EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
EVN Report
  • Գլխավոր
  • Ամսագիր
  • Փոդքաստ
No Result
View All Result
  • Հայ
    • Eng
Support
Աջակցություն
Morning News
  • Հայ
    • Eng
No Result
View All Result
Գլխավոր Մարդ և հասարակություն
Հնվ 11, 2023

Ընտանեկան բռնություն․ դեռ օրակարգում

Սուսինա Խաչատրյան


Your browser does not support the
audio element.

Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ընտանեկան բռնությունը, կանանց սպանությունների հարցերը շարունակում են օրակարգային մնալ։ Միավորված ազգերի կազմակերպության վերջերս հրապարակած զեկույցի համաձայն՝ 2021-ին ամբողջ աշխարհում սպանվել է ավելի քան 81․100 կին, որից 45․000 զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից։ 2022-ի ընթացքում Հայաստանում, ըստ ոստիկանության ամփոփագրերի, սպանվել է 16 կին, սա տարեկան արձանագրված ամենամեծ թիվն է։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տվյալներով՝ միայն 2022-ի առաջին վեց ամիսներին քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 391 քրեական գործ, որից 8-ը՝ սպանության, 1-ը՝ անզգուշությամբ մահ պատճառելու, 183-ը՝ ծեծի, 11-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 51-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի վերաբերյալ և այլն:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի թեժ գծերին 2022-ի հունվար-օգոստոս ամիսներին ստացվել են 4808 հեռախոսազանգ, մինչդեռ կոալիցիայից նշում են, որ նախկինում ամբողջ տարվա ընթացքում էր 4000-5000 հեռախոսազանգ լինում:

 

Անդառնալի

Հայաստանում 2022-ին կնասպանության վերջին դեպքի մասին հաղորդվեց դեկտեմբերի 26-ին. նախորդ օրը Վանաձորում 38-ամյա տղամարդը, մեղադրանքներ հնչեցնելով կնոջ հասցեին, խոհանոցային դանակով սպանել է նրան: Տղամարդը ձերբակալվել է։ Դեկտեմբերի 24-ին էլ հաղորդվեց, որ նախորդ օրը Գյումրիում խեղդամահ է արվել 37-ամյա կին, ձերբակալվել է նրա 20-ամյա ընկերը: Դեկտեմբերի 22-ին հաղորդվեց, որ Հրազդանում դուստրը հայտնաբերել է 73-ամյա մոր դին՝ բազմաթիվ վնասվածքներով։ Պարզվել է, որ սպանվածի դստեր 49-ամյա ամուսինը գնացել է նրա բնակարան, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել հետը, այնուհետև բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ սպանել է նրան: Դեկտեմբերի 12-ին էլ Աբովյան քաղաքում 78-ամյա կնոջը խեղդամահ էր արել քրոջ 25-ամյա թոռը: 

Նոյեմբերի 2-ին հաղորդվել էր,  որ  Վանաձորի  բնակիչը բնակարանում հայտնաբերել է ինքնասպան եղած 82-ամյա մոր դիակը։ Ձեռնարկված միջոցառումներից պարզվել էր, որ կնոջը սպանել է 18-ամյա թոռը: Հոկտեմբերի 6-ին էլ Նուբարաշենում տղամարդը սպանել էր 37-ամյա կնոջը։ Օգոստոսի 27-ին, Արզական գյուղի տներից մեկի ննջասենյակում ոստիկանները հայտնաբերել էին 35-ամյա կնոջ դիակ՝ պարանոցը մասամբ կտրած վիճակում: Օրեր անց Արզական գյուղի 46-ամյա բնակիչը խոստովանել էր, որ կնոջը՝ սպանել է ինքը։ Օգոստոսի 18-ին էլ Նոր Գեղի համայնքում տղամարդը դանակի մի քանի հարվածով սպանել էր 71-ամյա կնոջը, ապա ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։ Օգոստոսի 12-ին Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում սպանված էր գտնվել 55-ամյա մի կին։ Քննչական գործողությունների արդյունքում՝ մորը պարանի միջոցով խեղդամահ անելով սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 17-ամյա որդին։ Օգոստոսի 11-ին էլ երեք տղամարդ խեղդամահ էին արել Երևանի Դավիթաշեն համայնքի 46-ամյա բնակչուհուն։ Խարբերդ համայնքում հունիսի 21-ին կինը փորձել էր միջամտել որդու և ամուսնու միջև ծագած վեճին, սակայն, վեճի ընթացքում ամուսինը դիտավորությամբ հարվածներ էր հասցրել կնոջ գլխին, որի պատճառով կինը մահացել էր հիվանդանոցում։ Մայիսի 22-ին, Գյումրիում ամուսինը սպանել էր 42-ամյա կնոջը։ Մայիսի 5-ին Երևանում ամուսինը սպանել էր 35-ամյա կնոջը: Ապրիլի 22-ին Արմավիրի մարզում տղամարդը սպանել էր կնոջ հորն ու մորը։ Սպանության մեկ այլ դեպք էլ տեղի էր ունեցել մարտի 11-ին: Երեխաների դպրոցի բակում ամուսինը նռնակի գործադրմամբ պայթեցրել է կնոջն ու իրեն։ Հունվարի 26-ին էլ Վանաձորում 76-ամյա ամուսինը սուր-կտրող գործիքներով սպանել էր 70-ամյա կնոջը, ապա մասնատել մարմինը: 

 

Հետազոտելով ընտանեկան բռնությունը

Վիճակագրական կոմիտեն 2022-ին հրապարակել է «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության» հետազոտությունը, որի շրջանակներում հարցվածներից 31,8 տոկոսը կյանքի ընթացքում ամուսնու/զուգընկերոջ կողմից երբևէ ենթարկվել է հոգեբանական բռնության, 6,6 տոկոսը՝ սեռական, 14,8 տոկոսը ֆիզիկական բռնության։ 

2021-ին 2872 տնային տնտեսություններում բնակվող 15-59 տարեկան կանանց շրջանում հարցազրույցների հիման վրա իրականացված զեկույցում առանձնացվում է ֆիզիկական բռնության երկու տեսակ՝ չափավոր (ապտակ, որևէ առարկա կնոջ վրա նետելը, հրելը, մազերը քաշելը) և դաժան (ոտքով հարվածելը, քարշ տալը, ծեծելը, խեղդելը, զենք կիրառելը և այլն)։ Ըստ բռնության տեսակների՝ առավել շատ տարածված է չափավոր բռնությունը՝ 13,1 տոկոս, դաժան ֆիզիկական բռնության դեպքերը կազմում են 5,5 տոկոս։

Ու եթե ֆիզիկական բռնությունը նույնացնելը փոքր-ինչ ավելի հեշտ է, ապա սեռական բռնության մասին խոսելն արդեն առավել բարդ է դառնում։ Զեկույցում նշվում է, որ կանայք դժվարանում էին գնահատել՝ արդյոք ենթարկվել են սեռական բռնության, թե ոչ: 

«Դուք երբևէ ունեցե՞լ եք սեռական հարաբերություն այն ժամանակ, երբ ինքներդ չեք ցանկացել, սակայն համաձայնել եք, որովհետև/քանի որ վախեցել եք, թե ինչ կարող էր անել Ձեր զուգընկերը, եթե դուք հրաժարվեիք» հարցին կանայք պատասխանել են, որ նման դեպքեր եղել են՝ միևնույն ժամանակ մեկնաբանելով, որ սեռական հարաբերություն ունենալը մտնում է իրենց «ամուսնական պարտականության» մեջ և դա չի կարող լինել բռնություն»: 

Հարցվածներից սեռական բռնության ենթարկված կանանց 62,5 տոկոսը ենթարկվել է նաև ֆիզիկական բռնության, իսկ ֆիզիկական բռնության ենթարկվածների 27,8 տոկոսը՝ նաև սեռական բռնության։ Երբևէ զուգընկեր ունեցած կանանց շրջանում ֆիզիկական և սեռական տարածվածության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք քաղաքային բնակավայրերում ավելի շատ են ենթարկվում սեռական և ֆիզիկական բռնության, քան՝ գյուղական բնակավայրերում։

«Միգուցե դա պայմանավորված է այն հանգամանքնեով, որ գյուղաբնակ կանայք տղամարդու նման վարքն ավելի քիչ են ընկալում որպես բռնություն, կամ առավել կաշկանդված են՝ բռնության մասին բարձրաձայնելու հարցերում»,- բացատրվում է հետազոտության մեջ։

Հատկանշական է, որ ֆիզիկական և սեռական բռնությունների ենթարկվածների մեջ ամենից բարձր տոկոսը՝ 22,4, կազմում են հիմնական և ցածր դպրոցն ավարտածները կամ կրթական ընթացքի մեջ գտնվողները։

Զեկույցում նաև նշվում է, թե չնայած այն հանգամանքին, որ զուգընկերոջ կողմից երբևէ կյանքի ընթացքում սեռական կամ ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 20,6 տոկոսը ստացել է որևէ վնասվածք, նրանց միայն 1 տոկոսի մոտ է վնասվածքը եղել այնպիսին, որ բժշկական օգնության կարիք լինի։

Հետազոտության համաձայն՝ զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց միայն 12 տոկոսն է դիմել օգնության՝ որևէ պատասխանատու կառույցի: Իսկ զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 76,5 տոկոսը շարունակում է ապրել բռնարարի հետ՝ երբևէ չլքելով տունը։

Զեկույցում նշվում է նաև, որ կանանց մեծ մասը՝ 67 տոկոսը, ոչինչ չի անում բռնությունից պաշտպանվելու կամ բռնությանը պատասխանելու համար։ Կանանց միայն 33 տոկոսն է երբևէ հակահարված տվել զուգընկերոջ բռնությանը։ Իսկ բռնության ենթարկված կանանց 43,3 տոկոսը պարզապես լռում է բռնության մասին: 

«Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի վերաբերյալ» ձեռնարկում խոսվում է այդ լռության մի քանի պատճառների մասին․

«Որոշ կանայք կարող են բռնության ցիկլն ընկալել որպես նորմալ երևույթ, հատկապես այն դեպքում, երբ նրանք մեծացել են այնպիսի ընտանիքում, որտեղ տեղի է ունեցել բռնություն։ Կամ նրանք կարող են պարզապես չցանկանալ ընդունել այն իրականությունը, որում հայտնվել են։ Որոշ կանայք բռնությունը կանխատեսել կամ վերահսկել չկարողանալու պատճառով այնքան անօգնական և ստորացված են իրենց զգում, որ ընկնում են հոգեբանական ճգնաժամի մեջ»: 

Որոշ կանայք հաճախ դժվարանում են ազատվել բռնություն պարունակող հարաբերությունից՝ արտաքին սոցիալական և տնտեսական գործոնների պատճառով (անկախ ֆինանսական ռեսուրսներ չունենալը, քիչ գումար վաստակելը, հասարակության ընկալումները և այլն)։

Բացի դրանից, բռնարարքի ենթարկված կանայք, որոնք ցանկանում են ավարտել հարաբերությունները, սովորաբար ցանկություն չեն ունենում ընկերներին, ընտանիքի անդամներին կամ ոստիկանությանը դիմել և իրենց գաղտնիքները վերջիններիս վստահել` ամոթի և նվաստացման զգացումից, իրենց ամուսինների կողմից ճնշամիջոցների ենթարկվելու վախից կամ այն զգացումից ելնելով, որ իրենց չեն հավատա։ 

 

Չլռողները

Եթե անգամ կայացվում է դժվար որոշումն ու բռնության ենթարկվածը դիմում է իրավապահ մարմիններին, ապա ոչ միշտ է գործն ավարտին հասցվում։ Քննչական կոմիտեն 2018-ի ընթացքում քննել է 519 քրեական գործ (մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 82 քրեական գործ), 2019-ին քննվել է 635 գործ (326 քրեական գործի վարույթ կարճվել է, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 128-ը), 2020-ին քննվել է 730 գործ (358 քրեական գործի վարույթ կարճվել է, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 144-ը), և միայն 2021-ին քրեական գործերի թիվը նվազել է՝ դառնալով 556 (252 քրեական գործի վարույթ կարճվել է, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 129-ը): Ստացվում է, որ ընտանեկան բռնության գործով հարուցված դեպքերի մեծ մասը կարճվում է: 

«Երբ բռնարարները պատասխանատվության չեն ենթարկվում, այդ երևույթը հասարակության մեջ ընկալվում է որպես ընդունելի և հանդուրժելի։ Նման մոտեցումը կարող է հանգեցնել ավելի լուրջ բռնությունների և հետագայում զոհերը ձեռնպահ կմնան բռնության վերաբերյալ հաղորդելուց և օգնության դիմելուց»,- այս մասին նշվում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից 2020-ին հրապարակված «Ընտանեկան բռնության արձագանքման մարտահրավերներն ու բացերը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի մեջ:

«Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում առանձին հատված կա դատական նիստերի մշտադիտարկումների մասին, որտեղ նշվում է՝ ընտանեկան բռնության գործերն առանձնահատուկ են նրանով, որ բռնությունները հիմնականում երկար տարիներ շարունակ են եղել և երբեմն շարունակվում են անգամ դատական քննության ժամանակահատվածում, հատկապես, երբ մեղադրյալն ազատության մեջ է։ 

Ըստ զեկույցի՝ ընտանեկան բռնության գործերով բողոք կամ հաղորդում ներկայացրած կնոջ կողմից այն հետ վերցնելը ևս բավականին տարածված պրակտիկա է: Ու թեև օրենսդրությունը թույլ  է տալիս  գործի քննությունը շարունակել բողոքի բացակայության դեպքում ևս, սակայն մեծ մասամբ իրավապահ մարմինները դադարեցնում են նյութերի նախապատրաստումը կամ նախաքննությունը։ 

Հարցազրույցներին մասնակցած կանայք փաստում են, որ ոստիկանությունում քննիչները զգայուն չեն: Օրինակ՝ «Վա՜յ, որտեղի՞ց ես դրան գտել», «բա որ այդպիսին էր, ինչի՞ ես գնացել, հետո հետ եկել», «Երկուսդ էլ խելքներդ գլուխներդ հավաքեք, թե չէ կդիմեմ Խնամակալության և հոգաբարձության մարմնին, երեխային ձեռքներիցդ կվերցնեմ», «սեփական մարդու դեմ գործ տվող» ոստիկանների թույլ տված արտահայտությունները կանանց մոտ թողել են ոչ թե պաշտպանված զգալու, այլ հակառակը՝ անօգնական լինելու զգացողություն: 

«Հարցազրույցի մասնակից բռնության ենթարկված բոլոր կանայք նշել են, որ ոստիկանությունում իրենց չեն պարզաբանել իրենց իրավունքները, չեն բացատրել ընտանեկան բռնության տեսակները և պատրաստակամ չեն եղել լսելու իրենց հարաբերությունների ընթացքում շարունակական բռնությունների մասին»,- նշված է զեկույցում։

«Ընտանեկան բռնության արձագանքման մարտահրավերներն ու բացերը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում էլ ասվում է․ «Դեպքերից մեկի ժամանակ, երբ բռնության ենթարկված անձը կազմակերպության սոցիալական աշխատողի և իրավաբանի հետ ժամանել է ոստիկանության բաժանմունք, նրան դիմել են «X ոստիկանի կին» արտահայտությամբ և այդ նույն ժամանակահատվածում բռնություն գործադրող ոստիկանության այդ աշխատակիցն իր գործընկերների հետ սուրճ խմելիս և կատակներ անելիս է եղել»:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն իր գործունեության ընթացքում հանդիպել է որոշակի դեպքերի, երբ բռնություն գործադրող անձը եղել է ոստիկանության աշխատակից, իսկ նույն համակարգի մյուս աշխատակիցներն էլ ոչ միայն կողմնակալ մոտեցում են ցուցաբերել բռնության ենթարկված անձի նկատմամբ, այլ նույնիսկ սպառնացել վերջինիս։

Նման խնդրի առջև է կանգնած 37-ամյա Աննան (անունը փոխված է), որը տարիներ տևած բռնությունից հետո բաժանվել է ամուսնուց, սակայն առայժմ զրկված է երեխաներին տեսակցելուց, քանի որ ամուսինը և նրա ընտանիքը թույլ չեն տալիս: 

«Նախկին ամուսինս աշխատում է ուժային կառույցներից մեկում, և բազմիցս սպառնացել է, որ եթե հանկարծ մոտ գամ երեխաներին, ինձ սպանված կգտնեն փողոցում»,- ասում է կինը՝ հավելելով, որ չնայած երեխաների կարոտին, հիմա գոնե չի ենթարկվում բռնության, վերագտել է իրեն, աշխատում է դպրոցում ու փորձում է անել ամեն բան, որպեսզի վերադարձնի երեխաներին։

 

Ոճիր և պատիժ

Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանության առաջին մեխանիզմները ներդրվեցին 2017 թվականին, տևական պայքարից հետո ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով։ Սակայն ոլորտի փորձագետները բազմիցս են բարձրաձայնել սույն օրենքի անկատար լինելու մասին։ 2022-ին ի վերջո Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանը և Սոնա Ղազարյանը հանրային քննարկման են ներկայացրել օրենքի բացերը լրացնող օրենսդրական փոփոխությունների փաթեթը։ Ըստ Բաթոյանի՝  փոփոխություններն ուղղված են օրենքի ընդունումից հետո առաջացած  խնդիրների լուծմանը։

«Նախագծով փորձում ենք հստակեցնել ընտանեկան բռնությանն առնչվող սահմանումները, օրինակ` հետամտումը սահմանել որպես հանցակազմ, առաջարկում ենք սահմանափակել նախազգուշացման կիրառումն այն պարագայում, երբ դա վերաբերում է ֆիզիկական կամ սեռական բռնությանը»,- մեկնաբանում է պատգամավորը՝ նշելով, որ նոր փոփոխությունների հիմքում, սակայն, ոչ այդքան բռնարարին պատժելն է, որքան բռնության դեպքերի կանխարգելումը, բռնության զոհ դարձածներին համապատասխան աջակցություն տրամադրելը։

Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետի տեղակալ, ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի պետ Հայկ Մկրտչյանի պնդմամբ՝ օրենքը, այնուամենայնիվ, ունեցել է իր դրական ազդեցությունը․

«Բռնության գրանցված դեպքերը շատացել են, այսինքն մարդիկ վստահում, դիմում են ոստիկանությանը։ Կարևորը՝ բռնության կրկնման դեպքերի աճը մեծ չէ։ Օրինակ՝ 2022-ի առաջին 6 ամիսների ընթացքում նախազգուշացման 296, անհետաձգելի միջամտության 306 դեպք է գրանցվել»։

Բաթոյանն էլ շեշտում է՝ մարդիկ իրազեկված են և հակված են պաշտպանելու իրենց իրավունքը․

«Սա երբևէ չի կարող նշանակել, որ բռնության դեպքերն ավելացել են օրենքի ընդունումից հետո, այլ հակառակը, մենք սկսել ենք ճանաչել բռնությունը, այն կոչել իր անունով, ոչ թե որպես ուղղակի բռնություն, այլ ընտանեկան բռնություն»:  

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան օրենքի փոփոխությունների վերաբերյալ իր առաջարկներն է ուղարկել: Կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու իրավապաշտպան, Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ եթե իրավապահ համակարգը կանանց իրավունքների նկատմամբ զգայուն և իրավագետ չլինի, ապա արդյունավետ չի լինի նաև բռնության ենթարկվածների պաշտպանությունը։ Հովհաննիսյանը նաև կարևորում է ընտանեկան բռնության քրեականացումը, ինչը առաջարկվող փաթեթում ներառված չէ։

Օրենքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրել անհատույց բժշկական օգնություն, հստակեցնել ոստիկանության ծառայողի պարտականությունները՝ բռնության ենթարկված անձին ապաստարան տեղափոխելիս, սահմանել ավելի բարձր տուգանքներ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում և այլն։

 

Աջակցություն նորարարությամբ 

2020-ից մարզերում և Երևանում սկսեցին գործել ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների և ապաստարանների ծառայություններ տրամադրող կառույցներ։ 

2021-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համատեղ իրականացվող ծրագրային գործողություններով ներկայացրին «Իմփակտ ինովացիաների ինստիտուտ» ՍՊԸ-ի ստեղծած “SafeYOU” առցանց, անվտանգ հավելվածի նորացված տարբերակը: Հավելվածի նպատակն է ապահով առցանց միջավայր ստեղծել կանանց և աղջիկների համար, որտեղ նրանք կարող են իրազեկվել, ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև բռնության պարագայում ահազանգել մասնագիտական աջակցություն տրամադրող կառույցներին։ Հավելվածն անվճար է, ներառված են գենդերային բռնության կանխարգելման և պաշտպանության մասնագիտացված ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանցի տվյալները: 

Հավելվածը կարելի է ներբեռնել Play Store կամ App Store բջջային հավելվածներից:

Հոգեբանական, սոցիալական և իրավաբանական աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ թեժ գծերին․

ընտանեկան բռնության դեպքում

(099) 887 808
(010) 54 28 28

սեռական բռնության դեպքում

080 001280
(077) 991280

Տեսեք նաեւ

Փակ ճանապարհն ու Արցախի ապրելու իրավունքը

Փակ ճանապարհն ու Արցախի ապրելու իրավունքը

Թամարա Գրիգորյան
Դկտ 22, 2022

120.000 մարդու հանդեպ այսօր հումանիտար ահաբեկչություն է տեղի ունենում։ Եվ ի՞նչ ենք որպես պետություն և ազգ անում սրա դեմ։ Արցախաբնակ Թամարա Գրիգորյանը քննում է հարցեր, որոնց պատասխանները սովորաբար մնում են օդում։

Read more

Երբ ախտորոշվել է վարակ․ խտրականություն ամենուր

Հասմիկ Բալեյան
Նյմ 29, 2022

Հայաստանում վարակիչ հիվանդություններ ունեցողները ինչպես բժշկական օգնություն ստանալիս, այնպես էլ սոցիալական միջավայրում դեռևս հանդիպում են խտրական վերաբերմունքի։

Read more
Unwanted: Why Is Abortion Still the Main Form of Family Planning in Armenia?

Անցանկալիները․ ինչո՞ւ է Հայաստանում աբորտը մնում ընտանիքի պլանավորման հիմնական ձևը

Սոնա Մարտիրոսյան
Նյմ 14, 2022

Հղիության արհեստական ընդհատման հարցը շարունակում է արդիական մնալ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հոդվածը ներկայացնում է հայաստանյան պատկերն ու ընդհատումից բխող խնդիրները։

Read more
“Let Me Take Your Pain”: Palliative Care in Armenia

«Ցավդ տանեմ…»․ համապարփակ պալիատիվ խնամք

Գայանե Մկրտչյան
Հկտ 17, 2022

Երբ բժշկությունն արդեն անզոր է, և օրգանիզմը չի արձագանքում բուժմանը, օգնության է հասնում պալիատիվ խնամքի կենտրոնը: Հոդվածն անդրադառնում է, թե ինչպես է Հայաստանում գործում այս ծառայությունը, ինչ խնդիրների է բախվում ու ինչ տեսլական ունի։

Read more
Հետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են

Հետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են

Գոհար Աբրահամյան
Հլս 5, 2022

Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:

Read more
Armenia in Demographic Crisis

Հայաստանը` ժողովրդագրական ճգնաժամում

Գայանե Մկրտչյան
Հնս 20, 2022

Ժողովրդագրական վերջին տվյալները գուժում են Հայաստանում ճգնաժամային իրավիճակի մասին։ Ծերացման բարձր ցուցանիշ ունեցող երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով իրականացվում են ծրագրեր, սակայն արդյոք դրանք արդյունավետ են։

Read more

Պայքար քաղցկեղի դեմ. վաղ դիմելիության արդյունքում մարդիկ չեն մահանում

Գայանե Մկրտչյան
Ապր 12, 2022

Թեև ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս տեսնել օրգանիզմում անգամ ամենափոքր շեղումներն ու կանխել դրանց հետագա զարգացումը, սակայն Հայաստանում դեռևս ոչ միշտ են խնդրի նախնական փուլում դիմում մասնագետներին, ինչն էականորեն բարդացնում է բուժման ընթացքը։

Read more
Vision: Through Her Eyes

Մայրության, աշխատող կնոջ խնդիրների և լուծումների շուրջ

Գայանե Վարդանյան
Ապր 7, 2022

Կին-մայր-աշխատող եռանկյունում տեսած խնդիրների ու լուծումների մասին է անդրադառնում քաղաքացիական հասարակության ոլորտի փորձագետ Գայանե Վարդանյանը։

Read more
The Future We Need: A Vision for Human Rights

Երանելի ապագան․ մարդու իրավունքների իրավիճակի տեսլականը

Զառա Հովհաննիսյան
Ապր 4, 2022

2020-2022 թվականների իրադարձությունները կոտրեցին բազմաթիվ պատրանքներ, այդ թվում՝ մարդու իրավունքների ապահովման ու զարգացման ասպարեզում։ Ուստի, այս հոդվածը երազանքների մասին է, քանի որ գիտելիքն ու փորձը բավարար չեն, գրում է Զառա Հովհաննիսյանը։

Read more

Մանկաբարձական բռնություն․ այս մասին հաճախ լռում են

Աստղիկ Կարապետյան
Մրտ 23, 2022

Շատ կանայք ենթարկվում են մանկաբարձական բռնության, ինչը ոչ միայն խախտում է արժանապատիվ և հարգալից բուժօգնություն ստանալու նրանց իրավունքը, այլև կարող է լրջորեն սպառնալ նրանց կյանքին և առողջությանը:

Read more
Մեկնաբանել

Leave A Comment Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

EVN Report-ի առաքելությունն է սատարել Հայաստանին, ոգեշնչել սփյուռքին և տեղեկացնել աշխարհին՝ անաչառ, վստահելի և փաստերի վրա հիմնված զեկույցների և մեկնաբանությունների միջոցով: Մեր նպատակն է բարձրացնել հանրային վստահությունը լրատվամիջոցների նկատմամբ։ EVN Report-ը հիմնադրվել է 2017 թվականին, Հայաստանի Հանրապետությունում՝ EVN News հիմնադրամի կողմից:

Բաժանորդագրվել

Բաժիններ

  • Քաղաքականություն
  • Կարծիք
  • Արցախը կիզակետում
  • Մարդ և հասարակություն
  • Մշակույթ
  • Ընտրություններ
  • Ստեղծարար Tech
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ
  • Մարդ և օրենք
  • Տնտեսություն
  • Ընտրություններ
  • Հասկանալով տարածաշրջանը
  • Ընթերցողների հարթակ
  • Փոդքաստ

Հետևեք մեզ





@ 2024 EVN Report. All Rights Reserved

    Subscribe

      Բաժանորդագրվել

      Բաժիններ

      • Քաղաքականություն
      • Կարծիք
      • Արցախը կիզակետում
      • Մարդ և հասարակություն
      • Արվեստ և մշակույթ
      • ԵՎ այլն
      • Ստեղծարար Tech
      • Մարդ և օրենք
      • Տնտեսություն
      • Ընտրություններ
      • Ընթերցողների հարթակ
        • Անցումային արդարադատություն
        • Ընտրական օրենսգիրք
        • Կամավորություն
        • Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
        • Հաշմանդամություն ունեցող նորածինների պաշտպանություն
      • Անվտանգության զեկույց
      • Հոդվածների ընդունման կարգ
      • Մեր մասին
      • Կապ
      • Eng
      • Հայ

      Բաժանորդագրվեք մեր ամփոփագրին

      Աջակցություն

      ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ