
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
Երբ Հռոմեական կայսրությունում քաղաքացիական անհնազանդություն էր հասունանում կամ անհրաժեշտություն էր առաջանում սիրաշահել քաղաքացիներին՝ ներքաղաքական զանազան խնդիրներ լուծելու համար, կայսրը գտնում էր ամենաաշխատող միջոցը՝ հաց և տեսարաններ:
Աշխարհում այսօր տեսարանների պակաս, կարծես, չկա, սակայն լրջորեն դրված է հացի խնդիրը: Ռուս-ուկրաինական պատերազմը պատճառ դարձավ, որ հացահատիկի մատակարարումների խնդիրը դարձյալ դառնա քաղաքական գործիք, ինչպես, օրինակ, Հացահատիկի գործարքը:
Հայաստանի համար ցորենի արտադրության և ներմուծման խնդիրն անվտանգային նշանակություն ունի: Հայաստանը դեպի ծով ելք չունեցող պետություն է, արտաքին հաղորդակցության ուղիները չափազանց սահմանափակ են, իսկ անկայունության առումով աշխարհը (ու, մասնավորապես, մեր տարածաշրջանը) այսօր վառոդի տակառ է հիշեցնում:
Հայաստանի պարենային անվտանգության երաշխավորը, համաձայն «Պարենային անվտանգության ապահովման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետությունն է:
Ի՞նչ է արվում՝ Հայաստանի պարենային անվտանգության, մասնավորապես, ցորենի ինքնաբավությունը մեծացնելու, ինչպես նաև ցորենի անխափան ներմուծումն ապահովելու առումով:
Հայաստանի կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի նիստում չզեկուցվողներից էր «ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» հարցը:
Որոշվեց ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելել գյուղատնտեսական որոշ արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը:
Որոշման հիմքում Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովումն է։ Նշված ապրանքների ներքին արտադրությունը չի բավարարում Հայաստանի շուկայի պահանջարկը: Ըստ էկոնոմիկայի նախարարության վերլուծության՝ Հայաստանը ցորենով ինքնաբավ երկիր չէ։ 2021-ի պաշտոնական տվյալներով՝ ցորենի արտադրության ցուցանիշը, ընդհանուր սպառման, 26,4 տոկոս է կազմել:
2022-ին ցորենի և մեսլինի ներքին արտադրությունը 138,6 հազար տոննա էր, ներմուծումը՝ 364,6 հազար տոննա, սպառումը՝ 503,2 հազար տոննա։
Ներմուծվող ցորենի 99,9 տոկոսը Հայաստանը ներմուծում է Ռուսաստանի Դաշնությունից:
«Մեր հիմնական մատակարար երկիրը կայունության առումով վստահելի չէ: Հացահատիկը գրեթե ամբողջությամբ գնում ենք Ռուսաստանից, որի քաղաքականությունն ակնհայտ է. իր տնտեսության հիմքում քաղաքական խնդիրներն են: Ի թիվս աշխարհաքաղաքական այլ խնդիրների, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա վիճակը, մի օր կարող է ասել՝ այդքան հացահատիկ չեմ կարող վաճառել: Ի՞նչ ենք անելու»,- ասում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 2002-2011 թվականներին գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը՝ հավելելով, թե երկրի գոնե նվազագույն պահանջը պետք է սեփական արտադրությամբ իրականացնել։
Ըստ Ավետիսյանի, գյուղացուն այսօր ձեռնտու չէ ցորենի արտադրությունը, քանի որ Ռուսաստանից ներմուծված ցորենի ինքնարժեքն անհամեմատ մատչելի է: Պետական քաղաքականությունն էլ միտված է առավելապես ներմուծելու և ոչ թե ինքնաբավության ուղղությամբ աշխատելու: Եվրասիական տնտեսական միությունում գտնվելով՝ Հայաստանը դեռևս կարողանում է Ռուսաստանից ներմուծել անհրաժեշտ ցորենը: Բայց դա հարցի ամբողջական լուծում չէ:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ևս համաձայն է, որ ցորենի վաճառքի գինը Հայաստանում բավական ցածր է, հետևաբար՝ ոչ մրցունակ Ռուսաստանից ներմուծած ցորենի համեմատ, սակայն հարցը դեռևս առկախ է։
«Բոլոր ժամանակների հարցն է՝ արդյոք պե՞տք է ինքնաբավ լինել այս կամ այն մշակաբույսի արտադրությամբ, որի մշակումն այնքան էլ ձեռնտու չէ: Ցորենի համար, օրինակ, կարևոր է հողատարածքների ծավալային մեծությունը, քանի որ այդ դեպքում բույսի մշակության ժամանակ նվազում են ծախսերն ու բերքահավաքի կորուստները»,- ասում է փոխնախարարը:
2022-ին կառավարությունը սկսեց ծրագիր՝ նպատակ ունենալով նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը՝ չմշակվող հողերի օգտագործման միջոցով, նաև պետական օժանդակություն տրամադրելով տնտեսվարողներին. յուրաքանչյուր հեկտարի մշակման համար տրամադրվում է ծախսերի փոխհատուցում՝ 70.000 դրամ և 12.000 դրամ, եթե ցորենի մշակումն իրականացվում է սերտիֆիկացված սերմնացուով։ Ըստ Խոջոյանի՝ նոր ծրագրի արդյունքում ցանքատարածություններն ավելացել են, սակայն հարց է մնում.
«Եթե ինչ-որ գումար ենք ծախսում ցորենի ցանքատարածություններն ավելացնելու նպատակով, գուցե այդ գումարն ավելի արդյունավետ է ծախսել ենթակառուցվածքները ստեղծելու համար, որոնք կնպաստեն արդյունավետ մշակության՝ ջրագծերի անցկացում, ջրախնայող տեխնոլոգիաների կիրառում, ոռոգելի տարածքների ավելացում, ինչը հնարավորություն կտա արտադրել այն մշակաբույսերը, որոնք Հայաստանի կլիմայական պայմաններից ելնելով՝ առավել ձեռնտու են»:
2023-ին Հայաստանում 69-70.000 հեկտար աշնանացան ցորեն է մշակվել: Նախորդ տարվա համեմատ սա 15.000 հեկտարով ավելի է: Ցորենի ընդհանուր բերքի ակնկալիքը 2023-ին, ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, 200.000 տոննա է:
«Նախորդ տարի ունեցել ենք մոտ 140.000 տոննա ցորենի բերք, ընդհանուր մեր տարեկան պահանջարկը միջինացված շուրջ 385.000 տոննա է: Հետևաբար, եթե արտադրում ենք 200.000 տոննա հացահատիկ, մյուս անհրաժեշտ 180.000-200.000 տոննան ներկրում ենք»,- ասում է փոխնախարարը:
Ցորենի ներմուծումն իրականացնում են մասնավոր կազմակերպությունները: Ներմուծում են այն երկրներից, որտեղից լոգիստիկ ծախսերը և ձեռքբերման գները նվազագույնն են: Այդ պարագայում ներմուծված ապրանքն ավելի մատչելի է:
Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր երկիր, որոնցից է նաև Հայաստանը, սահմանում է իր համար կարևորագույն ապրանքների ցանկը, սպառման անհրաժեշտ քանակները, անդամ բոլոր երկրներն ընդհանուր համաձայնության են գալիս այդ քանակի մասով, պայմանավորվում են, թե որ երկիրն է պարտավորվում արտահանման սահմանափակումներ չկիրառել: Այսինքն՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին պարենային անվտանգության, մասնավորապես՝ ցորենի նեմուծման առումով, «անվտանգային բարձիկ» է: Որը, սակայն, պայմանավորված քաղաքական խնդիրներով՝ մի օր կարող է չբացվել:
Հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ է անցնել պարենային անվտանգության նոր, առավել իրատեսական ու աշխարհաքաղաքական ռիսկերը հնարավորինս հաշվարկած քաղաքականության:
Պարենային անվտանգությանն ուղղված 2023-26 թթ. ռազմավարությունը, կառավարության 2023-ի հունիսի 29-ի որոշումը՝ «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին», կենսունակ չեն, քանի որ չեն արտահայտում տնտեսական ակնկալիքների իրական պատկերը: Դրանցում չկա ամենացավալի արձանագրումը՝ Արցախն այլևս հայկական չէ:
Բացի քաղաքական, հումանիտար աննախադեպ ճգնաժամից՝ Արցախի կորուստը նաև լուրջ հարված էր Հայաստանի պարենային անվտանգության, մասնավորապես՝ ցորենի ինքնաբավության դիտանկյունից:
Պաշտոնական տվյալներով՝ 2019-ին Արցախից Հայաստան է ներկրվել շուրջ 40-50 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն: 2020-ի պատերազմից հետո, արդեն 2021-ից Արցախից Հայաստան ցորեն չի ներկրվել:
Պարենային անվտանգության նոր ռազմավարության մշակումը գուցե կարևոր է, սակայն՝ ոչ բավարար, այսպես է կարծում Սամվել Ավետիսյանը՝ պնդելով, որ ռազմավարությունների պակաս չկա, բայց կա խնդիր՝ ինչպե՞ս է կառավարությունն իրականացնում այդ ռազմավարությունը: Ի վերջո, այդպես էլ հստակ ձևակերպված չէ՝ ինչպե՞ս բավարարել բնակչության պահանջները՝ զուտ սեփական արտադրությա՞ն, թե՞ ներմուծման հաշվին: Այսինքն՝ չկան լուրջ հաշվարկներ՝ որքանո՞վ է տեղական արտադրությունն արդարացված:
«Օրինակ՝ Շիրակի մարզում մարդիկ իրենց արտադրած հացահատիկը չեն ուզում վաճառել, չեն էլ ուզում հացահատիկ մշակել, որովհետև գինն այնքան ցածր է, որ իրենց կատարած ծախսերը չեն փոխհատուցվում: Այո, ցորենի, հացահատիկի առումով երբեք ինքնաբավ չենք եղել, բայց եթե ցորեն չմշակի գյուղացին, ի՞նչ պետք է մշակի»,- ասում է Ավետիսյանը:
Կառավարությունը դեռևս չի մշակել հստակ համակարգ՝ ինչպե՞ս շահագրգռել գյուղացուն՝ զբաղվելու հացահատիկի մշակմամբ: Մասնավորապես, Շիրակի մարզում ցանքատարածությունների 60 տոկոսը նպատակահարմար է զբաղեցնել հենց հացահատիկի մշակմամբ։
«Ինչո՞վ զբաղեցնի այդ տարածքները գյուղացին, ի՞նքն ինչով զբաղվի,- հարց է տալիս տնտեսագետը,- եթե ծախսերը՝ ներառյալ պետության սուբսիդավորումը, չեն փոխհատուցվում»:
Կան մշակաբույսեր, պարենային ապրանքներ, որոնց լրիվ ինքնաբավ լինելը հնարավոր չէ, նաև ձեռնտու չէ: Սակայն, եթե այլ մշակաբույսերի դեպքում կարելի է ներմուծմամբ խնդիրը լուծել, ցորենի դեպքում կառավարությունը, ելնելով քաղաքական ու տնտեսական մարտահրավերներից, պետք է անի հնարավորը՝ ինքնաբավության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Այսօր մթերողները գյուղացուն առաջարկում են 65-70 դրամ՝ մեկ կիլոգրամ ցորենի համար: Հիմնավորումն այն է, որ Ռուսաստանից Հայաստան բերվող ցորենը ներմուծողներին արժենում է 65 դրամ: Դրամ-ռուբլի տատանումը, տնտեսագետի կարծիքով, բերել է նրան, որ հաց արտադրողների համար ձեռնտու է Ռուսաստանից բերել ցորենը։
Բայց հարցը՝ ի՞նչ ենք անելու մեր գյուղացու, գյուղատնտեսության հետ, մնում է անպատասխան։
«Գյուղացիներն անցյալ տարի ցանքատարածություններն ավելացրին: Այս տարի, սակայն, տրամադրված չեն ցորեն ցանել: Շիրակում, Գեղարքունիքում, որտեղ հիմնական ցորենի արտադրությունն է գերակա, այլընտրանքը չեմ տեսնում: Շիրակում ձևավորվել էր շատ լավ շրջանառություն՝ մի տարի կարտոֆիլ էին ցանում, հողը պարարտացվում էր, հաջորդ տարի այդ նույն հողատարածքի վրա ցորեն կամ գարի էին մշակում, լավ արդյունք էին ստանում»,- ասում է Ավետիսյանը:
Էկոնոմիկայի փոխնախարարը, սակայն, վստահ է՝ այս ծավալի գյուղատնտեսական զարգացման ծրագրեր Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում չեն իրականացվել: Հիմնական շեշտը կառավարությունը փորձում է դնել գյուղտեխնիկայի ձեռքբերման, բերքահավաքի ժամանակ կորուստների նվազեցման վրա, քանի որ սննդի, բերքահավաքի կորուստները մեծ տոկոս են կազմում:
«Ողջ աշխարհում արտադրված սննդամթերքի 1/3-րդը գնահատվում է՝ որպես կորուստ: Աշխարհում այսօր 800 միլիոն թերսնված մարդ կա, հետևաբար, անթույլատրելի մակարդակում է սննդի կորուստը»,- ասում է Խոջոյանը:
Զարգացած երկրներում, ըստ փոխնախարարի, սննդի կորուստը վերջնական սննդի տեսքով է, իսկ զարգացող և թերզարգացած երկրներում՝ բերքահավաքի ու հետբերքահավաքային մակարդակներում: Կառավարությունն ավելի արդյունավետ է համարում օժանդակել ֆերմերներին՝ ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա՝ զարգացնելու հետբերքահավաքային կարողությունները, հիմնել սառնարանային տնտեսություններ և այլն:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում սպառվող հիմնական սննդամթերքը ցորենի հացն է ու կարտոֆիլը:
Փոխնախարարն իր բրիտանացի գործընկերներից հետաքրքրվել է՝ եթե Հայաստանում գերակշռում է հացամթերքի ու կարտոֆիլի սպառումը, արդյոք երկրի քաղաքականությունը պետք է լինի ուժերի կենտրոնացումն այս երկու ապրանքների արտադրությանն ու գնիջեցմա՞նը: Սակայն Խոջոյանին բացատրել են, որ նման դեպքերում պետք է փոխել քաղաքականությունն ու ավելացնել ավելի բարձրարժեք մթերքների՝ միս, բանջարեղեն, կաթնամթերք, միրգ և այլն, արտադրությունը, որի արդյունքում կնվազեն նաև գները, ու այդ մթերքներն ավելի հասանելի կդառնան բոլորին:
Հայաստանը պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է: Տեղի ունեցող աշխարհաքաղաքական տատանումները պիտի որ ստիպեն Հայաստանին անցնել խնայողական ռեժիմի: Չի՞ տեսնում կառավարությունն անհրաժեշտություն՝ անցնելու արտակարգ իրավիճակներում սննդի սպառման «արտակարգ» ռեժիմի:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն իր քաղաքացիներին նման ուղերձ հղել էր [1]. «Սնունդը խնայողաբար օգտագործեք: Սակավապետ եղիր տանդ մեջ: Տներ կան, ուր կերակուրը զուր վատնվում է հետևյալ ձևերով՝
ա) Շատակերությամբ. ավելի կուտեն, քան թե պետք ունեն իրենց աճի, ինչպես նաև իրենց ֆիզիկական և մտավոր ուժերի վերկանգնման համար:
բ) Շատ անգամ կերակուրն այրվում է կամ փչանում պատրաստելու ժամանակ:
գ) Ավելի շատ կերակուր է պատրաստվում, քան հարկավոր է մեկ անձի համար, և ավելացված մասը երբեմն թափվում է կամ մնում է և փչանում:
դ) Ավելի կերակուր է լցվում անձի ափսեի մեջ, քան ինքը կարող է ուտել, այդպիսով՝ ափսեի մեջ ավելացած մասը թափվում է:
ե) Կերակուրները շատ հաճախ փչանում են, քանի որ դրանք անխնամ կերպով են պահվում:
Միացյալ Նահանգներում 20.000.000 ընտանիք կա. եթե երբևէ յուրաքանչյուր ընտանիք կես թեյի գդալ կարագ խնայի, 200.000 ֆունտ (1 ֆունտը մոտավորապես 0,5 կգ է-խմբ.) կարագ կարելի է խնայել և Դաշնակիցներին ուղարկել»։
Արման Խոջոյանը խնայողական ռեժիմի անցնելու անհրաժեշտություն չի տեսնում.
«2020 -ի պատերազմի ժամանակ նման խնայողական ռեժիմի չանցանք»:
Կյանքի բոլոր իրավիճակներում Հայաստանում նախընտրում ենք օրինակ բերել կա՛մ Իսրայելից, կա՛մ Սինգապուրից: Սամվել Ավետիսյանի օրինակում կային երկու պետություններն էլ: Այսպես, Սինգապուրն այսօր պարենային անվտանգության ամենաբարձր մակարդակն ունի, բայց գյուղատնտեսություն չունի. իր պահանջարկը բավարարում է ներմուծման միջոցով: Ըստ տնտեսագետի՝ Հայաստանն այդ քաղաքականությունը չի կարող իրականացնել՝ անգամ ֆինանսական մեծ հնարավորությունների դեպքում.
«Կարևոր է ֆերմերներին հասանելի դարձնել առաջադեմ տեխնոլոգիաները: Գյուղացին այսօր տեղեկատվական, խորհրդատվական աջակցություն չի ստանում: Իսրայելը բոլոր լուծումները տվել է՝ ջրախնայողական համակարգից սկսած՝ համալիր մեքենայացումով, սերմնաբուծությամբ վերջացրած: Չկա հիմնախնդիր, որն այնտեղ լուծում չունենա: Ինչը եկամտաբեր է, ինչը շահավետ է արտահանել, Իսրայելում արտադրվում է»:
Հետևաբար, նման մի համալիր ծրագիր է անհրաժեշտ նաև Հայաստանին:
Ծանոթագրություն.
[1] «Կոչնակ», Նյու Յորք, 1917, սեպտեմբերի 15, N 37:
Մարդ և օրենք
Աղբի չլուծվող հարցը
Չնայած մի շարք օրենսդրական կարգավորումներին, ընդունված ռազմավարությանն ու խոստումներին, Հայաստանում այդպես էլ լուծում չեն ստանում աղբի ու աղբահանության հետ կապված հիմնահարցերը՝ իրենց հետ բերելով ածանցյալ խնդիրներ։
Read moreԵս կամ, դու կաս, նա կա. կամավորներ են անհրաժեշտ
Վերջին տարիներին կամավորությունը Հայաստանում մեծ տարածում ունի, սակայն օրենսդրական կարգավորում միայն վերջերս է ստացել։ Կամավորների դերը հատկապես նկատելի էր սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։
Read moreՓորձությո՞ւն, թե՞ փորձանք ուսուցիչների համար
Կամավոր ատեստավորման համակարգի միջոցով բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից ուսուցիչների մեծ մասը դեռևս խուսափում է օգտվել, ի՞նչն է պատճառը, մեկնաբանում է Գայանե Մկրտչյանը՝ ներկայացնելով ծրագիրն ու այս գործընթացի միջով անցածների պատմությունները։
Read moreԿոյուղու չլուծվող խնդիրներն ու շարունակ աղտոտվող ջրային պաշարները
Հայաստանի բնակավայրերի զգալի մասը չունի կոյուղի, առկայության դեպքում էլ, կեղտաջրերի մաքրման կայանների սակավության հետևանքով, կեղտաջրերի մեծ մասն առանց մաքրման լցվելով ջրային պաշարների մեջ աղտոտում են դրանք։
Read moreԱռողջության համապարփակ ապահովագրության հայաստանյան տեսլականը
Որակյալ բուժօգնության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքն է, սակայն Հայաստանում շատերի համար այն շարունակում է մնալ անհասանելի շքեղություն: Բուժման չափազանց մեծ ծախսերը հոգալ չկարողանալու պատճառով շատ ընտանիքներ պարզապես աղքատանում են։
Read moreԿանանց զինծառայություն. որտեղ և ինչպես
Իգական սեռի քաղաքացիներին կամավոր սկզբունքով պարտադիր զինվորական ծառայության մեջ ընգրկելուն անդրադարձող օրինագիծը քննարկումների առիթ է դարձել։ Ի՞նչ է այն ենթադրում, որտե՞ղ և ինչպես են ծառայելու կանայք, ի՞նչ վտանգներ ու խնդիրներ կարող են առաջանալ, անդրադառնում է Արփինե Սիմոնյանը։
Read moreԱշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումներն ու լուծումները
Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ում նախատեսված են փոփոխություններ, որոնց նպատակն է որոշ դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանն ու միջազգային փաստաթղթերին, օրենսդրական բացերի ու հակասությունների վերացումը, ինչպես նաև նոր համակարգերի ներդրումը։
Read moreԷլեկտրոնային շղթաներ՝ ընտանեկան բռնությունը կանխելու համար
Ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով Ազգային ժողովը օրենսդրական նոր կարգավորում է ներկայացրել, սակայն, թե որքանով այն կծառայի իր նպատակներին, ներկայացնում է Աստղիկ Կարապետյանը։
Read more