
Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում ստեղծվեց հայերեն առաջին Աստվածաշունչը, ի՞նչ փորձությունների միջով անցավ հրատարակիչը, անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանի ՁայնաՊատումը, որտեղ հեղինակն առավել մանրամասն է ներկայացնում իրավիճակն ու ավելի շատ փակագծեր բացում, քան հոդվածում:
1660 թվական։ Փոքրիկ տպագրատան սրահում գիրուկ, միջինից ցածրահասակ մի մարդ ուշ գիշերով հակված է փայտե սեղանին, որին թափված են շարվածքներ, տպագրական շրջանակներ, փորագրանկարներ, մայրատառեր։ Նրա դիմաց 17 տարի առաջ լույս տեսած «Հիսուս որդի» գիրքն է՝ մի կողմից, մյուս կողմից՝ թարմ տպարանային շարվածքը՝ նույն գրքի վերահրատարակության։ Պատուհանից երևում են առափնյա լույսեր. Ամստերդամն է, ժամանակի ամենաաշխույժ նավահանգիստներից մեկը՝ գիշերն էլ են լապտերները վառ։
Իսկ մարդը Ավետիս Ղլիճենցն է, սրբագրություն է անում՝ կարդալով մեկ տող գրքից, մեկը՝ դեռ ներկահոտ շարվածքից։ Կարդում է դժվարությամբ, վանկատելով
«Երթալ ի մեծ բարձըր լեր[ ]-ին
ի Գողգոթա որպես աս[ ]-ին»…
Դուռը բախում են, ներս է մտնում ծառան, զեկուցում է, որ հերթական պարտատերն է եկել։ Ավետիսը բռնում է գլուխը։ Ներս է գալիս մի հոլանդացի, որը… միջին տարիքի հրեա է՝ նրանք են ամենաշատը զբաղվում վաշխառությամբ, սեղանին է դնում մուրհակը։ Ավետիսը նայում է թղթին, գումարից սարսափած հանում է քսակը, դատարկում սեղանին։ Ոսկեդրամները բռով քշում է դեպի պարտատերը՝ իր դիմաց մնում են միայն մի քանիսը։ Երջանկացած հյուրը հավաքում է դրամներն ու արագ դուրս գնում։ Ղլիճենցը շարունակում է կարդալ և սրբագրել, հետո նեղսրտած, հուսահատ մի կողմ է հրում գիրքն ու շարվածքը՝ բան դուրս չի գա։
Ո՞վ էր Ավետիս Ղլիճենցը և ինչո՞ւ էր դժկամությամբ կատարում այս գործը։ Նա… խոշոր առևտրական էր, սերում էր բնիկ երևանցիներից։ XVI-XVII դարերի։

Բանդար (Բենդեր) Աբաս նավահանգիստը, որը Արևմուտքում հայտնի էր որպես Գոմբրուն:
Անհրաժեշտ պարզաբանում։ 1602 թվականին, օսմանյան դեսպանն ամբարտավան պահանջներ ներկայացրեց Պարսից Շահ Աբասին, որը, ի պատասխան, սափրել տվեց նրա մորուքն ու հետ ուղարկեց Պոլիս։ Դա պատերազմի հայտարարություն էր։ 1604-ին Շահը գրավեց Երևանը, բայց, իր ուժերին՝ անվստահ, Արարատյան դաշտի բնակչությանը, այդ թվում՝ Ղլիճենցներին, տեղափոխեց կայսրության խորքը՝ հայերի մի մասին, առանձնահատուկ խնամքով՝ ջուղայեցի վաճառականներին, տեղավորելով իր հիմնած Նոր Ջուղա քաղաքում, որտեղ հետագայում կազմավորվեց Երևան թաղամասը։ Շահը հայ վաճառականների գործը հեշտացնելու շատ ուրիշ քայլեր արեց, մասնավորապես Պարսից ծոցում պորտուգալացիներից խլեց Կամբարյաո (Գոմբրուն) նավահանգիստը, որը հետագայում կոչվեց Բենդիր Աբբաս։
Այդպիսով, հայ վաճառականները կարող էին Պարսկաստանից Հնդկաստան մեկնել ուղղակի և ոչ թե շրջանցիկ երկարաձիգ ճանապարհով՝ հասնելով Միջերկրական ծով, ապա՝ շրջանցելով Աֆրիկան։ Պատահական չէ, որ շուտով Կալկաթայի նավահանգիստներից մեկը կոչվեց Հայկական, իսկ մեծանուն վաճառական Խոջա Սաֆրազի համբավը այնքան մեծ էր, որ մահվանից հետո նրա գերեզմանաքարին փորագրվեց. «Ա՜, իմ աննման խոջայ, որ էիր Հայոց թագաւոր»։
Ավետիս Ղլիճենցը նորջուղայեցի եռանդուն ու քաջ վաճառականներից էր, որոնք նաև իրենց բանկային համակարգը ստեղծեցին. անվտանգ էր մուրհակը՝ թուղթը տեղափոխել և ոչ թե՝ հնչուն ոսկին։ Նրա կյանքն արմատապես փոխվեց, երբ Ամստերդամի նավահանգստում 1660-ին բեռներ բարձելու պահին խնդրեցին, որ այցելի Մատթեոս Ծարեցուն։
Այժմ պետք է ներկայացնել նաև նրան։ Մատթեոս Ծարեցին հոգևորական էր, Եվրոպա էր եկել Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի հանձնարարությամբ՝ գրքեր տպագրելու։ Նա հայտնի գրչագիր ու ծաղկող էր, ուրեմն, բավականաչափ պատրաստ՝ յուրացնելու նոր «տեխնոլոգիան»՝ գրատպությունը։ Երկար դեգերումներից հետո Ծարեցին հայկական տպարան հիմնեց Ամստերդամում։ «Հիսուս որդի» գրքի վերջում հիշատակարան է թողել, թե՝ ինչպես. «Ի ցայգ և ի ցերեկ մահու չափ աշխատելով»…
Մատթեոսը մեծ պարտքեր էր արել, և, չնայած «մահու չափ աշխատելուն», չէր հասցրել որևէ գիրք տպել, երբ եկել էր փողը վերադարձնելու ժամանակը։ Իսկ ինքն այնքան էր հյուծվել, որ արդեն մահամերձ էր, երբ դիմեց Ավետիս Ղլիճենցին։ Ինչո՞ւ է այդքան մեծ մեկ գրքի պարտքը՝ հարցնում է վաճառականը։ Հոգևորականը պատասխանում է՝ հռչակավոր գրաձույլ Քրիստոֆել վան Դիյկն է հայերեն 240 մայրատառ և 170 հայրատառ ստեղծել իր խնդրանքով… Ռաֆայել դի Սանտիի և Ալբրեխտ Դյուրերի նկարազարդումներն է գնել, որպեսզի իր «Հիսուս որդի» գիրքն ավելի գեղազարդ լինի, քան Ներսես Շնորհալու ստեղծագործության նախորդ հրատարակություններն էին՝ երանելի Հովհաննես Անկյուրացու և պատվարժան Ջիովաննի Բովիսի գրքերը։ Բայց դա սնապարծությունից չէր՝ նախապատրաստվում էր «Աստվածաշունչ» տպագրելուն։ Այն պետք է գրքով տպվի, որ ամեն հայ կարդա, և մեր ազգը հավասար լինի «ֆռանկ» ազգերին։ Իսկ աշխարհում, լատիներենից դուրս, դեռ ընդամենը մի քանի լեզվով է Սուրբ գիրքը լույս տեսել՝ կաթոլիկ ազգերի… Կաթողիկոսի՛ փափագն է՝ Հռոմի պապի ականջը չընկնի…
Ավետիս Ղլիճենցը համաձայնում է փակել նրա պարտքը, պայմանով, որ տպագրարանը, ինչպես այդ ժամանակ էին ասում, պիտի կոչվի Սուրբ Էջմիածնի… սուրբ Սարգսի ու նրա որդի Մարտիրոսի անունով։ Ընդ որում, եթե «ազնվակերտ տպագրարանը» շահույթ ունենա, այն ընծայվելու է Սուրբ Էջմիածնին ու սուրբ զորավար Սարգսին։ Հավանաբար Ծարեցին ուրախությունից փորձել է համբուրել խոջայի՝ վաճառականի ձեռքը, բայց նա ինքն է համբուրել բարեշնորհի աջը։
Ինչու՞ Էջմիածին, հասկանալի է՝ հայության հոգևոր կենտրոնն է, բայց նոր հարց է ծագում՝ ինչո՞ւ սուրբ Սարգիս։ Ավետիս Ղլիճենցը եղբայր ունի՝ Ոսկան Ղլիճենցը, որը հայոց պատմությանը հայտնի է… որպես Ոսկան Երևանցի։ Նա արդեն Ուշիի սուրբ Սարգիս վանքի առաջնորդն է, այսօրվա իմ պատումի գլխավոր հերոսը։ Ինչպե՞ս է նա ներգրավվելու գործողության մեջ։

Մատթեոս Ծարեցու հրատարակած «Հիսուս որդի» գրքի անվանաթերթը, 1661

Իրանի առաջին հրատարակչության հիմնադիր Խաչատուր Կեսարացու արձանը՝ իր անունը կրող թանգարանի մուտքի մոտ՝ Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի դիմաց, Նոր Ջուղա, Էսֆահան (Սպահան), Իրան
Ծարեցին հասցրեց «Հիսուս որդի» գրքի 38 մամուլից միայն 24-ը սրբագրել։ Դա Ղլիճենցն է հայտնում գրքի հիշատակարանում։ 1661 թվականի հունվարի 22-ին երեկոյան ժամը 11-ին սարկավագը վախճանվեց։ (Հիշատակարաններից, այլ աղբյուրներից քաղված ժամի ճշգրտությամբ տվյալները հաճախ նշում եմ` հաղթահարելու այն տարածված մտայնությունը, թե այսօրվա ֆեյքերի առկայությամբ ինչպես կարելի է վստահ լինել, որ պատմությունը չի կեղծվում)։ Տպարանը դադարեց գործել։ Երկամսյա վարանումից հետո Ավետիսը շարունակեց Ծարեցի գործը։ Բայց նա, ախր, «խոջա» է, վաճառական, բանասեր չէ, կրթություն, սրբագրելու փորձ չունի։ Եվ գրքի հիշատակարանում դժգոհում է՝ «զի օրենակն մի էր, և շարողք ֆռանկք… և ես միայն… կու սրբագրեի»։ Այսինքն, մեկ օրինակ է ունեցել «Հիսուս որդու» նախորդ հրատարակություններից՝ համեմատելու համար, գրաշարները չեն հասկացել, թե ինչ են շարում, քանի որ հոլանդացի էին, ինքն էլ միայնակ է եղել, «աշխատակազմ» չի ունեցել։
Այնուհանդերձ, 1661-ի մայիսի 27-ին լույս տեսավ «Հիսուս որդին»։
Բազմաթիվ վրիպակներով, հատկապես՝ վերջին 14 մամուլներում, բայց՝ պատկերազարդ, հեղինակավոր Քրիստոֆել վան Զիխեմի փորագրություններով։ Այդպիսին երբևէ չէր եղել հայ գիրքը։ Ուրբաթագիրքը՝ հայերեն առաջին գիրքը, օրինակ, համեստ հրատարակություն էր, կազմը՝ ճկվող մագաղաթից:
Այս գրքից գլուխ հանելուց հետո Ավետիսը նամակ գրեց եղբորը՝ Ոսկանին, որ գա Ամստերդամ հայկական տպարանը տնօրինելու։
Հայ մշակույթի պատմության երջանիկ զուգադիպությունն է, որ Ծարեցին օգնություն խնդրեց Ավետիսից, որը, իր հերթին, Ոսկան Երևանցու եղբայրն էր։ Մեկ այլ երջանիկ զուգադիպությամբ Ոսկանն աշակերտել էր Խաչատուր Կեսարացուն (1590-1646)։ Բացի իր բազմաթիվ այլ առաքինություններից, Կեսարացին, որ Նոր Ջուղայի թեմի առաջնորդն էր, սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վանահայրը, նաև հիմնել էր Իրանի առաջին տպարանը՝ 1638-ին։ Նա իր ուսանողներից Հովհաննես Ջուղայեցուն ուղարկել էր Եվրոպա, արհեստին տիրապետելու։ Հովհաննեսը Լիվոռնոյում մի քանի գիրք էր տպագրել ու վերադարձել Նոր Ջուղա։ Նյութերի ներմուծման բարդության պատճառով, կարծես նորից «հայտնագործելով» գրատպությունը, վանքի միաբանները ինքնուրույն թուղթ էին «եփում», ներկեր ստանում, սարքեր ստեղծում… Իզուր չէ, որ հայոց մայրատառեր՝ մատրիցաներ պահպանվել են միայն Նոր Ջուղայում։ Նրա տպարանը 197 տարի առաջ է ընկել պարսկականից։
Ավետիսի նամակը ստանալով՝ Ոսկան Երևանցին իսկույն Ամստերդամ ուղարկեց իր աշակերտ Կարապետ Անդրիանացուն, որը շարունակեց տպագրական աշխատանքը՝ տեղում որպես գրաշար վարձելով,- անվանապես նշենք այդ ուշիմ պատանուն,- Յան Յանսեն Ռիքլմանին և սովորեցնելով նրան հայոց այբուբենը։ Ոսկանը՝ ինքը, գնաց Էջմիածին, առավ Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի օրհնությունը, հետը վերցրեց Հեթում II թագավորի XIII դարի գրչագիր «Աստվածաշունչը» (Մատենադարան, թիվ 180 ձեռագիր), հրատարակության համար նախատեսված այլ ձեռագիր մատյաններ և 1662 թվականի սեպտեմբերի 27-ին սուրբ Էջմիածնից ճանապարհվեց Եվրոպա։ Բայց՝ ո´չ Ամստերդամ, նախ՝ Հռոմ։
Հայերեն գրքերը տպագրվում էին Վենետիկում, Փարիզում, Մարսելում, բայց Հռոմի պապն էր, որ կարող էր հայ գրքին «օրինականություն» շնորհել կամ արգելքներ հարուցել քրիստոնյա Եվրոպայում… Ելք չէր նույնիսկ բողոքական Ամստերդամում գիրք տպելը, քանի որ դրանք Հայաստան տեղափոխվելիս անցնում էին «կաթոլիկական» նավահանգիստների մաքսատներով։
Հռոմի պապը նաև քաղաքական առանցքային դեմքերից էր Եվրոպայում։ Հայ եկեղեցին V դարից պայքարել է իր անկախության համար, բայց նախ Կիլիկիայի թագավորության վերջին շրջանում, ապա XV-XVI դարերում ոչ միայն սկսում է հանդուրժել Հռոմին, այլև նրա հետ միավորվելու գաղափարներ են արծարծվում։ Իսկ XV-XVII դարերում դա աղոտ հույս էր, որ Եվրոպայի օգնությամբ Հայաստանը փրկվի մուսուլման կեղեքիչներից։
Հարց կծագի։ Իսկ ինչո՞ւ էր պետք մեկնել Եվրոպա, եթե տպարան կար Նոր Ջուղայում՝ Սպահանի արվարձանում, որ անհամեմատ մոտ էր Հայաստանին, կամ՝ Կոստանդնուպոլսում։ Կեսարացու տպարանի «հզորություննե՛րը» չէին ապահովում բարձր որակ ու մեծ քանակ, իսկ Օսմանյան կայսրությունը խանդով էր վերաբերում հայերի մշակութային ձեռնարկներին, ի տարբերություն, օրինակ, հրեաների, որոնք ոչ միայն որևէ քաղաքական խնդիր չէին հարուցում, այլև հալածվում էին Եվրոպայում, իսկ Իսպանիայից արտաքսվեցին XV դարի վերջին, մավրերից Անդալուզիայի վերանվաճման (նաև՝ Կոլումբոսի ուղեգնացության) տարին։
Հռոմում հայերեն գրքեր էին տպվել դեռ XVI դարում։ Ըստ ժամանակի ազդեցիկ կարդինալ Ջուլիո Անտոնիո Սանտորոյի օրագրային գրառման, Գրիգոր XIII պապն է հրահանգել հայկական տպատառեր ստեղծել 1579 թվականի սեպտեմբերի 10-ին։ Նրա հանձնարարությունը կատարել է ֆրանսիացի գրաձույլ վարպետ Ռոբերտ Գրանժոնը, որը նույն ժամանակ Հռոմում ձուլեց նաև արաբական, ասորական ու հաբեշական տպատառեր։ Գրանժոնի տառերի արժանիքն այն էր, որ նման չէին հին գրչագիր մատյանների բոլորագրին, ինչպես՝ նախորդ հայերեն գրքերինը։
Հռոմում հայերեն տառեր ձուլելու ժամանակը պատահական չէր ընտրված։ Պապը նոր տոմար էր կազմում, որը փոխարինելու էր Հուլյանին։
Միայն երկու տարի անց էր հրապարակելու և իր անունով կոչելու Գրիգորյան, բայց նա արդեն պատրաստվում էր տարածել աշխարհի շատ լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ 1584-ին տպված Տոմարագիրքը Հռոմում լույս տեսած առաջին հայերեն գիրքն է: Պապը հայերեն տպատառերի ազդանմուշն ուղարկեց Սսի Ազարիա կաթողիկոսին, որն իսկույնևեթ միամտաբար խնդրեց նրան… հայերեն «Աստվածաշունչ» տպագրել… չնայած «մեծ խարջին»՝ ծախսին։ Սսի կաթողիկոսությունը պատրաստ էր 1000 օրինակ գնել։ Այսինքն, բաժանորդագրություն առաջարկեց, որն այդ ժամանակ չտեսնված երևույթ էր, հաջորդ դարում էր տարածվելու։ Պապը… իհարկե, անտեսեց նրա խնդրանքը, իսկ, այ, հենց 1584-ին Հռոմում լույս տեսավ 112 էջանոց «Տոմար Գրիգորյանը», ապսպրեց գիրքը շուտ հասցնել Սիս, ինչպես նշում է անգլիացի հետազոտող Ռոբերտ Ջեյ Վիլքինսոնը։ Պապի պատվերն էր նաև Հռոմում լույս տեսած հայերեն մեկ այլ՝ «Դավանություն ուղղափառության» գիրքը, որը այլազգի կաթոլիկ նորադավանների համար էր նախատեսված։
Վերադառնանք Ոսկան Երևանցուն։ Նա, գովաբանելով Կղեմես Թ պապին, որ «Նորագույն եկեղեցու երջանկագույն ժամանակներն է ընծայում այս ծերացող աշխարհին» (ուրեմն՝ XVII դարում աշխարհը արդեն ծերացող էր) և Պողոս առաքյալի նման հոգում հեռավոր ազգերի մասին, հպարտորեն տեղեկացնում է. «Թող գիտենա Ձերդ վսեմությունը, որ քառասուն տարի առաջ, Նախիջևանի արքեպիսկոպոս Պիրոմալլիի միջոցով կաթոլիկական ճշմարտությունը ճանաչեցի և անմիջապես ձեռնամուխ եղա այն քարոզելուն զանազան տեղերում, նույնիսկ մեր կաթողիկոսի բնակավայրում, բացահայտ և գաղտնի»։
Ահա այսպիսի իրավիճակ։ Հայաստանում կաթոլիկներին հալածում էին, Ոսկանին՝ նույնիսկ ազգականները, բայց նա կաթոլիկություն էր քարոզել նույնիսկ Սուրբ Էջմիածնում։ Ոսկանն արդեն եղել էր Եվրոպայում՝ «Լեհաստան… երեք տարի ապրեցանք ողորմությամբ»։ Թեև ազգակիցները շարունակ թախանձագին խնդրում էին այնտեղից վերադառնալ՝ «Արդ, աղաչեմ, եթե զմեզ մոռացար, վասն մօր քո ե´կ, ե´կ, ե´կ. ո՞չ է բաւ», նա տեսել էր, թե ինչ զարգացման են հասել կաթոլիկ երկրները, և սովորում էր, կապեր էր ստեղծում՝ Հայաստանի ապագան այդ երկրների, այդ դավանանքի հետ պատկերացնում։ Նա ցանկանում էր ստեղծել հայ-լատինական դպրոց, որտեղ միավորվելու էին հայ մտքի ավանդույթները արևմտյան Վերածնունդի աշխարհընկալման հետ:
Ոսկան Երևանցին կարողացավ Հռոմի հետ մերձեցման տրամադրել Հակոբ Դ Ջուղայեցուն։ Կաթողիկոսը նրան վստահեց վանահոր պաշտոնը Ուշիի Սուրբ Սարգիս վանքում, որը, ըստ ավանդության, կառուցել է Մեսրոպ Մաշտոցը…

Տրիենտյան կաթոլիկական տիեզերաժողովը, նկարիչ՝ Նիկոլո Դորիգաթի, 1711թ.
Հասնելով Հռոմ՝ Ոսկանը փորձեց հայերեն գրքի արտոնություն ստանալ և իրագործել կաթողիկոսի ու իր երազանքը՝ հայերեն «Աստվածաշունչ» տպագրել… բայց ձախողվեց։ Վատիկանում 1664-ի սեպտեմբերի 22-ին կայացած Սուրբ Ժողովը սիրահոժար որոշեց բավարարել բարեպաշտ կաթոլիկ, բայց ազգային իղձերում համառ վարդապետի միայն մի խնդրանքը՝ հոգաց նրա ճանապարհածախսը դեպի Ամստերդամ՝ տրամադրելով եկեղեցական պարագաներ, որպեսզի կարողանա այնտեղ կաթոլիկական պատարագ մատուցել։
Ոսկանը ճամփա ընկավ։ Նա Հայաստանից բերել էր հանգուցյալ Հովհաննես եղբոր ավանդած համեստ գումարը, բայց «Աստվածաշնչի» տպագրությունը հսկայական միջոցներ էր պահանջում։ Եվ ահա 1664-ին, ասես հեքիաթում, Ոսկանը Լիվոռնոյում հանդիպում է երեք ջուղայեցի վաճառականի՝ Պետրոս Ջուղայեցուն (որը նույնպես տպագրիչի եղբայր էր), Ստեփանոս Խանենցին և Թեոդորոս Քթռեշենցին։ Նրանք առատ դրամ են տալիս, որ «Աստվածայնոց կտակարանները» «նվազություն» չանեն «ի մեջ հայոց»։
Ավետիսը գործը հանձնեց եղբորը… մնալով տպարանի մատակարարն ու «երևմուտ առնողը»՝ «տնտեսագետը»։ 1665-ին Ոսկանը տպագրեց «Շարակնոցը». սա առաջին գիրքն է, որտեղ բառերն ուղեկցվում են հայկական նոտաներով՝ խազերով։
Ըստ ժամանակի հայ ճանապարհորդի՝ «ֆիլումենկի քաղաքը Ամսըրդամ, որ է աննման», յուրահատուկ էր. այստեղ կողք կողքի գոյակցում էին կաթոլիկներն ու բողոքականները՝ կատարյալ հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտում, որը, ի դեպ, մեծապես նպաստում էր երկրի՝ միացյալ գավառների առևտրական կապերի զարգացմանը… Բայց, անգամ Միացյալ լանդերի այս երկրում, պապական փոխնվիրակը՝ Նեերքասելը, ազգությամբ՝ հոլանդացի, փորձեց միջամտել և քաղաքի իշխանությունների միջոցով արգելել, որ Ոսկան Երևանցին հայերեն «Աստվածաշունչ» տպագրի կամ… պետք է այն համապատասխանեցներ BIBLIA SACRA VULGATA–ին՝ 382 թվականի լատիներեն համահավաք թարգմանությանը, որը Տրիենտյան կաթոլիկական տիեզերաժողովը 1546-ին (մանրանկար) hռչակել էր որպես միակ հավաստին և օրինավորը։
Մինչ այդ Նեերքասելը բողոքել էր, որ Ոսկանն «ինքն է իր գրաքննիչը», ուրիշը չկա, որ Վատիկանի տեսանկյունից նայի գործին։ Ի վերջո, Ոսկանին հաջողվում է նրան համոզել, որ Հեթում թագավորի Աստվածաշունչը հայ եկեղեցու հայրերի արժանահավատ թարգմանությունն է, V դարի, որը չէր հակասում Վուլգատա Բիբլիային, և կարիք չկա սպասելու, մինչև լեզու իմացող գրաքննիչ հայտնվի և այն համեմատի հայերենի հետ… Այդ ընթացքում նա արդեն ավարտում էր Սուրբ Գրքի տպագրությունը։
Գիրքը լույս տեսավ 1666-1668 թվականներին… 5000 օրինակով, որոնք ուղարկվեցին Հայաստան և ի սփյուռս աշխարհի։
Շքեղ կազմով մի հայերեն «Աստվածաշունչ» Ոսկանը նվիրել է Լյուդովիկոս XIV-ին, 1668-ին: Գրքի բարձրորակ զարդանախշերը, երեք կողերը նրբագեղորեն ծածկված են ոսկու շերտով, նկարազարդված: Ներքևի կաշեզրը պատկերում է թագադիր կնոջ, երեխան՝ գրկին: Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ Մայր Աստվածածինն է, իրականում, սա Պետրոնիսն է՝ Կլավդիոս կայսեր առասպելական կինը, որը, ըստ ավանդության, Երուսաղեմում գտել է իսկական խաչը: Խաչը հայտնաբերելու ժամանակ Պետրոնիսի դուստրը հանկարծակի մահանում է, սակայն դիպչելով խաչին կրկին հարություն է առնում:
Կարծիք կա, թե Ոսկանը Աստվածաշնչի երկու տարբերակ է տպագրել՝ մեկը Պապի համար, որ Հռոմը գիրքը տարածելուն չխոչընդոտի, մյուսը՝ հայ եկեղեցու կանոնին հարազատ։ Այս վարկածը փաստերով չի հաստատվել։
Ինչ վերաբերում է Ոսկանի հետագա ճակատագրին։ Ամստերդամում նա տպագրեց ընդհանուր թվով 22 գիրք, բայց պարտքերի տակ ընկավ. «Աստվածաշնչի» բազմաթիվ կապոցներով բեռնված նավերից մեկը խորտակվեց, Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը չկարողացա՛վ ուղարկել խոստացած գումարը, իսկ որոշ հայ գաղութներ չվճարեցին գնած գրքերի համար…
Ըստ հայ գրքի պատմության երախտավոր Խաչիկ Սամուելյանի, «Ամստերդամը Ոսկան Երեւանցու համար թէեւ ունէր որոշակի առաւելութիւն` համեմատաբար զերծ էր Հռոմի գրաքննչական միջամտութիւնից, այսուհանդերձ այդ քաղաքը ունէր այն թերութիւնը, որ հեռու էր Հայաստան աշխարհից, եւ զգալապէս մեծ էին բեռները Հոլանդիայից արեւելք տեղափոխման հետ կապուած ծախսերը, ինչը այս դէպքում Ոսկան Երեւանցու համար ունէր վճռորոշ նշանակութիւն»։
Ոսկանը գրավ դրեց պղնձե մայրատառերը, երկաթե հայրատառերը, արճիճե տառերի կաղապարները, որ պարտքերի մի մասը փակի, և 1669-ին դիմեց Ֆրանսիայի Արև-արքային՝ Լյուդովիկոս XIV-ին, որը եթե նրան Վերսալում է ընդունել, ապա՝ դեռ կիսակառույց պալատում։ Լյուդովիկոսն ըստ արժանվույն գնահատեց «Աստվածաշնչի» տպագրության արքայական որակը և հանձնեց գրադարանին։ Այն այսօր զարդն է Ֆրանսիայի Ազգային գրադարանում պահպանվող մոտ 10.000 հայերեն հնագույն գրքերի հավաքածուի, որը պարունակում է XVI-XVII դարերի 78 հայերեն գիրք՝ այդ շրջանից մեզ հասած տպագիր գրքերի 40 տոկոսը: Կաթոլիկ երկիր էր, բայց Լյուդովիկոս XIV-ն է ասել՝ «Ֆրանսիան ես եմ»՝ նա թույլ տվեց, որ «Սուրբ Էջմիածին» տպագրատունը իր երկրի տարածքում գործի։ Ոսկանը Մարսելում ու Լիվոռնոյում ևս գրքեր տպեց, որոնցից վերջինը գրպանի սաղմոսագիրք էր։ Այն իր չափերով գանձ էր ճանապարհորդ հայ վաճառականների համար։ Ավաղ, Մարսելի տպարանը շուտով խժդժությունների պատճառ դարձավ Ոսկանի և նրա հայ գործընկերոջ միջև, որը պարբերաբար դատի էր տալիս Ոսկանին, առիթ-անառիթ բողոքում Հռոմ, մինչև… մահվան դուռը հասցրեց վարդապետին, 1674-ին։ Բայց Ոսկան Երևանցին կարող էր հանգիստ ննջել՝ տպագիր առաջին «Աստվածաշունչը» ահռելի նշանակություն ունեցավ հայերի քրիստոնեական ինքնությունը, ազգային արժանապատվության զգացումն ամրապնդելու առումով։
«Պեղումներ» շարքի ընթացիկ՝ «Ինչու՞ քրիստոնեություն» ենթաշարքը Հայոց եկեղեցու պատմությունը չէ. այն պետականության արժեքների տեսանկյունից է դիտարկում կրոնն ու Եկեղեցու հաստատությունը, ինստիտուտը սկսած՝ I դարից՝ զուգահեռելով Հայաստանի քաղաքական իշխանության գործունեության հետ։ Իսկ «Պեղումների» նախորդ հոդվածներն ընդգրկում են ոչ շատ հայտնի դրվագներ ու գործիչների հայոց պատմությունից՝ սկսած Տիգրան Երվանդյանից մինչև Եվրոպայի հայկական սրճարաններ, մեր անվանադիր Հայկից մինչև գրերի գյուտ ու պատմության արձանագրման գաղտնիքներ։
Պեղումներ
Հայոց ծանոթ և անծանոթ պատմությունից
Պեղումներ. XI-XIV դարեր, պապից պակաս կաթոլիկ
Տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ, գերմանացիներ, իտալացիներ, նորմաններ ոտքի ելան՝ «անհավատների» գերությունից ազատագրելու սուրբ Երուսաղեմն ու Արևելքի քրիստոնյա եղբայրներին։ Արշավանքի մասնակիցները մեջքին խաչ նկարած թիկնոցներով էին, և երբ նրանք հուսահատ ու անօգնական վիճակում էին, ընդառաջ եկավ հայերի թափորը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով XI-XIV դարերի իրադարձություններին։
Read moreՊեղումներ. X-XI դարեր, հազար ու մեկ եկեղեցու ժամանակը
Դաժան հաշվեհարդար կարող էր հետևել ներքին գահակալական կռիվներից թուլացած Անիի թագավորության անհնազանդությանը… Բայց եթե զգուշավորությունն արդարացում ուներ, որից օգտվելով Պետրոս Գետադարձն օտարին հանձնեց Անի մայրաքաղաքը, հակառակն էլ բացառված չէ (չէր), գրում է Վահրամ Մարտիրոսյանը` անդրադառնալով հազար ու մի եկեղեցիների համբավ ունեցող Անիի անկմանն ու այդ ժամանակաշրջանի պարունակին:
Read moreՊեղումներ․ VII-IX դարեր, քրիստոնեությունը՝ նոր կրոնի ռազմարշավների հանդիման
Հաճախ կաթողիկոսների դիվանագիտական ունակություններից, անձնական քաջությունից է կախված եղել ժողովրդի վիճակը, անգամ հնարավոր դարձրել Հայոց թագավորության վերականգնումը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով VII-IX դարերի ռազմարշավներին։
Read moreՊեղումներ. V դար, նահանջ դեպի վիրտուալ հայրենիք
Թեև Հայաստանն առաջինն ընդունեց քրիստոնեությունը, բյուզանդական ազդեցության գոտում ժամերգությունը, գրագրությունը հունարեն ու լատիներեն էին, իսկ իրանականում` ժամերգությունն անցկացվում էր ասորերեն, գրագրությունը՝ պարսկերեն։ Այսինքն, հավատացյալը եկեղեցի էր գնում իր հայրենիքում, բայց ծեսերն ուրիշի լեզուներով էին։ Արդյոք դա նվաստացուցիչ չէ՞ր, անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreՊեղումներ. «Հավա՞տ, թե՞ պետություն» աղետալի հակադրությունը
Արդյոք ճիշտ չէ՞ր հրաժարվել հավատից և վերականգնել պետությունը՝ ապստամբելու փոխարեն։ Վահրամ Մարտիրոսյանը փորձել է դիտարկել շուրջ տասնվեց դար առաջ տեղի ունեցած պատմական իրողությունների հայկական շրջանակն ու այդ ժամանակահատվածի ընդհանրական իրավիճակը։
Read moreՊեղումներ. Պետական կրոն և սպանված հայրապետեր
IV դարի սկզբին արդեն Գրիգոր Լուսավորիչը նոր ուսմունքը՝ քրիստոնեությունը տարածել էր ոչ միայն ամբողջ Հայոց թագավորությունում, այլև հարակից երկրներում ևս, իսկ հոգևոր ազդեցության գոտիների ընդլայնումը մեծացրել էր Հայաստանի քաղաքական կշիռը։ Սակայն այս նույն դարում նաև ներքին հակասություններ առաջացան՝ պետության ու եկեղեցու միջև։
Read moreՊեղումներ․ Սրի և խաչի միասնությունը՝ Քրիստոնյա Հայաստան
Նոր հավատը հեշտությամբ չպետք է հաստատվեր, որ բարձրացներ հաղթանակի արժեքը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով թագի ժառանգորդ Տրդատի ու Հայոց եկեղեցու ապագա հիմնադիր Գրիգորի թշնամանքի ակունքներին, Հռիփսիմյանց կույսերի՝ Վաղարշապատում հայտնվելու պատճառներին, նրանց տանջանքներին ու, ի վերջո, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ընթացքին։
Read moreՊեղումներ. Աստված սեր է, բոլորը հավասար են Նրա առաջ
Հայ քարոզիչները, երկրի ներսում, թե այլուր, տարածում էին նոր կրոնը՝ երբեմն զոհելով իրենց ու իրենց հարազատների անձերը, գրում է Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մեր թվարկության առաջին դարերում դավանանքի ընտրության ընթացքին։
Read moreՊեղումներ. Ինչո՞ւ քրիստոնեություն
Վաղուց չէ, որ խաչվել է Հիսուսը։ Ի՞նչ են խոսել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնց քարոզչության ուղիները հատվել են Հայաստանում։ Սուրբ Հոգու հրա՞շքն են հիշել երախտագիտությամբ, թե՞ խոսել են փորձություններից, որոնց հանդիպել են քարոզչության տատասկոտ ճանապարհներին։
Read more