
Հոդվածը կարող եք լսել ՁայնաԳիր
«Մեկ տարի առաջ հղիությանս ընթացքում կատարված հետազոտություններից պարզվեց ՄԻԱՎ ունեմ։ Հենց այդ պահից էլ սկսեցին խնդիրները․․․ Անգամ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Ավանի մասնաճյուղում բժիշկն այնքան կոպիտ էր հետս, այնքան արհամարհական, ծնողներիս էլ ասել էր՝ գնացե՛ք, ճշտե՛ք, թե ձեր աղջիկը որտեղ է քարշ եկել»,- հիվանդության ախտորոշումից հետո իր գլխով անցածի մասին դժվարությամբ է պատմում 28-ամյա Վարդուհին (անունը փոխված է)։
Երբ կնոջ մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակը (մարդու իմունային անբավարարության վիրուս), ամուսինը նույնպես հետազոտվել է, պարզվել է, որ նա արդեն ՁԻԱՀ-ի (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) փուլում է։ Ըստ կնոջ՝ վարակվել է հենց ամուսնուց, որն արտագնա աշխատանքների է մեկնում ու, ենթադրաբար, այնտեղ էլ վարակվել է։
Հիվանդության մասին լուրը մի կողմից, իրեն կցված բժշկի վերաբերմունքը մյուս կողմից, հղի կնոջը հոգեբանական խնդիրների են հանգեցրել, որոնք դժվարությամբ է հաղթահարել։
Երեխայի ծնունդն ընդունել են Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, որտեղ թեև բժիշկը եղել է հոգատար, սակայն բուժքրոջ պահվածքն ու վերաբերմունքը Վարդուհին մինչև հիմա ցավով է հիշում․
«Երեխան նոր էր ծնվել, ես ցավերի մեջ էի դեռ, մեկ էլ լսեցի, թե ինչպես է բուժքույրերից մեկը մյուսներին հորդորում, թե որքան հնարավոր է հեռու մնան ինձնից։ Հետո, երբ բուժքույրը եկավ ներարկում անելու, այնքան հեռու էր կանգնել ու այնպես արագորեն էր անում իր գործը, կարծես օդակաթիլային տարբերակով պետք է վարակեի։ Չդիմացա, ասացի չի կարելի այդպես վարաբերվել, ոչ մեկն ապահովագրված չէ հիվանդություններից»։
Ու չնայած ոչ հաճելի փորձառությանը, կինն ասում է, որ բժիշկների հմտության ու աչալրջության շնորհիվ հնարավոր է եղել կանխել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը և երեխան ՄԻԱՎ չունի։
Հանկարծ մեկը չիմանա
Վարդուհու և նրա ամուսնու ՄԻԱՎ կարգավիճակի մասին գիտեն միայն իրենց ծնողները։ Կինն ասում է՝ ամեն բան անում են, որ հանկարծ մեկը չիմանա․ մտավախություն ունեն, որ իմանալու դեպքում խտրական կվերաբերվեն իրեն էլ, ամուսնուն էլ։ Միայն բուժհաստատություններ գնալիս են նախապես զգուշացնում ՄԻԱՎ կարգավիճակի մասին։
Ուրոլոգ Հայկազ Հարությունյանը, ով բուժել և վիրահատել է ինչպես ՄԻԱՎ, այնպես էլ բազմաթիվ այլ վարակիչ հիվանդություններ ունեցող պացիենտների, նկատում է, որ ՄԻԱՎ կարգավիճակի մասին երբեմն վախվորած են հայտնում, հավանաբար, մտածելով, թե բժիշկն իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք կցուցաբերի։ Մինչդեռ ըստ Հարությունյանի՝ բժիշկը միշտ պետք է գիտակցի, թե ինչ առաքելություն է ստանձնել։
«Մի անգամ պացիենտներից մեկին զննում էի, հիշեցրեց, որ ՄԻԱՎ ունի, ասացի՝ տեղյակ եմ, ասաց՝ զարմացա, որ գիտեք ու այսքան մոտ եք կանգնում ինձ։ Նախկինում խտրական վերաբերմունքի էր բախվել և նորմալ վերաբերմունքը նրան զարմանալի թվաց։ Ասում եմ «նորմալ», որովհետև վստահ եմ՝ ինֆեկցիոն հիվանդություն ունեցող պացիենտների նկատմամբ ինչ-որ հատուկ վերաբերմունք չպետք է ցուցաբերել, անգամ դրական առումով հատուկ, առանձնացող վերաբերմունքը լարվածություն է ստեղծում պացիենտի մոտ»,- կարծում է Հարությունյանը՝ ընդգծելով, որ վարակիչ հիվանդություններ ունեցող բուժառուներին բուժելիս բուժաշխատողը պետք է նրանց վերաբերվի հավասար՝ այնպես, ինչպես մյուսներին, իհարկե, պահպանելով վարակիչ հիվանդություն ունեցողներին բուժսպասարկում տրամադրելու սահմանված կանոնները։
Բժիշկը, իհարկե, նկատել է, որ հասարակությունը ևս խտրական է վերաբերվում վարակիչ հիվանդություններ ունեցող անձանց, և դրա պատճառը հիմնականում հիվանդությունների, դրանց վարակման ճանապարհների վերաբերյալ թերի գիտելիքներ ունենալն է համարում։
Հայաստանի մարզերից մեկում բնակվող 35-ամյա Դավիթը (անունը փոխված է) իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին իմացել է շուրջ մեկ տարի առաջ, երբ թոքերի հետ կապված խնդիրների համար հետազոտվել է։ Մինչ այդ մեկնել էր արտագնա աշխատանքի, որտեղ էլ ենթադրում է, որ վարակվել է։ Իմանալով կարգավիճակի մասին՝ հոգեբանական խնդիրներ է ունեցել, պատմել է միայն քրոջը, մորը չի ասում, որ չնեղսրտի։ Հիվանդության մասին պատմել է ընկերուհուն, որը միանգամից դադարեցրել է շփումը, նույնիսկ հեռախոսով այլևս չի խոսել։
«Ես, իհարկե, ըմբռնումով մոտեցա նրա որոշմանը, որ չցանկացավ ընկերություն անենք, բայց մեր շփումն այդպես կտրուկ դադարեցնելը չեմ կարողանում հասկանալ։ Գիտեմ՝ հասարակությունը որքան վատ է վերաբերվում ՄԻԱՎ ունեցողներին, ուստի, ծանոթի, բարեկամի, հարևանի․․․ ոչ մեկին չեմ ասել իմ կարգավիճակի մասին։ Միայն բուժաշխատողներին եմ ասում»,- պատմում է Դավիթը։
Եթե ունես վարակ, չենք կարող վիրահատել
Դավիթը նշում է, որ տարեկան մեկ անգամ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում հետազոտվում է, օրական մեկ անգամ էլ դեղ է խմում, հետևում է բժիշկների խորհրդին, ասում է՝ հիմա ապրում է այնպես, ինչպես նախկինում, երբ ՄԻԱՎ չուներ։ Ըստ երիտասարդի՝ թեև ՄԻԱՎ-ի բուժման հետ կապված որևէ խնդիր չկա՝ անվճար է, հասանելի, մասնագետները խտրական վերաբերմունք չեն ցուցաբերում, սակայն ահա այլ բուժհաստատություններ դիմելիս բուժսպասարկում ստանալը հաճախ անհնար է դառնում, իսկ խտրականության բախվելը՝ անխուսափելի։ Դավիթը քթի միջնապատի խնդիր ունի, դժվարանում է շնչել, գլխացավեր է ունենում, վիրահատության կարիք ունի, բայց, ինչպես ինքն է նշում, բժիշկները հրաժարվում են վիրահատել։
«Այցելեցի Երևանում գտնվող հիվանդանոցներից մեկը, բժիշկը զննեց, վիրահատության օր նշանակեց, հետո երբ նրան ասացի իմ ՄԻԱՎ կարգավիճակի մասին, վերաբերմունքն ու խոսքի տոնն անմիջապես փոխվեց։ Նա գնաց իր սենյակ, մյուս բժիշկների հետ զրուցեց, վերադարձավ, ասաց՝ ոչ ոք չի վիրահատի։ Հետո այլ բուժհաստատություններ գնացի, էլի՛ ասացի իմ կարգավիճակի մասին ու էլի՛ մերժեցին»,- պատմում է Դավիթը։
48-ամյա Անին (անունը փոխված է) 2019-ից իմացել է, որ հեպատիտ Ց ունի։ Նրա ամուսինը ևս ունի հեպատիտ Ց, բայց այդ ժամանակահատվածում Անին նաև պարբերաբար ատամնաբուժարան է այցելել։ Ենթադրում է՝ կա՛մ ատամնաբուժարանում է վարակվել, կա՛մ ամուսնուց։ Հիվանդության մասին պատահաբար է իմացել՝ արգանդի միոմայի վիրահատության պատրաստվելու ժամանակ։ Իմանալով կնոջ հիվանդության մասին՝ հիվանդանոցի տվյալ բաժանմունքի ղեկավարը նրան կանչել է իր աշխատասենյակ ու ասել․ «Չենք կարող քեզ վիրահարել։ Մինչև քեզ վիրահատելուց հետո վիրահատարանն ախտահանենք, գուցե այդ ընթացքում մեկ այլ պացիենտ մահանա։ Մեծ խնդիրների առաջ կկանգնենք»։
Կինը դիմել է «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպությանը, որի ներկայացուցիչներն ուղեկցել են կնոջը հիվանդանոց՝ պաշտպանել շահառուի իրավունքները։
«Բժիշկը սկզբում ասաց՝ լա՛վ, կվիրահատենք։ Հետո բժիշկներով գնացին մի աշխատասենյակ, խոսում էին, երբ դուրս եկան՝ դարձյալ ասաց, որ չեն կարող վիրահատել։ Վստահ եմ՝ պատճառն իմ՝ հեպատիտ Ց ունենալն էր։ Որևէ այլ խելամիտ բացատրություն չտվեցին, թե ինչու չեն կարող վիրահատել։ Բժիշկներն էլ, բուժքույրերն էլ․․․ բոլոր նրանք, ովքեր գիտեին իմ՝ հեպատիտ Ց ունենալու մասին, ինձ շատ վատ էին վերաբերվում»,- պատմում է Անին՝ հավելելով, որ դրանից հետո հոգեբանական այնքան վատ վիճակում է եղել, որ հրաժարվել է այլ հիվանդանոց գնալ, սկսել է զբաղվել ինքնաբուժությամբ, ու հիմա էլ պատրաստ չէ բժշկի դիմել։
Կինը նշում է, որ պոլիկլինիկայում, իմանալով հեպատիտ Ց ունենալու մասին, հրաժարվել են անգամ չափել ճնշումը։
Սակայն բուժհաստատություններում վատ վերաբերմունքի բախվելուց հետո նա որևէ բողոք չի ներկայացրել՝ վախենալով, որ եթե խնդրի մասին բարձրաձայնի, ավելի շատ մարդիկ կիմանան այդ մասին ու արդեն ոչ միայն ինքը, այլև իր երեխաներն էլ խտրականության կբախվեն։
«Ասացի՝ դուք բժիշկներ եք, ինձնից ավելի լավ գիտեք՝ ինչպես կարելի է վարակվել, ինչո՞ւ եք այսքան վատ վերաբերվում ինձ»,- հիշում է Անին՝ հավելելով, որ այս դեպքերից հետո հեպատիտ Ց ունենալու մասին պատմել է միայն մորն ու քրոջը։ Անին ասում է, որ մայրն անհանգսացել է, բայց վատ չի վերաբերվել իրեն, իսկ քրոջը ստիպված է եղել պատմել, քանի որ բուժումների համար պարտքով գումար պիտի խնդրեր նրանից, սակայն անգամ քույրը կոպիտ և մեղադրական տոնով է հարցրել՝ թե ինչպե՞ս է Անին վարակվել։
«Հետո ամենամտերիմ հարևանուհիս ինձ հարցրեց, թե ինչու չվիրահատվեցի։ Նրան վստահելով՝ պատմեցի եղելությունը։ Հարևանուհիս ասաց՝ այևս ձեր տուն չեմ գա, երեխաներս իմանան, ինձ չեն ների․ վտանգավոր է, հնարավոր է՝ զավակներս էլ վարակվեն։ Ես ապշեցի նրա այդ վատ վերաբերմունքից»,- պատմում է Անին։
Խտրականությունը և օրենքը
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի առաջին կետի երկրորդ ենթակետով սահմանվում է՝ «յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի՝ բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս արժանանալու հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունքի»։ Իսկ 31-րդ հոդվածի առաջին կետի երրորդ ենթակետով էլ սահմանվում է՝ «Բուժաշխատողները պարտավոր են՝ հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ»։
Բուժաշխատողի իրավունքները սահմանված են նույն օրենքի 30-րդ հոդվածով, որտեղ չկա դրույթ բժշկական միջամտություն իրականացնելուց հրաժարվելու մասին։
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանն ասում է, որ բուժաշխատողների համար պարբերաբար իրականացնում են դասընթացներ՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկման մակարդակն ու բացառել խտրականության դեպքերը։ Անգամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2022-2026 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված են միջոցառումներ, որոնց միջոցով պայքար է մղվում նաև խտրականության դեմ։
Գրիգորյանն ասում է, որ նախարարությունում քաղաքացիների դիմումները (բողոքները) ըստ հիվանդությունների չեն հաշվառվում, սակայն վստահեցնում է՝ այլ եղանակներով ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ, հեպատիտ Բ կամ Ց կամ այլ հիվանդություններ ունեցող անձանց նկատմամբ խտրականության դեպքերի վերաբերյալ տեղեկություն ունենալու յուրաքանչյուր դեպքում տրվել են անհատական լուծումներ:
«Խնդրի համակարգային լուծման նպատակով առողջապահության նախարարությունում ստեղծվել է խտրականության դեպքերի, պացիենտների անձնական տվյալների գաղտնիությանն առնչվող խնդիրների մշտադիտարկման և վերահսկողության գործիքի մշակման աշխատանքային խումբ, իսկ Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովին կից գործում է «Համայնքների ներգրավվածություն, մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն» աշխատանքային խումբը»,- ասում է Գրիգորյանը։
Հիմնականում խտրականության են բախվում հենց վարակիչ հիվանդություններ ունեցողները, մասնավորապես՝ հեպատիտներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ։ Այս հիվանդությունները ներառված են շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում։
Հատկանշական է, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող մարդն իրավունք ունի անվճար ստանալու պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն և սպասարկում և բուժվելու այդ նպատակի համար նախատեսված համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով պայմանավորված` մասնագիտացված բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում: Սուր վիրուսային հեպատիտների բուժումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում` համաձայն անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների հաստատված չափորոշիչի: Քրոնիկ վիրուսային հեպատիտների ախտորոշման դեպքում սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում անվճար պայմաններով` բացառությամբ հակավիրուսային բուժման:
2003-ին մի խումբ բժիշկների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից՝ ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակը բարելավելու նպատակով հիմնադրված «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն պարբերաբար արձանագրում է ՄԻԱՎ-ով ապրող անձնանց նկատմամբ խտրականության դեպքեր՝ ինչպես պետական, այնպես էլ հասարակական տարբեր ոլորտներում։
ՀԿ-ի ղեկավար Ժենյա Մայիլյանը ցավով նշում է, որ Հայաստանում վարակիչ հիվանդություններ ունեցողները ինչպես բժշկական օգնություն ստանալիս, այնպես էլ սոցիալական միջավայրում դեռևս հանդիպում են խտրական վերաբերմունքի։ Ու սա է պատճառը, որ մարդիկ խուսափում են հայտնել իրենց կարգավիճակի մասին, անգամ եթե իրենց համար չեն անհանգստանում, ապա մտածում են իրենց ընտանիքի անդամների, երեխաների մասին։
Ըստ Մայիլյանի՝ երբեմն ամուսիններից վարակված կանայք խտրական վերաբերմունքի են ենթարկվում հենց ամուսնու կամ նրա ընտանիքի անդամների կողմից․
«Կան կանայք, որոնք հղիության ընթացքում հետազոտվելիս իմանում են՝ ՄԻԱՎ ունեն, դրանից հետո խորհուրդ է տրվում, որ նրանց ամուսինները կամ սեռական զուգընկերներն էլ հետազոտվեն։ Այն դեպքում, երբ առաջինը կնոջ մոտ է ՄԻԱՎ վարակն ախտորոշվում, լինում են դեպքեր, որ կինն ընտանիքում խտրականության է բախվում, ընտանիքի անդամներն ասում են՝ դո՛ւ ես մեղավոր, դո՛ւ ես վարակը բերել, թեև հետո ամուսինը հետազոտվում է և որոշակի հետազոտությունների պարագայում հնարավոր է հստակ հասկանալ, որ ամուսինն ավելի վաղ է վարակված եղել, քան կինը, բայց միևնույնն է, մեղքը բարդվում է կնոջ վրա»։
Սակայն ըստ Մայիլյանի՝ ամենասարսափելին այն է, երբ կնոջն արգելում են գնալ բժշկի կամ խոչընդոտներ են ստեղծում։
«Մեր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ իմացել ենք՝ կնոջն ընտանիքի անդամները թույլ չեն տալիս կամ խոչընդոտում են, որ կինը գնա հետազոտության, ստանա դեղերը։ Մեր շահառուներից մի կին ու երեխան, որոնք ախտորոշվել էին մի քանի տարի առաջ, տևական ժամանակ չէին այցելում բժշկի, չէին ստանում դեղերը։ Կազմակերպության մասնագետներն աշխատանքի ընթացքում պարզել էին, որ նրանք ապրում են ամուսնու ազգականներից մեկի տանը, որոշակի տնտեսական կախվածություն ունեն այդ կնոջից և առանց նրա համաձայնության չէին կարող այցելել բժշկի։ Իսկ այս կինն իր հերթին չէր հավատում, որ նման հիվանդություն կարող են ունենալ իր ազգականները ու ամեն ձևով խոչընդոտում էր նրանց բժշկի գնալուն։ Իհարկե, որոշակի աշխատանքից հետո կարողացանք կնոջը և իր անչափահաս երեխային կցել բուժմանը»,- ասում է Մայիլյանը։
ՀԿ ղեկավարը նշում է, որ, առհասարակ, իրավագիտակցությունը բավականին ցածր է հասարակության շրջանում․ ինչպես ընդհանուր բնակչությունն, այնպես էլ վարակիչ հիվանդություններ ունեցողներից շատերն իրենց իրավունքների մասին չգիտեն, ուստի ՀԿ-ն աշխատում է նաև իրազեկման բարձրացման շուրջ։ Մայիլյանն ասում է, որ ՀԿ-ի աշխատակիցները սովորաբար կարողանում են հասնել նրան, որ խտրականության բախված քաղաքացիներն ի վերջո ստանան համապատասխան բուժսպասարկում։ Սակայն երբ առաջարկում են բողոք ներկայացնել պատկան մարմիններին, շատերը հրաժարվում են՝ չցանկանալով բարձրաձայնել իրենց կարգավիճակի մասին։
«ՀԿ-ն օգտագործում է բոլոր լծակները, զեկույցներ է պատրաստում՝ դրանք տրամադրելով պատկան մարմիններին՝ պայքարելով մարդկանց խտրական վերաբերմունք ցուցաբերելու արատավոր երևույթների դեմ»,- ասում է Մայիլյանը՝ ընդգծելով, որ եթե Հայաստանն ունենար խտրականության մասին օրենք, ապա իրավիճակն առավել բարվոք կլիներ։
Վիճակագրություն
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 1988-ից մինչև 2022-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 4979 դեպք, որից 3466-ը՝ արական, 1513-ը՝ իգական սեռի շրջանում (գրանցված դեպքերի 51 տոկոսը նշել է վարակման վայրը՝ ՀՀ սահմաններից դուրս)։
2022-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՄԻԱՎ-ով ապրողների թիվը կազմում է 3888, այդ թվում՝ 2588-ը արական, 1300-ը` իգական սեռի ներկայացուցիչներ։ ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անչափահասների թիվը 56 է։
2020-ին հայտնաբերված ՄԻԱՎ դեպքերի ամենաբարձր ցուցանիշը (հարաբերական թիվ) գրանցվել է Լոռու մարզում, 2021-ին՝ Շիրակում, իսկ 2022-ի 3-րդ եռամսյակի դրությամբ նույն ցուցանիշն ամենաբարձրն է եղել Գեղարքունիքում։
1988-ից մինչև 2022-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանում ՁԻԱՀ ախտորոշում է ստացել 2387 բուժառու, որից 1772-ը՝ արական, իսկ 615-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ:
2022-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՁԻԱՀ ախտորոշում ունեցող բուժառուների թիվը կազմում է 1586, որից 1122-ը՝ արական, 464-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ: ՁԻԱՀ ախտորոշում ունեցող անչափահասների թիվը 30 է։
2022-ի նոյեմբերի 9-ի դրությամբ Հայաստանում գրանցված է տուբերկուլոզ ախտորոշումով բուժում ստացող 332 բուժառու, որոնցից 261-ը արական սեռի, 71-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Տուբերկուլոզ ախտորոշում ունեցող և բուժում ստացող 0-14 տարեկան անչափահասների թիվը 12 է:
Մարդ և հասարակություն
Անցանկալիները․ ինչո՞ւ է Հայաստանում աբորտը մնում ընտանիքի պլանավորման հիմնական ձևը
Հղիության արհեստական ընդհատման հարցը շարունակում է արդիական մնալ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Հոդվածը ներկայացնում է հայաստանյան պատկերն ու ընդհատումից բխող խնդիրները։
Read more«Ցավդ տանեմ…»․ համապարփակ պալիատիվ խնամք
Երբ բժշկությունն արդեն անզոր է, և օրգանիզմը չի արձագանքում բուժմանը, օգնության է հասնում պալիատիվ խնամքի կենտրոնը: Հոդվածն անդրադառնում է, թե ինչպես է Հայաստանում գործում այս ծառայությունը, ինչ խնդիրների է բախվում ու ինչ տեսլական ունի։
Read moreՀետծննդաբերական դեպրեսիա․ հոգեբանական խնդիրներ, որոնք դեռևս ժխտվում են
Թեև երեխա ունենալը կնոջ կյանքում հրաշալի իրադարձություններից է, սակայն դառնում է նաև հախուռն ու անկառավարելի զգացումների շրջափուլ, որը կարող է հանգեցնել անգամ հետծննդաբերական դեպրեսիայի:
Read moreՄանկաբարձական բռնություն․ այս մասին հաճախ լռում են
Շատ կանայք ենթարկվում են մանկաբարձական բռնության, ինչը ոչ միայն խախտում է արժանապատիվ և հարգալից բուժօգնություն ստանալու նրանց իրավունքը, այլև կարող է լրջորեն սպառնալ նրանց կյանքին և առողջությանը:
Read moreՄարդ և օրենք
Նոր օրենք․ զենքի ձեռքբերման ազատականացու՞մ, թե՞ խստացում
Հայաստանում ընդունվել է զենքի շրջանառությանը վերաբերող նոր օրենք։ Աստղիկ Կարապետյանն ուսումնասիրել է օրենքի ռիսկերը, վտանգներն ու առավելությունները։
Read moreՀակակոռուպցիոն դատարան. արդարադատության նոր ճակատ
Կոռուպցիոն գործերի քննության համար նախատեսված մասնագիտացված դատարանը սկսել է իր գործունեությունը։ Արաքս Մամուլյանը ներկայացնում է, թե ինչ է սպասվում, ովքեր են լինելու որոշում կայացնողները, անդրադառնում՝ դատարանի արդյունավետությանն ու խնդիրներին։
Read more«Խելացի» անասնաշենքեր՝ ոչ այնքան խելացի հաշվարկներով
Հայաստանի կառավարության նախաձեռնած ծրագիրը, որի նպատակն է ավելացնել կենդանիների կաթնատվությունն ու մթերատվությունը, նախատեսվածից ավելի պակաս հետաքրքրություն է առաջացրել։
Read moreԲուքմեյքերների դերը տնտեսությունում ու պետության պայքարը
Հայաստանում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող ընկերությունները թեև խոշոր հարկատուների ցանկում են, սակայն պետությունը որոշել է փոխել քաղաքականությունն ու արգելակներ դնել խաղատան ճանապարհին։
Read more