EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր ԵՎ այլն
Հնվ 10, 2023

Կետաձկան ծիծաղը

Ավետիք Դարբինյանի ռոբինզոնադան՝ առասպելից մինչև առօրյա

Արամ Պաչյան


Your browser does not support the
audio element.

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր՝ հեղինակի ընթերցմամբ։

Գյումրեցի արձակագիր Ավետիք Դարբինյանի «Կետի շատրվանը» ստեղծագործությունն իր ուրույն բնույթով վերադասավորում է բիբլիական հռչակավոր ասքերից մեկը՝ Հովնան մարգարեի և կետաձկան պատմությունը: Վեպում ամուսնական ճգնաժամը վերածվում է զավեշտալի ու դրամատիկ ռոբինզոնադայի: Ամուսինները հայտնվում են կետաձկան ստամոքսում և ատելությունը, որ տածում են իրար հանդեպ, շուտով դառնում է ստեղծարար ուժ, որով աշխարհից մեկուսի, օվկիանոսում թափառող «կղզյակում», մի նոր ու տարօրինակ համակեցություն է կառուցվում: «Կետի շատրվանը» առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին Դարբինյանի «Օր ջոջություն՝ խայտառակություն» հետմահու գրքում:

***

Կետաձուկն Աստծուն է հիշեցնում, Աստված՝ Հովնան մարգարեին: Գրական են համարում Հովնանին. երևակայության տոհմից է սերում կետաձուկը: Չափերն անցած են նրանք: Չափերն անցած է Հովնանի ու կետաձկան պատմությունը, մտացածին՝ անաստվածության աստիճան, ինչպես գրական հորինվածքը, որը գալիս է աղելու սրբազան տեքստերի փտածությունը: Կետաձուկը, երբ Աստծուն է հիշեցնում և փորձառողին տանում Ավետարանի ճամփով՝ մոլորեցնում է նրան, դուրս բերում այլուր, որպեսզի հավատավորից գրական մոլորյալ ստանա: Կետաձկան վերադարձի առասպելը Հովնանի, Մոբի Դիքի, պատմությունը աչքակապ անող հեղինակի առասպելն է: Նրա խաբլան պատմությանը հավատում ենք, քանի որ առասպելից առավել հենց ինքն է հետաքրքիր՝ պատմողի ձայնը: Նույնիսկ անամոթաբար՝ այդպես հեշտ, այդքան ակներև չեն խաբում: Իսկ նա՝ պատմողը, խաբում է և՛ անամոթաբար հեշտ, և՛ անամոթաբար ակներև: 

***

Հովնանի գիրքը փախուստով է սկսվում՝ «Տերը խոսեց Ամաթի որդի Հովնանի հետ և ասաց. «Ելի՛ր և գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության համբավը հասավ ինձ»։ Սակայն Հովնանը ելավ Տիրոջ ներկայությունից փախչելու Թարսիս»։ Փախուստով է սկսվում նաև Ավետիք Դարբինյանի «Կետի շատրվանը» վեպը: Անանուն հերոսը, որ ավարայի ու հարբեցողի կյանք է վարում, գժտվում է կնոջ հետ՝ «…Ապա արագ գնացի ցախատուն, վերցրեցի փայտերի մեջ թաքցրած ուսապարկս, նավակ նստեցի ու հեռացա ափից»[1]: Հովնանի գիրքը հրամանի ու դասալքության հուշագիրն է: «Կետի շատրվանը» իշխանության զավթման, իշխանության կորստի կենարար և ավերիչ գոյապայմանը: Ուրեմն բիբլիական Հովնանը Աստծուց է փախչում, վեպի անանուն հերոսը՝ կնոջից: Փախուստի հազար ու մի պատճառ կա: Բայց դրա նաիվությունը, դրա ձևը՝ ասես երեխայական մտքի մի ոճիր, ցանցառ մի եղանակ, ահա, զարմանք հարուցելով՝ մոռացնում է շարժառիթների արժեքը: Հովնանը Աստծո ամենուրեքության ներքո է փախչում: Աստված ամենուր է: Թեև խիստ տնական, և այդուհանդերձ ծանրակշիռ այս հանգամանքից Հովնանը բոլորովին չի կաշկանդվում: Նա հասնում է նավահանգիստ, արևմուտք մեկնող նավ է բարձրանում և շարժվելուն պես՝ քնում Աստծո աչքի առաջ — գուցե իր կյանքի ամենախաղաղ քնով: Եվ վեպի հերոսի համար ևս՝ քաշվելու և հապաղելու որևէ առիթ չկա, ինչ խոսք, եթե հերոսը իբր հերոս է ու կնոջ հետ վիճվելուց հետո իբր պիտի թողնի նրան, պիտի անջատվի նրանից, անցնի, իրագործի, երևակայի դեպի կինը վերադառնալու ճանապարհը — առաջին հերթին հեռանալով տնից — լրիվ հերոսաբար: Կարգն է այդպես. թողնել-հեռանալու էպիլեպտիկ կլիշեն:

***

Սկզբից ևեթ անկեղծ մի զգացում հուշում է, որ Հովնանը ճանաչում է Աստծո ամենուրեքությունը: Նա գիտի՝ Աստված տեղ չունի այս աշխարհում, քանզի Աստված է տեղը և վաղ թե ուշ ինքն ու Տերը լսելու են միմյանց, ինչպես և բաժանված ամուսինները, որոնք մոռանալով ու վերհիշելով են ձգտում իրար՝ ատելության և սիրո, բացասման և ընկալման մարտադաշտերից: Հովնանի գրքում Աստծո միակ հավատարիմ ծառան կետաձուկն է: Տիրոջ կամքը ի կատար է ածում հեզորեն, կուլ է տալիս Հովնանին, թողնում է, որ խոսի, ապա, ցամաք նետելով՝ մի կողմ է քաշվում: «Կետի շատրվանում» հերոսի ճակատագիրն անավարտ է, և անավարտ է կետաձկան հայտնությունը: Նրանք գոյանում են միմյանց համար և կենում իրար մեջ՝ թույլ տալով հեղինակին գոնե մասամբ հագեցնելու գրքի մտահղացումը: 

***

Այս պատմությունը ներքուստ է և դեպի հատակն է փոխակերպվում, ճամփա է ընկնում կղզի առ կղզի՝ Հովնան Մարգարեից դեպի Աստված, Մոբի Դիքից դեպի Ռոբինզոն, աղոթքից դեպի նոթագրում: «Տե՛ր, լսիր իմ ձայնը»,- կետաձկան ստամոքսից կանչում է Հովնանը, մի քանի տողով պատմելով գլխին եկածը, ընդ որում պատմելով այնպես՝ ասես Աստված անտեղյակ է իր իսկ մոգոնած հեքիաթից կամ գիտենալով հանդերձ՝ միևնույն է սովորություն ունի, սիրում է վերստին լսել իրենից ստեղծագործված պատմությունները. առաջին անգամվա պես լսել:

***

Մինչդեռ վեպի մարդը Աստծուց օգնություն չի աղերսում, կետաձկան ստամոքսում հայտնվելով՝ չի մեղանչում իր ապրած կյանքի համար, ահաբեկվելով գլուխը չի կորցնում, ընդհակառակը՝ սկսում է հարմարվել նոր աշխարհին, գնալով ռոբինզոնանում է, անմիջական շարադրանքով պատմում իր կյանքը՝ մե՛րթ գրոտեսկի, մե՛րթ ծաղրական հումորի անմեղսունակ ակոսներով – չափից դուրս տարօրինակ — անմտորեն սրամիտ: Երբ կետաձուկը փորձում է ազատվել մարդուց՝ նա դիմադրում է, վերջապես հաղթանակած մնում ձկան ստամոքսում. մնում է անձնական ու հավաքական դժբախտությունների ինքնազնդանում: Եվ ինքն իրեն գոտեպնդում է — անշուշտ բանալ խոհերով՝ «Մարդն ամեն բանի ընտելանում է և ես էլ սկսեցի մտածել այն մասին, որ այդ հանգամանքը թերևս իմ օգտին է»[2]։ Ինչո՞ւ վերադառնալ մարդկանց մոտ, երբ հեռվից էլ, պարզ գործիքներով կարող ես լսել նրանց, թող որ մերկ ես, ճնշված, բայց և այնպես ունես կերակուր, քնատեղ, ձկնօղու թորիչ, երբ կա օվկիանոսների արքա կետաձուկը, որի գիտակցությանն ես հասել և հրամաններ արձակելով՝ արդեն ղեկավարում ես նրան, դեռ ավելին՝ այլևս բաժակակից եք — շշին ես հագցրել թշվառին, համակել ալկոհոլի ինքնամոռաց թովչությամբ և լողում եք անվերջության ծովաջրերով դեպի լողալը: 

***

Իսկ հիմա պատկերացրեք՝ հնչում է Շտրաուսի «Վիեննական անտառի հեքիաթները» և պատկերացրեք՝ Աստված ու Հովնան Մարգարեն վալս են պարում: Պատկերացրեք՝ կողքի սենյակում երգում է Պիաֆը և նրա երգի տակ ամուսնական զույգ է պարում: Հավեսով խմել են՝ Աստված, Հովնանը, ամուսինները, կետաձուկը, օվկիանոսը, երկրագունդը: Պարն է խմել: Պատկերացրեք խմած պարողների՝ խմած կետաձկան ստամոքսում: Եթե մի տողով բնութագրեի Ավետիք Դարբինյանի վեպը, այսպես կամփոփեի՝ Մարդկային կեցության ողջամիտ խելագարությունը պարելիս: Ինչ խոսք Հովնանի առասպելի հետ զուգահեռներ անցկացնելն ընթերցողական այլասերում է: Հավանաբար՝ «Կետի շատրվանը» Հովնանի գրքի հետ շատ քիչ է աղերսվում: Ինչ անենք, թե հերոսները՝ երկուսն էլ վստահված պատասխանատվությունից խուսափելով՝ նավ են նստում և դիմում փախուստի: Մի պահ փորձենք հեռանալ կպչուն այն խոհից, թե գրականության պատմությունն ունենում է ընդամենը մի դանեմարքա, մի խելագար ասպետ, մի Դուբլին, մի ճերմակ կետաձուկ, նույնիսկ մեն մի Պիեռ Մենար[3]: Ձևացնենք, թե այնպես չէ, որ գրականության պատմությունն անհատի պատմություն է. անվերջ նույն պատմությունը՝ վերարտադրվող մի անխափան մեքենայի կողմից, որը դիմակվում է թշնամի ու բարեկամ, սիրելի ու ատելի արդիականությամբ: Գրականությունն անհետացնելու միակ ու վերջին միջոցը գրականության պատմության ամբողջական գիտակցումն է, և այդ պատմության ամբողջական գիտակցման մերժումը: Եվ սա է, որ ազատագրում է, սա է, որ արտոնում է ընթերցողին ճաշակելու «Կետի շատրվանի» բացահայտ հմայքները՝ պարգևելով մաքուր զգայություններ, վերարթնացնելով օվկիանոսի առաջին պատկերը, կետաձկան շնչառությունը, սիրո և սիրո ճգնաժամի նախագրական հետհուշերը, որոնք կորուսյալ էին, որոնք վատնված էին: Եվ պատումը փորձառողներիս ներսում այլևս չի համրանում կետաձկան ծիծաղը. մարդուց օղի խնդրող կետաձկան, որին ոչ միայն շնչավորել են, այլև խուտուտ են տվել անիրականության հայացքով: 

***

Փորձեք կրկնել կետաձկան ծիծաղը՝ ահա, թե ինչու են վերադառնում առասպելները: Փորձեք կրկնել ծիծաղող կետաձկանը՝ չմոռանալով, որ ծիծաղը առասպելն է, իսկ գրողը՝ իր իսկ ծիծաղին ականջ դրած կետաձուկը: 

***

Ավետիք Դարբինյանը ստեղծագործել է 1980-ականներին, հեղինակել երկու գիրք: Գրական տեղեկատուներում համառոտ կենսագրություն, մատենագրական ցանկ ունենալու համար քիչ է ապրել: Քիչ է ապրել հավատարիմ ու դավաճան ընթերցողի, մրցանակների ու կրկնությունների, մեծ փառքի ու մեծ ջախջախման համար: Քիչ է ապրել իր կյանքը — վերապրել է «Կետի շատրվանը»: 

 

Հղումներ.

  1. Տե՛ս «Օր ջոջություն՝ խայտառակություն», Երևան, 1991, «Նաիրի» հրատ., էջ 284:
  2. Նույն տեղում, էջ 288:
  3. Խորխե Լուիս Բորխեսի (1899 — 1986) համանուն պատմվածքի հերոսը:
Լույսը շարունակվում է

Լույսը շարունակվում է

Արամ Պաչյան
Դկտ 16, 2021

Այս ակնարկում Արամ Պաչյանը քննում է Ռուբեն Ֆիլյանի՝ ուշ խորհրդահայ արձակում, կատարելապես նոր ու արտասավոր փիլիսոփայական մտահորիզոններ բացելու հանդուգն փորձը։

Read more
Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը որպես հայաստանյան իրադարձություն

Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը որպես հայաստանյան իրադարձություն

Աշոտ Ոսկանյան
Նյմ 11, 2022

Լույս է տեսել նշանավոր փիլիսոփաներից մեկի՝ Յուրգեն Հաբերմասի «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը» գրքի հայերեն թարգմանությունը։ Աշոտ Ոսկանյանն անդրադառնում է գրքին՝ թարգմանությանը, հիմնական թեզերին, ինչպես նաև ներկայացնում հայաստանյան իրողությունները։

Read more
Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտության» հայերեն թարգմանության շուրջ

Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտության» հայերեն թարգմանության շուրջ

Նաիրա Մկրտչյան
Դկտ 2, 2022

Լույս է տեսել 20-րդ դարի ականավոր ֆրանսիացի մտածող Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» գործի հայերեն թարգմանությունը: Նաիրա Մկրտչյանն անդրադառնում է աշխատությանը։

Read more
“Return the Tramway to Yerevan:” About Aram Pachyan’s Novel “P/F”

«Վերադարձրե՛ք տրամվայը Երևանին».Արամ Պաչյանի «P/F» վեպի մասին

Տիգրան Ամիրյան
Մրտ 14, 2021

Լույս է տեսել Արամ Պաչյանի նոր վեպը։ Տեղ-տեղ խիստ մինիմալիստական, տեղ-տեղ հանգավոր ելևէջներով օրագրային կարճլիկ նոթեր հիշեցնող հարյուրհիսուն էջ, որոնց՝ հեղինակի կողմից սահմանված ժանրային պատկանելիությունն այլևս կասկածի տեղիք չի տալիս։Առաջին իսկ էջից ազդարարվում է․ պատմությունը դեռ շարադրանքը չսկսած ավարտվել է, իսկ բուն պատումը հիշողության մասին է։

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ