
Խաչակիրների պայքարին, նրանց ու հայերի ընդհանրություններին անդրադարձող ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում։
Տևական ճնշումների հետևանքով Բյուզանդիան XI դարում վերացրեց Հայոց թագավորությունները։ 20-30 տարի չանցած այդ հողերին սելջուկ-թուրքերը տիրացան։ Նրանք 1065-ին գրավեցին Անի բերդաքաղաքը, արդեն՝ ոչ հայ թագավորից, ըստ տարածված կարծրատիպի, այլ բյուզանդացիների նշանակած կատեպանից։ Ճիշտ չէ նաև պատկերացումը, թե սելջուկները կործանե՛լ են հայկական ճարտարապետության այդ կարմրավարդագույն գոհարը՝ Անիի բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ թվագրվում են շուրջ երկու հարյուրամյակ ավելի ուշ՝ XIII դարում են կառուցվել։
Մեր պատմիչները նկարագրում են սելջուկներին որպես հերարձակ նետաձիգների։ Նրանք զամբիկներ էին հեծնում՝ էգ ձիեր, որոնք ավելի հեշտ էին ենթարկվում, երբ պետք էր արագ հետ շրջվել ու նահանջել, աղեղալարերն էլ ավելի հեռու էին գցում նետերը, քան ուրիշ բանակների զենքերը… բայց ժամանակի ռազմական տեխնոլոգիաների նրբություններն առանձին թեմա է. եթե անդրադառնամ, ապա՝ ուրիշ առիթով։ Ամրանալով հայկական թագավորությունների երբեմնի տարածքներում՝ նրանք Մանազկերտի ճակատամարտում ջախջախեցին բյուզանդական բանակը, 1071-ին և գերեցին Ռոմանոս Դիոգենես կայսրին, որի համար «հազար հազար հինգ հարյուր դինար» (այսինքն՝ 1.500.000 ոսկի, Ալ-Քամիլ Ֆի-Լ-Տարիխ) փրկագին պահանջեցին։ Աշխարհում նոր կայսրություն առաջացավ, որը սարսափ էր սփռում թե՛ քրիստոնյա, թե՛ մուսուլման երկրներում, միայն թե նախնական հավատալիքներից իսլամին անցնելու ճանապարհին էր արդեն շուրջ հարյուր տարի։
Բայց։ XI դարը ևս մեկ շրջադարձ էր պատրաստել։
Ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին (XI դարի վերջ – 1144) գրում է. «Բացվեց լատինական ժողովրդի դուռը, և ողջ Իտալիան ու Իսպանիան` մինչև Աֆրիկա ու Ներքնագույն Ֆրանկիա, ոտքի ելան Փրկչի Գերեզմանն ազատագրելու»։ Նրանց թվում էին «որմանք, այսինքն՝ արամանանք»՝ այն 200 ռազմիկների ժառանգները, որոնք Հռոմում էին մնացել, երբ IV դարում, ըստ ավանդության, Տրդատ Մեծն ու Գրիգոր Լուսավորիչը բազմաքանակ զորքի ուղեկցությամբ այցելել էին Կոնստանտին կայսրին՝ հռոմեական քրիստոնեության հովանավորին։
Սելջուկները կուրացրին Ռոմանոս կայսրին, և նա այլևս իրավունք չուներ գահակալելու, ըստ ժամանակի օրենքների։ Նոր կայսրերից մեկը՝ Ալեքսիոս Կոմնենոսը (իշխել է՝ 1081-1118), օգնություն խնդրեց «ֆրանկների» հոգևոր առաջնորդից` Հռոմի Ուրբանոս պապից, որը ռազմական արշավանքի կոչ արեց։ Տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ, գերմանացիներ, իտալացիներ, նորմաններ ոտքի ելան՝ «անհավատների» գերությունից ազատագրելու սուրբ Երուսաղեմն ու Արևելքի քրիստոնյա եղբայրներին։ Արշավանքի մասնակիցները մեջքին խաչ նկարած թիկնոցներով էին, այդ պատճառով նրանց կոչեցին խաչակիրներ, իսկ մեր պատմիչներն անվանում են «լատինացիներ», «ֆրանկներ», երբեմն՝ խաչազգեստներ կամ խաչընկալներ։ «Լատինացիներ»՝ հավանաբար այն պատճառով, որ նրանց բոլորի լեզուների հիմքը լատիներենն էր։

Խաչակրաց I արշավանք, Սեբաստիան Մարմորետի նկարը, 1490
Խաչակիրների ներխուժումը արշավանք չէր կոչվում մինչև Ուշ Միջնադար, այլ ուղևորություն, ուխտագնացություն, անցում, և մասնակիցներն էլ միայն ասպետներ չէին, այլ խառնիխուռն շատ խմբեր, որոնց մուսուլմանները կոտորեցին Փոքր Ասիա հասնելուն պես։ Իրենք՝ բազմահազար ասպետները, որ ավելի վարժ էին մարտ մղում և կարողացան «ոտքները պնդացնել» Արևելքում, շուտով սկսեցին տառապել սովից, քանի որ տեղացիները կա՛մ փախչում էին նրանց առջևից, կա՛մ չէին ուզում օգնել։
Խաչակիրները ստիպված նախ իրենց մարտական ձիերին կերան, որոնցից յուրաքանչյուրը մի ամբողջ կարողություն արժեր, ապա թանկարժեք, բայց ծանր զրահները դեն նետեցին, մաս առ մաս` մնալով համարյա անպաշտպան։ Այս հուսահատ, անօգնական վիճակում էր, որ… նրանց ընդառաջ եկավ հայերի թափորը։ Բոլորը՝ ոտաբոբիկ, աղուհացով, փայտե մեծ խաչերով, և կռանում-համբուրում էին ասպետների ոտքերն ու քղանցքները՝ հավատալով, որ հին մարգարեությունների ազատարարներն են եկել։ Նրանք Կիլիկիայի հայկական իշխանություններից էին, որ կիսանկախ կղզիներ էին Սելջուկյան կայսրության համարյա 4 մլն քառակուսի կմ տարածքով օվկիանոսում։ Կիլիկիայի հայոց վանքերից ուտելիք հասցրին խաչակիր ասպետներին, իսկ հայ իշխանները զենք ու նժույգներ նվիրեցին։
Խաչակիրները գրավեցին Երուսաղեմը՝ կոտորելով տասնյակ հազարավոր բնակիչների, և հռչակեցին թագավորություն, իրենց պետությունները հիմնեցին Միջերկրական ծովի հարավ-արևելյան ափերին, նաև Միջագետքում՝ Եդեսիայում։ Եվ… Իրենց հետ տարածաշրջան բերեցին նոր դավանանք՝ կաթոլիկությունը։
Մե՛րթ խնամիանալով, մե՛րթ մարտնչելով խաչակիրների հետ Կիլիկիայի իշխանապետություններից՝ Ռուբինյանները, պատերազմներ մղեցին սելջուկների ու թուլացած Բյուզանդիայի դեմ, և XII դարի վերջին հռչակեցին իրենց թագավորությունը։
Մեր միջնադարյան պատմագիրները շեշտում են հայերի և խաչակիրների ընդհանրությունները։ Թե՛ հայերը, թե՛ խաչակիրները պաշտում էին սուրբ Գևորգին, Թեոդորոսին, Դեմետրիոսին, որոնք զենքո՛վ էին պայքարել թշնամիների դեմ։ Երկուստեք իրենց համարում էին Նոյի Հաբեթ որդու սերունդ, արիական ցեղ, ինչը խիստ կարևոր էր այդ դարերում։ Երկուսի շահերն էլ պահանջում էին թուլացնել սելջուկյան մեծ էմիրություններն ու Բյուզանդական կայսրությունը։ Հայերը թերևս մի առավելություն ունեին խաչակիրների հանդեպ. նրանք «փոքր» տարածաշրջանից էին և հայրենիքից ժողովրդո՛վ էին եկել այստեղ, իսկ «ֆրանկները»՝ միայն զորքով։ Խաչակիրների զգալի մասն արկածախնդիրներ էին՝ կրտսեր որդիների «խավից»։ Ըստ ժամանակի կարգերի՝ նրանք իրենց հայրենիքում փոքր ժառանգություն էին ստացել և, մարտական նժույգի ու զրահների փողը հայթայթելով, Արևելք էին եկել ոչ միայն Երուսաղեմը «անհավատներից» ազատագրելու, այլև՝ հարստանալու։
Հայերի և խաչակիրների խառն ամուսնությունների բերումով՝ հայ էին Սուրբ Երուսաղեմի թագավորության առաջին թագուհիները՝ Արդան ու Մորֆիան, շատ դքսուհիներ ու կոմսուհիներ։ Կիլիկիայի հայ թագավորներն ու իշխանները, իրենց հերթին, իրենց քույրերին, դուստրերին կնության էին տալիս խաչակիր ասպետներին՝ որպես «օժիտ» նվիրելով լեռնանցքների բերդեր, որոնք երկրի դարպասներն էին։ Խաչակիրները քաջ ռազմիկներ էին և, եթե ինչ-որ պատճառով չէին դաշնակցում Կիլիկիայի հակառակորդների հետ, ապա հիանալի էին պահպանում դրանք։

Սարգիս Պիծակ, ինքնանկար, 1338
Եվրոպական պետական մշակույթը ձգում էր «Փոքր Հայաստանին», ինչպես կոչում էին Կիլիկիայի Հայոց թագավորությունը Մարկո Պոլոն և այլ օտար ճանապարհորդներ, արդյունքում ընդօրինակվում էին շատ օրենքներ, նախարարների տիտղոսներն ու պաշտոնները՝ պարոն (բարոն), գունդստաբլ (կոննետաբլ՝ սպարապետը Ֆրանսիայում) և այլն։ Հայերի, տեղացի այլ ժողովուրդների և խաչակիրների փոխազդեցության արդյունք է մշակութային փառահեղ ժառանգությունը, որը ստեղծվեց Կիլիկիայի բազմազգ պետությունում՝ բերդեր ու եկեղեցիներ, պատմության մատյաններ, օրենսգրքեր, Սուրբ գրքերի հարյուրավոր ընդօրինակումներ, այդ թվում՝ պատկերազարդված Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի գլուխգործոց մանրանկարներով։
Բայց։ Հարևան իսլամական երկրները հզորանում էին, և XII-XIII դարերում իրար հետևից վերացրին ֆրանկ-հայկական Եդեսիայի կոմսությունը, խաչակիրների մյուս պետությունները։ XIII դարի վերջում իսլամացան մոնղոլները, որոնք մինչ այդ ցուցաբերել էին կրոնական հանդուրժողականություն և, տարածաշրջանում լուսանցք մղելով սելջուկներին, Կիլիկիայի Հայոց թագավորության հզոր դաշնակիցն էին շուրջ կես դար։ XIII դարից սկսած Կիլիկիայի թագավորությունը աչքը հառած էր Եվրոպային, Վատիկանին։ Բայց… Հռոմի պապերի համար հայերը «բավարար կաթոլիկ» չէին։ Նրանք պայման էին դնում, որ հայ եկեղեցին ընդունի իրենց դավանանքը։
Երկու ժողով կայացավ Կիլիկիայում XIV դարի սկզբին, որոնք համաձայնեցին ընդունել Վատիկանի գերիշխանությունը, կաթոլիկական ծեսերը, բայց այդ որոշումները տեղում ժողովրդական հուզումներ հարուցեցին, մերժվեցին նաև Մեծ Հայքի շատ թեմերի կողմից, որոնք… ուղղակի առնչություն չունեին տարածաշրջանի թնջուկների հետ։
Ո՞րն է ճիշտ թվում ժամանակի հեռավորությունից։ Պատմական գործընթացները ցույց տվեցին, որ եթե նույնիսկ հայ եկեղեցին միավորվեր կաթոլիկականի հետ, առանց ցնցումների, դա չէր նշանակի, որ Կիլիկիան իրական օգնություն կստանար Հռոմից՝ խաչակրաց հետագա արշավանքներն արդյունք չեն տվել կամ ավարտվել են… քրիստոնյա երկրներից տարածքներ գրավելով։ Մինչդեռ Կիլիկիան հարևան սուլթանությունների կողմից հաճախ «պատժվում էր» հենց միայն պապին դիմելու համար։
Հուշում մոտ ապագայից։ Միքայել Սեբաստացի կաթողիկոսը (1567-1576) Օսմանյան կայսրությունում՝ Սեբաստիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում 1562-ին գաղտնի ժողով գումարեց, որն օգնության խնդրանքով դիմեց Հռոմի պապին։ Ծածկագիր նամակը Հռոմ հասցրեց Աբգար Դպիրը, որին ժողովը թագավորական ծագում էր վերագրում։
Աբգարի պաշտոնական պատրվակը որդուն՝ Սուլթանշահին, կրթություն տալն էր (թուրքերը կասկածանքով էին վերաբերում դեպի Եվրոպա իրենց քրիստոնյա հպատակների ուղևորություններին՝ պետք էր նպատակը հիմնավորել)։ Երբ երկար ճամփորդելուց հետո նրանք Հռոմ հասան, Աբգարին… հարցաքննեցին «սուրբ ինկվիզիցիայի» երեք հավատաքննիչ՝ բարեբախտաբար բավարարվելով պատասխաններով։ Որոշ հապաղումով, բայց բարյացակամ ընդունեց Աբգարին Պիոս IV պապը և իր նվիրակին ուղարկեց Հայաստան` բանակցությունների։ Ավաղ, սա մահացավ ճանապարհին, Կիպրոսում, և պապը՝ ինքն էլ շատ չանցած վախճանվեց։ 1565-ին Հռոմի պապ օծվեց Պիոս V-ը` նախկին մեծ ինկվիզիտորը, որը… անտարբեր էր արևելյան քրիստոնյաների ճակատագրի հանդեպ։
Միքայել Սեբաստացուց մեկ դար անց հայոց ազատագրական ձգտումներն են եղել Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի՛ հովվապետության (1655-1680) առանցքը։ Նա փորձել է ձեռք բերել Արև արքայի՝ Լյուդովիկոս XIV-ի, ապա ավստրիական Հաբսբուրգների, Վենետիկի Հանրապետության, Ռեչ-Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու, ռուսական ցար Ալեքսեյ Միխայլովիչի, Հռոմի պապերի աջակցությունը։ Նույնիսկ համաձայնել է կաթոլիկություն ընդունել, ըստ ժամանակի որոշ աղբյուրների շատ ճշմարտանման տեղեկությունների՝ ընդառաջելով Ոսկան Երևանցու հորդորներին։
Ո՛չ նրան, ո՛չ Միքայել Սեբաստացուն չհաջողվեց որևէ լուրջ համաձայնության հասնել, եղան միայն մշակութային արդյունքներ։

Դավիթ IV թագավոր, դրվագ սրբապատկերից, Սուրբ Կատարինայի վանք, XII դար
Իր եռամյա ուշացումը Օսմանյան իշխանությունների առաջ արդարացնելու համար Աբգարը տպարան հիմնեց Վենետիկում և եղավ Հակոբ Մեղապարտից հետո երկրորդը, ում հաջողվեց հայերեն գրքեր տպել, այդ թվում՝ առաջին «Սաղմոսարանը»։ 1567-ին նա տպարանը տեղափոխեց Կոստանդնուպոլիս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի, ինչի շնորհիվ հայերը դարձան Օսմանյան կայսրության երկրորդ գրատպության հիմնադիրները` հրեաներից հետո։
Աբգարի որդի Սուլթանշահը, որին Պիոս IV պապը… վերանվանել էր Մարկ Անտոնիո, մնաց Հռոմում, որտեղ Հայոց հոգետուն` հյուրանոց-հավաքատեղի հիմնեց, ուր դիմում էին նեղյալ հայ պանդուխտներն ամբողջ Եվրոպայից։
Թե որքան էական գործոն էր կրոնը, դավանանքը, ցույց կտա հարևան վրացիների հետ հարաբերությունների մեկ-երկու դրվագը։ Հայ ժամակակագիր Մատթեոս Ուռհայեցու գովեստին է արժանացել Վրաց թագավոր Դավիթ Շինարարը, որը «հայ կնոջից մի որդի ուներ, անունը՝ Դեմետրե… սուրբ և առաքինի մարդ էր, շատ աստվածապաշտ ու արդար» (ըստ Սմբատ Սպարապետի պատմագրության, նաև՝ շատ բարձրահասակ): Նա այլահավատներից Տփխիսը (Թիֆլիս, Թբիլիսի) գրավելով՝ հինգ հարյուր հոգու է տանջամահ արել, ցից հանելով, բայց XII դարի սկզբին հայերի համար Վրաստանում քաղաք հիմնել՝ բազմաթիվ եկեղեցիներով ու վանքերով։
«Այդ քաղաքը նա Գոռա կոչեց», գրում է Ուռհայեցին: Սա նույն Գորին է, որտեղ ծնվել է Բեսարիոն Ջուղաշվիլին՝ Իոսիֆ Ստալինի հայրը, XIX դարում։ Գորին նրա ժամանակ աշխույժ տնտեսական կյանքով ապրող բազմազգ քաղաք էր, որտեղ նաև, ըստ հանրագիտարանային աղբյուրների, շատ հայեր էին հաստատվե՛լ, ինչից պետք է ենթադրել, որ անցած ութ դարում հայկական քաղաքի բնակչությունը ձուլվել էր։ (Գորին այժմ Վրաստանի Շիդա Քարթլի մարզի կենտրոնն է՝ շատ ավելի մոնոէթնիկ բնակչությամբ)։ Նույն Դավիթ թագավորի օրոք, 1106 թվականին հրավիրված եկեղեցական ժողովը որոշեց, որ հայերը հերետիկոս են և եթե քաղկեդոնականություն ընդունեն, որը վրացիները դավանում էին VII դարից, պետք է նորից մկրտվեն, ինչը ծանր անարգանք էր համարվում քրիստոնյայի համար։
Մեկ դար անց վրացական բանակի փառաբանված սպարապետ Զաքարե Զաքարյանը նախաձեռնեց երկու եկեղեցիների մերձեցման ժողովներ, բայց խստորեն քննադատվեց հայ հոգևորականների կողմից, որոնք նրան չարտոնեցին Պատարագի շարժական սեղանի կիրառումը, որ վրացիներն անում էին… և բանակի համար էլ, ըստ ամենայնի, գործառնական առումով հարմար էր։
Իրենց գործունեության ավելի ազգային-ազատագրական, քան կրոնական շեշտադրմամբ են հայտնի Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը (1701-1728) և Մայր աթոռի կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին (1759-1764), որոնց ակնկալիքների հասցեատերը Ռուսաստանն էր, միայն թե XVIII դարում ռուսական ցարերի բոլոր ձեռնարկները վնասակար, եթե ոչ կործանարար եղան հայկական ապստամբական շարժումների համար։
Ինչ վերաբերում է Հակոբ Ջուղայեցուն դեպի կաթոլիկություն մղող Ոսկան Երևանցուն, նա հանգամանքների զարմանահրաշ դասավորությամբ իրականացրեց կաթողիկոսի փափագներից մեկը, որն աննկարագրելի կարևոր էր այդ ժամանակաշրջանում։
«Պեղումներ» շարքի ընթացիկ՝ «Ինչու՞ քրիստոնեություն» ենթաշարքը Հայոց եկեղեցու պատմությունը չէ. այն պետականության արժեքների տեսանկյունից է դիտարկում կրոնն ու Եկեղեցու հաստատությունը, ինստիտուտը սկսած՝ I դարից՝ զուգահեռելով Հայաստանի քաղաքական իշխանության գործունեության հետ։ Իսկ «Պեղումների» նախորդ հոդվածներն ընդգրկում են ոչ շատ հայտնի դրվագներ ու գործիչների հայոց պատմությունից՝ սկսած Տիգրան Երվանդյանից մինչև Եվրոպայի հայկական սրճարաններ, մեր անվանադիր Հայկից մինչև գրերի գյուտ ու պատմության արձանագրման գաղտնիքներ։
Պեղումներ
Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից
Պեղումներ. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը
Դաժան հաշվեհարդար կարող էր հետևել ներքին գահակալական կռիվներից թուլացած Անիի թագավորության անհնազանդությանը… Բայց եթե զգուշավորությունն արդարացում ուներ, որից օգտվելով Պետրոս Գետադարձն օտարին հանձնեց Անի մայրաքաղաքը, հակառակն էլ բացառված չէ (չէր), գրում է Վահրամ Մարտիրոսյանը` անդրադառնալով հազար ու մի եկեղեցիների համբավ ունեցող Անիի անկմանն ու այդ ժամանակաշրջանի պարունակին:
Read moreՊեղումներ․ VII-IX դարեր, քրիստոնեությունը՝ նոր կրոնի ռազմարշավների հանդիման
Հաճախ կաթողիկոսների դիվանագիտական ունակություններից, անձնական քաջությունից է կախված եղել ժողովրդի վիճակը, անգամ հնարավոր դարձրել Հայոց թագավորության վերականգնումը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով VII-IX դարերի ռազմարշավներին։
Read moreՊեղումներ. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք
Թեև Հայաստանն առաջինն ընդունեց քրիստոնեությունը, բյուզանդական ազդեցության գոտում ժամերգությունը, գրագրությունը հունարեն ու լատիներեն էին, իսկ իրանականում` ժամերգությունն անցկացվում էր ասորերեն, գրագրությունը՝ պարսկերեն։ Այսինքն, հավատացյալը եկեղեցի էր գնում իր հայրենիքում, բայց ծեսերն ուրիշի լեզուներով էին։ Արդյոք դա նվաստացուցիչ չէ՞ր, անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreՊեղումներ. «Հավա՞տ, թե՞ պետություն» աղետալի հակադրությունը
Արդյոք ճիշտ չէ՞ր հրաժարվել հավատից և վերականգնել պետությունը՝ ապստամբելու փոխարեն։ Վահրամ Մարտիրոսյանը փորձել է դիտարկել շուրջ տասնվեց դար առաջ տեղի ունեցած պատմական իրողությունների հայկական շրջանակն ու այդ ժամանակահատվածի ընդհանրական իրավիճակը։
Read moreՊեղումներ. Պետական կրոն և սպանված հայրապետեր
IV դարի սկզբին արդեն Գրիգոր Լուսավորիչը նոր ուսմունքը՝ քրիստոնեությունը տարածել էր ոչ միայն ամբողջ Հայոց թագավորությունում, այլև հարակից երկրներում ևս, իսկ հոգևոր ազդեցության գոտիների ընդլայնումը մեծացրել էր Հայաստանի քաղաքական կշիռը։ Սակայն այս նույն դարում նաև ներքին հակասություններ առաջացան՝ պետության ու եկեղեցու միջև։
Read moreՊեղումներ․ Սրի և խաչի միասնությունը՝ Քրիստոնյա Հայաստան
Նոր հավատը հեշտությամբ չպետք է հաստատվեր, որ բարձրացներ հաղթանակի արժեքը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով թագի ժառանգորդ Տրդատի ու Հայոց եկեղեցու ապագա հիմնադիր Գրիգորի թշնամանքի ակունքներին, Հռիփսիմյանց կույսերի՝ Վաղարշապատում հայտնվելու պատճառներին, նրանց տանջանքներին ու, ի վերջո, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ընթացքին։
Read moreՊեղումներ. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ
Հայ քարոզիչները, երկրի ներսում, թե այլուր, տարածում էին նոր կրոնը՝ երբեմն զոհելով իրենց ու իրենց հարազատների անձերը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մեր թվարկության առաջին դարերում դավանանքի ընտրության ընթացքին։
Read moreՊեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն
Վաղուց չէ, որ խաչվել է Հիսուսը։ Ի՞նչ են խոսել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնց քարոզչության ուղիները հատվել են Հայաստանում։ Սուրբ Հոգու հրա՞շքն են հիշել երախտագիտությամբ, թե՞ խոսել են փորձություններից, որոնց հանդիպել են քարոզչության տատասկոտ ճանապարհներին։
Read more