
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Հայաստանի Ջրային օրենսգիրքը հստակորեն կարևորում է ազգային ջրային պաշարների և՛ որակական, և՛ քանակային պահպանումը՝ մարդկանց հիմնական կարիքները ներկայում և ապագայում բավարարելու համար, ընդգծում է ջրային էկոհամակարգերի պահպանման և ջրային պաշարի կայուն զարգացման կարևորությունն ու հստակորեն ամրագրում, որ օգտագործելի ջրային պաշարները՝ ջրային պաշարների այն մասն է, որը ենթակա է սպառման՝ առանց նվազեցնելու ազգային ջրային պաշարը։ Սակայն, կլիմայական փոփոխությունների և ջրային պաշարների շարունակաբար աճող սղության պայմաններում, դեռևս 22 տարի առաջ օրենքով ամրագրված այս պատասխանատու և տրամաբանական մոտեցման գործարկմանը հետամուտ չի եղել ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ հասարակությունը։
Չնայած այս տարվա առատ տեղումներին, Հայաստանը շարունակում է բախվել ոռոգման ջրի պակասի խնդրին: Ավելին, Սևանա լիճը՝ երկրի ռազմավարական նշանակության ջրային պաշարը, կրկին օգտագործվում է որպես սովորական ջրամբար: Շրջակա միջավայրի նախարարությունը (ՇՄՆ) պնդում է՝ ջրառն անխուսափելի է: Սակայն այս հայտարարությունը հարցեր է առաջացնում. արդյո՞ք իսկապես այլընտրանք չկա, և որո՞նք են այս իրավիճակին հանգեցրած հիմնական գործոնները:
Հայաստանի ջրերը՝ ցրված և անկառավարելի
Հայաստանի ջրային պաշարները ներառում են բոլոր մակերևութային և ստորգետնյա ջրերը՝ առուներից մինչև սառցադաշտեր։
Ոլորտը կառավարող մարմինը շրջակա միջավայրի նախարարությունն է, որի տվյալները ցույց են տալիս ջրամբարների բաշխվածության և լցվածության զգալի տարբերություններ մարզերի միջև:
ՇՄՆ հաղորդմամբ՝ Ջրային պետական կադաստրում առկա է 21 ջրամբար, որոնց ընդհանուր ծավալը՝ 1,056 մլն խմ է։ 2024 թվականի հուլիսի սկզբի դրությամբ ջրամբարները լցված են միջինում 75 տոկոսով:
Տավուշի մարզում գտնվող 4 ջրամբարները, որոնց տարողունակությունը 66 մլն խմ է, գրեթե ամբողջությամբ լցված են՝ 98 տոկոսով։ Սյունիքում կա 2 ջրամբար 4.47 մլն խմ տարողունակությամբ և դրանք լցված են 94.09 տոկոսով։ Վայոց ձորի 1 ջրամբարը՝ 26 մլն խմ տարողունակությամբ, լցված է 97.77 տոկոսով։ 3 ջրամբար ունեցող Կոտայքի մարզում ջրամբարները լցված են 63.09 տոկոսով, իսկ ընդհանուր տարողունակությունը շուրջ 34 մլն խմ է։ Արագածոտնի մարզի ցուցանիշները ևս շատ հուսադրող չեն․ 2 ջրամբարների լցվածությունը կազմում է 48.12 տոկոս, ընդհանուր տարողունակությունը՝ 96.5 մլն խմ։ Խնդրահարույց է նաև Արարատի մարզը․ այս տարի լցվածությունը 85.99 տոկոս է կազմում, ջրամբարները 2-ն են և ընդհանուր տարողունակությունը 72 մլն խմ է։ Շիրակի մարզում գտնվող Ախուրյանի ջրամբարը՝ 525 մլն խմ տարողությամբ, հանրապետության խոշորագույնն է և լցված է 75.6 տոկոսով: Ջրամբարների առյուծի բաժինը՝ 7-ը, կենտրոնացած են Շիրակում՝ միջինում 78 տոկոս լցվածությամբ:
«Հայաստանում յուրաքանչյուր բնակչի տարեկան մոտ 3800 լիտր ջուր է բաժին ընկնում, ինչը միջին հագեցվածություն է,- ասում է «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ, հիդրոէկոլոգ Արևիկ Հովսեփյանը՝ հավելելով, թե Հայաստանում առկա է ջրի բաշխվածության, սեզոնայնության և, ամենակարևորը, կառավարման խնդիրներ,- Արդյունավետ կառավարման դեպքում մեր ջրային պաշարները պետք է ոչ միայն բավարարեն մեր կարիքները, այլև նպաստեն զարգացմանը»:
Հովսեփյանը նաև ընդգծում է ջրօգտագործման մշակույթի բացակայությունը․
«Երբ տեսնում ես, թե ինչպես են Արարատյան դաշտում Սևանից վերցրած ջրով ոռոգում, պարզապես ափսոսում ես: Գյուղացին հաճախ մտածում է, թե որքան շատ ջրի, այնքան լավ կլինի: Հնարավոր է նաև այն պատճառով, որ չգիտի՝ հաջորդ անգամ ջուրը ժամանակին ստանալու է, թե՞՝ ոչ»։
Որտեղից են գալիս և ուր են գնում
Ջրի համար բախումներն այսօր արդիական են։ Օրինակ՝ Միջին Ասիայի 5 երկրներ՝ Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը «խաղաղ պատերազմի» մեջ են, որովհետև ջրային պաշարների պակաս կա։ Արևիկ Հովսեփյանը նշում է, որ երկրներն այժմ ձգտում են ինքնուրույն կառավարել իրենց ջրային պաշարները:
Մեր տարածաշրջանում ջրային պաշարները հիմնականում գոյանում են Վրաստանում և Հայաստանում, այնուհետև հոսում են հարևան երկրներ։
«Վրաստանում 3 անգամ ավելի շատ ջուր է առաջանում, քան Հայաստանում, բայց երկու դեպքում էլ դրանք անդրսահմանային ջրեր են՝ երկրից դուրս են հոսում»,- բացատրում է Հովսեփյանը: Նա ավելացնում է, որ Իրանն ու Ադրբեջանն ավելի քիչ ջրային պաշարներ ունեն, սակայն Ադրբեջանը, լինելով ցածրադիր երկիր, ստանում է Հայաստանի և Վրաստանի չօգտագործված ջրերը: Ամեն դեպքում, Ադրբեջանում մեկ շնչին ավելի քիչ է ջուր բաժին հասնում, քանի որ բնակչությունը շատ է։
«Դա միջազգային պարտավորություն է՝ իրավունք չունենք ընդհանրապես չտալ ջուր։ Մեր տարածաշրջանում Ադրբեջանն ամենաշատն է բողոքում, քանի որ հողատարածքները շատ են, հայտարարում է, որ Հայաստանից ու Վրաստանից քիչ ու աղտոտված ջուր է ստանում»,- շեշտում է փորձագետը: Նա նաև նշում է, որ տարածաշրջանում ապագայում ջրի քանակից ավելի կարևոր լինելու է ջրի որակի հարցը:
Հովսեփյանը խոստովանում է, որ և՛ Վրաստանը, և՛ Հայաստանն աղտոտում են ջրային պաշարները, սակայն նշում է, որ Ադրբեջանում նույնպես նման խնդիրներ կան․
«Ադրբեջանում ջրի քանակի և որակի խնդիր ունեն՝ մաքուր ջրի խնդիր ունեն: Օրինակ՝ ամբողջ Բաքուն սնվում է ջրամբարից, որն էլ լցվում է Քուր գետի ջրից, իսկ այն ամբողջ Թբիլիսիի միջով հոսում է։ Ադրբեջանում խմելու ջրի այլ աղբյուր չունեն, մաքրում են և խմում»:
Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում խմելու ջուրը որակյալ է՝ հիմնականում բնական փակ աղբյուրներից: Սակայն փորձագետը զգուշացնում է.
«Փաստ է, որ այժմ իսկապես անխնա ենք օգտագործում ջուրը՝ և՛ խմելու, և՛ ոռոգման համար»:
Հարևան երկրները պարբերաբար բողոքում են Հայաստանի կողմից ջրային պաշարների աղտոտումից, ինչը, հավանաբար, բնական է։
«Մենք ոչ մի մաքրման կայան չունենք, կեղտաջրերը լրիվ լցնում ենք գետերը, բայց կարևոր է հասկանալ, որ դա առաջին հերթին վնաս է մեզ, մենք ավելի շատ վնաս ենք կրում դրանից, քան հարևան պետությունը, որովհետև հոսելով ջուրը մաքրվում է և մինչև հասնում է հարևան երկիր՝ երևի 3 անգամ մաքրվում է,- ասում է Հովսեփյանը՝ հատկապես մտահոգիչ համարելով հանքարդյունաբերության թափոնային ջրերի խնդիրը, որոնք չեն մաքրվում և ավելի մեծ վտանգ են ներկայացնում,- Դա նույնպես մեզ ավելի շատ է վնասում, քանի որ ծանր մետաղները հատակին են նստում, ջուրը վրայով հոսում է, իսկ նստվածքը մնում է մեզ»։
Ի՞նչ ենք ուզում մեր երկրից
Ջրի ազգային ծրագրի ժամկետն ավարտվել է 2015-ին, և Հայաստանը տարիներ շարունակ չի ունեցել ջրային ոլորտի կառավարման ռազմավարություն։ Կառավարությունը ռազմավարության մշակման հայեցակարգային մոտեցումները սկսել է քննարկել 2023-ին։
«Պետք է հասկանանք, թե մենք ի՞նչ ենք ուզում մեր երկրից։ Պարզապես ճիշտ կառավարում է պետք»,- ասում է Արևիկ Հովսեփյանը։ Նա ընդգծում է, որ այս խնդիրը վերաբերում է նաև գյուղատնտեսության ոլորտին՝ որպես Հայաստանի ջրային պաշարների խոշոր սպառողի։ Թեպետ Հայաստանը գյուղատնտեսության զարգացման կարիք ունեցող երկիր է, բայց չկա անգամ ոլորտով զբաղվող հստակ կառույց։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) հայտնում են, որ Սևանա լճից բաց թողնվող ջրով ոռոգվում են Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի շուրջ 30.3 հազ․ հա հողատարածություններ, իսկ տնտեսությունների թիվը՝ շուրջ 43 հազար։ Նախարարությունը վստահեցնում է՝ բոլոր տնտեսությունները ջուրն օգտագործում են բացառապես ոռոգման նպատակով, իսկ ոռոգելի հողատարածքներում հիմնականում մշակվում են պտղատու և խաղողի այգիներ, կարտոֆիլ, հացահատիկային և բանջար բոստանային մշակաբույսեր, առվույտ։
ՏԿԵՆ-ը հայտնում է նաև, որ ոռոգվող հողատարածքների չափը և մշակաբույսերի կազմը նախատեսվում է համապատասխան Ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕ) և ջրօգտագործողների միջև կնքվող պայմանագրերի։
«ՋՕ-երում այս մակարդակը չէ, որ կարողանան իրենք այդ հաշվարկներն անել։ Իրենց համար՝ որքան շատ ջուր, այնքան լավ, որովհետև կորուստներ ունեն։ Ձեզ թվում է ամեն տարի իրենք գնում տեսնում են գյուղացին ի՞նչ է արել, ո՛չ։ Ինչպես նախկինում եղել է, այդ տվյալներով էլ առաջնորդվում են»,- ասում է Հովսեփյանը՝ նշելով, թե գյուղատնտեսի հետ աշխատող օղակը բացակայում է։
Փորձագետը նշում է, թե ոռոգման համակարգերում առկա զգալի կորուստները կարող են հասնել 40-50 տոկոսի, իսկ «Վեոլիա ջուր» ընկերության կորուստները, առհասարակ, 70 տոկոս են կազմում․
«100 լիտր ջրից 70-ը թափում են, 30-ը օգտագործում և դա համարվում է «նորմալ»։ Հողի միջով ջուրը հոսելով ավելի շատ ընդերքն է սնում, քան բույսին։ Մարդիկ ժամերով սպասում են մինչև ջուրն այս ծայրից այն ծայրը հասնի հողի միջով»։
Ի՞նչ ենք ուզում Սևանից
Սևանի կարևորությունը դժվար է գերագնահատել։ Առանց այս լճի Հայաստանը կարող է վերածվել անապատի, իսկ նրա ճահճացումը կարող է հանգեցնել առողջապահական լուրջ խնդիրների։
Սևանի ապագայի վերաբերյալ վերջերս մշակված տեսլականը ևս քննադատության է արժանանում։
Ըստ Հովսեփյանի՝ տեսլականի մեջ բոլորը միասին գրված է, մինչդեռ դա այսօրվա վիճակն է, ինչը սխալ է և ունի վերանայման կարիք։
«Պետք է որոշենք՝ ի՞նչն է մեզ համար կարևոր, բոլորը միասին չենք կարող անել, պետք է ի վնաս մեկի մյուսը զարգացնենք,- ասում է Հովսեփյանը՝ թվարկելով լճի հնարավոր դերերը՝ ձկնարդյունաբերական, էներգետիկ աղբյուր, ոռոգման ջրի պաշար կամ էկոհամակարգ։ Նա զգուշացնում է,- Սևանի վերացումն էկոլոգիական աղետ է լինելու։ Ոչ միայն վերացումը, այլև ջրի որակն այս վիճակում պահելն էկոլոգիական աղետ է»։
Սակայն ADWISE խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ և ՇՄՆ նախկին փոխնախարար Վարդան Մելիքյանը, ով ներգրավված է եղել տեսլականի մշակման գործընթացում, ասում է, թե Սևանի բուն տեսլականը 2 նախադասությունից է կազմված, ավելացնելով, որ դրանց հետևում մեկ տարուց ավելի աշխատանք կա։
Մելիքյանը պնդում է, որ տեսլականը հիմնված է գիտական տվյալների վրա և հաշվի է առնում տնտեսական, սոցիալական և բնապահպանական հարցերը։
Թեպետ Մելիքյանը համաձայնում է, որ տեսլականը «բավական աբստրակտ է», նա պնդում է, որ դա անհրաժեշտ է.
«Տեսլականը երբեք չի կարող լինել շատ հստակ․ դա մեր երազանքն է, ցանկությունը, այն, ինչ ուզում ենք ունենալ 2050 թվականին»։
Մելիքյանն ընդգծում է, որ այն մշակվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում, հատկապես՝ գիտության ոլորտի ներկայացուցիչների։ Ըստ նրա՝ տեսլականը գրեթե բառ առ բառ մեկնաբանվում է, որպեսզի տարընթերցումներ չլինեն։
Մինչ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ «Սևան» ազգային պարկի կառավարման ծրագրի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, մնում է անորոշ, թե արդյոք այս տեսլականը կբավարարի Սևանի բազմաթիվ կարիքները և կհասցեագրի առկա մարտահրավերները։
Ջրառն անխուսափելի՞ է
Ամռան սկզբին դեռևս քննարկվում էր Սևանա լճից ջրառ իրականացնելու հարցը, հիմա արդեն պարզ է՝ ջրառն անխուսափելի է՝ պայմանավորված ջրամբարների և պոմպակայանների ներկայիս տեխնիկական վիճակով, հայտնում է ՇՄՆ-ը, իսկ ՏԿԵՆ-ը հավելում՝ ջրառը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի պակասուրդը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ։
2024-ի հունիսի 14-ին կառավարությունը որոշում է կայացրել Սևանից մինչև 170 մլն մ³ ջուր վերցնել: ՇՄՆ-ն հայտնում է, որ այս տարի ջրառը սկսվել է վերջին 13 տարվա համեմատ ամենաուշ՝ հունիսի երկրորդ տասնօրյակից, մինչդեռ 2023-ին՝ մայիսի 2-րդ տասնօրյակից էր։ Սակայն, դեռ հայտնի չէ, թե արդյոք այսքանը կլինի վերջնական թիվն ու այն ավելացնելու պահանջ չի արվի։
ՇՄ նախարարությանն ուղղված հարցին, թե առատ տեղումների պայմաններում, ինչո՞ւ ենք կրկին Սևանից ջրառ իրականացնում, նախարարությունը մեջբերել է ՏԿԵՆ հիմնավորումը՝ «ոռոգման ջրի պահանջարկը ձևավորվել է մշակաբույսերի փաստացի ջրապահանջով։ Հարկ է նշել, որ 2023-ին ամբողջությամբ չի ապահովվել մշակաբույսերի ջրապահանջը, ինչը պայմանավորված էր եղանակային անբարենպաստ պայմաններով»։
Հիդրոէկոլոգ Հովսեփյանը մտահոգ է Սևանի ապագայով։
«Սևանը ոչ միայն ջրային պաշար է, այլև հոգևոր արժեք: Բոլոր գործողությունները պետք է բխեն այդ գիտակցումից,- ասում է նա՝ ընդգծելով նաև կոյուղաջրերի մաքրման կարևորությունը,- Հաշվարկել ենք, որ մաքրման կայանի դեպքում յուրաքանչյուր հանգստացողի վրա կնստի ընդամենը 1000 դրամ: Սակայն, քանի որ չկա պարտադրանք, չի արվում»:
Սակայն Մելիքյանն ավելի լավատես է ու կարծում է, թե հնարավորությունները կախված են գործողություններից.
«Իրատեսական է լուրջ առաջընթաց ունենալ: Օրինակ՝ Ժնևի լճի վերականգնումը տևել է տասնամյակներ, բայց արդյունքը տպավորիչ է: Մեզ մոտ գուցե ավելի երկար տևի կլիմայի փոփոխության պատճառով, բայց անհրաժեշտ քայլերը հայտնի են, օրինակ՝ կեղտաջրերի ներհոսքի վերացումը»:
Ջրամբարաշինությունը՝ ինքնանպատա՞կ
Հիդրոէկոլոգ Արևիկ Հովսեփյանը թեև նշում է, որ ջրամբարներն անհրաժեշտություն են, սակայն անդրադառնալով ներկայիս ջրամբարաշինության ծրագրերին, նա կարծում է, որ նախ հարկավոր է գնահատել գյուղատնտեսական հողերի ներկա ծավալները։
«Չգիտենք, թե մենք ի՞նչ ենք ուզում աճեցնել, որտե՞ղ և ի՞նչ ենք ուզում զարգացնել։ Խոսել ջրամբարաշինության մասին, միայն նրա համար, որ ջուրն ամբարենք, ես գտնում եմ, որ ճիշտ չէ, քանի որ ջրամբարաշինությունը բավական ծախսատար է»,- ասում է նա։
ՏԿԵՆ-ը հայտնում է, որ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված 15 ջրամբարներից 6-ի նախագծային աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են (Ելփին Քասախ՝ փուլ 2, Աստղաձոր, Արգիճի, Լիճք և Արթիկ՝ փուլ 1-ի ավարտ): Մնացած 9-ի համար նախատեսվում է ներգրավված փորձագիտական խմբի ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի թիմի մասնագիտական աջակցությամբ իրագործելիության ուսումնասիրություն: Ներկայում ընթանում են նաև Վեդու և Կասպի ջրամբարների կառուցման աշխատանքները։
Սակայն հիդրոէկոլոգը, հաշվի առնելով կլիմայի փոփոխության ազդեցությունները, զգուշացնում է, որ Հայաստանի ունեցած հաշվարկները հին են, ու որևէ գետի վրա ջրամբար կառուցելու համար պետք է նոր հաշվարկ արվի: Հատկապես սուր քննադատության է արժանանում Սևանա լճի ավազանում երկու ջրամբարների կառուցման ծրագիրը:
«Ամենացավալին է․ մի կողմից ուզում ենք Սևանի մակարդակը բարձրացնել, մյուս կողմից Սևան եկող գետերի վրա ջրամբա՞ր ենք կառուցում: Իրար հակասող ծրագրեր են։ Քննարկումներին, իհարկե, ասել ենք, որ սխալ է։ Չգիտեմ՝ մեր դիտարկումները հաշվի կառնեն, թե ոչ, բայց եթե ուզում ենք Սևանի ջրի մակարդակը բարձրացնել, անգամ մի ափսե ջուրը պետք է գնահատել»,- ընդգծում է Հովսեփյանը:
Վարդան Մելիքյանը ևս համաձայն է այս մտահոգության հետ, կարծում է, որ Սևանի լճի ավազանում երկու ջրամբարների կառուցման հիմնավորումները համոզիչ չեն ու չգիտի՝ ինչի համար են պետք, արդյոք կա՞ն լուրջ տեխնիկա-տնտեսական հիմնավորումներ, թե՝ ուղղակի ինչ-որ ցանկություն է։
«Ես կարծում եմ, որ ջրամբարաշինությունն էլ պետք է հիմնավոր լինի․ մտածենք մեր հարևանները Ադրբեջանն են ու Թուրքիան, ամբարե՞նք, որ իրենց չգնա, բայց քաղաքակիրթ երկրներում դու նույնիսկ մտածում ես հարևանիդ մասին։ Դանուբի ջրից 22 երկիր օգտվում է։ Չեմ ասում ի վնաս մեզ հարևանին ջուր տանք, բայց մենք պարտավորություն ունենք նաև հարևանին տալու»,- շարունակում է Հովսեփյանը։
Ըստ ՏԿԵՆ-ի՝ նշված 15 ջրամբարներից բացի ջրամբարների կառուցման համար ուսումնասիրվում են նոր տարածքներ, որի շրջանակներում ներկայումս մանրամասն աշխատանքներ են տարվում Ասիական զարգացման բանկի հետ համատեղ՝ Կարմիր գյուղի, Գառնահովիտի և Գետիկի ջրամբարների տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների իրականացման մասով։
Հիդրոէկոլոգը շարունակում է հիշեցնել ոռոգման համակարգերում առկա հսկայական կորուստների մասին և պնդում է․
«Պետք է հաշվարկ անել, օրինակ՝ փակ ոռոգման համակարգեր ստեղծելու և ջրի կորուստը մինչև 10-20 տոկոս նվազեցնելու դեպքում, արդյո՞ք ավելի էժան չի նստի, քան ջրամբար կառուցելը։ Չունենք այդ հաշվարկները»։
Ջրամբարաշինության ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը բարդանում է նաև պատասխանատու նախարարությունների միջև առկա հակասություններով: ՏԿԵՆ-ը հայտնում է, որ Հայաստանի ջրային պաշարների կառավարման մարմինը ՇՄՆ է: Սակայն, չգիտես ինչպես, հենց ՏԿԵՆ-ն է համակարգում ջրամբարաշինության ծրագիրը և տրամադրում համապատասխան տեղեկություններ:
Ավելին, ՇՄՆ-ը, որը պետք է լիներ ոլորտի պատասխանատուն, հարցմանն ի պատասխան հայտնում է, թե տեղեկություններ չունի նոր ջրամբարների կառուցման վերաբերյալ: Այս հակասությունը ցույց է տալիս պետական մարմինների միջև համագործակցության և տեղեկատվության փոխանակման լուրջ խնդիրներ:
Կլիմայի փոփոխություններ
Կլիմայի փոփոխություններն առավել սուր են ազդում ջրային պաշարների վրա: Արևիկ Հովսեփյանի համոզմամբ՝ այս տարվա տեղումներն անմիջապես կապված են այդ փոփոխությունների հետ: Ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է գոլորշիացմանը՝ նվազեցնելով հասանելի ջրի քանակը:
Հետաքրքիր է, որ երկրագնդի ջրի ընդհանուր ծավալը չի պակասում, այլ վերաբաշխվում է՝ ստեղծելով անհավասարակշռություն տարբեր տարածքներում: Այս երևույթը հանգեցնում է ծայրահեղությունների՝ մեկ օրում կարող է տեղալ տարեկան նորմայի չափով անձրև, իսկ հետո ամիսներ շարունակ՝ ոչ մի կաթիլ:
Փոփոխվում է նաև մարդկանց վարքագիծը: Տաք եղանակին ջրի սպառումն աճում է, սակայն աղբյուրները չեն վերալիցքավորվում անբավարար տեղումների պատճառով:
Արմավիրի մարզում իրավիճակն առավել ծանր է, ըստ Հովսեփյանի՝ այնտեղ ջուր չկա, բնակիչներն օգտվում են խորքային հորերից, որոնց ջուրը խմելու չէ։ Իսկ տեխնիկական ջրի օգտագործումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել, որոնք ակնհայտ չեն և դժվար է միանգամից կապել ջրի հետ։
Ստորգետնյա ջրային պաշարները նույնպես վտանգված են: Արտեզյան ավազանները, որոնք օգտագործվում են խմելու և ոռոգման նպատակով, գերշահագործվել են: Արդյունքում՝ ջրի մակարդակն իջել է, իսկ որակը՝ վատթարացել:
Արարատյան արտեզյան ավազանի վիճակն առավել մտահոգիչ է՝ հիմնականում ձկնաբուծության պատճառով: Հովսեփյանը նշում է, որ ձկնաբուծարաններից դուրս եկող ջրերը չեն օգտագործվում ոռոգման նպատակով, չնայած դա հնարավոր է իրականացնել պոմպերի միջոցով:
«Նույնը, ինչ կատարվում է Սևանում, այնտեղ էլ է կատարվում։ Տեղ կա իջել է 18 մետր»,- ասում է նա։
Ըստ Հովսեփյանի՝ պետք է մտածել, թե այդ փոփոխություններն ինչպես կառավարել, որտեղից ջուրը բերել, եթե նպատակը մարդկանց ջրով բավարարելն է, այլ ոչ թե հույսը դնել կլիմայի բարեհաճության վրա։
«Ժամանակը գալու է, որ ջուրը դառնալու է «թանկարժեք ապրանք»։ Պետք է այնպիսի ռազմավարություն ունենանք, որ կարողանանք հետագայում վաճառել այն՝ որպես թանկարժեք ապրանք։ Դա մեր երկրի հարստությունն է, պետք է կարողանանք նախ մեզ համար օգտակար դարձնել, հետո մտածենք, թե ինչպես ենք հարստանալու, ինչպես ուրիշ երկրներ նավթից են հարստանում»,- ասում է փորձագետը։
Հայաստանի ջրային պաշարների կառավարումը կանգնած է բարդ մարտահրավերների առջև: Անհամաչափ բաշխումը, ապաշնորհ կառավարումը, ոռոգման համակարգերի անարդյունավետությունը և Սևանա լճի ճակատագիրը հրատապ լուծումներ են պահանջում: Երկրի առջև ծառացած է հիմնարար հարց. ինչպե՞ս հավասարակշռել տնտեսական զարգացման և բնապահպանական կարիքները: Ջրային պաշարների արդյունավետ կառավարումը պահանջում է ոչ միայն տեխնիկական լուծումներ, այլև ռազմավարական մոտեցում և հասարակական գիտակցության փոփոխություն: Հայաստանի ապագան կախված է այսօրվա որոշումներից:
Մեր հայերեն էջից
Բարի եկաք․ հայրենադարձության հայկական փորձը
Սփյուռքի հետ կապերն ու տարվող աշխատանքները գործուն բնույթ են ունեցել բոլոր ժամանակներում՝ շեշտադրումները փոփոխելով հայապահպանությունից մինչև սփյուռքի ներուժի օգտագործում, հայրենադարձության խթանում, ինչը բոլոր կառավարությունների քաղաքականության մասն է կազմել։
Read moreՄեր օրերի Սալոմեն. կնատյացությունից կնակենտրոն պատում
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բացած Ատոմ Էգոյանի «Յոթ քող»-ը ֆիլմը Սալոմեի պատմության նոր մեկնաբանությունն է՝ արդիականացված ու համապատասխանեցված ժամանակակից հասարակական ու մշակութային իրողություններին, գրում է Սոնա Կարապողոսյանը։
Read moreԻնչպես է Ադրբեջանը մոլորեցնում և հալածում միջազգային հանրությանը
Ադրբեջանը ռազմական և դիվանագիտական հարկադրանք է օգտագործում իր առավելապաշտական և ծավալապաշտական նպատակներին հասնելու համար՝ օգտագործելով հիբրիդային պատերազմի լայն շրջանակ՝ մոլորեցնելով և հետապնդելով միջազգային դերակատարներին: Պարզաբանում է Սոսի Թաթիկյանը։
Read moreՀանգրվանը՝ Հայաստան. ովքե՞ր են ապաստան հայցում
Վերջին տարիներին Հայաստանում ապաստան հայցողների թվի աճ է նկատվում, ավելացել է նաև երկրների թիվը, որոնց քաղաքացիները նման դիմում են ներկայացնում Հայաստանում։ Ինչո՞վ է պայմանավորված այս միտումը, ո՞ր երկրների քաղաքացիներից է Հայաստանը ստանում ամենաշատ դիմումներն ու արդյոք բավարարում է դրանք, անդրադառնում է Արշալույս Բարսեղյանը։
Read moreԸնդլայնվում է ռազմական համագործակցությունների շրջանակը
Հնդկաստանը և Ֆրանսիան վերջին երկու տարում դարձել են Հայաստանի սպառազինության հիմնական մատակարարները։ Ռազմական կարողությունները հզորացնելու նպատակով Երևանը փորձում է ընդլայնել ռազմական հարաբերությունները այլ երկրների հետ ևս։
Read moreմարդ ԱՌժամանակ
զրույցների շարք
մարդ ԱՌժամանակ. Վասգեն Բրուտյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ «Արդեան»-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վասգեն Բրուտյանը, ով 2013-ին երկրորդ անգամ է հայրենադարձվել ու հիմնել արվեստի, դիզայնի և ճարտարապետության կենտրոն, պատմում է իր գործունեության մասին ու վստահեցնում՝ Հայաստանը դիզայնի ոլորտում կարող է առաջնային երկրներից լինել։
Read moreմարդ ԱՌժամանակ. Քրիստին Սիմոն
«Մանուկեան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը պատմում է պապի՝ առաջին միձեռանի ծորակի նախագիծը ստեղծած ու մեծ հաջողությունների հասած Ալեք Մանուկյանի հետ հարաբերությունների, առաջին անգամ մոր՝ Լուիզ Սիմոնի հետ Սովետական Հայաստան գալու երկար ճանապարհորդության, իրենից առաջ երկու սերնդներից ստացած ժառանգության «բեռի» և այն շարունակելու նպատակով իրականացվող ծրագրերի մասին։
Read moreմարդ ԱՌժամանակ. Անահիտ Արամունի Քեշիշյան
Գրականագետ, դերասանուհի, պրոֆեսոր Անահիտ Արամունի Քեշիշյանը, պատմում է երկու անգամ հայրենադարձվելու իր փորձառության, 1988-ին սփյուռքում Հայաստանի շարժմանը զորակցող շարժում ստեղծելու և հայրենիքի անկախությանը սատարելու դժվարությունների մասին, ինչպես նաև կիսվում իր առաջիկա նախաձեռնությունների գաղափարներով։
Read moreմարդ ԱՌժամանակ. Մանուշակ Տիտանյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի հյուրը՝ ճարտարապետության դոցենտ Մանուշակ Տիտանյանը, կիսվում է Երևանից Արցախ տեղափոխվելու, պատմամշակութային ժառանգության փաստագրման աշխատանքներում ներգրավվելու, ինչպես նաև Արցախից վերջիններից դուրս գալու մասին։
Read moreմարդ ԱՌժամանակ. Միքայել Հովհաննիսյան
«մարդ ԱՌժամանակ» անձնական զրույցների շարքի մեկնարկային հանդիպման հյուրը՝ Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, արաբագետ, գիտությունների թեկնածու Միքայել Հովհաննիսյանը, կիսվում է 1988-ի շարժման շրջանի իր հիշողություններով։ Պատմում է Սիրիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի որդին լինելով՝ անկախության առաջին տարիներին Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում ապրելու փորձառության մասին, անդրադառնում քաղաքացիական ակտիվությանն ու աշխատանքային գործունեությանը։
Read more