
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։
Վավերագրական կինոն կանգնած է կինեմատոգրաֆի սկզբնավորման հիմքում և մեկ հարյուրամյակի ընթացքում ենթարկվել է անհամար փոխակերպումների, թոթափել թելադրված սահմանափակումներն ու տարածվել ժանրային եզրագծերից անդին: Ի սկզբանե, այն միտված է եղել փաստելու և հնարավորինս ճշգրտորեն վերապատմելու իրականությունը։ Սակայն տասնամյակների ընթացքում ժանրը ստանձնեց այլ գործառույթներ` քարոզել ու համոզել, ուսումնասիրել և վերլուծել: Վավերագրական կինոյի առաջին հեղափոխականների՝ Ռոբերտ Ֆլահերտիի և Դզիգա Վերտովից հետո, 20-րդ դարի կեսերին ի հայտ եկան այս արտահայտչամիջոցը հիմնովին վերաիմաստավորող նոր դեմքեր։ Դրանցից էին Ժան Ռուշն ու Էդգար Մորին, ովքեր առաջ քաշեցին «իրական կինո»-յի (ֆրանս.` cinéma vérité) գաղափարը, ինչը նշանակում էր իրականության վավերագրում՝ առանց ռեժիսորի կողմից որևէ միջամտության կամ հետկադրային տեքստի: Ենթաժանրը, որ հայտնի է նաև դիտորդային վավերագրական կինո տերմինով (observational documentary), դառնալու էր «բացարձակ իրական կինո»-յի շուրջ քննարկումների ու փնտրտուքների անվերջ աղբյուր:
Վավերագրական կինոյի լայն տարածման, ինչպես նաև «ստանդարտացման» գործընթացում վերջերս նաև մեծ դեր ունեցավ Նեթֆլիքսը (Netflix), որին գրանցված օգտատերերի քանակի մասին առասպելական լեգենդներ են հյուսվում: Վավերագրական ֆիլմերն ու սերիալները, որոնք առաջարկում է այս հոսքային (streaming) հարթակը, ունեն ոճային մի շարք նմանություններ. դրանք կառուցված են մեկ կամ մի քանի հերոսների շուրջ, բաղկացած են զրույցներից ու հարցազրույցներից, մոնտաժն ու երաժշտությունը ստեղծում են դինամիկա` կլանված պահելու հանդիսատեսին: Ոճային առաջնահատկությունները նույնն են նաև մյուս հոսքային ալիքների դեպքում. Hulu-ն, HBO-ն և մյուսներն առաջարկում են միանման «զվարճեցնող» վավերագրական ֆիլմեր և, այսպիսով, վերաձևում են հասարակության մեծ մասի պատկերացումները վավերագրական կինոյի մասին:
Գլխավորապես ամերիկյան այս արտադրանքին հակադարձում են եվրոպական արտադրության կամ համարտադրության վավերագրական ֆիլմերը, որոնք ավելի մոտ են ռուշ-մորինյան ակունքներին: Այս ժանրում արված ֆիլմերը հիմնականում ընդգրկվում են եվրոպական միջազգային կինոփառատոններում, ստանում սահմանափակ կինոթատրոնային դիստրիբուցիա և անհետանում հոսքային մուլտիմեդիաների թվային դարակներում: Այս ֆիլմերն ավելի մեդիտատիվ են, սակավ երկխոսություններով, ընդարձակ ու դիտորդային տեսարաններով, մոնտաժը սահուն է, բնական ձայները փոխարինում են երաժշտությանը: Եթե անգամ այս պատմությունների հիմքում հերոս/ներ են, նրանց պատմությունները չունեն դասական դրամատուրգիական զարգացումներ, ավելի դիպվածային են կամ ընդհանրապես բացակայում են: Մեկ այլ տենդենց, որ սկսեց տարածում ստանալ 2000-ականներին ու ևս բխում էր վավերագրական ժանրից, հիբրիդ կամ խառնածին ենթաժանրն է, որը միահյուսում է վավերագրական ու խաղարկային պատմողականության ոճերը` ավելի վերացական դարձնելով այս երկու ժանրերի միջև գոյություն ունեցող սահմանը:
Եթե դիտարկենք հայկական վավերագրական կինոյի դիրքն այս երկու հիմնական ուղղությունների հարաբերակցությամբ, կտեսնենք, որ վերջին տասնամյակում նկարված հայկական ֆիլմերը հարում են երկրորդ հոսանքին ու գրեթե բոլորն արված են եվրոպական համարտադրությամբ: Վարդան Դանիելյանի, Սիլվա Խնկանոսյանի, Թամարա Ստեփանյանի, Իննա Մխիթարյանի, Իննա Սահակյանի, Գարեգին Պապոյանի, Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի, Վահան Խաչատրյանի, Արթուր Սուքիասյանի, Արման Երիցյանի և մյուս հայ վավերագրողների ֆիլմերը (երբեմն որոշ վերապահումներով) տեղավորվում են դիտորդային կինոյի սահմանման մեջ: Մինչդեռ նեթֆլիքսյան դինամիկ ոճով արված վավերագրական ֆիլմերն ավելի սակավ են. Գարին Հովհաննիսյանի վերջին երկու` «Ես մենակ չեմ» և «Անտեսանելի հանրապետություն» ֆիլմերը տվյալ՝ մասսայական կինոյին հարող ենթաժանրի ամենավառ օրինակներ են ժամանակակից հայկական կինոարտադրությունում և պատահական չէ, որ «Ես մենակ չեմ»-ը գնվել է Նեթֆլիքսի կողմից։
Վերջին տարիներին Հայաստանում արտադրված և միջազգային մեծ հաջողություն գրանցած վավերագրական ֆիլմերից է Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «5 երազողները և ձին» ֆիլմը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ շվեյցարական Visions du Reel փառատոնում 2022-ին, և ապա ցուցադրվեց վավերագրական ֆիլմերի աշխարհում ճանաչում վայելող բազում կինոփառատոններում` Լայպցիգում, Յիլհավայում, Մոնրեալում, Նյու Յորքում և այլն: Ֆիլմի փառատոնային տպավորիչ հետագծի հիմնական պատճառներից մեկը վերջինիս վավերագրության կինոլեզուն է, որը ոչ միայն մոտ է ժամանակակից հեղինակային վավերագրական կինոյի հանդիսատեսի «նախընտրելի» ոճին, այլև առաջարկում է իր փորձարկումները:
«5 երազողները և ձին» բաղկացած է երեք պատմություններից, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբերվող պատմողական ոճ` արտահայտված պատկերահանի (բեմադրող օպերատորի) աշխատանքի, կադրերի ու տեղանքների ընտրության, երաժշտության ու մոնտաժի միջոցով: Առաջին պատմությունը, որ Ամասիայում ապրող Կարենի մասին է, կառուցված է տեսողական հակադրությունների շուրջ. հերոսը սլանում է հեքիաթային ու ձնեպատ դաշտում, ապա կտրուկ մոնտաժը տեղափոխում է հանդիսատեսին ցեխոտ ու քանդված ճանապարհ, լայն ու խաղաղ համայնապատկերային տեսարանները փոխարինվում են մեքենայի կլաուստրոֆոբիկ սրահում ծավալվող զրույցներով և բարձր երաժշտությամբ, հեռավորության վրա արված տեսարանները զուգորդված են հերոսների դեմքերի խոշորված կադրերով: Պատմությունն ունի ճանապարհային կինոժանրի (road movie) մոտիվներ. Կարենն անդադար շարժվում է ու փնտրում: Հատվածում առկա են հայկական ավանդույթները պատկերող տեսարաններ` թաղման և նշանդրեքի, որը հարստացնում է ֆիլմը տողական էկզոտիկայի տարրերով:
Ի տարբերություն Կարենի, երկրորդ հերոսը` Մելանյան, ֆիլմի ողջ ընթացքում գտնվում է նույն տեղանքում` հիվանդանոցի վերելակում: Տեսախցիկը ևս գրեթե չի տեղաշարժվում` պահպանելով իր անհաղորդ, կատարելապես անտարբեր դիրքը` ստատիկ, ուղղված դեպի հերոսների մարմինների մեջտեղի հատված: Քանի որ բոլոր գործողությունները տեղի են ունենում վերելակում, էկրանի վրա դրանք հայտնվում են ներքին շրջանակի մեջ (a frame within a frame), ինչն ավելի ակներև է դառնում, երբ տեսախցիկը նկարում է վերելակի դրսից` կրկնակի շրջանակի մեջ վերցնելով հերոսուհուն` կենտրոնացնելով ուշադրությունը նրա վրա և արտահայտելով նրա «բանտարկված» առօրյան:
Ֆիլմի երրորդ պատմության առանցքում դեռահասներ Սոնան և Ամասիան են, ովքեր ևս հազվադեպ են լքում իրենց «ամրոցը»` շենքի կտուրը: Տպավորություն է, որ շենքը գտնվում է բաց մարգագետինում կամ անապատում, որտեղ չկան այլ կառույցներ. ներքև գոյություն չունի: Այստեղ այլ է տեսախցիկի աշխատանքը, որն անդադար շարժվում ու տատանվում է օպերատորի ձեռքերում` արտահայտելով երիտասարդների անկայուն ներաշխարհը, անհանգստությունն ու անհամբերությունը: Հիմնական հատկանիշը, որ ոճային առումով միավորում է բոլոր երեք հատվածները, զրույցներն են, որոնց միջոցով տեղի է ունենում հերոսների ներկայացումը հանդիսատեսին:
Եթե վերոնշյալ ոճային առանձնահատկությունները տարածված են ժամանակակից վավերագրական կինոյում, «5 երազողները և ձին» ֆիլմի որոշ բաղադրիչներ ավելի հազվադեպ են հանդիպում ժանրի մյուս օրինակներում: Դրանցից մեկը վառ արտահայտված գեղարվեստական հիմքն է, որը նկատելի է ողջ ֆիլմի ընթացքում: Սկսելով որպես հեքիաթ` այն առաջ է բերում առասպելային ծառի գաղափարը, որի շուրջ էլ հյուսվում են պատմությունները: Ծառը շարունակաբար հայտվում է հերոսների պատմություններում` ընդունելով տարբեր ձևեր. նրա մասին է երգում Ամասիան, այն ռմբակոծվում է պատերազմի ժամանակ: Ծառը դառնում է ֆիլմի մոգական ռեալիզմի տարրերի սկզբնաղբյուրը և վերաիմաստավորում է առաջին հայացքից առօրեկան թվացող որոշ գործողություններ` կախարդանքի շունչ հաղորդելով այս դրվագներին. օրինակ` տարեց կնոջ` Կարենի բաժակը նայելը` կանխատեսելու նրա ապագան, կամ Սոնայի և Ամասիայի բախտագուշակությունը քարտերով:
Մոգականության ստեղծման գործում մեծ դեր է կատարում Ավետ Տերտերյանի երաժշտության օգտագործումը, որը, ի հավելում կախարդանքին, ստեղծում է անհանգստության զգացողություն և յուրովի չարագուշակում ապագան` երազանքների ձախողումը կամ ավարտը: Տեսողականության տեսանկյունից գալիք փոփոխությունների չարագուշակումն արտահայտվում է վարդագույնի օգտագործմամբ, որը պատում է էկրանը մի քանի վայրկյանով` հակասություն ստեղծելով գույնի հետ գոյություն ունեցող ասոցիացիաների և հետևող ձախողումների միջև: «Հետևող ձախողումները» կամ փոփոխություններն արտահայտելու համար ռեժիսորներն օգտագործում են մինչ այդ գործադրված տեխնիկաների հակառակ գործողություններ` Կարենը դուրս է գալիս իր «հարմարավետության գոտուց» և հայտնվում հիվանդանոցում, Մելանիան գտնվում է վերելակից դուրս, աղջիկներն իրենց մեկուսացված վիճակից հանկարծ հայտնվում են ընդհատակյա ռոք համերգում։ Իրենց երազանքներից կառչած հերոսներն այս կամ այն կերպ ստիպված են լինում առերեսվել դժգույն իրականությանը:
Պոստմոդեռնիստական գրականության ամենահայտնի վեպերից մեկում` «Անտեսանելի քաղաքներ»-ում (հեղինակ` Իտալո Կալվինո), Մարկո Պոլոն պատմում է Խուբլայ խանին 55 անտեսանելի քաղաքների մասին ու երբ խանը խնդրում է նրան պատմել իր` Պոլոյի ծննդավայրի` Վենետիկի մասին, վերջինս պատասխանում է, որ բոլոր պատմությունները Վենետիկի մասին էին: Նույն ձևով «5 երազողները և ձին» ֆիլմում հեղինակներն օգտագործում են տարբեր արտահայտչամիջոցներ, տեսողական պատմողականության տեխնիկաներ ու ձևեր` պատմելու մեկ երկրի կամ երազանքի մասին: Ռեժիսորներին հաջողվում է մտածել ժանրային սահմանափակումներից դուրս, միախառնել մոգական ռեալիզմն ու իրական վավերագրության տարրերը` ստեղծելով տարօրինակ հեքիաթ, որի մեջ ապրում ենք բոլորս: Իր բազմալեզու ու հեղհեղուկ կառուցվածքով, այս մոտեցումն ակնարկում է հայկական վավերագրական կինոյում «ճշմարտության» փնտրտուքների ու կերպարների ներկայացման ավելի ճկուն, լայնախոհ ու ներգրավված հայեցակարգերի առաջացման մասին։ Դա հույս է տալիս ոչ միայն տեղական կինեմատոգրաֆի արդիականացման ու միջազգայնացման հեռանկարների, այլև մեր հակասական իրականությունն ավելի բազմակողմանիորեն վերլուծելու կինոյի հնարավորությունների առումով։
ԵՎ այլնա
Հիշել «Երևանը»
Երևանն ուներ իր սեփական վեպը, այն ուղղակի մոռացվել էր, հեռացվել էր մեր հիշողությունից։ Ժամանակակից արձակը լուսավորեց մոռացության խավարը և օգնեց մեզ հիշել «Երևանը», գրում է Տիգրան Ամիրյանը։
Read moreՍերն ու չսերը «Հրաշագործում»
«Հրաշագործը» երեխայասեր մեր հասարակության համար սիրո ու չսիրո դիմաց դնում է հավասարման մեծ նշան։ Մեկնաբանում է Նունե Հախվերդյանը։
Read moreՑուցահանդես՝ արվեստի տարածքից դուրս
Արվեստի ավանդական տարածք համարվող միջավայրից դուրս ցուցահանդեսները հայաստանյան իրականության մեջ շատ չեն, բայց, միևնույն ժամանակ, դժվար չէ նկատելը վերջին տարիների միտումը։
Read moreՃարտարապետության ժամանակը կրկին. մաս 2
Ճարտարապետության սուբյեկտը հենց գործն է, ոչ թե այդ գործի փաստացի հեղինակը կամ պատվիրատուն, սպառողը կամ ուրիշ ատյանները, մեկնաբանում է Միսակ Խոստիկյանը։
Read moreՃարտարապետության ժամանակը կրկին
Ճարտարապետության հիմնահարցերին, ընկալումներին ու խնդիրներին է անդրադառնում Միսակ Խոստիկյանը։
Read moreՀայկական կինոյի մասին
Նույն հեղինակից
Հայկական երազանքը. Մայքլ Գյուրջյանի ֆիլմը հայրենադարձ Չարլիի մասին
Մեծ հայրենադարձության նախագծի պատմական իրադարձությունների մասին ամերիկահայ ռեժիսոր, դերասան Մայքլ Գյուրջյանի ֆիլմը 2022-ին բացեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է ֆիլմին։
Read moreԿաֆկան Արցախում
Սոնա Կարապողոսյանն անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի մասին ֆիլմին` նշում է, որ ռեժիսորը փորձել է պատմությունը ներկայացնել բեմականացված-վավերագրական ժանրի պրիզմայով, որը ֆիլմի ընթացքում սկսում է մետամորֆոզ ապրել, դառնալ բարակ ու թափանցիկ` բացահայտելով ռեժիսորի ու նրա տեսախցիկի ներկայությունը:
Read moreՍպասելով գարնանը…
Կինոքննադատ Սոնա Կարապողոսյանն անդրադառնում է այս օրերին կինոթատրոններում ցուցադրվող 2016 թվականի քառօրյա պատերազմի մասին պատմող «Գարուն ա…» ֆիլմին։
Read moreԿինոէկրանը քաղաքական ռազմադաշտ
Կինեմատոգրաֆի քարոզչական ներուժը քաղաքական գործիչներից շատերն են փորձել օգտագործել։ Բայց կինոլեզվի զարգացմանը զուգահեռ սկսեց նաև հակառակ գործընթացը՝ ռեժիսորները մի շարք արտահայտչամիջոցներ էին օգտագործում իշխանություններին քննադատելու, հակադրվելու համար։ Թվում էր, թե 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ժամանակակից հայ կինոն պետք է ողողվեր դրա մասին կամ դրա դեմ ֆիլմերով։ Սակայն օրինակները սակավ են:
Read moreՀանդարտվե՞ց արդյոք քամին. Նոռա Մարտիրոսյանի լավատեսական դրաման Արցախից
Նոռա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» գեղարվեստական ֆիլմը համաշխարհային հանրության առջև բացում է Արցախի օդանավակայանի շուրջ ստեղծված անելանելի դրությունը, և այն օգտագործում որպես ելակետ՝ խոսելու Արցախի պատմության, խնդիրների ու ոգու մասին, գրում է Սոնա Կարապողոսյանը:
Read more«Որտե՞ղ ես, Սողոմոն». Արման Նշանյանի կոմիտասյան մելոդրաման
Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» սկսվում է որպես հեքիաթ և խոստանում պատմել պատանի Կոմիտասի և նրա երկու ընկերուհիների՝ թրքուհի Սևիլի և հայուհի Սոնայի մասին։Բացահայտ բիոպիկային նկրտումներով հանդերձ՝ ռեժիսորին այդպես էլ չի հաջողվում մարմնայնացնել վարդապետին։
Read more