Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր:
Վերջին երկու տարում Հնդկաստանը և Ֆրանսիան, որոնց հետ ոչ վաղ անցյալում առանձնակի ռազմական հարաբերություններ գրեթե չկային, դարձել են Հայաստանի սպառազինության հիմնական մատակարարները։ Ըստ հնդկական լրատվականների հրապարակումների՝ Հայաստանը այդ երկրից պատվիրել է զգալի ծավալի սպառազինություն՝ հրետանի (հաուբիցներ և համազարկային համակարգեր), հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր և այլն։ Իսկ Ֆրանսիայից Հայաստանը գնել է զրահափոխադրիչներ, ռադիոլոկացիոն կայաններ, հաուբիցներ, հնարավոր է նաև տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցներ։
Միաժամանակ, Հայաստանն ընդլայնում է ռազմական ոլորտում համագործակցությունն այլ երկրների հետ ևս։ Պաշտպանության նախարարությունը վերջին ամիսներին հայտնել է վեց այլ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Դրանք են՝ Հունաստանը, Չեխիան և Սլովակիան, Իտալիան, Բուլղարիան և Գերմանիան։ Ռազմատեխնիկական համագործակցությունն իր մեջ ներառում է սպառազինության վաճառք, տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանցում, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ (R&D) և այլ հարակից հարցեր։ Հայաստանը Ռուսաստանից աստիճանաբար հեռանալով` անվտանգության ոլորտում սկսել է հարաբերությունները տեսանելիորեն խորացնել նաև ԱՄՆ-ի և Եվրամիության հետ։
Մարտին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ռուսաստանի կշիռը Հայաստանի սպառազինության ձեռքբերումների մեջ 2021-ից այս կողմ 96 տոկոսից նվազել է՝ հասնելով 10 տոկոսից էլ պակասի։ Ավելի ուշ նա հայտնեց, որ Հայաստանը սպառազինության ձեռքբերման հարցում ունի չորս-հինգ գործընկեր։ Թեև նա չէր հստակեցրել, թե Հնդկաստանից և Ֆրանսիայից բացի որ երկրների մասին է խոսքը, Գրիգորյանը նշել էր, որ դրանք «եվրոպական, արևմտյան երկրներ են»։
Ստորև՝ ռազմական ոլորտում Հայաստանի նոր գործընկեր երկրների ցանկը՝ հետահայացք գցելով նախկինում համագործակցությանը և մեկտեղելով վերջին զարգացումները։
Հունաստան
Հունաստանը երկար ժամանակ եղել է Հայաստանի կարևոր գործընկերը և պատուհանը դեպի ՆԱՏՕ և ԵՄ։ Երկու երկրների միջև ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրվել է դեռևս 1996-ին։ Իսկ 1998-ից հայ կուրսանտները հնարավորություն են ունեցել ուսուցում ստանալ Հունաստանի զինվորական ուսումնական հաստատություններում։
2023-ի դեկտեմբերին պատշպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը և Նիկոս Դենդիասը Աթենքում ստորագրեցին ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր։ Նախարար Դենդիասը հայտարարել էր, որ Հունաստանը ցանկանում է Հայաստանի նման բարեկամական, դաշնակից երկրների հետ համագործակցել՝ իրենց պատշպանական կարողությունները «նորարարական լուծումների միջոցով» ուժեղացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ Հունաստանն ամբողջությամբ պատրաստ է համագործակցության թափը պահել՝ ի շահ երկու երկրների։
Երկու նախարարները մարտին հանդիպեցին Երևանում՝ քննարկելու ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները և նախանշելու համագործակցության նոր ուղղություններ: Նրանք պայմանավորվեցին 2023-ի դեկտեմբերին կնքված համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։ ՀՀ Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրեց հունիսի 12-ին։ Այն կարգավորում է զենք ու զինամթերք արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցումը և տեխնիկական աջակցություն ու փորձի փոխանակում, հետազոտությունների իրականացումը, համատեղ կազմակերպությունների հիմնումը և այլն։
Դենդիասն այցից որոշ ժամանակ անց նշեց, որ Հունաստանը կարող է դասեր քաղել Լեռնային Ղարաբաղում 2020-ի պատերազմի ժամանակ դրոնների (անօդաչու թռչող սարքերի) կիրառումից։ Դրանից հետո ադրբեջանական իշխանամերձ մեդիան Հունաստանին մեղադրեց Հայաստանը՝ դեռ զարգացման փուլում գտնվող իր հակադրոնային միջոցների համար «փորձադաշտ» դարձնելու մեջ։ Նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին պնդեց, թե Հունաստանն անթաքույց ձևով զինում է Հայաստանին։
Հայաստանը և Հունաստանը Կիպրոսի հետ եռակողմ համագործակցության ձևաչափ են ստեղծել։ Իսկ Երևան այցի ժամանակ նախարար Դենդիասն առաջարկեց դիտարկել քառակողմ համագործակցության հնարավոր ձևաչափի ստեղծումը Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ՝ որոնց նա անվանեց Հայաստանի և Հունաստանի ընդհանուր ընկերներ։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանն ավելի ուշ նշեց, որ «բոլոր չորս երկրներն էլ համախոհներ են, շատ մոտ գործընկերներ», սակայն «դեռ մի փոքր վաղաժամ է խոսել քառակողմ ձևաչափի մասին»։
Հունիսին Հայաստանի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար Գեորգիոս Կոստիդիսը հանդիպեցին և քննարկեցին փոխգործակցությանն ու զինծառայողների վերապատրաստմանը վերաբերող հարցեր։
Չեխիա ու Սլովակիա
Հայաստանը Չեխիայի և Սլովակիայի հետ ռազմական համագործակցության առանձին պայմանագրեր է ստորագրել դեռևս 2010-ին։ Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր էր ստորագրվել 2019-ին, որը ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց 2023-ի սեպտեմբերին։ Այս հունվարին կառավարության որոշմամբ Գերմանիայում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդը հավատարմագրվեց Չեխիայում։ Իսկ ապրիլին Երևան այցելեցին Չեխիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը և չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչները՝ քննարկելու ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։ Ըստ պաշտպանության նախարարության՝ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Մայիսին էլ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Սլովակիա՝ Բրատիսլավայում մասնակցելու IDEB-2024 պաշտպանության միջազգային ցուցահանդեսին։ Բրուտյանը հանդիպել էր Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ըստ ՊՆ-ի՝ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Նախկին ԽՍՀՄ ազգեցության գոտում գտնվող Չեխոսլովակիայի ժառանգ այս երկու երկրները մինչ օրս ունեն նշանակալի ռազմական արդյունաբերություն։ Կարևոր արտադրանքներից են DANA և Zuzana հաուբիցները և RM-70 ռեակտիվ համազարկային համակարգրերը։ Երկու երկրները միաժամանակ խորացնում են կապերը Ադրբեջանի հետ։ Չեխիայից 70 DITA ինքնագնաց հաուբից է ձեռք բերվել, որը DANA-ի բարելավված տեսակն է։ Մայիսին Սլովակիայի պաշտպանության նախարար Կալինյակը և Ալիևը Բաքվում ստորագրեցին ռազմական համագործակցության համաձայնագիր։ Ըստ Ալիևի՝ բանակցություններ են վարվում համատեղ արտադրություն հիմնելու ուղղությամբ։
Ավելի վաղ՝ 2018-ին Չեխիայից և Սլովակիայից շուրջ 30 RM-70 և 36 DANA հրետանային համակարգեր էին վիճահարույց պայմաններում մատակարարվել Ադրբեջան։ Իսկ դեռևս 2002-ին Սլովակիան մեկ տանկ, 2010-ին էլ մեկ թնդանոթ էր վաճառել Բաքվին։
Իտալիա
Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Ջիամպաոլո դի Պաոլան պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել 2012-ին։ Այն վերաբերում էր անվտանգության ոլորտում համագործակցությանը, խաղաղապահ առաքելություններին, Իտալիայում հայ սպաների ռազմական կրթությանը, ռազմական արդյունաբերությանը։ Սակայն հետագա տարիներին տեսանելի առաջընթաց չգրանցվեց։
Վերջին շրջանում հայ-իտալական ռազմական հարաբերությունները նոր լիցք են ստացել։ 2023-ի նոյեմբերին Իտալիայի գլխավոր շտաբի պետ Ջուզեպպե Կավո Դրագոնեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Երևան՝ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի ու նախարար Պապիկյանի հետ քննարկելու և նախանշելու համագործակցության ուղղությունները։
ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Հռոմ այցելեց մարտին՝ Իտալիայի ՊՆ-ում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Պաշտոնյաները քննարկել են համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները և հաստատել ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը։
Մեկ ամիս անց՝ ապրիլին Իտալիա այցելեց փոխնախարար Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։ Նրանք հանդիպումներ ունեցան Իտալիայի ՊՆ պաշտոնյաների և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ըստ ՊՆ-ի՝ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Չեխիայի և Սլովակիայի պես Իտալիան ևս Ադրբեջանի հետ սերտ ռազմական հարաբերություններ է հաստատել։ Արդեն երկար տարիներ Իտալիան ադրբեջանական նավթի ամենախոշոր ներկրողն է։ Դեռ 2020-ի փետրվարին Ադրբեջանն իտալական խոշոր ռազմարդյունաբերող Լեոնարդո ընկերությունից գնել էր անհայտ քանակի M-346 Master ուսումնական ինքնաթիռներ։ 2023-ի հունիսին նույն Լեոնարդոն Ադրբեջանին վաճառեց երկու C-27J Spartan ռազմական ինքնաթիռ, որոնցից առաջինն առաքվեց հունիսին։ Սա արևմտյան երկրների կողմից առաջին նշանակալի զենքի վաճառքն էր Ադրբեջանին։ Ըստ իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթի՝ նախորդ սեպտեմբերին Ադրբեջանն ու Իտալիան բանակցություններ էին վարում մեկից երկու միլիարդ եվրո սպառազինության վաճառքի շուրջ, այդ թվում՝ զենիթային կայանքներ, ՀՕՊ համակարգեր և փոքր սուզանավեր։
Բուլղարիա
Հայաստանն ու Բուլղարիան 1996-ին ստորագրել էին պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ նախկինում Բուլղարիան զենք և զինամթերք է մատակարարել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։ Ըստ ԵՄ սպառազինության արտահանման բազայի՝ 2013-ից 2022 թվականներին Բուլղարիան Հայաստան է արտահանել 48 մլն, իսկ Ադրբեջան՝ 293 մլն եվրո արժողությամբ սպառազինություն։ Երկու երկրների դեպքում էլ ընդհանուր արժեքի շուրջ 95 տոկոսը կազմում է զինամթերքը[1]։
Փետրվարին նախարար Պապիկյանն իր բուլղարացի գործընկերոջ Տոդոր Տագարևի հետ հանդիպեց Գերմանիայում։ Նրանք պայմանավորվեցին ընդլայնել երկրների միջև համագործակցությունը։ Մայիսին Բրյուսելում անցկացվող Շումանի անվտանգության ու պաշտպանության ֆորումի շրջանակում, Պապիկյանը հանդիպեց Տագարևին հաջորդած Աթանաս Զապրյանովին և օրեր անց այցելեց Բուլղարիա։ Այնտեղ Պապիկյանն այցելեց Պլովդիվում անցկացվող «ՀԵՄՈՒՍ-2024» ցուցահանդես, որի շրջանակում հանդիպեց ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ։ Պապիկյանը նաև կարճատև զրույց ունեցավ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ, իսկ պաշտպանության նախարար Զապրյանովի հետ Պապիկյանը քննարկեց ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորությունները։
Գերմանիա
Հայաստանն ու Գերմանիան 2007-ին ստորագրել էին ռազմական բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր։ 2010-ից 2021 թվականներին հայ խաղաղապահներն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում ծառայություն են իրականացրել գերմանական հրամանատարության ներքո։ Ավելին, հայ խաղաղապահները մինչ Աֆղանստան մեկնելը Գերմանիայում վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների են մասնակցել։
Հունիսի սկզբին փոխնախարար Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Գերմանիա՝ մասնակցելու «ILA Berlin 2024» ցուցահանդեսին։ Բրուտյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի ՊՆ պետքարտուղար Բենեդիկտ Ցիմմերի հետ, որը համակարգում է սպառազինության առքուվաճառքի հարցերը։ Նա նաև հանդիպումներ է ունեցել այլ պաշտոնյաների և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվել են փաստաթղթեր։
ԱՄՆ
Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության մեջ այս փուլում կարծես բացակայում է ռազմատեխնիկական բաղադրիչը, սակայն հարաբերությունները զգալիորեն ընդլայվնել են վերջին շրջանում։ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ապրիլին նշեց, որ երկու երկրները «շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են ունենում անվտանգության և պաշտպանության մասին»։ Քվինը հայտնեց, որ ԱՄՆ-ն խորհրդական է նշանակելու, որը կօգնի Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ ներքին բարեփոխումների աշխատանքներում և խաղաղապահ ոլորտում համագործակցության ուղղությամբ։ Ըստ ԳՇ պետի խորհրդական Ժիրայր Ամիրխանյանի՝ բարեփոխումների հարցում ամերիկյան աջակցությունն իրականացնում է Պենտագոնի Անվտանգային կառավարման ինստիտուտը (ISG)։
Ըստ Ամիրխանյանի՝ այս փուլում ԱՄՆ-ն թույլատրում է մատակարարել միայն ոչ մահաբեր զինատեսակներ։ Ամերիկյան հեղինակավոր RAND վերլուծական կենտրոնում վերջերս հրապարակված հոդվածում երկու վերլուծաբաններ նշում էին, որ ԱՄՆ-ն կարող է Հայաստանին տրամադրել կարճ հեռահարություն ունեցող ՀՕՊ և հակադրոնային միջոցներ, որոնք կարելի է համադրել Ֆրանսիայից գնված սպառազինության հետ։ Ըստ հեղինակների՝ ամերիկյան ցանկացած զինատեսակի մատակարարման դեպքում Հայաստանը պետք է պարտավորվի խիստ վերահսկել դրանց հնարավոր ապօրինի փոխանցումը երրորդ կողմ։
ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM) և Հայաստանի ՊՆ-ն այս տարվա մայիսին առաջին անգամ անցկացրեցին ամենամյա խորհրդակցություններ՝ քննարկելու առաջնահերթությունները, մշակելու հետագա համագործակցության ոլորտները և նախանշելու առաջիկա տարիների համատեղ միջոցառումները։
Հուլիսին Երևանում անցկացվեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երրորդ նիստը, որում կողմերը համաձայնեցին հարաբերությունների կարգավիճակը բարձրացնել՝ դարձնելով «ռազմավարական գործընկերություն»։ Անվտանգության ոլորտում, ըստ համատեղ հայտարարության, ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական և ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով և Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով: Կողմերը նաև պայմանավորվել են նախաձեռնել երկկողմ խորհրդակցություններ՝ պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար:
Հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում անցկացվում է երկրորդ «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան համատեղ վարժանքը։ Նախորդը, որը անցկացվեց 2023-ի սեպտեմբերին, առաջին հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունն էր 2008-ից այս կողմ։ Դրան մասնակցում էր շուրջ 175 հայ և 85 ամերիկացի զինվորական։ Այս զորավարժության նպատակն է բարձրացնել խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում և բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը: Ըստ ամերիկյան կողմի՝ զորավարժությունը հնարավորություն է տալիս կողմերին ծանոթանալ միմյանց սպառազինություններին։
Եվրամիություն
Չնայած Եվրամիությունը կոշտ ուժ կիրառելու կարողություն չունի, բայց Հայաստանի հետ հարաբերություններում ներառվել է նաև անվտանգության բաղադրիչ։ «Ազատություն» լրատվականը հուլիսի սկզբին հայտնեց, որ ԵՄ-ն առաջիկայում 10 մլն եվրոյի ոչ մահաբեր ռազմական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ իր խաղաղության հիմնադրամից (European Peace Facility, EPF)։ Մինչ այդ Հունգարիան փաստացի արգելափակում էր այդ աջակցությունը։
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները դեռ 2023-ի նոյեմբերին համաձայնել էին քննարկել Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու հարցը։ Նախնական համաձայնություն ձեռք էր բերվել ապրիլին՝ մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու նպատակով։
Փետրվարին ԵՄ միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը հայտնեց, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանի ներգրավումը ԵՄ-ի ռազմական առաքելություններում և գործողություններում։
Մայիսին նախարար Պապիկյանը ԵՄ-ի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ հանդիպմանը քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությունը և պայմանավորվածություն ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Պապիկյանը նաև հանդիպել էր ԵՄ դիվանագիտական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Ըստ Ֆրիզի՝ կողմերը ձեռնարկում են հստակ քայլեր՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար:
Վերջերս հրապարակված հոդվածում Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) երկու վերլուծաբաններ պնդել են, որ ԵՄ-ն կարող է նպաստել Հայաստանի անվտանգությանը հետևյալ ձևերով՝ Ֆրոնտեքսի միջոցով օգնել Հայաստանին սահմանների վերահսկման գործում, մոբիլիզացնել ԵՄ անդամներին միանալու Ֆրանսիային՝ Հայաստանի պաշտպանության հնարավորությունները բարելավելու համար, և ապահովել առաջադեմ ռազմական սարքավորումներով և համատեղ վարժանքներ անցկացնել՝ Հայաստանի զինված ուժերն արդիականացնելու և եվրոպական գործընկերների հետ համատեղելիությունը բարելավելու նպատակով:
Վերջին ամիսներին ռազմական համագործակցության հնարավորությունները Հայաստանը քննարկել է նաև Նիդերլանդների և Ավստրիայի հետ։
Մայիսին նախարար Պապիկյանը և Բելգիայի դեսպանը քննարկեցին պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները, իսկ օրեր անց Պապիկյանը մեկնեց Բելգիա, որտեղ նախ հանդիպեց փոխվարչապետ Դավիդ Կլարինվալին, իսկ հետ այցելեց «Ջոն Կոկերիլ» ընկերության գրասենյակ՝ ծանոթանալու ընկերության արտադրանքին։ Այնտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ: Այդ ընկերությունը հիմնականում արտադրում է հրանոթային աշտարակներ զրահապատ մեքենաների համար։ Այն նաև նախատեսում է առաջիկայում ձեռք բերել ֆրանսիական Arquus ռազմարդյունաբերող ընկերությունը, որն ապահովում է ֆրանսիական բանակի անիվավոր մեքենաների 90 տոկոսը, այդ թվում Բաստիոն տեսակի զրահափոխադրիչները։ Հայաստանը 50 միավոր բաստիոն է ձեռք բերել, որի շուրջ կեսը Վրաստանով մատակարարվեց նոյեմբերին, իսկ մնացածը նախատեսվում է, որ կփոխանցվի այս ամառ։
Ծանոթագրություն․
[1] Բուլղարիան ՄԱԿ-ի սպառազինությունների ռեեստրում (UNROCA) հայտարարագրել է հետևյալ մատակարարումները. Հայաստան 2017-ին արտահանվել է թեթև գնդացիրներ, իսկ 2019-ին՝ 500 միավոր ՌՊԳ-22 նռնականետ։ Ադրբեջան է արտահանվել՝ 10 ՈՒԲԳԼ նռնականետ 2015-ին, 2171 Bulspike հակատանկային հրթիռ 2020 և 2021 թվականներին և երկու ԱԳՍ-30 նռնականետ 2022-ին։ Ավելի վաղ՝ 2002-ին Բուլղարիան Ադրբեջանին է վաճառել 36 միավոր Մ-46 քարշակվող թնդանոթ։
Քաղաքականություն
Ռուսաստանի ելքը. սահմանապահների ու խաղաղապահների դուրսբերումը
Ռուս խաղաղապահները վերջերս դուրս եկան հայաթափված և ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղից, միաժամանակ, Հայաստանից դուրս են գալիս Ադրբեջանի սահմանի երկայնքով և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահները, ինչը տարածաշրջանից Ռուսաստանի ընդհանուր նահանջն է խորհրդանշում։
Read moreՏավուշ. հողային և սահմանային մարտահրավերներ
Շատերը, հատկապես Հայաստանից դուրս ապրողները ճշգրիտ տեղեկատվություն չունեն, թե ինչ է կատարվում հանրապետության Տավուշի մարզում։ Սահմանների ու քարտեզների խնդիրներին է անդրադառնում քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը։
Read moreԴասեր Ֆինլանդիայի արտաքին և անվտանգային քաղաքականությունից
ՀԱՊԿ֊ին անդամակցության հավանական դադարեցման և արտաքին ու անվտանգային քաղաքականության վերանայման շրջանակում վերջերս Հայաստանում խոսվում է Ֆինլանդիայի մոդելի մասին՝ նախկինում արծարծվող Իսրայելի և Սինգապուրի փոխարեն։ Ֆինլանդիայի ու Հայաստանի իրավիճակի նմանությունների ու տարբերությունների, և ֆինլանդական փորձի կիրառելիությանն է անդրադառնում Սոսի Թաթիկյանը։
Read moreՎերջերս հրապարակված
Բույրերի որսորդը
Արցախի շրջափակման ընթացքում սեփական բույրերը ստեղծած 16-ամյա Հարություն Տոնյանը Ֆրանսիայում ուսումը շարունակելու և իսկական պարֆյումեր դառնալու ցանկություն ունի։ Առայժմ նա գիտելիքներն է շատացնում, անգամ պատվիրատուների համար անհատական բույրեր է ստեղծում։ Ֆոտոլրագրող Անի Գևորգյանի անդրադարձը։
Read moreՀարկադիր կատարում․ խնդիրներ ու նախատեսված լուծումներ
Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրի նպատակներից մեկը վերաբերում է հարկադիր կատարման համակարգում փոփոխություններին, թե որքանով են դրանք արդյունավետ ու իրական, պարզաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreԲողոքի անատոմիան
Լուսանկարիչ Ավետիք Հովհաննիսյանի (1960-1988) ստեղծագործությունն անհայտ է լայն հասարակությանը, սակայն EVN մեդիա փառատոնի շրջանակներում Հովհաննիսյանի առաջին ցուցահանդեսը խոստանում է բացահայտել նրա ողբերգական կարճատև կյանքի ու վավերագրման նշանակությունը։ «Պերեստրոյկայի» և Ղարաբաղյան շարժման սկսվելուն պես երիտասարդ լուսանկարիչը ներգրավվեց տարբեր ընդհատակյա քաղաքացիական և ակտիվիստական շրջանակների մեջ և ամեն օր Երևանի փողոցներում էր՝ փաստագրելով հակասովետական բողոքի մեծ ալիքը և բռնությունները, որ կիրառում էր կոմունիստական ռեժիմը, որը, ի վերջո, փլուզվելու էր։
Read moreԴեպի ակադեմիական քաղաք
Նիկոլ Փաշինյանի առաջարկած Ակադեմիական քաղաք ծրագիրը, չնայած բազմաթիվ քննադատություններին ու մտահոգություններին, արդեն ընթացքի մեջ է։ Ի՞նչ տեսլական ունի կառավարությունն ու հնարավոր ի՞նչ ազդեցություն կունենա այս նախագիծը բարձրագույն կրթության ոլորտի խնդիրների լուծման վրա։
Read moreՄայր Հայաստան
«Հայաստան» գրաֆիկական էսսեն անդրադառնում է ժամանակակից Երևանի հարաբերություններին իր անցյալի հետ։ Արմեն Հայաստանցու և Հարութ Թումաղյանի երեք մասից բաղկացած էսսեն ներկայացնում է քաղաքի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը՝ քաղաքային տեսանկյունից։
Read more