
Հոդվածը կարող եք լսել ձայնագիր տարբերակով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 11-ին թուրքական Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Բաքուն հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նոր, 5 կետից բաղկացած փաստաթուղթ է ուղարկել Հայաստանին և սպասում է հայկական կողմի պատասխանին: Վերոնշյալ հայտարարությունից ժամեր առաջ հայկական կողմը, ՀՀ ԱԳՆ խոսնակի շուրթերով հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում կարող է դիմել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի (ԵԱՀԿ ՄԽ) համանախագահությանը` Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով. «Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրներն ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում, թերևս, կդիմի միջնորդներին Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում»: Այս երկու հայտարարություններն ազդարարեցին հետպատերազմյան Հայաստան-Ադրբեջան գործընթացներում մի նոր, երկարատև և դժվարին փուլի մեկնարկը:
2020-ի Արցախյան պատերազմի ավարտից ի վեր, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պարբերաբար խոսել են խաղաղության պայմանագիր կքնելու պատրաստակամության մասին: Մինչ Հայաստանի իշխանությունները հավատացած են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և (կամ) զարգացումը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ Սյունիքն ու Սևանը ադրբեջանական տարածքներ են և, առհասարակ, ադրբեջանցիները որտեղ կուզեն, այնտեղ էլ կտեղակայեն իրենց զորքերը:
2022-ի մարտի 12-ին Ադրբեջանը հրապարակեց այն հինգ սկզբունքները, որոնք Հայաստանին էին ներկայացվել, որպես հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցությունների հիմք: Արտաքուստ անվնաս, միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ այդ սկզբունքների տողատակերում նշմարվող շերտերն անխուսափելիորեն մեզ տանում են դեպի դառը ճշմարտություն, այն է՝ պաշտոնական Բաքուն հետևողականորեն տապալում է հետպատերազմյան ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր բանակցություններն ու առկա ձևաչափերը, քանի որ Ալիևի վարչակարգի միակ օրակարգը Հայաստանի ու Արցախի տոտալ տապալումն է:
Ժխտելով Արցախի գոյությունը
Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում դնել Արցախյան հիմնախնդրի այլևս գոյություն չունենալու կեղծ օրակարգը և այդ օրակարգի սպասարկումը տեսնում է Հայաստանի կողմից իր տարածքային ամբողջականությունը ճանաչելու, ինքնիշխանությունը, պետական սահմանների անխախտելիությունն ընդունելու և միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնելու միջոցով: Հետևաբար, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կիզակետում շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը: Մինչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներն ու Հայաստանը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման հարցում ընդգծում են ՄԽ համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանն առաջնորդվում է ճիշտ հակադիր տրամաբանությամբ՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության հիմքում առաջին հերթին ընկած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության այլևս գոյություն չունենալը:
Սահմանային բանակցություններ՝ սպառնալիքների ներքո
Երկրորդ՝ Բաքուն Երևանին առաջարկում է սահմանազատում և սահմանագծում: Թեմայից անտեղյակ մարդն այս առաջարկի մեջ բնավ որևէ բացասական երանգ չի տեսնի: Մինչդեռ, դեռևս 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքում ստորագրվեց մի փաստաթուղթ, որտեղ սևը սպիտակի վրա ձևակերպված էր, թե ինչ է հարկավոր անել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման մեկնարկի համար: Մասնավորապես՝ կողմերը պայմանավորվել էին քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը մղել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և հետագայում սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը պայմանավորված էր 2021-ի մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելու և պարբերաբար ռազմական գործողությունների դիմելու հանգամանքով: Ըստ էության, դեռ Սոչիում կողմերը միակարծիք էին, որ առանց փոխվստահության միջոցների, գործնականում հնարավոր չի լինի մտնել դելիմիտացիայի և դեմարկացիայի փուլ: Սոչիի գագաթնաժողովին հաջորդիվ, Երևանը Մոսկվայի միջոցով հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ առաջարկներ փոխանցեց Բաքվին: Սակայն, այդ առաջարկները բնավ չէին կարող բավարարել Ադրբեջանին, քանի որ զորքերի հայելային դուրս քաշումն ու հավելյալ անվտանգային մեխանիզմների ստեղծումն իրապես կարող էին նպաստել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը, հետևաբար՝ խոչընդոտել Ադրբեջանի՝ ուժի և ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու քաղաքականության հետագա իրականացմանը: Ըստ այդ, Ադրբեջանը Հայաստանի դեմ հետևողականորեն վարում է այնպիսի պետական քաղաքականություն, որն ամբողջովին հակասում է իր իսկ կողմից ներկայացված «տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից ձեռնպահ մնալու» սկզբունքը։
Պահանջելով ավելին
Երրորդ՝ Բաքուն Հայաստանին առաջարկում է տրանսպորտային հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների ստեղծում: Այս թեման թերևս ամենաարծարծված հարցերից մեկն է հետպատերազմյան Հայաստանում, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմն ապաշրջափակման քողի ներքո շարունակաբար առաջ է քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կեղծ օրակարգը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ամիսներ շարունակ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվել է ապաշրջափակման տեխնիկական հարցերի շուրջ գալ ընդհանուր հայտարարի: Կարևոր քաղաքական պայմանավորվածություններ եղան նաև Եվրոպական խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած բրյուսելյան հանդիպման ժամանակ: Մասնավորապես, բանակցություններին հաջորդիվ, բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ կողմերը համաձայնության են եկել երկաթգծի, բայց ոչ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում: Պաշտոնական հաղորդակցությունն էլ ընդգծում է, որ գործընթացը տեղի է ունենալու սահմանային և մաքսային վերահսկման պատշաճ իրականացման սկզբունքի հիման վրա:
Ձեռք բերված պայմանավորվածությունները փաստաթղթավորելու և գործընթացն առաջ մղելու նպատակով հայկական կողմը Ադրբեջանին, Ռուսաստանին և միջազգային գործընկերներին ավտոճանապարհների ապաշրջափակման հետ կապված առաջարկների փաթեթ փոխանցեց, մինչդեռ Ադրբեջանը շտապեց տապալել նաև այս օրակարգը: Բաքուն առաջ է մղում Բրյուսելյան պայմանավորվածություններին հակադիր դիրքորոշում՝ ողջ գործընթացը դիտարկելով մեկ փաթեթի շրջանակում և ներկայացնում ավտոճանապարհն ու երկաթուղին միաժամանակ բացելու նախապայմանը:
Հայաստան-Ադրբեջան օրակարգի ներքինացում
Վերոնշյալ դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված հինգ սկզբունքները վերաբերում են բոլոր այն օրակարգերին, որոնց վերաբերյալ, կամ որոնց շուրջ տևական ժամանակ է տեղի են ունենում բազմակողմ բանակցություններ, շփումներ՝ Ռուսաստանի և արևմտյան գործընկերների միջնորդությամբ և որոնք տապալվել են հենց Ադրբեջանի կողմից:
Հայաստանը տևական ժամանակ է ջանքեր է գործադրում հնարավորինս միջազգայնացնելու Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը: Բանն այն է, որ հետպատերազմյան գործընթացներում միջազգային գործընկերներին հնարավորինս ներգրավելու Հայաստանի ջանքերը զգալի սահմանափակում են Ադրբեջանի` ուժի դիմելու հնարավորությունները: Ստեղծված իրավիճակում, պաշտոնական Բաքուն ստիպված է առաջ շարժվել կեղծ կոնստրուկտիվիզմով՝ ինչի դրսևորումն է Հայաստանին փոխանցած հայտնի փաստաթուղթը և որի բոլոր դրույթները հետևողականորեն խախտվել կամ մերժվել են հենց իր կողմից:
Հիմնվելով մարդու իրավունքների վրա
Մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի` Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Այս հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումով:
Նախ, դիվանագիտության մեջ գոյություն ունի մի չգրված օրենք՝ մինչ գրավոր առաջարկն ուղարկելը երկկողմ և բազմակողմ հարթակներում տեղի են ունենում կոնսուլտացիաներ, շփումներ, բանակցություններ և իրազեկման աշխատանքներ՝ գնահատելու համար առաջարկի հետ կապված ռիսկերը, դրանց կառավարելիության աստիճանը և հաջողելու հավանականությունը: Հետևաբար, եթե Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար պաշտոնապես դիմել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, ապա պաշտոնական Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը նվազագույնը նախօրոք տեղեկացված են եղել, առավելագույնը` դրական են գնահատել հայկական կողմի առաջարկը: Սա իր հերթին նշանակում է, որ մինչ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված հավաքական արևմուտքը հետևողականորեն սեղմում է օղակը Ռուսաստանի շուրջ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները իրատեսական են համարում համատեղ աշխատել հայ-ադրբեջանական օրակարգերի շուրջ:
Երկրորդ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այդ դեպքում օբյեկտիվ հարց է առաջանում՝ արդյոք վերաձևակերպվելու է համանախագահության գործող մանդատը՝ ներառելով նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման օրակարգը, կամ օրակարգի մաս կազմող որոշ հարցեր: Անշուշտ, Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ այդ ճանապարհն իրեն տանելու է դեպի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթաց՝ կօգտվի իր վետոյի իրավունքից։ Թուրքիան իր հերթին, օգտագործելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացը, կարող է փորձել ի կատար ածել իր վաղեմի երազանքը, այն է՝ սողոսկել համանախագահության ձևաչափ։
Երրորդ՝ ուշագրավ է, որ հայկական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հիմքում դնում է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը, այլև հանրության լայն շրջանակներին անծանոթ մեկ այլ փաստաթուղթ՝ Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը:
ՄԱԿ-ի կանոնադրությունը երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարհակարգի ողնաշարն է: Դրա հիմքում ընկած սկզբունքները հետագայում մարմնավորվել ու առավել բացվել են այլ միջազգային իրավական փաստաթղթերում՝ մի կողմից պահպանելով ՄԱԿ-ի ձևավորման և կանոնադրության նպատակային նշանակությունը, մյուս կողմից զարգացնելով ու ընդլայնելով ՄԱԿ-ի սկզբունքային դրույթները: Օրինակ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհուրդը (ԵԱՀԽ), որը հետագայում պետք է դառնար Կազմակերպություն (ԵԱՀԿ) և որի շրջանակներում 1992-ին պետք է հիմնվեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ 1994-ին Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը՝ ստեղծվել է ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի հիման վրա, որպես Եվրոպայում ճգնաժամային իրավիճակների կանխարգելման, գոյություն ունեցող հակամարտությունների լուծման և հետկոնֆլիկտային իրավիճակների վերականգնման գլխավոր մեխանիզմ:
1975-ի օգոստոսի 1-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհուրդի ստեղծմանը զուգահեռ ընդունվեց Հելսինկյան եզրափակիչ ակտը: Եվրոպական անվտանգության ճարտարապետության այս հիմնարար փաստաթուղթը հաստատեց այն տասը սկզբունքները, որոնց հիման վրա մասնակից պետությունները պետք է հարաբերվեին միմյանց հետ: Այդ սկզբունքներից երեքը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը 2007-ի Մադրիդյան փաստաթղթից ի վեր ներկայացվել են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներ: Ներկայում համանախագահող երկրներն ու Հայաստանը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում վկայակոչելով այդ երեք սկզբունքները օգտագործում են «հայտնի սկզբունքներ» եզրույթը: Հատկանշական է, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմով Ադրբեջանը փաստացի խախտել է ուժի կամ ուժի սպառնալիքի սկզբունքը, վերականգնել իր, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը, իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը մնացել է անկատար: Հետևաբար, ամեն անգամ, համանախագահող երկրների ու Հայաստանի կողմից «հայտնի սկզբունքների» վկայակոչումը սառը ցնցուղի ազդեցություն է ունենում Ադրբեջանի վրա:
Ինչ վերաբերում է Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրին, ապա այն ընդգծում է բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և սահմանում է, որ «այդ իրավունքի բերումով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում են իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»: Միևնույն ժամանակ արձանագրենք, որ սույն դաշնագիրը մանրակրկիտ մասնագիտական վերլուծության առարկա պետք է հանդիսանա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում, և առնվազն տարակուսելի է, որ ցայսօր հանրային դաշտում տեղի չեն ունենում մասնագիտական քննարկումներ՝ դրա խութերն ու առավելությունները վերհանելու, հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և գործող իշխանությունների հաշվետվողականությունն ապահովելու համար: Հայաստանը կարող է և պետք է պրոակտիվ արտաքին քաղաքականության միջոցով առաջ մղի Ադրբեջանի՝ էթնիկ զտման և հայատյացության քաղաքականության և Արցախի՝ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ ունենալու անհամատեղելիության փաստը: Այլ կեպ ասած, Հայաստանը, մարդու իրավունքներն ու մարդկային անվտանգությունը հակադրելով Ադրբեջանի՝ Արցախը հայաթափելու, արցախահայությանն ահաբեկելու և բնաջնջելու պետական քաղաքականությանը, կարող է գործընթացը տանել դեպի «անջատում հանուն փրկության»: Այս հարցում մեծ նշանակություն են ունենալու նաև Հայաստանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հարուցած գործի քննության արդյունքները: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, թե որն է լինելու այս մարտավարության չհաջողելու գինը՝ այս օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ 120.000 բնակչությանը կենսական անհրաժեշտ գազամատակարարումից զրկելու, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում արցախահայության դեմ իրականացվող ռազմական գործողությունների և դրանց կրկնության համատեքստում։
Այլ հոդվածներ
Մանկաբարձական բռնություն․ այս մասին հաճախ լռում են
Շատ կանայք ենթարկվում են մանկաբարձական բռնության, ինչը ոչ միայն խախտում է արժանապատիվ և հարգալից բուժօգնություն ստանալու նրանց իրավունքը, այլև կարող է լրջորեն սպառնալ նրանց կյանքին և առողջությանը:
Read moreԿինը և իշխանությունը միջնադարում. Կիլիկյան Հայաստանի օրինակը
Կիլիկիայի հայկական պետության օրինակով Զոհրաբ Գևորգյանը ներկայացնում է միջնադարում կնոջ իրավական ազատություններն ու իրավունքները, ժամանակի ընթացքում կնոջ հասարակական դիրքի փոխակերպումների պատճառներն ու դրանց ընթացքը։
Read moreՍյունիքը՝ Աստծո, պետության ու հակառակորդի աչքի տակ
2020 թվականի արցախյան պատերազմից հետո փոփոխված իրողությունները դժվար կացության առաջ են կանգնեցրել սահմանակից Սյունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներին: Լրագրող Սոնա Մարտիրոսյանը եղել է պատերազմից հետո սահմանամերձ դարձած բնակավայրերում և կիսվում է նրանց խնդիրներով:
Read moreՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկության համատեքստը
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան իր պատմական «Միավորվելով հանուն խաղաղության» նստաշրջանում ընդունել է բանաձև, որը վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Սոսի Թաթիկյանը բացատրում է, թե ինչու է Հայաստանը ձեռնպահ քվեարկել՝ մեծապես պայմանավորված 2020 թ. Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմի համատեքստով:
Read moreՌուս-ուկրաինական պատերազմի տնտեսական ռիսկերն ու հնարավորությունները Հայաստանի համար
«Տնտեսություն» բաժնում հրապարակված Սուրեն Պարսյանի՝ «Ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական ռիսկերն ու հնարավորությունները Հայաստանի համար» հոդվածի ձայնագիրը: Ընթերցում է Գոհար Աբրահամյանը: Օրեր առաջ սկսված ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական հետևանքներն արդեն արտացոլվում են: Սուրեն Պարսյանը ներկայացնում է, թե ինչ ռիսկեր ու հնարավորություններ կան այս իրավիճակում Հայաստանի տնտեսության համար:
Read moreԹափանցիկ և հանրությանը հաշվետու անվտանգային ոլորտ
Հայաստանի ազգային անվտանգության քաղաքականության վերանայումը և զինված ուժերի արդիականացումը պետք է հիմնված լինեն ոչ միայն կառավարության և այլ պետական մարմինների մոտեցումների ու տեսակետների, այլև քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի վրա:
Read moreՏեղահանություն. սկսելով նորից․․․ ու նորից
Հայ փախստականների և տեղահանվածների հարցը կարմիր թելի պես անցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրաքանչյուր էջով՝ հատկապես նրանց համար, ովքեր ստիպված են վերսկսել իրենց կյանքը մի քանի անգամ:
Read moreԼեռնային Ղարաբաղի ինքնիշխանության խնդրի լուծումը
Դոկտոր Ներսես Կոպալյանի ծրագրային հետազոտությունն ուրվագծում է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի հայեցակարգային քաղաքականության հնարավոր տարբերակը` այդպիսով ձևակերպելով «ինքնիշխանություն հանուն փրկության» գաղափարի ընդհանուր ռազմավարությունը մշակելու համար անհրաժեշտ փորձառական և իրավական հիմքը:
Read more