
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով։
Հայաստանի պետական պարտքը մոտենում է 10 միլիարդ դոլարի շեմին: 2022 թվականի հուլիսի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 9 միլիարդ 974 մլն դոլար: 2021-ի վերջին պետական պարտքը կազմել է 9 մլրդ 226 մլն դոլար։ Այսինքն ութ ամիսների ընթացքում պետական պարտքն աճել է 748 մլն դոլարով կամ 8.1 տոկոսով:
Հատկանշական է, որ Հայաստանի արտաքին պարտքը 2021-ի տարեվերջի համեմատությամբ նվազել է 247 մլն դոլարով կամ` 6 մլրդ 648 մլն դոլարից դառնալով 6 մլրդ 401 մլն դոլար, իսկ ներքին պարտքն աճել է 996 մլն դոլարով` 2 մլրդ 577 մլն դոլարից դարձել է 3 մլրդ 573 մլն դոլար:
Ինչպես է ձևավորվում պետական պարտքը
Պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է: «Պետական պարտքի մասին» օրենքի համաձայն` պետական պարտքը ստանձնվում է Հայաստանի Հանրապետության անունից` կառավարության, պետական մարմինների և ԿԲ-ի կողմից: Պետական պարտքի բաղադրիչներն են ներքին պետական պարտքը և արտաքին պետական պարտքը:
Պետական պարտքը ներգրավվում է հիմնականում բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն ապահովելու համար: Կառավարության պարտքը ՀՀ կառավարության ստանձնած և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարն է:
«Պետական պարտքի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ներքին պետական պարտքը` ՀՀ անունից` կառավարության լիազոր մարմնի կողմից ՀՀ ռեզիդենտների հանդեպ փոխառության կամ վարկային պայմանագրերի հիման վրա ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարն է, իսկ արտաքին պետական պարտքը ՀՀ անունից և ԿԲ-ի անունից ՀՀ ոչ ռեզիդենտների և օտարերկրյա պետությունների հանդեպ ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարն է:
Արտաքին պետական պարտքի աղբյուրներն են` օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, վարկավորող բազմակողմ հաստատություններից փոխառությունները և վարկերը, ոչ ռեզիդենտ և դրանց ֆիզիկական և իրավաբանական անձանցից փոխառությունները և վարկերը, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական և արտարժույթով թողարկված պարտատոմսերը, արտաքին պետական երաշխիքները:
2022-ի օգոստոսի տվյալներով Հայաստանի արտաքին պարտքի ամենամեծ պարտատերերն են Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկը (IBRD)՝ 19,3 տոկոս, Զարգացման Միջազգային Ընկերակցությունը (IDA)` 19 տոկոս, Ասիական զարգացման բանկը (ADB)` 17,3 տոկոս, իսկ միջազգային կազմակերպություններին ընդհանուր պարտքը կազմում է 79,3 տոկոս: Օտարերկրյա պետություններին Հայաստանի ընդհանուր պարտքն օգոստոսի տվյալներով 20,4 տոկոս է, որի գերակշիռ մասը ՌԴ-ին պարտքն է` 7,6 տոկոս, Գերմանիայինը` 5,4 տոկոս, Ֆրանսիայինը` 3 տոկոս: Առևտրային բանկերին պարտքը կազմում է 0,3 տոկոս։
Նկատենք, որ դոլարի արժեզրկումը դրական ազդեցություն է ունեցել պետական պարտքի բեռի վրա, քանի որ արտաքին պարտքը հիմնականում մարվում է դոլարով, սակայն դրա համար պետական բյուջեից տրամադրվող գումարը ՀՀ դրամով է։ Այսինքն, որքան արժեզրկված է դոլարը, այնքան ավելի քիչ դրամ է ուղղվում պետական պարտքի մայր գումարներին ու տոկոսավճարներին։ ԿԲ-ի տվյալներով` այս տարվա հոկտեմբերի 30-ին ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը կազմել է 395 դրամ, իսկ օրինակ այս տարվա հունվարի 31-ին ԱՄՆ 1 դոլարը կազմել է 482.78 դրամ: Այսինքն՝ տարեսկզբի համեմատ դոլարն էժանացել է մոտ 18 տոկոսով: Եվ սա է պատճառը, որ արտաքին պարտքը ՀՀ դրամով հաշվարկած նվազել է` 6 մլրդ 648 մլն դրամից դառնալով 6 մլրդ 401 մլն դրամ:
Պարտքի կառավարելիությունը
Ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը վստահեցնում է`ավելի քան կառավարելի է Հայաստանի պետական պարտքը: Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը կարևորում է այն փաստը, որ Հայաստանի պետական պարտքի մեջ գնալով ավելանում է դրամային բաղադրիչը, ինչը կառավարելիության տեսակետից բավականին բարձրացնում է կառավարիչների հնարավորությունները:
«Պարտքի կառավարման առումով հրաշալի իրավիճակ է, մանավանդ, երբ ներքին պարտքն էլ ավելի բարձր տեմպերով է աճում, քան արտաքինը»,- ասում է Մարգարյանը՝ բացատրելով, թե որքան դրամային պարտքի տեսակարար կշիռը մեծանա, այնքան ռիսկը նվազում է, իսկ դրամային պարտքը հինգ տարի առաջվա 10 տոկոսից դարձել է 33-34 տոկոս։
Նրա խոսքով` պետական պարտքի ֆիզիկական ծավալի հիման վրա հնարավոր չէ հասկանալ` պարտքային ինչ վիճակ է, պետք է ավելի շատ որակական ցուցանիշներն ուսումնասիրել: Ըստ Մարգարյանի` այս տարի միանշանակ է, որ պետական պարտքը շատ ավելի դանդաղ է աճում, քան համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն), այսինքն Հայաստանը պարտք ավելի քիչ է վերցնում, քան` տնտեսությունն է աճում է:
«Պետական պարտքի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը: 2021-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 63,4 տոկոս:
Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն, եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը:
Եվ քանի որ այս տարվա պետական պարտքի զուտ ներգրավումների մեջ առայժմ գերակշռում է դրամային պարտքը, Արշալույս Մարգարյանի համոզմամբ, որևէ կերպ չի աղավաղում վիճակագրական տվյալները, քանի որ փոխարժեքով գործարք չի իրականացվում. պետությունը դրամով պարտք է վերցնում, դրամով` վերադարձնում:
Չնայած դրամի արժևորմամբ պայմանավորված այս տարի շահեկան վիճակ է ստեղծվել պետական պարտքը մարելու առումով, սակայն կառավարությունն այս տարի սահմանվածից շատ մարումներ չի իրականացրել: Նախարարության ներկայացուցիչը համաձայնում է`պարտքի մարման տեսակետից շատ ավելի հաճելի է, երբ ավելի բարձր փոխարժեքով գումար ես վերցրել ու ավելի ցածրով մարում ես, բայց այդ երևույթը չի կարող հավերժական լինել, ուստի դրա վրա պետք չէ կենտրոնանալ:
Ըստ Մարգարյանի՝ պարտքի մարման գրաֆիկը կապ չունի փոխարժեքի հետ, քանի որ եթե ըստ գրաֆիկի վարկը պետք է մարվի 2027-ին է, ապա ժամանակից շուտ մարում չեն կատարում:
«Իհարկե, կարող ենք վաղաժամկետ մարումներ անել, բայց դրանք միայն բացառիկ դեպքերում, մեր պարտքի մեջ այդքան վատ որակի պարտք չկա, որ մենք հետ գնենք այն։ Հետ գնել նշանակում է տեղ ազատել նոր պարտք վերցնելու համար, իսկ ազատված տեղը լցնելու համար մենք միևնույն է գնալու ենք այսօրվա բարձր տոկոսադրույքներով փող ներգրավենք, ինչը մեզ պետք չէ»,- բացատրում է ֆինանսիստը:
Ոչ թե պարտքն է մեծ, այլ ՀՆԱ-ն է փոքր
Տնտեսագետ, Հայաստանի ԿԲ-ի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ևս այն կարծիքին է, որ պետական պարտքն ամբողջությամբ կառավարելի է: Նա նաև այն համոզմունքին է, որ Հայաստանն իր ամբողջ պատմության ընթացքում երբևէ պետական պարտքի կառավարման խնդիր չի ունեցել: Տնտեսագետի խոսքով` 2022-ին ստեղծված պայմանները և մասնավորապես փոխարժեքի տատանումներն ինչ-որ առումով ավելի բարենպաստ իրավիճակ են ստեղծել, և միանշանակ է, որ այս տարի պարտքի կառավարման իմաստով լինելու է առաջընթաց, ինչն արդեն իսկ նկատելի է:
«Իմ սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը․ ոչ թե պարտքն է մեծ, այլ ՀՆԱ-ն է փոքր, այսինքն ամեն ինչ պետք է անել, որ տնտեսության աճի տեմպերը լինեն ավելի բարձր, որպեսզի ՀՆԱ-ն աճի: Ակնհայտ է, որ մեր նման երկրներում տնտեսությունը կարող է զարգանալ նաև օտարերկրյա փոխատվական միջոցների ներգրավմամբ, և պետական պարտքը նաև այն միջոցն է լինելու, որ մասնավորը գնա փողեր հայթայթի, ներդրումներ անի և տնտեսական աճն ապահովի»,- ասում է Ասատրյանը:
Ինչ վերաբերում է ներդրումներին, Ասատրյանն այն մեկ բառով է բնորոշում` տխուր, ինչն, ըստ նրա`շարունակական գործընթաց է, քանի որ համաշխարհային գործընթացներով պայմանավորված բացասական ֆոն է առկա, և այդ խնդիրը չի լուծվում:
Ասատրյանի գնահատմամբ` փոխարժեքների նման տատանումների պարագայում իշխանությունները, իհարկե, պետք է ձգտեն հնարավորինս արտաքին պարտավորությունները նվազեցնել, ավելի շատ պարտք մարել, այս ամենը վերջին յոթ-ութ ամիսների ընթացքում տնտեսագետը նկատել է` ի հաշիվ ներքին պարտքի ավելացման` նվազել է դոլարային արտահայտությամբ արտաքին պարտքը:
«Բայց ընդհանուր բալանսով պարտքի նվազում է տեղի ունենում, և տարին փակելու ենք, հավանաբար, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսից ցածր շեմում»,- կանխատեսում է Ասատրյանը:
Տնտեսագետը, սակայն, այն կարծիքին է, որ կառավարությունը ստեղծված շահեկան իրավիճակից այնքան էլ չի օգտվում. ըստ նրա՝ ներմուծման հնարավորություններն ընդլայնվել են, սակայն իշխանությունները համարժեք չեն արձագանքում: Նրա համոզմամբ` իշխանությունները ոչ միայն պարտքը պետք է կրճատեին, այլ նաև փոխարժեքի տատանումների պարագայում ներմուծեին տեխնոլոգիաներ, նպաստավոր պայմաններ ստեղծեին նաև մասնավոր հատվածի համար:
Ասատրյանը ողջունում է ներքին պարտքի աճն ի հաշիվ արտաքին պարտքի նվազեցման, քանի որ այդ կերպ կախվածությունն արտաքին գործոններից նվազում է, այլ հարց է, որ ռեսուրսների օգտագործման խնդիրը մշտապես առկա է։
Որևէ ցուցանիշ մտահոգիչ չէ, եթե վերցված պարտքը ծախսվում է արդյունավետ
Երևանի պետական համալսարանի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Հայկ Մնացականյանն այն կարծիքին է, որ պարտքի որևէ ցուցանիշ մտահոգիչ չէ, եթե վերցված պարտքը ծախսվում է արդյունավետ: Նա հիշեցնում է` Ճապոնիայի պետական պարտքը ՀՆԱ-ի հանդեպ 200 տոկոս է, սակայն, միանշանակ է, որ ամբողջ աշխարհը թերևս պատրաստ է Ճապոնիային վարկային միջոցներ տրամադրել, որովհետև այդ երկիրը պարտքը ծախսում է արդյունավետ, ինչն էլ հանգեցնում է տնտեսության զարգացման:
«Ինչքանով ենք մենք պարտքը ծախսում արդյունավետ, դա պետք է երևա ցուցանիշներից, բայց, ցավոք, մենք չունենք այնպիսի ցուցանիշներ, որոնք վկայեն, որ արդյունավետությունը բարձր մակարդակի վրա է, որովհետև չի նվազում աղքատության մակարդակը, գործազրկության մակարդակը, ՀՆԱ-ի կառուցվածքը, որպես այդպիսին, էական փոփոխության չի ենթարկվում: Արդյունքում կարծես թե դոփում ենք նույն տեղում, որն արդեն մտահոգիչ է»,- ասում է տնտեսագետը:
Մնացականյանը հիշեցնում է, որ ցանկացած վարկ տրվում է որոշակի ժամկետով որոշակի ծրագրերի համար և նախատեսված է մարումների համապատասխան ժամանակացույց: Նրա խոսքով` Հայաստանի ժամանակացույցում առաջին պիկը 2025-ին է լինելու, որի ընթացքում դոլարային արտահայտությամբ մեկ միլիարդից ավելի մարումներ պետք է արվեն: Եվ չնայած, այս ընթացքում՝ օգտվելով փոխարժեքի տատանումներից պետությունը վաղաժամկետ մարումներ չի իրականացրել, սակայն ԿԲ-ն, ի դեմս պետության, բավական շատ գումար է գնել շուկայից` մեծացնելով պահուստները: Ըստ Մնացականյանի` ակնկալվում է, որ դրա մի մասը կօգտագործվի հետագա մարումների ընթացքում:
«Եկեք ֆիքսենք, որ պարտքի չափը, մեծությունն էական դեր չեն խաղում, ավելի մեծ դեր է խաղում այն փաստը, թե ինչ օգուտ է տալիս այդ պարտքը, իր օգտակարությունը, նպատակը, որի համար ծախսում են: Մեր հիմնական ու պարտքային միջոցները շատ կարևոր է ուղղել կապիտալ ծախսերին, բայց հենց կապիտալ ծախսումների առումով և՛ բյուջեում, և՛ նախատեսված ծախսային հոդվածներով թերակատարումներ ունենք: Իսկ եթե կապիտալ ներդրումները, կապիտալ ծախսերը չավելանան, տնտեսությունը չի կարող զարգանալ»,- իր մտահոգությունն է հայտնում տնտեսագետը:
Իսկ թե որն է պատճառը, որ պետությունը ներգրաված վարկային միջոցներն արդյունավետ չի ծախսում, շատ դեպքերում` թերակատարում, տնտեսագետն այն կարծիքին է, որ պետական համակարգում կառավարման մտածելակերպի փոփոխություն է հարկավոր: Նրա համոզմամբ` պետք է ներգրավվեն մարդիկ, որոնք տիրապետում են այդ մտածելակերպին և յուրաքանչյուր արած-չարածի համար որոշակի պատասխանատվություն կստանձնեն:
«Պատկերացրեք իրավիճակ, երբ պարտքը վերցնում են, ծախսում, արդյունք չկա իսկ ով է պատասխանատու դրա համար, ստացվում է` ոչ մեկ: Եվ հետո, այն փաստը, որ պարտք ցանկացող մարմինը, պարտք վերցնողը և վերահսկողը մի նախարարությունում է, դա չի կարող նպաստել արդյունավետությանը: Բազմաթիվ երկրներում գոյություն ունի պարտքի կառավարման գործակալություն, որը կարող է ոչ նպատակահարմար համարել որևէ գումարով կամ որևէ տոկոսով պարտք վերցնելը: Պատկերացրեք, որ նախարարարությանը ենթակա որևէ մեկն ասի` նպատակահարմար չէ այդ պարտքի ներգրավումը, չեմ կարծում, որ նման բան լինի»,- եզրափակում է Մնացականյանը:
Կառավարելին չի նշանակում արդյունավետ ծախսել
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանն ասում է, որ պարտքի կառավարելիությունը գնահատելու համար պետք է ունենալ տվյալներ առ այն, թե ինչի վրա է ծախսվում այդ պարտքը, քանի որ այդ տեղեկությունը սովորաբար հանրության, ինչպես նաև փորձագետների համար մատչելի չէ:
«Եթե պարտքի թիվը որպես այդպիսին վերցնենք, մեծ գումար չէ, բայց Հայաստանի համար, իհարկե, մտահոգիչ է, հատկապես, երբ արտաքին պետական պարտքը դժվար կառավարելի է եղել, և քիչ չեն դեպքերը, երբ նոր պարտք են վերցրել հին պարտքի մասը փակելու համար»,- ասում է տնտեսագետը՝ հիշեցնելով, որ նման պարտք եղել է հատկապես 2009-ին, երբ գլոբալ ֆինանսական ճգնաժամի փուլում Հայաստանը պարզապես բյուջեում բավարար գումարներ չուներ սոցիալական խնդիրներ լուծելու համար:
Ըստ նրա` մեկ այլ խնդիր է, թե ինչ պայմաններով է Հայաստանն այդ պարտքը վերցնում և որքանով կարող է այդ գումարը նպաստել տնտեսությունը զարգացնելուն: Նրա խոսքով` ինչպես փորձն է ցույց տալիս, բացի առանձին փոքր ծրագրերից, մեծ արտադրական, արդյունաբերական ծրագրեր ֆինանսավորելու համար մեծ վարկեր չեն տրամադրվել ՀՀ-ին:
Փորձագետի համոզմունքն է, որ թե՛ արտաքին պետական պարտքը, թե՛ ներքինը պետք է լինեն հասցեական և այստեղ բավական լուրջ անելիքներ կան:
«Իհարկե պետական պարտքը, հատկապես արտաքինը եղել է կառավարելի, բայց դա մեզ չի մխիթարում, որովհետև կառավարելի չի նշանակում, որ եղած միջոցներն արդյունավետ օգտագործվել են: Դա նշանակում է, որ ժամանակին փորձել են տոկոսադրույքները կամ մայր գումարի մի մասը մարել, կամ` ժամանակացույցի շուրջ նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- մանրամասնում է Մանասերյանը:
Տնտեսագետի գնահատմամբ` ամենամեծ խնդիրն այն է, որ հասարակությունը որպես այդպիսին չի տեսել այդ փոխառությունների իրական արդյունքը, և որ ավելի կարևոր է` կառավարությունները բնավ հաշվետու չեն եղել իրենց կուտակած պարտքերի համար, և դա նոր երևույթ չէ: Հանրությանն այդպես էլ մանրակրկիտ հաշվետվություն չի ներկայացվել, յուրաքանչյուրը յուրովի ավելացրել է պարտքը` առանց հաշվետու լինելու: Պարտք ներգրավելուց կառավարությունն ասում է, որ գումարը, օրինակ՝ ծառայելու է դատաիրավական համակարգի բարեփոխումներին, սակայն աբստրակտ հասկացություններից այն կողմ քաղաքացին այդպես էլ իր վրա երբեք չի զգում, թե իրականում ինչ վարկ է և արդյոք նպատակին ծառայում է, թե ոչ:
Պարտք-ՀՆԱ հարաբերակցության նվազեցումը՝ գլխավոր տեսլական
Կառավարության 2022-2026 թվականների պետական պարտքի բեռի նվազեցման ծրագրով` նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ կառավարության պարտքը մինչև 2026-ը նվազեցնելով ՀՆԱ-ի 60 տոկոսից։ Ծրագրով նախատեսվում է աստիճանաբար բարելավել եկամուտներ-ՀՆԱ ցուցանիշը՝ հարկային եկամուտների միջոցով: Իսկ ծախսային մասում նախատեսվում է ՀՆԱ-ի մեջ աստիճանաբար ավելացնել երկարաժամկետ տնտեսական աճ ստեղծող կապիտալ ծախսերը և միաժամանակ նվազեցնել ընթացիկ ծախսեր-ՀՆԱ ցուցանիշը:
Ըստ այդ ծրագրի կանխատեսումների` 2026-ին կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կարող է լինել 53,8 տոկոս:
Նշենք սակայն, որ սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում 2023-ի պետական բյուջեի նախագիծը քննարկելիս, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությանը՝ ասելով, որ 2023-ին նոր պարտքային միջոցներն այնքան կներգրավվեն, որ 2023-ի վերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում:
«Վերջին մակրոտնտեսական զարգացումները և դրամի արժևորումը նպաստել են, որ 2022-ի արդյունքներով արձանագրվի ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերության զգալի բարելավում: Եթե 2021-ի արդյունքներով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60.3 տոկոս, ապա այս տարվա արդյունքներով այն կլինի 53 տոկոսից ցածր սահմանում: Հաշվի առնելով կառավարության պարտքն ավելի կառավարելի և անվտանգ միջավայրում կայունացնելու կարևորությունը՝ նախատեսում ենք գալիք տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը»,- մանրամասնել էր Խաչատրյանը:
Մեր հայերեն էջից
«Խելացի» անասնաշենքեր՝ ոչ այնքան խելացի հաշվարկներով
Հայաստանի կառավարության նախաձեռնած ծրագիրը, որի նպատակն է ավելացնել կենդանիների կաթնատվությունն ու մթերատվությունը, նախատեսվածից ավելի պակաս հետաքրքրություն է առաջացրել։
Read more«Ցավդ տանեմ…»․ համապարփակ պալիատիվ խնամք
Երբ բժշկությունն արդեն անզոր է, և օրգանիզմը չի արձագանքում բուժմանը, օգնության է հասնում պալիատիվ խնամքի կենտրոնը: Հոդվածն անդրադառնում է, թե ինչպես է Հայաստանում գործում այս ծառայությունը, ինչ խնդիրների է բախվում ու ինչ տեսլական ունի։
Read moreԱնձնական օգնական՝ հաշմանդամություն ունեցող անձանց
Պետությունը ներդնում է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ինստիտուտը։ Աստղիկ Կարապետյանն անդրադառնում է, թե ինչ նպատակներ ունի այն, որքանով է անհրաժեշտ ու իրատեսական։
Read moreԲուքմեյքերների դերը տնտեսությունում ու պետության պայքարը
Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող ընկերությունները թեև խոշոր հարկատուների ցանկում են, սակայն պետությունը որոշել է փոխել քաղաքականությունն ու արգելակներ դնել խաղատան ճանապարհին։
Read moreՀամայնքների խոշորացում. խնդիրներ և մարտահրավերներ
Համայնքների խոշորացման լայնամասշտաբ ծրագիրն այս տարի ավարտվում է։ Հասմիկ Բալեյանը դիտարկել է ծրագրի թերություններն ու արդյունավետությունը։
Read moreՊահեստազորայինների հավաքներ․ վարժանքնե՞ր, թե համալրում
Հայաստանում վերջին մեկ տարում պարբերաբար անցկացվում են պահեստազորայինների վարժական հավաքներ, որոնցով, թերևս, փորձ է արվում լուծել մի շարք խնդիրներ։
Read moreԿաֆկան Արցախում
Սոնա Կարապողոսյանն անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի մասին ֆիլմին` նշում է, որ ռեժիսորը փորձել է պատմությունը ներկայացնել բեմականացված-վավերագրական ժանրի պրիզմայով, որը ֆիլմի ընթացքում սկսում է մետամորֆոզ ապրել, դառնալ բարակ ու թափանցիկ` բացահայտելով ռեժիսորի ու նրա տեսախցիկի ներկայությունը:
Read moreՆոր փոդքաստ
Բայց և սակայն, այնուամենայնիվ
Գրքամոլի օրագիրը
Բայց եւ սակայն, այնուամենայնիվ... Ի՞նչ հասարակական նշանակություն ունեն այսօր՝ մեր գերհասանելի ու գերհագեցած թվանշային դարաշրջանում տպագիր գրքերն ու հատկապես բուկինիստական գրախանութները, որոնցից առավել ինքնատիպն ու երկարակյացը վերջերս փակեց իր դռները Երևանում՝ տեղի տալով հերթական սրճարանի։ Արձակագիր Արամ Պաչյանի հետ զրուցում ենք 21-րդ դարում հետզհետե անհետացող գրքամոլության մշակույթի, միջավայրի ինչպես նաև տպագիր գրքերի զարմանալիորեն հարատևող հմայքի մասին։
Read moreԺառանգության մշակույթ՝ առասպելներից դեպի ռազմավարություն
EVN Report-ի «ԵՎ այլն» բաժնի խմբագիր, արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը մեկնարկում է զրույցների շարք։ Նախագծի առաջին զրույցի թեման է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները, համակարգային ու պետական ռազմավարությունների վերանայման օրհասական անհրաժեշտությունը։ Զրուցակից՝ մշակութային մարդաբան Գայանե Շագոյան։
Read more