավիճակ։ Այդ պահից արդեն հնարավոր է հետևել գենետիկական նյութի իրավական ծագմանը և ստուգել՝ արդյոք այն ձեռք է բերվել Հայաստանի սահմանած պայմանների պահպանմամբ։
Եթե որևէ ընկերություն հայկական գենետիկական նյութ է օգտագործում պատշաճ թույլտվությամբ, կարող է փաստաթղթերով հաստատել դրա իրավաչափ ծագումը։ Նագոյայի արձանագրությանը միացած այն պետությունները, որտեղ հետագայում օգտագործվում է տվյալ նյութը, պարտավոր են համապատասխան ստուգումների միջոցով համոզվել, որ այն ձեռք է բերվել օրինական ճանապարհով և կապված է վավեր հավաստագրի հետ։ Այսպիսով, Հայաստանում տրված թույլտվությունը շարունակում է գործել նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ արդեն այլ պետությունների վերահսկողության միջոցով։
Մինչ Նագոյայի արձանագրությունը նման համակարգ պարզապես գոյություն չուներ։
Սակայն հարկ է ընդգծել, որ այս ամբողջ համակարգը միայն վավերացմամբ չի սկսում աշխատել։ Դրա համար անհրաժեշտ են հստակ նշանակված իրավասու մարմին, համապատասխան օրենսդրություն, թույլտվությունների գործող ընթացակարգ և հայտերը գնահատելու բավարար վարչական կարողություններ։ Առանց այս ամենի վավերացված արձանագրությունը գործնականում մնում է պարզապես իրավական փաստաթուղթ։
Նագոյայի արձանագրության կողմ հանդիսացող մի շարք պետություններ դեռևս չեն կարողացել ստեղծել գենետիկական պաշարների հասանելիության դիմումներն ընդունող արդյունավետ համակարգ։ Վավերացումը պետությանը ներառում է միջազգային համակարգում, սակայն դրա ներպետական գործարկումը պահանջում է առանձին և բավական հետևողական աշխատանք։
Միջազգային իրավական չափանիշը
Կարևոր է ընդգծել, որ Նագոյայի արձանագրության հնարավորությունները, սակայն, պետք չէ գերագնահատել։ Այն չի կարող բացառել, որ որևէ նմուշ առանց գրանցման դուրս բերվի երկրից, չի կարող մեծ եկամուտներ երաշխավորել և առավել ևս չի կարող վերացնել այն պատմական անհավասարությունները։ Եթե դրանից ակնկալենք այս խնդիրների ամբողջական լուծում, այն անխուսափելիորեն հիասթափեցնելու է։
Շրջակա միջավայրի միջազգային իրավունքը չի կարող վերադարձնել արդեն կորցրածը․ այն կարող է միայն սահմանել, թե ինչ պայմաններում և ինչ սահմաններով է շարունակվելու բնության օգտագործումը։ Նույն մոտեցումն է գործում միջազգային իրավունքի բազմաթիվ այլ ոլորտներում։ Այստեղ նպատակը շատ ավելի համեստ է․ այն հարաբերությունները, որոնք նախկինում ձևավորվում էին ուժի կամ արդեն ձևավորված իրողությունների թելադրանքով, բերել իրավական դաշտ, որտեղ իրողությունները ենթակա են իրավական գնահատման, կարող են վիճարկվել և, անհրաժեշտության դեպքում, առաջացնել պատասխանատվություն։
Հենց այստեղ է ի հայտ գալիս ABS համակարգի գործնական նշանակությունը։ Նախքան 1992-ը որևէ երկրից գենետիկական նյութի արտահանումը որպես կանոն իրավական հետևանք չուներ, քանի որ ոլորտը կարգավորող հստակ իրավական համակարգ պարզապես գոյություն չուներ։ Նագոյայի արձանագրությամբ նախատեսված համակարգերի գործարկմամբ հնարավոր է պարզել՝ գենետիկական նյութն օրինական ճանապարհով է ձեռք բերվել, թե ոչ և ինչ պայմաններով կարող է օգտագործվել։
Իհարկե, վերահսկողությունը բոլոր երկրներում հավասարապես արդյունավետ չէ։ Այնուհանդերձ, համակարգի բացակայությունը կնշանակեր վերադարձ այն աշխարհակարգին, որտեղ, օրինակ, 1876-ին Ամազոնից 70 հազար սերմերի կամայական արտահանումը որևէ իրավական հետևանք չէր առաջացնում։
Հայաստանի համար վավերացումն իմաստավորվում է հենց այս պարունակում։ Այն եկամուտների խոստում չէ, այլ իրավազորություն մի ոլորտում, որտեղ Հայաստանը մինչ այդ գրեթե որևէ անելիք չուներ։
Հյուրընկալելով համաժողովը
Այս պարունակում առանձնահատուկ նշանակություն է ստանում այն, որ COP17-ն անցկացվելու է Երևանում։ Նման համաժողովի հյուրընկալումը պետությանը որոշակի, թեև ժամանակավոր, ազդեցություն է տալիս բանակցային գործընթացի վրա։ Հյուրընկալող երկիրը նախագահում է համաժողովը, մասնակցում քննարկումների ընթացքի ձևավորմանը և հետագայում իր անունով կապվում ընդունված որոշումների հետ։
Պատահական չէ, որ նման գործընթացները հաճախ հիշվում են հենց այն քաղաքների անուններով, որտեղ կայացել են։ Այդպես է Նագոյայի արձանագրության դեպքում, և նույն կերպ այսօր խոսում ենք Կունմին Մոնրեալի գլոբալ շրջանակի մասին։ COP17-ի արդյունքներն էլ, ինչպիսին էլ դրանք լինեն, հետագայում կապվելու են Երևանի անվան հետ։
Երևանում քննարկվելիք ամենաբարդ հարցերից մեկը գենետիկական հաջորդականությունների թվային տեղեկատվությունն է։ Այսօր գենետիկական նյութը կարելի է կարդալ, թվայնացնել և օգտագործել աշխարհի ցանկացած կետում՝ առանց բուն նմուշը երկրից դուրս բերելու։ Նագոյայի արձանագրության համար սա լուրջ խնդիր է, քանի որ այն ստեղծվել է այն ժամանակ, երբ գենետիկական պաշարի օգտագործումը հիմնականում ենթադրում էր նաև դրա ֆիզիկական տեղափոխում։
Վերջին տարիներին պետությունները փորձում են գտնել մի լուծում, որը թույլ կտա օգուտների համօգտագործման սկզբունքը կիրառել նաև թվայնացված գենետիկական տեղեկատվության նկատմամբ։ Ընդհանուր մոտեցումն արդեն ձևավորվել է Կունմին Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակում և Կալիում կայացած համաժողովում, իսկ Երևանում քննարկվելու է, թե այդ համակարգը գործնականում ինչպես պետք է աշխատի։
Գենետիկական պաշարներ տրամադրող երկրների համար սա սկզբունքային հարց է։ Եթե գենետիկական տեղեկատվությունը հնարավոր է օգտագործել առանց բուն նյութին հասանելիություն ստանալու, ապա գործող թույլտվությունների համակարգը հեշտությամբ կարող է շրջանցվել։ Երևանում ընդունվելիք որոշումներից մեծապես կախված է լինելու՝ արդյոք օգուտների համօգտագործման սկզբունքը կկարողանա պահպանել իր նշանակությունը նաև նոր տեխնոլոգիական պայմաններում։
Համաժողովը կարելի է հյուրընկալել նաև զուտ արարողակարգային մակարդակով՝ լավ կազմակերպված միջոցառում, հաջող լուսանկարներ, եզրափակիչ հայտարարություն։ Բայց հնարավոր է նաև այլ մոտեցում, երբ հյուրընկալող պետությունը համաժողովին ներկայանում է արդեն իր ներպետական աշխատանքը կատարած՝ գործող ազգային համակարգով, գենետիկական թվային տեղեկատվության շուրջ հստակ դիրքորոշմամբ և սեփական փորձից բխող ասելիքով։
Հայաստանի դեպքում այդ ասելիքը կարող է հատկապես հետաքրքիր լինել՝ ինչպե՞ս պետք է գործի Նագոյայի արձանագրությունը փոքր, կենսաբազմազանությամբ հարուստ, բայց սահմանափակ կարողություններ ունեցող պետության պայմաններում։
Ներպետական մակարդակում, սակայն, դեռ զգալի աշխատանք կա անելու։ Արձանագրության 13-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանը պետք է նշանակի ազգային համակարգող կենտրոն և իրավասու ազգային մարմին, որը լիազորված կլինի գենետիկական պաշարների հասանելիություն տրամադրել։ Գործնականում սա նշանակում է, որ հայկական գենետիկական նյութով հետաքրքրված հետազոտողը պետք է հստակ իմանա՝ ում դիմել, ինչ ընթացակարգով և ինչ պայմաններով կարող է թույլտվություն ստանալ։
Արձանագրության 6-րդ հոդվածը պահանջում է նաև համապատասխան իրավական ընթացակարգ՝ նախնական հիմնավորված համաձայնություն ստանալու և փոխհամաձայնեցված պայմանները սահմանելու համար։ Առանց նման ընթացակարգի համաձայնությունը մնում է պարզապես բարի կամքի դրսևորում և չի վերածվում իրավական պահանջի։ Նույն հոդվածի 3-րդ մասի «ե» կետով հասանելիություն տրամադրելիս պետք է տրվի նաև համապատասխան թույլտվություն, որը գրանցվում է միջազգային տեղեկատվական հարթակում և, 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, դառնում միջազգայնորեն ճանաչված համապատասխանության հավաստագիր։ Հենց այդ փաստաթուղթն է հնարավորություն տալիս հետագայում հետևել նյութի ծագմանն ու օգտագործմանը։
Վերջապես, 15-րդ և 17-րդ հոդվածները պահանջում են նաև վերահսկողության համակարգեր և ստուգակետեր, որպեսզի հնարավոր լինի հետևել գենետիկական պաշարի օգտագործմանը նաև այն բանից հետո, երբ այն արդեն տրամադրվել է։ Առանց այս ամբողջ համակարգի մնացածը հեշտությամբ կարող է վերածվել թղթային կարգավորման։ Իսկ նման , համակարգերի ստեղծումը, դրանց համալրումն ու գործարկումը ժամանակ են պահանջում։
Հայաստանը Նագոյայի արձանագրությունը վավերացրեց ընդամենը ամիսներ առաջ: Արդեն հոկտեմբերին Երևանը կհյուրընկալի COP17-ը։ Երկիրը դեռ նոր է ձևավորում սեփական համակարգը, բայց արդեն պատրաստվում է ղեկավարել մի քննարկում, որն անմիջականորեն վերաբերում է նաև իրեն։
Հայաստանը կենսաբազմազանությամբ հարուստ, բայց սահմանափակ միջազգային ազդեցություն ունեցող փոքր պետություն է, և հենց այդ պատճառով COP17-ի հյուրընկալումն առանձնահատուկ նշանակություն ունի։ COP17-ը հարուստ օրակարգ ունի։ Բնականաբար, այս համաժողովը բոլոր հարցերի պատասխանը չի տալու։ Այնուհանդերձ, մի քանի օրով Հայաստանը կհայտնվի աշխարհի ուշադրության կենտրոնում և, որպես համաժողովը նախագահող երկիր, այդ դերակատարումը կպահպանի մինչև հաջորդ նստաշրջանը։ Միջազգային իրավունքում երբեմն հենց այսպիսի պահերն են ամենից կարևոր։
Միջավայր
Հայաստանի վտանգված կենդանիները և հնդիկ միլիարդատիրոջ «ոսկե վանդակները»
Վտանգված կենդանիների Հայաստանից Հնդկաստանի վիճահարույց «Վանտարա» վայրի բնության կենտրոն տեղափոխման վերաբերյալ հետաքննությունը բացահայտում է մտահոգիչ հարցեր գործընթացի թափանցիկության, բնապահպանական նպատակների, վայրի բնության միջազգային առևտրի և Հայաստանի դերի վերաբերյալ համաշխարհային ցանցում, որը մշուշոտում է կենդանիների փրկության և միջազգային առևտրային շահերի սահմանը։
Read moreCOP 17-ի շեմին Հայաստանը դեռ վայրի կենդանիների «լվացքատուն»
Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP 17-ը՝ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը, մինչդեռ մաքսային տվյալներն ու փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես են հարյուրավոր վտանգված կենդանիներ հայտնվում Հայաստանում, ապա անհետանում պաշտոնական հետագծելիությունից՝ հասնելով մասնավոր հավաքածուների՝ Հնդկաստանից մինչև Ռուսաստան։
Read moreՉսիրվածները․ անողնաշարավորների պահպանությունը Հայաստանում
Հայաստանում բնապահպանական առաջնահերթությունները հաճախ անտեսում են անողնաշարավորներին՝ չնայած դրանց կենսական դերին։ Անահիտ Ղազախեցյանն անդրադառնում է պատճառներին՝ հասարակական կարծրատիպերից մինչև կենսամիջավայրերի կորուստ, և կոչ է անում ստեղծել նոր պատումներ, որոնք արժևորում են էկոհամակարգերը պահպանող այդ «չսիրված» տեսակներին։
Read moreՄեր հայերեն էջից
Երևանի կանաչ տարածքների դանդաղ վերադարձը
Երևանում կասկածելի պայմաններով մասնավորեցված կանաչ տարածքները համայնքին վերադարձնելու և դրանք վերականգնելու գործընթացը դանդաղ է, իսկ արդյունքները՝ ոչ միշտ գոհացնող։ Զբոսայգիների կառուցապատման աղմկահարույց պատմությունների և ապօրինի մասնավորեցումների շուրջ ծավալված դատական վեճերին անդրադարձով EVN Report-ը սկսում է շարք՝ ուսումնասիրելու Երևանի կանաչ տարածքների վերականգնման ընթացքը՝ ներկայացնելով նաև քաղաքային իշխանությունների վերջին տարիների քայլերը՝ սրճարանների ապամոնտաժումից մինչև այգիների հիմնանորոգում։
Read moreՀայաստանի անօդաչուների երկար ճանապարհը
Արցախյան երկրորդ պատերազմից գրեթե վեց տարի անց, երբ բացահայտվեց Հայաստանի խոցելիությունն անօդաչուների կիրառմամբ պատերազմում, երկրի զինված ուժերը ներկայացրել են զգալիորեն ընդլայնված անօդաչու թռչող սարքերի զինանոցը։ Հովհաննես Նազարեթյանը ներկայացնում է, թե ինչպես Հայաստանը հասավ այս կետին, և արդյոք նոր կարողությունները կկարողանան իրենց արդյունավետությունն ապացուցել իրական մարտական պայմաններում։
Read moreԻշխանավարման գինը և հակաիշխանական ընտրազանգվածի աճը
Հայաստանում 2026 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում թեև հաղթեց գործող իշխանությունը, սակայն միաժամանակ բացահայտվեցին «իշխանավարման գնի» ազդեցության խորացումը, հակաիշխանական ընտրազանգվածի ձևավորման ուղղությունները և ընտրողների քաղաքական վարքագծի փոփոխությունները։ Փաստական տվյալների վրա հիմնված վերլուծությամբ Ներսես Կոպալյանը բացահայտում է Հայաստանի փոփոխվող քաղաքական իրականության հիմնական միտումները։
Read moreՀայաստանի ժողովրդավարության հաջորդ մարտահրավերը. վստահելի ընդդիմություն
Ժողովրդավարական համակարգերում գնահատվում է ոչ միայն իշխանությունների, այլ նաև նրանց մարտահրավեր նետող ուժերի աշխատանքը։ Անդրադառնալով Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ Արմինե Բագիյանը պնդում է, որ վստահելի ու կառուցողական ընդդիմության ձևավորումն առանցքային նշանակություն ունի երկրի ժողովրդավարության ամրապնդման համար։
Read moreԽորհրդանիշներից անդին․ Իսրայելը, Հայոց ցեղասպանությունը և Գազան
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ո՛չ իրավական վճիռ է, ո՛չ էլ զուտ բարոյական արարք, գրում է Դավիթ Խաչատրյանը: Այն դեպքում, երբ Իսրայելն ինքն է բախվում Գազայի հարցով ցեղասպանության մեղադրանքներին, այս որոշումը բարդ հարցեր է առաջացնում իրավունքի, քաղաքականության, հիշողության և պետական ճանաչման հետևողականության վերաբերյալ:
Read moreՀայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների խնդիրը
Ինչպե՞ս են ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի անկլավները, ի՞նչ իրավական հիմքեր ունեն դրանք և ի՞նչ դեր կարող են խաղալ խաղաղության գործընթացում։ Անդրադառնալով այս հարցերին՝ Սոսի Թաթիկյանը ներկայացնում է նաև համեմատական միջազգային փորձը՝ Կիպրոսից մինչև Կենտրոնական Ասիա և Եվրոպա, ինչպես նաև վերլուծում կարգավորման հնարավոր տարբերակները, ուղիներն ու դրանց հետևանքները Հայաստանի և Ադրբեջանի համար։
Read moreԶրույց Էդուարդ Սայիդի «Արևելաբանություն» գրքի հայերեն թարգմանության առիթով
Պաղեստինյան ծագումով ամերիկացի գրականագետ Էդուարդ Սայիդի «Օրիենտալիզմ» աշխատությունը 20-րդ դարի հումանիտար մտքի ամենանշանակալի ձեռքբերումներից է, որը հիմնովին փոխեց Արևելքի մասին ձևավորված պատկերացումների ուսումնասիրության մոտեցումները։ Գրքի հայերեն թարգմանության առիթով արվեստի պատմաբան Տիգրան Գրիգորյանը զրուցել է արաբագետ Մարիամ Էլմասյանի հետ՝ անդրադառնալով հարցերի, որոնք շարունակում են արդիական մնալ նաև այսօր։
Read more










