
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններին ու Հայաստանի համար դրա հետևանքներին անդրադարձող հոդվածի ՁայնաԳիրը։
Դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անսպասելիորեն հրամանագիր ստորագրեց 2024 թվականի փետրվարի 7-ին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս անսպասելի որոշումը կայացվեց դեկտեմբերի 6-ին Բաքվում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հետ Ալիևի հանդիպումից անմիջապես հետո: Զրույցի ընթացքում Օ’Բրայենն Ալիևին էր փոխանցել Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները ԱՄՆ միջնորդությամբ։
Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից և բռնի տեղահանումից հետո Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցություններ վարել։ Ալիևը հրաժարվեց անցած տարվա հոկտեմբերին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայացած հանդիպումից, իսկ հետո մերժեց Բրյուսելում և Վաշինգտոնում առաջարկվող հանդիպումները: Սակայն, նա համաձայնեց մասնակցել դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում Անկախ Պետությունների Համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանի հետ հանդիպմանը։
Հատկանշական է, որ հունվարի 23-ին Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ և միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին։ Օվերչուկը միջնորդական առաքելություն է իրականացնում ռուսական կողմից, մասնավորապես՝ ներգրավված է սահմանազատման հարցում։ Օվերչուկի այցից մոտ տասն օր առաջ, ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մինվալ» գործակալությունը, պաշտոնական Բաքուն հրաժարվել էր հանդիպել Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ, որն ավելի վաղ այցելել էր Հայաստան։ Բոնոյից հետո Հայաստան այցելեց Եվրոպական Միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, սակայն նա անգամ Բաքու գնալու փորձ չարեց։ Կլաարը հայտարարել էր, որ «Բաքու այց չի նախատեսվում, քանի որ Ադրբեջանում նախընտրական քարոզարշավի շրջանն է»։ Այդուհանդերձ, նախընտրական քարոզարշավը չի ազդում ռուս պաշտոնյաների այցերի վրա։
Արդիական է այն հարցադրումը, թե ինչո՞ւ Ալիևը, որը վերջին երեք տարիների ընթացքում խաղաղության մասին քննարկումներ էր անցկացնում արևմտյան հարթակներում, ինչպիսիք են Վաշինգտոնը և Բրյուսելը, կտրուկ փոխեց իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո: Կարևոր է վերլուծել և հասկանալ, թե որքանով է այս փոփոխությունը կապված նախատեսվածից մեկ տարի շուտ նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու Ալիևի որոշման հետ։
2024 թվականի հունվարի 10-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը բացատրել էր արտահերթ ընտրություններ նշանակելու իր որոշումը. «Ընտրությունները նշանավորում են դարաշրջանի ավարտ։ Սեպտեմբերին մենք ավարտեցինք այդ դարաշրջանը, որը դարակազմիկ իրադարձություն էր։ Կարծում եմ, որ Ադրբեջանի դարավոր պատմության մեջ նման հաղթանակ չի եղել… նախագահական ընտրությունները պետք է նշանավորեն նոր դարաշրջանի սկիզբը…»:
Դրա հետ մեկտեղ, նա հայտարարել էր, որ ընտրությունները տեղի կունենան Լեռնային Ղարաբաղում, որտեղ հայ բնակչություն այլևս չկա, և այն տարածքներում, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ալիևը հիմնավորել է այդ որոշումը նաև պատճառաբանելով, որ լրացել է իր նախագահական ժամկետի քսան տարին։ Սակայն նա իր խոսքն ամփոփել է նոր դարաշրջան բացելու թեզով՝ նշելով. «Առաջին պատճառը, իհարկե, նոր դարաշրջանի մեկնարկն է, և նախագահական ընտրություններն օրհնություն կբերեն նաև այս նոր դարաշրջանի բացման համար»։
Այս «նոր դարաշրջանի» հիմնական չափանիշերն ու նպատակները հասկանալը շատ կարևոր է, մասնավորապես, այն տեսանկյունից, թե ինչպես դա կազդի Ադրբեջանի, Հայաստանի հետ բանակցությունների և ավելի լայն իմաստով՝ տարածաշրջանի վրա:
Ալիևն Ադրբեջանում իրական ընդդիմություն չունի։ Երկու խոշոր ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» և «Մուսավաթը», որոշել են ձեռնպահ մնալ առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելուց։ Առաջադրված վեց թեկնածուներն էլ՝ Զահիդ Օրուջը, Ֆուադ Ալիևը, Ռազի Նուրուլլաևը, Ֆազիլ Մուստաֆան, Գուդրաթ Հասանգուլիևը և Էլշադ Մուսաևը մրցակցում են, թե ով կարող է լավագույնս առաջ տանել Ալիևի օրակարգը: Ադրբեջանցի բլոգեր Գյունդուզ Աղաևի ծաղրանկարում այս թեկնածուները պատկերված են Ալիևի «երկաթե բռունցքից» կախված՝ ինչը ի ցույց է դնում այն փաստը, որ նրանք խաղում են Ալիևի կանոններով:
Կարևոր է արձանագրել, որ ընտրություններից առաջ Ադրբեջանի բռնատիրական ռեժիմը հարձակումների նոր ալիք սկսեց լրագրողների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ։ Հուլիսին Ադրբեջանի իշխանություններն անհիմն քրեական մեղադրանքներով ձերբակալեցին ընդդիմադիր առաջնորդ և գիտնական Գուբադ Իբադօղլուին: 2020-ի պատերազմի ժամանակ Իբադօղլուն սկզբում աջակցում էր Իլհամ Ալիևին, սակայն հետագայում քննադատում էր նրա վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հարցում:
Իբադօղլուի ձերբակալությունից հետո, պետական հովանավորությամբ, արշավ սկսվեց՝ ընդդեմ Ադրբեջանում պատերազմի դեմ հանդես եկող ակտիվիստների: Խորհրդարանի անդամները, այդ թվում, օրինակ՝ իշխող կուսակցության պատգամավոր Էլման Մամեդովը, միացել էին այդ քարոզարշավին։ Նա հանդես էր եկել կոշտ հայտարարությամբ՝ նշելով, որ «հակապատերազմական արշավը գործողություն է Ադրբեջանի պետականության և անվտանգության դեմ։ Սա պետք է հետաքննել պետական մակարդակով։ Դրանով զբաղվող մարդկանց ինքնությունը պետք է պարզվի, և լուրջ միջոցներ ձեռնարկվեն ադրբեջանական օրենսդրության շրջանակներում»։ Մեկ այլ օրենսդիր՝ Այդին Միրզազադեն, որը նույնպես Ալիևի իշխող կուսակցությունից է, նշել էր, որ ցանկացած հասարակությունում կան ազգային շահերին հակադրվող խմբեր, որոնք ֆինանսավորվում են դրսից։ Նա մատնանշեց «ոչ պատերազմի» համախոհներին՝ որպես նման մի խումբ՝ մեղադրելով նրանց բռնազավթման ժամանակ հայկական շահերին բացահայտ և գաղտնի աջակցելու մեջ:
Այս արշավը ևս մեկ ցուցիչ է, որ Ալիևը հայերի հետ խաղաղություն հաստատելու մտադրություն չունի։ Ավելին, հաշտեցման oգտին հանդես եկող հատուկենտ մարդիկ արագորեն լռեցվում են ադրբեջանական պետության կողմից: Ալիևը վերջերս հաստատեց, որ ինքը Ադրբեջանում խաղաղության կամ հաշտեցման շուրջ խուսույթի վերաբերյալ արգելք է կիրառել:
«Տարբեր պատրվակների ներքո՝ Հայաստանի հետ համագործակցության, հասարակական տարբեր կազմակերպությունների միջոցով կապերի ստեղծման՝ մարդկանց ու հասարակություններին խաղաղության նախապատրաստելուն ուղղված քայլերը նպատակ ունեին այլ ոգի զարգացնել Ադրբեջանում մեծացող երիտասարդ սերնդի մեջ: Սակայն մեր նպատակն էր, որ այս սերունդը լինի հայրենասեր, երբեք չհամակերպվի այս անարդարության հետ, և եթե մեր բախտը չբերի վերականգնելու պատմական արդարությունը, ապա դա պետք է անեն ապագա սերունդները»,- ասել էր նա։
Սա ընդգծում է պատերազմի կամ պատերազմի մշտական սպառնալիքի, հայ ժողովրդի հանդեպ թշնամանքի և Ալիևի բռնապետական ռեժիմի միջև ամուր փոխկապակցվածությունը։ Անգամ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ալիևը չի կարողանում հանգստանալ և շարունակում է թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիների փնտրտուքը։
Արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին ռեժիմի քննադատների նկատմամբ ճնշումները նոր թափ են ստացել։ Human Rights Watch-ը նոյեմբերի 22-ին հայտարարություն էր տարածել, որում ասվում է. «Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են կոռուպցիայի հետաքննությամբ և բացահայտումներով զբաղվող Abzas Media անկախ լրատվամիջոցի ներկայացուցիչներին՝ Ուլվի Հասանլիին և Սեվինջ Վագիֆգըզըին: Ըստ Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ասոցացված տնօրեն Գիորգի Գոգիայի՝ «Ադրբեջանի իշխանությունները կասկածելի, պատժիչ քրեական մեղադրանքներ են կիրառում իրենց քննադատների դեմ»:
Հետաքրքիր է, որ Abzas Media-ի հետաքննություններում լուսաբանվել են ենթադրյալ կոռուպցիոն մեխանիզմները, որոնք կիրառվել են 2020-ի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ընթացող վերակառուցման գործընթացում։ Հետաքննական նյութերը ցույց են տալիս, թե ինչպես են Ադրբեջանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այդ թվում՝ Ալիևի ընտանիքի անդամների հետ կապված ընկերությունների համար երաշխավորվում պետական պայմանագրերի կնքումը կամ գյուղատնտեսական հողերի ձեռքբերումը՝ շրջանցելով ստանդարտ մրցակցային ընթացակարգերը:
Abzas Media-ի հանդեպ ճնշումներից մեկ շաբաթ անց Ադրբեջանը մեղադրեց ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Գերմանիային իր ներքին գործերին միջամտելու մեջ, մասնավորապես՝ այդ լրատվամիջոցը ֆինանսավորելու միջոցով: Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել էր Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի գործող դեսպաններին՝ քննարկելու իրենց երկրների կողմից Abzas Media-ին ցուցաբերած ֆինանսական աջակցության հարցերը։ Մամուլի հաղորդագրության համաձայն՝ «ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, FreedomNow-ը, New Democracy Fund-ը և այլ կազմակերպություններ ապօրինի կերպով ֆինանսական միջոցներ են փոխանցել Ադրբեջանի տարածք՝ խախտելով դրամաշնորհների տրամադրման կանոնները և անօրինական ներդրումներ կատարելով Abzas Media-ի գործունեության համար»:
Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի՝ X-ի գրառման մեջ Լեռնային Ղարաբաղի հայերին իր աջակցությունը հայտնելուց անմիջապես հետո, Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ-ի դեմ արշավ սկսվեց: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Փաուերին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ կապերի մեջ։ Վարդանյանը ներկայումս ապօրինաբար կալանավորված է Բաքվում։ X-ի իր գրառման մեջ Հաջիևը նշել էր. «Դիմակը պատռված է։ Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլևս տեղ չկա»։
Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես է Ադրբեջանը մեղադրանքներ հնչեցնում Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հասցեին՝ իր համար ոչ հաճելի դիրքորոշումներ որդեգրելուն ի պատասխան։ Իրականում, Բաքուն դա օգտագործում է որպես պատրվակ՝ հարաբերությունները խզելու և վարչակարգին ու տարվող քաղաքականությանը հակառակվող սակավաթիվ անհատներին թիրախավորելու համար, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են Հայաստանի և նրա ժողովրդի հետ հեռանկարային խաղաղության և հաշտեցման քննարկումների հետ: Առկա փաստերը հուշում են, որ Ալիևի հռչակած «նոր դարաշրջանը» որևէ աղերս չունի խաղաղության կամ կայունության հետ, իսկ այդ հարցը, կարծես թե, հետաքրքրում է Արևմուտքին:
Ալիևի բռնապետական ռեժիմի հռետորաբանության փոփոխությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի նկատմամբ կարելի է բացատրել այն ենթադրությամբ, որ Վաշինգտոնի և Բրյուսելի միջնորդական տրամաբանության համաձայն, երբ Ալիևն այլևս պահանջներ չունի Լեռնային Ղարաբաղի հարցում, խաղաղության համաձայնագիրը հետաձգելու պատճառ չկա։ Հենց այդ պատճառով էլ, նույնիսկ էթնիկ զտումներից հետո մեր արևմտյան գործընկերների ուղերձները լավատեսական էին մնում խաղաղության համաձայնագրի կնքման հարցում:
Սակայն դա լիովին հակասում էր Ալիևի մտադրություններին։ Արդյո՞ք նորություն է: Ամենևին, դա միանգամայն ակնհայտ էր, բայց չկար դա ընդունելու ցանկություն։ Վառ օրինակ էր 2022-ի հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած հանդիպումը, որտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ի պատասխան՝ դեկտեմբերի 24-ին Ալիևը հայտարարեց. «Հայաստանը նախկինում երբեք ներկա չի եղել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։ Այս հայտարարությունը բացահայտ ցույց տվեց Ալիևի մտադրությունը՝ տարածքային պահանջները Լեռնային Ղարաբաղից բացի տարածել հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Բայց և՛ հայ պաշտոնյաները, և՛ արևմտյան միջնորդներն անտեսեցին դա: Ալիևը ձևացնում էր, թե խաղաղ բանակցություններ է վարում Արևմուտքի հետ՝ միաժամանակ հիմք դնելով նոր հակամարտության և ստեղծելով նոր պատերազմի վտանգ: Ադրբեջանցիների հնարավոր վերադարձը Հայաստան որպես պատրվակ օգտագործելով՝ ադրբեջանական պետությունը գաղափարական հիմքեր դրեց տարածքային պահանջներ ներկայացնելու համար՝ 2023-ի հունվարի 17-ին և մարտի 14-ին պաշտոնական նամակներ ուղարկելով Միավորված ազգերի կազմակերպությանը։
Ներկայումս Ադրբեջանի պաշտոնյաները և պետական հովանավորություն ունեցող լրատվամիջոցները, ներառյալ պետական Az TV հեռուստաընկերությունը, պարբերաբար տարածքային պահանջներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այս հռետորաբանությունն ու քաղաքականությունն ուղղակիորեն հակասում են Բրյուսելում, Վաշինգտոնում և անգամ Մոսկվայում Ալիև-Փաշինյան բանակցություններում քննարկվող թեզերին։ Հունվարի 10-ի իր ելույթում Ալիևի հնչեցրած տարածքային պնդումները որևէ առնչություն չունեն Ալմա-Աթայի հռչակագրի կամ որևէ այլ փաստաթղթերի հետ, որոնց հղում են արել խաղաղ համաձայնագրի քննարկումների ժամանակ։ Ուստի, Ալիևը փոխում է բանակցությունների նախկին տրամաբանությունը՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ՝ դրանով իսկ գործընթացից դուրս թողնելով Արևմուտքին և մերժելով բանակցային նախկին ձևաչափը։ Այս փոփոխությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հարցում արդեն հասել է իր նպատակներին՝ ինչպես ագրեսիվ պատերազմի, այնպես էլ դիվանագիտական քննարկումների միջոցով:
Բացի այդ, Ալիևը Մոսկվային հայտնել է, որ չի ցանկանում Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունները շարունակել կամ որևէ փաստաթուղթ ստորագրել։ Ադրբեջանը պարտական է Ռուսաստանին, որ վերջինս «կանաչ լույս» է վառել Լեռնային Ղարաբաղում ապրող բոլոր հայերին ոչնչացնելու կամ արտաքսելու համար, որոնց պաշտպանության նպատակով էին Լեռնային Ղարաբաղում հայտնվել ռուս խաղաղապահները։
Այնուամենայնիվ, Մոսկվան և Բաքուն համագործակցում են մի շարք հարցերի շուրջ։ Նրանք նաև շահագրգռված են այն ճանապարհի հարցում, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզով, ինչի մասին կետ կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի միջև կապի առնչությամբ։ Ե՛վ Բաքուն, և՛ Մոսկվան այս հարցում համանման տեսակետներ են արտահայտում։ Հունվարի 10-ին Ալիևը նշել էր. «Ես բազմիցս ասել եմ Հայաստանի ղեկավարությանը, որ Հայաստանի երաշխիքները մեզ բավարար չեն։ Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշվում էր, որ ռուս սահմանապահները ապահովելու են անվտանգությունն ու հսկողությունը 42-43 կմ հատվածում, և այդ պարտավորությունը պետք է կատարվի»։
Հունվարի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որով ավարտվեց պատերազմը, ասվում էր, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվելու են։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորելու է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը հեշտացնելու նպատակով։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանային ծառայությունը կվերահսկի այդ տրանսպորտային կապերը»։
Երկու կողմերն էլ հաճախ անտեսում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հիմնականում վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին և այդ տարածքում հրադադարի հաստատմանը: Չնայած այդ հրադադարի բազմաթիվ խախտումներին, սեպտեմբերի 19-ի ագրեսիան ի վերջո հանգեցրեց Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դարավոր գոյության ավարտին։ Հետևաբար, Ռուսաստանն ու Ադրբեջանը չկատարեցին իրենց պայմանավորվածությունը և այժմ փորձում են բարդ իրավիճակում դնել Հայաստանին։
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ըստ Լավրովի՝ «Ադրբեջանը պատրաստ է պայմանագիր ստորագրել Ռուսաստանի տարածքում»։ Բայց Ադրբեջանը պաշտոնապես ցանկություն չի հայտնել փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանում, Բաքվի պաշտոնական դիրքորոշումը հիմնականում կենտրոնանում է ուղիղ բանակցությունների վրա՝ առանց միջնորդի, երաշխավորի կամ նույնիսկ տրամաբանության, որը կերաշխավորի Ադրբեջանի ցանկությունների ցանկի իրագործումը։
Ամփոփելով Ալիևի արտահերթ ընտրությունների թեման, որոնք ադրբեջանական լրատվամիջոցներն անվանում են «հաղթական ընտրություններ» և նշանավորում են «նոր դարաշրջանի» արշալույսը, կարելի է մի քանի եզրակացություն անել.
- Ալիևն օրինաչափ է դարձնում ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը՝ որպես խնդիրների լուծման միջոց։ Նրա խոստովանությունը, որ պատերազմն իր կյանքի առաքելությունն է, ինչպես նաև վերջերս արված հայտարարությունը, որը ցույց է տալիս տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը, ի ցույց են դնում հստակ օրինաչափություն: Ալիևն ասել էր. «Իհարկե, մենք բոլորս ցանկանում էինք որքան հնարավոր է շուտ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը։ Սակայն պատմական տեսանկյունից 30 տարին այնքան էլ երկար ժամանակ չէ։ Այս ընթացքում բանակցությունների ժամանակ բազմաթիվ առաջարկներ են հնչել։ Ոմանք կարող են մտածել, թե ինչու Ադրբեջանը չընդունեց դրանք։ Ի վերջո, այս առաջարկների հիման վրա մի քանի շրջաններ կվերադարձվեին Ադրբեջանին առանց պատերազմի, տեղահանվածները կվերադառնային իրենց տները, և իրավիճակը կկարգավորվեր։ Ինչո՞ւ Ադրբեջանը չհամաձայնեց այս առաջարկներին։ Իհարկե, բանակցություններն ունեին իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը։ Մենք բանակցությունները վարում էինք այնպես, որ նվազագույնի հասցնենք արտաքին ճնշումը՝ մեր նպատակներին հասնելու ճանապարհին։ Բայց ինձ համար գլխավորն այն էր, որ սա պատմական խնդիր է, ազգային խնդիր, և ինչ-որ թվացյալ բարենպաստ շահեր փնտրելը սխալ կլիներ։ Մենք պետք է հիմնարար ճանապարհով լուծեինք հարցը, մեկընդմիշտ պետք է լուծեինք, պետք է ամբողջությամբ վերականգնեինք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
- Ադրբեջանի անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական օրենսդրությամբ ոչ մի ընտրություն տեղի չի ունեցել։ Ադրբեջանն առաջին անգամ ընտրություններ կանցկացնի այս տարածքներում հայերի բռնի տեղահանումից հետո։
- Ալիևը փորձում է իր բռնապետությունը ներկայացնել որպես «ընտրված»՝ ակնարկելով, որ ժողովուրդը պատրաստակամորեն հավանություն է տալիս իր բռնապետական ռեժիմին: Տասնամյակներ շարունակ հայերի նկատմամբ ագրեսիա, ատելություն և հաշվեհարդար քարոզելուց հետո Ալիևը ցույց է տալիս, թե ինչպես է «պատժում» հայերին՝ ցույց տալով ագրեսիվ գործողությունները շարունակելու իր մտադրությունը։
- Այն իրողությունը, որ Ալիևի ռեժիմն ակտիվորեն լռեցնում է հաշտեցման և խաղաղության կողմնակից բոլոր ձայները, ակնրև է դարձնում այն փաստը, որ ռեժիմը կշարունակի ատելություն և ագրեսիա սերմանել։ Այս «նոր դարաշրջանում» հիմնական թիրախը լինելու է արդեն Հայաստանի Հանրապետության տարածքը։
- Ընտրություններից հետո Ալիևը գործուն քայլեր է ձեռնարկելու Արևմուտքին գործընթացից հեռացնելու համար։ Մի կողմից, Ադրբեջանը սա կարող է վաճառել Մոսկվային, մյուս կողմից՝ դա կօգնի Ալիևին փոխել նախորդ բանակցությունների շրջանակը։ Արևմուտքի դուրս մղումը կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանը դառնա ավելի ագրեսիվ և հանդուգն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի նկատմամբ։
- Այն փաստը, որ և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ն սահմանափակվել են հայտարարություններով՝ առանց էական գործողությունների դիմելու, ազդանշան է Բաքվի բռնապետության համար, որ վարչակարգին սպառնալիք չկա: Հետևաբար, Ալիևն իրեն լիազորված է զգում գործել ըստ ցանկության՝ արհամարհելով այդ կոչերն ու հայտարարությունները։ Վերջին զարգացումները զգալիորեն ազդել են Արևմուտքի հեղինակության վրա։ ԱՄՆ նորանշանակ դեսպանի հավատարմագրերն ընդունելու համար նրան գրեթե երկու ամիս սպասեցնելը Ալիևի անպատժելիության ակնհայտ ցուցադրում էր։
Մինչ այժմ Արևմուտքի կողմից Ադրբեջանի դեմ իր դիրքորոշումն արտահայտելու միակ գործողությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշումն էր՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները մեկ տարով կասեցնելու մասին։ Ի պատասխան՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարեց. «Աշխարհում ոչ ոք, այդ թվում՝ այս դահլիճում նստածները, չեն կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքի և շանտաժի լեզվով… Ներկայիս ռասիզմի անտանելի մթնոլորտի՝ ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի պայմաններում, Ադրբեջանի պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր ներգրավվածությունը ԵԽԽՎ-ում և ներկայությունը մինչև հետագա ծանուցումը»։
Այս արձագանքը ցույց է տալիս, որ բռնապետերը հաճախ ավելի թույլ և խոցելի են, քան թվում է: Նրանց համարձակությունն ու ագրեսիվությունը բխում են հստակ գործողությունների և պատժիչ միջոցների բացակայությունից։ Ցավոք, ընտրություններից հետո մենք կարող ենք տեսնել ավելի ագրեսիվ և վտանգավոր Ադրբեջան, հատկապես, եթե Արևմուտքը որոշի դուրս գալ խաղից։ Արևմտյան գործընկերները քիչ հետաքրքրություն են ցուցաբերում տարածաշրջանում ներգրավվելու հարցում, կամ, փոխաբերական արտահայտությամբ ասած՝ «այս կռվի մեջ նրանք շուն չունեն»:
Հունվարը
EVN Report-ում
Պեղումներ․ Խենթություն հայկական ձևով՝ Սասնա ծռեր
«Սասնա ծռերը» պատմական Հայաստանի մի որոշ հատվածի վեպն է, բայց հայ ժողովուրդը «որդեգրել է» այն։ Իսկ արդյո՞ք ժողովուրդն այժմ համապատասխանում է իր էպոսին։ Բնորո՞շ է, դիցուք, «Սասնա ծռերի» հերոսների վարքն այսօրվա հայությանը, որքանո՞վ ենք մենք՝ հայերս, «ծռեր»՝ միամիտ խենթեր, մեկնաբանում է Վահրամ Մարտիրոսյանը:
Read moreԱրևը՝ Բրեժնևից հետո. մաս 3
Խորհրդային բանտից փրկված կնոջ պատմությունը ներկայացնող շարքի այս հոդվածն անդրադառնում է, թե ինչպես նա գտավ աշխատանք, ինչպես ստիպված եղավ շշեր գտնելու նպատակով շրջել ԽՍՀՄ-ում, ու ի վերջո, ինչպես կարողացավ քաղաքի կենտրոնական մասում տուն ունենալ։
Read moreՇրջափակման և բռնի տեղահանության ժամանակ մայրացածները
Ոմանք հղի վիճակում, ոմանք արդեն նորածիններին գրկներում ստիպված եղան պատսպարվել ցուրտ ու խոնավ ապաստարաններում, ոմանք էլ իրենց փոքրիկներին լույս աշխարհ բերեցին հենց տեղահանության ճանապարհին, անդրադառնում է Անի Գևորգյանի ֆոտոպատումը։
Read moreՊեղումներ. Պատմության արձանագրումը
Հեռավոր դարերի պատմության հավաստիությունը բազմիցս է կասկածի տակ դրվել, նույնիսկ պատմաբաններն ամեն ինչ չգիտեն և հաճախ իրենք էլ չեն վստահում աղբյուրների անաչառությանը, իսկ պատմագիրներին դատելու համար պետք է նկատի ունենալ մի քանի կարևոր գործոն, որին անդրադառնում է Վահրամ Մարտիրոսյանը։
Read moreԱրևը՝ Բրեժնևից հետո. մաս 2
Պատմություն խորհրդային բանտից փրկված մի կնոջ մասին, որը «միշտ կարմիր սիրուն շրթներկով էր, Ալմոդովարյան երանգների, եսիմորտեղից գնված Շանել կոստյումներով, միշտ բարձր կրունկներով», պատմում է իր զարմուհի Էլլա Կանեգարիանը։
Read moreՄեր տանն ենք, բայց մեր տանը չենք
Բոլոր տեղահանված արցախցիների նման, խնամիներ երկու Գայանեների ընտանիքները նույնպես սեպտեմբերին են եկել Հայաստան, բոլորի նման գրանցվել և հայտնվել են Եղվարդում: Բոլոր տեղահանվածների պես նրանք էլ նույն սոցիալական դժվարություններին են առերեսվում, որոնք պարզաբանում է արցախցի լրագրող Մարութ Վանյանը։
Read moreՀաճախ կիրառվող ծայրահեղ միջոց՝ կալանք
Թեև մեկ տարուց ավելի է գործում է Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ու սահմանված են այլընտրանքային խափանման նոր միջոցներ, սակայն մինչդատական կալանքը Հայաստանում շարունակում է նախկինի պես հաճախ կիրառվել։ Ինչո՞ւ են դատարանները խուսափում կիրառել խափանման այլ միջոցները, մեկնաբանում է Աստղիկ Կարապետյանը։
Read moreԴիմակայություն
Փոդքաստ
Դիմակայություն փոդքաստի ամբողջական շարքը լսեք այստեղ։